ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-04-28 | #9, 2012-05-12 | #10, 2012-05-26


ՄԱՀԱՐԻՆ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

«Ռամկավար» բառը Գուրգեն Մահարու բառապաշարում հայտնվեց մանկուց.

«Հիշում եմ, որ մեկը մեռավ, թե՞ սպանեցին, թե՞ ինքն իրեն սպանեց:

- Աճմոնց պարոն Քրիքորը...

- Քո խոր` քեռիդ սպանեց,- ասաց գրեթե շշնջալով` ինձանից մի քանի տարով մեծ, մեր դրացի Ծերունը:

- Ինչի՞...

- Դղեզ, չե՞ս գիտե, հերդ արմենական էր, քեռիդ` դաշնակ...

- Բա քո խերն ի՞նչ ի...

- Հնչակ...

Հնչակ, դաշնակ, արմենակ,- միայն ա՛յս մնաց հիշողությանս մեջ, այս եղերական զրույցից...»:

Մանկան հիշողությունից ոչինչ չես ջնջի ոչ բրիչով, ոչ կացնով: Մեծ Եղեռնը, գաղթը, հայրենի օջախի ու ծննդավայրի կորուստն աստիճանաբար բերեցին Մահարուն համոզման, որ Եվրոպայում ստեղծված հայ ազգային կուսակցությունները թույլ են տվել սխալներ ազատագրական պայքարում, որ ավելի իրատեսական էր Վանում ծնված արմենական (ռամկավար) կուսակցությունը, որի հիմնադիրներից էր «Աճմոնց պարոն Քրիքորը»:

Մահարու առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1917-ի նոյեմբերին` Եր-անում: Երեք ամիս անց նա հայտնվեց Թիֆլիսում, որտեղ պատանեկան անմիջականությամբ կապեր հաստատեց իր հորը ճանաչող վանեցի ռամկավարների հետ: Այդ հանդիպումը նա թղթին է հանձնել Սիբիրում - գրել մեկ այլ աքսորականի. «Նամակդ ստացա այն րոպեին, երբ գտնվում էի Թիֆլիսում (1918 թ.) «Մի բաժակ թեյ» ազգային սրճարանում [1], ուր քաշ տվեց ինձ Արտակ Դարբինյանը «մարդկանց տեսնելու համար», Միսակ Խոստիկյանի ու Հովհ. Հակոբյանի հետ, ուր - առաջին անգամ տեսա Անդրանիկին, Թոթովենցին, Գր. Վարդանյանին, Կարա-Դերվիշին եւլն եւլն եւլն...» (1 օգոստոսի 1953 թ.):

Նամակը սովորական չէր: Այդ օրը լրացել էր Մահարու 50 տարին, եւ բնական էին սուր վերապրումները: Համեմատելով նամակը «Երիտասարդության սեմինի» էջերի հետ, ընթերցողին կթվա, թե ամեն ինչ տեղում է` խմբագրություն, սրճարան, հանդիպումներ եւ վերջապես` տպարան, որտեղ շարվում էին Մահարու ոտանավորները: Բայց սրճարանի եւ տպարանի միջեւ եղել է հապավված մի դրվագ.

«- Ես այդ մասին չեմ մտածում,- ասաց Խոստիկյանը, որն ինձ վրա թողեց սակավախոս մարդու տպավորություն: Մենք կանգնեցինք Ալեքսանդրյան այգու մուտքի մոտ: Խոստիկյանը կռնակով հենվեց նրա երկաթե ճաղերին եւ կրկնեց,- ես այդ մասին չեմ մտածում...- Դարբինյանն ու Հակոբյանը հարցական հայացքով նայեցին Խոստիկյանին, իսկ վերջինս շարունակեց,- ամբողջ ժամանակ ես մտածում եմ այն մասին, թե ռամկավար կուսակցությունը ու նրա օրգան «Վան-Տոսպը» ի՞նչ դեր պիտի խաղան: Ի՞նչ դիրք է նա բռնելու այս նոր պայմաններում, Կովկասում...

- Պայքարել դաշնակցության դեմ,- ընդհատեց միշտ անհամբեր Հակոբյանը:

- Այդ դեպքում պետք է միանալ բոլշեւիկներին...

- Պայքարել բոլշեւիկների դեմ,- արտասանեց Դարբինյանը մտախոհ:

- Այդ դեպքում պետք է միանալ դաշնակցականներին... Տեսնո՞ւմ եք, խնդիրն այնքան էլ պարզ չէ, որքան այդ թվում է առաջին հայացքից:

- Խնդիրը պարզ է, ավելի քան պարզ,- առարկեց Դարբինյանը հեղինակավոր տոնով,- դաշնակցականները եւ բոլշեւիկները կողմնակից են հեղափոխության, իսկ մենք բարեշրջման, բարեփոխության: Դաշնակցականները ազգայնական հեղափոխականներ են, բոլշեւիկները միջազգայնական, իսկ մենք ազգային կուսակցություն ենք, մենք չենք ճանաչում դասակարգ, դասակարգային պայքար, հեղափոխություն եւ հեղաշրջում... Մեր նպատակն է ստեղծել ներդաշնակ համագործակցություն դրամատերի, վաճառականի, առեւտրականի, արհեստավորի, բանվորի, գյուղացու միջեւ...

- Խաղաղ գործակցություն,- արձագանքեց Հակոբյանը:

- Դաշնակցականները երկրորդ ինտերնացիոնալի մեջ կմտնեն, սոցիալիստական հովեր մը կառնեն, մենք ատոր դեմ ենք...» (ԳԱԹ, Գ. Մահարու արխիվ, թ. 15):

Այս տողերը գրվել են սիբիրյան շրջկենտրոնի շուկայահայաց մթերային եւ տնտեսական զույգ խանութների պահակատանը` գիշերային ժամերին, նավթի լամպի աղոտ լուսավորության տակ: Ովքե՞ր էին խոսակցության մասնակիցները, ո՞ւմ էր ցանկացել մոռացությունից փրկել մարդկանցից ու իր երկրից օտարված գրողը:

Բանասեր եւ մանկավարժ Հովհաննես Հակոբյանը (1876-1938) նախնական ուսումն ստացել էր Վանում, ապա Գեւորգյան ճեմարանում, ապա Ամերիկայի Վիսքոնսինի համալսարանում: Խմբագրել էր Նյու-Յորքի «Արաքս» ամսագիրը եւ «Ձայն հայրենեաց» (հետագայում` «Պայքար») թերթը: Նրա եւ Մահարու ճանապարհները բաժանվեցին նույն տարում` Վլադիկավկազում: Նա գնաց Պոլիս, անցավ Եգիպտոս, վեց տարի խմբագրեց ռամկավար «Արեւ»ը, 1928-ին ընդունեց Հայաստանի կառավարության հրավերը, վերադարձավ «երկիր», դասավանդեց Երեւանի համալսարանում` վարելով Մելգոնյան ֆոնդի քարտուղարի պաշտոնը; Նրա պաշտոնավարարության տարիներին ֆոնդի միջոցներով կառուցվեցին Հայաստանի Ազգային գրադարանի շենքը, Երեւանի համալսարանի աստղադիտարանը: Տպագրել է գրքեր` օտար ճանապարհորդների հայաստանյան տպավորությունների մասին: Բռնադատվել է, մեղադրվել լրտեսության մեջ եւ գնդակահարվել: Արխիվն անհետացել է ՊԱԿ-ի կատակոմբներում:

Փիլիսոփա, պատմաբան, բանասեր եւ մանկավարժ Միսակ Խոստիկյանը (1983-1938) նույնպես ուսանել էր Վանում եւ Գեւորգյան ճեմարանում, իսկ բարձրագույնը ստացել Շվեյցարիայում: Դոկտորական թեզը` Դավիթ Անհաղթի փիլիսոփայության մասին պաշտպանել էր Գերմանիայում: Տիրապետել է գրաբարին, հին հունարենին, լատիներենին, ֆրանսերենին, գերմաներենին: 1918-ին տեղափոխվել է Երեւան եւ թեմական դպրոցում Մահարուն դասավանդել հայ գրականություն: Խորհրդային տարիներին մանկավարժությանը զուգահեռ «ընդհատակյա» զբաղվել է ոչ մարքսիստական փիլիսոփայությամբ: Գնդակահարվել է նույն 1938-ին, արխիվը նույնպես չի պահպանվել:

Համեմատաբար անփորձանք է դասավորվել հրապարագիր, Վանի ինքնապաշտպանության կռիվների մասնակից Արտակ Դարբինյանի (1878-1950) ճակատագիրը: Նախախորհրդային Թիֆլիսում եւ Երեւանում ռամկավար թերթեր հրատարակելուց հետո նա 1922-ին հեռացավ Հայաստանից, հաստատվեց Փարիզում եւ այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն` հասցնելով տպագրել «Հայ ազատագրական շարժման օրերէն» (Փարիզ, 1947, Երեւան, 2003) աշխատությունը:

Ինչո՞ւ հանվեց վերը բերված դրվագը: Հենց միայն հարցականը` բոլշեւիկներին դեմ թե կողմ, արդեն բավական էր դրա համար, դեռ մի կողմ թողած դաշնակցականներին տրված «ազգայնական հեղափոխականներ» գնահատականը: Բացի այդ` հետստալինյան առաջին տարիներին դեռ հայտնի չէր, թե որչափ ընդհանուր բնույթ կկրեին սկիզբ առած արդարացումները...

Մահարու թիֆլիսյան օրերի վրա անսպասելի հարցականներ են սփռում նկարիչ, լրագրող, ռամկավար գործիչ Լեւոն Թյությունճյանի (1892-1977) հուշերը. «Գ. Մահարի պատանին մուտք գործեց մեր թերթին [«Հայաստան», Թիֆլիս, խմբագիր` Վ. Թոթովենց] էջերէն, առաջնորդուած Վահան Թոթովենցէն, որ առտու մը խմբագրատուն բերաւ զայն գոչելով. «Լեւո՛ն, ահա՛ ներկայացնեմ քեզի մեր ապագայ բանաստեղծներէն մէկին...» : Մի քանի էջից` նոր հիշատակում` «Գ. Մահարի, Ռաֆայել Զարդարեան, Տ. Չիթունի, Ա. Արման, Յ. Մխիթարեան մուտք գործեցին մեր թերթին էջերէն իբրեւ բանաստեղծներ...» : [2]

Բայց Մահարին Թիֆլիս էր ժամանել մարտի սկզբին, երբ «Հայաստանը» դադարել էր արդեն լույս տեսնելուց: Փետրվարի 25-ի համարում հայտնվել էր, որ թերթը փակվում է եւ կվերաբացվի Կարինում: Հայաստանի ազգային արխիվում պահպանվող թերթի վերջին ամիսների ամբողջական համալիրում Մահարուց հրապարակում չկա...

Շարունակությունն ավելի հետաքրքրական է: Պարզվում է որ Լ. Թյությունճյանը եւ Թոթովենցը Մահարու հետ նույն ֆուրգոնով են Թիֆլիսից մեկնել Վլադիկավկազ. «Յ. Կաքաւեան մեր երկուքէն զատ հրաւիրած էր իր վանեցի ընկերը, Արմենական գործիչ ընկերոջ մը` Աճէմեանի որդին, որ իր գրական շնորհով կը յայտնուէր եւ որ Վահանի առաջնորդութեամբ «Հայաստան»ի խմբագրատունը այցելած էր եւ իր քերթուածներէն մէկ քանին հրատարակուած տեսած էր մեր թերթի շաբաթօրեայ բաժնին մէջ... Այս պատանին յետոյ Գուրգէն Մահարի գրական անունը առաւ եւ դարձաւ Խորհրդային Հայաստանի լաւագոյն գրողներէն մէկը...» : Ահա եւ ուղեւորության ավարտը. «Իջանք ֆուռգոնէն, ջերմօրէն հրաժեշտ առնելով Կաքաւեան ընտանիքին, որ մեզ այնքան բարութեամբ հիւրասիրած եւ պատսպարած էր շաբաթէն աւելի տեւող ճամբուն ընթացքին» :

Համաձայն «Երիտասարդության սեմին» վիպակի` նույն ֆուրգոնում էր եւ Մահարին, որը Կաքավյանների հետ Վլադիկավկազում ապրել է տեղի մեծահարուստ Օսիպովի տանը: Ե՛վ Թյությունճյանը, եւ՛ Մահարին գրում են Հարություն Կաքավյանի, նրա որդու` Մահարուն հասակակից Վահրամի (ապագա արձակագիր Վիկտոր Գարդոն), Դարիալի կիրճում ինգուշների հետ բանակցությունների, քաղաքացիական կռիվների, Վլադիկավկազը ձեռքից-ձեռք անցնելու, նույն Հովհ. Հակոբյանի մասին, սակայն Թոթովենցի վլադիկավկազյան ուղեւորության եւ օրերի մասին գրում է միայն մեկը եւ չկա ոչ մի հիշատակում մյուսի մոտ:

Ելնելով հուշագրի ակնհայտ վրիպումից հրապարակման հարցում, մենք հարցականի տակ առանք նաեւ շարունակությունը: Մեզ թվում էր անհնար, որ Մահարին «Երիտասարդության սեմինում» այդքան տեղ հատկացներ գրականությունում հետք չթողած Աբրահամ Գալճյանին (Ամեո) կամ Սեն-Գարին ու նրա «Մրմունջներին», իսկ Թոթովենցի մասին սահմանափակվեր սրճարանային հեռվից-հեռու հիշատակումով, «մոռանար» մեկ շաբաթյա համատեղ ճամբորդությունը Ռազմավիրական ճանապարհով...

Սակայն պահպանված են ճամբորդության մեկ այլ մասնակցի` Վիկտոր Գարդոնի գրառումները, որոնք այս օրերին մեզ տրամադրեց գրողի թոռնուհին` Քրիստինե Գարդոնը: Ըստ դրանց քառաձի «գրանդ ֆուրգոնի» մեջ մայիսյան այդ օրերին եղել են Կաքավյանների բազմանդամ ընտանիքը, Թոթովենցը, Լ. Թյությունճյանը, «Վահրամի ընկերներ» Մահարին, Աբրահամը (նույն Գալճյան-Ամեոն)... Ավելին, նկարագրված է Թոթովենցի ու Մահարու մասնակցությամբ հայ-ռուս-անգլո-ֆրանսերեն խառնալեզու մի երեկույթ, որը տեղի էր ունեցել Օսիպովի տանը...

Ինչո՞ւ էր Մահարին, որն առիթը բաց չէր թողնում ավագ գրողներին «անմահացնելու», անտեսել Թոթովենցին: Վերջինիս բռնադատության հետ դա կապ չուներ, քանի որ նույն «բախտին» էին արժանացել Խոստիկյանն ու Հակոբյանը: Լ. Թյությունճյանի կրկնվող վկայությունը Մահարի-Թոթովենց թիֆլիսյան անմիջական կապի մասին այստեղ արդեն անվիճելի է, եթե վերհիշենք այդ օրերին լույս տեսած Մահարու առաջին գրախոսականը. «Թոթովենցը իսկական Վարուժան է հոս, իր ոճով, նիւթով եւ ոգով...» («Վան-Տոսպ», Թ., 1918, 1 ապրիլի, թ. 10): Ինչ-որ բան փոխվել էր Մահարի-Թոթովենց կարճատեւ կապերում, եւ այդ «ինչ-որ բանը» զգացնել է տվել իրեն Սիբիրում եւ ոչ միայն Սիբիրում...

Մահարու 20-30-ական թվականների կենսամատենագիտությունում չկա երկու գրողների գրական կամ անձնական անմիջական կապի ոչ մի վկայություն: Նրանք եղել են Վրաստան եւ Ադրբեջան մեկնած հայ գրողների կազմում, մասնակցել են հադիպումների, ընդգրկվել ստեղծագործական բրիգադներում, համատեղ քարկոծվել ազգայնականության համար, Ա. Խանջյանի ելույթում թվարկվել կողք-կողքի` «անցյալի ամենամռայլ էջերն» իդեալականացնելու համար, բայց... արի ու տես, որ չեն «նկատել» մեկ-մեկու...

Մահարու հետսիբիրյան գրական ժառանգությունում առանձնանում է «Մեր պայծառ Վահանը» հուշ-գրախոսականը (1961)` Ս. Արզումանյանի մենագրության մասին, որտեղ ջերմորեն գծված է գրողի մարդկային կերպարը, բայց չկա ոչ մի ակնարկ, որը կհաներ վերոհիշյալ հարցականները:

Մահարի-Թոթովենց կապերում կա մութ կետ, որը կարիք ունի բացահայտման...

Թիֆլիս-Վլադիկավկազ ուղեւորությունից Մահարին վերադարձավ ռամկավար դիրքերում «կոփված»: Չնայած Հովհ. Հակոբյանը պատվիրել էր` «Վլադիկավկազեն մի հեռանա... Ես քեզի հետս Պոլիս կտանեմ», նա գերադասեց Երեւանը. «Գնում եմ «տուն»: Թողած մորս, եղբայրներիս, բարեկամներիս, Թիֆլիսը, փոքրիկ խանութը լեցուն մրգերով, մայրիկի եւ Երան քույրիկի համեղ ճաշերը, գնում եմ «տուն», Երեւան, որբանոց, նետում եմ ինձ նորից ցրտի ու քաղցի ճանկը... Բայց այնտեղ Երեւանն է, հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում Երեւան» :

Երեւանում Մահարուն սպասում էր... հասարակական աշխատանքը: Նա ընտրվեց Հայ ռամկավար կուսակցության աշակերտական միության վարչության կազմում, ավելին` վարչության նախագահ [3]: Այն, որ միության գրասենյակը գտնվում էր Երեւան տեղափոխված «Վան-Տոսպի» խմբագրությունում, վկայում էր, որ այս ամենի հետեւում կանգնած էր նույն Դարբինյանը: Մահարուն խորթ էր հասարակական աշխատանքը, սակայն Դարբինյանն ուներ նրա հետ կապված հեռահար ծրագրեր: Վարչության նախագահ ընտրվելուց երկու շաբաթ անց Մահարին ստանձնեց Հայ ռամկավար աշակերտական միության «Վերածնունդ» երկշաբաթաթերթի խմբագրի պարտականությունները:

Այդ իրադարձությանը նախորդել էր Դարբինյանի հետ զրույցը, որը բերված է «Երիտասարդություն» վեպի անտիպ էջերում.

«Հիշում եմ մի անգամ Արտակ Դարբինյանը տրտնջալով ասաց.

- Նորի՞ց սիրային... Ծանր ժամանակներ են, գուցե դու ազգային վշտից, բանից... սրանք ես կտպեմ, բայց դու մտածիր...

Ես առանց մտածելու ասացի.

- Ազգային վշտի մասին ես հոդվածներ կգրեմ, իսկ բանաստեղծությունը սեր երգելու համար է...»:

Եվ գրեց: «Վերածնունդ»ում լույս չտեսավ ոչ մի բանաստեղծություն:

Լայնախո՛հ էր 16 տարեկան խմբագիրը: Այդ էր վկայում «Մենք մեր թերթին հետ» անդրանիկ խմբագրականը. «Միանգամայն համաձայն այն իրողութեան թէ ճշմարտութիւնը տարբեր կարծիքներու բաղխումէն կը ստացւի անպայման` մենք մեր թերթին մէջ տեղ պիտի տանք նաեւ տարբեր կարծիքներ եւ հայեացքներ ունեցող աշակերտներու» : [4]

Խմբագիրը համարում էր վնասակար կուսակցություների ներթափանցումը որբաշխարհ: Դրանում հատկապես ակտիվ էր դաշնակցությունը: Որբաշխարհի ապաքաղաքականացման պահանջն ստեղծում էր հակասություն խմբագրի խոսքի եւ գործի միջեւ: Շուտով այն ստացավ իր լուծումը` Մահարին դուրս եկավ Հայ ռամկավար աշակերտական միության շարքերից: Հրաժարականի «դիվանագիտական» ձեւակերպումները կոչված էին բացառելու պատկան կուսակցության հեղինակազրկումը.

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ`

ա) արդէն կազմուեր է որբանոցային միութիւն եւ որ մեզմէ մէկը միութեան օրկանի խմբ. կոլեգիայի անդամ է եւ միւսը` վարչութեան անդամ,

բ) որ երբ կայ որբ. չէզոք միութիւն մը, բոլորովին աւելորդ կը նկատենք կուսակցական աշակերտական միութեան անդամ ըլլալ, որը յամենայն դէպս կուսակցական անունը կը կրէ,

գ) դպրոցական տարեշրջանի նախօրեակին պէտք ունինք պարապելու եւ չունինք ազատ ժամանակ, -

նկատի ունենալով այս երեք մեզ համար կենսական հանգամանքները, մենք կը ներկայացնենք մեր հրաժարականը միութիւնէդ, յուսալով որ չպիտի մերժէք:

Յարգանօք` Գուրգէն Աճէմեան,

Գառնիկ Խաչատրեան»: [5]

Ըստ վարչության որոշման` «Ընկերների հրաժարականները յարգուած են» :

Թերթի վեցերորդ համարը եղավ վերջինը: Այն փակվեց 1919-ի հուլիսին: Դարբինյանը կենտրոնացրեց ուժերն ու միջոցները «Հայաստանի ձայն» թերթի վրա: Իսկ նոյեմբերին Մահարին ոչ միայն նորից մասնակցեց Հայ ռամկավար աշակերտական միության ընդհանուր ժողովին, այլեւ վարեց երկօրյա նիստերը եւ վերընտրվեց միության կենտրոնական խորհրդում [6]: Նրա վերահայտնությունը հաստատում է մեր վարկածը, որ հրաժարականը թելադրված էր որբաշխարհի ապաքաղաքականացման պահանջով:

Մենք գրել ենք Մահարու առաջին ձոն-բանաստեղծության` ռամկավար գործիչ Վ. Թեքեյանին նվիրված «Այգեկութ»ի մասին [7]: Այն նաեւ առաջինն էր, որն արտատպվեց «դրսում», եթե «ներս» ասելով հասկանանք Անդրկովկասը: Նախաձեռնությունը պոլսահայ ռամկավար թերթինն էր [8], որի խմբագիրն էր Հովհ. Պողոսյանը (1889-1972): Հիշե՛նք այդ ազգանունը, մենք դեռ նրան կհանդիպենք...

1919-1920 թթ. Մահարին «Հայաստանի ձայն» թերթի մշտական աշխատակիցն էր որպես բանաստեղծ եւ հրապարակագիր: Նրա «Թռուցիկ նօթեր» սյունակում բարձրացվում էին հասարակական-քաղաքական, ազգային եւ գրական հարցեր: «Նօթերն» ուղղված էին հեղափոխական կուսակցությունների դեմ` դաշնակցական, հնչակյան թե համայնավար: Հրապարագրի ընդդիմադիր պահվածքը թելադրված էր «լավը տեսնելու ցանկությամբ» եւ հեռու էր «որքան` վատ, այնքան` լավ» ծայրահեղությունից: Նա քաղաքացին էր Հայաստանի առաջին հանրապետության եւ վտանգավոր պահերին «թեւ ու թիկունք» էր իշխանությանը, չնայած որ այն «մերը չէր»:

Վերջին «Թռուցիկ նօթեր»-ի վերջին տողերը վերաբերում էին Խոստիկյանին եւ... Չարենցին: Խոստիկյանն առաջիններից էր գրախոսել Չարենցի ռադիոպոեմները.

«Շիրակի Աշխատաւոր-ում:

«Ազգին»ի մէկ գրախօսականը Ե. Չարենցի երեք պոէմների առթիւ:

Կարդալիս ամաչում ես ինքդ բանագող գրախօսի տեղ.

Հայաստանի ձայն-ի աշխատակից պ. Միսակ Խոստիկյանի գրախօսականը կէտ առ կէտ արտագրւած եւ այլանդակւած...»: [9]

Խոստիկյանն առանձնացրել էր բանաստեղծին բոլշեւիկից, նշել էր մեկի արժանիքները եւ դատապարտել մյուսի գաղափարախոսությունը. «Չարենցը իրաւ որ գիւտ է, մի արժէքաւոր մեծութիւն մեր կեանքում վխտացող Միկոյեանների, Աւիսների, Հայկունիների, Աթարբէգեանների նման անսիրտ վիժւածքների հանդէպ, որովհետեւ Չարենցը ազնիւ գաղափարական երկունք է ապրում, ստեղծագործութեան վեհ տաճարին իւր լուման նւիրաբերում եւ ոչ թէ չունենալով ոչինչ` եղածն էլ խորտակում է, ինչպէս անում են Ռուսաստանի ստեպներում արածող բոլշեւիկ հայերը» : [10]

Ազգինը (Ասքանազ Մարտիրոսյան, 1896-1959) վերցրել էր գրախոսականի միայն բացասական-քաղաքական գնահատականները:

...Հայաստանը խորհրդայնացավ: Հուշ դարձավ կուսակցական, լրագրային բազմաձայն կյանքը: «Երկրի» գրողները խորը մի տեղ թաքցրին իրենց ոչ համայնավար անցյալը: Սակայն ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով Երեւան էին ժամանում մտավորականներ, որոնք չէին տառապում հիշողության բացակայությամբ: Դրանցից էր վերը հիշված Հովհ. Պողոսյանը, որը որպես ՌԱԿ Կեդրոնական վարչության անդամ 1930 թ. Բոստոնի «Պայքար»ի կողմից գործուղվեց Հայաստան: Նրա «Երկու ամիս Հայաստանի մէջ» ուղեգրությունում կա Մահարու հետ կապված հիշարժան մի դրվագ.

«Մահարիի հետ պայմանաւորուած էինք, օր մը, խօսիլ երկարօրէն, իր սենեակին մէջ, որ կը գտնուի Երեւանի նոր հիւրանոցին մէջ: Որոշեալ օրը եւ ժամուն գացի: Դուռը բաց էր եւ սեղանին վրայ կար խաղող պնակի մը մէջ: Անկողինը անկիւն մը դրուած էր, սենեակին մնացեալ մասը լեցուն էր խառնիխուռն նետուած գրքերով: Սեղանին վրայ խաղողի պնակին քով դրուած էր թուղթ մը, որուն վրայ գրուած էր հետեւեալ իմաստով քանի մը տողեր. «Քեզ սենեակդ չգտայ, խաղողի ողկոյզ մը ճաշակեցի եւ կերթամ»: Ես ալ մեկնեցայ, բայց առանց խաղողի ողկոյզ մը առնելու: Հետեւեալ օր դարձեալ մէկը չգտայ, միայն թէ այս անգամ դուռը գոց էր:

Նոյն իրիկուն հանդիպեցայ իրեն Աբովեանի վրայ: Մօտեցաւ ինձ եւ ըսաւ. «Զիս սենեակս չգտաք, որովհետեւ պզտիկ եղբայրս մեռած էր»:

Աչքերուն խորքը կար բանաստեղծական տրտմութիւն մը, որ մշուշի պէս կը պատէր անոր ճակատը: Մշուշը կրնար խտանալ եւ աչքերէն վար արցունքի կաթիլ մը ըլլալ: Այդ կաթիլը բանաստեղծը պիտի բռնէր շրթունքի վրայ, տանէր հասցնէր սրտին խորը եւ անով թերեւս պիտի շինէր քերթուած մը: Այդ քերթուածը պրոլետարակա՞ն պիտի ըլլար, թէ ոչ:

Այս հարցումն ըրի ինքնիրենս, երբ մէկտեղ կը քալէի, Մահարիի հետ, Աբովեանի վրայ, իրարու մօտ, բայց լուռ: Հասանք նախկին հիւրանոցին առջեւ, որ երկյարկ համեստ շէնք մըն է եւ այժմ յատկացուած ընտանիքներու բնակութեան: Վեր բարձրացանք առաջին յարկը: Սանդուխին դիմացը կը գտնուէր Ալազանի սենեակը: Ներսը, Ալազանի մօտ էր Նաիրի Զարեանը: Այս երկուքը զտարիւն պրոլետգրողներ էին...»: [11]

Հանդիպումը չէր կայացել, բայց հազիվ թե դրա պատճառը լիներ Մահարու եղբոր վաղաժամ մահը: Կռահե՞լ էր արդյոք բուն պատճառը Հովհ. Պողոսյանը, երբ լուռ քայլել էր Մահարու հետ Երեւանի գլխավոր փողոցով: Կասկած լինել չէր կարող, որ Մահարին «վտանգավոր» հյուրին «ձեռքից-ձեռք» հանձնել էր նախկին «Օրիանթ» հյուրանոցի սենյակներից մեկում սպասող գաղափարապես ավելի վստահելի Ալազանին ու Զարյանին, իսկ վերջիններս, ստանձնելով խորհրդային գրականության խոսնակների դերը, ապահովագրել էին իրար, գործելով մեկտեղ...

Կռահե՞լ էր այս ամենը Հովհ. Պողոսյանը թե ոչ` բայց նա ջերմ տողերով գծեց բանաստեղծի դիմանկարը. «Մահարի կաշխատակցէր «Վան-Տոսպ»ի եւ «Հայաստանի Ձայն» թերթերուն, երբ ես Պոլիս էի, հաստատուած էր հեռաւոր կապ մը - մտաւորական եւ գրական մարզի վրայ - մեր միջեւ: Մահարի, այն ատեն դեռ սկսնակ բանաստեղծ, ժամանակի ընթացքին հասունցած, որոշ դիմագիծ էր ստացեր... Մահարիի մէջ գտայ բանաստեղծը, որ չի կրնար որոշ սահմաններու մէջ ամփոփուիլ, որուն սիրտը եւ միտքը ունին թռիչներ, որոնք ազատ օդ եւ լայն հորիզոններ կուզեն, որ բանաստեղծութեան աղբիւրը կը նկատէ յուզումը, իսկ յուզումը չապսպրուիր, այլ կը զգացուի...» : Նույն տարում լույս տեսավ նրա մեկ այլ հոդվածը. «Աշուղական գրականութիւնը զարգացած է մանաւանդ Գուրգէն Մահարիի մօտ, որ հակառակ պրոլետարական շրջապատին կը մնայ խորապէս քնարերգակ...» : [12]

Թե որքան անբարենպաստ էին հետխորհրդային տարիները Հայաստան-Սփյուռք կապերի համար, վկայում է փաստը, որ մեզ չի հաջողվել բացահայտել որեւէ կապ Մահարու եւ նրա հորեղբոր որդու` Եգիպտոսի «Արեւ» թերթի խմբագրի բազմամյա տեղակալ Լեւոն Աճեմյանի միջեւ... մինչեւ վերջինիս հայրենադարձությունը: Թերթի ստալինյան տարիների էջերում չկա Մահարու անվան թեկուզ մեկ հիշատակում...

1936 թ. «մեծ տեռորի» մասին մենք գրել ենք «Ստալինեան բռնադատութիւնները եւ Սփիւռքի մամուլը» հոդվածում [13]: Այստեղ նշենք, որ ռամկավար մամուլն արձագանքեց բռնադատություններին չկամությամբ` զիջելով դաշնակցական «Հայրենիք»ին, «Յառաջ»ին կամ «Յուսաբեր»ին: Պատճառը Խորհրդային Միության նկատմամբ ռամկավար կուսակցության մեղմացած մոտեցումն էր: Բացառություն կազմեցին Արշակ Չօպանեանի համարձակ, անզիջում ելույթները: [14]

50-60-ական թվականներին Մահարին հաստատեց սերտ կապեր արձակագիր, «Պայքար» եւ «Նոր օր» թերթերի խմբագիր Անդրանիկ Անդրեասյանի (1909-1996), պատմաբան, ազգային-կուսակցական-կրթական գործիչ, «Զարթօնք»ի բազմամյա խմբագիր Գերսամ Ահարոնեանի (1916-1981), ՌԱԿ-ի ղեկավար Բարունակ Թովմասեանի (1910-1991), «Արեւ»ի խմբագիր Էտմոն Կոտալազեանի (Երուանդ Ազատեան, 1935) հետ: Ռամկավար թերթերը լայնորեն արտատպում էին Մահարու գործերը: «Զարթօնք»ի թերթոնում լույս տեսավ «Լռության ձայնը» ժողովածուն:

Պահպանված չեն Է. Կոտալազյանին գրված Մահարու նամակները, բայց դրանցից մեկը հրապարակված է «Արեւ»ում: Ի պատասխան ամանորյա համարին մասնակցելու հրավերին` Մահարին գրել էր.

«Սիրելի Կոտալազյան.

Նամակդ այսօր ստացա եւ շտապեցի գոնե այս երկտողը գրել եւ ուղարկել, որովհետեւ եթե հետաձգեմ` ծավալուն բան մը գրելու հույսով, դժվար թե կարողանամ: Մինչեւ կոկորդս թաղված եմ գործերով, ի հարկե` գրական: Ուստի լավ է քիչ, քան ոչինչ: Ընդունիր խանդաղատանքներս: Հավանականություն կա, որ մի ամսով Բեյրութ գամ` որպես հյուր «Նայիրի»-Ծառուկյանի:

Գուցե հանդիպի՞նք:

Սիրով` Գուրգեն Մահարի

Ամանորյա խոսք

Չգիտեմ ինչ բերավ մեզ, բայց հաստատ գիտեմ, որ անցած տարին մեզնից անվերադարձ խլեց ու տարավ մեծ երգիծաբան Լեռ Կամսարին, Ալազանին, Էդ. Բոյաջեանին...[15] 1967 թվականի բերածն իրեն լինի, միայն թե մերը մեզ թողնի...

Գուրգեն Մահարի

(24 նոյեմբերի 1966 թ.)»:[16]

Է. Կոտալազյանը խնդրեց Մահարուն այցելել Կահիրե եւ հայտնեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը: Մեկ այլ նամակով նա թույլտվություն հայցեց հրապարակելու Մահարու նամակը` արմենական-ռամկավար գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արմենակ Եկարյանի (1870-1925) մասին: Պատասխանը մեզ հայտնի չէ, բայց «Արեւ»ում նման նամակ չի տպագրվել:

Մահարի-ՌԱԿ հարաբերություններն առավել ցայտուն դրսեւորվեցին «Այրվող այգեստաններ»ի լույս տեսնելուց հետո: Ռամկավար մամուլը հակադրվեց դաշնակցականին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասել, որ բացառությամբ մեկ-երկու հոդվածների, երկուստեք ընթանում էր անառարկայական խոսակցություն, որի ցայտուն օրինակը դաշնակցական թերթում լույս տեսած «Եւ սուտի առաքեալ մը» խմբագրականն էր: «Սուտի առաքեալը» Մահարին էր, իսկ ճշմարտության հատի՞կը... ահա՛ այն. «Մենք ալ չենք կարդացած այդ գիրքը, սակայն կը փափաքինք քանի մը խօսք ըսել, որովհետեւ այժմ գրեթէ նորաձեւութււն է գրել գիրքի մը մասին, առանց կարդալու զայն» : [17]

Դաշնակցական մամուլին զայրացրել էր, որ վեպում Արամ Մանուկյանը ոչ միայն չէր ներկայացվել որպես Վանի ինքնապաշտպանության ղեկավար, այլեւ, հակառակ նրանց գրչակներին, չէր նշվել անգամ ղեկավար հնգյակում: Սակայն Մահարին հանուն ճշմարտության ոչ միայն անտեսել էր Ա. Մանուկյանին, այլ չէր էլ «սեփակաշնորհել» ինքնապաշտպանությունը, վերագրել էր դա ողջ վանեցիությանը. «Բացվել էր մի դարաշրջան, երբ չկար, գոյություն չուներ ոչ դաշնակ, ոչ հնչակ, ոչ արմենական, կար միայն կռվող, մարտնչող վանեցին եւ մի Եկարյան Արմենակՙ առանց, սակայն, արմենականության» :

Վերացական բանավեճը ծնում էր արտառոց երեւույթներ: Դրա օրինակը տվեց Բոստոնում լույս տեսնող «Պայքար»ը, ինչը պատճառ դարձավ, որ Մահարին դիմեր ռամկավար ղեկավարներին.

«Բարունակ Թովմասյանին, Գերսամ Ահարոնյանին, Բեյրութ -

6 մարտի 1968 թ., քաղաքամայր Երեւան

Սիրելի ընկերներ Բարունակ եւ Գերսամ!

Օրենքով այս նամակը Անդրանիկ Անդրեասյանին պիտի ուղարկեի` ձեզի նույնպես տեղյակ դարձնելու համար: Բայց ըստ տեղեկությունների Անդրանիկը Փարիզ է անցեր. որի համար եւ ձեզի կգրեմ, որ իրեն տեղյակ պահեք. Փարիզի իր հասցեն չունեմ:

Սեն-Ռաֆայելից այսօր նամակ ստացա Շահան Շահնուրից, որը գրում է.- «...Տակաւին վերջերս հանդիպեցայ, «Պայքար»ի մէջ դաժան եւ թթու գրախօսականի մը վէպիդ մասին»:

Սխալ չհասկանաք ինձ խնդրում եմ եւ սխալ չբացատրեք իմ վրդովմունքը. իմ վեպը անքննադատելի չէ, ինչպես աշխարհի բոլոր վեպերը. «Պայքար»ը նույնպես իրավունք ունի իմ վեպը քննելու եւ դատելու, որպես գրական գործ, վեր հանելով նրա թերիները. բայց արտահայտվել «դաժան եւ թթու»` այս արդեն ուրիշ գույնի «քննադատություն» է եւ ես նման «դաժանություն» ու «թթվություն» կարող եմ սպասել եւ ստանալ «Հայրենիք»են, «Բագին»են... Բայց «Պայքար»ե՞ն... ի՞նչ է պատահել, Անդրանիկի բացակայությամբ «Պայքար»ն անցել է դաշնակցականների ձե՞ռքը, գրեք, որ իմանամ: Թե՞ Շահնուրը թյուրիմացության մեջ է: Թե՞ ուրիշ «Պայքար» ալ կա:

Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին:

Սիրով` Գ. Մահարի»:

Բ. Թովմասյանի պատասխանում լուսաբանվեցին վեպի հետ կապ չունեցող կուսակցական խնդիրներ եւ միայն վերջին տողերում հերթը հասավ բուն հարցին. «Անդրադառնալով նամակիդ բովանդակութեան` ըսեմ թէ իրաւացի են դիտողութիւններդ: «Պայքար» եւ «Նոր օր» տեղ տալու չէին Պատուելի Կէօրկիզեանի` Ամերիկայէն, ու Լեյլի Դշխոեանի` Հայաստանէն յօդուածներուն, որոնք խորք չունէին: Հարկ եղած նկատողութիւնը ըրի Նուպար Պէրպէրեանին որ խմբագիրն է «Պայքար»ի շուրջ տասը տարիէ ի վեր: Ա. Անդրէասեան ունի ուրիշ պաշտօն... Ի՞նչ է Դշխոեանի փորին ցաւը... իսկ հայրենակիցիդ Վերապատուելիին վանեցի արժանապատուութիւնը վիրաւորուած է...» (ԳԱԹ, ԳՄՖ, թ. 175):

Այսինքն` երկուսն էլ քո հայրենակիցներն են, մեկը` Վանից, մյուսը` Երեւանից...

Վեպի պաշտպանության ամենալուրջ դրսեւորումը «Զարթօնք»ում դրա արտատպումն էր, որն իրականացրեց Գերսամ Ահարոնեանը:

«Այրվող այգեստաններ»ի «բանավեճը» ծանր նստեց Գուրգեն Մահարու վրա եւ հայ գրականության վրա: Նա հեռացավ կյանքից` անավարտ թողնելով «Երիտասարդություն» եւ «Քաջ Նազար» վեպերը...

Ռամկավար մամուլը հատկացրեց ամենաընդարձակ մահախոսական էջերը: Նույն Հովհ. Պողոսյանը, որպես վերջակետ Մահարու հետ ունեցած կեսդարյա «հոգեւոր կապերի», իր վերջին խոսքն ասաց «Զարթօնք»ում եւ «Պայքար»ում...

«Մեղքը` լալով, պարտքը` տալով»: Մի փոքր այլ է ասույթը ռուսերենում` «Պարտքը տալով է գեղեցկանում»: Հավատարիմ կյանքի ճշմարտությանը` Մահարին շատ բան է տվել ռամկավարությանը: Չզբաղվենք հաշվապահությամբ, կշեռքով կամ արշինով, բայց այսօր, երբ բացակայում է պետական մոտեցումը գրական ասպարեզում, Մահարու անտիպ եւ չհավաքված հատորների հրապարակումը կարիք ունի ռամկավարների աջակցության: Նրա գրական ժառանգությունը սպասում է իր հրատարակչին` մեր ժողովրդի բազմադարյան մշակույթի անբաժան մասը դառնալու համար: Այս պարզ խնդիրը դեռ չի գտել իր արժանապատիվ լուծումը:

Ծանոթագրություններ

1. Թիֆլիսի «Մի բաժակ թեյ» սրճարանը բացվել էր 1915 թ.` վիրահայ կանանց եւ աղջիկների նախաձեռնությամբ` հայ գաղթականներին ու որբերին օգնելու նպատակով:

2. Լ. Թիւթիւնճեան, Յուշեր..., Պէյրութ, Թէքէեան մշակոյթային միութիւն, 1975:

3. «Վան-Տոսպ», Եր., 1919, 28 Ապրիլի, թ. 5:

4. «Վերածնունդ», Եր., 1919, 11 Մայիսի, թ. 1:

5. «Վերածնունդ», Եր., 1919, 13 Յուլիսի, թ. 5:

6. «Հայաստանի ձայն», Եր., 1919, 30 Նոյեմբերի, թ. 18:

7. «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2010, 27 փետրվարի, թ. 1:

8. «Ժողովուրդի ձայն», Ղալաթիա, 1919, 7 Դեկտեմբերի:

9. «Հայաստանի ձայն», Եր., 1920, 13 Հոկտեմբերի, թ. 155:

10. «Հայաստանի ձայն», Եր., 1920, 6 Օգոստոսի, թ. 106:

11. «Պայքար», Բոստոն, 1931, 23 Ապրիլի, թ. 95:

12. «Արեւ», Կահիրէ, 1931, 2 Դեկտեմբերի, թ. 3910:

13. «Հայկազեան Հայագիտական Հանդէս», Պէյրութ, 2012, հ. ԼԲ:

14. Գր. Աճեմյան, Հայ գրականության Դոն-Քիշոտը (Գուրգեն Մահարի - Արշակ Չօպանեան), «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2011, 2 ապրիլի, թ. 6:

15. Էդուարդ Բոյաջեան (1915-1966), լիբանահայ բանաստեղծ, արձակագիր:

16. «Արեւ», Կահիրէ, 31 Դեկտեմբերի, թ. 14.615, էջ 10:

17. «Հայրենիք», Բոստոն, 1967, 16 Դեկտեմբերի, թ. 16.873:


Գծանկարներըՙ Սիրուն Երեցյանի


Նկար 1. Արտակ Դարբինյան

Նկար 2. Գերսամ Ահարոնյան

Նկար 3. Հովհաննես Պողոսյան

Նկար 4. Արմենակ Եկարյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4