Նյու Յորքում «Պիկասո-Ժիլո» ցուցահանդեսի առթիվ
Պաբլո Պիկասոյի ստեղծագործական ժառանգության մեջ մեծ տեղ են զբաղեցնում կանանց դիմանկարները: Առաջին հերթին հատկապես այն երեք կանանց, որոնք դարձել են իր կյանքի մասնիկները, ընկերները. Մարի-Թերեզ Վալտեր, Դորա Մաար եւ Ֆրանսուազ Ժիլո:
Վերջինիսՙ արվեստի բնագավառի 23-ամյա ուսանողուհու հետ Պիկասոն ծանոթանում է 1943 թվականին փարիզյան մի սրճարանում: Այն ժամանակ նա 61 տարեկան էր, եւ, կանանց շրջանում իր գտած հաջողությունները հաշվի առնելով, զարմանալի չէր, որ երիտասարդ աղջիկը շուտով սիրահարվում է նրան: «Բայց այն, որ նա թողեց-հեռացավ նրանից, խիստ ցնցող էր եւ նյութ դարձավ բազմաթիվ ուսումնասիրությունների եւ նույնիսկ ֆիլմերի», գրում է «observer.com» կայքում Մարիկա Պոլաքը: Հոդվածը հունիսի 6-ին արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, որտեղից քաղում ենք հետեւյալ մանրամասնությունները:
Նրանց տասը տարվա հարաբերությունների մասին պատմող ստեղծագործություններն այժմ ցուցադրված են Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահում: Դա թվով չորրորդ ցուցահանդեսն է, որ աշխարհահռչակ արվեստագետի կենսագիրըՙ Ջոն Ռիչարդսոնը կազմակերպում է այդ պատկերասրահում: Այս անգամ ներկայացվածը այնքան ներշնչանք չի պարունակում, որքան առաջին ցուցահանդեսի կոլաժները: Ոչ էլ այնքան տարօրինակություն կամ հնարագիտություն, որքան 2009-ի «Picasso: Mosqueteros» եւ անցյալ տարվա «Picasso and Marie-The՛reՙse: L՛amour fou» ցուցահանդեսները համապատասխանաբար: Սակայն փոխարենըՙ ներկայացված կտավները, վիմանկարներն ու խեցեգործական իրերը հարակից դահլիճում երիտասարդ Ժիլոյի կտավների հետ, ստեղծում են ընտանեկան խաղաղ ու անխռով մի յուրահատուկ մթնոլորտ: Երկու արվեստագետներին, որոնք այդ ժամանակ ստեղծագործել են Ֆրանսիայի հարավում գտնվող գողտրիկ մի վայրում, ներշնչել են իրենց համատեղ սիրալիր կյանքն ու մանավանդ երկու երեխաներըՙ Կլոդը եւ Պալոման: Կտավների մի քանի շերտ պարունակող գույները, որոնք չորանալու համար որոշակի ժամանակի կարիքն ունեն, խոսում են հանգիստ, անփութկոտ ժամանակների մասին, ի հակադրություն դրանց նախորդած շտապողական կամ հապճեպ ժամանակների արտադրությանց: «Դասախոսությունը եւ խաղալիքները» (1953), ինչպես նաեւ «Խաղերը» (1950) կտավներում երեխաները խաղալով են զբաղված, իսկ «Պալոման եւ իր տիկնիկը» (1952) յուղանկարում դստեր լուսնակլոր դեմքն է շեշտված: «Չինական ստվերներում» (1952) ներկայացված են ընտանիքի չորս անդամները: Սա Պիկասոյի «ամենաբուրժուական» տեսարաններից մեկն է:
Պիկասո-Ժիլո հարաբերությունները կարելի է անվանել «միջերկրականյան-հովվերգական»: Կտավների կողքին ցուցադրված լուսանկարներում նրանք պատկերված են Անտիբում, Վալլորիսում, Կաննում, որտեղ Ժիլոն ծանոթացել է Պիկասոյի ընկերներիՙ մասնավորապես Մատիսի հետ: «Դեղին վզնոցով կինը» (1946) եւ «Կանաչամանուշակագույն տարազով կինը» (1947) կտավների գույները Մատիսի թելադրանքով է ընտրել Պիկասոն: Նա Ժիլոյին պատկերել է նուրբ դիմագծերով, մեծ կրծքերով եւ քառակուսի գոտկատեղով: Իսկ վիմանկարներում առանձնակի շեշտադրությամբ ընդգծել է նրա գեղեցիկ հոնքերը, բայց առավել հաճախակի Պիկասոն Ժիլոյին պատկերել է որպես տանը գտնվող մի սովորական իր, որ մերթ քամում-չորացնում է իր մուգ գույնի փարթամ մազերը, մերթ խաղում երեխաների հետ, կամ պարզապես իր ներկայությամբ հաճույք պատճառում շուրջիններին, ինչպես, օրինակՙ «Մայրը եւ երկու զավակները» (1950) կտավում:
Կողք կողքի կախված լուսանկարները, որոնցում արվեստագետները պատկերված են ստեղծագործելիս, փորձում են հուշել, որ փոխադարձաբար էսթետիկական ազդեցություններ են ունեցել միմյանց վրա, մինչդեռ ներկայացված կտավներից շատ հստակ է, որ Ժիլոյի կտավներն են «պիկասսոյական»: Ժիլոն է նաեւ, որ առավել մանրամասն է ներկայացրել իրենց առօրյա կյանքը: Երեխաները իսկական են նրա կտավներում եւ ոչ թե գույների վերացական (աբստրակտ) քառակուսիներ, ինչպես Պիկասոյի մոտ:
Ժիլոյի աշխարհում մարդիկ անկախ են ու ընդգծված կամային հատկություններ ունեն: Նրանք նաեւ փորձում են բարոյական պատգամներ հղել ուրիշներին:
Ժիլոն իր կտավների ցուցադրումների հարցով համագործակցել է հայտնի դիլեր Դենյըլ Հենրի Կանուիլերի հետ, մինչեւ Պիկասոյից բաժանվելըՙ 1953-ին:
Նրա վառ անհատականությանը չափազանց դժվար էր տեսնել, թե ինչպես էին Պիկասոյի նախկին սիրուհիներն ու կանայք (բալերինա Օլգա Խոխլովանՙ նրա առաջին կինը, Դորա Մաարըՙ սիրուհին եւ զիջողՙ Մարի-Թերեզը) շարունակում պտտվել նրա շուրջը: Պիկասոն էլ իր հերթին շարունակում էր ապացուցել աշխարհին, որ դեռեւս կենսունակ է:
Պիկասոյից բաժանվելուց հետո, Ժիլոն ինքնահաստատման հատուկ ծրագիր մշակեց եւ հասավ իր նպատակին: Ներկա ցուցահանդեսը վառ ապացույցն է դրա: Այստեղ հավասար արժեքներ են ներկայացված: Բայց արդար լինելու համար պետք է նշել, որ իր համբավի առյուծի բաժինը Ժիլոն պարտական է Պիկասոյի հետ իր կապերին. Պիկասոն այդ ժամանակ արդեն իր հաջողությունների պտուղներն էր քաղում, ստեղծել էր հռչակավոր «Գեռնիկան» եւ հայտնաբերել ձեւի եւ արտահայտման նոր միջոցներ, իսկ Ժիլոն դեռ շատ երիտասարդ էր: Բայց տասը տարվա մտերմությունից հետո նա բավականաչափ ուժ գտավ իր մեջ լքելու Պիկասոյին: Իր պնդմամբ, կանանց մեջ միակն էր, որ այդ քայլը կարողացավ կատարել:
Պիկասոյի համար դժվար էր սկզբնական շրջանում, բայց նա շուտով վերագտավ իրեն եւ նոր սիրավեպ սկսեց խեցեգործության բնագավառում իր օգնականիՙ Ժաքլին Ռոկի հետ, երբեք չդադարելով պնդել, որ ինքն է «ստեղծել Ժիլոյին» («Դու ինձ երախտապարտ պետք է լինես», ասում էր Պիկասոն հաճախ):
Ժիլոն նրան պատասխանեց ոչ միայն լքելով ու հեռանալով, այլեւ երկու երեխաներին իր հետ Փարիզ տանելով եւ 1964-ին հրատարակելով Պիկասոյի հետ իր հարաբերությունների ամբողջական պատմությանը նվիրվածՙ «Կյանքը Պիկասոյի հետ» խորագրով հատորը:
Ներկա ցուցահանդեսի կատալոգում նա գրում է. «Երբ Պիկասոն անդուր էր լինում, նա իսկապես անտանելի էր դառնում: Բայց ես էլ եթե չուզենամ դուրեկան եւ համակրելի լինել, կարող եմ չափազանց անդուրեկան եւ անհամակրելի դառնալ» : Եվ եթե ֆրանսիացիք նրան «Պատվո լեգեոն» շքանշանի են արժանացրել, ապա վստահաբար դա արել են ոչ այնքան արժեւորելու նրա ստեղծագործությունները, որքան խրախուսելու կանացի արժանապատվությանը նրա նվիրվածությունն ու հավատարմությունը:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Կենսագրական տվյալներ
Պիկասո-Ժիլո ցուցահանդեսի մասին թարգմանաբար ներկայացվող հոդվածը չէր կարող չմղել մեզ մանրամասներ իմանալու այս եզակի կնոջ մասին, որին համարում են հետերկրորդ աշխարհամարտյան շրջանի փարիզյան դպրոցի ամենատոկուն բնավորության տեր արվեստագետ:
Ժիլոն ծնվել է Նյոյի-սյուր-Սենում (Ֆրանսիա), 1921 թվի նոյեմբերի 26-ին: Հայրըՙ Էմիլը լավ կրթություն ստացած գյուղատնտես է եղել: Մայրըՙ Մադըլեն Ռենունՙ ակվարելային նկարչուհի: Ժիլոն հինգ տարեկանից վճռել է նկարչուհի դառնալ, եւ երբ հետագայում խստապահանջ հայրը նրան ստիպել է ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, նա հաճախակի բաց է թողել դասերըՙ հաճախելու պատկերասրահներ եւ ուսումնասիրելու արվեստի պատմություն: Մայրը խրախուսել է նրա նկարչական հակումները եւ որոշ ժամանակ նկարչություն է ուսուցանել նրան:
Ժիլոն փիլիսոփայության գծով բակալավրի աստիճան է ստացել Սորբոնից 1938-ին, ապա մասնագիտացել է անգլիական գրականության ուղղությամբՙ հաճախելով Փարիզում Քեմբրիջ համալսարանն ու Բրիտանական ինստիտուտը (այժմՙ Փարիզի Լոնդոնյան համալսարանի ինստիտուտ): Տասնչորս տարեկանին արդեն ծանոթ է եղել հունական դիցաբանությանը, էդգար Պոյին, Շառլ Բոդլերին եւ Ալֆրեդ Ժարին: Բայց արվեստի նկատմամբ կրքոտ սերը ստիպել է նրան հեռանալ ծնողներից եւ տատիկի փարիզյան բնակարանի ձեղնահարկում բացել իր առաջին արվեստանոցը: Քսանմեկ տարեկանում նա արդեն փարիզյան դպրոցի հարգված արվեստագետներից մեկն էր:
Հոր պնդումներին տեղի տալով, 1942-ին իրավաբանականի երկրորդ կուրսի պարապմունքներին է հաճախում, բայց տարեվերջում հաջողությամբ հանձնելով գրավոր թեստերը, ձախողվում է բանավոր քննություններում:
Քսանմեկ տարեկանում (1943-ին) հանդիպում է Պիկասոյին եւ 1945-ին սկսվում է նրանց միասնական կյանքը, որը շարունակվում է մեկ տասնամյակ: Այդ ընթացքում նրան հաճախակի անհանգստացնում են Պիկասոյի նախկին կանայքՙ Մաարը եւ Խոխլովան:
Ժիլոն պաշտոնապես ամուսնացած չի եղել, բայց Պիկասոյին պարգեւել է երկու զավակՙ Կլոդ (ծնված 1947-ին) եւ Պալոմա (ծնված 1949-ին) անուններով:
Իր վառ անհատականությամբ նա եղել է լավ կազմակերպիչ, ոգեշնչող մուսա, հետաքրքրական զրուցակից եւ արվեստի անաչառ քննադատ: Նրանց ընկերների շրջանակը բավական լայն է եղելՙ ընդգրկելով գրողների, փիլիսոփաների, գիտնականների եւ արվեստագետների, ինչպիսիք էին Բրաքը, Շագալը, Կոկտոն եւ Մատիսը:
Հարաբերությունները Պիկասոյի հետ Վալորիսում խզվում են 1953-ի վերջերին, եւ Ժիլոն Փարիզ է վերադառնում զավակների հետ: 1955-ին նա ամուսնանում է նկարիչ Լյուկ Սիմոնի հետ, պարգեւում նրան մի դուստրՙ Օրելիային, բայց 1962-ին բաժանվում է նրանից: Ավելի ուշՙ 1969-ին Լա Ժոլայում (Կալիֆոռնիա), ընկերական մի հանդիպման ժամանակ ծանոթանում է պոլիոմիելիտ սուր վարակիչ հիվանդության դեմ պատվաստանյութի հայտնաբերման առաջամարտիկ գիտնականներից դոկտ. Ջոնաս Սալկի հետ: Ճարտարապետության հանդեպ ունեցած նրանց փոխադարձ հետաքրքրությունները (Ժիլոն լավ էր հասկանում արվեստի գիտությունը, իսկ Սալկըՙ գիտության արվեստը) վերաճում են սիրո եւ 1970-ի հունիսին ընտանեկան նեղ շրջանակի ներկայությամբ նրանք ամուսնանում են Փարիզում:
Ամուսնության քսանհինգ տարիների ընթացքում Ժիլոն արվեստանոցներ է բացում Լա Ժոլայում, Նյու Յորքում եւ Փարիզում: Նրա արվեստըՙ արդեն հասուն ու կայացած, հետզհետե ավելի է ծաղկում: Նա միշտ փնտրում եւ գտնում է արտահայտչամիջոցների նորանոր ոլորտներ: Ստեղծագործում է հիմնականում Նյու Յորքում, բայց նաեւ երբեմնՙ Փարիզում: Շարունակում է ցուցահանդեսների մասնակցել:
Աշխատանքային գործունեության շրջանակներում 1973-ին զբաղեցրել է «Վիրջինիա Վուլֆ» եռամսյա գիտական հանդեսի արվեստի գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետեւ 1976-ին նշանակվել է Հարավային Կալիֆոռնիա համալսարանի գեղարվեստի բաժնի վարչության անդամ: 1980-90-ականներին համագործակցել է Նյու Յորքի Գուգենհայմ պատկերասրահի հետՙ պատրաստելով ներկայացումների դեկորների, զգեստների եւ դիմակների էսքիզները: Վերջին շրջանի նրա ստեղծագործություններում գերիշխում են մարդու վրա ժամանակի, տարածության եւ բնության ուժերի ներգործության թեմաները: Ամուսինըՙ Սալկը վախճանվել է 1995-ին:
Հ. Ծ.
Նկար 2. «Ինքնադիմանկար»
Նկար 3. «Թեյի սեղան»
Նկար 4. «Ողջույն, Վենետիկ»