ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-06-09 | #12, 2012-06-23 | #13, 2012-07-14


ԱՍԱՏՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Լրանում է հայ միջնադարյան գրականության խոշորագույն գիտակներից մեկի` Ասատուր Մնացականյանի ծննդյան 100-ամյակը: Անկանխատեսելի է մարդու ճակատագիրը: Հաճախ է պատահում, երբ համեստ կարողությունների տեր գրողի, արվեստագետի, գիտնականի կյանքը ընթանում է հարթ ու հանգիստ, նա չի խանգարում որեւէ մեկի, ամեն տեղ երեւում է, հոլովվում նրա անունը, շնորհների է արժանանում... բայց մահից հետո ամեն ինչ արագորեն մոռացվում է: Հակառակն էլ է լինում, ցավոք, մեզանում ոչ քիչ. երբ նույնիսկ բացառիկ տաղանդով օժտված անհատականությունը ստիպված է պայքարել, պայքարել ֆիզիկապես ու հոգեպես ապրելու համար, պայքարել ստեղծագործելու համար... Եվ միայն կորստից հետո են տեսում նրա թողած ծանրակշիռ արժեքները:

Ճակատագրի այդ դաժան խաղը կարծես չգրված օրենք է եղել մեր մտավոր աշխարհի շատ երեւելիների համար` անժամանակ մահ, որոգայթներ, հալածանք... Այդ անկանոն օրինաչափությունից խույս չտվեց նաեւ Ասատուր Մնացականյանը` «ընկեր Ասատուրը», ինչպես նրան անվանում էին նրա գործընկերներն ու բարեկակմները:

Ծնվել է Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում 1912 թվականին: Նախնական կրթությունը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դժվարին տարիներ. նոր հաղթանակած բռնատիրական համակարգ, քաղաքական խառնակ դրություն, ամենուր անվստահության մթնոլորտ, մատնություններ, ձերբակալություններ...

Հանգամանքների բերումով ոսկեվազցի աշխույժ երիտասարդը մեկնում է Թբիլիսի եւ ընդունվում Անդրկովկասի գյուղատնտեսական ինստիտուտը (Երեւանում դեռ չկար նման բուհ): Այդ քայլը, կարծես, տոհմիկ հողագործի ընտանիքում ծնված ու մեծացած երիտասարդի հոգու կանչի արձագանքն էր. բնագավառ, որը հետագայում օգնելու էր Ասատուրին իր գիտական բազմաբնույթ գործունեության ընթացքում, հատկապես` «Զարդարվեստ»-ն ստեղծելիս: Գյուղատնտեսությամբ հրապուրված Ասատուրի հոգում մեկ այլ, ավելի զորեղ կրակ էլ կար, որը վաղ թե ուշ պետք է բռնկվեր: Եվ իրոք, բնությունից բանաստեղծական ձիրքով օժտված երիտասարդն արդեն ուսանողական տարիներին Ասատուր Շեմս մականունով գրում եւ հրատարակում է գողտրիկ տողեր:

Ինստիտուտն ավարտելուց հետո` նա վերադառնում է Երեւան, սակայն գյուղատնտեսական աշխատանքի փոխարեն իրեն ամբողջովին նվիրում գիտական-բանասիրական պրպտումներին:

1940 թվականից աշխատանքի է անցնում Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, ուր լայն հեռանկար է բացվում երեսունը չլրացած երիտասարդ բանասերի համար, կլանվում է հայ միջնադարյան ձեռագիր մատյաններում ամբարված հարուստ նյութերի ուսումնասիրությամբ, իհարկե, աչքից բաց չթողնելով հայ ժողովրդի պատմության կնճռոտ հարցերը:

Ավաղ, սակայն, նրան վիճակված չէր այդ տարիներին իրականացնելու նվիրական իղձերը: Պայթում է Հայրեանական մեծ պատերազմը: Շատ հայորդիների հետ ռազմաճակատ է մեկնում նաեւ Ասատուր Մնացականյանը: Սկսվում է նրա կյանքի ոդիսկանը: 42-ի գարնանը Թաման թերակղզու մոտակայքում նրանց ջոկատը ընկնում է ֆաշիստական զորքերի շրջապատման մեջ, կենդանի մնացածներին գերին են վերցնում: Վերջիններիս մեջ էր նաեւ Ասատուր Մնացականյանը: Գերիների շարքերը ձգվում են դեպի Ղրիմ-Նովորոսիյսկ-Օդեսա եւ վերջապես հասնում Ռումինիայում գտնվող Տիմիշո ռազմագերիների համակենտրոնացված ճամբարը: Երկար ու ձիգ մի ողջ տարի` 1942-1943 թթ., երիտասարդ բանաստեղծի ոգին այդ դժոխային պայմաններում էլ հանգիստ չի գտնում: Իր ապրումները, խորհրդածություններն ու բանաստեղծությունները նա հանձնում է թղթին` «կտակի, աղոթքի ու վերջին խոսքի անկեղծությամբ» վերնագրով: Ծանր, մղձավանջային օրեր...

«Դուք դագաղում պառկած, նրա ճեղքերից դեպի կյանքը նայել ե՞ք, ես նայեցի» , - գրում է Ասատուրը:

«Հայացքս հորիզոններ ճեղքեց, լուսե մի ափ տեսավ, ուր կանգնած էին երեք տխուր ուրվականներ:

Մեկը մի պառավ կին, որ դողդոջ մատերով իր սեւ գոգնոցը դեպի ալեվարս գլուխն էր տանում...

նրա մոտ կանգնած մի ջահել կին տեսա, որի սեւ վարսերն ի վար ճերմակության ամպն էր սահում

եւ աչքերի մեջ մենամարտում էին հույսն ու վհատությունը:

Այդ ջահել կնոջ գրկում, բոցկլտացող ջահի նման մանկան մի պատկեր տեսա,

երկու արեւ աչքեր, տիեզերքի պես լայնածավալ մի ժպիտ դեմքին...»:

Բանաստեղծն իր հայրենի գյուղն է հիշում, վշտաբեկ մորը, կնոջն ու իր մանկանը:

Մեր գյուղն ուներ ծուռ-ծուռ պատեր.

Քարե տներ` մի հարկանի

Ու թոնիրներ քանի՜-քանի՜...

Մեր գյուղն ուներ կապույտ կամար,

Կարմիր արեւ, ճերմակ լուսին

Ու աղջիկներ` կժերն ուսին...

Այդուամենայնիվ, «ալմաստե վահան Արագածի» փեշերից եկած երիտասարդը, արտահայտելով իր տխրությունն ու կարոտի զգացումը, չի վհատվում.

Ո՛չ, ես չեմ մեռնի

Թեկուզ եւ բանտում,

Անձրեւների տակ,

Քանզի կա դեռ մի

Հեռավոր, հին տուն

Հյուրընկալ մի հարկ.

Ուր արծաթահեր ու քաղցր մի կին,

Սպասում էր իր կորած զավակին:

Գերիների նույն ճամբարում գտնվող հայ տղաներից մեկը` հետագայում նշանավոր մանկագիր Խաժակ Գյուլնազարյանը, պատմում էր, որ շատ հաճախ Ասատուրը իրենց տրամադրությունը բարձրացնելու համար ծիծաղաշարժ բաներ էր պատմում գյուղից...

Ոչ ոք չէր կարող ասել, թե նախախնամությունը ինչպես էր տնօրինելու այս ամենը:

Բախտն այստեղ երեսը չէր թեքել: Ձեռքով պատրաստված գրառումների գրքույկը ֆաշիստական ճամբարից գաղտնի դուրս է բերվում ռումինահայության հոգեւոր հովիվ Վազգեն վարդապետ Պալճյանի կողմից, որը մուտք ուներ այնտեղ` հայ ռազմագերիներին հնարավորինս օգնելու համար: Շուրջ 40 տարի անց, երբ նույն Պալճյան վարդապետը Էջմիածնի Մայր Տաճարում արդեն իբրեւ նորին Սուրբ օծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս էր, Տեր, Տեր Վազգեն Ա անունով, Ասատուր Մնացականյանի մահվան կապակցությամբ 1983-ին պատարագ էր տալիս, գրքույկը հանձնում է հանգուցյալի որդուն: Եվս 15 տարի անց, 1997-ին այն լույս ընծայեց «Նաիրի» հրատարակչությունը:

Պատերազմից հետո վերադառնալով Երեւան` Ասատուրը չնայած մի որոշ ժամանակ գտնվում էր ՊԱԿ-ի հսկողության ներքո, այնուամենայնիվ, հարազատ Մատենադարանի պատերի ներսում նա իր նվիրական գործն էր շարունակում: Հոգու ինչպիսի կորով պետք է ունենար մարդ` մի կողմ դնելու, «մոռանալու» անցյալի վերքերն ու տառապանքները` իր նոր աշխարհն ստեղծելու համար: Ամենուր, թե՛ Մատենադարանում, թե՛ տանը եւ դրսում, ընկերների միջավայրում Ա. Մնացականյանը խաղաղ էր, հաճելի ժպիտը դեմքին, ժողովրդական բանն ու բառը շուրթերին: Նրա ներկայությունը գրավիչ միջավայր էր ստեղծում: Երեւի այն ամենից հետո, ինչ նա ապրել էր, այլեւ խորապես զգում էր մեկ անգամ տրված կյանքի բերկրանքը: Ամեն մի հարմար պահի ժողովրդական մի քառյակ կասեր, որը նույնիսկ հմուտ գրականագետին հայտնի չէր.

Այս բոլորի հետ մեկտեղ Ասատուրը կարծես ներքին մեծ անհանգստություն ուներ, դավադիր կանխազգացում, որ ժամանակը հավերժ չէ, տարիներն արագ են գլորվում... Եվ շուրջ երեք տասնամյակների ընթացքում մեկը մյուսի հետեւից նա ընթերցողի սեղանին դրեց հայ գրականությանն ու արվեստին վերաբերող դասական հատորներ. յուրաքանչյուրը մի քանի տասնյակ մամուլ: Մեկ ամբողջ ինստիտուտ մեկ-երկու տասնամյակի ընթացքում հազիվ թե կարողանար նման արժեքներ ստեղծել:

1960-1970-ականներին Մնացականյանի ուշադրության կենտրոնում գրականագիտական հարցերն էին. լույս են տեսնում մենագրություններ` նվիրված հայ միջնադարյան պոեզիայի ականավոր ներկայացուցիչներ Գրիգոր Տղային, Բաղդասար Դպրին, Նաղաշ Հովնաթանին. այնուհետեւ լույս աշխարհ են գալիս միջնադարյան ժողովրդական երգերի, հանելուկների ստվար հատորները: Դրանցում շատ բան ընթերցողի համար նորություն էր:

Հայկական ժողովրդական երգերի ուսումնասիրման եւ հրատարակման գործում ժամանակին իրենց լուրջ ներդրումը կատարել են Ղ. Ալիշանը` առաջնության պատիվը նրան է վերագրվում, Ռ. Պատկանյանը, Մ. Միանսարյանցը, Գ. Սրվանձտյանցը, Ա. Տեւկանցը, Կ. Կոստանյանցը, Ղ. Հովնանյանը, Գ. Հովսեփյանը, Ա. Չոպանյանը, Ն. Ակինյանը եւ վերջապես` Մ. Աբեղյանը...

Հայ միջնադարյան գրականությունն ու բանահյուսությունն անհատակ հանքի պես մի բան է, որքան խորանաս, այնքան նոր շերտեր ի հայտ կգան: Ա. Մնացականյանը վերջին խոշոր պեղողներից մեկն էր:

Աչքի առաջ ունենալով ժողովրդական երգերի ուսումնասիրման հարուստ ավանդույթը` նա կարողացավ ամփոփ ներկայացնել միջնադարյան ժողովրդական երգերի ամբողջական պատկերը, թերեւս, առաջին անգամ նաեւ` ժողովրդական երգերի միջնադարյան գրառումների պատմությունը:

Հեղինակը դրվատանքի է արժանի ոչ միայն բանասիրական մի շարք թյուրիմացություններ պարզելու, սոցիալական խոր բովանդակությամբ մի փունջ ժողովրդական երգեր հրապարակ հանելու եւ արժեքավորելու համար: Ժողովածուի էջերում լույս աշխարհ է բերում սիրո գողտրիկ երգերը` իրենց անգերազանցելի նմուշներով: Հատուկ ուշադրություն է դարձվում «Պանդխտության երգերի»-ն` հայ մարդու տառապանքների, օտար երկրներում գոյությունը քարշ տալու ամենասրտաճմլիկ երեւույթին: «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր» ժողովածուի միջոցով առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են մտնում բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնք զգալի չափով հարստացնում են միջնադարյան հայ գրականության հուշարձանների ընդգրկումը: Նշանավոր հայագետ, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի բնութագրմամբ «բարձր գնահատականի արժանի այս գիրքը, անտարակույս, իր պատվավոր տեղը պետք է գրավի Մանուկ Աբեղյանի «Գուսանական ժողովրդական տաղեր» եւ «Ժողովրդական խաղիկներ» ստվար ժողովածուների կողքին` որպես հայ բազմադարյան գրականության անգնահատելի սկզբնաղբյուր»:

Այդ աշխատանքի բնականոն շարունակությունն էր երկար տարիների տքնաջան պրպտումների արդյունք «Հայրեններ» հետմահու լույս տեսած ստվարածավալ հատորը (շուրջ 1100 էջ, 1995):

Դեռեւս 1940-ականներին, երբ հեղինակը աշխատանքի էր անցել Մատենադարանում, սկսել էր փնտրտուքն այդ ուղղությամբ: Հայրենների վերհանման եւ հետազոտման աշխատանքներն սկսվել են XIX դարում:

Առաջին հեղինակը, որը խիզախել է իր «Մատյան»-ի հիմքում դնել նաեւ ժողովրդական բանարվեստի մեծարժեք նվաճումները` Գրիգոր Նարեկացին էր: Նա իր «Մատյան ողբերգության» պոեմի որոշ հատվածներ գրելիս դիմել է ժողովրդական բանահյուսության այդ առանձնահատկություններին: Անշուշտ, Մանուկ Աբեղյանի եւ Արշակ Չոպանյանի կազմած ժողովածուները համարվել են հայրենների հետազոտության սկզբնական լուրջ փուլը: Մնացականյանը, սակայն, խնդիր դրեց Մատենադարանի եւ հայկական ձեռագրերի մյուս հավաքածուների հիման վրա ստեղծել հայրենների ամբողջական ընդգրկման հիմնարար հատոր` քննական բաղդատումներով, վերլուծություններով: Ներածությունից, բնագրերից բացի գիրքն ունի բանասիրական դիտողությունների, օժանդակ նյութերի եւ ծանոթագրությունների բաժիններ: Հմուտ բանասերը ներակայացրել է ամբողջական այն նյութը, որը համարվել է հայրեն, եւ ինչպես ինքն է ասում, նաեւ այն ամբողջը, որը եւս կարող է համարվել հայրեն: Ա. Մնացականյանը հայրեններն ընդգրկում է երեք խմբի մեջ` ժողովրդական, գուսանական եւ անհատական: Վերջիններս առնչվում են Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Վարդան Բարձրբերդցու, Խաչատուր Կեչառեցու եւ ուրիշ անունների: Անդրադառնալով հայրենների գեղարվեստական կատարմանը` նկատում է, որ դրանց հիմնական առանձնահատկությունը ինքնատիպ տաղաչափությունն է, նրանց բնորոշ հանգավորմամբ: Հայրենների համար թեմատիկ սահմանափակումներ չեն եղել:

1980-ականները Հայաստանի Խորհրդային Հանրապետության համար ազգային միասնության ու վերելքի աննախադեպ շրջան եղավ: Դեռեւս 70-ականների վերջերից, երբեմն հրապարակային, երբեմն գաղտնի հավաքույթներ էին կազմակերպվում, համաժողովրդական ստորագրություններ հավաքվում, դիմումներ հղում միութենական կառավարությանը` Լեռնային Ղարաբաղը Մայր Հայրենիքի հետ միացնելու կոչով: Իհարկե, ազերիները ձեռքները ծալած չէին նստում: Նրանց «գիտնական այրերը» պատմական «փաստեր էին պեղում» բռնագրաված հայոց հնամենի այդ տարածքները յուրացնելու համար: Ահա ճակատագրական պայքարի այդ օրերին լույս աշխարհ եկավ Ասատուր Մնացականյանի «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը» պատմա-աղբյուրագիտական եզակի նշանակության գիրքը: Վեր հանելով գիտական անհերքելի նորանոր փաստեր` հեղինակը ցույց է տալիս, որ այդ տարածքները մեր նախնիների բնօրրանն են եղել: Նա նշում է, որ այդ վայրերում հայերի հետ մեկտեղ ապրել են նաեւ աղվանները (ոչ մի առնչություն չունեն ադրբեջանցիների հետ), որոնք սակայն ժամանակի ընթացքում տարրալուծվել են շրջապատի քրիստոնյա եւ մահմեդական միջավայրում եւ ազգային առումով մեկընդմիշտ հեռացել պատմության ասպարեզից: Նույնիսկ աղվանների գոյության ժամանակ պաշտոնական լեզուն եղել է հայերենը. աղվանական քրիստոնյա կառուցվածքները եղել են հայկական եկեղեցու մի թեւը, մանավանդ, որ դրանց հոգեւոր առաջնորդները հիմնականում հայեր էին:

Մնացականյանը ճշմարիտ փաստերով ի չիք է դարձնում այն թյուր տեսակետները, թե իբր Արցախը եւ Ուտիքը Աղվանից աշխարհից Արտաշես I ի նվաճած տարածքներ են եղել: «Խոսեցնելով» սկզբնաղբյուրները` Մնացականյանը հավաստում է, որ դրանք հայաբնակ եւ հայրապետական այն գավառներն են, որոնք հայ ժողովրդի կազմավորման շրջանից կազմել են պատմական Հայաստանի եւ Մեծ Հայքի մասը: Մեծարժեք, հիրավի, կոթողային պետք է համարել Ասատուր Մնացականյանի «Հայկական զարդարվեստը» լայնաֆորմատ ծավալուն աշխատությունը (659 էջ):

«Զարդարվեստը, - գրում է հեղինակը, - հայ ժողովրդի ստեղծած արվեստի ամենահին, բայց եւ ամենակենսունակ բնագավառներից է, որի մի ծայրը թաղված է նախնադարյան անդասակարգ հասարակության ծոցում, իսկ մյուսն, այսօր էլ ծաղկելով, ձգվում է դեպի ապագան: Այն, միաժամանակ, արվեստի ամենամասսայական ձեւերց մեկն է` ինչպես իր ստեղծմամբ, տարածմամբ, դերով ու նշանակությամբ, այնպես էլ իր ընդգրկած բնագավառներով»: Իրոք, համաշխարհային մշակույթի մեջ դա հսկայատարած մի բնագավառ է, որի հնարամիջոցներով նախնադարյան հասարակության ժամանակներից զարգացման տարբեր աստիճաններում գտնվող մարդիկ արտահայտել են իրենց գաղափարները, իրենց պատկերացումները:

Այդ ամբողջ հարստությունն արժեւորվում է մի կողմից` որպես պատմական սկզբնաղբյուր, իսկ մյուս կողմից` որպես պատմական անզուգական ժառանգություն:

XIX դարի կեսերից տարբեր երկրների երեւելի շատ գիտնականներ` Բ. Վեյմարն, Ն. Լորենց, Վ. Ստասով, Լ. Դինցես, Վ. Ստրուվե, Գ. Շուրց, Դ. Ֆրեզեր, Լ. Բրյուլ, Գ. Մասլովա, Բ. Ռիբակով եւ այլք, իրենց ուսումնասիրության հիմնական նյութը դարձրին նկարաչության, այսպես ասած` «բանահյուսության» մարզը` կատարելով ծանրակշիռ ներդրում: Այդուամենայնիվ, զարդարվեստին նվիրված աշխատությունները հիմնականում կրել են միակողմանի բնույթ` ընդգրկելով այդ արվեստի միայն մեկ ոլորտը: Շատ քիչ են եղել փորձերը, որոնք կարողանային թափանցել զարդամոտիվների ներքին էության մեջ, լուսաբանել զարդանախշերի նշանային ինաստաբանությունը: Կարեւոր շատ բաներ ուսումնասիրողների ուշադրությունից դուրս են մնացել: Նաեւ այն, որ ժամանակի ընթացքում թե՛ մեզ մոտ եւ թե՛ արտասահմանում զարդարվեստի ոլորտում նոր նյութերի եւ ուսումնասիրությունների ի հայտ գալն առաջ բերեց նոր խնդիրներ, որոնց ընդհանրացումը եւ համակողմանի բացատրությունը պահանջում էին մեծ փորձի եւ իմացության տեր գիտնական: Դա լավագույն ձեւով կարող էր կատարել եւ կատարեց պրոֆեսոր Ասատուր Մնացականյանը` ներկայացուցիչն այն ժողովրդի, որն իր պատմության հազարամյակների ընթացքում ստեղծել է զարդարվեստի ծովածավալ մի քանակ:

«Նույնիսկ բյուզանդական արվեստի բարձր վերելքի շրջանում` X-XII դարեր, - նշում է բյուզանդական արվեստի հմուտ գիտակ Վերա Լիխաչովան, - հայկական զարդերը իրենց ազդեցությունն են թողել ինչպես Բյուզանդիայի, այնպես էլ հարեւան քրիստոնյա ժողովուրդների արվեստի վրա»: Ա. Մնացականյանը քաջածանոթ է հին քաղաքակրթության մյուս ժողովուրդների` բաբելական, ասորական, եգիպտական, խեթական, չինական, հնդկական, հունական, հռոմեական, սկութական, սլավոնական եւ այլոց զարդարվեստին ու շատ դեպքերում իր մտքերն ու ենթադրությունները հավաստելու համար դիմել է նրանց ժառանգությանը: Նույնը կարող ենք ասել բանահյուսության եւ ազգագրության նրա իմացության մասին:

Հիրավի, տիտանական այդ աշխատանքների հեղինակը, միշտ ժպտերես «ընկեր Ասատուրը», ոչ ժամանակին մահացավՙ 1983-ին, սիրտը կանգ առավ` չհասցնելով տեսնել իր երազանքի իրականացումը` անկախ Հայաստանը: Այդ անսովոր-սովորական ու հասարակ, անսովոր-անմիջական մարդը մեր հիշողության մեջ մնաց որպես ժողովրդական խոսքի ու մտքի իմաստության թարգման: Այդտեղ էր ամբողջովին նրա կյանքն ու էությունը, նրա անսահման սերը: Նրան չգայթակղեցին շնորհներն ու պարգեւները, թեեւ ամենից շատ եւ առաջին հերթին նա էր արժանի այդ բոլորին: Մեր խոսքը վերջացնենք մեր ժողովրդին ու նրա մշակույթին սիրահարված «ընկեր Ասատուրին» բնորոշ մի հայրենով.

«Երբ սէր ի յաշխարհ եկաւ, եկաւ յիմ սիրտըս բնակեցաւ,

Հապայ յիմ սըրտէս ի դուրս ի յերկրէ յերկիր թափեցաւ.

Եկաւ ի գլուխըս ելաւ, ի յըղերս ելաւ թառեցաւ.

Յաչերուս արցուք ուզեց արիւն ի վայր վարեցաւ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4