Նորահայտ նյութեր
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երիցս խոստովանենք, որ մեծերն անգուշակելի են, հանճարներըՙ անսպառելի: Փափազյանի մահից (1968) հետո, ինչպես բոլոր հանճարները, նա եւս առեղծվածներ թողեց, որոնք լուծելու համար տարիներ կհարկավորվեն: Բայց որքան հասկանալի էր թվում ամեն ինչ: Մեր աչքով տեսանք նրա վերջին արարումներըՙ Օթելլոյից, Համլետից հետոՙ Ուրիել, Արբենին, Պրոտասով, Լիր, Մեք Գրեգոր, կարդացինք կենսագրական եւ իր նշանավոր խաղերին վերաբերողՙ արվեստաբանական հազվագյուտ գրքերը: Ի՞նչ մնաց մութի մեջ. պարզվում էՙ շատ բան եւ դրանց վերծանումը որոշակիորեն կընդլայնի մեր մշակույթի իրական սահմանը, քանզի մեծերի սահմանն անսահմանությունն է: Ինչպե՛ս չասեմ, թե ինչպես էին շեքսպիրյան մեկնաբանները հիացմունքով խոսում ու գրում նրա մասին: Նրանց շշմեցրել էին ոչ միայն փափազյանական արարումների հզոր ուժն ու խորքը, այլեւ հուշագրությունը, որ երկու անգամ հրատարակված էր ռուսերեն: Նրանք մե՛զ էին կոչումՙ մեր արժեքների գնահատման: «Կարո՞ղ եք մատնացույց անել համաշխարհային բեմարվեստում մի արտիստի, որ ութ լեզու գիտենա եւ համարյա բոլոր լեզուներով խաղա իր նշանավոր դերերը: Չեք գտնի: Եթե ձեր հարեւաններն ունենային նման մեկինՙ վաղուց աշխարհի ականջը խլացրած կլինեին իրենց ազգային հանճարի տարփողումով»: Նույնիսկ նրանցից մեկըՙ Լենինգրադի շեքսպիրագետներից, Վալենտինա Կոմարովան, ով շեքսպիրյան փառատոնի գիտական լսումներում մեզ զարմացնում էր իր ռուսերեն եւ անգլերեն ելույթներով, այնքան հետեւողական եղավ, որ հատուկ նամակ ուղղեց մեր ԳԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանին եւ պարտադրելով խնդրեց մտածել Փափազյանով աշխարհին հաղորդվելու մասին: Սկզբի համար նա առաջարկեց Փափազյանիՙ իր խաղերին նվիրված ուսումնասիրությունները հրատարակել ռուսերեն եւ անգլերեն, նաեւ նյութերՙ Փափազյանի հազվագյուտ արխիվից: Եվ քանի որ ես սկսել էի նրա արխիվի ուսումնասիրությունը եւ արդեն մամուլում հրապարակումներ էի անում, Համբարձումյանի հանձնարարականից հետո Ռուբեն Զարյանը ե Լեւոն Հախվերդյանը ինձ հրավիրեցին արվեստի ինստիտուտ եւ մենք, Ռ. Զարյանի եւ Լ. Հախվերդյանի հետ մշակեցինք որոշակի պլան, ուր առաջին կետը հուշագրության թարգմանությունն ու հրատարակությունն էր ռուսերեն (միայն դա հասցրինք անել): Դա 1987 թ. էր, ծրագրված էր հաջորդ տարի պետականորեն նշել նաեւ Փափազյանի 100-ամյակը: Ավաղ, շուտով մենք մխրճվեցինք քաղաքական, կենսական այնպիսի բախտորոշ խնդիրների մեջ (Ղարաբաղյան հարց, անկախության գործընթաց, երկրաշարժ, մեծ տերության զրկանք ու այպանումներ), որ մոռացանք ամեն ինչ: Երբ հանդիպում էինքՙ Զարյանը ասում էրՙ երկու Լեւոններին (Հախվերդյան եւ Խալաթյան).
