ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-08-25 | #16, 2012-09-08 | #17, 2012-09-21


«ՀԻՇԵԼՈՎ ՈՉ ՀԵՌՈՒ ԱՆՑՅԱԼԸ»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԲԱՆԱՆ

Կիսլովոդսկի «Իսկրա» կինոթատրոնից դեպի նշանավոր Պարկը տանող ճամփին երկու ծառաշատ բլրակների միջեւ մի երկարավուն փայտե հենքով, երկաթե կայմերով կամուրջ էր գցված, եւ երբ վրայով անցնում էիր, քեզ թվում էր, թե նավակի մեջ ես, քանի որ կամուրջը մեղմ ճոճվում էր եւ մի ինչ-որ հաճելի, փոքր-ինչ նյարդերդ խտուտ տվող զգացմունք էիր ապրում: Հենց այդ կամուրջի հետ կապված մի հիշողություն էլ է դրոշմվել մեջս, բայց դրան դեռ երկու տարի կար եւ կանդրադառնանք մի ուրիշ առիթով: Իսկ առայժմ 1960 թվականի հուլիսն էր, եւ ես տատիկիս ու նրա Փառանձեմ քույրիկի հետ հանգստանում էի պապիկիս սիրած Կիսլովոդսկ առողջավայրում: Սենյակ էինք վարձել Պարկից ոչ հեռու, Շահումյան 24, մեկ հարկանի, հայ ընտանիքի պատկանող մի տան մեջ: Ուրեմն, անցնում էի այդ ճոճվող կամրջով հերթական ֆիլմը դիտելուց հետո, երբ դեմովս անցավ մի կինՙ ձեռքին սովետական սովորական ցանցե տոպրակը (ՈՉՏրՖՍՈ), մեջը, օ՜ հրաշք, դեղնավուն, երկարուկ, կորաձեւ մի ինչ-որ միրգ: Երկար մտածել պետք չէր, հասկացա, որ դա բանան էր, բայց Կիլովոդսկումՙ Պարկ տանող կամուրջի վրա բանան որտեղի՞ց, եւ զսպելով ամոթիս զգացումըՙ շուռ եկա, մոտեցա այդ տիկնոջն ու հարցրի.

- Ներողություն, դա բանա՞ն է:

Կինը հաստատեց: Ես էլի հարցրիՙ իսկ որտեղի՞ց, եւ նա պատասխանեցՙ ցույց տալով դիմացի կանաչ բլրակի բարձունքը:

- Վաճառում են «XVII պարտսյեզդի» (XVII կուսհամագումարի)# անվան սանատորիայի տարածքում, այնտեղ կենտրոնական զբոսուղու վերջում մի կանաչ կրպակ կա:

Այս խոսքերը լսելուն պես ես ծրագրեցի իմ անելիքը. ինչ գնով էլ լինիՙ մտնել այդ առողջարանի տարածքը եւ հրաշքով այստեղ հասած բանանը գնել. ա՛յ թե տատիկս կզարմանա:

«Վիգենը Փարիզում բոլորից շատ բանան էր սիրում, օր չկար, որ բանան չուտեր: Նա անգամ առավոտները բանանով ձվածեղՙ օմլետ էր սարքում: Բանանը այնքան քաղցր էր, որ այլեւս կարիք չկար շաքար ցանելու: Բանանը Փարիզ էր գալիս Աֆրիկայի ֆրանսիական գաղութներիցՙ Սենեգալից, Չադից»:

«Բանանն ի՜նչ միրգ է որ, անհյութ, ծանրամարս, իսկը կապիկների կեր»:

«Աֆրիկայում շատ վայրերում ցորեն չի աճում, եւ բնիկները հացի փոխարեն բանան են ուտում, բանանից ալյուր են սարքում, հետո բլիթներ թխում»:

«Բանանը ծառերի ամենավերին հատվածում է աճում, շատ բարձր, աֆրիկացիք էլ կապիկի ճարպկությամբ բարձրանում են ծառի կատարը, մի օղակաձեւ գոտիովՙ ծառին ամրացնելով»:

«Բանանից, ինչպես եւ կոկոսից, շատ համեղ հյութ է ստացվում»:

Նոր տարվա նախօրյակին Գեւորգ Զ կաթողիկոսի երեւանյան բնակավայրում տեսել էի լոգարանի մեջ, սառը ջրի հոսքի տակ, անանաս (երեւի սառնարանում տեղ չունեին), իսկ Մոսկվայում համտեսել էի նաեւ նարինջ: Բանան բնական վիճակում առաջին անգամ էի տեսնում:

Ես շատ լավ գիտեի կուսհամագումարի անունը կրող առողջարանի ճամփան. 5-6 տարեկան հասակից համարյա ամեն ամառ մերոնց հետ Կիսլովոդսկում եմ եղել: Այնպես որ, այդ գեղատեսիլ Պարկում ես ամեն ինչ գոց գիտեի: Գիտեի նաեւ, որ առանց «կուրորտային գրքույկի» չէին թողնի, որ այդ հայտնի սանատորիայի (որտեղ հիմնականում պարտնոմենկլատուրան էր հանգստանում) դարպասներից ներս մտնեի: Մնում էր զարտուղի ճանապարհը:

Սանատորիայի ողջ տարածքը շրջապատված էր պարսպով, եւ նրա մի երկար կողը գնում էր Պարկի ծառուղուն զուգահեռ: Կգնայի այդ պարսպի երկայնքովՙ մինչեւ որ մի ճեղք գտնեի տարածքը թափանցելու համար: Այդ փորձն էլ ունեի: Ընկերներիս հետ երեկոյան այս կամ այն սանատորիայի պարի հրապարակ էինք թափանցում «պարտիզանական ձեւով»:

Պարկը շատ գեղեցիկ, երկար, ստվերոտ ծառերով շրջապատված ծառուղիներ ուներ, անվրդով բարձրանում էիՙ ուշի-ուշով աչքս գցած կանաչ գույն քսած երկարավուն ցեմենտե պարսպին: Պարիսպը մոնոլիտ չէր, կազմված էր ցեմենտե ճաղերից, դա էլ իմ հույսն էր. տղերքը, հնարավոր չէր, որ մի տեղ ճաղ ջարդած չլինեին:

Այստեղ դեմս եկավ երկրորդ կինըՙ ձեռքին էլի սովետական ստանդարտ ցանցե տոպրակը, որն այժմ փորձես գտնելՙ չի հաջողվի, հումորով մարդիկ էլ ռուսերեն այն անվանել են րՏՉՏՍ, իսկ դիսիդենտ գրողներն էլ, Դովլաթովի նման, սովետական մարդկանց ընդհանրական անունն են կնքել րՏՉՏՍ: Թեեւ Դովլաթովն էլ, անշուշտ, այդ սովոկի մեջ դրած դատարկ շշեր մեկ անգամ չէ, որ հանձնել է ու դեռ մի ժամ էլ հերթ կանգնել: Անցյալը ծաղրելը ընդհանրապես լավ նշան չէ, ասենքՙ այդ սովոկը չլիներՙ ինչի՞ մասին պետք է գրեր Դովլաթովը: Չգիտեմ, այն ժամանակ մենք բոլորս օրվա գնումների համար նախատեսված ցանցը կոչում էինք սետկա: Եվ հազվագյուտ դեպքում սովետական աշխատողի պորտֆելում չէիր գտնի այդ ամենափրկիչ ցանցը:

Ահա բանանով ծանրաբեռնված նման մի տոպրակ ձեռքինՙ երկրորդ կինը դեմս ելավ: Եվ ես հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ, եւ շատ ուրախացաՙ «Այ թե տատիկս կզարմանա»: Ու այդպես անհոգ (իհարկեՙ զուտ առաջին հայացքից) բարձրանում եմ սանատորիայի ցանկապատին զուգահեռ ծառուղով, երբ նկատեցի պատի հարեւանությամբ խիտ մի թփուտ, եւ կանխազգացումս չդավաճանեցՙ երկար սպասված անցքը հենց այստեղ էր: Էլ երկար մտածելու տեղը չէր, երկու քայլՙ եւ ես «Կուսհամագումարի» առողջարանի տարածքում եմ: Փառք Աստծո, լավ էլ հագնված էի, տեղը տեղին, ո՞ւմ մտքով կանցներ, որ տեղացի չեմ, մի փոքր կասկած կարող էր հարուցել ջահել կովկասցու արտաքինս, ոչինչ, կասեմՙ եկել եմ հյուր քեռուս, ասենքՙ դեպուտատ Մժավանաձեին... թող գնան պարզեն: Պետք էր դուրս գալ սանատորիայի հիմնական ծառուղին, որտեղ եւ պիտի լիներ աֆրիկյան հրաշքի վաճառքն իրականացնող կախարդական կրպակը: Էդ ճամփան էլ անցանք, բավական հեռվում խոյացած էր խորհրդային «ուշ ամպիրի» ոճիՙ 17-րդ պարտհամագումարի անունը կրող ճերմակագույն պատկառելի շենքը: Դեպի այն տանում էին գեղեցիկ ծաղիկներով զուգված չորս կենտրոնական ճեմուղիներ: Եվ երեւաց կանաչ կրպակը, եւ զարմանալի է, որ նրա դիմացն էլ դեռ մի փոքր հերթ կար: Երեւի վախեցել են բերված բանանը շոգից փտի եւ գցել են վաճառքի:

Բարձր տրամադրությամբ կանգնեցի հերթի: Գինը դեռ չգիտեմ, հաշվեցի մոտիս փողըՙ հարյուր տասը ռուբլի (մեկ տարի անց փողի ռեֆորմից հետո դա կլինի տասնմեկ ռուբլի): Հերթ կանգնածները, իսկ հիմնականում նրանք խոշորակազմ, միջին տարիքի ռուս կանայք էին, երեւում է, սանատորիայի սպասարկող անձնակազմից էինՙ բուժքույրեր, մատուցողներ, հավաքարարներ: Դե սրանք էլ ինչ-որ հաշվով նոմենկլատուրա են, չէ՞ որ նրանց վստահվում է նախարարների քամակին սրսկում իրագործել եւ այլն, եւ այլն, զոռ չտանք մեր երեւակայությանը:

Հերթը մոտենում էր արդեն: Երեւաց, որ դեղնակապույտ զոլավոր (նույնպես ոչ մեր երկրի) տուփերի միջից են վաճառում բանանը, նշմարվեց եւ գնի ցուցանակը. 1 կգՙ 11 ռուբլի: Իսկ այդ գեղեցիկ տուփի վրա էլ խփված էրՙ «10 kg»: Օ՜ զարմանք, ուրեմն կարող եմ մոտիս գումարով մի ամբողջ տուփ առնել, եւ սետկայի բացակայության հարցը ինքնին լուծվում էր:

- Զդրավստվույտե,- սիրալիր բարեւում եմ բավական գեղեցկատես վաճառողուհուն,- պոժալույստա, տվեք ինձ մեկ արկղ,- եւ պարզում եմ դրամը:

Լսելով սիրալիր խոսքս եւ հետն էլ անկեղծ ժպիտս, վաճառողուհին, հիրավի զինաթափված, փողերս վերցրեց, խփեց կասսային հաշիվը եւ մեկնեց ինձ չեկը: Եվ բավական հանդիսավոր արտաբերեց.

- Իսկ արկղը դուք ինքներդ վերցրեք, մոլոդոյ չելովեկ:

Նախօրոք չեկը դնելով գրպանս (ես իմ ապրանքի տերն եմ)ՙ հանգստացնող հաբն ընդունելով, կես քայլ ներս արեցի, վերցրի կնոջ ցուցամատի ուղղությամբ նշմարված երանելի արկղը եւՙ ցտեսություն, «Պարտհամագումար» եւ «նոմենկլատուրային սպասարկում»: Եվ քանի որ չեկը գրպանումս էր, էլ ինձ պարտիզանական արահետի փրկիչ բռնուտով դուրս գալ պետք չէր: Կգնամ օրինավոր ճամփով, դուրս կգամ դարպասներից, որոնցով բավական ինտենսիվ հաճախականությամբ սեւ ԶԻՄ ավտոմեքենաներ էին անցնում: Եթե հարցնեն էլ, կասեմ «Պարտհամագումարից» բանան եմ տանում ցարական ռեժիմի քաղէմիգրանտի այրուն: Եվ դա ճիշտ էր:

Սակայն դարպասները այնքան լայն էին եւ պահակների ուշադրությունն էլ ներս մտնողների, ոչ թե դուրս եկողների վրա էր. ոչ ոք ոչինչ չհարցրեց: Եվ Աֆրիկայի ջունգլիների ջերմությունը դեռ մեջը պահած բանանով տուփը գիրկս` ես զվարթ իջնում էի արդեն Պարկի մերոնքական ծառուղիներով դեպի հռչակավոր Կոլոնադան, որը Պարկի կենտրոնական մուտքն էր: Բլրակից իջնելը ավելի հեշտ էր, քան բարձրանալը: Ու թեեւ շատ էի ուզում գոնե մի բանան համտեսել, բայց զսպում էի ինձՙ թող տատս իր ձեռքով բանա բանանի տուփը:

Մեր վարձած տունը Պարկի մուտքից (Կոլոնադայից) հեռու չէրՙ ընդամենը մի տասը-տասներկու շենք: Հիմա չեմ հիշումՙ ճամփին քի՞չ էին, թե՞ շատ հայացքներըՙ ուղղված բանանի տուփին, բայց ես շատ գոհ էի իմ իրականացրած ծրագրից: Եվ վերջապես ներս եմ մտնում: Տատիկս, իր փոքր քրոջՙ Փառանձեմի հետ, պատշգամբում էր, կաթով սուրճ էին խմում: Ես լուռ մտա եւ էկզոտիկ տուփը դրեցի սեղանինՙ ուղիղ տատիս դիմաց, ու տատս կարդաց. Los bananos, Ecuadore: Եվ չգիտես ինչու, ֆրանսերենով հարցրեցՙ որտեղի՞ց բանանը, օ՜ ինչքան ժամանակ ես բանան չէի տեսել, ու սկսեց ֆրանսերեն հաշվելՙ 36 թվական, 46, 56 եւ 60 թվականՙ քսանչորս տարի, o la la cest magnifigue! սա հրաշալի է, ո՞ւր է Վիգենը, կանչիրՙ թող գա, նա բանան շատ է սիրում: Ես ասացիՙ Վիգենը տանը չէ, հիմա տուփը բացենքՙ մի հատ համտես անենք, իսկ Վիգենն ու Բելլան մինչեւ ճաշը կգան: Մենք Երեւանում ճաշում էինք ժամը 5-ին:

Եվ տատիկս հանդիսավոր տուփը բացեց: Դեղին մրգից շատ անուշ հոտ տարածվեց մեր կիսլովոդսկյան պատշգամբում: Տատիկս հոտն առնելուն պես արդեն հայերեն ասաց. «Կարծես Փարիզի հոտն առա, այսքան տարի այն չէի զգացել»: Ապա, մի պահ անց, կարծես նոր միայն վերադառնալով իրականությանը, ինձ հարցրեց.

- Այ Ավիկ ջան, այս բանանը որտեղի՞ց, այն էլ այս քանակով, այս ի՜նչ հրաշք է:

Ես ասացիՙ նվեր է քեզ «Պարտհամագումար»-ից, նվեր որպես վտարանդի բանաստեղծիՙ ռուսական էմիգրանտի կնոջ: Եվ որպեսզի շատ չտանջեմ, գրպանիցս հանեցի ապրանքաչեկը: Երբ չեկը ձեռքն առավ տատիկս, հասկացավ, որ Փարիզում չէ, ոչ էլ Երեւանում... Եվ զարմանքից ասաց. «Ես մի պահ ինձ ուրիշ երկրում զգացի ու ասացի կանչեմ մեր Վիգենին, նա բանան շատ է սիրում»:

Տատիկս ինձ գովեց, երբ լսեց բանան գնելու պատմությունը:

- Ավիկ, ասել է, դու իրոք բավական ինքնուրույն տղա ես, դե, ասենք, մյուս տարի պիտի դպրոցն ավարտես: Ապրես, ապրես, ես այդ փողը քեզ էի տվել, բայց դու այս ծախսն արել ես մեր տան համար, հիմա էլի կտամ:

Ապա շուռ եկավ քրոջը եւ կիսահրամայական երանգով ասաց.

- Փառիկ, այս բանանը լցրու տոպրակը եւ դիր սառնարանը, ուրեմն ինձ ու քեզ օրական մի բանան, իսկ Ավիկինՙ երկուսը, առավոտյան եւ երեկոյան, այդպես մենք մոտ մի ամիս բանան կունենանք: Ափսոս, որ Վիգենը Երեւանում է, նա բանան շատ է սիրում...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4