Ուխտավայր դարձած Հումբոլդտի համալսարանը
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բեռլինումՙ մեր պատմության մեջ հաճախ առանցքային նշանակության այս քաղաքում երկու վայր կա, որ մեր մտքում տարիներ շարունակ հուշարձան ենք կանգնեցնումՙ Հումբոլդտ համալսարանի երաժշտագիտական ֆակուլտետում, որի արդիականացած շենքի հին աստիճաններն ու բազրիքը դեռ Կոմիտասի մատնահետքերն են պահում, մեկ էլ այն վայրում, ուր Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթին: Երբեւիցե առարկայական խորհրդանիշը կհուշի՞ անցորդներին անցած դարն այս արարքով ու դրան հետեւած դատավարությամբ մի քիչ արդարադատ դարձրած այս հասցեն, դժվար է կռահել, բայց Ամ Քուփֆերգրաբեն 5 հասցեն այսուհետեւ Բեռլինում մեզ տպավորելու է ոչ միայն դիմացի մայթին թանգարանների կղզու իր գոյությամբ, այլեւՙ նվիրական մի հուշատախտակով: Սեպտեմբերի 5-ին ժամը 16.15-ին Բեռլինի Հումբոլդտ համալսարանը պատվեց իրՙ 1896-1899 թվականներին ուսանած աշխարհահռչակ սաներից մեկինՙ Կոմիտասին (1869-1935)ՙ համալսարանի երաժշտագիտության եւ տեղեկագիտության (մեդիաների) ֆակուլտետի առջեւ հանդիսավորապես բացելով նրա հուշատախտակը:
Հումբոլդտ համալսարանը
Բեռլինի ամենահին, էլիտար համալսարանն է, ուսանողների թվովՙ երկրորդը: Հիմնադրվել է 1810-ին, կրել Ֆրիդրիխ Վիլհելմի անունը: Հուշատախտակները տարբեր ենՙ 18 -ը պատվում են այն գիտնականներին, ովքեր 19, 20-րդ դարերում սովորել են, հետազոտություններ կատարել այս համալսարանում, մնացած հուշատախտակները պատկերում են պատմական իրադարձություններ կամ մանրամասնում են համալսարանի անցյալը: Վիլհելմ ֆոն Հումբոլդտի, Թեոդոր Մոմզենի, Ալբերտ Այնշտայնի, Մաքս Պլանկի, Գեորգ Հեգելի (ինչպես վկայում է գրությունը, նա 1818-ից համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր է եղել եւ 1828-1831-ին ապրել կից տանը, որ ավերակ է դարձել 2-րդ համաշխարհայինի ժամանակ) եւ մյուս հսկաների կողքին իր պատվավոր տեղը գտավ նաեւ Կոմիտասի հուշատախտակը:
Կոմիտաս - Հեգել. հավիտենական զրույց
Առաջին խոսքը վերապահված էր Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանին, ով գերմաներեն իր կարճ ելույթում, օգտվելով Պարույր Սեւակի բնորոշումից, Կոմիտասի գործը համեմատեց Մաշտոցի կատարածի հետ: Այնուհետեւ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Մանֆրեդ Ռիխտերի արտասանած սաղմոսից հետո, հայ եւ գերմանացի եկեղեցականները հոգեհանգստյան աղոթք հնչեցրին եւ հուշատախտակի օրհնության կարգ կատարեցին: Բանուկ փողոցի երթեւեկը հաճախ խլացնում էր նրանց ձայնը, բայց միեւնույն է, պահը հուզիչ էր, քանզի հայոց բառը, Կոմիտասին ուղղված ձոնը ձուլվում էին այս փողոցի առօրյա կյանքինՙ արեւաշող այդ օրվա թթվածնի քիմիական բաղադրությանը երգ ու տաղ խառնելով:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Սաքսոնիա Անհալթ երկրամասի մշակույթի նախկին նախարար, այժմ Հումբոլդտ համալսարանի նախագահ Յան Հենդրիկ Օլբերթցի ձեռամբ բացվեց հուշատախտակի սպիտակ պաստառը, ու պարզ դարձավ, որ մրցույթը շահած երիտասարդ դիզայներ Նաիրա Մենդելյանի աշխատանքն է այսուհետ զարդարելու երաժշտագիտական ֆակուլտետի մուտքը: Համեստ ու ոսկեփայլ, հանրագիտարանային ձեւակերպումը նոտաներով կյանքին կապող այդ ստեղծագործության մեջ ինձ համար պակասում էր Կոմիտասի ազնվական դեմքը, որ մեզ հասած յուրաքանչյուր լուսանկարից դրոշմվում է արագ, միջնորդ դառնում իր արածն հայտնագործելու: «Կոմիտասի հուշատախտակի կողքին Հեգելի հուշատախտակն է», ամփոփ ձեւակերպում է համալսարանի նախագահըՙ փաստը թողնելով ներկաների մեկնաբանությանը: Մենք հեռանում ենքՙ Ունթեր դեն Լինդեն հանրահայտ փողոցում գտնվող համալսարանի կենտրոնական մասնաշենքՙ Կոմիտասին նվիրված օրը շարունակելու: Իսկ թանգարանային այս կղզում` հանրահայտ Պերգամոն թանգարանի ճիշտ դիմաց, կանցլեր Մերկելի աշխատավայրից մի քանի հարյուր մետր հեռու, այսուհետեւ չընդհատվող հավիտենական զրույցն էՙ Հեգելի ու Կոմիտասի:
«Օրվա ընտրությունը պայմանավորված չէ կազմակերպիչների ու հովանավորների ժամանակացույցով. սեպտեմբերը Կոմիտասի ծննդյան ամիսն է, դա ամրագրված է նաեւ Կոմիտասի բեռլինյան ավարտական վկայականում, պարզաբանեց ժամը 17-ին սկսված հանդիսությունը վարող Հալլե-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանին կից «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը, ով այնուհետեւ, մինչ համալսարանի նախագահին ամբիոն տրամադրելը, դոկտոր-պրոֆեսոր Յան Հենդրիկ Օլբերթցին ներկայացրեց իբրեւ մի պաշտոնյայի, որն ակտիվ դերակատարում է ունեցել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառում համագործակցության, կյանքի կոչել հայ-գերմանական բազմաթիվ ծրագրեր, որից մեկն էլ Հայաստանի կառավարության երկարամյա ցանկությանՙ հուշատախտակի բացման իրականացումն է: «Հուշատախտակ, որ Գենտի համալսարանում Վարուժանի հուշատախտակից հետո դառնալու է Հայաստանի եւ Սփյուռքի համար նոր ուխտավայր», ասաց հայագետ Դրոստ-Աբգարյանը:Հումբոլդտ համալսարանի նախագահը ողջույնի ջերմ խոսքում կարեւորեց երկու երկրների, նրանց համալսարանների միջեւ առկա համագործակցությունըՙ ցանկություն հայտնելով շարունակել այն:(Մինչ հուշատախտակի բացումը հայկական պատվիրակությունըՙ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ղեկավարությամբ հանդիպել է Հումբոլդտ համալսարանի նախագահին: Ըստ մեր զրուցակից Արմենուհի Դրոստ-Աբգարյանի հաղորդման, գոհունակությամբ շեշտվել է, թե 2005-ից ի վեր համագործակցությունն ընդլայնվել էՙ մշակույթից դեպի գիտության բնագավառ: Աշխուժանալու է Հալլեի, Բեռլինի եւ Երեւանի համալսարանների միջեւ կապը: Կողմերը նաեւ նվերներ են փոխանակել. Հասմիկ Պողոսյանը նվիրել է Ուրբաթագրքի պատճենըՙ ի հիշեցում Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի, որ 2012-ին մեկնարկելով Վենետիկում, շարունակություն գտավ Հալլեում, իսկ դեկտեմբերին տրամաբանական ավարտ կունենա Մայնցումՙ Գութենբերգ թանգարանում: Յան Հենդրիկ Օլբերթցի նվերն ընդգծել է գրքի խորհրդանիշըՙ Հայաստանին նվիրել է իր ղեկավարած համալսարանի առջեւ տեղադրված այն քանդակի փոքր օրինակը, որում Հումբոլդտի ձեռքին գիրք կա):
«Ինձ զարմացնում է մեր արխիվի կարգապահությունը», ասաց նախագահըՙ ցույց տալով Կոմիտասի կենսագրության մի ձեռագիր պատառիկՙ համալսարանում նրա ուսումնառությունը հաստատող բոլոր վկայականները: Այնուհետ ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով խոստովանեց իր հուզմունքըՙ «պատիվն ունեցա Մեծն Կոմիտասի հուշատախտակը բացելու: Ուրախ եմ, որ մեր գերմանացի գործընկերների հետ կարողացանք միահամուռ ուժերով իրականացնել այն»: Այնուհետ տիկին նախարարն անդրադարձավ Կոմիտասիՙ հայ մշակույթի պատմության մեջ ունեցած դերին, հիշատակելով նաեւ նրա ուսուցչիՙ Ռիխարդ Շմիդտի գնահատականը իր սանի մասին.«Կոմիտասն արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ, ապրելու եմ նրա մեջ»: Տիկին Պողոսյանը հանրությանը հիշեցրեց Կոմիտասի կյանքի վերջին 20 տարիները, որ անմիջականորեն կրում են Հայոց ցեղասպանության ողբերգական դրոշմը, նրան դարձնելով նաեւ հայոց ցավի ու տառապանքի խորհրդանշական կերպարը. «Ցավոք, մեր օրերում էլ շարունակվում է մարդու կողմից մարդու սպանդը», ասաց նախարար Հասմիկ Պողոսյանըՙ հիշեցնելով Հունգարիայում կատարված ադրբեջանական ոճրագործությունը: «Բայց բարբարոսությունը չէ գոյության շարունակությունը, հավիտենությանն են ստեղծագործ մարդկանց գործն ու անունը», ասաց նախարարըՙ իր ելույթի վերջում երախտիքի խոսքն ուղղելով գերմանացիներինՙ արժեքները գնահատելու, հայ ժողովրդի արվեստն ու մշակույթը պատվելուՙ ի հաստատումն այն փաստի, որ ազգայինի մեջ չսահմանափակվող իսկական արժեքները համամարդկային են: «Շնորհակալություն Կոմիտասին: Շնորհակալություն Ձեզ բոլորիդ»:
«Կոմիտասը գերմանահայկական մշակութային հարաբերությունների խորհրդանիշ» վերնագրյալ դասախոսությամբ ելույթ ունեցավ Լայպցիգի գիտությունների ակադեմիայի երաժշտագետ, ազգագրագետ դոկտոր Ռեգինա Ռանդհոֆերը, իսկ Երեւանից Կոմիտաս կոնսերվատորիայի պրոռեկտոր, դոկտոր- պրոֆեսոր Մհեր Նավոյանը ներկայացրեց «Հայ ազգային արդի երաժշտության հիմնադիր» Կոմիտասին: Ռեգինա Ռանդհոֆերը հեղինակ է նաեւ գերմանական երաժշտական Brockhaus Riemann հանրագիտարանիՙ շուտով լույս տեսնող առաջին հատորում ընդգրկված «Հայ երաժշտությունը» հոդվածի:
Թե՛ գերմանացի, թե՛ հայ բանախոսի շարադրանքներն ուրվագծեցին Կոմիտասիՙ իր ժամանակի մեջ արդեն կայացած անհատ լինելուՙ երաժշտագետի, ազգագրագետի, կոմպոզիտորի, մանկավարժի, խմբավարի, երգչի պատկերը ու ժամանակից դուրսՙ անընդհատ թանձրացող, նրա հսկա, անչափելի, հավիտենական իշխանությունը:
Խոսելով Կոմիտասի ժառանգության մասին Մհեր Նավոյանն ասաց, թե այն մեծ կորուստներով է մեզ հասել, բայց դրանով հանդերձՙ կա 14 հատոր կազմող երկերի ժողովածուն, երաժշտագիտական 2 ստվար հատոր, իսկ բեռլինյան շրջանի տարբեր ստեղծագործություններ դեռ պիտի հրատարակվեն:
Կարճ ընդմիջումից կոմիտասյան մեղեդիների մատուցմամբ հանդես եկան միջազգային մրցույթների բազմակի դափնեկիրներՙ դաշնակահար Հայկ Մելիքյանը եւ «Գեղարդ» անսամբլը (գեղղեկՙ Մհեր Նավոյան, խմբավարՙ Անահիտ Պապայան): Մեր երաժիշտները Կոմիտասի հայրենիքի իրական կերտողները դարձան: Իսկ «Գեղարդի» միջոցով կոմիտասյան մաքուր ելեւէջները համալսարանական տաճարը վերափոխեցին եկեղեցու:
Հետգրության փոխարեն
Նրանք, ում անդուլ աշխատանքի արդյունքում իրականություն դարձավ այս իրադարձությունը, հերոսներ չդարձան, նրանք իրենց նվազագույն պարտքը մատուցեցին Մեծերից մեծին, ով վաղուց ի վեր մեզ ուղիղ ողնաշար ունենալու գիտակցությունն է տվել: Ստրկամիտներն իհարկե եվրոպական մայրաքաղաքներում սա չեն հասկանա: Չեն հասկանա, դրա համար էլ տանը նստած հոդված գրեցինՙ իրենց բացակայությունն արդարացնելով հրավիրատոմս չստանալու, օրվա պարտադիր բանախոսը չլինելու հանգամանքով:Եկել էին գերմանահայության մտավորականության ներկայացուցիչներ, տարբեր համալսարաներում պաշտոնավարող գիտնականներ, ինչպես ասում են, սերուցքը կամ ավելի հստակՙ հավակնություններ չունեցող անհատներ, պարզ մարդիկ, ովքեր Կոմիտասի մեծությամբ են ճշտում իրենց տեղն աշխարհում: Հուզվեցին նրանք, ովքեր, պահի հանդիսավորությունն ու բացառիկությունը հասկանալով, շտապեցին այդ օրը Կոմիտասի հետ լինել:
Բեռլին, Գերմանիա