ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ
Կա՞ ավելի դաժան բան, քան սիրելի մարդկանց մահվան գույժ լսելը կամ կարդալը:
Մանավանդ, երբ հեռու ես հազարավոր մղոններ ու գիտես, որ ի զորու չես վերջին հրաժեշտ տալու մի մարդու, որն այնքա՜ն լավ բաներ է արել քո կյանքում, եւ որին պարտական ես...
Ու նամանավանդ, երբ այդ անձնավորությունը քո ազգային մշակույթի անխոնջ մշակներից մեկն է, մեծ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ...
7 հոկտեմբերի, 2011 թվական: Ամեն օրվա նման բացում եմ «Ազգի» կայքէջը: Եվ... Գույժը...
Ցավը, մեծ ցավը պատում է հոգիս:
Ու նստած մտաբերում եմ այն երկար տարիների շփումները, որ ունեցել եմ այս բյուրեղյա հոգով ու ոսկեղենիկ մտքով, համեստ, սուսիկ-փուսիկ անձնավորության հետ, սկսած 1969 թվականիցՙ Գրողների տանն աշխատելու տարիներից:
Այնքան կատարյալ ու դիպուկ է բնորոշված Սուրենյան մարդն ու Սուրենյան արվեստագետը վերոբերյալ գույժի տեքստում, որ համոզված եմ ոչ միայն ես, այլեւ Կարպիսին ճանաչող հազարավոր մարդիկ անխոս կստորագրեին դրա տակ...
Ուզում եմ հիշել մի քանի դրվագ, որոնք մեկ անգամ եւս հաստատում են այդ բնութագրումները:
«Բնիկ որտեղացի եք» էսսեների հոյակապ ժողովածուն նոր էր լույս տեսել: Հմայվածի պես կարդացել էի մի շնչով ու ոգեւորված տպավորություններս էի պատմում բոլորին, նաեւ Գրողների տանը: 17 տարեկան, գրասեր, խանդավառ պատանիՙ դեռեւս գաղափար չունեի այնտեղ բուն դրած նախանձի, մշտական գզվռտոցի ու «թայֆաների» մասին:
Բայց ՄԻՇՏ էլ կան ու կլինեն բարի, անկեղծ, սկզբունքային ու խելացի մարդիկ, որոնք հիրավի գնահատում են իրական մտավորականին, գրողին ու արվեստագետին: Այդպիսին էր «Литературная Армения» ամսագրի աշխատակից, հետագայում պատասխանատու քարտուղար Լուիզա Կիրակոսյանըՙ համեստափայլ մի հայուհի, մտավորական ու բարձրակիրթՙ այդ բառերի իրական իմաստով:
Նա էր, որ տեսնելով իմ ոգեւորությունը, խոստացավ պատեհ առիթով ծանոթացնել հեղինակիՙ Կարպիս Սուրենյանի հետ: Առիթը կայացավ: Սուրենյանը հաճախ էր գալիս խմբագրություն. իր էսսեներից թարգմանաբար տպվում էին: Հերթական անգամ մտավ ներսՙ ակնոցավոր, ծխախոտը ձեռքին, մեղմ ժպիտով ջերմ բարեւեց բոլորին ու մոտեցավ հրապարակախոսության բաժնի վարիչ Մարգարիտա Յախոնտովայինՙ Լենինգրադից Հայաստան տեղափոխված, իր ասելով, հայկական արմատներ ունեցող այդ սեթեւեթան տիկնոջը, եւ սկսեց զրուցել:
Խոսում էին Սուրենյանի հոդվածի մասին. կարծեմ Կարպիսը համաձայն չէր ինչ-որ մի հարցի հետ: Յախոնտովան փորձում էր համոզել.
- Ну знайте Карп Иванич...,- սեթեւեթելով փորձում էր իրենն առաջ տանել Մարգարիտան: Բայց Սուրենյանը, նուրբ ձեւով ընդհատելով նրան, մեղմ, սակայն, վճռականորեն դնում էր իր պահանջները:
Ես անկիրթի պես ականջ էի դնում իրենց խոսակցությանը: Նախՙ որովհետեւ իմ սիրելի գրողներից մեկն էր, հետո ես ինքս լինելով հայրենադարձի զավակ, հաճելի զարմանքով էի լսում Կարպիսի ռուսերենը, որը թեեւ ակցենտ ուներ, սակայն ապշեցուցիչ գրագետ էր ու բազմազան իր հարուստ բառապաշարով: Բանավեճն ավարտվեց ու Մարգարիտան տեղի տվեց: Կարծում եմ, բացի խելամիտ փաստարկներից հեղինակին օգնեցին նաեւ իր փայլուն ռուսերենն ու ... անձնական հմայքը:
Լուիզա Կիրակոսյանը ձայնեց.
