ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-06-09 | #12, 2012-06-23 | #13, 2012-07-14


ԿՅԱՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԿՏԱՎՆԵՐԸ

Թոռան գիրքը պապի մասին

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Տաղանդավոր մարդկանց մոտ ամեն ինչ լավ է ստացվում, իսկ եթե դրան գումարվում է հեղինակի հումորի բնատուր զգացողությունը, ապա արդյունքը գերազանց է լինում: Այսպիսին է Մարտիրոս Սարյանի ավագ թոռնուհի, 1960-80-ական թթ. Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մենակատար Կատարինե Սարյանի «Էքսպոզիցիա» հուշերի գիրքըՙ գրված հումորախառն թախիծով, որն ինքնին մի վառ ցուցադրություն է հանճարեղ գեղանկարչի մասին: Սակայն ցուցադրությունՙ խոսքի արվեստի պատումներով, որի հիմքում Սարյանի կյանքի վերջին 27 տարիներն են, մի շրջան, որի գործուն ու նրբազգաց ականատեսն է եղել նկարչի Ղազարոս որդու ավագ դուստրըՙ Կատարինե Սարյանը:

Հենց սկզբից ասենք, որ մեր առջեւ ավանդական հուշագրություն չէ, առավել եւսՙ նկարչի կենսագրությունը ներկայացնելու փորձ, երբ ժամանակագրական հաջորդականությամբ հուշերի ձեւով փորձ է արվում վերաշարադրել հանճարեղ անհատի կյանքը, տարի առ տարի, բծախնդրորեն հիշել-վերապատմել մեծ հայրենասերի, մեծ արվեստագետի կյանքի դրվագները, մեծություն, որի կողքին թոռան կարգավիճակով ապրելու բախտ էր վիճակված հեղինակին:

Եվ ահա 27 տարիների կյանքը պապի կողքին թույլ է տվել Կատարինե Սարյանին անել իր ընտրությունը: Գիրքը կարող էր անգամ կրկնակի ծավալ ունենալ: Սակայն հեղինակի մոտեցումը նկարչի կյանքին առաջնային պլան է մղում ոչ թե իր ժամանակաշրջանը, պատմական իրողությունը, Սարյանի ստեղծագործության շրջադարձային փուլերի մեկնաբանումը, այլ իր անհատական տեսլականը, իր ասելիքը, որը սույն գրքի փիլիսոփայության մեջ առաջնային դեր ունի:

«Էքսպոզիցիա» գիրքը ավելի շուտ ես կանվանեի հուշանովելների շարք, որի կենտրոնում ընկած է մեծ նկարչի կյանքի հետ կապված այս կամ այն պատմությունը կամ եղելությունը: Իսկ ինչո՞ւ նովելներՙ քանզի յուրաքանչյուր հուշ-պատկեր, որոնցից կազմված է գիրքը, ունի իր ճշմարիտ ասելիքը, իր սյուժեն, եւ հաճախ` դրանք միմյանց հետ կապված պատմություններ չեն:

Հուշային նովելները ավելի շուտ գրված են գեղարվեստա-հոգեբանական արձակի օրինաչափություններով, եւ ոչ թե նկարչի կյանքի կամ ստեղծագործական շրջանների վերլուծմամբ: Հեղինակը տերն է իր ընտրած հատվածների: Կա հիմնական կերպար եւ նրա հետ կապված այս կամ այն իրողությունը, որը հեռու է ստույգ ժամանակագրությունից, եւ կան նովելներում գործող եւ շատ հյութեղ կերպով բնութագրված բազում անձեր: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս վերստեղծելու խոշոր անհատի հոգեբանական դիմանկարը: Այս գրքում, շատ պարագաներում, երեւում է, որ իրոք շատ բան գիտե Կատարինեն, իսկ հաճախ նա իր նկարագրած պատմության, դեպքի միակ վկան է այսօր:

Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ ներկայացված բոլոր նովելային պատկերներում ներկա է ինքըՙ Կատարինեն: Ոչ թե ուրիշի պատմածի, կողքից լսածի կամ կարդացածի, իրողությունների փունջն է մեզ հրամցվում, այլՙ ի՛ր տեսածի, ի՛ր լսածի, ի՛ր վերապրածի: Գրքի երկրորդ գլխավոր հերոսը, ուզած թե չուզած, նույն ինքըՙ Կատարինեն էՙ նույնպես ողջ էությամբ արվեստին եւ գեղեցիկին նվիրված անհատականություն, որ դասական բալետի հիմունքները սովորել է Մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանում, ապա աշխատել որպես մենակատար Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, ինչպես նաեւ միջազգային համբավ ունեցող Լեոնիդ Յակոբսոնի ղեկավարած պետերբուրգյան ժամանակակից բալետի խմբում: Անմնացորդ ծառայություն Մելպոմենայի արվեստին. արվեստ թե՛ դրսում, թե՛ տանը:

Բարձր արվեստով, հոգեկան արժեքների առաջնությամբ, մշտավառ ստեղծագործական ավյունով է ապրել 1940-1960-ական թվականներին Սարյանենց տունը:

Ընդհանրապես հեղինակը պաշտամունք ունի թե իրենց հայրական տան, թե տնամերձ այգու, թե հայ ավանդապահ ընտանիքի նիստ ու կացի, օրենքների հանդեպ: Երբ հերոսուհին դեռ 10-15 տարեկան էր, ամեն ինչ հովվերգական գույներով էր իրեն երեւում: Անզեն աչքով կռահելի է դառնում, որ ավանդական սկզբունքների առաջին ճաքը գոյացավ այն պահից, երբ որոշվեց Սարյանի ապրած տունը, հենց նկարչի կենդանության օրոք, վերափոխել-վերակառուցել տուն-թանգարանի: Երբ ութ տասնամյակը բոլորած Վարպետը ստիպված պիտի լիներ հեղափոխական պոռթկումով փոխել իր ավանդական կենցաղը, նիստուկացը, ննջասենյակը, ճաշասեղանը, տան «սրբություն սրբոցը»ՙ արվեստանոցը... Այս սրբությունների «ավերումը» իրապես գերազանց վարպետությամբ է նկարագրում Կատարինեն:

Կատարինեի պատումները շատ հաճախ հայելու պես արտացոլում են այն դրամատիկ ապրումները, որ արդեն ոչ քիչ զրկանք եւ «ժդանովյան տխրահռչակ որոշումների» օրոք հալածանք տեսած նկարիչը կրկին ստիպված էր կրել անհեռատես ու մշակույթի տարրական զգացումից զուրկ հայ եւ ռուսՙ մեծ ու փոքր չինովնիկների ձեռքից:

Վարպետ Ավետիք Իսահակյանը հայ կոմունիստ շեֆերին մի առիթով անվանել է «փոքր բարբարոսներ»: Ահա նման «փոքր բարբարոսների» մի ամբողջ նվագախումբ է անցնում Կատարինեի պատումի էջերով: Այստեղ ստույգ անուններ հաճախ չեն տրվում, եւ դա լավ է, որովհետեւ մեղավորը ոչ թե 70 տարի շարունակ խաղացվող դրամայի մեծ կամ փոքր դերակատարներն էին, այլՙ սիստեմը եւ այդ սիստեմը կերտող բեմադրիչները, որոնց անունը չի խնայում եւ տալիս է մեծ նկարիչը:

Ահա Կատարինեն բերում է Մարիետա Շահինյանի հետ ունեցած Սարյանի զրույցից մի հատված: Ստալինի դին XX կուսհամագումարի որոշման համաձայն դուրս են հանում Կարմիր հրապարակի դամբարանի (մավզոլեի) շենքից: Մարիետա Շահինյանն այս առիթով ասում է. «Այդ հրեշին ընդհանրապես իրավունք չունեին տեղադրել դամբարանում, Լենինի կողքին», ինչին Սարյանը շատ հստակ արձագանքում է. «Առաջնորդներին հարկավոր էր միասին դուրս բերել դամբարանից»: Եվ նկատելով, որ իր խոսքերից քիչ մնաց, որ Շահինյանը ուշքը կորցներ, Սարյանն ավելացնում է. «Այն օրվանից, երբ ռուս ժողովուրդը իր թագավորին փոխանակեց կալմիկա-հրեա, ապա եւ վրացի ծագումով առաջնորդների հետ, նա կորցրեց իր կողմնորոշումները» (էջ 122):

Անբռնազբոսիկ, բայց շատ որոշակիորեն, Կատարինեն առաջ է քաշում ստեղծագործ մեծ անհատի եւ պետության փոխհարաբերության հարցը, վկայակոչելով նկարչի շատ փշոտ մտքեր եւ համարձակ արտահայտություններ: Հայտնի է, որ Սարյանը ճշմարտությունը մարդու ճակատին ասող մարդ էր: Իսկ հաճախ այդ ճշմարտությունն ասվում էր հումորի քողի տակ: Ընդսմին, մեկ անգամ չէ, որ հումորը թույլ է տվել Սարյանին ասել այն, եւ այնպիսի շեշտադրմամբ, որ պարզապես սովորական մահկանացուն չէր համարձակվի ասել: Ահա Երեւանում Սարյանի արվեստանոցում հանդիպում են Սարյանն ու ԽՍՀՄ այդ տարիների վարչապետ Ա.Ն. Կոսիգինը: Վերջինս երբ տալիս է իր ծննդավայրի անունըՙ Լենինգրադ, Սարյանն անկեղծ վրդովվում է. «Ի՞նչ Լենինգրադ. դա Սանկտ-Պետերբուրգն է: Ի՞նչ է, Ձե՞զ էլ թույլ չեն տալիս հիշատակել այդ անվանումը: Բայց չէ՞ որ այդ քաղաքը Պետրոս Մեծն է կառուցել»: Եվ կամ թե երբ հենց նույն Կոսիգինին «վերեւներից եկած ցուցմունքով» նա նվիրում է Արարատ լեռան պատկերով բնանկարը, ասում է իր շատ խորհրդանշական ֆրազը. «Ես նվիրում եմ Ձեզ Արարատը կտավի վրա, իսկ դուք վերադարձրեք մեզ իրական Արարատը» (էջ 162, 163):

Այլախոհությունը, իրերի բերումով եւ պատմական իրադրությունների տեսանկյունից եւս, խորհրդային տարիներին այն սահմանն էր, որ բաժանում էր ճշմարիտ մտավորականին (աստվածատուր ստեղծագործողին) կուսվարչակարգին սպասարկող մշակույթի գործչիցՙ որպես օրենք անտաղանդ, բայց լկտի մարդուց:

Սարյանը թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում շրջապատված է եղել այս երկու հակասական բանակների ներկայացուցիչներով:

Կատարինեն շատ վարպետորեն է վեր հանում այն ներքին ներդաշնակությունը, որ կար Սարյանի եւ այլախոհ մտավորականների միջեւ, ինչպես եւ այն անջրպետը, որ փորձում էր գծել նկարիչը «իր թիկունքն» ուղարկված ՊԱԿ-ի գործակալների եւ իր կյանքի միջեւ: Եվ դա հեշտ չէր, որովհետեւ գործակալները, ինչպես հայտնի է, ոչ տարիք ունեն, ոչ ազգություն եւ ոչ էլ սեռական հստակ պատկանելություն:

Չանդրադառնանք այդ բացասական անուններին, ուշադիր ընթերցողն ինքը շատ բան կըմբռնի: Ավելի լավ է խոսենք այն մասին, ինչը որ կա միայն Կատարինեի գրքում. ուրիշ որտե՞ղ մենք կհանդիպենք ծերունազարդ նկարչին իր տան պատշգամբում միայնակ, ժամերով նստած եւ արտասվելիս, որ իրենց տան դիմաց նորակառույց այլանդակ բարձրահարկը զրկեց նրան ամեն օր Արարատը տեսնելու հնարավորությունից: Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Կատարինեի գրքից, մենք կիմանանք, որ Սարյանը, օժտված մոգական բուժակի վերուստ տրված կարողություններով, փրկեց իր սիրելի կնոջՙ Լուսիկի, ինչպես նաեւ իր քույրիկ Կատարինեի կյանքերըՙ ծանր հիվանդության ճիրաններից:

Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Կատարինեի գրքից մենք կիմանանք, որ Սարյանը իր տանը հավաքված ոչ օֆիցիալ ընդունելություն էր կազմակերպել եւ հրավիրել Ամենայն հայոց Վեհափառի ընտրության պատվիրակներինՙ հայտնելու իր սեփական տեսակետները ապագա ընտրությունների կապակցությամբ: Եվ ժամանակը ցույց տվեց, որ նրա նախազգացումները լիովին հաստատվեցինՙ ի դեմս Վազգեն Առաջինի լուսավոր կերպարի:

Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Կատարինեի գրքից ընթերցողը կիմանա այն զարմանալի հոգեկան ներդաշնակության մասին, որ ստեղծվել էր հայր ու որդի Սարյանների միջեւՙ Վարպետի եւ նրա կրտսեր որդուՙ տաղանդավոր երգահան եւ հայոց կոնսերվատորիայի շուրջ 30 տարիների եզակի ղեկավար Ղազարոս Սարյանի միջեւ...

Այս շարքը կարելի է շարունակել, եւ հենց այս հանգամանքն է շատ հարցերում եզակի դարձնում թոռան գիրքը պապի մասին:

Պատումի հիմնական ժամանակաշրջանը «Էքսպոզիցիա» գրքում ընդգրկում է առավելապես այն հատվածը, երբ Կատարինեն դեռատի էր, 1948-1966 թթ.: Ավելի հասուն շրջանի հիշողությունները, ցավոք, բացակայում են, եւ կամ խոսքը գնում է սոսկ ընդհանուր գծերով: Մինչդեռ ցանկալի կլիներ տեսնել Սարյանին, լսել նրա ձայնը, հետեւել նրան արարման պահերին արդեն ոչ դեռատի աղջկա, այլ երիտասարդ արվեստագիտուհու տեսանկյունից: Հեղինակը չպետք է խուսափեր նաեւ հասուն աղջնակի աչքերով հուշերի թելը շարունակելուց: Շատ բան, հավատացած եմ, կլուսաբանվեր նորովի եւ կասվեր իր անուններով...

Ընթերցողը մի տեսակ կարոտ է մնում ավելին իմանալու Սարյանի մասին, եւ շարունակելու լինել ականատեսը հանճարի կյանքի ճանապարհի: Գուցե մենք չափից ավելին ենք պահանջում մեր հուշագրից, եւ դա այդպես է, քանզի եթե մեզ համար հաճելի անակնկալ էր, երբ բացեցինք բարձրաճաշակ, գունագեղ ձեւավորված Կատարինեի գիրքը, իսկ երբ այն կարդում էինք, անակնկալը փոխվեց մի օրինաչափ բավականությանՙ լեցուն հումորի բացառիկ զգացումով եւ կիրթ մարդու աշխարհընկալումով: Մենք զգացինք, որ գործ ունենք գրական ակնհայտ ձիրք ունեցող արվեստագետի հետ:

Եթե Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզանը, ապացուցեց, որ ինքը ի զորու է պահել-պահպանել պապենական թանգարանային հավաքածուն, մեկը մյուսի ետեւից հրապարակել նոր ալբոմներ եւ մանավանդ Սարյանի մեծարժեք նամակագրության հատորները, իսկ կրտսեր թոռնուհինՙ Սոֆյան, արդեն մի քանի տարի ջանասիրաբար կազմում է Սարյանի ստեղծագործությունների համահավաքը (կատալոգը ), ապա ավագ թոռնուհինՙ Կատարինեն, հանձին իր նովելատիպ հուշերի գրքի, բաց արեց Սարյանի կյանքի արվեստի իր «Էքսպոզիցիան»ՙ ծավալելով հուշ-պատկերներ, որոնք ամբողջացնում են դարիս հանճարեղ գեղանկարիչներից մեկի կերպարը:

Համոզված ենք, որ Կատարինեն իր «հիշողության այգու» բերքը ներկա ցուցադրությամբ չի սահմանափակի:

Վերջում եւս մի դիտարկում. իրերի բերումով ուսման տարիները անցկացնելով Մոսկվայում, ապա եւ մի երկար շրջան աշխատելով Ս.Պետերբուրգի Յակոբսոնի բալետային խմբում, Կատարինեն ռուս եւ հայ մշակույթների կրողն է, եւ հուշապատումը գրված է ռուսերեն, հուսանք, որ մոտ ապագայում այն կհրատարակվի նաեւ հայերեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4