ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
...Արդեն մեկ տարի անցավ: Ուղիղ մեկ տարի առաջ, 2011 թվականի հոկտեմբերի 5-ին իր մահկանացուն կնքեց, մեզնից հեռացավ գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանը:
Մեր ազնվական գրող Ստեփան Զորյանը, որի կյանքը անցել էր Հայաստանի գրողների միության անդամների քիչ է ասել, թեՙ ճահճային, տաղանդավոր ու բարեկիրթ մարդու համարՙ ուղղակի սարսափելի եւ վանող միջավայրում, գրականության մասին խոսելիս թե գրելիս միշտ հավելել է «իսկական» եւ «իսկապես» մակդիրներըՙ իսկական գրող, իսկապես արժեքավոր ստեղծագործություն: Ով ով, Ստեփան Զորյանը լավ գիտեր, թե ինչ է ասում:
Այսօր Կարպիս Սուրենյանի մասին խոսելիս հարկ է զորյանավարի արձանագրել, ընդգծել ու շեշտելՙ իսկական գրող եւ իսկական թարգմանիչ:
Եվ հիմա, երբ գրողի երկրային կյանքը ավարտված է այլեւս, եւ ստեղծագործության շրջանըՙ փակված, արդարորեն կարող ենք խոսել իր գրականության տեղի ու արժեւորության մասին:
Կարպիս Սուրենյանը, անշուշտ, հայոց լեզվի տաղանդավոր գրողներից մեկն է, իր գրականությունը` հայոց մեծ լեզվի արժանավոր դրսեւորումներից մեկը: Գրաբարի, միջին հայերենի, արեւմտահայերենի, արեւելահայերենի փայլուն գիտակ եւ լեզվական դաշնավոր շարադրանքի վարպետՙ Կարպիս Սուրենյանը ստեղծել է լեզու-գրականության հիանալի եւ հարուստ մի իրողություն, որ պատիվ կբերեր ամեն մի ժողովրդի եւ ամեն մի տաղանդավոր հեղինակի:
Շարունակելով Լեւոն Շանթի, Կոստան Զարյանի, Վահրամ Փափազյանի գրական ավանդները, Կարպիս Սուրենյանը իր գրքերումՙ իր գեղարվեստական երկերում եւ թարգմանություններում միացրելՙ մեկ միասնական ամբողջական լեզվական ու գրական մտածողության մեջ համադրել է գրաբարի, արեւմտահայերենի եւ արեւելահայերենի բառագանձը եւ կառուցվածքային ու արտահայտչական հարուստ հնարավորությունները:
Կարպիս Սուրենյանի գրականությունը ընդգրկումի ընդարձակ, անափ սահմաններ ունիՙ Հոմերոսից եւ առհասարակ հին հունական մշակույթից մինչեւ քսաներորդ դարի իրեն սիրելի եւ հարազատ հեղինակները, ուպանիշադներից մինչեւ ռուս դասական գրականություն, Չուան Ցզիից մինչեւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի... Մշակութային եւ իմացական խորունկ ու բազմաբարդ շերտեր կան իր գրականության մեջՙ հին ու նոր փիլիսոփայություններ, հայ եւ համաշխարհային արհեստ եւ մշակույթՙ ճարտարապետություն եւ երաժշտություն, կերպարվեստ ու արձանագործություն, թատրոն ու երգ... Եվ մարդիկՙ հզոր անհատականություններ, մեծ ստեղծագործողներ, բացառիկ ձիրքի ու տաղանդի տեր արվեստագետներՙ իրենց կյանքով ու վարքով, իրենց մտածումներով ու խոհերով, իրենց ստեղծագործությամբ եւ արվեստով... Եվ այս բոլորը միասնաբար ստեղծում են Կարպիս Սուրենյանի գեղարվեստական աշխարհըՙ մշակույթի, գրականության, արվեստի եւ հոգեւոր զգացականության մի զարմանալի ու նուրբ աշխարհ, մի ամբողջական տիրույթ, մի հոյակապ գրականություն, որ վավերական արժեք է եւ այլեւս մնայուն հարստություն:
Կարպիս Սուրենյանի գրականությունը մի մաքրամաքուր կրթական հաստատություն է, գեղեցիկ ապրումների ու գեղեցիկ զգացումների, վսեմական արվեստի եւ աշխարհի մշակույթի մի հոյակապ համալսարան, որ կարող է մարդ կրթել եւ անհատ ձեւավորելՙ մարդուն տալ ազգային արժանապատվության եւ հպարտության զգացում, ինքնաճանաչողություն եւ ազգային գիտակցություն:
Այսօր, մշակութային ակնհայտ անկումի մեր այս խայտառակ ժամանակներում, երբ քրեական ժարգոնն ու գռեհկությունը ոչ միայն թափանցել են մեր լեզվական մշակույթի գրեթե բոլոր ոլորտները, այլեւ տեր ու տնօրենի եւ տիրակալի հովեր են առնում, երբ մամուլն ու հեռուստատեսությունը ոչ միայն ողողված են գռեհկությամբ, ապականությամբ, տգիտությամբ, բացարձակ անճաշակությամբ, ուղղակի հակամշակութային բովանդակությամբ, այլեւ մղվում են պաշտոնական մշակույթ դառնալու (եւ դառնո՛ւմ են, եւ կդառնա՛ն), երբ հակաէսթետիկական կերպարանքով, հակահասարակական, ես կասեիՙ ուղղակի հակասանիտարական էությամբ իգական սեռի արարածները ժարգոնով ու փողոցի լեզվով ոտանավորներ են գրում սեռականության եւ կենդանական բնազդների մղումներով եւ, ավելին, ձգտում են (իրենց արժանի հովանավորների ու խրախուսողների հետ միասին) քրեական ժարգոնն ու գռեհիկ լեզուն հեռուստատեսության էկրանից պարտադրել բոլորին, երբ անառողջ հոգեբանության տեր մարդիկ իբր թե պոստմոդեռնիստական գրականություն են հեղինակում, բայց միայն գարշանք, սեռականություն, սեռական շեղումներ եւ աղբ են նկարագրում,- ահա այս ապազգային, ավելինՙ հակագեղագիտական եւ հակագեղարվեստական ծծմբահոտ ճահիճի առկայության պարագային ավելի է ընդգծվում եւ առավել ծանրակշիռ է դառնում Կարպիս Սուրենյանի մաքուր, լուսավոր, խորապես մարդկային եւ էությամբ ոգեկան գրականության դերն ու արժեքը:
Կարպիս Սուրենյանը հայ գրականության իսկապե՛ս արժանի երախտավորներից մեկն էր, ծնունդով ու ծագումովՙ իսկական հայ, նկարագրով եւ էությամբՙ ոգու ազնվական...
Սովետահայ խղճուկ գրականագիտությունը երբեք չտեսավ նրան, Հայաստանի գրողների միության անդամների միությունը միշտ անտեսեց նրան եւ շրջանցեց, բայց դա գրողների միության եւ գրականագիտության հո միակ մեղքը չէ՞...
Իր գրականությունը մշտամնա է եւ միշտ ունենալու է իր ընթերցողը: Եվ ապագա բարձրաճաշակ ու բարեկիրթ հայը որոնելու է իր գրականությունը: Մահկանացուն այլեւս անցյալ է, պատկանում է անցյալին, մինչդեռ նրա գրականությունը վստահաբար տեւելու է ապագա ժամանակների մեջ...