Ռուս բռնադատված բանաստեղծի ծննդյան 110-ամյակի առթիվ
ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Բանասիրության դոկտոր
Հայաստանը իր հարուստ պատմությամբ, հոգեւոր արժեքներով եւ վառ բնությամբ գերել է 19-20-րդ դարերի ականավոր ռուս գրողների մի քանի սերունդ: Դրանց թվում են մեծ անուններ` Գրիբոյեդով, Պուշկին, Լեւ Տոլստոյ, Չեխով, Գորկի, Բրյուսով... Սակայն կան շատ ավելի համեստ անուններ, որոնց մասին քիչ է հայտնի հայ լայն հանրությանը, որոնք նույնպես հմայվել են մեր երկրով, անկեղծորեն սիրել հայ ժողովրդին, արտացոլել դա իր ստեղծագործություններում: Դրանց թվում է 20-րդ դարի բռնադատված ռուս բանաստեղծ եւ գրող Վոլֆ Էռլիխը (1902-1937 թթ.):
Վոլֆ Էռլիխը ծնվել է Վոլգայի ափին, Սիմբիրսկ (այժմ Ուլյանովսկ) քաղաքում: Հայրն ուզում էր, որ որդին գնա իր հետքերով եւ բժիշկ դառնա, եւ Վոլֆը, սկզբում ընդունվել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, բայց հետո գրականության հակումը գերակշռել է. նա կարճ ժամանակ անց փոխադրվել է պատմա-բանասիրական ֆակուլտետ եւ 1921 թվականին տեղափոխվել Պետրոգրադի համալսարան: Այնտեղ պատանին ուսումնասիրում է ազգագրություն եւ լեզվաբանություն, մտնում երիտասարդ բանաստեղծների շրջանը, ներգրավվում բուռն, անվերջ բանավեճերի մեջ, որոնցով շատ հարուստ էին հեռավոր այն ժամանակները:
Եվրոպայում եւ Ռուսաստանում այդ տարիներին չափից ավելի բազմազան էին այն դպրոցները, որոնք իրականությունը արտացոլելու եւ նրանից փախչելուՙ իրենց օրենքներն ու մեթոդներն էին առաջարկում: Որոշ բանաստեղծներ չափազանց հաճախ էին անցնում պոետական մի «ցեղից» մյուսին, փոխելով իրենց ճաշակն ու նախասիրությունները եւ գրական առաջնորդներին: Հասարակական դիսպուտները միայն կրքեր էին բորբոքում եւ հաճախ էին վերածվում աղմկալից գզվռտոցների, որոնց մասին գրում էին թերթերն ու հանդեսները:
Բանաստեղծական այս աղմուկ-աղաղակի մեջ Մոսկվայում ու Լենինգրադում հանկարծ լույս աշխարհ եկան իմաժինիստները: Սերգեյ Եսենինը այդ խմբում իշխանությունը կիսում էր Շերշենեւիչի հետ, որը փորձում էր Եսենինին ամբողջովին դարձնել իր գաղափարներին, որի նպատակն էրՙ ծառայել անհնարին, անպատկերացնելի կերպարին եւ գրեթե անմիտ բառակապակցություններին: Այս մասին Եսենինը ավելի ուշ գրել է. «...1919 թվին ես մի շարք ընկերների հետ հրապարակեցի իմաժինիզմի մանիֆեստը: Իմաժինիզմը ձեւապաշտական դպրոց էր, եւ մենք ցանկանում էինք հիմնադրել: Բայց այդ դպրոցը իր ոտքերի տակ հող չուներ եւ մեռավ ինքնստինքյանՙ ճշմարտությունը թողնելով օրգանական կերպարին» :
Այս գրական միջավայրում է հանդիպում Էռլիխը հանճարեղ ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինինՙ դառնալով նրա մտերիմ ընկերներից մեկը, նրա անմիջական շրջապատի մարդ: Եսենինի մասին ավելի ուշ գրած իրՙ «Երգի իրավունք» գրքում Էռլիխը բերում է Եսենինի խոսքը, որ մի անգամ նա ասել է հեղինակին. «Ուզում ես բարի խորհուրդ ստանալ: Որոնիր հայրենիքդ: Գտարՙ լավ: Չգտարՙ ամեն ինչ զուր կանցնի: Չկա բանաստեղծ առանց հայրենիքի» :
...Էռլիխը 20-30-ականներին լենինգրադյան առաջատար բանաստեղծներից մեկն էր. նրա ստեղծագործական ներկապնակը կլանել է քնարական, երգիծական եւ փիլիսոփայական բանաստեղծություններ:
Ամենասրտառուչ եւ ջերմ հիշողությունները Վոլֆ Էռլիխի մասին թողել է նրա հավատարիմ ընկերը` անվանի ռուս գրող եւ բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը, որը իր հերթին հայ-ռուսական գրական-հասարակական ու մշակութային կապերի վառ ջատագովներից է, ստեղծել է մի շարք փայլուն բանաստեղծություններ եւ պատմվածքներ Հայաստանի մասին, բազմիցս եղել է մեր երկրում խորհրդային տարիներին: Նրա հուշերը, դիտարկումները եւ գնահատականները օգնում են պատկերացնել Էռլիխ- բանաստեղծի եւ մարդու պայծառ դիմանկարը:
Հենց Տիխոնովը բերեց լենինգրադցի բանաստեղծ Էռլիխին 1929-ին Հայաստան, ուր ինքը եղել էր առաջին անգամ 1924 թվականին:
Տիխոնովը մեր երկրի մասին իր «Հայտնության օրեր» հանրահայտ պատմվածքում նկարագրում է հայաստանյան ճանապարհորդությունը Էռլիխի հետ: Տիխոնովը գրում է, որ իր «հստակ եւ ճշգրիտ» խոսքով Էռլիխը խորհրդային պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, «հիանալի գրող», «ազնիվ, համարձակ եւ բաց մարդ, որի հետ հնարավոր է անցնել ծանր ճանապարհը, կիսել վերջին կտոր հացը եւ անսպասելի վտանգը», որը գիտեր իսկական սիրո եւ բարեկամության արժեքը: «Մի խոսքով, նա լավ ընկեր էր,- նկատում է Տիխոնովը:- Նրա հետ կարելի էր հաղթահարել լեռնային ճանապարհորդության դժվարությունները... Մենք անցնում էինք մի պարզ ժողովրդի միջով եւ ապրում պարզ կյանքով...»:
Այդ ճանապարհորդությունը մեծ դեր խաղաց երիտասարդ Էռլիխի կյանքում եւ ծնեց բանաստեղծությունների ու արձակի «հայկական շարք»... Կիսվելով Տիխոնովի հետ իր տպավորությունները, Էռլիխը ասել է. «Ինչ արտասովոր, խորհրդավոր հող է... Այն ստեղծված է աշխատանքի եւ մտորումների համար...» :
Տիխոնովի հետ միասին Էռլիխը բարձրացել է Գեղամա լեռների հրաբխային բարձունքները, գերվել Սեւանով, Գառնիով ու Գեղարդով, շենացող Երեւանով, ապա գրել եւ ռուսական գրական մամուլում հրատարակել է ուշագրավ բանաստեղծություններ, պատմվածքներ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին («Հայաստան», «Ալագյազի պատմվածքներ» եւ այլն):
Ռուս երիտասարդ պոետներին Հայաստանի հրաշալի ու գեզատեսիլ լեռնային բնապատկերները անվերջ զարմացնում եւ գերում են: «Հայտնության օրեր»-ում Տիխոնովը գրում է, որ այդ պահերից մեկին Վոլֆը անսպասելի հարցնում է նրան, թե ամսի քանիսն է: Տիխոնովը պատասխանում է. «1929 թվականի օգոստոսի 22-ը»: «Ես կհիշեմ այս օրը, - ասում է Վոլֆը.- Մեր թափառումների օրերը բազմաթիվ հայտնագործությունների օրեր են եղել ինձ համար, բայց այսօր ես կարող եմ լիակատար վստահությամբ ասելՙ այս երկիրը իմ սրտովն է: Չգիտեմ, ինչն է նրա թովչանքը, բայց զգում եմՙ նա մտնում է իմ մեջ եւ տիրապետում ինձ...»:
Հայաստանյան կախարդիչ լեռներում Տիխոնովը եւ Էռլիխը նորից ակամա հիշում են Եսենինին, ափսոսանք հայտնելով, որ Սերգեյը իրենց հետ չէ ու չի տեսնում այս ամեն վեհությունը: Տիխոնովը հիշում է իր վերջին հանդիպումներից մեկը Եսենինի հետ 20-ականներինՙ Թիֆլիսում, իրենց մտերմիկ զրույցը հին քաղաքի դուքաններից մեկում եւ Եսենինի բացականչությունը, երբ իմանում է, որ Տիխոնովը Հայաստան է մեկնում. «Հիանալի երկիր է Հայաստանը, այնտեղ շատ բանաստեղծներ կան: Ես էլ մի օր պիտի գնամ այն կողմերը: Երբ վերադառնաս Երեւանից, կպատմեսՙ ինչպես էր» : (Ցավոք սրտի, ռուս հանճարին չհաջողվեց լինել մեր երկրում. ով գիտե, ինչ գոհարներ կծնվեին նրա գրչի տակ Հայաստանի մասին...)
Էռլիխը հետագայում հաճախ լինում է Հայաստանում նաեւ առանց Տիխոնովի, սակայն վառ մնում է իր ավագ ընկերոջ հուշերըՙ նորից «Հայտնության օրերի» էջերին. «Նա Հայաստանի մասին գրեց բանաստեղծություններ ու պատմվածքներ, սիրեց այդ երկիրը, բարձրացավ Արագածի գագաթը: Նա ճանաչում էր Արարատյան դաշտավայրի խաղողագործներին, գյուղացիներին ու բանվորներին, Արաքսի ափի սահմանապահներին, գրողներին ու գիտնականներին... Ես նրան հիշում եմ ...զվարթ, վտիտ, արեւախանձ... ծիծաղը շուրթերին, հիացական դեմքով շրջապատի գեղեցկությունները դիտելիս, օդը, լաջվարդ երկինքը, անծայր հեռաստանը, բարձունքները անհագորեն վայելելիս... Նա կանգնած էր որպես փոքրիկ երկաթե զինվոր, պատրաստՙ նոր դժվար անցումների, նոր մարտերի, նոր հայտնագործությունների: Նրա աչքերից լույս էր կաթում: Նա ափեափ լցված էր անկրկնելի բերկրանքի անլուր հիացքով: Այդպիսին էլ նա իր բանաստեղծություններով ընդմիշտ մնաց իմ հիշողության մեջ եւ իմ սրտում» :
Տիխոնովը հատուկ առանձնացնում է, որ ուր էլ գնարՙ սովետական երկրի հեռավոր արեւելք կամ հյուսիս, Էռլիխը միշտ վերադառնում էր Հայաստան, որին «սիրահարված էր ջերմորեն»: «Առանց Հայաստանի նա կյանք չուներ»,- ընդգծում է Տիխոնովը իր հուշերում:
...Վոլֆ Էռլիխը զբաղվել է նաեւ հայ պոեզիայի թարգմանություններով, տվել մի քանի հաջողված նմուշներ Մկրտիչ Նաղաշի, Հակոբ Հակոբյանի եւ այլոց ստեղծագործությունից, որոնք տեղ են գտել հայ պոեզիայի ռուսերեն անթոլոգիաներում ու ժողովածուներում:
Էռլիխը մի քանի հայտնի եւ ընթերցողի կողմից սիրված պոետիկական եւ արձակ գրքերի ու ժողովածուների, հրապարակախոսական բազմաթիվ փայլուն հոդվածների, ինչպես նաեւ կինոսցենարների հեղինակ էր, նրան գնահատում էին գրական շրջանակներում` ինչպես Մոսկվայում ու Լենինգրադում, այնպես էլ երկրի տարբեր անկյուններում, ուր նա մեկնում էր ստեղծագործական գործուղումներ, շփվում հասարակ ժողովրդի եւ տեղի մտավորականության հետ: Հաջողությունը կարծես անվերջ ուղեկցում է նրան, սակայն երիտասարդ տաղանդավոր գրողի ճակատագիրը անսպասելիորեն դրամատիկ, եթե չասենք ողբերգական, ընթացք է ստանում...
1937 թ. Էռլիխը ժամանում է Հայաստան` հայրենադարձների մասին նյութեր հավաքելու մտադրությամբ (պատրաստվում էր նոր ֆիլմ, իր սցենարով): Գալիս է Երեւան ու... անհայտանում... Գոյություն ունեցող վարկածով, ռուս գրողը իբր հյուրընկալվել էր մի հայ ընտանիքում, իսկ գիշերը այդ ամբողջ ընտանիքը ձերբակալվել է «ներքին օրգանների» (ՆԿՎԴ) կողմից, եւ նրանց հետ միասին` Էռլիխը: Գրողի հարազատները Ռուսաստանում չգիտեն, թե ինչ մտածեն: Որոնումներով զբաղվում են հայ եւ ռուս մտավորականները, մասնավորապես Տիխոնովըՙ Ռուսաստանում, Մարիետա Շահինյանըՙ Հայաստանում, սակայն իշխանությունները նրանց «խորհուրդ են տալիս» այլեւս չհետաքրքրվել այդ հարցով... Ձերբակալվելով երեւանյան «համապատասխան օրգանների» կողմիցՙ Էռլիխը տեղափոխվում է Լենինգրադ, դատապարտվում «հակասովետական-նացիոնալիստական» գործունեության հոդվածով` որպես «ժողովրդի թշնամի»:
Կարելի է ենթադրել, որ իր դերն են խաղացել նրա սերտ շփումները, զրույցները հայրենադարձ հայերի հետ, որոնց մի մասի «բուրժուական- դաշնակցական» ազատ հայացքները, թշնամական վերաբերմունքը «սովետական բարքերի» ու իշխանությունների նկատմամբ ակնհայտ էին... Իսկ այն ժամանակ ամեն մի «ավելորդ խոսք» կամ «սխալ կարծիք» պետության կամ պետական անձի հասցեին կարող էր ճակատագրական լինել յուրաքանչյուրի համար...
...Հիսունականներին, Ստալինի մահվանից հետո, Էռլիխը, ինչպես երկրի շատ անարդարացիորեն բռնադատված հասարակական ու գրական-մշակութային գործիչներ, հետմահու ռեաբիլիտացվեց: Սակայն փաստ է, որ եւս մի ստեղծագործող անձնավորություն, տաղանդավոր բանաստեղծ գնաց-կորավ, չտվեց այն, ինչ կարող էր տալ 20-րդ դարի ռուս նոր գրականությանը, անավարտ մնաց ստեղծագործական խոսքը, իսկ Հայաստանը կորցրեց իր լավ բարեկամին...
1960 թվականին, «խրուշչեւան ձնհալի» ժամանակ, ռուս բանաստեղծի ընկերները, ի հիշատակ նահատակ բանաստեղծի, տպագրեցին Վոլֆ Էռլիխի ստեղծագործությունների ժողովածուն` Ն.Տիխոնովի «Վոլֆ Էռլիխը եւ նրա պոեզիան», եղբայրական ջերմությամբ լի ներածական հոդվածով: Գրողի մասին Ռուսաստանում հիշեցին նաեւ այսպես կոչված «պերեստրոյկայի» տարիներին, ապա նույնիսկ անցյալ դարի «դաժան իննսունականներին»...
Հայաստանում, որի հանդեպ Էռլիխը այնքան սեր ուներ եւ հարազատություն էր զգում, երկար տարիներ նա, ցավոք սրտի, չի հիշատակվել նույնիսկ գրական մամուլում... Մի մարդ, որն այնքան ոգեւորված էր մեր երկրով, գովերգում էր մեր հայրենիքն իր ստեղծագործություններում եւ հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր...