ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2012-06-09 | #12, 2012-06-23 | #13, 2012-07-14


ԿԱՐԵՎՈՐԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հարցազրույց կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի հետ

Նախորդ ամսվա մեջ ինտերակտիվ հարցազրույց անցկացրեցի Լոնդոնում սովորող երիտասարդ ջութակահարուհի Անի Կարապետյանի հետ:# Ինչպես նշված հարցազրույցում էի արդեն նշել, նմանատիպ երիտասարդների թիվը շատ մեծ է արտերկրում, եւ ես որոշեցի հնարավորության դեպքում շարունակել նրանց հետ հարցազրույցների շարքը, ինչը հնարավարություն կտա հիմնական տեղեկություն ունենալ արտերկրում գործունեություն ծավալող մեր երիտասարդների մասին:

Այս անգամ ես Վարշավայից կապ հաստատեցի Ժնեւում բնակվող մեր հայրենակից, երիտասարդ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի հետ: Շուրջ տասը տարի է, ինչ Արամն ապրում եւ ստեղծագործում է Շվեյցրաիայում: Հատկանշական է, որ այս ժամանակահատվածում նա ունեցել է փայլուն հաջողություններ եւ արդեն իր կայուն տեղն է ձեռք բերում Եվրոպայի երաժշտական կյանքում: Նա ճանաչվել է բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, ուսման տարիներին մասնակցելով տարբեր վարպետության դասընթացների կատարելագործվել է Եվրոպայի ամենաառաջադեմ կոմպոզիտորների մոտ, մի շարք հեղինակավոր փառատոների հրավիրյալ կոմպոզիտոր է:

Նա մշտապես պատվերներ է ստանում ժամանակակից երաժշտություն կատարող տարբեր անսամբլներից եւ անհատ կատարողներից, ինչը վկայում է նրա երաժշտության պահանջարկի մասին:

- Երեւանում հինգ տարի ուսանելուց անմիջապես հետո տեղափոխվել ես Ժնեւի բարձրագույն երաժշտական հաստատություն եւ այնտեղ շարունակել քո կրթությունը: Բացի այդ, չնայած գրեթե տաս տարի Հայաստանում չես եղել, բայց ուշի ուշով հետեւել ես, թե ինչ է կատարվում երեւանյան երաժշտական կյանքում եւ, կարծում եմ, կարող ես որոշ համեմատություններ ու հետեւություններ անել: Ի՞նչ տարբերություններ կան մեր եւ եվրոպական երկրների կրթական համակարգերի միջեւ:

- Կրթական համակարգում տարբերությունն, իհարկե, ակնհայտ է, հատկապես կոմպոզիցիայի բնագավառում:

Եվրոպան, առաջնորդվելով գլոբալ մտածելակերպով եւ ժամանակի հետ համահունչ սկզբունքներով, երիտասարդ կոմպոզիտորին հնարավորությոն է տալիս բացահայտել իր ներքին պահանջներին համապատասխան գիտելիքներ, առանց որեւէ խտրականության, ինչը նպաստում է արվեստագետի կայացմանը եւ ինքնորոշմանը երաժշտության անսահման տարածությունում: Հայաստանում, ինչպես նաեւ հետսովետական մի շարք երկրներում, կրթական համակարգը մասամբ շարունակում է գործել արդեն իսկ խտրականացված սկզբունքներով, ձեւավորված դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում, որտեղ «չպետք է»-ները ավելի շատ են, քան անհատական մտածողության կարեւորումը: Նման մոտեցումը հաճախ հանգեցնում է ինքնարտահայտման որոշակի կաշկանդվածության եւ կոնսերվատիվ հայացքների, ինչի արդյունքում անտեսվում կամ ժխտվում են արեւմտաեվրոպական ժամանակակից երաժշտության ակտուալ հոսանքները:

- Գիտեմ, որ շատ մրցույթների առաջին մրցանակակիր ես: Դեռեւս Երեւանում ստեղծագործելու տարիներին հաղթող ես ճանաչվել երեք հանրապետական մրցույթներում` «Ամադեուս»(1998), Բ. Բրիտտենի (2003) եւ Ա. Խաչատրյանի անվան (2003) մրցույթներում: Հաջողությունները շարունակական եղան նաեւ արտասահմանում, որո՞նք ես առավել կարեւորում, եւ առհասարակ ի՞նչ է տալիս կոմպոզիտորին մասնակցությունը մրցույթներին:

- Բոլոր մրցույթներն էլ ինձ համար իրենց կարեւորությունն ունենՙ ե՛ւ ուսանողական տարիների հանրապետական ստուգատեսները, ե՛ւ ավելի ուշ, միջազգային ասպարեզում ունեցած հաջողությունները: Կարեւորագույններից կառանձնացնեի վերջին երկուսըՙ Բեռնի Երաժշտական Փառատոնի (Musikfestival Bern) կոմպոզիտորների մրցույթի գլխավոր մրցանակը եւ International Composer Pyramid մրցույթ-փառատոնը, որտեղ ընտրված 12 կոմպոզիտորներից էի: Առանձնահատուկ դեր ունեցավ 2005թ-ի Պրե-Արտ մրցույթում առաջին մրցանակը, որի շնորհիվ հետագայում հնարավորություն ստացա համագործակցելու շատ անվանի երաժիշտների հետ: Նման հաջողություններն անկասկած, լրացուցիչ լիցքեր են հաղորդում երիտասարդ կոմպոզիտորին, հնարավորություն են տալիս գրավելու աշխարհահռչակ կոմպոզիտորների եւ հեղինակավոր անսամբլների ուշադրությունը, շփում է ստեղծվում մերօրյա առաջադեմ երիտասարդ արվեստագետների միջեւ:

- 2004 թ.-ին «Պրե-Արտ» շվեյցարական անսամբլի կողմից դու առաջին անգամ ստացար երաժշտություն գրելու պատվեր: Այնուհետեւ անընդմեջ ունեցել ես պատվերներ, որոնց թվարկումը չափազանց մեծ տարածք կզբաղեցնի հոդվածում: Առհասարակ, որքանո՞վ է քո միջավայրում ստեղծագործություն պատվիրելու սովորությունը գործածական: Այս հարցը կարծում եմ, հետաքրքրական կլինի Հայաստանում ստեղծագործող երիտասարդներին, քանի որ մեզ մոտ նմանատիպ ստեղծագործական ձեւաչափը բացակայում է: Խորհրդային տարիներին որպես պատվիրատու հանդես էր գալիս պետությունը, իսկ հիմա նույնիսկ պետության կամ որեւէ անսամբլի կողմից երբ լինում են պատվերներ, ապա դրանք բացառիկ դեպքեր են:

- Հեշտ չէ միանշանակ գնահատել պատվերների ազդեցությունը ստեղծագործական պրոցեսի վրա: Հաճելի զգացում է, երբ գիտեսՙ ում հետ ես աշխատելու, ինչն անկասկած լրացուցիչ խթան է ստեղծագործելիս: Կա նաեւ պատասխանատվության մեծ զգացում. հարկավոր է միշտ զգոն լինել ժամանակի նկատմամբ: Մի կողմից, պայմանականությունները ստիպում են սկզբունքները ենթարկել որոշակի ձեւաչափի, մյուս կողմից, առիթ է ստեղծվում բացահայտելու նոր արտահայտչամիջոցներ, աշխատելու անսովոր կազմերի հետ, ինչն անշուշտ հարստացնում է արվեստագետի մտահորիզոնը:

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվերային համարկարգի գրեթե բացակայությանը, դա առաջին հերթին կախված է կոմպոզիտորների միության, մշակույթի նախարարության, ինչպես նաեւ արվեստը հովանավորող հիմնադրամների վարած մշակութային քաղաքականությունից: Եթե մի անսամբլ կամ փառատոն պատրաստ է պատվիրել կոմպոզիտորին նոր ստեղծագործություն, ապա վերջիններս պետք է հնարավորություն ունենան վերը նշված կազմակերպություններից որեւէ աջակցություն ստանալու: Կարծում եմՙ դա կախված է ոչ միայն հստակ գործող համակարգից եւ իրազեկ ղեկավարությունից, այլ նաեւ առանձնահատուկ վերաբերմունքից դեպի ժամանակակից արվեստը:

- Կուզենայի նաեւ նշել, որ դու 2011թ.-ից Շվեյցարիայի Երաժիշտների միության անդամ ես, որն իր տիպով համապատասխանում է Խորհրդային երկրների կոմպոզիտորների միություններին:

Որքանո՞վ է ֆունկցիոնալ այդ միությունը եւ ի՞նչ դերակատարում ունի երաժշտական աշխարհում: Հարցս պատահական չէ, քանի որ Հայաստանում, ելնելով այն փաստից, որ ստեղծագործական միությունները ժամանակին ստեղծվել են կոմունիստական իշխանությունների կողմից, կարծիք կա, որ դրանք այսօր մասամբ իմաստազրկվել են: Որքանո՞վ են Եվրոպայում նմանատիպ կազմակերպությունները կարողանում միջավայրում ազդեցություն ունենալ: Ի՞նչ կարծիք ունես հայաստանյան իրավիճակի մասին. Այն, ինչ հիմա ունենք, տրամաբանակա՞ն հետեւանք է, թե՞ մենք պարզապես չկարողացանք ինքնակազմակերպվել:

- Շվեյցարիայի Երաժիշտների միությունը փոքր-ինչ տարբերվում է ընդունված ձեւաչափերից: Հիմնականում կենտրոնացած լինելով կոմպոզիտորների շուրջ, իր մեջ ներառում է նաեւ դիրիժորների, մենակատարների եւ այլ երաժիշտների: Համագործակցելով 20-ից ավելի երաժշտական կոլեկտիվների հետՙ միությունը համակարգում է Շվեյցարիայի արդի երաժշտական կյանքի զգալի մասըՙ կազմակերպելով նոր երաժշտության ամենամյա փառատոներ, ժամանակակից երաժշտության մենակատարների մրցույթ, որն ի դեպ շատ հեղինակավոր է Եվրոպայում, ինչպես նաեւ տարբեր նախագծերՙ գրեթե միշտ ընդգրկելով նոր պատվիրված ստեղծագործություններ: Բացի այս, կենտրոնական քաղաքներում անկախաբար գործում է 2-3 մենակատարների անսամբլ, որոնց շնորհիվ երաժշտական կյանքը միշտ հագեցված է լինում նորություններով: Իսկ թե ինչ անհուսալի վիճակում է Հայաստանի Կոմպոզիտորների միությունըՙ այս մասին շատ է խոսվում, որի վերջին տարիների պասիվությունը եւ կասկածելի քաղաքականությունը որոշ կոմպոզիտորների համար կազմակերպությունը լքելու պատճառ է դարձելՙ շատերն ել ուղղակի անտարբեր են միության գոյության նկատմամբ: Այսպիսի բացասական մթնոլորտի առկայությամբ դժվար է խոսել ժամանակակից երաժշտության ոլորտի զարգացման մասին, եթե չլինեին կոմպոզիտորների անսահման նվիրվածությունն ու հավատը իրենց արվեստին: Դա ինչ-որ տեղ անհատական ինքնակազմակերպվածության արդյունք է նաեւ:

Հարցազրույցը վարեց ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, Երգիչ, կոմպոզիտոր, ՀԵԿԿՄ նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4