- Փափազյանը բախտ չունի. հոբելյանական զեկուցումս մնաց սեղանին... Իսկ Վարսիկն ինչպիսի՜ խանդավառությամբ մի ծաղկահյուս ելարան էր ստեղծել ու իջել նրա արխիվը... հիմա ինչքա՞ն պիտի սպասենք:
Չսպասեցին. հերթով հեռացան Փափազյանի դուստրըՙ Մարիան (որ ջրից հանված ձկան պես շարունակ զանգահարում էր Լենինգրադից, որպեսզի գա հոր հոբելյանին ու ես չգիտեիՙ ի՞նչ պատասխանել) եւ Ռ. Զարյանն ու Լեւոնները... Մեր գրչի ու բեմի մարդկանցից քանի՜-քանիսն այն ծանր տարիներին մեկնեցին այնտեղ, «ուրկից ոչ մի ուղեւոր չի վերադառնում...»: Ընդսմին այն ծանրՙ մթի ու ցրտի, հանիրավի այպանումների տարիներին ես շարունակում էի ամեն օր արխիվ մտնել եւ շնչել նրա օդը, քանզի Փափազյանն ինձ համար դարձել էր ոգեշնչում, կենարար ավիշ: Հընթացս ես պտրում էի «Մակբեթ»-ին առնչվող նյութ, որը մեզ անհայտ էր: Եվ պատկերացնո՞ւմ եք, ուրախությունս, երբ մի քիչ ստվար մեծադիր էջերի վրա գտա ձեւավորումն ու էսքիզներըՙ կարեւոր ծանուցումներով (նույնիսկ «դրսից» լսվող բվի կռնչողի ու անորոշ-ահալի ձայների նշումներով): Իհարկե դա սովորական չէր, քանզի Փափազյանն իր «Կլասիկայի թատրոնում» երկար տարիներ բեմադրել է նաեւ ուրիշ պիեսներ (Շեքսպիրից բացի, Մոլիեր, Շիլլեր, Ջիակոմետտի, Գե, Գոլդոնի), սակայն ոչ մեկը չի արժանացել նման առանձնակի ուշադրության: Գուցե նրանից, որ միապետի բռնատիրության եւ արյամբ գահի հասնելու թեման աշխարհում օր-ավուր շարունակում էր ավելի ահագնացո՞ղ դառնալ... Բայց դա ինձ համոզիչ թվալով, բնավ էլ սպառիչ չէր դառնում: Ես մի յուրօրինակ «մուրհակ» էի ստացել Փափազյանից եւ շարունակում էի պտրել եւ ահա թե ինչպես:
...1950-ականների սկզբից մեծ տերության առաջին մարդու ուղղորդումով սկսեցին քաղաքական լուրջ մեղադրանքներ հնչել մտավորականության եւ հատկապես թատերական քննադատների հասցեին: Մեկուսացվեցին երկրի բոլոր շեքսպիրագետները. ամենաերեւելիները, ազնիվները... Իսկ մեզանումՙ Հայկ Գյուլիքեւխյանը, Հրայր Մուրադյանը, Սարգիս Մելիքսեթյանը, Էդուարդ Թոփչյանը... Շատ էինք անհանգստանում Փափազյանի համար: Խրախուսելի չէին արտասահմանյան հեղինակները, նրանց գործերը, մինչեւ իսկ Շեքսպիրը: Անցյալն էլՙ միմիայն սովետական ժամանակակից... Տարիներ անց նրա արխիվում գտնելով ամբողջ երկրի կուսլիդերների շնորհակալական նամակներըՙ ուղղված երկրի առաջնորդինՙ Փափազյանի շրջագայությունների ու գեղարվեստական-լուսավորչական գործունեության վերաբերյալՙ հասկացա ամեն ինչ. «Ձայն բազմացն» իրենն արել էր, մանավանդ, որ Փափազյանի պես անհատականությանը, ում ռուս արվեստագետները «օազիս» էին կոչել եւ որը այն ծանր պատերազմական տարիներին հրաժարվեց թիկունք հեռանալու կառավարության առաջարկից եւ ընտանիքով մնաց պաշարված Լենինգրադումՙ իր օրինակով եւ արվեստով զորավիգ լինելու մարդկանց: Բացի այդ. նա տիրապետում էր բազմաթիվ լեզուների եւ հատուկ ինքնաթիռով Մոսկվա էր բերվումՙ աշխարհի ժողովուրդներին տարբեր լեզուներով կոչ անելու միավորվելՙ ֆաշիստական ժանտախտին դիմագրավելու համար...
Կորցրած կնոջը, վիրավոր, տառապած Փափազյանը պատերազմի ավարտից հետո անմիջապես եկավ Երեւանՙ իր լեզվով հայրենակիցներին հաղորդվելու համար: Ամենից տեւական 1951-ի ամառը եղավ: Սկսեց Օթելլոյով ու Համլետով, հունիսի 7-13-ը անընդմեջ յոթ օր խաղաց այնպիսի բարդ կերտվածք, որ Արբենինն էր: Գիշերվանից տոմսարկղի առջեւ հերթեր էին, իսկ մենք ամեն օր լցվում էինք թատրոն եւ հատակին նստած կամ պատերի տակ կագնած ըմբոշխնում էինք նրա պարգեւած հոգեզմայլ ժամերը... Հենց այդ ամսին էր, որ արվեստի մարդիկ ավարտեցին «քաղաքական անգրագիտության» վերացման հաշվարկով պարտադրված Մարքսիզմ-լենինիզմի երկամյա համալսարանը: Նորավարտ թատերագետս, որ հրաշալի գիտեր դիամատ-պատմատ, մեր դասախոսի խնդրանքով օգնում էի մի քանիսին: Սունդուկյանի թատրոնի դերասանուհի Ժենյա Մկրտչյանն ուղղակի ծարավի էր ուսման եւ ինձ համարյա չէր թողնում հանրակացարան վերադառնալ: Ապրում էի իր տանը եւ մանրակրկիտ պարապում: Գերազանցով ավարտելով համալսարանը, շատ էր ուզում ինձ հաճո մի բան անել: Իսկ ես, որ բաց չէի թողնում փափազյանական ոչ մի ներկայացում եւ արդեն մամուլից գրելու պատվեր ունեիՙ խնդրեցի Փափազյանին իր տուն հրավիրել: Փափազյանն այնքան հոգնած էր ու զբաղված, որ ոչ մի հրավեր չէր ընդունում: Միակ ազատ օրը հունիսի 14-ն էր. երեկոյան նրան պիտի տանեին Լենինականՙ այնտեղ խաղալու: Այնքան մեծ էր Արա Սարգսյանի հանդեպ նրա հարգանքը, որ համաձայնեց գալ, միայն խնդրել էր, որ քիչ մարդ լինի: Հրավիրված էին միայն Վ. Աճեմյանըՙ կնոջՙ Արուսի, Ռ. Զարյանըՙ տիկին Նելիի հետ, թատրոնից էլՙ Ժենյայի մտերիմըՙ Վարյա Մելքումյանը: Ժամը 2-ին եկավ ՆԱ. ճեփ-ճերմակ ամառային թեթեւ կոստյումով, մտերմաբար համբուրվեց բոլորի հետ, տանտիրոջ քանդակներն էր դիտում: Ինձ ներկացրինՙ իբրեւ նորավարտ թատերագետի, ով արդեն պատվեր ուներ Արբենինի մասին գրելու: Չեմ ուզում մանրամասնել. այլ առիթներով այդ օրվա մասին խոսել ու գրել եմ, ասեմ միայն, որ երբ բոլորս հիացմունքով նրա Արբենինի մասին էինք խոսում, հանկարծ նկատելիորեն խստացած հայացքով ընդգրկեց բոլորիս եւ ասաց.
- Իսկ եթե իմ Մա՞կբեթը տեսնեիքՙ ինչ կասեիք...
Մենք, ասես սառը ցնցուղ ստացած, շվարած իրար նայեցինք: Զգաց եւ իրեն հատուկ թեթեւությամբ հարցրեց.
- Մեղքը ձերը չէ՜, որ Մակբեթը միայն մեկ կողմից գիտեք. գահին ձգտող մարդասպանի: Նա նաեւ հրաշալի տղա է, եւ Շեքսպիրի այդ գործը ամենից համահունչն է մեր ազգային խնդիրներին:
Մենք կատարելապես զինաթափված էինք: Զգալով լուրջ զրույցի անպատեհությունը, նա դարձյալ իրեն հատուկ թեթեւությամբ հարթեց ու նշեց-գովաբանեց պատկառելի տանտիրոջ բուրող խորովածը եւ մեզ հրավիրեց ճաշակման... Բոլորը մոտեցան սեղանին, նստեցին, բայց ինչ-որ կաշկանդվածություն կար: Զնգացին դանակ-պատառաքաղները, իսկ ես քարացած-կարկամած եմ: Նրա աչքից ոչինչ չվրիպեց:
- Աշխարհե-աշխարհ անցա, բայց չտեսա, որ խորովածը դանակ-պատառաքաղով ուտեն,- ասաց ու վերցրեց մի կտոր, ձեռքով մաս-մաս արեց, փաթաթեց լավաշի մեջ, բայց պատառը դրեց ափսեի մեջ, վերցրեց մի կտոր եւս, դրեց իմ ափսեն եւ նոր միայն վերցրեց իր պատառը եւ սկսեց ճաշակել: Ես դարձյալ կաշկանդված-քարացած եմ... Իսկ ինքը կարծես մտադիր չէ ինձ հանգիստ թողնել.
- Ինչո՞ւ չեք ուտում. Արա Միհրանիչին վիրավորում եք: Տեսնում եմ, ներկաների մեջ ամենաերիտասարդը դուք եք: Իմացեք. արվեստը շատ բարդ բան է: Ստիպված կլինեք անհայտներ, ինչ-որ առեղծվածներ ինքներդ մեկնել, իսկ հիմա կերեք,- ասաց բազմակետ թողնելով...
Անցան շատ տարիներ: Նրա մահիցՙ 68-ից հետո սկսելով, ես քսան տարում հազիվ ավարտեցի արխիվի նյութերը թերթել, ընթացքում հրապարակումներ էի անում, բայց զգում էի, որ «կորիզին» չեմ հասնում: Դիտում էի դրսում եւ մեզ մոտ ժամանած «Մակբեթ»-ները, գտնում հետաքրքրական լուծումներ, բայց գլխավոր հերոսի մեկնաբանությունն ինձ չէր բավարարում. միակողմանի էր: Փնտրում էի իրՙ Փափազյանի մեկնաբանությունը, որ պիտի լիներ իր երեք դերերից (Օթելլո, Համլետ, Լիր) (ասում-խոսում էին), բայց չեղավ, չտեսանք: Չգրե՞ց: Ինչպե՞ս կարող էր իր մեջ պահել կամ չգրել: Գրե՜լ էր եւ կցելով իր թարգմանությանըՙ հանձնել էր շեքսպիրյան գրադարանին: Ես դա իմացա շատ ուշՙ 2003-ին, երբ իմացա, որ նախորդՙ 1984 թ. մեր վերջին շեքսպիրյան փառատոնի շարունակելու (20 տարի անց) պարտքը ստանձնել է Ռ. Զարյանի ընտանիքը եւ հրաշալի մտավորական-դիրիժոր Զավեն Վարդանյանը: 2004-ի փառատոնի առիթով բավականաչափ նյութ ամբարելովՙ սկսեցի գրել «Մակբեթ»-իՙ փափազյանական եռակողմ (բեմադրիչ-դերակատար, թարգմանիչ) աշխատանքի մասին: Չեմ ուզում շարադրել վերլուծական-քննական նյութը, ասեմ միայն, որ Փափազյանի մեկնաբանությունը հերքում է այդ կերպարը գերազանցապես արյունալի մարդասպան ներկայացնելու «հոռի սովորույթը», ինչպես նա է գրում: «Մակբեթը չար չէ («Մարտակոչ»- 1926)ՙ ինչպես Յագոն, Ռիչարդ 3-րդը, Էդմունդ Գլոստերը: Մինչեւ անգամ նա սկսում է դրական գործերով. պաշտպանում է իր երկիրը արտաքին թշնամուց: Եվ իր զինակից ընկերները գնահատում են նրա ծառայություններըՙ առանց նախանձի, իսկ արքա Դունկանը չգիտե ի՞նչ վարձատրությամբ պատվի նրա ծառայությունները: Եվ այդ քաջ զինվորն իր մեջ կրում է փառասիրության որդը»: Որքան էլ բծախնդիր լինենք, չենք կարող չընդունել, որ Փափազյանի բեմադրական լուռ, բեմական դադարի շրջանակում արված միջարկությունները ոչ միայն չեն մեղանչում հեղինակային հղացմանը, այլեւ որոշակիորեն լրացնում են (կրկնեմ. դրանք դերասանական կատարման զինանոցում են) կերպարի դրամատիկական կերտվածքի բաց տեղերը: Մի՞թե տեսանելի չէ, որ Շեքսպիրի Մակբեթը «չի հասցնում» ճանաչվել-սիրվել եւ արդեն գլորվում է արյունոտ մարդասպանի տիրույթը... Փափազյանի Մակբեթը նոր գույներ ուներՙ Բանքոյի հետ ունեցած շփումներում համեստ է. ուշադիր ու նվիրված մարտական ընկեր: Իսկ կնոջ հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ բանաստեղծական գույներ կան: Մարտից վերադառնալիս նա հեռվից կնոջը զմայլանքով դիտում, ապա մոտենում քնքշանքով գրկում է, բարձրացնում իր գլխից վեր, ապա համբուրելով զգուշությամբ իջեցնում էՙ ինչպես նորածնի: Սա շատ կարեւոր էՙ հենց Մակբեթի հոգում կատարվածը հասկանալու համար, երբ նա հետո ոչ միայն անտարբեր է դառնում, այլ ուղղակի կոպտում է կնոջը: Սա հենց այն զարգացումն է, առանց որի չի կարելի պատկերացնել դրամատիկական հերոսին: Բեմադրիչ-մեկնաբան Փափազյանը այստեղ «ճեղք» է թողում հետո կերպարն ավելի որոշակի իր «ելման կետին» տանելու. երբ նա ազնիվ, անշահախնդիր ռազմիկ էր... Ի տարբերություն շատ բեմադրիչների, որոնք կրճատում են վերջին ճակատամարտին պատրաստվելու հատվածըՙ Փափազյանը հանդարտ մշակում է, նույնիսկ ձգում: Նախ նա հրամայում է սպասյակինՙ Սեյտոնինՙ բերել իր զենքուզրահը, ապա կարոտով, թախիծով զննում է դրանք եւ նրա գեղեցիկ ու տրտում դեմքը դիտողին նետում է բոլորովին ուրիշ տիրույթ: Ընդամենը նա թույլ է տալիս իրեն հագցնել նախ պատմուճան-զրահը, ապա կապում բազպանները... իսկ թախծոտ-երազուն դեմքը ստեղծում է երբեմնի քաջարի ռազմիկիՙ ռազմի պատրաստվելու պատրանքը... ակամա նա հանդիսատեսի հոգուց թառանչ էր պոկում. «Ափսոս, ի՜նչ տղա էր»:
Դիպուկ են «Մակբեթ»-ին տրված բնութագրումները: Նախ նա գտնում է (նույնիսկ տողերի հաշվումներ է անում), որ, ի տարբերություն մյուս գործերի, Շեքսպիրն այն սեղմ է գրել. ավելորդ ոչ մի բան թույլ չի տվել, որը կրճատես եւ ոչինչ չտուժի: «Շեքսպիրը,- գրում է Փափազյանը,- նրա մեջ դրել է Էսքիլեսի հզոր շունչը. բնավորությունները կոպիտ են, սովորույթներըՙ բարբարոս, ոճը առնական եւ հարուստ բանաստեղծականությամբ: Երիտասարդ տարիների «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի ռիտորիկայից հետք չկա: «Մակբեթ»-ի մեջ բանաստեղծը հասել է արվեստի ամենաազնիվ եւ բարձր արտահայտությանը. բյուրեղացում» :
Ավելացնենք, որ Փափազյանը, պահպանելով Շեքսպիրի ոճաբանությունը, բանաստեղծական պատկերավորությունն ու ներքին երաժշտականությունը, ստեղծել է գրաբարյան խրթնաբանությունից զերծ մի լեզու, որը մասնագետները (նրանց թվում Հ. Սուրխաթյանը, Մակինցյանը) որակում ենՙ «նորովի, թարմաշունչ եւ ժամանակակից»: Ուրեմն կարող ենք ասել, որ մենք այսօր Մասեհյանի թարգմանության կողքին ունենք համեմատաբար ուշ շրջանի մի թարգմանություն: Չէ՞ որ լեզուն զգայուն եւ շարունակ զարգացման-նորացման մեջ գտնվող երեւույթ է, որի փոխակերպումն էլ օրինաչափ է: Այս ասելով մենք դույզն իսկ չենք մեղանչում կամ կասկածի տակ առնում մեր դասական թարգմանության եզակի այնպիսի հուշարձան, որ Մասեհյանինն է. ընդամենը ապագա բեմադրիչին այլընտրանքային հուշում ենք կատարում: Այդ առումով ավելորդ չենք համարում մի քանի երկխոսություն կողք-կողքի բերելՙ մեր միտքը հաստատելու նպատակով: Դժվար չէ նկատել, թե Փափազյանն ինչպես է ջանացել հարազատ մնալ եւ՛ շեքսպիրյան գեղագիտությանն ու հնչունական յուրահատկությանը, ե՛ւ իր համար շատ կարեւորՙ հանդիսատեսի ընկալունակությանը (լեզվի առումով): Չմոռանանք, Փափազյանի համար խոսքը հոգեվիճակ է ու գործողություն:
ՄԱՍԵՀՅԱՆ
Մակբեթ.- Երբեք այսպիսի լավ եւ վատ օր դեռ տեսած չկամ,
«Հանուն ճշմարտության, պատրա՞նք եք, թե այն իրոք, որ արտաքուստ երեւում եք:
Մակբեթը Վհուկներին.- Սպասեցեք դեռ, բարի գուշակներ, ինչո՞ւ եք այս խորշակահար ցախաստանի մեջ մարգարեական ձեր ողջույններով մեր ճանապարհը կտրում:
Լեդի.- Ոգիներ, դուք, որ մահադավ հոգիների սպասարկում եք, անսեռեցե՛ք ինձ, լցրեք ինձ գանկից գարշապար ամեավայրագ անողորմությամբ, թանձրացրեք արյունս, փակեցեք ամեն անցք ու մուտք դեպի գթություն:
Մակբեթ.- Գնանք, կին. խարդախ երեսը պետք է դիմակե՛ այն, որին խարդախ սիրտը գիտակ է:
- Դաշույն է առջեւս. կոթը դեպի ձեռքս: Եկ, թող բռնեմ քեզ: Դու ձեռք չես գալիս, բայց տեսնում եմ քեզ:
ՓԱՓԱԶՅԱՆ
- Գերագույն, քան այս եւ վատթար օր, քան այս, չեմ տեսնի երբեք:
- Հանուն ճշմարտության. տեսի՞լք եք թե ցնորք, թե՞ իսկապես երեւույթ:
- Կա՛նգ առեք, բարի գուշակներ: Ասացեք, ինչո՞ւ եք այս ամայի մացառուտում, ուր անհամբույր քամիներն են ոռնում, գուշակային ողջույնով կտրում եք մեր ճանապարհը:
- Եկեք, խորախորհուրդ հոգիներ, իսպառ փոխեցեք իմ սեռը. կրունկից մինչեւ գագաթ լցրեք ամենավայրագ անողորմությամբ, լերդացրե՛ք արյունս, խղճմտանքի առաջ ամեն մուտք ու ճանապարհ փակեցեք:
- Գնանք, կին. մեր հանդարտ արտաքինը թող փոշի փչի աշխարհի երեսին:
- Դաշո՛ւյն, դաշո՛ւյն, դաշո՛ւյն. դաշույն եմ տեսնումՙ երախակալը ինձ դարձած: Եկ, եկ բռնեմ քեզ ձեռքովս: Չկաս ձեռքումս, բայց աչքովս տեսնում եմ քեզ:
***
Իսկ հիմա այն մասին, որն առիթ դարձավ այս հրապարակման: Ե՞րբ Փափազյանը սեւեռվեց «Մակբեթ»-ին: Չմոռանանք, որ Ադամյանի արժանավոր հետնորդի կոչումով երիտասարդը ամենուր հաջողություններ էր արձանագրում իր ոչ միայն շեքսպիրյան Օթելլոն, Համլետը, Ռոմեոն, այլեւ Շիլլերի Կարլ Մոորը, Մոլիերի Դոն Ժուանը, Ջիակոմետտի Կորադոն խաղալով: «Մակբեթը» դեռեւս չէր գրավում: 1915 թ. աղետը բեկեց մեր ժողովրդի ճակատագիրը: Հեռվում ու Պոլսում ողջ մնացածների, իսկ հատկապես մտավորականության սրտից արյուն էր կաթում: Փափազյանը եւս չէր կարող խաղաղվել: Դես-դեն էր նետվում, մտածեց զենքի դիմել եւ նույնիսկ զինվորագրվեց մեծն Ադրանիկին ու Քեռուն... Մեծերը գիտեին իրենց օժտված զավակների արժեքը. պահպանեցին եւ նրան ուղղորդեցին իր իսկական կոչմանը: Կարդացած ու սուր մտքով երիտասարդը մտածեց ի՛ր ձեւով, ի՛ր միջոցներով բարձրացնել հարցը, ինչ-որ կերպ սպեղանի դնել իր ժողովրդի բաց վերքին: Ամայացել էին Պոլսո մշակութային օջախները, սակայն պարզվեց, որ մեր ժողովուրդը առանց ամեն ինչի կարող է դիմանալ, բայց առանց թատրոնիՙ երբեք: Երկու-երեք տարի հետո քաղաքում մնացած թատրոնի մարդիկՙ Արշակ Պենղլյանը եւ Ֆելեքյան քույրերը խմբվեցին եւ սկսեցին ներկայացումներ տալ: Պոլսո երբեմնի դրամատիկն էլ հարություն առավ Մ. Ջանանի ջանքերով: Հավաքվեցին բեմի նվիրյալները եւ շատ ցանկացան արյունակիցներին կենդանացնել, կյանքի սեր ներշնչել: Առիթը եկել է եւ տա՛նք այդ նվիրյալների անունները. Էդ. Չափրաստ, Նշ. Պեշիկթաշլյան, Մ. Մաքսուդյան, Գ. Կարվարենց, Դ. Պողոսյան: Կանայք չկային. Ջանանը թատրոն բերեց կնոջըՙ Ադրիկին եւ նրա քրոջըՙ Հրաչուհուն: Եվ առաջին անգամ բեմ հանեց բիլ աչքերով, վառվռուն Հրաչյա Ներսիսյանին: Սկսեցին հայտնի օտար եւ ազգային «անմեղ» պիեսներով. «Նամուս», «Հոգով աղքատներ», «Եվգինե», «Չար ոգի»... ապաՙ «Արցունքի հովիտ»...
1918-ին կարճ ժամանակով Փափազյանը վերադարձավ ծննդավայրը եւ զգաց, որ կյանքը հունի մեջ է մտնում: Հանդիպումներ ու պայմանավորվածություններ Ջանանի հետ: Ինչ-որ բան փոխվեց. դատապարտվեցին սպանդի հեղինակները. կարծես թե հուսալի օրերի խոստում կար... Փափազյանը փնտրում էր «Մակբեթը»: Մասեհյանինը տպագրված չկար, իսկ 1892 թ. «Բազմավէպ»-ի տարբերակը գրաբար էր (թարգմ. Ստ. Մալխասյանց): Դիմեց բնագրին: Մեծ տերությունների, իսկ հատկապես Անգլիայիՙ հայերիս հանդեպ մշտապես ունեցած դաժանությունը խոցել էր Փափազյանին: Զգուշությամբ պեղում էր պիեսը. որտե՞ղ կարելի էր ինչ-որ բան «կաթեցնել» գեթ իբրեւ սրտի մխիթարանք: Գտավ: Լավ գիտեր բրիտանական երեք տերությունների հակամարտությունները եւ չէր կարող «հալած յուղի տեղ» ընդունել պիեսում քանիցս հնչող «Բարեգութ Անգլիա» հորջորջումները: Կա մի տեսարան, ու Մակբեթը բժշկին ասում է.
- Գեթ ասա, բժիշկ, ինչպիսի՞ խոտ ու բալասան կարող է մեզ մաքրել անգլիացի շներից («շներից»ՙ թարգմանչի հավելումն է):
Մեկ այլ տեղ Մակբեթը զայրույթով նախատում է իր զինվորներին. «Գնացե՛ք ու ապավինեք «կնաբնույթ» անգլիացիներին» («կնաբնույթն» էլ Փափազյանի հավելումն է): Այնտեղ, ուր Մակբեթը հրահանգներ է տալիս իր դղյակըՙ Դուսինեյը ամրացնելու-պաշտպանելու վերաբերյալ.
- Որքան կուզենՙ թող անգլիացի ոհմակները պաշարեն դղյակսՙ մինչեւ սատկեն սովից ու ժանտախտից («ժանտախտն» էլ Փափազյանի հավելումն է):
Թարգմանիչը չէր մեղանչում իր պաշտած հեղինակի դեմ. արածը հիմնավորում էր. Շեքսպիրը արքունական թատրոնի հեղինակ ու դերասան էր եւ չէր կարող իր հակակրանքն արտահայտել, բայց երեւի շատ կուզենար... Նման մեծ մարդասերը չէ՜ր կարող խրախուսել իր տերության քաղաքագետների հակաժողովրդական վարքը. միեւնույն է, իր կենդանության օրերին կամ երբեւէ... Այս միտքը բավականին գրավիչ էր թվում հայորդուն, ինձ էլ: Սակայն հետզհետե թարգմանության մեջ հանդիպում եմ ուրիշ բառերի, որոնք բնավ էլ «անմեղ» չեն եւ նրանց «ծագումնաբանությունն» էլ բոլորովին ուրիշ ակունք ունի: Խոսքը «աքսոր, հայրենադարձություն, պանդուխտ» բառիմաստների մասին է: Զգում եմ, որ պետք է թարգմանությունը բաղդատել Մասեհյանի եւ ուրիշների հետ:
Սեղանին հայտնվում են ռուսերենիցՙ Ռադլովայի ու Պաստեռնակի տարբերակները, բայց հետո ճշմարիտը համարում եմ շեքսպիրյան տեքստը, ամբողջականը 1964 թ. լոնդոնյան հրատարակությունն է: Եվ քանի որ ժամանակին հեղինակի ձեռագրով էին պիեսները թատրոն մտնում, տարիներով օգտագործվում եւ նույնիսկ արտիստական նշանավոր անհատականությունները միջամտում էին հեղինակային տեքստին, Փափազյանն իրեն իրավունք է վերապահում ավելի ազատ վարվել: Ինձ համար առայժմ անգլիացիներին փակցված «բնութագրումները» ինչ-որ տեղ հասկանալի են, բայց որոշ բառիմաստները տարակույս են հարուցում եւ պարտադրում են չափի անսակարկ զգացում: Համեմատություններն իմ առջեւ մի ուրիշ հարթություն են բացում, որը, կարծես, այնքան էլ անմեղ չէ, սակայն հեղինակի գաղափարաբանական-բարոյական համակարգին հակադիր էլ չէ. ահա թե ինչ ասել է իսկական շեքսպիրյան մեկնաբան: Մասնավորեցնենք:
Ուզում եմ հասկանալ հանճարեղ հայորդուն, ով հավասարապես պաշտում է ե՛ւ Շեքսպիրին, ե՛ւ «իրեն ծնող ժողովրդին», ինչպես ինքն է սիրում ասել: Ուրեմն չէ՛ր կարող թույլ տալ բաներ, որոնք կարող էին մեղանչել, կամ ինչ-որ չափով ստվեր նետել կողմերից որեւէ մեկի վրա: Այստեղ ես դույզն իսկ կասկած չունեմ եւ պաշտպանում եմ այն միջարկությունները, որ թույլ է տվել Փափազյանը: Ահա դրանք:
Այնտեղ, ուր Մակդուֆի զինակիցները եւ, հատկապես Լենոքսը, խոսում են Մակբեթի տիրույթից փախած-հեռացածների մասինՙ օգտագործում են «աքսոր, պանդուխտ, գաղթ» բառերը եւ արծարծում մտքեր, որ մեր ապրածն ու զգացածն է.
