ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2012-05-12 | #10, 2012-05-26 | #11, 2012-06-09


ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ-75

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Երվանդ Ղազանչյանի հետ ճանապարհ ելա առաջին դասարանից: Տասը տարի եղանք նույն նստարանին: Եսՙ ուշիմ ու խոնարհ աշակերտ, նաՙ դասարանում եւ ամբողջ դպրոցում ամենաչարերից մեկը, որից հատկապես ուսուցչուհիները «յախա» էին թափ տալիս, մինչեւ իսկ նրա «խաղերի» դեմ անզոր լինելով, արտասվում, այդ հեռավոր օրերին նրանք չգիտեինՙ գալու է ժամանակ, երբ հպարտանալու են նրանով եւ պիտի ամենուրեք ասենՙ Երվանդ Ղազանչյանը մեր աշակերտն է եղել, հետադարձ հայացքով քաղցրանալու էին նրանց դառն-աղի արցունքները, պետք է ասեին ու կրկնեինՙ մեր սիրելի Երվանդն է, նրա նման խելացի ու կարգապահ աշակերտ դպրոցում չկար, նա առավել օրինակելի էր, քան Նորայր Ադալյանը: Մաթեմատիկայի ուսուցիչ պոլսեցի ընկեր Չաթալբաշյանը, Աստված հոգին լուսավորի, մեր «վատ» պատասխանը «լավ», մինչեւ անգամ «գերազանց» գնահատելով, իբր թե բարկանում էրՙ «Երվանդ, կեղծ տերասան, Նորայր, կեղծ պանաստեղծ»... Այդ ժամանակ «կեղծ տերասանը» Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն բեմ էր դուրս գալիս...

Երեւանի թատերական գործիչների միության վերջին համագումարներից մեկում Երվանդ Ղազանչյանը հաշվետու զեկուցում կարդաց եւ հրաժարվեց միության նախագահի պաշտոնից: Մի ելույթ ունեցող հեղինակին ու զեկուցումը համարեց «սովետիզմի» արտահայտություն, որ ավելին էր, քան հայհոյախոսությունը, Երվանդն ո՜ւր, սովետականությունն ո՜ւր: (Նկատել եմ, նախկինում եւ ներկայումս էլ մոլի սովետիկոսներն ավելի եռանդուն, կուրծք ծեծելով են խոսում սովետի դեմ, քան շատեր, «վերակառուցվե՜լ» են, այդպես է եւ կաշառակերության մարզում, որքան ուղն ու ծուծով կաշառակերՙ այնքան կաշառակերությանն ընդդիմադիր): Այդ ժամին Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում ծավալված քննարկման մի քանի հարյուր մասնակիցների մեջ հազիվ թե գտնվեր մեկ մարդ, որ սովետական տարիներին ավելի հալածական լիներ, քան Երվանդը: Ես այժմ էլՙ այս տողերը գրելիս հուզվում եմ ու զայրանում, ինչո՞ւ ենք այսքան անխղճորեն վերաբերում միմյանց, Վերին դատավորից չե՞նք վախենում... Վախենալ պետք է: Այդ վախը բարոյական է եւ ոչ կենցաղային վախ:

Երվանդը իր մանկությունն ու պատանեկությունն ապրեց Սարի Թաղի ստորոտում, մի աղքատ ու խարխուլ տան մեջ, առանց հորենական գուրգուրանքների, որին աքսորել էին Սիբիր: Արդեն երիտասարդ էր, երբ առաջին անգամ տեսավ Խաչատուր հորը: Խաչատուրը ինձ պատահած ամենաազնիվ մարդկանցից էր, երեւի ազնվության համար էին աքսորել նրան: Մայրըՙ Եղիսաբեթը, Ֆրանսիայից էր եկել, Դավայաթաղի արհեստանոցներից մեկում խսիր գործելով հազիվ էր իր մինուճարի համար կես բերան հաց վաստակում, շատ ծանր տարիներ էին, բայց հայ ազգային բարոյականություն կար պարզ ընտանիքներում, Բակունցի խոնարհ աղջիկը մեզ կարող էր նույնիսկ հանդուգն թվալ անչափ համեստ, քչախոս, աշխատասեր Եղիսաբեթի կողքին, որի համար Երվանդն ամբողջ աշխարհն էր: Հաճախ խնդրելու պես ասում էր. «Երվանդ, յավրում, դասերդ սովորիր, չարություն մի ըներ»: Սակայն ընկերոջս ուշքն ու միտքն ավելի թատրոնի դասերն էին, քան դպրոցի: Երբ հիշողության աչքերով հետ եմ դառնում, հասկանում եմՙ նրա չարություններում դեռեւս չգիտակցված թատրոն կար, դրանք կարծես ներկայացումներ լիներին ուսուցիչների եւ աշակերտներիս համար: Գեղեցիկ տղա էր: Այժմ էլ Երվանդին նայողները դրանում կարող են համոզվել: Այսպես ապրեցինք մեր մանկության ու պատանեկության «տանգոն»: Հետո հայտնվեց Գալյան, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում Երվանդի համակուրսեցին: Կանցնի ժամանակ եւ պարզ կդառնա, որ Երվանդի կյանքում Գալյա Նովենցի հայտնվելը բացառիկ հայտնություն է հայ թատրոնի եւ կինոյի ասպարեզներում:

Հ. Պարոնյանի անվան թատրոնում բազմիցս եմ դիտել Ջոն Պատրիկի «Տարօրինակ Միսիս Սեւիջը» ողբերգակատակերգության բեմադրությունը, որտեղ Գալյան մարմնավորում է Սեւիջին: Սա արտիստուհու «վերջին» թատրոնն էՙ Մարգարիտից («Պատվի համար»), Քեթեւանից («Խաթաբալա»), Կատրինից («Կորած մայրիկը եւ նրա երեխաները»), Լիսիստրուտեից ու Ֆիլումենա Մարտուրանոյից (համանուն պիեսներում) ու այլ դերախաղերից հետո եւ ընդգծում-արտահայտում է նրա ինքնատիպ տաղանդի բոլոր յուրահատկությունները, որոնք միավորված են բնության չափ առինքնող բնականությամբ: Ձայնի նուրբ ելեւէջները, զուսպ դիմախաղը, կանգառն ու սահուն անցումները, խոսքային դրսեւորումները մի այնպիսի մակարդակով, որ չգիտես խոսո՞ւմ է, թե՞ խորհում, քայլվածքը, լռությունը, պարը, որ մի պահ վերածվում է յուրահատուկ մենախոսության ու անդիմակ պարահանդեսի, ամեն-ամեն ինչ այնքան բնական է, որ քեզ թվում է թատրոնում չես, այլ կյանքի բովում: Բայց... Սա սովորական բնականութուն չէ, ուրիշ մի բան, ստեղծագործություն, Գալյա Նովենցի գեղարվեստական ոճը, մի որոշ իմաստովՙ նաեւ պայմանական արվեստ, իրապաշտական տեսիլք, գայթակղիչ հնարանք: Այս հատկանիշների հավաքականությունը գլուխգործոցային բարձունքի է հասնում Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, Սիրանույշ-Գալյա Նովենցի փառահեղ կերպարում: Նա դերը կառուցում է որպես սրտալից բանաստեղծություն, որպես դրամատիկ-հոգեբանական վեպ, որպես ազգային էպոս: Ըստ տարածված կարծիքի, Գալյան ֆիլմում ավելին է, քան թատրոնական բեմի վրա: Ես կարծում եմՙ մեկն արտահայտվում է մյուսի մեջ, մեկը շարունակվում է մյուսով, Գալյա արտիստուհու ամբողջական դիմանկարը այս երկուսի սերտ հարազատությունն է:

Ալբերտ Մկրտչյանը, Գալյա Նովենցն ու Մհեր Մկրտչյանը իրենց «Մանկության տանգոյով» աշխարհ շրջեցինՙ միջազգայնացնելով հայերիս կինոն ավելի, քան մեր ուրիշ որեւէ կինոպատում: Միջազգային փառատոներում նվաճեցին բարձրագույն մրցանակներ: Իտալացիները Գալյային համեմատեցին իրենց կուռք Աննա Մանյանիի հետ: Այս համեմատությունը հաճախ են շրջանառում իբրեւ դերասանուհու գնահատության չափանիշ, սակայն ես կարծում եմՙ Գալյայի արվեստի արժեքայնությունը բարձր է ու ծանրակշիռ անկախ հիանալի Մանյանիից: Այո, Գալյան հայտնություն եղավ, մի յուրահատուկ աստղ մեր թատերական կյանքի երկնակամարում, որին նայելիս սիրտ ու հոգով փառավորվում են:

Ղազանչյան-Նովենց ամուսնական զույգըՙ Ստեփան, Հակոբ, Մարիամ զավակներով, դարձել է լիարժեք թատրոն արդի հայ թատերական դաշտում, իր չափազանց բազմաբնույթ խաղացանկով ու գեղագիտությամբ: Պարզապես անհավատալի է Երվանդ Ղազանչյանի ստեղծագործության անշրջանակ շրջանակը, այնքան բազմազան ու ընդարձակ, որ շատ դժվար է սահմաններ գծագրել: Մշտապես գտնվելով ղեկավար աշխատանքիՙ թատրոնների տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր դասախոս, Թատերական գործիչների միության նախագահ, նա պիեսներ է գրել, թարգմանություն արել, ուղղորդել այլոց բեմադրությունները, գործնական-կարեւոր ներկայություն Կապանի, Երեւանի, Գյումրիի, Արտաշատի դրամատիկական թատրոններում, սփյուռքյան բեմադրություններ եւ այլն: Եվ ամենակարեւորը. նրա դերախաղերը շուրջ քառասունն են, բեմադրություններըՙ հարյուրից ավելի, մի «ծանրաձող», որ ի զորու են մի քանի թատրոններ բարձրացնել:

Երվանդի արվեստը սնվում է իր ծնողների բարոյականությունից, այս բարձրագլուխ թե հաստագլուխ, նոր ու անսիրտ Երեւանին նախորդած քաղաքի բարի մթնոլորտից, հայ մարդու հոգուց ու ոգուց, հարստացված ազգային թատրոնի երեւելիներիՙ Վարդան Աճեմյանի եւ Արմեն Գուլակյանի անանց դասերով: Նաեւՙ Գեորգի Տովստոնոգովի, որին աշակերտեց մի կարճ ժամանակ: Երվանդ Ղազանչյանի արվեստին բնորոշ են պարզ, վառվռուն բեմական երփնագիրը, հանդիսատեսին իր համախոհը դարձնելու ձգտումը, հայրենասիրական-քաղաքացիական խոհը, բովանդակության առաջնայնությունը, նա հետամուտ է արդիական հարցերի լուծմանը թե՛ ազգային ու համաշխարհային դասական դրամատուրգիա բեմադրելիս եւ թե՛ իր ժամանակակիցներին: Դերասանը նրա համար «գործիք» չէ, այլ ռեժիսուրայով ղեկավարվող թատրոն: Իբրեւ Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բազմաթիվ պիեսների բեմադրիչՙ նա ծիծաղում է, սակայն այդ դիմակ-ծիծաղի տակ թե ետեւում տխրություն կա, որը շատ դեպքերում վերածվում է իրականության դրամայի, մարդկային ողբերգության:

Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի մասին խոսել են շատ արվեստագետներ: Նրանց մասին տպագրվել են հիանալի ու ամբողջական պատկերագրքեր: Պատվավոր բարձր կոչումներն ու մրցանակները պակաս չեղան: Սակայն նրանց տրված ամենածանրակշիռ վերաբերմունքն ու գնահատականը ժողովրդի սերն է մայր հայրենիքում եւ Սփյուռքում: Ես փորձեցի նրանց համառոտակի ներկայացնել մեկ հոդվածի մեջ: Սա պայմանականություն է. որքան էլ ամուսիններ ու ընտանիք, նրանցից յուրաքանչուրը յուրօրինակ ու անկրկնելի անհատականություն է եւ հարստացնում է հայ թատրոնը եւ հայերիս հոգեւոր աշխարհը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4