ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Հեռուստասերիալներում, զանազան հեռուստանախագծերում խոշտանգվող մեր լեզվի համար չեմ վախենում: Գռեհիկ ժարգոնն ու նսեմ փողոցալեզուն այստեղ գործածվում են այնքան ցածր ինտելեկտուալ մակարդակներում եւ սովորաբար այնպիսի «հերոսների» կողմից, որ բացառվում է այդօրինակ խոսքի կործանարար ազդեցությունը լեզվի զարգացման վրա: Լեզվի համար ես վախենում եմ, երբ բանավիճելիս կամ հրապարակային խոսք հնչեցնելիս հեռուստաեթերում բարբառախոսում եւ ա-ախոսում է գիտության մարդը, արվեստագետն ու ուսուցիչը, ա-ախոսում է երկրիս ներկա կամ երբեմնի բարձրաստիճանավորը, օրինակՙ Հակոբ Մովսեսը, Ռոլանդ Շառոյանը, Ռուբեն Հովսեփյանը, քանզի նրանք նաեւ (ամենից առաջ) գրականության մարդիկ են, հետեւաբար բանավոր խոսքից չքացող է-ի պաշտպանության դիրքերում ամենից առաջ իրե՛նք պիտի լինեին, չկան, իրե՛նք պիտի դառնային է-ապայքարի այսօրվա առաջամարտիկները չեն դառնում:
Փոխարենն ասպարեզ են մտել մարտնչող է-ատյացներ, նրանցից ոմանք արդեն «հոգելեզվաբանական» փաստարկներ են բերում, գիտական «տեքստեր» հորինումՙ հիմնավորելով «է» օժանդակ բայի իբրեւ թե ժամանակավրեպ, կենդանի խոսքում մեռած լինելու հանգամանքըՙ այդպիսով կանոնականացման ճանապարհ հարթելով ա-ի համար: Ահավասիկ նրանցից ամենակռվազանը` «գրող, հրապարակախոս» Մարինե Պետրոսյանը, ում հրապարակային անդրադարձները խնդրո առարկային լի են նախՙ ընդհանրապես լեզվի կանոնականության, ապա նաեւ` է-ախոսության եւ է-ագրության հանդեպ բուռն քամահրանքով, որը, տարօրինակ մի մաղձով տապակելուց հետո, «գրող, հրապարակախոսը» դարձնում է անմեկնելի ատելություն ու խորշանք գրական կանոնավոր լեզվի եւ առավելապես` է-ի հանդեպ: Մ. Պետրոսյանի խորշանքը հիրավի անչափելի է, եւ դա ունի իր բացատրությունը. «գրող, հրապարակախոսը» հասկանում է է-ի բացառիկ նշանակությունը լեզվի համար, հետեւաբար բանավորի նման գրավոր խոսքն էլ ա-ագրությամբ «բնականացնելու», «ստերիլացումից» փրկելու իր առաքելությունը նա սկսում է գրավոր խոսքում նախ եւ առաջ է-ն ոչնչացնելով, ապա նաեւՙ է-ին արժանի հարգն ու պատիվը ա-ին «փոխանցելով»: ««Ա» օժանդակ բայը շարքային դետալ չի տեքստում ,- գրում է մերօրյա լեզվահեղափոխականն ա-ագրությանը նվիրված իր մի «տեքստում» (տե՛ս նրա բլոգը tert.am կայքում), - հանդիպելով համարյա ամեն նախադասության մեջՙ ա օժանդակ բայը փոխում ա տեքստի բնավորությունը, ու էտ նոր բնավորությունը արդեն պահանջում ա նորանոր փոփոխություններ. հեռանում է /հեռանում ա, իրենից / իրանից» :
Ինչ խոսք, մարդու իրավունքն է` այլոց հետ հաղորդակցվել իր համար նախընտրելի լեզվով. բանաստեղծուհու համար, ով քնարական կերպար է «կերտել» սեփական սեռական օրգանից, նաեւ` ա-ախոսությամբ ու ա-ագրությամբ. անհամեմատ անտաղանդ «գրող, հրապարակախոսն» էլ կարող է իր գործը նույն կերպ անել, սակայն պարզ մարդկային, չասենք` կանացի համեստությունը հուշում է` այդ ամենն անել այնպիսի «տարածքներում», որտեղ չես խախտում լեզվական օրինապահությամբ ապրելու այլոց իրավունքը, չես քամահրում քո իսկ պետական լեզվի «սահմանադրությունը»: Իսկ լեզվական կանոնները հենց լեզվի սահմանադրությունն են, որիՙ առնվազն 16 դար անփոփոխելի մի «հոդվածով» սահմանված է այդ սահմանադրության է-ական, է-ապաշտ եւ է-ամետ լինելը, հետեւաբար յուրաքանչյուր ոտնձգություն լեզվի է-ականության դեմ ոտնձգություն է լեզվի դեմ:
Դառնանք վերոհիշյալ «գրող, հրապարակախոսին», որի պոեզիայի «ամենաինքնատիպ» կողմն իր ստեղծագործություններից է-ի վտարումն է: Բայց եթե հաշվի առնենք այդ պոեզիայիՙ զուտ իր հորինողի տնային գործածությամբ սահմանափակված լինելը, չենք կարող չարձանագրել, որ լեզվի համար դա անվտանգ իրողություն է. պոետի կատարյալ ապաշնորհությունն այս դեպքում, անկասկած, ապահովում է է-ի կանոնիկ անվտանգությունը եւ ա-ի լուսանցքային կարգավիճակը: Իսկապես, էական ի՛նչ վնաս կարող է տալ Մ. Պետրոսյանը, օրինակ, այսպիսի «գործերով».
անտառ
արեւ
ծաղկաձոր
լռություն
թեթեւ քամի
արմանը sms ա ուղարկել
ասում ա սերժը հրաժարական տվեց
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ ծառին
սեւեռուն նայում եմ դիմացի ծառի բնին
սեւ, չաղ, զզվելի ագռավը
օրորվելով էկավ
լուռ կանգնել ա կողքիս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
բայց շուրջս քարի կտոր չկա
արմանը նորից sms ուղարկեց
ասում ա սերժը հրաժարական ա տվել չես գալի՞ս..... («Երկու SMS»)
պաշնորհ այս պոետը, սակայն, միանգամից վտանգավոր է դառնում, երբ գիտունի փափախ դրածՙ սկսում է «գիտական» փաստարկներ բերել ի պաշտպանություն ա-ագրության, իսկ իրեն երեւակայել, ոչ ավելի-ոչ պակաս, իբրեւ լեզվահեղափոխական: Այստեղ են, ահա, խորանում կասկածները, որ նա ստեղծագործում է ոչ այնքան հանուն գրականության, որքանՙ լեզվահեղափոխության: «Եթե գրողը խոսակցական լեզուն օգտագործում ա նաեւ որպես պատումի լեզուՙ դա արդեն մի քիչ նման ա լեզվական հեղափոխության: Բայց իմ արածը ոչ թե պարզապես նման ա լեզվական հեղափոխության, այլ ամենաիսկական հեղափոխություն ա, որովհետեւ ես խոսակցական լեզուն օգտագործում եմ ոչ միայն որպես գրականության լեզու, այլ նաեւ որպես գրական լեզու.... (ընդգծումն իմն էՙ Լ. Ս.)»:
Եվ «գրող, հրապարակախոսը» շարունակում է գրել-մրել ինտելեկտուալ «տեքստեր» (սիրու՜մ է տիկինն այդ տերմինը) ամեն ինչի մասին ու ամեն առիթով, բայցՙ գրել անպայման ու անխուսափելիորեն «ա» օժանդակ «բայով»:
Մ. Պետրոսյանն, ինչ ասել կուզի, այսքան ուշադրության չէր արժանանա, եթե իրենով չմարմնավորեր լեզվի զարգացման ընթացքը բախտի քմահաճույքին թողնելու ջատագով այն «արվեստագետներին», ովքեր սեփական ապաշնորհությունը թաքցնելու, յուրօրինակություն խաղալու եւ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելու այլ եղանակ չունեն, քան մայրենի լեզվի օրենքներն ու օրինաչափությունները քամահրելովՙ իբրեւ թե «բնական» լեզվով ասպարեզ գալը, որի ակնհայտ արտահայտություններից մեկն էլ «է» օժանդակ բայն ա-ով փոխարինելն էՙ ա-ագրությունը:
Զարմանալի է, բայց եղավ այնպես, որ լեզվական համընդհանուր աղավաղումների այս խառը ժամանակներում ամենից շատ տուժողը հենց է-ն եղավ: Հայկական հեռուստասերիալների լեզուն, որ հաճախ արդարացի քննադատության է արժանանում լեզվի անաղարտությամբ մտահոգ մարդկանց կողմից, կամաց-կամաց մաքրվելու միտում ունի, եւ թերեւս միակ բանը, որը սերիալային լեզվամտածողությունը զիջել չի ուզում, ա-ն վերստին է-ով փոխարինելն է: Բանը հասել է նրան, որ հենց լեզվական մաքրության խնդիրներին նվիրված հանրային քննարկումները, մասնավորապեսՙ հեռուստաբանավեճերը հաճախ ընթանում են ա-ի գերիշխանության մթնոլորտում, եւ հեռուստաէկրաններից միանգամայն անվրդով ա-ախոսում է բանասերը, գրողը, մտավորականը:
Հարցազրույցի ժանրի հաղորդումներում լրագրողները հաճախ իրենք են «բռնվում» հյուրի ա-ախոսությամբ: Հեռուստաեթերը, դժբախտաբար, հակառակի օրինակներ էլ է տալիս, երբ հեռուստալրագրողն այնպիսի անուղղելի ա-ախոս է, որ կարճ ժամանակում «դավանափոխում» է իրեն հյուր եկած ուզածդ մարդու, նույնիսկՙ երդվյալ է-ախոսին: (Այս առումով անկրկնելի է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, ով անուրանալի «վաստակ» ունի ա-ախոսությունը հեռուստաեթերում օրինականացնելու գործում: Եվ նրա մշտական ա-ախոսությունը ոչ թե լեզվական անփութության հետեւանք է, այլ, կարծեք թե, է-ն բանավոր հաղորդակցման տիրույթներից վերջնականորեն դուրս մղելու մշակված ծրագիր: Ընդսմին, հետաքրքրական է, որ այդ լրագրողն իր հոդվածները շարադրում է բացառապես է-ով, ինչից պետք է ենթադրել, որ նա ոչ թե ա-ի «մարինեական» հետեւորդներից է, այլ հստակ գիտակցում է ա-ի ոչ կանոնականությունը, սակայն շարունակում է իներցիայով ա-ախոսել, ինչն առավել վտանգավոր է, քանի որ իներցիան գրեթե միշտ դիտվում է իբրեւ լեզվի զարգացման «բնական» ընթացք, որով խաբվում են ոչ միայն Մարինեի նմանները, այլեւ Պետրոսի պես օժտվածները):
Լեզվի բնական զարգացման մերօրյա «տեսաբանները» բանավոր հաղորդակցությունից է-ի դուրս մղումը պատճառաբանում են վերջինիս գործածության տիրույթի նեղացմամբՙ մասնավորապես ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թեՙ քանի որ է-ն այլեւս նախկին ծավալով չի կատարում օժանդակ բայի իր գործառույթը եւ այդ առաքելությունը զիջել է ա-ին, ուրեմն այլեւս կարիք չկա արհեստականորեն հնչեցնելու այն. լավ կլինի, որ լեզվի զարգացման բնական ընթացքն ինքը «կայացնի» վերջնական որոշումը է-ի «խնդրով»: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ամենաէասեր ժամանակներում էլ, դիցուքՙ երեսուն-քառասուն տարի առաջ, ա-ախոսությունը նույնչափ տարածում ուներ, նրա գործածության տիրույթը բնավ ավելի փոքր չէր, քան է հիմա, հետեւաբար ա-ի տիրապետությանը մենք հասել ենք ոչ թե վերջինիս բնական տարածման ճանապարհով, որով «հիմնավորում» ենք այն կանոնականացնելու մեր պահանջը, այլ որ հիմա ավելի պակաս կանոնասեր ենք, քան երեսուն-քառասուն տարի առաջ: Այլ կերպ ասածՙ ա-ին բնական եղանակով հաղթանակած լեզվական իրողության «կարգավիճակ» ենք տալիս ոչ թե որովհետեւ այն իսկապես հաղթել է, այլ որովհետեւ մենք ենք դարձել պակաս հետեւողական լեզվական մեր կանոնասիրության մեջ:
Ընդհանրապես, չափազանց վտանգավոր մտայնություն էՙ գրական կանոնավոր լեզուն արհեստականորեն «քարշ տալ» ժողովրդախոսակցական լեզվի «հետեւից»ՙ վերջինիս յուրաքանչյուր փոփոխություն ներկայացնելով իբրեւ լեզվի զարգացման «բնական» ընթացք: Է-ի վերջնական կորստի վրա հույսները դրածՙ հենց դրան են նկրտում մերօրյա «տեսաբանները», որոնց համար «սենց-տենց-նենց»-ը, «իրանք»-ն ու «էտի»-ն այլեւս լեզվական զարգացման մերօրյա «արգասիքներ» են, որոնք պետք է կանոնականացնել: Իսկ է-ի պարագայում գործ ունենք լեզվական դավադրության հետ, քանզի է-ի կորստով մենք արձանագրում ենք այնպիսի խոտորում լեզվի զարգացման ճանապարհին, որ որեւէ
տրամաբանությամբ մեկնելի չէ. է-ի կորստով սոսկ բառ չի կորչում. կորչում է լեզվի ավանդականությունն ամուր պահող ամենաէական քերականական իրողություններից եւ բառասյուներից մեկը: Մանավանդ որ հայոց լեզվի զարգացման ոչ մի փուլում «ա» օժանդակ բայը հանդես չի եկել իբրեւ համընդհանուր լեզվական իրողություն, հանդես չի եկել իբրեւ հին լեզվիցՙ գրաբարից ավանդառված միավոր կամ գրավոր լեզվի ավանդականությունը չվնասող բնական փոփոխություն: Հետեւաբար, ա-ի նույնիսկ բացարձակ տիրապետության պարագայում էլ (որ, բարեբախտաբար, անհնար է) նրա տարածվածությունը չի ընկալվում իբրեւ կանոնական փոփոխության կռվան եւ փաստարկ, այնպես, ինչպես տարածվածության «փաստարկով» երբեք չի կարող կանոնական դառնալ, դիցուք, «խի» բառը: Դարձյալ տեղին է հիշել, որ նույնիսկ Խ. Աբովյանի վիթխարի տաղանդը չզորեց ա-ն մերել նոր գրականացող աշխարհաբար լեզվին, որովհետեւ այդ փորձը դեմ էր լեզվի զարգացման օրինաչափություններին ու ընթացքի տրամաբանությանը: Իսկ մենք, ահա, փոխանակ հետեւելու ընթացքի տրամաբանությանը, տարվում ենք ընթացիկ «բնական» փոփոխություններով եւ փորձում կանոնականացնել դրանք:
Ցավոք, է-ի համար այսօր այլ հուսալի ապաստան չի մնացել (բարբառախոս տարածքները չհաշված), քան հայ եկեղեցին է, հայ հոգեւորականի շուրթերը, որտեղ, հալածյալ, հանգրվանել է նաՙ ապահովություն ու գնահատանք գտնելով այն մարդկանց կողմից, ովքեր նաեւ միստիկ երկյուղածությամբ են ընկալում է-ի հզոր ներուժը, նրա էաբանական նշանակությունը եւ, ի տարբերություն հայ մտավորականի, գիտնականի ու արվեստագետի, շարունակում են հնչեցնել հնօրյա այդ բառն իբրեւ անհիշելի ժամանակներից եկող լեզվական ավանդ, որի համարժեքը մեր լեզուն չունի:
Անշուշտ, ոմանք այս մտահոգությունները կհամարեն չափազանցված, կհակադարձեն, թե բանավոր խոսքում կատարվող փոփոխություններն ի զորու չեն արագորեն վերածվելու գրական փաստի, հետեւաբար նաեւ դրանց շուտափույթ կանոնարկման խնդիր չի ծագում, ուստի անժամանակ են այս եւ հարանման ահազանգերը, մասնավորապեսՙ է-ի կորստյան առիթով: Սակայն նույն է-ի հետ կապված մեկ այլ «պատահար», ցավոք, ապացուցում է բոլորովին հակառակը: Բաղադրյալ ստորոգյալի ժխտական կառույցում վաղուց ի վեր համարյա չի հնչում հանգույցի դեր կատարող «է» օժանդակ բայի կանոնական ձեւըՙ «չէ»ՙ «մարդ չէ», «ճիշտ չէ». դրա փոխարեն արդեն համընդհանուր են «մարդ չի», «ճիշտ չի» ձեւերը, որոնք նաեւ գրավոր տարածքներ են նվաճել: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել մամուլից, հրապարակագրությունից եւ գեղարվեստական գրականությունից, որտեղ «չէ»-ի փոխարեն բաղադրյալ ստորոգյալի «չի» հանգույցն ընկալվում եւ ներկայացվում է իբրեւ կանոնական: Իսկ դա նշանակում է, որ ուղղակիորեն է-ին առնչվողՙ նրա ժխտական ձեւի այս փոփոխությունը դառնում է ոչ միայն նախադեպ, այլեւ ճանապարհ է-ի վերջնական ա-ափոխման կամ, որ նույնն է, այլափոխման համար: Համենայն դեպս, «չէ»-«չի» այլափոխությամբ է-ի գլխին կախված վտանգն ավելի տեսանելի է դառնում, նրա ոչնչացման միտումըՙ կասկած չհարուցող: Մանավանդ եթե ոչնչացման «հայրենանվեր» գործին են լծվել մերօրյա «տեսաբանները», «գրող, հրապարակախոսներն» ու նրանց նմանները:
Հ.Գ. Է-ախոս բազմաթիվ բարբառներում եւ խոսվածքներում (օրինակՙ Ալաշկերտի) «է» բառի տարբեր նշանակությունների թվում կա եւս մեկը, որն այս դեպքում անկասկած խորհրդանշական է. երբ ուզում են կասեցնել մեկի այլեւս անցանկալի գործողությունը, գործածում են այդ բառըՙ է՛, որ նշանակում էՙ հերիք է, բավական է: Գուցե իսկապեսՙ է՛: