ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2012-05-12 | #10, 2012-05-26 | #11, 2012-06-09


ԵՐԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ...

Մեր օրերում ամեն ոք կարծում է, թե կարող է ինքնուրույն կազմակերպել միջոցառումներ եւ թվում է, թե ոչ մի դժվար բան չկա դրանում, պարզապես պետք է որքան հնարավոր է շատ գումար եւ ուշադրություն, որ այն լինի գրավիչ ու ազդեցիկ, մեծ արձագանք ունենա, որպեսզի երկար խոսեն եւ քննարկեն, եւ անհրաժեշտ հաջողությունն ապահովված է: Թերեւս, դա ժամանակի ձեւավորած արժեքների եւ պահանջարկի թելադրանքն է, սակայն այդ միջոցառումների անցկացման նպատակն ու մակարդակը շատ վիճելի են, իսկ իրական ազդեցությունները, որ հաճախ կարող են հոգեբանական եւ անսպասելի լինել, մտածելու տեղիք են տալիս... Միջոցառումների կազմակերպումը առանձին ու լուրջ մասնագիտություն է, որը պահանջում է հատուկ մոտեցում, նրբանկատություն եւ հետեւողականություն, իսկ որքանո՞վ է այդ դաշտը զարգացած մեզանում, ովքե՞ր են նրա ներկայացուցիչները եւ ի՞նչ հնարավորություններ կան այն անձանց համար, ովքեր փորձում են լուրջ քայլեր կատարել այս ասպարեզում:

Մեզ համար հետաքրքրական էր ծանոթանալ (կարծում ենք, հետաքրքրական կլինի նաեւ ընթերցողներին) հասարակական կազմակերպությանը, որը զբաղվում է միջոցառումների պրոֆեսիոնալ կազմակերպչական գործունեությամբ եւ որ հատկապես կարեւոր է, անդրադառնում է հայկական մշակութային բարձրակարգ երեւույթներին, օջախներին ու անհատներին: «Հայկական իվենթ ասոցիացիա» (Armenian Event Asociation). այսպես է կոչվում կազմակերպությունը, որի հիմնադիրներն են Նորայր Մովսիսյանը (28 տարեկան, բժիշկ եւ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ) եւ Լուսինե Ղազարյանը (24 տարեկան, դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի շրջանավարտ): Երիտասարդներ, ովքեր համատեղելով իրենց փորձը, նպատակներն ու ջանքերը, լուրջ հայտ են ներկայացնում` նպաստել հայկական մշակութային կյանքի բարեփոխմանը: Ի՞նչ են հասցրել անել նրանք, որքանո՞վ է հաջողվում իրականացնել իրենց ծրագրերը եւ ի՞նչ հեռանկարներ ունի դաշտն այսօր, մեր երկրում. այս հարցերի շուրջ զրուցեցինք նրանց հետ:


- Ինչպե՞ս ստեղծվեց ասոցիացիան եւ ի՞նչը առիթ դարձավ:

- Հիմնադրության պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել, մինչեւ կազմակերպության պաշտոնապես գրանցվելը` 2011թ-ի նոյեմբերին: Աշխատում էինք միջոցառումների կազմակերպման ոլորտում` ոչ միայն կազմակերպելով, այլեւ ուսումնասիրելով առանձնահատկությունները, բացթողումներն ու խնդիրները, անպայման` նաեւ միջազգային փորձը: Ի վերջո, այս մտահոգությունները, խնդիրները, ծրագրերն աճեցին եւ հասունացավ գաղափարը` ստեղծելու ասոցիացիա, որի նպատակն է իր շուրջը համախմբել բոլոր այն անձանց, ովքեր զբաղվում են միջոցառումների կազմակերպումով եւ նաեւ նրանց, ովքեր ուզում են զբաղվել եւ այն ձեւավորել որպես առանձին ոլորտ, որպեսզի դրանով զբաղվեն մասնագետներ, զարգանան ուղղություններ, որպեսզի հենց մշակույթի բոլոր ճյուղերում արվեստագետները, ստեղծագործողները կարողանան զբաղվել իրենց գործով. սա է մեր առաքելությունը:

- Ի՞նչ նախագծեր եք իրականացրել:

- Մի շարք մշակութային եւ գործնական նախագծերից հատկապես կնշեմ «Մենորա» մշակութային կենտրոնի հետ «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» նախագիծը, որի շրջանակներում լույս ընծայվեց կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների դաշնամուրային ստեղծագործությունների ձեռնարկը եւ անվճար բաժանվեց Հայաստանի բոլոր երաժշտական ուսումնական հաստատություններին: Եղան համերգ-շնորհանդեսներ, Երեւանից հետո` նաեւ Թբիլիսիիում: Նախագիծը շարունակական է. նույն ձեւաչափով կլինեն հանդիպումներ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, նրանց երաժշտական բուհերի հետ համատեղ, արդեն ունենք հրավերներ:

Եվս մի շարունակական նախագիծ` «Միջոցառումների կազմակերպումը որպես առանձին ոլորտ», որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կան: Սկիզբը եղավ 2011թ-ի դեկտեմբերին, արդեն իսկ կլոր սեղաններ ենք կազմակերպել, քննարկելով ոլորտի խնդիրները, մշակվում է առաջարկների փաթեթ` նաեւ պետությանը ներկայացնելու համար: Մայիսին նախատեսվում է մեծ նախագիծ, որը կանդրադառնա հայ ավագ սերնդի կոմպոզիտորների արվեստին, ոչ սովորական համերգի տեսքով, համեմված արվեստի այլ տեսակներով, ինչն ավելի ազդեցիկ ու հետաքրքրական կդառնա եւ շարունակություն կունենա արտերկրում:

- Համագործակցում եք նաեւ արտասահմանի՞ հետ:

- Անպայման, նախ, հենց մեր ոլորտում, համագործակցում ենք Ռուսաստանի Միջոցառումների կազմակերպիչների ազգային ասոցիացիայի հետ, ունենք համատեղ ծրագրեր: Այն մեծ հեղինակություն ունի երկրում, նրանք են կազմակերպում պետական ամենամեծ միջոցառումները, ունեն մասնագիտական դպրոց եւ Մոսկվայի Տնտեսագիտական համալսարանում բացում են միջոցառումների կազմակերպիչների` իվենթ մենեջմենթի բաժին: Մեզ տրամադրել են ուսումնական նյութեր, հոգում են մեր պրոֆեսիոնալիզմը, որպեսզի մենք էլ կարողանանք ներդնել Հայաստանում, մեծ է նրանց օգնությունը մեր դպրոցի ստեղծման գործում: Իհարկե, նրանց տրամադրած նյութերը կօգտագործվեն մեր երկրի, ազգային առանձնահատկությանն ու խնդիրներին համապատասխան: Համագործակցում ենք նաեւ Ուկրաինայի նույն ասոցիացիայի հետ: Այս ամենը բերում է ոլորտի զարգացմանը, իսկ կանգ առնել չի կարելի, հակառակ դեպքում վտանգ կա` կորցնելու ե՛ւ մշակույթը կրողներին ե՛ւ նրանց աջակիցներին: Երաժիշտը, որը չգիտի ինչպես ներկայացնել իր երաժշտությունը կամ չունի ներկայացնելու ասպարեզ, կամ հեռանում է հայրենիքից, կամ զբաղվում այլ աշխատանքով: Երբ չի լինում անդրադարձ տվյալ գործչին, նա մոռացվում է, եւ դա զարմանալի չէ. ինքներս մեզ կարող ենք մոռանալ, եթե շեղվենք մեր ընտրած ճանապարհից:

- Ի՞նչ նմանատիպ երիտասարդական մշակութային կազմակերպությունների եք ծանոթ եւ համագործակցու՞մ եք նրանց հետ:

- Ուրախությամբ կարող ենք նշել, որ մշակույթ կրող երիտասարդները վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են: Դա շատ ոգեւորիչ է եւ խոստումնալի մեր ազգի, պետության համար: Կան մի շարք մշակութային միավորումներ, որոնք նախաձեռնում են, ստեղծում սեփական նախագծեր, օգնում մեկը մյուսին եւ ձեւավորում այդ դաշտը: Եվ այդ դեպքում համագործակցությունն անժխտելի է, որովհետեւ եթե ստեղծագործողները, արվեստագետները հավաքվել են եւ փորձում են տարածել իրենց արվեստը, բնականաբար, նրանց կողքին պետք է լինեն մարդիկ, ովքեր կօգնեն կամ կուղղորդեն այդ գործընթացի ժամանակ: Իսկ համագործակցություն պաշտոնապես արդեն ունենք: Արվեստի բնագավառում համագործակցությունը դեռեւս երաժիշտների հետ է: Վերջերս մենք ծանոթացանք մի հրաշալի կազմակերպության` Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հետ, որը շատ մեծ աշխատանք է կատարում (մեծագույն եռանդով եւ նվիրվածությամբ պրոպագանդում է հայկական ժամանակակից ակադեմիական երաժշտությունը հանրապետության մայրաքաղաքում եւ շրջաններում, հնարավորության դեպքում` նաեւ արտերկրում): Մենք չէինք կարող չլինել նրանց կողքին, որովհետեւ կիսում էինք իրենց մտահոգությունները, նպատակները: Իհարկե, միջոցներն անսպառ չեն եւ չենք կարող բոլորի միջոցառումները կազմակերպել, դրա համար ստեղծում ենք միջոցառումների կազմակերպիչների դպրոց, որը հնարավորություն կտա բոլոր կազմակերպություններին եւ նաեւ ընկերություններին իրենց անձնակազմում կրթելու մարդկանց, ովքեր կհմտանան այդ ոլորտում, մեր միջոցով ձեռք կբերեն փորձ եւ պատասխանատվություն կկրեն իրենց կազմակերպության միջոցառումների համար: Այդ խնդրի լուծումը փորձում ենք գտնել այս ճանապարհով: Իսկ դպրոցը բացելը ինքնին դժվար խնդիր է: Նախ ասեմ, որ նմանատիպ դպրոց Հայաստանում չկա, ոչ մի համալսարանում չկա միջոցառման կազմակերպիչ մասնագիտություն, իսկ դա, կարելի է ասել, հսկայական գիտություն է: Առաջին հայացքից թվում է, թե միջոցառում բոլորն էլ կարող են կազմակերպել, բայց իրականում միջոցառման թողած հետեւանքները բխում են կազմակերպումից եւ շարունակությունից, որովետեւ միջոցառման կազմակերպումը չի սկսում միջոցառումից առաջ եւ ընթացքում, այն նաեւ հետագա լայնածավալ աշխատանք է պահանջում, որը հաջորդ միջոցառումների եւ հետագա աշխատանքների հաջողության գրավականն է:

- Արդյոք կա՞ն հովանավորներ, ուժեր, որոնք աջակցում են նմանատիպ նախաձեռնություններին:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` կազմակերպություններին, անհատներին, ովքեր մեզ չեն խանգարում, որովհետեւ այսօրվա պայմաններում դա արդեն իսկ մեծ աջակցություն է: Այդ հարցն իրականում ամենացավոտ կողմն է, որի լուծման երկու ճանապարհ կա: Կամ պետք է գտնենք հովանավորներ, աջակիցներ, հավատացողներ, որպեսզի կարողանանք իրականացնել դրանք, կամ էլ` գործընկերներ, որոնց հետ համագործակցության արդյունքում մեր հնարավորությունների եւ փորձի շնորհիվ գտնվում են խնդիրների երկկողմանի լավագույն լուծումներ: Երկու դեպքում էլ դժվար է: Մի դեպքում ընկերությունների ռազմավարության մեջ դեռ ամրապնդված չէ այդ մշակույթը, մարկետինգային այդ գործիքը, որպեսզի միջոցառումների կազմակերպումն օգտագործեն որպես առաջխաղացման, աշխատակիցների շահագրգռման լավագույն մեթոդ: Իսկ դա, հավատացեք, ամբողջ աշխարհում կարեւորագույն տեղ ունի, եւ այդ ուղղությամբ արդեն սկսել ենք աշխատանքներ: Մի շարք ծրագրեր (թրեյնինգ-քննարկումներ, վերապատրաստման ծրագրեր) ենք պատրաստել ընկերությունների, իրենց իսկ առաջխաղացման համար, այլ կերպ ասած` որպեսզի այդ մշակույթը ներդրվի մեր բիզնեսի զարգացման մեջ: Իսկ հովանավորներ գտնելը շատ դժվար է, որովհետեւ մենք չենք կազմակերպում «մշակույթ չներկայացնող» միջոցառումներ, իսկ մշակույթի նկատմամբ անտարբերությունը, ցավոք, դեռեւս բավականին մեծ է:

- Դիմե՞լ եք պետական կառույցների:

- Ունեցել ենք նախագծեր, որոնց համար դիմել ենք, մասնավորապես` Մշակույթի նախարարությանը, առանձին դեպքերում ստանալով աջակցություն, իհարկե, անհրաժեշտ միջոցների 1/4 մասը: Շատ դիմումներ անպատասխան են մնում, բայց օրինակ, որեւէ «փայլող աստղի» համերգի, կամ մեկ այլ, ազգային մշակույթի պահպանման գործին բոլորովին առնչություն չունեցող նախագծի նամակներ անպատասխան չեն մնում: Ընկերությունների եւ անհատների կողմից եւս կա անտարբերություն, որովհետեւ մի կողմից չեն գնահատում, մյուս կողմից, պատրաստ են վճարել գովազդի դիմաց, որը պետք է հասնի պոտենցիալ սպառողներին, իսկ մշակույթի ասպարեզում հնարավորությունները սահմանափակ են: Զարմանալի չէ, երբ ընկերությունը համաձայնվում է հովանավորել որեւէ ցածրակարգ էստրադային երգչի համերգ, որին ներկա է լինելու 2000 մարդ, քան դաշնակահարի, որի համերգին լինելու են 300-ը, եւ բացի այդ, այդ 300-ի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, համեստ հնարավորություններ ունի եւ չի կարողանալու օգտվել տվյալ «ապրանքանիշի» գովազդից: Մարկետինգային տեսանկյունից դա լավ է, սակայն մյուս կողմից, մեր ընկերությունները մոռանում են, որ մշակույթին աջակցելը կապված է նաեւ իրենց վարկանիշի հետ: Մշակույթը խղճուկ է թվում, բայց մյուս կողմից` բիզնեսն էլ է խղճուկ թվում, որովհետեւ արժեքներն այստեղ սեղմ են ու նյութականացված:

Իհարկե, կան նաեւ ընկերություններ, որոնց աջակցությունն անհերքելի է եւ անչափ գնահատելի: Մեր աջակիցներն են «Բում-բումիկ» ընկերությունը, որը տրամադրում է նաեւ իր տեխնիկական միջոցները, «ՄԱՊ» ընկերությունը, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը եւ այլն:

Առհասարակ, եթե ուզում ենք մեր երկրում հասնել բարեփոխումների, պետք է հասկանանք, որ դրա բանաձեւերից մեկը հետեւյալն է. ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, անի այն, որի գիտակն է, ինչում իրավասու է, ինչի արդյունքում կկարողանա իր կողմից դրական ավանդ բերել պետության կայացման ու զարգացման գործում: Եվ ահա մենք ստեղծել ենք մի աշխարհ, որի շրջանակներում զբաղվում ենք մեր գործով: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր հաճույքով կզբաղվեն մշակույթ քարոզելով, մշակույթին աջակցելով, մշակութային միջոցառումներ այցելելով, անհամբեր կսպասեն հաջորդ միջոցառմանը: Միջոցառումը պետք է վերածել իրադարձության եւ այն պետք է նպաստի, որ ստեղծագործողները ցանկանան ստեղծագործել Հայաստանում, Հայաստանի համար:

Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4