ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2012-08-25 | #16, 2012-09-08 | #17, 2012-09-21


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակի առթիվ

Աչք է բացել Լոռվա Աղքյորփի գյուղում, որը լինելով արմատական հայկական հողՙ զտարյուն հայ բնակչությամբ, անցյալի կեղծարար դատավորների կողմից հայտնվեց Վրաստանի վարչական տարածքում, ինչպես մեր այլ հողերՙ Նախիջեւանը, Ջավախքը, ամբողջ Արեւմտյան Հայաստանը, տորթի պես կտրատել, կերել հա կերել են պատմականորեն ծովից ծով երկիրը, ի վերջո մեզ թողնելով այն, ինչ այսօր ունենք, այդ քաղաքական աճպարարներին ասեմ` սրա համար էլ ենք «շնորհակալ», քանզի աշխարհը սատանայացել էՙ քրիստոնյա Եվրոպայում ցմահ բանտարկյալ մարդասպանին ուղարկում են հազիվ մեկ դարեկան մուսուլման երկիր, որտեղ նրան իսկույն ազատում են պատժից եւ հռչակում ազգային հերոս, թեեւ, մեր մեջ ասած, այդպիսի ազգ պատմական-դասական առումով գոյություն չունի, նավթ կա միայն: Նավթը քաղաքական պոռնիկներին այլասերել էՙ ընդդեմ ճշմարտության:

Աղքյորփին գտնվում է Լալվար «գրական» լեռան (տես «Լալվարի որսը» պոեմը) հովանու ներքո, կուսական անտառների գրկում: Կարկաչում է Լալվարի ձյուներից սկիզբ առնող Աղքյորփի գետակը: Անտառը խոսում է բազմաձայն խշշոցով: Երկնքում ճայթում են կայծակներ: Ամպերը հեղեղ անձրեւ են թափում: Մեկ էլ մութ երկինքը ճեղքվում էՙ ցուցադրելով իր աստղազարդ կուրծքը: Ծագում է անձրեւից զովացած արեւըՙ խոշոր, ոսկեզօծ, քեզ այնքան հարազատ: Ծառերի ճյուղերին ու մթամած-խոնավ թավուտներում արթնանում են թռչուն ու մժեղ: Դու էլ մեծ աշխարհ թվացող այս բնության մասն ես, քո մեջ են ապրում ամպրոպ ու անձրեւ, ծառ, արեւ ու գետակ: Ես բարեբախտություն եմ ունեցել մի քանի ամիս ընտանյոք ապրելու Աղքյորփիում, որտեղ Նիկիտ աներս անտառապահ է աշխատել, այստեղ է թաղված, ինչպես եւՙ Ասյա զոքանչ մայրիկըՙ իրենց մանուկ Սվետլանայի հետ: Աղքյորփիում էլ առաջին անգամ ծանոթացա քառասնամյա Վլադիմիր Բարխուդարյանին, որ մեր Հայաստանում արդեն ճանաչված գիտնական էր, պատմական գիտությունների դոկտոր: Հայրըՙ Բախշին, որ նույնն է թե «բաշխել»ՙ բաժանել, պարգեւել, ընծայել, նվիրել, կոլխոզի նախագահն էր, բարձրահասակ, թիկնեղ-գեղեցիկ, արդեն ալեհեր, ժպտուն, բարեհաճո տղամարդ, Վլադիմիրը, որին երբեմն հանդիպում եմ Ակադեմիայում, ինձ հիշեցնում է իր հորը: Նրանց ոչ ընդարձակ տունը ոչնչով չէր տարբերվում համագյուղացիների բնակարաններից, միայն առաջին անհրաժեշտության հին ու համեստ կահավորանք, ապրուստն էլՙ շատ սովորական, ինչպես մյուսների մոտ, միակ «շքեղությունը» փոքրիկ, հին ու պարզունակ, սեւաստվեր հեռուստացույցն էր, որից, գուցե, ուրիշների տներում էլ կար: Ազնվագույն մարդկանց ապրելակերպ, որոնք գաղափար իսկ չունեին «սեփական դիրքի չարաշահումից», որ մեր ներկայիս գյուղապետերից ոմանք պիտի դարձնեին առաջնակարգ օրենքՙ իրենց պապենական կացարանները վերածելով շքեղ առանձնատների, ինչը, հավատացեք, բնավ էլ ֆինանսատնտեսական բարգավաճման նշան չէ, այլ բարոյական անկում: Այդ ընտանիքի հարսը տիկին Նեկտարն է առ այսօր, իր ամուսնուն սիրող եւ նրա կողմից սիրված, գեղեցիկ, նրբանկատ, գիտուն մի անձնավորություն, ես ուրախ եմ, որ նրան էլ տեսա ու ճանաչեցի: Նրանք անմոռանալի, ցնցող վայրկյաններ ապրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ հեռուստացույցով դիտում էին հայ Ազգային ժողովի սպանդըՙ ավելի դաժան, քան Հուլիոս կեսարի սպանությունը Հռոմի սենատում: Այդ բացառիկ ողբերգական տեսարանը բոլորիս աչքի առջեւ է. նրանց միակ զավակըՙ այն ժամանակվա ՀՀ Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը ամբիոնից ելույթ էր ունենում եւ միայն պատահականորեն չգնդակահարվեց: Աստված բարեհաճ եղավ Բարխուդարյան ընտանիքի հանդեպ: Երանի այդ բարեբախտությունը մյուսներին էլ վիճակվեր:

Ես մի փոքր զբոսաշրջիկություն կատարեցի դեպի երեկվա օրերըՙ հավատացած, որ բարի, գեղեցիկ առաքինի անցյալը շարունակում է ապրել եւ ներկայում, ինչպես եւՙ ողբերգությունները, դրանք չեն մոռացվում մինչեւ իսկ մասնակից ականատեսների մեռնելուց հետոՙ դառնալով մշտապես արթուն պատմություն: Նաեւ հավատում եմ, որ մարդու անձնական եւ հասարակական կուլտուրան ձեւավորվում է ոչ միայն լուրջ ու տեւական ուսումնառությամբ, ինչը, անշուշտ, շատ կարեւոր է, այլեւ, գուցե ավելի, իր բնության, հայրենի հող ու ջրի, ծնողաց բարոյականության շնորհիվ, իր ժողովրդի հոգեկառուցվածքով, որը մեր դեպքում տարիք չի ճանաչում: Այս հավատամքն իմ մեջ ամրապնդում է եւ Վլադիմիր Բարխուդարյանի կերպարը: Ավարտելով Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետըՙ շուտով նա ամբողջովին նվիրվեց մեր կարեւորագույն գիտա-հոգեւոր օջախի արմատական գործընթացներին, եղավ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, այժմ Ակադեմիայի նախագահության խորհրդականն է, սակայն երբեք չընդունեց պաշտոնյայի կեցվածքՙ յուրաքանչյուր օրը ապրելով իբրեւ պարզ-անմիջական մարդ եւ զտարյուն գիտնական:

Վլադիմիր Բարխուդարյանը եւ իր տարեկից պատմաբաններըՙ Գագիկ Սարգսյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Արամ Տեր-Ղեւոնդյանը եղան ականավոր պատմաբաներիՙ Ծատուր Աղայանի, Սուրեն Երեմյանի, Աբգար Հովհաննիսյանի, Բաբկեն Առաքելյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Հակոբ Անասյանի, Աշոտ Հովհաննիսյանի աշակերտ ու անմիջական հետնորդ, նրանց էլ հաջորդում է Բաբկեն Հարությունյանի, Աշոտ Մելքոնյանի, Ռուբեն Սաֆրաստյանի, Պավել Ավետիսյանի սերունդը, ավելի երիտասարդներ, եւ այսպես, որոշ տարակարծություններով հանդերձ, ձեւավորվում, հասակ է առնում մեր պատմագիտության նորագույն շրջանի ակադեմիական դպրոցըՙ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Հովսեփ Օրբելու դասական ավանդներով, որն ունի ինչպես գիտական ծանրակշիռ արժեք, այնպես էլ ազգապահպան նշանակություն: Ոմանց պահում է նավթը (ժամանակավորապես), մեզՙ պատմությունը (հավերժորեն): «Բարբարոսներ (իրենց կացին-յաթաղաններով - Ն.Ա.) շատ կգան ու կանցնեն անհետ,/ Արքայական խոսքը մեր կմնա հավետ»:

Հայերիս պատմությունն էլ է խոսք ու մայրենի լեզու:

Բարխուդարյանի աշխատությունները աղբյուրագիտական հարուստ հիմքով ուսումնասիրել, վերլուծել ու գնահատել են բազմաթիվ իրողություններ եւ ընդարձակ ժամանակաշրջան. Հայաստանում ֆեոդալական հարաբերությունների պատմություն, հայկական գաղթավայրեր, հայ խորհրդային պատմագրությունը, հայ-ռուսական հարաբերություններ, Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն եւ այլն: Ակտիվ մասնակցություն է ունեցել հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի իրականացմանը: Դպրոցական դասագրքեր է հեղինակել ու խմբագրել: Բազմաթիվ գիտական հոդվածներ, զեկուցումներ եւ ելույթներ այս եւ այլ խնդիրների շուրջ: Բարխուդարյանի հետաքրքրությունները չեն ներփակվում նշված դաշտի շրջանակում, այլ դուրս են գալիս հայոց պատմության հազարամյա ասպարեզՙ հասնելով գրերի գյուտին եւ հայ ինքնության արմատներին, ներառում վաղ միջնադարյան ազատագրական շարժումներն ու Ավարայրը: 2008-ին լույս տեսած «Պատմագիտության հարցեր» հոդվածների ստվարածավալ ժողովածուն ակադեմիկոսի երկարամյա գիտական վաստակի ամփոփումն է մի քանի բնորոշ եւ էական շեշտադրումներով: Այս թեմաներից մի քանիսը եթե նույնիսկ արծարծվել են, Բարխուդարյանը նորովի է քննարկումՙ խնդիրները համատեղելով մեր ժամանակի պահանջներին, տալիս արդիական պատասխաններ: Օրինակ, անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանի պատմագրության գնահատությանը, նրա հայացքը սկզբունքորեն սահմանազատվում է այդ պատմագիտությունը միակողմանի ու հախուռն կերպով ժխտելու «հեղափոխական» կարծիքներից: Այո, եղել է տոտալիտար գաղափարական ճնշում, հասարակագիտության բոլոր ճյուղերն էլ ապրել են այդ ճնշման ներքո, սակայն ակադեմիկոսը վիճում-հաստատում է անառարկելի ճշմարտությունըՙ գաղափարական թելադրանքով հանդերձՙ հայ պատմագիտությունը հարթել է իր «սեփական-անկախ ուղին», չի ստրկացել, ինչի վկայությունն են հենց Ակադեմիայի հրատարակություններըՙ «Օտար աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին», «Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ եւ ժողովուրդներ», «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հայ ազգագրություն եւ բանահյուսություն», «Դիվան հայ վիմագրության», «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» եւ տասնյակ ու տասնյակ այլ գրքեր, որոնք կազմում են մեր պատմագիտության ծանրակշիռ ու մնայուն գրադարանը: Վլադիմիր Բարխուդարյանի քաղաքացիական նկարագիրը ներկայիս հայ մշակույթի ասպարեզում օրինակելի է եւ անանձնական: Նա պատմության բացասական երեւույթների կողքով հաշտ ու անտարբեր չի անցնում եւ տեր է հարազատ ժողովրդի գիտամշակութային նվաճումներին, ի տարբերություն նրանց, ովքեր կեղտաջրի հետ երեխային էլ են դուրս շպրտում: (Ուզում են կոմունիստ Շահումյանի ընտիր արձանն էլ վար առնել, որը եվրոպական ուսումնառությամբ ու հայացքներով կերտել է մեծանուն քանդակագործ Սերգեյ Մերկուրովը: Հետո ոտնձգություններ կանեն խորհրդային ժամանակ ստեղծված Ակադեմիայի, Մատենադարանի, թամանյանական օպերայի ու այլ կառույցների հանդեպ, Չարենցին կմեղադրեն ինչ-որ ժամանակ կոմունիստ լինելու համար, վարպետ Սարյանինՙ սոցիալիստական աշխատանքի հերոս):

Նշանակալից է Վլադիմիր Բարխուդարյանի ներդրումը Ակադեմիայի հումանիտար գիտությունների աշխատանքը կազմակերպելու գործումՙ ի նպաստ մեր ազգային նկարագրի պահպանման: Բնավ չստվերելով բնական գիտությունների դերն ու նշանակությունը, որոնց որոշ ճյուղերով հասանք միջազգային ճանաչմանՙ աստղագիտություն, մաթեմատիկա եւ այլն, մենք, կարծում եմ, եղել ու մնում ենք հումանիտար ժողովուրդ, ինչը կանխորոշեցին Մաշտոցը, Խորենացին, միջնադարյան մանրանկարիչներն ու բանաստեղծները, բան-ի ազգ ենքՙ խոսքի, երգ ու տաղի, հոգու: Բարխուդարյանը ցանկալի ու պատվավոր հյուր է ամենուրեքՙ գիտական օջախներում, բուհերում, ստեղծագործական միություններում, գրադարաններում, սուրբ Էջմիածնում, բազում հասարակական միջոցառումներում, պասսիվ ներկայություն չէ, ելույթներ է ունենում, բանավեճերի մասնակցումՙ մշտապես սեւեռվելով ժողովրդի կյանքի, գիտամշակութային խնդիրների վրա: Գրողների բարեկամն է ու համախոհը: Այսօր նահապետ է իր ապրած կյանքով ու տաղանդավոր վաստակով, հայրենանվեր գիտնական: Եվ ինչպես ամեն լուսավոր նահապետՙ լի է իր գրեթե դարակազմիկ ժամանակի հպարտությամբ, որում եւ ուրախություն կա, եւ ցավ ու տառապանք:

Հայոց գրավոր գրականությունն սկիզբ առավ պատմագրությունիցՙ Կորյունը, Ագանթագեղոսը, Եղիշեն, Խորենացին նաեւ գրողներ էինՙ կյանքն ու պատմությունը գրով ու բանիվ արտացոլողներ: Այս սկիզբը շարունակվեց ու զարգացավ, հասնելով մեր օրերին եւ դեռ պիտի առաջ գնա: Հայ պատմագրությունն ու գեղարվեստական գրականությունը եղբայր եւ քույր չեն, այլ եղբայր ու եղբայր, որ մեր արքայական խոսքի ազգային յուրահատկությունն է, ինչով ինքնուրույնանում ենք եւ տարբերվում այլազգի շատ մշակույթներից: Ես Վլադիմիր Բարխուդարյանին դիտում եմ այս դաշտում իբրեւ նրա գլխավոր դերակատարներից մեկը:

Մենք հաճախ փոքրացնում ենք «մշակույթ» հասկացության շրջանակըՙ այստեղ տեղադրելով գլխավորապես արվեստի տեսակներըՙ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն, թատրոն եւ այլն, գիտությունները լուսանցք հանելով, մինչեւ իսկ արվեստների վերաբերյալ վերլուծական տեսաբանությունը, այդ թվում եւ պատմագրությունը, ինչն աղքատացնում է մեր մշակույթը ներկաներիս հոգու, աչքի եւ մտքի կարճատեսությամբ: Պատմագրությունը լիարժեք մշակույթ է, մեծ երեւույթ, հայոց գոյապահպանության հզոր սյուներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4