ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2012-07-28 | #15, 2012-08-25 | #16, 2012-09-08


ԲԱԶՈՒՄ ԱՂՄՈՒԿ ՎԱՍՆ ՄԵԿ ՊԱՏՄՎԱԾՔԻ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Գ. Մահարի. «Լուսինը ձախից կամ սովորական սեր»

20-30-ական թվականներին ՀԽՍՀ-ում պրոլետարականացված էին արվեստն ու գրականությունը, անցյալի մշակույթի ժառանգության հետ հնացած էին համարվում ավանդական հասկացություններն ու սովորույթները: Չարենցը կարող էր պատմել եւ մոռանալ իր հետ պատահած զավեշտական միջադեպը, բայց Մահարին, որն ապրում էր հեգնական ժպիտը մշտապես կեռ քթի տակ, պահեց այն հիշողության մեջ` հետագայում թղթին հանձնելու համար.

«- Մտածում էի, որ անկասկած մխիթարական խոսքեր պիտի ասի ինձ ու խիստ հետաքրքրվում էի, թե մարքսիստ, պետական մարդը ի՞նչ խոսքերով պիտի ինձ մխիթարի,- խոմ չի՞ ասի «դու ողջ մնաս», «աստծով մխիթարվես», կամ նման մի բան... հա՛, բայց ի՞նչ պիտի ասի...

Երբ ներս մտա, նա ոտքի կանգնեց, մոտեցավ ինձ, ձեռքս բռնեց, նստեցրեց ինձ իր գրասեղանի մոտ, չափեց մեծ-մեծ քայլերով սենյակի երկայնքը մի քանի անգամ, հետո կանգնեց եւ ասաց. - Նորմաներն ու ֆորմաներն անկրկնելի են, Չարենց, բայց ինչո՞ւ դու կարծում ես, որ կարելի է ապրել միեւնույն նորմայով ու ֆորմայով: - Ա՛յ տղա, բերանս բաց մնաց: Տեսա՞ր ոնց ձեւակերպեց,,, Նորմաներն ու ֆորմաները... իսկապես մարքսիստական մխիթարություն, բա՞ս...»: [1]

Հնացած «նորմաների ու ֆորմաների» շարքում էին դասվում նաեւ սերն ու ընտանիքը: Սերը մանր-բուրժուական, քաղքենի մնացուկ էր: Ինչպես սպասվում էր, ժամանակակից սիրո եւ ընտանիքի խնդրին նվիրված, յոթ ամիս շարունակաբար «Գրական դիրքերում» ամսագրում հրապարակվող Մահարու «Լուսինը ձախից կամ սովորական սեր» պատմվածքը [2] սկիզբը եղավ բազում աղմուկի:

Գլխավոր հերոսըՙ Թեւանյանը գործին նվիրված կոմունիստ է, կինը... կին է, ե՛վա, որին խորթ չեն գեղեցիկ շորերը, օծանելիքը, արդուզարդը, ամուսնուց սպասվող ուշադրության պահանջը: Թեւանյանը սիրում է կնոջը, սակայն վերջինիս պահվածքը թվում է նրան «մեշչանական», որ թարգմանի` քաղքենիական: Երբ տարբեր են զույգի հայացքները, չի ուշանում է երրորդը: Ընտանիքը քայքայվում է: Պատմվածքի վերջում կինը վերադառնում է ամուսնու հարկը, սակայն ընթերցողին պարզ է, որ նրանց հետագա համատեղ կյանքը պահպանվելու է ձեւականության, կեղծիքի եւ անհավատարմության վրա:

Հրապարակումը գրավեց ընդհանուրի ուշադրությունը: Արձագանքները սկսեցին հնչել հրապարակմանը զուգահեռ:

Թիֆլիսում լույս տեսավ Т. Г.-ի [Թաթուլյան Գեւորգ] ռուսերեն գրախոսականը` «Գրական դիրքերում» ամսագրի 1-6 համարների մասին, որոնցից վերջինում սկսվել էր պատմվածքի տպագրությունը: Անդրկովկասում հանրահայտ Թաթուլովը, որի անունով հետագայում պիտի կոչվեր գրական «անընդունելի» մի ողջ տեսություն` «թաթուլովշչինա», գտավ հետաքրքրական պատմվածքի գաղափարն ու լեզուն եւ հույս հայտնեց, որ կտրվի բարձրացված հարցի պատշաճ լուծումը: [3]

Հուլիսյան համարում պատմվածքին զուգահեռ լույս տեսավ հայտարարություն, որ «շուտով» լույս կտեսնի Մահարու պատմվածքների ժողովածուն: Առաջինը նշվեց «Լուսինը ձախից...»-ը: Հետաքրքրությունն աճում էր...

Արձագանքներից հեշտ էր կռահել սպասվող գնահատականը: Հոկտեմբերին, երբ լույս էր տեսել պատմվածքի մեծ մասը, Մահարին տպագրեց «Ինչպես են գրվում պատմվածքները» խորագրով մի ֆելիետոն [4], որտեղ խոսքը ոչ թե այս կամ այն գրողի այս կամ այն պատմվածքի մասին էր, այլ պրոլետգրական պատմվածքի մասին ընդհանրապես:

Ահա եզակի հրապարակում ունեցած այդ ֆելիետոնը,

«Շոգ էր: Արեւը կանգնած զենիթի վրաՙ հրեղեն նիզակներով այրում էր երկրի սիրտը: Այդ ժամանակ...

Բայց ավելի լավ չէ՞ր լինի շարունակել նկարագրությունը.-

Բարակ մի քամի, թոնրից փչող տաք շնչի պես, խաղում էր փողոցում: Ստվերների տակ պառկած շները... ծառերի անշարժ տերեւները... մի դռան սեմին հորանջող պառավ... եւ ապաՙ

Այդ ժամանակ քաղաքի հետին թաղերից մեկում պատահեց մի զարմանալի արկած...

Այսպես, ինչ խոսք, որ ավելի լավ է:

Բայց նախ հաշիվ տանք մեզ, թե ի՞նչ պատահեց կամ ի՞նչ պիտի պատահեր, որ լավ լիներ, դառնար հետաքրքրական մի պատմվածքի նյութ: Իսկապես, ես այսօր ուզում եմ մի արտասովոր ու հետաքրքրական բան գրել, հետաքրքրական եւ արտասովոր:

Գրել ժամանակակից այրող թեմաների շուրջը, հենց թեկուզ կոոպերատիվի եւ մասնավոր առեւտրի շուրջը: Այո՜: Այստեղ կոոպերատիվն է, այնտեղ մասնավորը, դուքանչի Սիմոնը... Ահա նկարագրում եմ` հաստ փորով, հաստ թշերով, հաստ բեղերով, հաստ գլխով, մի խոսքովՙ հա՛ստ, հա՛ստ, հա՛ստ: Կոոպերատիվի վարիչն օր ու գիշեր ախ է անում սոցիալիզմի համար, ահա թե ինչու նա ունի բարակ մեջք, բարակ ոտք, բարակ վիզ, մի խոսքովՙ բարա՜կ, բարա՜կ, բարա՜կ... Դուքանչի Սիմոնը մռայլ է, չար, ագահ, խարդախ: Կոոպերատիվի վարիչ Վարդանը` ժպտուն, բարի, առատաձեռն, ուղղամիտ: Դուքանի մթերքները փչացած են, հին, կեղծված, կոոպերատիվինը` թարմ, ընտիր, չկեղծված... Այստեղից սկսվում է պատմվածքի զարգացումը. մասնավորից փախչում են հաճախորդները եւ ճանճերի նման լցվում են կոոպերատիվի դռներից ու պատուհաններից ներս, սնանկանում է մասնավորը, հաղթականորեն արշավում է կոոպերացիան:

Այսՙ մեկ:

Քաղաքացիական կռիվներից, օրինակի համար: Ինչո՞ւ չէ, կարելի է գրել:-

Բո՛մ, բո՛մ, բո՛մ... տրա՛ք-տա՛-տա՛-տա՛ք: Տաք կռիվ է. հակառակորդները սարսափելի վախկոտ են, մերոնք` հերոսական. նրանցից մի քանիսի շալվարները թացանում են, բայց ահա այնքան տաք է մերոնց շունչը, որ տեղնուտեղը չորանում են նրանց վերոհիշյալները: Այստեղ նկարագրություն. խրամատների վրա թանձրանում ու թանձրանում է փոշին, արեւը պատրաստվում է հրաժեշտ տալ արնոտ դաշտին, հավաքել իր (այստեղ մի ածական) շողերը եւ ննջել լեռան հետեւը, իսկ կռիվը...

Կռիվը շարունակվում է. հայրը կռվում է հակահեղափոխական բանակում, որդին` հեղափոխական: Հայրը կարճլիկ է, ծուռ ոտներով ու ծուռբերան, որդին` պարթեւահասակ, սեւաչվի, մազերը նման առյուծի բաշի, անվախ եւ անհողդողդ: Որդին կարմիր կոմանդիր է, հայրը` սպիտակ սպա: Հակառակորդը բնականաբար պարտվում է` թողնելով զոհեր, ռազմամթերք եւ մի գերի:

- Բերե՛ք ինձ մոտ գերուն,- կասի կարմիր կոմանդիրը եւ երկու զինվոր հրմշտկելով կբերեն գերուն: Հայրն է: Որդին նրան չէր ճանաչի:

- Գնդակահարե՛լ,- կհրամայեր որդին:

- Ո՞ւմ, հարազատ հո՞րդ... որդյակ,- կմղկտար հայրը,- ես քեզ կյանք եմ պարգեւել, քեզ...- եւ այլն, եւ այլն:

Որդին` առանց նայելու հոր երեսինՙ

- Դու թշնամի ես,- կասեր,- պրոլետարիատին, ուրեմն,- կասեր,- իմ թշնամին ես... մեռի՛ր...- այստեղ որդին իր ձեռքով կգնդակահարեր հորը, իսկ վախկոտ հայրը, առանց ամաչելու, կմեռներ...

Այսՙ երկու:

Չէ՜, ես ուզում եմ... նկատի առնելով այն հանգամանքը, որ սիրո պրոբլեմը քիչ է արձագանքված մեր գրականության մեջ, ես պիտի գրեմ մի պատմվածք, ուր...

Նո՜ւ, չճառենք, սկսենք պատմվածքը.

Գործող անձինք`

կոմերիտական Կարո,

կոմսոմոլկա Կիմա, [5]

մեշչանկա Մանյա:

Այսպես:-

Կոմերիտական Կարոն անչափ նման է վերոհիշյալ կարմիր կոմանդիրին, միայն մի քիչ ջահել է: Նույն պարթեւ հասակը, նույն առյուծի բաշը, նույն սեւ աչքերը, նույն անվախությունն ու մնացած բաները: Կոմսոմոլկա Կիման` Կարոյի իգական վարիանտը, իսկ մեշչանկա Մանյան... ներկերի կարիք չունեմ նկարագրելու համար այս դեմքը, որովհետեւ նրա շրթունքները, աչքերի եւ երեսի վրա եղած ներկը բավական են նախշելու համար երեք թատրոնական վարագույր: Քսվում է, թրեւ է գալիս, փեսացու է որոնում: Եվ ահա հանդիպում է Կարոյին մի միտինգում (իսկ Մանյան ի՞նչ գործ ունի միտինգում.- դե՛, պարզ է, փեսացո՜ւ է որոնում...):

Նա (Մանյան) սկսեց ագահ աչքերով ուտել Կարոյին: Նրա ներկած շրթունքները դողում էին այրող ցանկությունից: Նա փոխեց տեղը, մոտեցավ նրան եւ նույն եռանդով շարունակեց նայել: Իսկ Կարոն նայում էր դրոշակներին եւ մտածում համաշխարհային հեղափոխության մասին: Մանյան, տեսնելով, որ միայն նայելով բան դուրս չի գա, մոտեցավ Կարոյին եւ ասաց.

- Ներեցեք, կարո՞ղ եք ինձ քաղգրագիտության գրքեր տաա՜լ...

- Դու հավատո՞ւմ ես սոցիալիստական շինարարության,- հարցրեց Կարոն` առանց աչքը պոկելու դրոշակներից:

- Ա-յո՜,- պատասխանեց Մանյան եւ ծունկը կոտրելով ռեւերանս արավ:

- Ո՞վ է Չապլինը:

- Չարլի Չապլինն է... կո-մի՜կ: [6]

Այդ միջոցին բազմությունը ճեղքելով եւ հրացայտ աչքերից կրակներ տեղալով մոտենում է Կիման:

- Կարո, դու սայթաքում ես սոցիալիստական շինարարության ռելսերից, այդ ո՞ւմ հետ ես դաշնակցում...

Կարոն սթափվեց, նայեց իր շուրջը եւ տեսավ իր դեմ կանգնած երրորդ ուժին:

- Կեցցե՛ բանվորի եւ գյուղացու դաշինքը,- վճռական տոնով մրմնջաց նա:

- Կեցցե՛ կոոպերացիան,- բացականչեց Կիման:

Նրանք գնացին զագս:

Կարելի է ավելացնել եւս մի տող.- Միտինգը վերջանում էր...

Մենք խորացրինք երեւույթները (ինչպես Պարոնյանը կասեր) բարի նպատակով. մեզանում լավ գործերի կողքին մնացել է դեռ մի սովորություն, տպել ձախ ձեռքով կառուցված «պատմվածքներ». գրողները գրում են, տպողները` տպում: Ժամանակը չէ՞ մտածել որակի մասին, ժամանակը չէ՞ ինքնաքննադատության կրակ բանալ մեր նորագույն գրականության բացերի վրա:

Շուտ չէ, բայց ուշ էլ չէ»:

Պրոլետգրականության ջատագովների պակաս չի եղել մեզանում: Գրական աշխարհին «անծանոթ», ոմն Ավ. Սարգսյանի «Բայլշեւիկյան ինքնաքննադատությո՞ւն, թե քաղքենիական խրխնջոց» հոդվածի բնաբանը... Ստալինի խոսքերն էին: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով.

«Գուրգեն Մահարին պրոլետարական քննադատի դերում:

Գուրգեն Մահարին պրոլետարական արձակի օրենսդիրի եւ նոր ուղիներ հարթողի դերում: Գուրգեն Մահարին ինքնաքննադատության ամբիոնի վրա միմոսական ծամածռություններով:

Եվ կոմիկական է, եւ տրագիկ:

Իր զավեշտական ելույթում նա անխնա «քննադատելով», մի զարկով հազարը ջարդելով, Քաջ-Նազարյան հանդիսավորությամբ, պրոլետարական արձակի «նո՜ր ուղիներ» է գծում եւ ամենայն ինքնավստահությամբ բացում պրոլետարական արձակի պատմության նոր երակ...

Իբր թե ծաղրելով «ձախ ձեռքով պատմվածք կառուցողներին», հակադրվելով նրանց, ինքնաքննադատության լոզունգի տակ թաքցնելով քաղքենիական խրխինջը, նա գրում է վերոհիշյալ հոդվածը: Գրում է ոչ թե «ձախ ձեռքով», այլ աջ ձեռքով, աջ կողմով, աջ իդեոլոգիայով: Նա իբր թե պրոլետարական պատմվածքագիրներին ծաղրելով, այնքան միամիտ է ձեւանում, կարծեք թե չի զգում, որ մեշչանական խայտառակ ծաղրի է ենթարկում մեր փառապանծ քաղաքացիական կռիվները, մեր կոոպերացիան, մեր կոմսոմոլը...

Սակայն ավելի ցավալի է դառնում, երբ քաղքենիական այս չար խրխնջոցները հանդես են գալիս ինքնաքննադատության լոզունգի տակ: Շատ ճիշտ է նկատել ընկ. Ստալինը, որ ինքնաքննադատությունը հնարավորություն չպետք է տա քաղքենուն խրխնջալու եւ էժանագին սենսացիաներ սարքելու:

Ինքնաքննադատությունն անպայմանորեն ղեկավարող լոզունգ է պրոլետգրականության ասպարեզում, բայց երբ նրա քողի տակից դուրս է ցցվում քաղքենիական մռութը եւ խրխնջում այլանդակորեն, մենք պետք է խփենք այդ մռութին:

Պրոլետարական արձակն ունի նաեւ թերություններ, որոնցից անպայմանորեն պետք է ազատագրվի նա: Սակայն ո՞վ պիտի այդ արձակագիրներին խրատներ կարդա, խորհուրդներ տա, առաջընթացի ուղինե՜ր գծի,- համենայն դեպս ոչ Մահարին, որը երբ փորձում է գրել պատմվածքներ «ձախից», կոմունիստներին դուրս է բերում մեշչանական տիղմում թաղված ողորմելիություններ, սեմինարիստական սիրո արկածախնդիրներ եւ խանդի ու վրիժառության ասպետներ:

Մեր գրականության մեջ նոր եւ կենդանի մարդ ստեղծելիս, նրա երակներում ոչ թե մեշչանական թույն պետք է սրսկել, այլ բայլշեւիկյան արյուն»:

Մահարու «Մի քանի խոսք» պատասխանն Ավ. Սարգսյանին մնաց անտիպ: [7] Ձեռագրի վրա Գ. Վանանդեցու մակագրությունն է` «Չի տպագրվում» եւ անընթեռնելի երկու այլ մակագրություններ: Եվ լավ էր, որ չտպագրվեց, որովհետեւ պատասխանում հիշատակվում էին Լենինը, Շահումյանը...

«Կա մի պրիոմ, մի բավական սրամիտ, բայց արդեն ուժից ընկած պրիոմ - երբ ես քեզ ասում եմ` օրինակ` «հիմար», դու գնա բոլոր դրացիներիդ եւ ծանոթներիդ համոզիր, որ այդ «հիմար»ը վերաբերում է նաեւ իրենց. կարողացա՞ր համոզել,- հիմար լինելուց դադարեցիր: Այսպես է վարվում, օրինակի համար, մի ինչ-որ «Ավ. Սարգսյան». ծաղրեցի՞ր անշնորհք պրոլետգրողին, նշանակում է դու ծաղրեցիր եւ քաղաքացիական կռվի բայլշեւիկ մարտիկին, եւ կոոպերացիան, եւ կոմսոմոլիան...

Մեզ հայտնի չէ, ինչո՞վ է մեղավոր հենց, ասենք, Շահումյանը, երբ մի անշնորհք նկարիչ նրան նկարում է սառած աչքերով... Ինչո՞վ է մեղավոր Լենինը, որ նրա հուշարձանի համար ներկայացված նախագծերից 100-ից 99-ը անպետք են եւ նետվում են արխիվ, որ ինչ-որ «Ավ. Սարգսյան»ի կարծիքով չի կարելի անպետք նախագծերն անպետք հայտարարել, որովհետեւ... «համենայն դեպս որոշ չափով (?) վերցված են իրականությունից...»: Երբ որ դու ասում ես, որ այսինչ նվագախումբը «Ինտերնացիոնալ»ը վատ է նվագում, ոչ ոքի մտքով չի անցնի, որ դու ծաղրում ես հեղափոխության հիմնը...

Այսպես չի կարծում սակայն մի ինչ-որ «Ավ. Սարգսյան». նրա կարծիքով, երբ Մահարին ծաղրում է կոմսոմոլիան կամ կոոպերացիան վատ պատկերող «պրոլետգրողին», նշանակում է որ նա ծաղրում է... կոոպերացիան եւ կոմսոմոլիան... Այս արդեն մանկամտություն է եւ գուցե մենք ներեինք «Ավ. Սարգսյան»ին, եթե իմանայինք, թե ո՞վ է նա, եւ մանավանդ, եթե իմանայինք, թե քանի՞ տարեկան է նա, որովհետեւ անչափահասությունը դեռ... հանցանք չէ: Սակայն ով էլ որ լինի թաքնված «Ավ. Սարգսյան» ֆիկտիվ անվան տակ, նա քաջ գիտե, որ Գուրգեն Մահարին չէ այն անձնավորությունը, որի մտքովն անցներ ծաղրել կոմսոմոլիայի դրոշը կամ կոոպերացիայի գաղափարը. էլ ինչի՞ է ձգտում «Ավ. Սարգսյան»ը. միայն մի բանի- ջուր պղտորելու եւ պղտոր ջրում ձուկ որսալու...

«Խ. Հ.»-ում տպված մեր ֆելիետոնն իրեն նպատակ էր դրել ծաղրել այն «գրողներին», որոնք համառորեն մնացել են կառչած սխեմատիզմի անպտուղ ժայռին, այն գրողներին, որոնց համար «կենդանի մարդու» պրոբլեմը մնացել է չինական այբուբեն, այն գրողներին, որոնք իրերի արտաքին երեւույթների եւ նրանց անշնորհք վերարտադրման մեջ են տեսնում գրականության դերը: Կա՞ն այդպիսի գրողներ.- կա՛ն. այս բանը չի համարձակվում ժխտել անգամ «Ավ. Սարգսյան»ը. պե՞տք է պայքարել այդ երեւույթի դեմ.- պե՛տք է. ո՞վ է խլել Գուրգեն Մահարուց մեր կյանքում գոյություն ունեցող բացասական երեւույթների դեմ պայքարելու իրավունքը, գուցե «Ավ. Սարգսյա՞ն»ը... ծիծաղելի է: Մենք կարծում ենք, որ մեր թերիների դեմ պայքարելըՙ ամեն մի խորհրդային քաղաքացու պարտականությունն է:

Մի նկատողություն եւս. վատ չէր լինի, եթե «Ավ. Սարգսյան»-ը մի քիչ մաքրեր իր պոլեմիկական լեկսիկոնը. կարիք չկա չարաճճիությունների. հիստերիկայով ազդելու արհեստը լավ բան չի հիշեցնում»:

Ո՞վ էր «Ավ. Սարգսյանը»: Գավառական Երեւանում Մահարին չէր կարող չիմանալ նրա ով լինելը: Գիտեր, բայց չիմացողի դիմակը հնարավորություն էր տալիս նրան «քաշքշելու» թաքնված հեղինակին:

«Ավ. Սարգսյանը» Ալազանի եզակի կեղծանունն էր: Չնայած 1936-1954 թթ. ընդհանուր ճակատագրին, Մահարին չներեց Ալազանին այդ ելույթները եւ նրա մահվան օրերին գրեց Նորենցին. «Դու մոռացել ես, իսկ ես չեմ մոռացել, նրա հարձակումներն իմ հասցեին... Դա քննադատություն չէր, այլ վայրենի, փողոցային, ամբոխավարական մի արշավանք, որի ակունքներն ազնիվ լինելուց շատ էին հեռու...» (17 հունիսի 1966 թ.):

Կարդալով Ավ. Սարգսյանի «քննադատականը», չես կարող չմտածել, որ մատնագրությունը հայ գրական աշխարհում սկսվել էր 36 թվականից շատ առաջ, չես կարող չսարսռալ, թե ինչ կլիներ, եթե Ալազանին դատող մոսկովյան եռյակը հարգեր նրա վերջին խոսքը. «Բա՛ց թողեք ինձ եւ ես կօգնեմ ձեզՙ մերկացնելու ժողովրդի թշնամիներին...» : [8]

Իսկ «Լուսինը ձախից...» շարունակում էր լրվել: Տարեվերջին լույս տեսավ Հ. Սուրխաթյանի «Ընթացիկ տարվա գրականությունը» տեսությունը: Ամսագրի դեկտեմբերյան համարը, որով պիտի ավարտվեր պատմվածքը, ուշանում էր, եւ գրականագետը դրսեւորեց զգուշավորություն. «Միակ գեղարվեստական գործը, որ շոշափում է սիրո եւ ժամանակակից ընտանիքի պրոբլեմը «Լուսինը ձախից» ընդարձակ պատմվածքն է, որը լրիվ տպագրված չէ եւ դրա համար մենք հնար չունենք նրա մասին արտահայտվելու: Կասենք միայն, որ տպված հատվածների մեջ մեշչանական հերոսուհու տիպը պարզ ու անվիճելի կարելի է համարել...» : [9]

Իրավունք ուներ գրականագետը զգուշանալու: Որքան «պարզ ու անվիճելի» էր հերոսուհին, այնքան «խրթին» էր հեղինակային ես-ի օրուելյան ներքին մենախոսությունը, որն արտահայտում էր կոմունիստական հասարակարգ կառուցողների մտքերն ու հոգեբանությունը. «...Այս աղջիկը ծանոթ է ինձ... - Բարեւ, Մարիցա, բարեւ, լավ Մարիցա ես, բայց ափսոս, որ մերը չես...- Ես տեսնում եմ նրա ժպտացող ատամները, սպիտակ ատամները եւ թարմ շրթունքները. մնացյալը մշուշի մեջ է.- Դե, ինչ,- ասում է նա,- վատ չէր լինի, եթե ամուսնանայինք.- Լավ չէ,- ասում եմ,- Մարիցա, դու ինձ ձեռ ես առնում,- հետո կամաց ասում եմ.- Իհարկե, վատ չէր լինի...- Դե գնանք,- ասում է նա եւ ասում է լո՜ւրջ...- Հա՜,- քրթմնջում եմ ես,- չի կարելի այսպես շտապ. գիտե՞ս ինչ, արի մի քիչ իրար ուսումնասիրե՜նք...- Է՜հ,- բարկանում է նա,- դու մտածում ես հի՜ն մարդու պես. եթե համապատասխան չեղանք, կբաժանվենք...- Իսկ եթե,- ասում եմ ես,- ես քեզնից ուզեցի բաժանվել, իսկ դու չուզեցիր. կամ եթե դու ուզեցիր բաժանվել, իսկ ես չուզեցի... Չէ, խնդրում եմ, խնդրում եմ, եկ, գնանք մի տեղ նստենք եւ իրար ուսումնասիրենք: - Հիմա՛ր,- ասում է Մարիցան,- էս խոմ 1999 թիվն է, ո՞ր տարումն ես ապրում. այդպիսի բաներ մի ասի, կծիծաղեն քեզ վրա.- 1999, 1999... ուրեմն... լսիր, Մարիցա, երեխի բանը ո՞նց կլինի բա... - Հա՜-հա՜-հա՜,- ծիծաղում է նա,- հա-հա-հա՜,- դու կարգին նախամարդ ես, մեր ի՞նչ գործն է երեխան... ես այս րոպեիս երկու երեխա ունեմ, երկուսն էլ մանկատանը: Չէ, դու ինձ հետ հանաքներ մի անի, գալի՞ս ես, գնանք: - Ինչպե՜ս,- ասում եմ ես,- դու երեխա՞ ես ունեցել, եւ այն էլ երկո՞ւսը... ես գործ չունեմ քեզ հետ... գնա՛... - Մարդի՜կ,- կանչում է Մարիցան,- տեսեք, այս մարդը խան-դո՜ւմ է... կանչեցեք Սոին, Սո՛, Սո՛, գիտնական Սո...- Շուրջը խռնվում են մարդիկ, նրանք նայում են ինձ այնպիսի հայացքով, որ կարծես ես գազան լինեմ, կամ նոր պեղված հիերոգլիֆ. նրանցից մեկը, մի հսկայական երիտասարդ, մոտենում է ինձ եւ ասում.- Գնա՛նք... - Ո՞ւր,- համարյա ճչում եմ ես: - Հոգեանատոմոֆիզիոլոգիական դիտարան...- Ա՛ռ քեզ տրաքոց.- Ոչ,- ասում եմ ես,- ընկ. Սո, սխալ է, ես չեմ խանդում... ուզո՞ւմ եք, բռնեցեք նրան, համբուրեք, մարդիկ, դուք էլ խնդրում եմ համբուրեք, հատկապե՜ս խնդրում եմ... - Ցա՛,- ասում է Սո կոչեցյալը, դառնալով Մարիցային,- շատ եմ ցավում, մեզ չհաջողվեց գտնել թեկուզ չնչին մնացորդն այն զգացմունքի, որը «խանդ» է կոչվել, եւ որի մասին հատորներ են մրոտել նախամարդկային գրողները... Շա՜տ ափսոս...» :

Մահարու համար չի եղել «Գրական դիրքերում» ամսագրից ավելի «անհաջողը», որի խմբագիրը Ալազանն էր: Եվ եթե ժամանակ առ ժամանակ այնտեղ լույս էր տեսնում նրա այս կամ այն գործը, ապա միայն նրան «մշակելու» հեռահար նպատակով: Պատմվածքի հրապարակումն ավարտվում էր ծանոթագրությամբ` «Տպագրելով ներկա պատմվածքը, խմբագրությունս միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում նշելու, որ այս պատմվածքում հեղինակը սիրո պրոբլեմի լուծմանը մեշչանական հայացքներով է մոտեցել: Նրա կոմունիստ հերոսները հանդես են բերված կուսակցական շրջապատից կտրված եւ հաճախ կարիկատուրային ձեւով: Ամսագրի մոտակա համարներից մեկում լույս կտեսնի հատուկ վերլուծություն» : Չսպասելով «մոտակային», նույն համարում հայ «հրաշալի յոթնյակը»` Արաքս, Ս. Մելիքսեթյան, Արմեն, Սիրաս, Գ. Սարյան, Ն. Զարյան, Ալազան կազմով տվեց խմբակային համազարկ. «Խոսելով «Լուսինը ձախից» պատմվածքի մասին, ընկ. Սուրխաթն իր «քննադատական» քթկալը բերանին է քաշում եւ ամաչում է խոսել այդ պատմվածքում արտահայտվող աջ տրամադրությունների եւ մեշչանականության մասին: Գուցե նրան շփոթեցրել է պատմվածքի վերնագի՞րը: Բայց չէ՞ որ «լուսինը ձախից» է երեւում այն ժամանակ, երբ նրան դիտում են աջից: Գուցե ընկ. Սուրխաթն էլ «լուսինը» դիտում է գրվածքի հեղինակի ուսի ետեւի՞ց» : [10]

Եկավ եւ «մոտակա» համարը: Գ. Անդրեասյանը նշեց հեղինակի սխալ մոտեցումը կոմունիստական կենցաղին, եւ ավարտեց խոսքը խրատականով. «Մահարին չի տեսնում նորը, նա փտած մեշչանական կենցաղը ներկայացնում է որպես սկիզբը կոմունիստական կենցաղի, կոմունիստի դերում հանդես է բերում ջերմոցային արարած Արամ Թեւանյանին եւ հայտարարումՙ «ա՛յս է բնորոշը»... Հարկավոր է մոտ կանգնել իրականությանը, չփակվել հին ընտանիքի նեղ որջում, կարողանալ տեսնել այն նորը, որ մեր աչքի առաջ սկսում է ստեղծվել, եւ պատկերել իրական մարդիկ եւ ոչ թե կարիկատուրային սխեմաներ... Մահարուն թվում է, թե Լուսինը բարձրանում է ձախից, դրա համար Լուսինը չի մեղավոր... Մահարին աջից է դիտում Լուսինը» : [11]

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրախոսականում նույնպես առկա էր քաղաքական մեղադրանքը. ««Լուսինը ձախից» պատմվածքի մեջ հաղթանակողը մեշչանկան է, դա մեշչանիզմի հաղթանակն է նորի դեմ, որովհետեւ մենք կապվում ենք մեշչանների հետ եւ կուլ ենք գնում մեշչանիզմին, նահանջում ենք նրա դեմ... Հեղինակն առանձնացնում, կտրում է ընտանիքը մեր հասարակական կյանքից, նորի էլեմենտները չի տեսնում: Դա մանր բուրժուական ինտելիգենտն է, հոգեկան ներքին տրագեդիայով, ինքը քայքայվում է եւ նրան թվում է, թե բոլորն են քայքայվում, մնում է նորի եւ հնի մեջտեղում, անկարող կողմնորոշվելու...» : Գրախոսականն ավարտվում էր սպառնալիքով. «Մահարին կանգնած է անդունդի ծայրին... Մենք ափսոսում ենք եւ նախազգուշացնում ենք նրան, քանի դեռ ուշ չէ» : [12]

Սա այն Հ. Մկրտչյանն էր, որը չանցած մեկ տարի, Արես կեղծանունով հոդվածում Մահարուն պիտի կոչեր «դասակարգային հակառակորդի ագենտ խորհրդային գրականության մեջ» : [13]

Լույս տեսան բանավեճի հավակնություն ունեցող գեղարվեստական գործեր: Մ. Արմենի «Լուսինն իր տեղում կամ սովորական սեր» պատմվածքում [14] չկար ծանրակշիռ մոտեցումը: Հրապարակումը մնաց կիսատ:

Ն. Զարյանը հրապարակ իջավ «Մոլորված լուսին կամ...» երգիծականով: [15]

Կրքերը թեժացան, երբ փետրվարին լույս տեսավ պատմվածքների ժողովածուն, որի խորագիրը կարմիր պաստառ էր քննադատ-ցուլերի աչքում` «Սիրո, խանդի եւ Նիցցայի պարտիզպանների մասին»: Պատմվածքը մնացել էր անփոփոխ, եթե չհաշվենք ձեւականորեն կրճատված առաջաբանը:

Քննադատական նոր «համերգում» առաջին ջութակը Հ. Հովհաննիսյանինն էր, որի «սոնատը» կոչվում էր «Մեշչանիզմի գրական «պարտիզպանությունը» Պետհրատի հովանու տակ». «Հայպետհրատը իր ներկա հրատարակությամբ բոլորովին անտեսել է պրոլետարիատի պահանջները գրականության նկատմամբ. նա աններելի բարեհոգությամբ զոհ գնալով հրատարակել է հանձինս Մահարու ժողովածուի մի գիրք, որը ոչ միայն չի նպաստում պրոլետարիատի պայքարին ու աշխատանքին, նրա սոցիալիստական շինարարությանը, այլ ընդհակառակը` մեր ներկայի ու ապագայի նկատմամբ համակված լինելով խոր հիասթափությամբ ու հոռետեսությամբ կամ հեգնում է ու ծիծաղում եւ կամ առատաձեռն կերպով տուրք է տալիս «երանելի» անցյալին»: Գրախոսականն ավարտվում էր քաղաքական մեղադրանքով. «Եվ եթե «Մանկության» մեջ նրա աչքից անցյալի ստվերոտ կողմերը միշտ վրիպում էին, մեր ներկա կյանքին նվիրված իր պատմվածքներում նա լուն ուղտ է շինում, միայն մեշչանացող կոմունիստների է հանդիպում, իսկ չհանդիպելու դեպքում հորինում, «թխում» եւ ապա ինքն իր այդ ստեղծագործությունից հիացած քրքջում. «Տեսա՞ք, կոմունիստներն ինչ էլ որ անում են, «ոչինչ չշինվեց» է դուրս գալիս» [16]:

Ո՞վ էր Համո Հովհաննիսյանը... Կուսաշխատող, «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագիր, ծնված Վանում, մահացած Գուլագում: Մի քանի տողով նա կենդանացած է Մահարու հուշագրությունում. «Մեր մանկատան սաներից էր Համո Հովհաննիսյանը, բոլորին այնպես էր թվում, որ նրանից բան դուրս չի գա, թեեւ աշխատասեր էր նա եւ զուրկ չէր ընդունակությունից: Սովետական տարիներին նա առաջ դիմեց մեծ-մեծ քայլերով եւ մի օր էլ դարձավ կենտրոնական թերթի գլխավոր խմբագիր: Իմ բանաստեղծությունները ուզում էրՙ տպում էր, չէր ուզումՙ չէր տպում: Մի օր էլ իր հոդվածներից մեկում ինձ պատվեց «մանր բուրժուական ինդիվիդուալիստ» պիտակով...» [17]:

Հայաստանյան աղմուկին Սփյուռքն արձագանքեց «Հայրենիք» ամսագրում Ա. Խ.-ի [Արշամ Խոնդկարեան] դրական գրախոսականով. «Լինելով իսկական արուեստի արտայայտութիւններ, Մահարիի պատմուածքները մեզ տալիս են խորհրդահայ կեանքի իրական պատկերը: Բուրժուական զգացմունքին` խանդին են նուիրուած մի շարք պատմուածքներ, որոնցից ամենաուշագրաւն է «Լուսինը ձախից կամ սովորական սէր» պատմուածքը:

Յայտնի կոմունիստ Արամ Թեւանեանը ամուսնանում է մեշչանկայի (քաղքենի աղջկա) հետ: Բայց կոմունիստը շատ զբաղուած մարդ է, նա առաւօտից մինչեւ երեկոյ «հասարակական աշխատանք» է կատարում, ժողովների յաճախում եւ երբեմն էլ շաբաթներով գաւառներում անցկացնում: Կինը տանը մենակ է եւ ձանձրանում է: Այսպիսի պայմաններում, բնականաբար, հանդէս է գալիս երրորդ անձնաւորութիւնը...

Արամի մէջ առաջ է գալիս խանդի զգացմունքը: Բայց կոմունիստը կարո՞ղ է տարուել այդ բուրժուական զգացմունքով: Մարդկայինը եւ կոմունիստականը Թեւանեանի մէջ իրար դէմ են դուրս գալիս եւ այս վերջինը քայլ առ քայլ իր տեղը զիջում է առաջինին... Եւ տանջւում է կոմունիստ Արամի փոքրիկ գլուխը նզովեալ հարցերի առաջ ու չի կարողանում լուծում գտնել: Չի կարողանում, որովհետեւ անպէտք է դուրս գալիս նաեւ այն լուծումը, որ տուել են կոմունիստական գրքոյկներն ու յօդուածները: Գ. Մահարին այս ողբերգութիւնը շատ լաւ կերպով է պատկերացրել իր այս եւ միւս պատմուածքների մէջ, եւ զուր չէ, որ բայլշեւիկ քննադատները սուինով դիմաւորեցին նրա այս ժողովածուն»: [18]

«Լուսինը ձախից...»-ն այլեւս չվերահրատարակվեց: Դա չէր նշանակում, թե այն դուրս էր ձգված գրողի գրական ժառանգությունից: Ազգային գրադարանի հատուկ ֆոնդում պահպանվող ժողովածուի օրինակում հեղինակի ձեռքով պատմվածքի վրա կատարված ժամանակակից ուղղագրական նշումները վկայում են, որ այն նախատեսվել էր վերահրատարակման, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չէր իրականացվել: Ամենայն հավանականությամբ գործել է «շառից հեռու մնալու» սկզբունքը: Պատմվածքը մենք ընդգրկել ենք գրողի «Երկերի» լրացուցիչ ժողովածուի ութհատորյակում:

Ավարտենք Մահարու պատասխանով` ՀՊԳ ասոցիացիայի հարցաթերթիկին: «Ի՞նչ սպասելիքներ ունեք կազմակերպությունից եւ կոնկրետ ինչ միջոցներ կառաջարկեիք» հարցին նա պատասխանել է. «Տվյալ շրջանակներում եւ գրական տիրող մթնոլորտում` ոչ մի» : Չբավարարվելով այդքանով, թերթիկի հակառակ էջում նա մանրամասնել է` «Ամենաուշագրավ բացը, որ ես նկատում եմ մեր միության մեջ - այդ ստեղծագործող անդամների նեղ շրջանակն է եւ գրականության սահմաններից դուրս սխեմատիզացիան. սրանով եմ ես բացատրում այն հանգամանքը, որ մեր միության անդամները արժեքավոր գործ չեն կարող տալ եւ եթե ոմանց այդ հաջողվում է, հաջողվում է միայն «թեքումների» գնով» : Հետեւում էր եւ «դեղգիրը». «Միության ստեղծագործ անդամներին մինիմում ազատություն եւ վերջ սխեմատիզացիային» : [19]

Հետաքրքրականն այստեղ «մինիմումն» էր...

«Լուսինը ձախից...» պատմվածքը բնորոշ օրինակ էր, թե ինչպիսի դժվարություններ էին հաղթահարում գրողները, որոնք ղեկավարվում էին ոչ թե գրական սխեմաներով, այլ կյանքի ճշմարիտ վերարտադրումով: Ստեղծագործական աշխատանքը վեր էր ածվում քաղաքացիական սխրանքի:

Ծանոթագրություններ

1. Գ. Մահարի: Չարենց-նամե, Եր., 2003, էջ 258-262:

2. «Գ. Դ», Եր., 1928, հունիս, թիվ 6, էջ 11-16, հուլիս-օգոստոս, թիվ 7-8, էջ 21-26, սեպտեմբեր, թիվ 9, էջ 33-37, հոկտեմբեր, թիվ 10, էջ 26-30, նոյեմբեր-դեկտեմբեր, թիվ 11-12, էջ 69-74:

3. "На рубеже Востока", Тифлис, 1928, апрель, N 1, стр. 234:

4. «Խորհրդային Հայաստան» («Խ. Հ»), Եր., 1928, 13 հոկտ., թ. 238:

5. Կիմ, Կիմա անունները ծնվել էին Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի ռուսերեն հապավումից:

6. Կոմերիտմիության Երեւանի քաղկոմի քարտուղար Չապլինը (Գառնիկ Մարտիրոսյան) նույնացվում է կինոդերասան Չառլի Չապլինի հետ:

7. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան (ԳԱԹ), Գ. Մահարու ֆոնդ, թ. 63:

8. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1191, ցուցակ 1, գործ 55:

9. «Խ. Հ.», Եր., 1928, 1, 2 դեկտեմբերի, թթ. 277, 278, էջ 3:

10. «Գ. Դ», Եր., 1928, նոյեմբեր-դեկտեմբեր, թ. 11-12, էջ 130:

11. Մահարու «Լուսինը ձախից կամ սովորական սեր» պատմվածքը, «Գ. Դ», Եր., 1929, հունվար, թիվ 1, էջ 44-48:

12. Գուրգեն Մահարու պատմվածքները, «Յե. Բ», Եր., 1929, հունվար-փետրվար, թիվ 1-2, էջ 87-95:

13. Ուղեկցային եւ դաշնակցային գրականության խնդրի շուրջը, «Գ. Թ.», Եր., 1932, 23 փետրվարի, թ. 1:

14. «Գ. Դ», Եր., 1929, օգոստոս-սեպտեմբեր, թ. 8-9, Էջ 4-16:

15. «Գ. Դ», Եր., 1929, նոյեմբեր, թ. 11, էջ 37-38:

16. «Գ. Դ», Եր., 1929, մարտ, թիվ 3, էջ 43-51:

17. Երկեր, հ. 5, էջ 587-588:

18. «Հայրենիք», Բոստոն, 1932, Ապրիլ, թիվ 6, էջ 170-172:

19. ԳԱԹ, Ասոցիացիայի արխիվ, թ. 711:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4