ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2012-07-14 | #14, 2012-07-28 | #15, 2012-08-25


ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆԸ ՍՈՎՈՐԵՆՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿԻՑ

Լոնդոնի օլիմպիական մրցումներց նրա բերած արծաթե մեդալի չափ եւ գուցե ավելի ինձ ուրախացրեց հեռուստատեսությամբ ու ռադիոյով հնչած նրա հայերեն խոսքը - մաքուր, կանոնական, մտքերն ու զգացումները ամբողջապես ու ճիշտ արտահայտող նրա լեզուն, հայո՛ց լեզուն, առանց ա-ախոսության, ժարգոնի, կարաս-կարամ-ի, կուզեմՙ կկրեմ-ի, միաժամանակՙ կենդանի, բնական խոսքը:

Խոսքը Արսեն Ջուլֆալագյանի մասին է, որին այնքան սիրեց մեր ժողովուրդը իր հաղթանակի եւ հայեցիության համար:

Մինչդեռ տարածված կարծիք կա մեր մեջՙ մարզիկները, հատկապես ըմբիշները, անպայման պետք է լինեն կիսագրագետ, իսկ նրանց խոսքըՙ կցկտուր, միավանկ բառերի կույտ, իրենց մարզաձեւի նման կոշտ ու կոպիտ...

Ա. Ջուլֆալագյանի խոսքը դաս էր, դաս պե՛տք է լիներ մեր հեռուստասերիալիստների համար, որոնց կարծիքով մեր ժողովուրդը չի ցանկանում մաքուր հայերեն լսել, անբնական է գտնում գռեհկազերծ ու ժարգոնազերծ հայերենը, իբր հեռուստադիտողը իրեն հասկանալի, փողոցային լեզուն է սիրում լսել հեռուստաեթերից:

Սա նաեւ անտիթեզն էր մեր նորօրյա «լեզվաշինարարներին», որոնք ա-ախոսությունը, կարաս-կարամ-ը փորձում են բարձրացնել գրական լեզվի մակարդակի եւ կարգավիճակի, ինչի մասին կողքի սյունակներում գրում է մեր ձեռնհաս հոդվածագիրը:

Մեր թերթն այս հարցին բազմիցս է անդրադարձել, եւ մարտնչող այդ տգիտության դիմացՙ ըստ երեւույթին դեռ երկար է անդրադառնալու: Դեռ վերջերս մեր աշխատակցուհին նկատել էր (տեսՙ «Ազգ» մշակութային հավելված, 14.07.12, Մ. Բադալյանի ««Ազատության» բարոյականությունն ու լեզուն» հոդվածը), որ մաքուր հայերենով են իրենց ֆուտբոլային ռեպորտաժները վարում մեր հեռուստամեկնաբանները: Ժողովրդի մեջ տարածված ռուսական, օտար արտահայտություններին հակառակ (շտանգա, շտրաֆնոյ, աուտ, օֆսայտ, պենալտի, ֆաուլ, սուդյա եւ այլն), մեր ֆուտբոլային մեկնաբանների խումբը (Կարեն Գիլոյան, Էդուարդ Քալանթարյան, Արմեն Մելիք-Բեկյան, Խաչիկ Չախոյան) հաղորդումը վարում է մաս-մաքուր հայերենով, եւ, ի դժբախտություն նորօրյա մեր «լեզվաշինարարների» եւ սերիալիստների, ոչ ոք չի բողոքում դրա դեմ, նրանց լեզուն ընդունելի է բոլորի համար, ընդունելի, հասկանալի ու բնական:

Եվ հիմաՙ գլխավոր հարցը. ինչպե՞ս են մեր ֆուտբոլային մեկնաբանները կարողացել իրենց մասնագիտական գործը իրականացնելիս չազդվել մոդայիկ «լեզվաբանությունից»: Ինչպե՞ս է Արսեն Ջուլֆալագյանը իր խոսքը զերծ պահել «ըմբշահայերենից»:

Ինձ համար պատասխանը մեկն էՙ մեկնաբանները երդվել են հավատարիմ մնալ իրենց նախորդներիՙ Լեւոն Դանիելյանի, Սուրեն Բաղդասարյանի, Սլավա Սարգսյանի եւ ասպարեզի մյուս երախտավորների հիմնած հայկական ու հայերեն հաղորդավարական դպրոցի, շկոլայի սկզբունքներին: Իսկ Արսենըՙ իր հայրիկի, իր ընտանիքի տված դաստիարակությանը:

Մաքուր հայերենը սովորենք նրանցի՛ց:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4