ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Որքա՞ն երկար է հնարավոր ապրել ինքնապաստան, ինքնապաշտպան կամ վիրտուալ իրականության մեջ. երբեմն պատահում է, դուրս ես գալիս ու... լսում անհավանականը, տեսնում անպատկերելին:
Այս քաղաքում մեքենաները մայթերին վրադ են ելնում, երբ բողոքում ես, բութ հայացքի տերը արհամարհական ու ինքնագոհ բերանը ծռում է. «Գիտես մայթը մենակ քո՞ համար ա»: Իսկ մեզ համար այս երկրում որեւէ տեղ կա՞, հարցնում ես ինքդ քեզ, ուզում ես չզսպել ու...
Երբ արմատախիլ է արվում այն ամենը, ինչ առնչվում է «հանրային» կոչված գաղափարին, հասկացությանը, ստեղծվում է այն, ինչ ունենք հիմաՙ մենաշնորհված Երկիր. ո՛չ թե տնտեսություն, այլՙ Երկիր:
Երկիր, որովհետեւ այն դարձել է միայն նրանցը, ովքեր հանգիստ խղճով սրճարանում մարդուն մի խոսքի, մի հայացքի համար կարող են ոչնչացնել հենց տեղում, ուղղակի, ֆիզիկապես: Երկիրը նրանցն է, ովքեր ռեստորան մտածին հագուստի կամ գլխարկի պատճառով կարող են... սպանել: Այո, այո՛, զրկել կյանքից: Երկիրը նրանցն է, ովքեր այս ամենին պատրաստի, մեքենայացված, հերթապահ պատասխաններ ունեն. օրինակՙ գործը բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են, եւ մանավանդ այդ ողորմելի անթափա՜նց թափանցիկը եւ անարդա՜ր արդարը:
Եվ հետո կհնչեն սրտահույզ խոսքերՙ զղջումի...
Եվ հետո այսինչն ու այնինչը կդատապարտեն երեւույթը: Այ քեզ բան, պատկերացնո՞ւմ եքՙ դա-տա-պար-տում են: Բառերՙ իրենց ետին որեւէ արժեք, որեւէ իրական գին չունեցող հնչյունախմբեր: Մակերեսներ սիրուն, որոնց հետեւում կյանքի զեխությունն ու այլանդակությունն են ծաղկում, բառերի կույտ, որոնք օսլայված պաշտոնյաների ինքնապաշտպանիչ-քողարկիչ վահանն են ստի, խաբեության-դիմակի ամենաընտիր հումքը: Ո՞վ է վերահսկողը, ո՞վ է դրանք կյանքի կոչողըՙ դարձյալ իրե՛նք: Այսինքնՙ ամեն բան ի շրջանս իւր: Ամենուրեք, կասեք, նույն մեխանիզմն է գործում: Սակայնՙ ո՛չ: Մեխանիզմի պտուտակները այլ որակի են եւ մոտեցումները այլ են: Մերկապարանոց մոնոպոլիզացիան, վանդալիզմը, սեփական հասարակության հանդեպ այսպիսի հարստահարումը անգամ միջնադարյան ինկվիզիտորը կմերժեր:
Խոսքով դատապարտե՞լ, ի՞նչ է, դժվա՞ր է: Ողբերգությունը (ոչ անձնական, այլ հասարակական հնչեղությամբ) պատահել է, որովհետեւ դրա նախադրյալները հասունացած են եղել տվյալ միջավայրի, խավի մտածողությամբ, հոգեբանությամբ, վարքաբանությամբ: Որովհետեւ ընդունելի նորմ է վաղուց համարվում բարբարոս ուժի դիրքերից հանրայինից թալանված սեփական ինչքը պաշտպանելու ճիգը: Եվ անպատժելի, որովհետեւ դա սահմանված է ներքին կուլիսներում ու որպես անեծք իջնում է հանրության, մեր ու ձեր ուժասպառ ուսերին:
Քաղաքում բողոքի ակցիաներ են լինում, Ֆեյսբուքի էջերը աղաղակում են: Հետո ինչ, թեկուզՙ ազդեցիկ. փտախտը վաղուց տարածվել, ողջ օրգանիզմը վարակվել է: Եվ այդ փտախտը անուն ունիՙ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: (Զարմանալի է, մեծ կայսրությունները խորտակվել են, երբ մարդկային անբարոյականությունը հատել է սահմանները: Մենք ի՞նչ էՙ սահմանին ենք սպասում, կարծում եք, չե՞նք հասել):
***
Ազատության ժամանակնե՞ր են. այսօր ցենզուրա չկա՞: Բնավ ո՛չ: Այսօր ցենզուրան գործում է ավելի ագրեսիվորեն, քան նախընթացում: Այսօր ցենզուրան արգելում է բարոյականության, առողջ մտածողության մուտքը ամենուր: Հանրային ամենամեծ լսարանը հեռուստատեսությունը 90 տոկոսով շուկայական մտածողության հետեւանք է: Արդարացումըՙ թե պահանջարկային է արտադրանքը, սոփեստություն է, կեղծիք: Ցավալիորեն այդպիսի մոտեցումը սպառնում է նաեւ երկրի կրթական համակարգին, որի լիակատար ախտահարումը, հասարակայնորեն եւ անվերապահորեն կործանարար է լինելու: Եվ եթե մեր դրամատեր հովանավորների գիտակցական մակարդակը, ճաշակը ի զորու է ընկալել-ընդունելու միայն այսօրվա արտադրանքը, կա նաեւ դրա ելքը. նախ եւ առաջ նրանց միտքը եւ ճաշակը կրթել (ընդունված խոսք էՙ պատվիրում է նա, ով վճարում է): Եվ կամ եթերային այս քաղաքականությունը պարտադրված է, կամ էլ տկարամտության արդյունք է:
Հեռուստասերիալային արտադրանքը դարձել է ակտուալ թեմաՙ հասարակության մտածող մի շերտ բողոքի ալիք է բարձրացնում: Ըստ որում ոչ թե արգելելու դրանց հեռարձակումը, այլՙ լեզվական մակարդակը, արտիստական խաղի որակը բարձրացնելու, սցենարային հումքը վերափոխելու, այսինքնՙ այդ գետնամած, կենցաղային-բամբասանքային նյութը մշակելու, ենթարկելու մարդկայինՙ բնազդայինից վեր, ավելի բարձր պահանջների, չափանիշների, ունկնդրին սերիալային լեզվիՙ հիվանդ, տխեղծ, շինծու հայերենից ազատելու:
Այո, կյանքը, ժամանակը, նոր զարգացումներն ու հարաբերությունները յուրաքանչյուր լեզվի վրա անխուսափելիորեն թողում են իրենց կնիքը, լեզուն ժամանակի փոփոխությունների ամենաառաջին կրիչն է: Ինչպես յուրաքանչյուր անհատի ներքին աշխարհի, մտածողության արտահայտությունն է, նաեւՙ հասարակության. լեզուն կենդանի, փոփոխվող օրգանիզմ է: Ոչ ոք չի ասում եւ չի էլ ուզենա գեղարվեստի լեզուն այսօր համապատասխանեցնել Րաֆֆու, Պատկանյանի, Օշականի գրական լեզվին թերեւս ակտուալ չէ նաեւ մեր ժամանակակից որոշ գրողների լեզվամտածողությունը: Գրական լեզուն նույնպես իր ժամանակի մարդու հոգեւոր-գիտակցական փոփոխությունների անմիջական կրողն է: Բայց ո՞ր մարդու: Միշտ էլ հասարակության առանձին շերտեր, խմբեր ունեցել են լեզվական տարբերություններ, այսպես ասած իրենց լեզունՙ բառապաշարային եւ այլ, որը սակայն գրական հայերեն այսպես ուղղակիորեն չի ներխուժել եւ ոչ մի ժամանակ: Վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթի» հաղորդման մասնակից կողմերից մեկի (Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան)ՙ ստերիլ լեզու, ստերիլ հեռուստատեսություն արտահայտությունը- տարօրինակ թվաց: Ասում ենՙ ֆեյսբուքի էջերում մեծ մասն արտահայտվում է, այսպես կոչենք, ազատ հայերենով: Այս տարիներին ստեղծվել եւ շարունակում է ստեղծվել հայերենի հաղորդակցման մի տեսակ, բառամթերք, որից չօգտվողները որոշակի միջավայրերում որակվում են նվաստացուցիչ, վիրավորական արտահայտություններով, եւ ահավասիկ ամեոբատիպ ուղեղները շատ արագ վարակվեցին այդ ախտով եւ այն այժմ լայնորեն դրսեւորվում է ամենաազատ տեղումՙ ֆեյսբուքյան էջերում: Բայց սա չափանի՞շ է: Կամ առհասարակ ի՞նչ բարոմետրով եւ ո՞վ է որոշում հասարակական պահանջարկի այդ միավորը:
Կարելի է կարծել, թե մեր մտավորական իրականությունը, մտային ռեսուրսները իրենց սպառել են, եւ կենցաղայինից այն կողմ ձգտում-ցանկություն, գիտելիքի պահանջ չկա: Բարեբախտորեն կան, գործում են եւ միշտ էլ լինելու են այլ պահանջով ապրող մարդիկ, որոնք հանրային միտքը փորձելու են ուղղորդել, սնել բարձրարժեք խոսք ու մշակույթով: Ի՞նչ է, «ՎԷՄ» ռադիոկայանի հիմնադիրները շուկայական հարաբերություններից անտեղյա՞կ էին եւ կամ «Ռուբիկոն» հանդեսը ինչպե՞ս է գործում այս իրականության մագիլների մեջ: Որովհետեւ, բարեբախտաբար, Մեսրոպ քահանա Արամյանը կա եւ իր թիմը, որ արժեքային այլ համակարգի են դավանում, որովհետեւ իրենց գեղարվեստական ճաշակը, մտածողությունն ու աշխարհայացքը այլ են, ինչն էլ որոշեց եթերային տվյալ քաղաքականությունըՙ դասական երաժշտություն եւ մաքուր հայերեն հնչեցնելու: Ե՛վ հովանավորներ գտնվեցին, ե՛ւ ունկնդիրների որակյալ լսարան: (Եթե բանաստեղծությունը, գեղարվեստական ֆիլմը, նկարը ոչնչով չեն տարբերվելու կյանքային նատուրալիզմից եւ պարզ վերարտադրողն են լինելու մարդկային բնազդների, կենցաղային վիճակների, ուրեմն մոտեցել է գեղարվեստի վախճանը: Խոսքը, հասկանալիորեն, գեղարվեստական կերպարայնության մասին չէ, երբ անհրաժեշտ են տվյալ վիճակի պատկերային եւ լեզվական բնորոշ միջոցները):
Ինչո՞ւ է լեզուն ուշադրության կենտրոնում. որովհետեւ ազգային ինքնության այս հիմնատարրը, լեզվական միջավայրը մարդու հոգեկան աշխարհը ձեւավորող, կրթող ամենաազդեցիկ գործոնն է: Եվ լեզվի մաքրության պահանջը պետք է չշփոթել լեզվի ստերիլիզացիայի հետ: Հեռուստատեսությունը, մամուլը, գրականությունը, դպրոցը, համալսարանը փողոց չեն եւ պետք է տարբերվեն փողոցի լեզվից ու դրա շերտայնությունից: Ժամանակակից կյանքը, այո, մերժում է վերամբարձ, պաթետիկ լեզվի, բառարանային անկյանք, հնացած արտահայտությունների գործածումը, եւ սա նաեւ գրականության, հումանիտար գիտությունների մեջ (անշուշտ, ըստ հարկի, գործածվելով): Սակայն մերժվում է նաեւ խոսակցական-փողոցային եւ ֆեյսբուքյան նշված լեզվի մուտքը հանրային լսարաններ (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, դպրոց): Ի վերջո, այս երկրի սահմանադրությունը պետական լեզուն գրական հայերենն է հռչակել. թե՞ ամեն տեղ ենք օրինազանցության օրինակելիներ ուզում երեւալ:
Մեր հեղինակներից մեկը օրեր առաջ, երբ խոսակցությունը գնում էր վերոհիշյալ հաղորդման մասին, ասաց, թե ինքը հիվանդ է եւ որ բժիշկը արգելել է հայկական հեռուստատեսության հաղորդումները նայել: Շատերիս է բնորոշ այս երեւույթըՙ անջատել հայկական եթերը, այդկերպ պաշտպանելով մեզ հեռուստալեզվի ապականումից, սերիալների անբովանդակ-ճղճիմ բովանդակությունից: Բացառությամբ, իհարկե, մի քանի հաղորդումներից. այս թվում հարկ է նշել հատկապես ֆուտբոլային հեռարձակումները: «Հայկական ուրբաթը» դեռ չավարտված, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչն էրՙ Իտալիա-Իսպանիա խաղի հեռարձակումը «Հ1»-ով: Ավարտինՙ ակամա զուգահեռ անցավ մտքովս (հավանաբար նախորդ հաղորդման տպավորությամբ): Հայ մեկնաբանները խաղը վարեցին միանգամայն մաքուր, գրագետ հայերենով (միշտ այդպես է), առանց հնչյունային ու բառային նկատելի աղավաղումների: Նկատենք, որ ֆուտբոլային խաղերի հեռարձակման լսարանը ամենալայներից էՙ հասարակության տարբեր շերտերն ընդգրկող: Հարցրեք որեւէ մեկինՙ բանջարեղեն վաճառողի, անգամ փողոցի տղայի, արդյոք ֆուտբոլային այդ մեկնաբանության լեզուն իրենց խո՞րթ էր, կամ անհասկանալի: Զարմացած կնայի: Դա ստերիլ հայերե՞ն է, թե՞ ընդամենը մաքուր, պարզ լեզու: Առանց վերջերս ընդունված ծամածռությունների, ձեւախեղումների, որը ոչ թե կարծեցյալ անհատական ոճի դրսեւորում է, այլՙ ընդամենը դրա խեղճ իմիտացիա:
Այսպես հայերենը որակազրկում, աղքատացնում, դարձնում ենք կենցաղային լեզու, որի գործառույթը պարզ հաղորդակցականից այն կողմ չի անցնում: