ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Բանասիրության դոկտոր
Հայ բազմադարյան հարուստ պոեզիայում XVIII դարի սիրո եւ արդարության երգիչ Սայաթ-Նովան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Մի լեգենդար ու վեհ անձնավորություն, ում նույնիսկ իսկական, ճշգրիտ ծննդյան թիվը կորած է տարիների մշուշում (գրականության պատմաբանների կարծիքներն այս հարցի շուրջ տարբեր ենՙ 1712 կամ 1722-խմբ.): Հայ Միջնադարի զարդ` Սայաթ-Նովայի ստեղծագործությունը սերտորեն կապված էր ժողովրդական արվեստի եւ ավանդույթների հետ: Նրա պոետական աշխարհի հույզերը հավասարապես եւ հրաշալիորեն հնչում էին ոչ միայն հարազատ հայերենով, այլեւ մյուս ժողովրդների լեզուներով` վրացերեն, թուրքերեն, պարսկերեն... Սայաթ-Նովայի տաղանդավոր ու դիպուկ խոսքը գերում էր ոչ միայն հասարակ ժողովրդին` այսպես ասած «ցածր խավին», այլ նաեւ իշխանավորին ու արքաներին... Նրա համբավը տարածված էր ողջ Արեւելքում...
Սայաթ-Նովայի երգերը ուրախությամբ են լցրել մարդկանց սրտերը, նա փառաբանել է արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատներըՙ բարձր պահելով իր արժանապատվությունը:
Ամեն մարթ չի կանա խըմիՙ իմ ջուրըն
ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթաՙ իմ գիրըն
ուրիշ գըրեն է:
Բունիաթս ավազ չիմանասՙ քարափ է,
քարուկըրեն է...
Ռուսաստանյան հայ հասարակայնության առջեւ Սայաթ-Նովային բացահայտեց եւ ներկայացրեց թիֆլիսահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր ու առաջին սայաթնովագետ Գ.Ախվերդյանը, որը 1847 եւ 1851 թթ. «Բազմավէպ» եւ «Արարատ» հանդեսներում ներկայացնում է աշուղին եւ նրա ստեղծագործությունները: 1852-ին իր աշխատասիրությամբ Մոսկվայում լույս է տեսնում Սայաթ-Նովայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Այդ հրատարակությունը, որը պարունակում է աշուղի մոտ 50 գործ, Գ.Ախվերդյանի կշռադատ եւ լուրջ ներածականով, գիտական տեսակետից պատրաստված էր հմտորեն, բարեխղճորեն ու համարվում է դասական աշխատություն:
Սակայն մինչեւ Գ.Ախվերդյանի այս առաջին ժողովածուի հայտնվելը, թիֆլիսյան ռուսալեզու «Կովկաս» թերթում (1851, N1-2) զետեղվում է այդ տարիներին Անդրկովկասում բնակվող հայտնի ռուս բանաստեղծ Յակով Պոլոնսկու «Սայաթ-Նովա» հոդվածը, որում տրված է ծավալուն եւ լուրջ գնահատական հայ աշուղի ստեղծագործությանը: Ռուս մտավորականն ու պոետը այնքան էր ոգեւորված եւ գերված Սայաթ-Նովայով, որ ավարտում է հոդվածը նրան նվիրված իր բանաստեղծությամբ... Իհարկե, Պոլոնսկին խոստովանում է, որ հոդվածը գրել է շնորհիվ Գ.Ախվերդյանի հետ իր ծանոթության ու աջակցության: Փաստորեն, հենց այս հրապարակումն է սկիզբ դառնում Սայաթ-Նովայի ճանաչմանը Ռուսաստանում, ռուսական ու ռուսալեզու միջավայրում...
Սայաթ-Նովայի առաջին ռուսերեն թարգմանությունը կատարել է հայտնի գրագետ ու բանաստեղծ Նիկոլայ Բերգը: Իր իսկ կազմած «Տարբեր ժողովուրդների երգեր» (Մոսկվա, 1854) ժողովածուում նա տեղադրում է հայ աշուղի «Ուստի՞ գուքաս, ղարիբ բըլբուլ, Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու» փայլուն բանաստեղծությունը, որը, սակայն, չի արժանանում գրական հասարակայնության ուշադրությանը` ցածրորակ թարգմանության պատճառով եւ շուտով մոռացվում է:
Սայաթ-Նովայի առաջին լուրջ ուսումնասիրողների եւ թարգմանիչների շարքին իհարկե պետք է դասել 20-րդ դարի ականավոր ռուս բանաստեղծ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից ու առաջնորդներից մեկին` Վալերի Բրյուսովին: Նա ռուսաստանյան այն ազնվագույն ու հայասեր մտավորականներից էր, ով իր հոդվածներում, գիտական հետազոտություններում ու ելույթներում բարձր գնահատեց եւ բնութագրեց ոչ միայն միջնադարի հանճարեղ աշուղին, այլեւ Հայաստանի հազարամյա մշակույթն ու գրականությունը, մասնավորապես անգերազանցելի ու փայլուն պոեզիան, որը, իր իսկ գնահատականով, ընդմիշտ դասեց հայ ժողովրդին աշխարհի ամենակուլտուրական ազգերից մեկի թվին:
Իր խմբագրությամբ ռուսերենով լույս տեսած «Պոեզիա Արմենիի» (Մոսկվա, 1916) մեծածավալ անթոլոգիայում զետեղվում են Բրյուսովի Սայաթ-Նովայի 12 բանաստեղծությունների թարգմանություններ, տրվում է նրանց հիմնավորված գրականագիտական վերլուծություն` ներածական փայլուն ակնարկում: Ռուս բանաստեղծը գնահատում է Սայաթ-Նովային որպես փառահեղ եւ բազմազան, զգայուն եւ կրքոտ, սիրո եւ արդարության երգիչ, դասում նրան այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, որոնք իրենց հանճարի ուժով այլեւս սեփականությունը չեն առանձին մարդկանց, այլ դարձել են ամբողջ մարդկության ընտրյալները:
Բրյուսովը, բնական է, թարգմանում է հայ հանճարեղ աշուղի միայն այն երկերը, որոնք հոգեհարազատ են իր ներաշխարհին, ստեղծագործական ու էսթետիկական սկզբունքներին, համահունչ են իր «հոգեւոր լարերին» եւ, վերջապես, հաղթահարելի են «իր ուժերով»... Խոստովանենք` պատշաճ ներկայացնել Սայաթ-Նովային բոլորովին այլ` հայերենից շատ հեռու լեզվաոճական համակարգում, դյուրին գործ չէ... «Բրյուսովյան» թարգմանչական «շկոլան» հիմնված էր այն սկզբունքի վրա, որ, բնագրին համահունչ մնալով հանդերձ, կարողանա առավելագույնս ապահովել ռուսերենով անթերի բանաստեղծության ստեղծումն ու ընկալումը:
1930-ականներից սկսած Սայաթ-Նովայի երկերը լույս են տեսնում ռուս անվանի բանաստեղծներ ու թարգմանիչներ Ս.Շերվինսկու, Մ.Լոզինսկու, Ա.Տարկովսկու, Կ.Լիպսկերովի, Վ.Զվյագինցեւայի եւ այլոց բավականին հաջողված թարգմանությամբՙ «Հայ պոեզիայի անթոլոգիա» խորհրդային տարիներին պատրաստված մեծածավալ առաջին ժողովածուում (Մոսկվա, 1940), մի շարք այլ ռուսալեզու հրատարակություններում:
Ի դեպ, Սայաթ-Նովային թարգմանել երբեմն չէին համարձակվում նույնիսկ ամենահմուտ եւ փորձառու ռուս բանաստեղծները: Այսպես, «Հայ պոեզիայի անթոլոգիայի» համար, որը նախապատրաստվում էր 30-ականների կեսերին, Մ.Գորկու խմբագրությամբ, մոսկովյան գրական-հասարակական գործիչ, արձակագիր Կարեն Միքայելյանը, որն ապահովում էր խմբագրական ու կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաեւ կապը հայ պոետների եւ ռուս թարգմանիչների հետ, Սայաթ-Նովայի մի շարք երկերի թարգմանությունը հանձնարարում է գեղարվեստական խոսքի անվանի վարպետ, անթոլոգիայի խմբագիրներից` Ն.իխոնովին: Սակայն ռուս բանաստեղծը, բնանգրերի վրա շատ ջանք ու եռանդ թափելուց եւ տանջվելուց հետո, հրաժարվում է գործից, խոստովանելով, որ հանճարեղ աշուղը «անհաղթահարելի» է իր համար. Սայաթ-Նովայի վառ խոսքը, ուրույն ոճը, հյուրահատուկ կերպարային աշխարհը ուղղակի չեն ենթարկվում նրա գրչին... 1935 թ. օգոստոսի 25-ի նամակում, դժգոհ իր աշխատանքից, գրում է Կ.Միքայելյանին. «Ինչքան էլ պայքարեցի Քուչակի ու Սայաթ-Նովայի հետ` նրանք ինձանից ավելի ուժեղ դուրս եկան... Իմ ռուսերեն «կույր արտաբերումները», վերջում, սրտնեղվելով, ուղղակի ոչնչացրեցի: Ես նայեցի Բրյուսովի թարգմանությունները եւ, պետք է խոստովանեմ, որ նա արել է, ըստ երեւույթին, հնարավորը, սակայն նա էլ հազիվ թե մոտեցել է հեռավոր այդ պոետների բանաստեղծական խոսքի հզոր հոսանքին... Ես հանգիստ թողեցի նրանց ...»:
Մյուս ճանաչված թարգմանիչ` Մ.Լոզինսկին, նույնպես մեծ պատասխանատվությամբ աշխատելով նույն անթոլոգիայի համար Սայաթ-Նովայի գործերի թարգմանության վրա, 1935 թ. Կ.Միքայելյանին գրած նամակներից մեկում խոստովանում է. «...Ստանալով Ձեզանից Սայաթ-Նովային, սարսռեցի, բայց, հերոսական ջանքեր գործադրեցի կամքիս վրա, սկսեցի աշխատել եւՙ հաճույքով»: Լոզինսկին նշում է Սայաթ-Նովայի պոետական լեզվի եւ կերպարների «ճոխությունը», հայտնում, որ վաղուց գիտեր եւ սիրում էր մեծ աշուղի երկերը բրուսովյան թարգմանությունների շնորհիվ: Միքայելյանին գրած այդ նամակում նա հավաստիացնում է, որ կանի հնարավորը` «ի փառս Սայաթ-Նովայի»:
Մեծ աշուղը արժանավույն է գնահատվել նաեւ ռուս ուրիշ բանաստեղծների ու թարգմանիչների կողմից: Ոմանք չէին համարձակվում նույնիսկ «մոտենալ» հայ միջնադարյան պոեզիայի հսկայի հարուստ ժառանգությանը, մյուսները` ինչպես, օրինակ, Ն.Տիխոնովը ժամանակին, չկարողանալով հաղթահարել նրա պոեզիայի լեզուն, հրաժարվում են... Գայթակղությունը` թարգմանել Սայաթ-Նովայի գլուխգործոցները մեծ էր, սակայն վախն էլ` մատնվել անհաջողության կամ ձախողվել, նույնպես մեծ էր...
Սակայն անվանի ռուս բանաստեղծներն ու թարգմանիչները շատ բարձր են գնահատել Սայաթ-Նովային: Նույն Տիխոնովը, տարիներ հետո, «Որոտացող աղբյուր» (1963) հոբելյանական ակնարկում, մասնավորապես, գրել է. «Մենք լսում ենք բանաստեղծին որպես իր ժամանակի վկա, որպես դատավոր, սակայն մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ նա ասել է որպես մարդ, որը զգացել է իր խոսքի ուժը եւ հավատացել իր կոչմանը: Բացելով Սայաթ-Նովայի գիրքը, կարդում ենք արժանապատվությամբ, իմաստային խորքով, բանաստեղծական ուժով տողեր... Աշուղների աշուղն էր Սայաթ-Նովան...»:
Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանությունները, անշուշտ, ավելի լայն ասպարեզ բացեցին հանճարեղ բանաստեղծ-աշուղի միջազգային ճանաչմանը, եւ հաճախ նրա բանաստեղծական գոհարները հենց ռուսերենից են թարգմանվել եվրոպական եւ այլ լեզուների...