- Տղամարդիկ լեռներն են բարձրացել, զինվել, կանայք էլ են հետեւել նրանց ու զինված լեռները գնացել: Յուրաքանչյուր օրը որբերի ու դժբախտացած կանանց ողբն ու աղաղակն է բերում:
Ինչպես գիտենք, պիեսն ավարտվում է Մակդուֆի հաղթանակով ու մաղթանքով (պատկերացրեք այդ դերում երիտասարդ Հրաչյա Ներսիսյանին), թարգմանական տեքստում ավելացրել է բարեմաղթություններ, որ հայ արքաներն ու զորավարներն էին անում: Շեքսպիրյան տարբերակում տեքստն ավարտվում է «Ո՛ղջ լեր, արքա Սկովթիո» բառերով Փափազյանի տարբերակում այլ է (պիեսի վերջին պարբերությունից առաջ):
- Թագը, որ ձեզանից ստացաՙ վահան կլինի մեր գլխին, եւ արքայական ծիրանին, ավելի շուտՙ պահապան, քան արքայական զարդ իմ ուսերին: Բռնակալի ճիրաններից ազատում փնտրող եւ իրենց ծծնդավայրից գաղթած հայրենակիցներին հրավիրում ենքՙ որպես նախաքայլ մեր իշխանության, հայրենադարձ լինել դեպի իրենց տները: Գյուղացիներըՙ իրենց արորին, բանվորներըՙ իրենց մուրճումանգաղին:
Եվ այս ամենը վերստին ամփոփվում է շեքսպիրյան տողերով:
- Այս եւ հետագա բոլոր կարգադրությունները մենք ի կատար կածենք Աստծո օգնությամբ եւ այս պահից իսկ, առանց ռազմի փոշին ու արյան հետքը մեր վրայից մաքրելու, կուղեւորվենք մեր մայրաքաղաքըՙ սկովթիական արքաների ժառանգական թագը կապելու: Ո՛ղջ լեր, հավիտյան, ազատագրվա՛ծ ժողովուրդ, ազատ Սկովթիայի:
Թվում էՙ ամենաբծախնդիր կենսագիրն իսկ կդժվարանա հակասություն գտնել այստեղ: Տառակեր չլինենք եւ գլխավոր չափորոշիչը դարձնենք արդիականությունը, գաղափարական բովանդակությունը: Գուցե «գյուղացիներըՙ իրենց արորին, բանվորներըՙ իրենց մուրճումանգաղին» արտահայտությունը մեզ տանում է 30-կանների «ուռա-հեղափոխական» տարիները, բայց ուրիշ ի՞նչ հնարամտություն պիտի հանճարեր արվեստագետըՙ որ 1926-27-ինՙ համատարած հեղափոխական լոզունգների տիրույթումՙ դասականը եւ արտասահմանյանը թույլատրելի դառնար... Չէ՞ որ Փափազյանի «Մակբեթը» արտասովոր ընդունելություն էր գտել ե՛ւ 1920-22 թվականներին Պոլսում, ե՛ւ 1926-27 թվականներին Թիֆլիսում, եւս երկու տասնամյակ նախկին սովետների երկրում... ՍՍՀՄ քարտեզին եղած բոլոր մեծ ու փոքր քաղաքներում... Տրուբադուրի պես նա իր թատրոնի ձեւավորումն ու աքսեսուարը հսկա արկղերով տանում էր ամենուր, անհանգիստ ու շրջիկ կյանք վարում, տառապում էր անքնությամբ ու իր բեմական հագուկապի հետ տանում էր տարբեր լեզուներով փիլիսոփայական գրքեր եւ կարդում, գիշերները կարդում էր եւ ոչ մի կերպ չէր կարողանում գտնել պատասխանը հարցի, թե ինչպե՞ս եղավ, որ «բերանն արնոտ մարդակերը գրավեց ու տիրեց աշխարհի հնագույն քաղաքակիրթ ժողովուրդներին, որոնց ոտքի պճեղն իսկ չարժեր: Եվ ամենազարմանալին այն է, որ աշխարհի զարգացած, քաղաքակիրթ տերությունները կարծես արտառոց ոչինչ չտեսան, իսկ ոմանքՙ ինչպես Շեքսպիրի հետնորդները, կանգնեցին բարբարոսի կողքին... Նրան ծվատող «ինչուներն» անպատասխան էին մնում... Միակ անխոտորելի, անդավաճանը մարդու համար նրան «ծնող ժողովուրդն» է: Իր անդաստական կյանքի անքուն գիշերներին, երբ նրան սեփական լեզվով խաղալու տենչն ու հարազատ միջավայրի կարոտը կիզում էին, իբրեւ հոգու աղաղակ նա գրում էր. «Աշխարհի որ անկյունում էլ լինեսՙ մի մոռանա հայրենի տունդ: Թող շնորհներդ, որոնցով միշտ էլ հարուստ է եղել հայ անհատը, չլինեն քո սեփական բարօրության կամ անձնապաստան գոռոզության միջոց: Փառքդ տարածիր քո ցեղի վրա եւ կյանքը ինչպիսի փառապսակ էլ դնի հպարտ ճակատիդՙ ընդունիր այնՙ որպես ավանդ քո ժողովրդից եւ բազմապատկելով վերադարձրու նրան...» : Նա ինքն այդպես էր վարվում, մի՞թե ազգի անարդար հարվածներից սպեղանի փնտրող եւ կյանքն անմնացորդ բոլորին շեքսպիրյան լույսով ու բարությամբ հարստացնելու նպատակին որդեգրված արվեստագետի համար կարելի է մեղանչում համարել բերված միջարկությունները: Լիահույս ենք, որ ոչ: Չէ՞ որ արվեստագետին վերապահվում է մի ազատություն, որ նրան շնորհում է նորին մեծություն ժամանակըՙ իր բոլոր գեղարվեստական-արդիական եւ մարդկային չափումներում:
Հ.Գ.- Այս ամենի կողքին եւ զատ, ինձ զբաղեցնում է պոլսահայ երեք արվեստակիցների ընդհանուր գաղտնիքը, որ նրանք երբեք եւ ոչ մի առիթով չսպրդեցրին...