ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Մեր մտավորական-հասարակական շրջանակներում շարունակվում է քննարկվել հեռուստասերիալների խնդիրը: Հասարակագետներն ու հոգեբանները փորձում են մասնագիտական բնորոշումներ ներկայացնել հասարակության վրա սերիալների թողած հոռի ազդեցության վերաբերյալ, լեզվաբաններըՙ զգուշացնել հայերեն լեզվի աղճատման հետեւանքներից, Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդըՙ հունավորել առկա դժգոհությունները եւ լուծման ակնկալությամբ դրանք հղել հանրապետության նախագահին, որ, ըստ տեղեկությունների, պատրաստակամ է քննության առնելու եղած տեսակետներն ու առաջարկները, մինչդեռ, մյուս կողմից, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանները (այսպես կոչվածՙ գրանտակեր ՀԿ-ներ) ջանում են վճռական հակահարված տալ հեռուստասերիալների հակառակորդներինՙ հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող այդ դիմումների հետեւում պետական գրաքննության վտանգ զգալով:
Կարծում եմՙ արդարացի են երկրի բարձրագույն իշխանության միջամտությունը հրավիրողների դիմումները եւ իզուր են վերոհիշյալ ՀԿ-ների մտավախությունները: Հայաստանում հեռուստատեսության ասպարեզում գրաքննությունը արդեն առկա է, գործում է, եւ սեփական մատի հետեւում թաքնվել պետք չէ: Պարզապես այդ գրաքննությունը այժմ ընդունել է պոստսովետիզմին հատուկ ձեւերՙ հանրային սեփականություն հանդիսացող եթերի սեփական հայեցողությամբ բաշխում, գովազդային հոսքի ուղղորդում, «պետպատվեր», թելադրանք, ինքնագրաքննություն, եւ այլն: Քանզի Հայաստանում, հակառակ սովետական կարգուսարքը թոթափած լինելուն, կառավարությունը դեռեւս ունի վճռորոշ ներկայություն կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում: Ինքնակառավարումն ու ինքնակարգավորումը դեռեւս ցանկալի հեռանկարներ են միայն: Ուստի, վերադառնալով մեր նյութին, անհրաժեշտ է իշխանությունների ուղիղ ու բացահայտ միջամտությունը: Կես-հղի վիճակը ոչինչ չի կարող ծնել:
Հետեւաբար, իրերի ներկա կացության մեջ, հարցին պետք է մոտենալ առավել իրատես ու գործնական, ոչ միայն սերիալների խնդրին, այլեւ ողջ հեռուստատեսությանը, նրա արտադրանքին, դերին:
Հեռուստատեսությունը մեր երկրում ոչ թե պարզապես լրատվական-մշակութային-հասարակական-քաղաքական, այլեւ ազգային անվտանգության խնդիրներ է դնում մեր առաջ: Եվ մի քանի առումներով, որոնցից ուշադրություն պետք է դարձնել հետեւյալ երկուսի վրա:
Առաջինՙ դերի եւ դերակատարության գերարժեւորում:
Տնտեսական ու սոցիալական պայմանների բերումով հեռուստատեսությունը Հայաստանում անհամաչափորեն տարածել է իր տիրապետությունը ընտանիքներում: Հասարակական ամենալայն շերտերի համար այն դուրս է եկել իր սովորական գործառույթների ծիրից ու դարձել հայաստանյան ընտանիքների «իսկական անդամ», նրա ժամանցի եւ զբաղմունքի գլխավոր եւ հաճախ միակ միջոց: Ամենաաղքատ ընտանիքներն անգամ ինքազոհողությամբ ձեռք են բերում մեծ ու շքեղ հեռուստացույց, որը գրավում է տան ամենապատվավոր տեղը եւ ամբողջ օրը խոսում, ցուցադրում, երգում ու պարում է: Անջատվում է ընտանիքի վերջին անդամի անկողին մտնելու հետ եւ միացվում է առաջինը արթնացողի կողմից: Շարունակում է «գործել» ամբողջ օրը, նույնիսկ դատարկ սենյակում: Idiot՛s box- այսպես են կոչում հեռուստացույցը ամերիկացի մասնագետները նման իրավիճակներում, շեշտելու համար հեռուստատուփի իդիոտացնող, ապուշացնող ազդեցությունը հատկապես տարեց մարդկանց, տնային տնտեսուհիների ու մանավանդ երեխաների վրա: Այդ «տուփն» է թելադրում արժեչափ ու արժեքային համակարգ, հետեւաբար կարող է նաեւ հեռուստադիտողին ներկայացնել կեղծ արժեքներ ու «կեղծ հանճարների»: Մանավանդ որ, ի տարբերություն տպագիր մամուլի եւ հատկապես համացանցի, այն իր սպառողին միշտ պահում է պասսիվ վիճակում, սոսկ ընդունիչի դերում:
Եվ նման երեւույթը բնականաբար պիտի՛ արժանանար մեր պետական համապատասխան մարմինների, քաղաքական եւ կուսակցական, հասարակական շրջանակների, նաեւ մեր մամուլի (արեւմտյան երկրներում հեռուստատեսային ծրագրերը մշտապես գտնվում են մամուլի ուշադիր հայացքի տակ, մինչդեռ հայաստանյան տպագիր մամուլը անտեսում է այդ ոլորտը. թերեւս բացառություն է կազմում «Հայկական ժամանակը», ավելի ճիշտՙ նրա աշխատակցուհիներից մեկը, այն էլ, դժբախտաբար, քաղաքական-կուսակցական մոտեցմամբ) սեւեռուն ուշադրությանը:
Այնինչ, մեր հաջորդական իշխանություններին հեռուստատեսությունը հետաքրքրել է սոսկ իբրեւ քաղաքական-քարոզչական գործիք, այն էլՙ սեփական շահագրգռվածությամբ: Պետական պատվերը կամ պատվիրանը եղել է ընդամենը մեկըՙ լինել լոյալ ու կարգապահ քաղաքականապես, իսկ մնացյալ հարցերումՙ հասարակական, կրթական, մշակութային եւ այլ, վարվել այնպեսՙ ինչպես ցանկանում են, աչք փակելով նրանց առեւտրատնտեսական ու ֆինանսական խախտումների, սահմանված կանոնների եւ օրենքների զանցումների վրա: Եվ Ամալյանի տխրահռչակ հանձնաժողովը խիստ մասնակի եւ ընտրովի է կատարում օրենքով իրեն սահմանված պարտականությունները, մինչ Հանրային հեռուստատեսության խորհուրդն իր անդամներից շատերի համար դարձել է «լռության դիմաց թոշակ» ստանալու վայր: Ասպարեզը թողնված է հեռուստաընկերությունները տնօրինողներիՙ հեռուստաբարոնների հայեցողությանը, ճաշակին, գիտակրթական մակարդակին: Ու տղեքը փող են շինում... միշտ կառչելով «ռեյծինգներից» եւ հեռուստալսարանի «պատվերներից»:
Երկրորդՙ ազգային եթերային տիրույթ:
Այո, շնորհիվ մեր մի քանի հեռուստաընկերությունների բիզնես նախաձեռնությանը (տեսնո՞ւմ եք, նրանք կարող են նաեւ լավ գործեր ձեռնարկել), վերջին շուրջ 10 տարուց ի վեր խիստ մեծացել է մեր ազգային եթերային տիրույթը, անդրանցելով Հայաստանի սահմաններըՙ ընդգրկելով հարեւան Իրանը, Վրաստանը, ողջ Միջին Արեւելքը, Եվրոպան, Մ. Նահանգներն ու Կանադան: Այսինքնՙ գրեթե բոլոր այն վայրերը, որոնք արտասահմանում բնակվող մեր ժողովրդի բնակավայրերն են: Դա մեր ազգային տիրույթն է, որը այլեւս չենք կարող զիջել անդրազգային մրցակիցներին:
Իրավիճակը լրիվ պատկերացնելու համար մի պահ գնանք հետ, 10 տարի առաջվա վիճակը այդ տիրույթում: Նույնիսկ Հայաստանում, որտեղ շատերն իրենց արբանյակային ալեհավաքները շուռ էին տվել դեպի հարավ-արեւմուտք, տեր-տիրական էր դարձել թուրքական հեռուստատեսությունը: Գյումրիում, օրինակ, հայ մարդիկ միմյանց հրաժեշտ տալիս ասում էին «գյուլե-գյուլե»... Իսկ Սիրիայի հյուսիսային շրջաններումՙ Հալեպ, Քեսաբ, Քամիշլի եւ այլուր, հայ ընտանիքներում, դեռեւս 70-ական թվականներից, թուրքերենն ու թուրքական շարքըներն էին կրկին դարձել տիրապետող, իսկ թուրք դերասաններն ու երգիչներըՙ սիրելի: Դպրոցահասակ երեխաներն անգամ գիտեին թուրք երգիչ-դերասաններ զեքի մյուրաններին ու սեսը գյուզելներին...
Վերջին տասնամյակում, ահա, այդ պատկերն է փոխվել: Հօգուտ մեզ: Վերոհիշյալ գաղթօջախներում, ինչպես նաեւ Սիրիային հարեւան Լիբանանում, Հորդանանում, Երուսաղեմում, Կիպրոսում եւ, այս կողմից, Իրանում ու նույնիսկ Թուրքիայում, անգամ հեռավոր Փարիզում, Աթենքում, Սալոնիկում, Մ. Նահանգներում ու Կանադայում հայության մի կարեւոր մասն այսօր դիտում է մեր հեռուստաընկերությունների արտադրանքըՙ լուրեր, ռեպորտաժներ, ֆիլմեր, համերգներ եւ... սերիալներ:
Սերիալներ ասացի ու հիշեցի մի երկու տարի առաջ Լիբանանի Այնճար հայկական ավանում ինձ պատահածը: Տեղի մանկատան երեխաները, 11-13 տարեկան տղաներ եւ աղջիկներ, հենց փողոցում շրջապատեցին ինձ եւ սկսեցին հարցնել. «Դուն Փառանձեմը կճանչնա՞ս»: Եվ զգալով տգիտությունսՙ տվեցին երկրորդ հարցը, այս անգամ արդեն արհամարհական. «Հովո՞ն ալ չես ճանչնար»: Պարզվեց, որ դասերից հետո նրանք «Վերվարածներ» ու «Որոգայթ» սերիալներն էին դիտում: Դաստիարակները նրանց թույլատրել էին «հայրենիքեն եկող» այդ «սնունդը» ճաշակել, առանց անդրադառնալու, թե վեր ու վար անող ինչպիսի՜ որոգայթներ կան դրանց մեջ:
Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է այն մարդկանց պահանջը, ովքեր առաջարկում են վերջը տալ սերիալների: Ինքներս դիտենք դրանք, թե ոչ, հեռուստասերիալները դեռեւս կարեւոր դեր ունեն ժողովրդի որոշ խավերի ժամանցը կազմակերպելու, հետաքրքրությունները բավարարելու գործում: Մոտավորապես այնպեսՙ ինչպես 60-100 եւ ավելի տարիներ առաջ, Պոլսում, Թիֆլիսում, Զմյուռնիայում, Բաքվում եւ այլուր լույս տեսնող մեր պարբերական մամուլում հրատարակվող թերթոնները, որոնք ծննդոցը դարձան գրական կարեւորագույն գործերի, ինքնուրույն թե թարգմանածո, անշուշտ նաեւ գրական աղբի: Համենայնդեպս, դրանց ամենօրյա ընթերցումը գրագետ դարձրեց բազմաթիվ սերունդների:
Գրագե՞տ: Անմիջապես հիշողությանս մեջ վերապատկերվեց մեր «առաջատար» մի շարք հեռուստաընկերությունների սերիալական արտադրանքը, աղբըՙ մեծամասամբ: Գռեհկություն, բռնություն, գողություն, սպանություն, առեւանգում, դավաճանություն, խարդավանք, խաբեբայություն, դավադրություն, սպառնալիք, կոպտություն, զավզակություն, անհամ եւ անհոտ կատակներ, ժարգոնիզմ, համատարած այախոսություն, կարամ-կարասներ: Կարող եք շարունակել ինչքան ուզեք: Արդարացո՞ւմը այս բոլորի. սա մեր կյանքն է, կյանքային իրական կերպարներ են, գրական հայերենն անկենդան լեզու է, բոլորովին անհարմար մեր հերոսների (իրե՛նց հերոսների) լեզվին եւ, վերջին ապաստանը նորօրյա բոլոր տեսակի անտաղանդներիՙ դա՛ է այսօրվա հեռուստադիտողի պատվերը: Թվում էՙ այդ մարդիկ բնավ թատրոն չեն գնացել, լավ ֆիլմեր չեն նայել, Չարենց, Բակունց, Օտյան, Կոստան Զարյան, Զոհրապ, Դեմիրճյան ու Շահնուր չեն կարդացել, ու ոչինչ չգիտեն կերպարայնության, կերպարային խոսքի, թատերական գործողության, հանգույցի եւ նման բաների մասին: Այլապես նման աղբը չէին քշի մեր ներքին եւ արտաքին շուկաներ: Այլապես իրենց հայացքը կթեքեին դեպի հարյուրհազարավոր մեր համեստ ու միջին զանգվածների իրական կյանքը, կարտացոլացնեին նրանց խնդիրները: Այլապես կզգային իրենց ողջ պատասխանատվությունը ժողովրդի, ազգի, պետականության առաջ:
Հեռուստաքաղաքականությունը իսկապես շատ լուրջ բան է մերօրյա հեռուստաբարոններին վստահելու համար:
Պետական միջամտություն պետք է նույնիսկ գրաքննության սպառնալիքի ներքո: Լավ ուսումնասիրված, լավ վերամշակված, բոլորի համար պարտադիր եւ կիրառելի, մանրակրկիտ վերահսկողության տակ գործող օրենք է պետք մեզ: