Էդուարդ Ա. Գրիգորյան
ՓԱՅՏԻ ԽԱԲԿԱՆՔՈՎ`
ՄԱՀԸ ՃԱՇԱԿԵՑԻՆՔ`
ԲԱՅՑ ԿԵՆԱՑ ՓԱՅՏԻՑ
ՆՈՐՈԳՎԵՑԻՆՔ ԲՈԼՈՐՍ
ՓԱ՛ՌՔ ՔՈ
ՀԱՐՈՒԹՅԱՆԸ, ՏԵ՜Ր...
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ - ՕՐՀՆԵՐԳԵՐ
Առաջին դեպքը չէ, երբ մեր ժողովրդի համար աշխարհաքաղաքական եւ բարոյա-հոգեբանական դժվարագույն պայմաններում մեզ օգնության ձեռք է մեկնում հակասություններով ու հաղթանակներով, նահանջներով ու ազգային-ազատագրական պայքարի աննախադեպ վերելքներով լի մեր պատմության ա՛յն շրջանը, որ անսքող հպարտությամբ Ոսկեդար ենք կոչում մենք:
Եվ իսկապես` մեր բազմադարյա պատմության եւ ո՛չ մի շրջան այդքան մեծ խորհուրդ, մարդկային հանճարի անկասելի սլացք եւ ամենազոր ժամանակից վեր կանգնելու օրինակներ չի պարունակում իր մեջ, որքան Ոսկեդարը:
Թերեւս այդ առասպելական, բայց նաեւ խիստ «հողեղեն» հավաքական հայ հանճարի բյուրեղացումն է պատճառը, որ որքան կանոնակարգվում եւ ավելանում են պատմական այդ շրջանի քաղաքական ու պատմա-բանասիրական հմուտ վերլուծություններն ու ուսումնասիրությունները` նույնքան եւ ավելի մեծանում է այդ ուղղությամբ դեռեւս կատարվելիք գիտական ու մշակութային լուրջ ուսումնասիրությունների պահանջն ու պահանջարկը:
Նկատի ունենալով մեր օրերի համամարդկային շատ ու շատ իրական արժեքների անկումն ու ինչ-որ տեղ նաեւ միտումնավոր աղճատման փաստերը` հոռետեսներին «պահանջ ու պահանջարկ»-ի հետ կապված խորհուրդ չի տրվում չարախնդալ կամ քմծիծաղել:
Մեր պատմության Ոսկեդարը շատ ավելի զորեղ մարտահրավերների է դիմակայել եւ անհաղթահարելի թվացող շատ արգելքներ է հաղթահարել:
Այս մեկն էլ կանցնի:
Վկաՙ այն եղերական ժամանանակները, երբ անմահ Կոմիտասն իր հանճարով ու ծով համբերությամբ մաքրում էր հայոց աստվածային շարականների վրա նստած դարերի փոշին, երբ Պարույր Սեւակը գրում էր իր «Եվ այր մի` Մաշտոց անուն...» պոեմը եւ Գրիգոր Խանջյանը ստեղծում էր «Վարդանանք» մեծակտավ, քանքարավոր ստեղծագործությունը...
... Մեր ժամանակն անշուշտ շահեկանորեն տարբեր է նրանց ապրած ժամանակներից, թեպետ բարոյական, հասարակական ու մշակութային ճշմարիտ արժեքների նույնքա՛ն ճշմարիտ գնահատման առումով տարբերություններ գրեթե չկան: Եթե կան, ապա մե՛կ բանով` ազատ եւ անկախ Հայաստանում ճշմարիտ արժեքների խեղաթյուրման համար մենք բացի ինքներս մեզնից այլեւս ո՛չ ոքի մեղադրել չենք կարող:
Չեն հասկանա: Ծիծաղելի կլինի ու նաեւ ամոթալի:
...Ու որպեսզի այդպես չլինի, հետաքրքրական զուգադիպությամբ, ավելի ճիշտՙ օրինաչափությամբ, մենք նորից անդրադառնում ենք ամենափրկիչ Ոսկեդարին` այս անգամ բանասիրության դոկտոր եւ բազմահմուտ գիտնական Հենրիկ Բախչինյանի աշխատասիրած եւ «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունների կողմից ներկայացված Մովսես Խորենացու, Ստեփանոս Սյունեցու եւ Հովհան Մանդակունու օրհներգերի համապարփակ եւ չափազանց արժեքավոր ժողովածուի տեսքով:
Ի դեպ, հայոց աստվածային շարականների կամ օրհներգերի այս ամբողջական ու համապարփակ աշխատասիրությունը, որն ամփոփ կերպով ներկայացնում է մեր վաղ միջնադարյան բանաստեղծության ողջ շքեղությունն ու հմայքը, վաստակաշատ գիտնականի եւ մեծավարկ հրատարակչատան սերտ համագործակցության առաջին պտուղը չէ: Առաջինը 2010-ին լույս տեսած «Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Օրհներգեր» աշխատությունն էր, որով սկիզբ առավ Ոսկեդարի մշակութային անկրկնելի ժառանգությունը ընթերցողների բազմաշերտ լսարանին առավել մատչելի եւ ամբողջական ձեւով ներկայացնելու առաքելությունը:
Այս մասին անկասկած դեռ շատ կգրվի: Գրվելու են գիտական հոդվածներ եւ վերլուծություններ, հնչելու են շռայլ եւ անվերապահորեն արժանի գնահատականներ, սակայն անգամ այս պահին, երբ դեռ թարմ են գրքից ստացված տպավորությունները, ակնհայտ է մի շատ կարեւոր բան` Հենրիկ Բախչինյանի այս ձեռնարկը վաղ միջնադարյան օրհներգության մեր բանասիրության մեջ մինչ օրս հրատարակված թերեւս ամենակատարյալ ու ամբողջական հավաքածուն է:
Սրանք գովեստի խոսքեր չեն բնավ: Որեւէ ճշմարիտ ու վաստակաշատ գիտնական դրա կարիքն ամենեւին չունի: Սրանք առավելապես սովորական ընթերցողի եւ հայկական մշակութային ծովածավալ ժառանգությամբ մտահոգ հայ մարդու շնորհակալության ու երախտագիտության խոսքեր են, որ վարձահատույց լինելու միջոց է սոսկ, գրականագետի հիրավի տքնաջան աշխատանքի դիմաց...
«Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին վերագրված օրհներգերը (շարականներ) առանձին գրքով արդեն ներկայացրել ենք մեր հանրությանը,- գրքի առաջաբանում գրում է Հենրիկ Բախչինյանը ու շարունակում,- սույն հատորով, որ նախորդի անմիջական շարունակությունն է, ներկայացնում ենք Սահակ-Մեսրոպյան դպրոցի երեք օրհներգուներին` Մովսես Խորենացուն, Ստեփանոս Սյունեցուն եւ Հովհան Մանդակունուն: Երկու ժողովածուները փաստորեն ամփոփում են հինգերորդ դարի հայ ողջ օրհներգությունը, որ ներկայացնում է ժամանակի անհատական քերթությունը: Ըստ այսմ, ընթերցողն առաջին անգամ կարող է ամբողջաբար հաղորդակցվել մեր վաղմիջնադարյան բանաստեղծների հարուստ ժառանգությանը»:
«Առաջին անգամ» արտահայտությունն, ի դեպ, գրքում ամենեւին էլ մուգ (bold) տառերով չի գրված: Դա արված է մեր կողմից, որպեսզի մատնացույց արվի գիտական այն խոր ու բազմաբովանդակ մոտեցումը, այն տքնաջան աշխատանքը, որին իր ավելի քան համեստ առաջաբանի մեջ ոչ մի բառով չի անդրադարձել Հենրիկ Բախչինյան- գրականագետը: Թերեւս ճիշտ է արել, որովհետեւ նրբազգաց ընթերցողի համար ամեն ինչ պարզ կդառնա ընթերցանության առաջին իսկ էջերից:
Գրքի կարեւորագույն առանձնահատկություններից եւ անվիճելի արժանիքներից է նաեւ (գոնե մեր օրերում) ընթերցողին օրհներգերը մատուցելու ընտրված ձեւը` լավագույն ձեւը: Ոսկեղենիկ գրաբարի կողքին զետեղված են նաեւ աշխարհաբարի որակյալ եւ բնագրին բծախնդրորեն մոտեցված տարբերակները: Ինչ խոսք, որ այդպիսով Ոսկեդարի մշակութային գոհարները շատ ավելի մատչելի եւ դյուրընկալելի են դառնում (ցավոք սա է իրականությունը) ընթերցողների անհամեմատ լայն շրջանակների համար: Լրջագույն գիտնականի բարեխղճությամբ եւ պատասխանատվությամբ արված ծանոթագրություններն ու ծավալուն բացատրական հավելվածը կասկածի նշույլ իսկ չեն թողնում առ այն, որ ցանկության դեպքում ուշադիր ընթերցողը կարող է հայտնաբերել եւ մասնիկը դառնալ այն շենշող աշխարհի, որ մենք սովորաբար վաղմիջնադարյան հայ բանաստեղծություն կամ Ոսկեդար ենք անվանում:
Հ.Գ. Աշխատությունների տպագրության շնորհակալ գործին աջակցելու համար «Հայկական ծրագրեր» ընկերությանը երախտիքի մեր խոսքն ուղղելուց առաջ եւ հետո, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մեկ այլ կարեւոր փաստի եւս, որ այսօր դարձել է մեր իրականության թերեւս ամենաշահարկվող թեմաներից մէկը: Երկրի բարձրագույն իշխանությունից մինչեւ ուսանողական հավաքներ, մտավորական ժողովներից մինչեւ ոստիկանական տարատեսակ ամփոփագրեր, լրատվամիջոցներից մինչեւ բազմազան ինքնակոչ հասարակական կազմակերպություններ օրնիբուն համախմբման եւ ինքնամաքրման մասին են խոսում:
Ե՞վ... Ինքնամաքրվե՛նք պարոնայք, ի՞նչն է խանգարում, մանավանդ հիմա, երբ մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է վերադարձ դեպի մեր մշակութային ու հոգեւոր արմատները, իսկ դեպի ինքնամաքրում տանող ճանապարհի կամուրջներից մեկն էլ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանի ջանասեր աշխատասիրությամբ մեկտեղված հայոց անմահ շարականներն են...
Բէյրութ, 2012