Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ զգացել են հուսահատության հասած հոգու ցավը, իրենց զգացածը կնկարագրեն «Ճիչը» կտավի պատկերով. իսկական, խոր ցավը չի աղմկում, այլ` ճչում է... համր: Նորվեգացի մեծ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» հռչակավոր կտավը, որը նա ստեղծել է չորս տարբերակով, մինչ օրս էլ ցնցում է մարդկանց երեւակայությունը: Ընդամենը վերջերս «Ճիչը» կտավի` լավագույնը համարվող տարբերակը Sothebys աճուրդում վաճառվեց անհայտ մի գնորդի, ով կտավի համար վճարեց ռեկորդային բոլոր ցուցանիշները գերազանցած գումար` 199,9 մլն դոլար: Մունկն այս կտավում ներդրել է իր ծանր ճակատագիրն ապրելու ընթացքում կուտակած ողջ ցավը եւ ողջ հուսահատությունը, որն անհաղորդ չի թողնում ոչ ոքի...
Ընտանեկան դրամայի արտացոլումն արվեստում
1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում ծնվեց երկրորդ երեխան` Էդվարդը: Քրիստիան Մունկը կրոնական խիստ հայացքների տեր եւ բավականին համեստ վաստակով ապրող մարդ էր, ով ամուսնացել էր իրենից 20 տարով երիտասարդ մի կնոջ հետ: Էդվարդ Մունկի մանկությունն անցել է Քրիստիանիայում. այն տարիներին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն կրում էր այս անունը: Երբ Էդվարդն ընդամենը հինգ տարեկան էր, նրա մայրը մահացավ տուբերկուլյոզից: Առաջին ծանր կորստին հաջորդեց երկրորդը. 15 տարեկան հասակում այդ նույն հիվանդությունից մահացավ Էդվարդի քույր Սոֆին: Երկու ամենասիրելի անձանց կորուստը վերջնականապես խավար իջեցրեց ապագա նկարչի հոգուն` մթագնելով նրա մանկությունը: Առանց այդ էլ լինելով հիվանդոտ, թուլակազմ եւ հիվանդագին երեւակայությամբ օժտված երեխա` Էդվարդն ընկավ մռայլության ու հոռետեսության գիրկը: Նա հետագա ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկազդուրվեց ճակատագրի հասցրած հարվածներից ու վերքերից. հիվանդությունների, մահվան, թախծի, հուսալքության թեմատիկան դարձավ նրա ստեղծագործությունների հիմքը:
1879 թվականին 16-ամյա Էդվարդն ընդունվեց Օսլոյի բարձրագույն տեխնիկական դպրոցը, սակայն կարճ ժամանակ անց տեղափոխվեց Արվեստների եւ գեղարվեստական արհեստների պետական ակադեմիայում ուսանելու: Մի քանի տարի անց երիտասարդ արվեստագետին բախտ վիճակվեց մեկնելու Փարիզ եւ այցելելու իմպրեսիոնիստ նկարիչների ցուցահանդես: Այդ ցուցահանդեսը, որը մեծ տպավորություն գործեց Մունկի վրա, թվով ութերորդն էր եւ վերջինը. իմպրեսիոնիզմի շռնդալից հաղթարշավը փաստացի ավարտված էր, եւ կերպարվեստի այդ գեղեցկագույն ուղղությանը փոխարինելու էին գալիս նորերը: Իր էությամբ եւ արվեստով ամբողջովին դեպի էքսպրեսիոնիզմը հակված Մունկը այդ տարիներին արդեն ստեղծել էր բազմաթիվ կտավներ, որոնց թվում առավել մեծ ուշադրության էր արժանացել «Հիվանդ աղջնակը» կտավը: Թերեւս, ավելորդ է հիշատակել, որ կտավում արտացոլված են նրա քույր Սոֆիի հիվանդությունն ու մահը: Երբ Մունկը 26 տարեկան էր, կազմակերպվեց նրա առաջին անհատական ցուցահանդեսը, որը ամենատարբեր գնահատականներով լի արձագանքների արժանացավ, սակայն, ամենակարեւորը, աննկատ չմնաց: Գեղանկարչության ասպարեզում ի հայտ էր եկել մի նոր` խոստումնալից անհատականություն, ում մեծության ու հաջողության «այցեքարտն» իր անձնական, սուբյեկտիվ ապրումներն էին, որոնք նա շտապում էր հաղորդել սպիտակ կտավին` դրանցից երբեւէ ազատվելու եւ երջանիկ լինելու աղոտ հույսով:
Թերեւս, հենց ընդգծված սուբյեկտիվիզմն էր պատճառը, որ Մունկը, որպես նկարիչ, չունեցավ աշակերտներ, հետեւորդներ ու ընդօրինակողներ. նա կերպարվեստի մյուս հսկաների կողքին ընկալվում է որպես մեկուսի մի կղզյակ, որպես մեկը, ով պատկերել է սեփական ճակատագիրը, իսկ ուրիշի ճակատագիրը, ինչպես հայտնի է, անհնար է ընդօրինակել: Ավելի հեռուն գնալով` Մունկի կենսագիրները պայմանական են համարում նույնիսկ նրա «պատկանելությունը» էքսպրեսիոնիզմին. նրան դժվար է դասակարգել նկարիչների այս կամ այն խմբում, նրա ոճը դժվար է բնորոշել որպես այս կամ այն ուղղության արտացոլում: Արվեստագետներից շատերին հնարավոր չէ նույնացնել իրենց ստեղծած հերոսների հետ. Մունկի պարագայում ճիշտ հակառակն է: Նա պատկերում է իր հերոսներին եւ կրկնում նրանց ճակատագիրը, թեպետ, ի վերջո, դժվար է միանշանակ ասել` ի՞նքն է ընթանում իր հերոսների հետքերով, թե՞ հերոսներն են կրկնում իրենց կյանք տված ստեղծագործողի արարքները: Փաստը մնում է փաստ. հիվանդությունները, ինքնասպանության փորձերը, անվերջանալի գինարբուքները, թմրամոլությունը, ծանրագույն նյարդային ցնցումները, հիշողության մասնակի ու ժամանակավոր կորուստները, անելանելիության զգացումից ծնված ինքնաոչնչացման մղումները եւ այլնը նա զգացել է սեփական մաշկի վրա` ապրելով ու վերապրելով «կյանք» կոչվող այդ մղձավանջը:
Կտավներ, որոնք միստիկական զորություն ունեն
1880-ականների վերջին Մունկն արդեն ձեւավորված նկարիչ էր: Այդ տարիներին նա ստեղծեց «Մահը հիվանդի սենյակում», «Ճիչը», «Կյանքի պարը» կտավները, որոնցում արտացոլված սյուժեն ու ապրումները հետագայում տասնյակ անգամներ կրկնեց իր այլ կտավներում: Նրա նպատակն էր` կտավում առավելագույնս ճշգրիտ վերարտադրել իր այս կամ այն ապրումը: Պատահական չէ, որ նա հաճախ ստեղծում էր միեւնույն կտավի մի քանի տարբերակները. այդ եղանակով նա փորձում էր նորից եւ ավելի կատարյալ կերպով պատկերել նույն զգացողությունը, միտքը, հույզը: Մանկության տարիներին ապրած ծանր հոգեվիճակները նրա համար դարձել էին սեւեռուն գաղափար. նա նորից ու նորից վերադառնում էր իր ընտանեկան դրամային: Մունկի պես նկարիչ-անհատը, բնականաբար, չէր կարող անտարբեր լինել ինքնադիմանկարի ժանրի հանդեպ: Այդ ժանրին, սակայն, նա անդրադառնում էր առանց ինքնասիրահարվածության, ցուցամոլության ու գոհունակության որեւէ նշույլի, առանց բնորդի կեցվածք ընդունելու. նա անհամար անգամներ պատկերել է ինքն իրեն` ասես կողմնակի հայացքով հետեւելով իր արտաքին տեսքում եւ իր ներաշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Առաջին ինքնադիմանկարը նա ստեղծեց 1880-ին, երբ ուսանող էր, այնուհետեւ` 1886-ին, իսկ ավելի ուշ ծնվեցին «Ինքնադիմանկար` սիգարետով», «Ինքնադիմանկար դժոխքում» եւ մյուս կտավները: Ստեղծագործական ոճի ձեւավորման սկզբնական շրջանում կրելով գերմանական եւ ֆրանսիական ռեալիզմի ազդեցությունը` նա հետզհետե զտեց եւ բյուրեղացրեց իր ուրույն ձեռագիրը:
1892-ին Մունկն իր անհատական ցուցահանդեսով հյուրընկալվեց Բեռլինում: Նա միայնակ տեղափոխեց կտավները, դրանք միայնակ կախեց ցուցասրահում` սրտի թրթիռով սպասելով խստապահանջ գերմանացիների արձագանքին: Ցուցահանդեսը, սակայն, սկանդալի առիթ դարձավ եւ արագորեն փակվեց. ֆրանսիական արվեստասեր հասարակությունը, որն արդեն ծանոթ էր Մունկի աշխատանքներին, առավել լայնախոհ էր ու պակաս ավանդապաշտ` ի տարբերություն գերմանականի: Այդուհանդերձ, սկանդալը դրական դերակատարում ունեցավ այն առումով, որ Մունկի անունը հայտնի դարձավ գերմանական մտավորականության շրջանում. այլախոհ արվեստագետների խմբավորումները նրան սիրով ընդունեցին իրենց հավաքներում: Մունկը հանգրվանեց Գերմանիայում, որտեղ բնակվեց մինչեւ 1909 թվականը: Հենց այստեղ էլ նա ստեղծեց «Կյանքի ֆրիզը. պոեմ սիրո, կյանքի ու մահվան մասին» նկարաշարի առաջին կտավները: Արվեստաբանները մինչ օրս էլ վերջնական եզրակացության չեն հանգել, թե ընդհանուր առմամբ քանի կտավ է ներառում «Կյանքի ֆրիզը» շարքը, որի ստեղծման ուղղությամբ նկարիչն աշխատել է ավելի քան 30 տարի: Այս մռայլաշունչ ու հիասքանչ նկարաշարում ներառված ամենավառ կտավների թվում են «Մադոննան», «Աստղային երկինքը», «Ձայնը», «Վամպիրը», «Մոխիրը», «Խանդը», «Վախը», «Համբույրը», «Մելամաղձությունը» եւ, իհարկե, «Ճիչը»: Սրանք նկար-միստերիաներ են, որոնք արտացոլում են մարդկային կեցության ամենակարեւոր տարրերը` ծննդից մինչեւ մահ, սիրուց մինչեւ ատելություն: «Ճիչը» կտավը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մունկի ստեղծագործական կյանքի տարեգրքում: Կտավի չորս տարբերակներից երեքը պահպանվում են թանգարաններում, եւ միայն մեկն էր, որ մինչ Sothebys աճուրդում վերջերս ռեկորդային գնով վաճառվելը պահպանվում էր նորվեգացի գործարար Պետեր Օլսենի անձնական հավաքածուում: Օլսենի հայրը բարեկամական հարաբերություններ ուներ Մունկի հետ եւ հովանավորում էր նրան: Ի դեպ, կտավի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Նորվեգիայում նոր թանգարանի, արվեստի կենտրոնի եւ հյուրանոցի կառուցմանը: Կտավի այս տարբերակը մյուսների համեմատ ավելի արժեքավոր է նաեւ այն պատճառով, որ Մունկը փոքրիկ բանաստեղծություն է գրել նկարի համար եւ սեփական ձեռքով պատրաստել նկարի փայտե շրջանակը: «Ճիչը» շարքի մյուս երեք կտավները մի քանի անգամ գողացվել են թանգարաններից, ապա հայտնաբերվել ու վերադարձվել: Ճանաչված արվեստաբան եւ Էդվարդ Մունկի կենսագիր Ալեքսանդր Փրուֆրոքը, փաստերը վկայակոչելով, պնդում է, թե իրականությունից հեռու չէ ժողովրդի շրջանում տարածված այն կարծիքը, որ «Ճիչը» անեծք պարունակող եւ միստիկական զորություն ունեցող կտավ է: Նա հաջորդաբար շարադրում է իրական պատմություններ այն մասին, թե ինչպես տասնյակ մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են կտավի հետ, հիվանդացել են, կորուստներ ունեցել, հանկարծամահ եղել կամ տառապել անբուժելի դեպրեսիաներից: Օսլոյի թանգարանի աշխատակիցները, կենսագրի հաղորդմամբ, միշտ էլ որոշակի զգուշավորությամբ են վերաբերվել կտավին, քանզի իրենց գործընկերներից մեկը, ով պատահաբար ձեռքից վայր է գցել կտավը, գրեթե անմիջապես սկսել է տառապել ծանր գլխացավերից եւ, ի վերջո, ինքնասպան է եղել անհասկանալի պատճառներով: Ինչեւէ, փաստն այն է, որ փսիխոզի ծանր տեսակով տառապող Մունկը այս կտավը ստեղծել է հոգեկան խանգարման վիճակում, ինչով էլ շատերը բացատրում են նկարի յուրօրինակ էներգետիկան: Հատկանշական է, որ նացիստական Գերմանիայում Մունկի կտավների ցուցադրությունն առհասարակ արգելված էր, ընդ որում` անձամբ Ադոլֆ Հիտլերի կողմից: Կտավների զգալի մասը ոչնչացումից փրկել էր այն նույն Օլսենը, ում որդին «Ճիչը» վաճառքի դրեց նյույորքյան աճուրդում: «Ճիչը» կտավի ազդեցությունը սերունդների վրա այնքան զորեղ էր, որ կտավում պատկերված դեմքը որպես նախատիպ օգտագործվել է ամենատարբեր ասպարեզներում, օրինակ` «Ճիչ» հանրահայտ ֆիլմում` սարսափազդու դիմակի տեսքով, Unicode-ի 6.0 տարբերակում` «սմայլիկի» տեսքով եւ այլն:
Անցյալի ստվերները եւ ապագայի սարսափները
Մունկի անձնական կյանքը հարուստ չէր սիրային արկածներով. նա մենակյաց էր, ինքնամփոփ, առհասարակ դժվարությամբ էր հարաբերվում մարդկանց հետ: Վարելով անկանոն կյանք` նա մշտապես բախվում էր ֆինանսական խնդիրների, չափից դուրս մեծ քանակությամբ էր օգտագործում ոգելից խմիչք, չէր կարողանում ազատվել քայքայիչ դեպրեսիաներից: Կանանց հետ ունեցած նրա հարաբերությունները առանձնակի լավատեսություն չէին առաջացնում. բարձրահասակ, ներկայանալի, համակրելի արտաքինով օժտված Մունկը առաջին հայացքից անմիջապես ուշադրություն էր գրավում կանանց շրջանում, սակայն ինքն էր խուսափում լուրջ, կայուն ու երկարատեւ հարաբերություններ հաստատելուց եւ ընտանիք կազմելուց` մտավախություն ունենալով, թե իր զավակներին կփոխանցի ժառանգական տուբերկուլյոզը եւ հոգեկան անհավասարակշռությունը: Նրա կյանքում տեղ գտած միակ հիշարժան սիրավեպի հերոսուհին նորվեգացի մի առեւտրականի դուստր Տուլա Լարսենն էր, ում հետ նկարիչը ծանոթացել էր 1898-ին: Չորս տարի տեւած սիրավեպը դրամատիկ ավարտ ունեցավ: Տուլան սիրահարված էր նկարչին եւ պնդում էր, որ իրենց հարաբերություններն օրինականացվեն, սակայն Մունկը խուսափում էր ամուսնությունից: Մինչ օրս էլ ստույգ հայտնի չէ, թե ինչ նպատակով, սակայն Տուլան եւ նրա ընկերները որոշում են չար կատակ խաղալ նկարչի գլխին` վերջինիս ասելով, թե սիրած աղջիկը, իբր, մահացել է: Մունկը, ում ողջ կյանքում հետապնդում էին վաղամեռիկ քրոջ ստվերը եւ այդ ծանր կորստի մասին հիշողությունները, տեսնելով անշնչացած ձեւացող Տուլային, նորից վերապրում է նույն սարսափը եւ հոգեկան ուժեղ ցնցման ենթարկվում: Մունկի կենսագիրների մի մասի կարծիքով` երիտասարդ աղջիկն այդ բեմականացումը նախաձեռնել էր մեկ նպատակով` ստուգել նկարչի` իր հանդեպ ունեցած զգացմունքների առկայությունը եւ նոր սեր արթնացնել նրա սրտում: Սակայն Մունկը, հասկանալով կատարվածը, որոշում է ընդմիշտ հեռանալ, եւ Տուլան, ատրճանակը ձեռքին, սպառնում է ինքնասպան լինել նրա աչքի առաջ: Մելոդրամատիկ այս պատմությունն ունենում է բավականին տխուր վերջաբան. Մունկը նետվում է աղջկա կողմը` զենքը խլելու, եւ պատահաբար սեղմելով ձգանը` կրակում իր ձախ ձեռքին: Հետագայում այդ կրակոցից հասցված վերքը այդպես էլ մինչեւ վերջ չապաքինվեց` նկարչին խանգարելով աշխատանքի ընթացքում. ի վերջո, նրա ձախ ձեռքի վիրավոր մատը անդամահատեցին: Այս միջադեպը պատճառ դարձավ, որ նկարիչը հայտնվի Կոպենհագենի հոգեբուժարանում: Կես տարի շարունակ մնալով բժիշկների հսկողության ներքո` նա ոչ մի պահ չէր դադարում ստեղծագործել: Այդ շրջանում ստեղծված նրա կտավները ավելի կտրուկ ու կոպիտ ոճի մեջ էին:
1909-ին, արդեն առողջացած ու կազդուրված, Մունկը վերադարձավ Նորվեգիա, որտեղ նրան առաջարկեցին որմնանկարներով զարդարել Քրիստիանիայի համալսարանի դահլիճներից մեկը: 1916-ին նա ավարտեց պատվերը: Այդ ժամանակ Մունկն արդեն միջազգային ճանաչման էր արժանացել եւ համարվում էր Եվրոպայի ամենահեղինակավոր արվեստագետներից մեկը: Եվրոպական ամենախոշոր քաղաքներում կազմակերպվում էին նրա անհատական ցուցահանդեսները, իսկ Նորվեգիան նրան համարում էր իր ազգային հպարտությունը: Նրա ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում էր մի քանի հազարի հասնող կտավներ: «Նկարչությունն ինձ համար հիվանդություն է ու արբածություն. հիվանդություն, որից չեմ ցանկանում բուժվել, եւ արբածություն, որի մեջ ցանկանում եմ մնալ»,- ասում էր նա: 1920-ականներին, սակայն, առողջական խնդիրները վերստին գլուխ բարձրացրին. արյունազեղման հետեւանքով նա գրեթե կորցրեց մեկ աչքի տեսողությունը եւ դադարեց ստեղծագործել: Հարկադիր պարապուրդը հանգեցրեց փսիխոզի երեւույթների սրացմանը: Նա ժամանակ առ ժամանակ բուժում էր ընդունում հոգեբուժարանում` նույնիսկ այդ վիճակում փորձելով անբաժան մնալ վրձնից ու կտավից: 70 տարեկան հասակում Մունկը դարձավ ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանակիր, կենդանության օրոք տեսավ իրեն ուղղված մեծարանքը եւ իր արվեստին նվիրված երկու գրքերը, որոնցից մեկի հեղինակը Պոլ Գոգենի որդին էր: 1940 թվականին, երբ ֆաշիստական զորքերը զավթեցին Նորվեգիան, Մունկը առաջիններից էր, ով ընդդիմացավ զավթիչների գերիշխանությանը եւ բացեիբաց արտահայտեց իր քաղաքացիական դիրքորոշումը: Փորձելով իրենց քարոզչությունը տարածելու նպատակով օգտագործել Մունկի միջազգային հեղինակությունը` նացիստները նրան առաջարկեցին համագործակցություն, սակայն նա կտրականապես հրաժարվեց: Ի պատասխան` նացիստները Մունկին հայտարարեցին անցանկալի անձ եւ նորվեգական բոլոր թանգարանների ցուցասրահներից հանեցին նրա կտավները:
Կյանքի վերջին տարիներին Մունկը, գտնվելով հոգեբուժարանում, ծանոթացավ տաղանդավոր հոգեբույժ Լինդեի հետ, ով նրա արվեստի մեծ երկրպագուներից էր եւ իրապես կարողացավ մեծ արդյունքի հասնել նկարչի հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու եւ կայունացնելու գործում: Լինդեն առանձնահատուկ հոգածությամբ էր վերաբերվում նկարչին եւ նրա բուժումն իրականացնում էր զրույցների անցկացման մեթոդով: Նրանց բարեկամական զրույցները սկիզբ դրեցին հոգեբուժության ասպարեզում այսօր արդեն դասական ու ավանդական դարձած մի ուղղության, որը կոչվում է արտ-թերապիա եւ լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում: Արտ-թերապիան ապաքինումն էր արվեստի միջոցով: Մունկը հոգեբուժարանում ազատորեն ստեղծագործում էր. այդ շրջանում նա չափազանց տարված էր լուսանկարչությամբ: Լինդեն ուշադրությամբ հետեւում էր, թե ինչպիսի կրքով է նա լուսանկարում ինքն իրեն, մարդկանց, բնությունը... Արդյունավետ բուժումն օգնեց, որպեսզի նկարիչը վերականգնի սթափ գիտակցությունը եւ մահվանից կարճ ժամանակ առաջ ամբողջացնի իր անձնական արխիվը, որը ժառանգելու էր սերունդներին: 1943թ-ին, երբ ապաքինված Մունկը հիվանդանոցից արդեն վերադարձել էր իր առանձնատունը, մերձակայքում զինամթերքի պահեստի մեծ պայթյուն տեղի ունեցավ, ինչի հետեւանքով դեկտեմբերյան անտանելի ցուրտը թափանցեց փշրված ապակիներով նրա բնակարանը: 80-ամյա Մունկը, ով միայնակ էր բնակվում, չէր կարող հոգալ իր կարիքները: Ցրտահարությունը վերաճեց բրոնխիտի, եւ 1944-ին նա վախճանվեց միայնության մեջ` այդպես էլ չհասցնելով տեսնել Նորվեգիայի ազատագրումը ֆաշիստական նվաճողներից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԸ
Նկար 1. «Ճիչը»
Նկար 2. «Մարատի մահը»