Խմբագրությանՙ ոչ այնքան հարմարավետ աշխատասենյակի սեղաններից մեկի զբաղվածությունը տարբեր է մյուսներից: Անգլերենի թարգմանչի սեղանին օտարալեզու բազմաքանակ թերթեր, ամսագրեր են, դրանց մեջ տասնամյակների վաղեմությամբ գունաթափ, դեղնած էջեր նաեւ: Արդեն 21-րդ տարին է, Հակոբ Ծուլիկյանն ամեն աշխատանքային օր մտնում է խմբագրություն, նախապես սեղանին դրված թարգմանական էջերին ծանոթանում ու լուռ անցնում գործի: Չնայած մասնագիտական վաստակաշատ փորձին, յուրաքանչյուր նոր նյութի մոտենում է միեւնույն պատասխանատվությամբ, նախանձախնդիրՙ յուրաքանչյուր բառի, անվանման ճշգրտությանը: Աշխատում է կենտրոնացած, իրեն բնորոշ ինքնամփոփ լռությամբ: Այս տարիների թարգմանական իր աշխատանքները «Ազգ»-ի էջերում բազմաբնույթ ու բազմաքանակ հոդվածների վերածվողՙ տեղեկություններ են հայՙ մասնավորապես սփյուռքահայ ազգային, քաղաքական, հասարակական, գիտական, կրթական ու մշակութային ոլորտներին վերաբերող: Այդուհանդերձ, թվում էր, խմբագրության կյանքը (նկատի ունեմ օրաթերթային ռիթմը, որովհետեւ կազմակերպված, հանգիստ աշխատանքային ոճն է նախընտրումՙ մտածված, առանց ժամանակային սահմանափակման) այնքան էլ իրենը չէ, քանի որ 40 տարի միայն մեկ ուսումնական հաստատությունումՙ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում դասախոսական գործունությունը վկայություն է մանկավարժական ձիրքի եւ այդ գործինՙ նրա լուրջ վերաբերմունքի: Զարմացած էի շատ, երբ պատմում էր, որ Կահիրեում դեռ 12-13 տարեկան պատանի, թերթ է կազմել, խմբագրել, յուրաքանչյուր համարից մի քանի օրինակ եւ ձեռագիր իհարկեՙ այդ տարիքի համար զարմանալիորեն ձեւավորված եւ հաստատուն վայելչագրով:
Անցած ամիս լրացավ Հակոբ Ծուլիկյանի 70-ամյակը: Շնորհավորենք նրան:
- Պրն Ծուլիկյան, Հայաստան հայրենադարձվեցիք 1963-ին, 21 տարեկանում, վերադառնանք ետՙ մանկության ու պատանության տարիների Ձեր հիշողություններին:
- Ծնվել եմ Կահիրեում, 1942 թ. հայ գաղթականի ընտանիքում: Հայրս ժամագործ է եղել, գաղթել է Կեսարիայից: Կարելի է ասել հրաշք ծնունդ է եղել: Մեծ մայրսՙ հորս մայրը, հրաշքով է փրկվել. նրա աչքի առաջ 1896 թ. սպանել են ամուսնուն, երբ ինքը հղի էր հորովս: Երբ շատ է աղմուկ բարձրացրել, թրով խփել են վզին. ընկել է, կարծել են մահացած է, թողել-հեռացել են: Պարզվել է, կենդանի է, հարեւանները օգնել են, ծննդաբերել է եւ ողջ է մնացել: Ես նրան տեսել եմ: Ապրեց մինչեւ 1952 թվականը. փոքրահասակ, կորացած, բարի անձնավորություն էր տատս, թուրքերեն իրենից եմ սովորել: Մեր ընտանիքում ցեղասպանության մասին շատ չէին խոսում...
Երեք եղբայր էինք. ավագ եղբայրսՙ Տիգրանը եւ ես հայրենադարձվեցինք: Նա երկար ժամանակ աշխատում էր Մնջոյանի ինստիտուտում, որպես քիմիկոս, վերջին 17 տարիներին Արարատյան թեմի Ս. Սարգիս եկեղեցու որբերին օգնություն ցուցաբերող բաժնի տնօրենն էր: Միջնեկըՙ Անդրեասըՙ վիրաբույժ-ոսկրաբան, աշխատանքային ծրագրով 1967 թ. մեկնեց Անգլիա եւ բնակություն հաստատեց Լոնդոնում: 1980-96 թվականներին նա խմբագրում էր «Էրեբունի» թերթը. դժբախտաբար անցյալ հունվարին կյանքից հեռացավ:
Ծնողներիս մասին տեղեկություններ կան Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատության մեջ: Իսկ Ծուլիկյան գերդաստանիՙ որպես հայկական ծագման արեւմտահայ ազգանվան, նշված է Արշակ Ալպոյաճյանի «Պատմութիւն հայ Կեսարիոյ» գրքում:
Հաճախել եմ ծննդավայրիս Գալուստյան ազգային վարժարան, հետագայում ավարտել եմ Ինգլիշ Միշըն (English Mission College) քոլեջը եւ աշխատանքի անցել Թոմաս Կուքս զբոսաշրջության ընկերությունում:
- Սփյուռքի ազգային կյանքում մեծ դեր վերապահված է վարժարաններին եւ ուսուցիչներին: Շատերին գիտեմ, որ իրենց ուսուցիչների հանդեպ խոր երախտագիտությունը պահել են մինչեւ կյանքի վերջը:
- Այո, այդպես է. վառ հիշողություններ ունեմ վարժարանի տնօրենիՙ Տիգրան Պապիկյանի հետ կապված: Նա դասավանդել էր ե՛ւ կնոջս, ե՛ւ ինձ, հետագայում երբ որպես տնօրեն հրավիրվել էր Հայաստան, մեր հարսանեկան արարողությանը մասնակցեց: Պետք է հիշեմ նաեւ անգլերենի ուսուցչիսՙ Վահան Ծերունյանին: Տարիներ անց Հայաստանում տեսակցեցի իրեն եւ երախտագիտությունս հայտնեցի, որ իր սովորեցրած անգլերենով ապրուստս եմ վաստակում: 1963-ին, երբ Հայաստան եկա, մոտ մեկ տարի Լենինականում դասավանդեցի ֆրանսերեն, իսկ 1964-ին ընդունվեցի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը: Ավարտելուց հետո, 1968-ից անցա դասախոսական աշխատանքի, մինչեւ 2008 թվականը:
- Ինչո՞ւ որոշեցիք հայրենադարձվել:
- Միայն ու միայն հայրենասիրությունից մղված: Եկել եմ ծնողներիս հետ 1963-ի նոյեմբերին, 2-րդ քարավանով: Այդ հայրենասիրությունը ինձ ներարկել-պարգեւել էր Կահիրեի Հայկական շրջանակի Հայ Գեղարվեստասիրաց Միությունը: 15 տարեկան էի, որ հիմնեցինք «պատանեկան շարժումը»ՙ Հայ գեղարվեստասիրաց միության: 2 տարի անց այն վերածվեց «Ուսանողական շարժման», որի տարաբնույթ ծրագրերն ու ձեռնարկները բավականին մեծ արձագանք էին գտնում գաղութում: Դա շատ կարեւոր շրջան էր իմ կյանքում, որպես անձնավորություն կազմավորման, ձեւավորման փուլ էր: Բարեբախտաբար եղան մարդիկ, ավագ սերնդի ներկայացուցիչներ, որ ուղղություն էին տալիս մեզ: Երախտապարտ եմ հատկապես Ավետիս Յափուջյանին, այժմ բնակվում է Ավստրալիայում, երկար տարիներ «Արեւ» թերթի խմբագիրն է եղել, Էդմոն Կոտալազյանին (Ազատյան), որ Յափուջյանին նախորդող խմբագիրն էր, եւ իհարկեՙ Պերճ Թերզյանին:
12-13 տարեկանից «Արեգ» խորագրով թերթ եմ հրատարակել, ձեռագիր մի քանի օրինակ. բաժանել եմ ազգականներիս, որոնք խրախուսում էին ինձ: Այստեղից է սկսում լրագրության հետ իմ կապը: Սկաուտական շարժման մեջ լինելով, դարձյալ մասնակից եմ եղել ձեռագիր թերթիՙ «Պիօներ»-ի ստեղծմանը: Լրագրի հանդեպ վերաբերմունքը այդ տարիներից դեռ ընդգծված էր. շատ էի սիրում այցելել թերթի կրպակներ, ժամերով թերթում էի ամսագրեր, պարբերականներ. ճանաչում էին, թույլ էին տալիս նայեմ:
Հետագայում Գեղարվեստասիրաց միությունում նույնպես հրատարակեցինք պատի թերթ, դարձյալ ձեռագիր: Դահլիճի նախամուտքին ստենդ ունեինք. շաբաթը մեկ փոխում էինք: Հոբելյանական առիթներով, օրինակ, Սովետական Հայաստանի 40-ամյակին, ապրիլի 24-ին եւ նշանավոր անձանց նվիրված բացառիկ համարներ էինք թողարկում:
Ինչու եմ սա կարեւորում. որովհետեւ ձեւավորված բնավորություն, ազգային նկարագիր ունեցող մարդիկ էին մեզ առաջնորդում: Էօժեն Փափազյանների, Համբարձում Գարայանների, Սարուխանի եւ մյուս մեծերի մթնոլորտում ենք մեծացել, նրանց խոսքն ենք լսել:
Ավելի ուշ հրատարակեցինք ուսանողական պարբերականՙ «Շարժում» խորագրով, որի երկու համարից հետո «Արեւ» թերթում մեր պահանջով հատկացվեց թերթի մեկ ամբողջական էջՙ «Երիտասարդ ձայներ» խորագրով, որտեղ ես իմ անունից բացի ստորագրում էի տարբեր անուններովՙ «Ծաղկող սերունդ», «Արսեն Գիտակ», Թաթուլ Վարդանյան: Թերթի խմբագիր Էդմոն Կոտալազյանը մեզ հնարավորություն տվեց, անգամ խրախուսական խմբագրական գրեց:
(Ի դեպ, Է. Ազատյանի խմբագրականը, զարմանալիորեն, արդիական է, ճիշտ այսօրեական. երբ արձանագրում է երիտասարդության մի մասի արժեհամակարգի փոփոխությունը եւ այս ֆոնի վրա կարեւորում «Երիտասարդ ձայներ»-ի մասնակից խմբի աշխատանքը. «Սփիւռքի սպառիչ ու սպաննիչ պայմաններուն տակ, երբ յուսաբեկ կը դիտենք հոսանքն ի վար- անկումը երիտասարդութեան այլասերած մէկ մասին, ահա անդիէն կայծ մը, հաւատքի նշոյլ մը, խոստում մը կուտան արեւով վառելու մեր հոգին: Լաւատեսութեան այդ կայծերէն մէկն է ուրեմն այդ ճիգը որ կ՛ամփոփուի մեր այսօրուան Գ. էջին վրայ»- Մ. Բ.):
- Շուտով 50 տարին կլրանա Հայաստանում Ձեր բնակության, 40 տարի Բրյուսովի լեզվաբանական համալսարանում անգլերեն եք դասավանդել: Զուգընթաց արդեն 21 տարի «Ազգ» օրաթերթին եք աշխատակցում: Որո՞նք են Ձեր կարծիքով թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունները եւ արդյոք ունե՞ք թեմատիկ նախընտրություններ:
- Թարգմանական արվեստի առանձնահատկություններից մեկն այն է, որ ե՛ւ սահմանափակում է քեզ, ե՛ւ միաժամանակ ընդլայնում գիտելիքներդ: Սահմանափակում այն իմաստով, որ դու ինքնուրույն չես մտածում, ուրիշինն է գրությունը, բայց տարբեր հեղինակների մտքերի հետ շփումները նաեւ հարստացնում են քեզ:
Ավելացնեմ, որ Բրյուսովում մաս եմ կազմել անգլերեն գրավոր խոսքի զարգացմանը միտված աշխատանքային խմբին, որն էլ 2004-06 թթ. լույս ընծայեց 2 մասով «Գրավոր խոսքի զարգացման ձեռնարկը», որի օն-լայն տարբերակն էլ կա այժմ: Դա էլ մեծապես նպաստել է անգլերենի իմ ուսումնասիրությանը:
Ինչ վերաբերում է թեմատիկ նախընտրությանը, երկար ժամանակ այն սահմանափակ էր, բայց հիմա արդեն առաջնայինը արվեստի վերաբերյալ նյութերն են:
- Որի սկիզբը Արշիլ Գորկու նկարչությանը վերաբերող ամերիկյան արվեստաբաններիՙ թե՛ տեքստի բովանդակության, թե՛ ուսումնասիրության խորքային վերլուծության, թե՛ լեզվական իմաստով հարուստ, բայցեւ դժվար հաղթահարելի հոդվածաշարերն էին:
- Այո, մանավանդ խորքը հասկանալը ամենաբարդն էր, որի համար ես պարտական եմՙ դարձյալ ետ պիտի գնամ 70-80-ական թվականները եւ պիտի հիշեմ Նշան Մուրադյանին, որ եղել էր իմ գիտական ղեկավարը: Նշան Մուրադյանն իմ առաջ բացեց շեքսպիրյան աշխարհը, մասեհյանական աշխարհը: Նրա շնորհիվ կարողացա տեսնել այն, ինչ տողերի արանքում է գրված. դա է, որ թարգմանական արվեստում ամենակարեւոր ազդակներից է. ոչ միայն տեսնել գրվածը, այլեւ դրա հետեւում թաքնված ենթատեքստը:
- Գորկուն վերաբերող հոդվածաշարերը ընթերցողական ջերմ արձագանք ունեցան, նույնիսկ հուզական, շատերիս համար սպասված համարներ էին դրանք, զանգահարում էին եւ...
- Այո, այո. այդ զանգերն են ինձ ոգեւորել, քաջալերել եւ ուժ են տվել, այլապես դժվար թե շարունակեի:
- Այդ հրապարակումներով յուրաքանչյուր անգամ Արշիլ Գորկին երեւում էր նոր գույնով, նոր առեղծվածով, հիացնում, զարմացնում, հուզում... Ի՞նչ տվեցին Ձեզ այդ թարգմանությունները:
- Մեծապես հարստացրին ինձ: Մինչ այդ ընդհանուր ծանոթություն էր, ոչ ավելի: Բայց որքան խորասուզվում էի, զգում էի, որքան եմ մերձենում իր անձին եւ նկարչությանը, զգում էի իր մեծությունը, Եղեռնի ծնունդ լինելը եւ հիմա չեմ էլ պատկերացնում, որ ինքը այլ կերպ կնկարեր, քան աբստրակտ-էքսպրեսիոնիստական, ուրիշ ոճի մեջ իրեն չեմ տեսնում. ելնելով իր ապրած կյանքից, հոգեվիճակներիցՙ այդպիսի ավարտ պիտի լիներ:
- Նաեւՙ կյանքի ողբերգության: Մտադիր չե՞ք այդ հրապարակումները ամբողջացնել մի ժողովածուում, նաեւ հիշենք Սարոյան-Թոլեգյան զրույցների շատ հետաքրքրական շարքը:
- Մտադրությո՞ւն. դա երազանք է, եթե իրականություն դառնա, մեծապես շնորհակալ կլինեմ: Բայց հովանավորներ պետք է գտնել:
- Ունե՞ք նախընտրած հեղինակ, որին հայերեն ներկայացնել ուզենայիք:
- Այդ հեղինակը Հեմինգուեյն է: Սակայն թարգմանության համար, հիմա արդենՙ ոչ: Ժամանակին իմ թարգմանությամբ 2 կարճ պատմվածք Շերվուդ Անդերսոնի «Ուսուցչուհին» եւ Ագաթա Քրիստիի «Մեղադրող կողմի վկան», տպագրվել է պետհամալսարանի հրատարակչությամբ 1984-ին լույս տեսած «XX դարի արտասահմանյան արձակ» ժողովածուում, նաեւ մամուլում, «Երեկոյան Երեւան» թերթում տպագրվեց Հեմինգուեյի «Սպասում» շատ գողտրիկ պատմվածքը: Վերջին շրջանում մի շարք թարգմանություններ արել եմ հայերենից անգլերենՙ Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ» գրքի, Պողոս Հայթայանի արվեստաբանական մի քանի հոդվածներիՙ Երվանդ Գոջաբաշյանին, Հրանտ Հովսեփյանին, Յուրի Պետրոսյանին նվիրված ալբոմների, Շահեն Խաչատրյանի Արշիլ Գորկուն նվիրված պատկերագրքի անգլերեն բաժինները: Համագործակցել եմ Արգամ Այվազյանի հետ, կատարել եմ «Գալֆայան հավաքածուի արձանագիր իրերը» աշխատության անգլերեն թարգմանությունը:
- Եղե՞լ են մարդիկ, որոնց հետ ծանոթությունը կամ աշխատանքային հարաբերությունները կարեւոր դեր, փոփոխություն կատարած լինեն Ձեր կյանքում:
- Իհարկե: Նրանցից մեկինՙ Նշան Մուրադյանին հիշատակեցի արդեն: Բրյուսովի ինստիտուտի իմ դասախոսներից Պերճ Մեսրոպյանը. երբ 1987-ին նա Մ. Նահանգներ մեկնեց, ինձ վստահեց կատարելու Սփյուռքի համար նախատեսված «Սովետական Հայաստան» ամսագրի «Կռունկ» հավելվածի հայերենից անգլերեն թարգմանությունները: Մինչեւ 1991 թվականն այդ աշխատանքը ես էի կատարում: Նա նաեւ ինձ վստահեց արտասահմանի համար անգլերենով տրվող ռադիոհաղորդումները:
Եվ իհարկեՙ Հակոբ Ավետիքյանը, որն ինձ վստահեց արվեստի բնագավառի թարգմանություններ եւ մշակութային նոր աշխարհ բացեց: Մինչ այդ գեղարվեստական որոշ թարգմանություններ արել էի, բայց արվեստաբանական, մասնավորապես նկարչությանը վերաբերող ասպարեզը ծանոթ չէր ինձ. «Ազգ» օրաթերթի շնորհիվ մտա այդ աշխարհը:
Հարցազրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ
Նկար 2. «Ուսանողական շարժման» անդամներից