-Կարպիս ջան, մի գնա, խնդրում եմ:
Սուրենյանը մոտեցավ.
-Ասա, Լուիզիկ ջան:
-Ուզում եմ ներկայացնել, մեր նոր ցրիչն էՙ գիրքդ շատ է հավանել, ուզում էր հետդ ծանոթանալ.- հետո կատակով ավելացրեց,- ձեր «ախպարներից է»...
Սուրենյանն էլ անբռնազբոս ծիծաղեց, առանց «ընթերցողից սիրված հեղինակի» պոզա ընդունելու ձեռքը մեկնեց ինձ, ինչպես մեծի ու ասաց.
-Անունդ ինչ՞ է, Ճուտո ջան:
-Հովիկ:
-Հովիկ,- ժպտաց,- տղաս նույնպես Հովիկ է: Որտեղացի ե՞ք:
-Հայրս եգիպտահայ է, մայրսՙ հունահայ:
-Հունահա՞յ, որտեղի՞ց:
-Աթենքից:
-Իսկապե՞ս,- հաճելիորեն զարմացավ,- ես էլ եմ Աթենքից: Ֆիքս թաղամասի մասին լսե՞լ ես:
Հիմա էլ հաճելիորեն զարմանալու հերթն ինձ հասավ.
-Իհարկե,- վրա տվեցի եսՙ դասը լավ սովորած աշակերտի պես,- մայրս Ֆիքս է ծնվել ու մեծացել:
-Ազգանունը ին՞չ է:
-Ստեփանյան,- ասացի:
Գլուխն օրորեց: Ես սկսեցի պատմել այն ամենը, ինչ որ լսել էի մայրական կողմիս մասին: Չէ՜, ծանոթ դուրս չեկանք:
-Ես շատ երիտասարդ եմ դուրս եկել Աթենքից,- ասաց,- Կիպրոսի Մելգոնյան վարժարանում եմ եղել:
Լսել էի, գիտեի:
Հետաքրքրվեց, թե ինչով եմ զբաղվում, ցավեց, որ այդ տարի համալսարան չէի ընդունվել.
-Վնաս չունի, այս տարի կհաջողես,- հուսադրեց,- Է՜հ, դեռ կտեսնվենք,- ասաց ու հրաժեշտ տալով գնաց:
-Սա էլ քո Սուրենյանը,- ասաց Լուիզան,- երեւի բարեկամ էլ դուրս կգաք: Հավանեցի՞ր,- ու պատասխանիս չսպասելով ավելացրեց, - очень порядочный человек.
Очень порядочный человек... Լուիզայի այս անպաճույճ, սակայն խիստ դիպուկ բնորոշման ճշմարտացիությունը հաստատվեց տարիներ շարունակ Սուրենյանի հետ իմ հանդիպումների ընթացքին:
Հիմա այս տողերը գրելիս հիշեցի Ֆորշի երգի տողերը.
«Շատ կարգին մարդ մեր այս քաղաքում»...
Ինչքա՜ն կային «շատ կարգին մարդիկ» այն ժամանակ: Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան: Մի մասի մահախոսականները կարդացինք տարվետարի, մի այլ մասը պարզապես հեռացավՙ զզված ու հիասթափված, մի երրորդըՙ կուչ եկավ դաժան առօրյայիՙ «հացի խնդրի» հոգսերի տակ, ցավով իր մաշկի վրա զգալով պրագմատիկների դաժան ասացվածքի խիստ ճշմարիտ ու այժմեական լինելըՙ «Хороший человек - это не профессия»:
Սակայն... «ղալա՜թ» են արել պրագմատիկները...
Լավ մարդ լինելը ՄԵԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ էՙ դժվար ճարվող, ոչ ամեն մեկի համար նախատեսված, սակայն կյանքում ամենափնտրվող մասնագիտությունը:
Կարպիս Սուրենյանն էլ այդ հազվադեպ ճարվող բարձրակարգ «մասնագետներից» էր...
Օրըստօրե, հանդիպումից հանդիպում, մեր ծանոթությունը վերածվում էր մտերիմ բարեկամությանՙ ասենքՙ ուսուցչի ու աշակերտի, կամ մորեղբոր ու զարմիկի, կամ ավագ ու կրտսեր արվեստասեր մարդոց: Որը որ կուզեք: Իրեն հունահայոց մեջ ընդունված ձեւով «κύριε Կարպիս» էի կոչում (հունարենովՙ «քիրիի»-«պարոն»ՙ հարգալից դիմելու ձեւ է- Հ.Թ.): Ամեն անգամ ժպտում էրՙ թերեւս վերհիշելով իր մանկության Աթենքն ու մարդկանց:
Հաճախ էի ներկա լինում տարբեր գրողների զրույցներին ու բանավեճերին գրողների տան երկրորդ հարկի կլոր ընդունարան- դահլիճում, նկուղի սրճարանում, կամ դրսումՙ«Երեւան» ռեստորանի բացօթյա սրճարանում, «Սկվազնյակում» կամ «Պոպլովոկում»: Կարպիսը միշտ խոսում էր հանդարտ, հավասարակշռված, լեցուն ու բանիմաց: Կային ոմանք, որոնց բանավիճելը մի քանի րոպե հետո վեճի էր վերածվում: Սուրենյանը այդպիսին չէր: Երկա՜ր-երկա՜ր կարող էր խոսել տարբեր թեմաների մասին միշտ խաղաղ տոնով, հանգիստ ու անշտապ:
Պատահում էին երջանիկ առիթներ, երբ երկուսով էինք զրուցում: Հարցուփորձ էի անում մեր այն մեծերի մասին, որոնց հետ հանդիպումների արդյունքում ծնվել էին իր հոյակապ էսսեներըՙ Ալան Հովհաննես ու Արամ Խաչատրյան, Օհան Դուրյան ու Կալենց: Սակայն ավելի շատ հարցնում էի Վիլյամ Սարոյանի մասին: Ուրախացավ, երբ իմացավ, որ սարոյանասեր եմ, ու քանի որ ինքն էլ Սարոյանի մեծ երկրպագուն էր ու բարեկամը, հաճույքով, խանդաղատանքով ու կարոտով էր խոսում իր հեռու- հեռավոր ավագ գրչեղբոր մասին:
Չգիտեմ ինչպես ստացվեց, որ իր հետ խոսում էի արեւմտահայերեն: Երեւի իր պարագային էլ այդպես պատահաբար էր ստացվել Մոսկվայում, երբ Սարոյանին հանդիպելով հետը սկսել էր... արեւմտահայերեն խոսել:
Այդպես էլ միշտ հաճույքով արեւմտահայերեն խոսեցինք մեր ողջ բարեկամության ընթացքում: Գովում էր, որ թեեւ ծնվել ու մեծացել էի Երեւանում, սակայն այդպես վարժ ու անբռնազբոս տիրապետում էի նախնիներիս լեզվին: Անկեղծ ասածՙ ես դրանում որեւէ արտառոց ու դժվար բան չեմ տեսել ու մինչեւ հիմա էլ չեմ տեսնում:
***
1970-ականներին հազվադեպ, սակայն պատահում էր, որ մոսկովյան ղեկավարությունը «լայաղ էր անում» որեւէ միջազգային միջոցառում կազմակերպել փոքր հանրապետություններում եւս: Նման երկու միջոցառումների ներկա եմ եղել: Մեկը թարգմանիչների միջազգային սիմպոզիումն էր, մյուսըՙ Ասիայի եւ Աֆրիկայի գրողների սեմինարը: Երկուսում էլ Կարպիս Սուրենյանը կենտրոնական դեմքերից մեկը դարձավ իր լեզուների իմացության, հոյակապ էրուդիցիայի ու եվրոպական բարձր վարվելակերպի շնորհիվ: Այն տարիներին ռուսերենն իր «լայն քայլերով» շատ տեղ չէր թողնում օտար լեզուներինՙ հիմնականում դրանք դարձնելով մասնագետ թարգմանիչների մենաշնորհը: Սա մեր հայ մտավորականների ճնշող մեծամասնության համար գլխավոր խոչընդոտներից մեկն էր, որ խանգարում էր շփվելու այլ մշակույթների ներկայացուցիչների հետ:
- Կարպիս ջան, մի տես էս մարդը ի՞նչ ա հարցնում,- այդ միջոցառումների ժամանակ հաճախ դիմում էին նրան գրչակիցներից: Սուրենյանը բարեհամբույր մոտենում էր, թարգմանում, ուղղորդում զրույցը, դյուրացնում մարդկանց շփումները: Մի անգամ իսկ չտեսա դժգոհության նշույլ դեմքին, կամ խոսքի երանգներում, կամ ակնարկ առ այն, որ բազմաթիվ պրոֆեսիոնալ թարգմանիչներ կային միջոցառումների մասնակիցներին սպասարկող: Միշտ պատրաստակամ ու միշտ ջերմ:
Ասիայի եւ Աֆրիկայի գրողների սեմինարի ավարտին շքեղ հյուրասիրություն էր կազմակերպվել Սարդարապատ հուշահամալիրի ռեստորանում: Ի շարս այլոց Սուրենյանը նույնպես մաղթանքի խոսք ասաց իր սահուն, անթերի անգլերենով:
Աֆրիկյան երկրներից մեկի (կարծեմ Սենեգալի) ներկայացուցիչը, որի հետ բավականին զրուցեցի, որովհետեւ Մոսկվայում սովորած լինելովՙ լավ ռուսերեն գիտեր, հիացած արտահայտվելով Սուրենյանի խոսքի մասին, ավելացրեց. «եւ ի՜նչ ճիշտ է ընկալել մեր Աֆրիկյան մշակույթի առանձնահատկությունները...»:
Արդեն համալսարան էի ընդունվել, երբ լույս տեսավ Ֆ.Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպը 2 հատորովՙ Սուրենյանի անզուգական թարգմանությամբ:
«Անզուգական» ասելով հաճոյախոսություն չեմ անում:
«Ռուսաց գրականության» քննության համար բնագրով կարդալուց եւ 1969-ին նկարահանված հոյակապ ֆիլմը դիտելուց հետո մի շնչով կարդացի թարգմանությունը եւս: Մի անգամ հանդիպելով, հիացմունքս հայտնելովՙ ասացի. «Կարծես Դոստոեւսկին հայերեն գրած ըլլա», ծիծաղեց ուՙ «աման ձգե, ջանը՜մ» ասելով թեման փոխեց:
Ապա իրար ետեւից, ողջ 70-ականների ընթացքին լույս տեսան անգլիական վիպագրության գոհարներից Ջոն Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» քառահատորյակը: Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ թարգմանությանը: Անգլերենի մասնագետ չեմ: Սակայն ես կարող եմ համոզված ասել, թե ին՜չ սահուն է հայերեն շարադրանքը, եւ այդ բավականին ծանր վիպերգությունը ինչ մատչելի ու «թեթեւ» էր կարդացվում Սուրենյանի թարգմանությամբ:
Հաճախ կյանքում շատ անարդար բաներ են լինում եւ դա արդեն անցած լինելով «կարգն օրինաց»ՙ չենք էլ անդրադառնում, թե որքա՜ն անարդար է:
Զօրինակ թարգմանիչների պարագան: Տարիների, երբեմն տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունքում կատարված թարգմանությունները հրատարակելիսՙ գրքի մի անկյունում կարծես ամաչելով գրվում է «բնագրից թարգմանեց Այսինչ Այսինչյանը»:
Հետո՞: Ոչի՛նչ:
Կարծես այս մի տողն է անքուն գիշերների ընդունված վարձքը:
...Իր մոտ ընկերներըՙ ինձանից ավագ սերնդից, հիշում էին, որ Դոստոեւսկուն թարգմանելիս Կարպիսը լուրջ համեմատություններ էր անում անգլերեն ու ֆրանսերեն թարգմանությունների հետ: Նույն մանրակրկիտ աշխատանքը եղել է եւ Գոլսուորդիի դեպքում:
***
Մանկուց դաստիարակված լինելով կրոնաշունչ ընտանիքումՙ տարիներով մեջս հասունանում էր քահանայագործելու որոշումս: 1983 թվականին վերջնականապես մտածեցի դիմել Մայր Աթոռՙ ձեռնադրվելու խնդրանոք: Սակայն որեւէ մեկը, որ ճանաչում էր ինձ եւ հարաբերություններ ուներ Վեհարանի հետ, լավ կլիներ, թերեւս, որ բարեխոսեր ու ներկայացներ ինձ: Զանգահարեցի Կարպիս Սուրենյանին, խնդրեցի հանդիպել:
Պայմանավորվեցինք:
Ինքը հրաշալիորեն գիտեր մեր եկեղեցին իր«խոհանոցով»: Բազմաթիվ հարցեր տվեց:
- Սա գործարան կան հիմնարկ ընդունվել չէ,- ասաց,- որ եթե չհարմարվեսՙ «ազատվես համաձայն սեփական դիմումի»: Սա նվիրում է ու ցկյանս ծառայություն: Եվ եթե իսկական քահանա ես, ապա ծառայություն է բոլորինՙ Աստծուն, եկեղեցուն, ազգին, լեզվին, մարդկանց...
Երկա՜ր-երկա՜ր զրուցեցինք այս խնդիրների շուրջ: Երեւի համոզվեց, որ լուրջ է մտադրությունս եւ խոստացավ անձամբ տանել ինձ ու ներկայացնել Վազգեն Վեհափառին: Կապվեց Մայր աթոռում աշխատող իր ընկերների հետ: Միասին պիտի գնայինք: Մայր աթոռի արտաքին կապերի բաժնի վարիչ Պարգեւ Շահբազյանն ու «Էջմիածին» ամսագրի խմբագիր Երվանդ Մելքոնյանն էին:
Մեր հանդիպումը նշանակված էր 1984 թվականի փետրվարի 14-ին:
Անմոռանալի օր էր ինձ համար:
Մեքենայի մեջ ինձ հարցուփորձ էին անումՙ հիմնականում Պարգեւ Շահբազյանը (մի տեսակ «մինի քննություն»): Եվ մեր զրույցից պարզվեց, որ Շահբազյանը պատանեկության ընկերն էր իմ ուսուցիչներից մեկիՙ Հակոբ Փափազյանի, որը մեզ դպրոցում նկարչություն էր դասավանդում: Նրանք ոչ միայն լավ ընկերներ, այլեւ կոլեգաներ էին եղել, միասին դասավանդելով Բեյրութի հայկական վարժարաններում: Իմանալով, որ տիկին Փափազյանն էլ իր հերթին իմ ֆրանսերենի ուսուցչուհին է եղել, ասաց.
- Է՞, կարծեմ, ֆրանսերենին տիրապետու՞մ եք,- եւ ֆրանսերենով մի քանի բան հարցնելովՙ թերեւս պատասխաններիցս գոհ մնաց: Քանի որ երեքն էլ բավականին լավ գիտեին ֆրանսերեն, կարողացան իրենց կարծիքը կազմել «Բալզակի լեզվի» իմ իմացության վերաբերյալ:
Նկատեցի Սուրենյանի քաջալերող ժպիտը. լավ զգաց, որ իր կողմից բարեխոսված անձն առայժմ իրեն ամոթով չի թողնում:
Հարցուփորձ արեցին կրթությանս, ընտանիքիս, աշխատանքիս մասին: Երվանդը գիտեր, որ ավարտել եմ Հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Ես հակիրճ պատմեցի իմ մասին, ինչքան որ հնարավոր էր Երեւան-Էջմիածին մի քանի րոպե տեւող ճանապարհաընթացքին պատմել: Սուրենյանն, ի լրացումն, ասաց, թե որտեղից գիտեր ինձ:
- Բավականին տեղեր եք աշխատել,- խիստ ասաց Շահբազյանը,- ի՞նչ է, չե՞ք հարմարվում, թե՞...,- հարցը օդի մեջ կախելով ետ դարձավ (նստած էր Երվանդի կողքը) ու կիսադեմով կասկածամիտ հայացքով նայեց ինձ:
- Է՜, Պարգեւ, ախպա՜րի զավակ է, ճանը՜մ,- կատակի տվեց Կարպիսը,-անհանգիստ հոգի՜ է...
Ծիծաղեցինք: Մոտեցել էինք արդեն Մայր աթոռի դարպասներին եւ մեքենայից իջանք:
Երվանդը գնաց խմբագրատուն, մենք երեքով մտանք Վեհափառի մոտ ընդունելության: Հայրապետը Կարպիսին ընդունեց արտակարգ ջերմությամբ, սակայն... իմ խնդրանքը մերժեց: Մերժումը հիմնավորված էր նրանով, որ տարիքս մեծ էր: 32 տարեկան էի արդեն:
Դուրս եկանք: Սուրենյանը մի փոքր նեղված էր.
-Կարծեմ քիչ մը լավ բան չըրավ Վեհափառը,- ասաց:- Իմ բերած թեկնածուին պիտի չմերժեր: Ես ամեն մարդու իրեն չէի երաշխավորեր:
Բայց խոսքի մեջ ո՛չ վիրավորանք կար, ո՛չ էլ չարության երանգ...
Չորս տարի հետո, երբ նույն Պարգեւ Շահբազյանի կողմից հրավեր ստացա աշխատելու Մայր աթոռում, առաջին գործս եղավ զանգահարել Սուրենյանինՙ հայտնելու նորությունս:
Շատ ուրախացավ.
-Տեսար, եղավ իշտե, շնորհավո՜ր,- ուրախ տոնով ասաց հեռախոսի մյուս ծայրին ու ավելացրեց,- վստահ եմ շատ լավ պիտի ըլլա: Նայե, ինձի ամոթով չի ձգես, Հովիկ՜...
Իրեն ամոթով ձգե՞լ: Բնավ, ձեր արած այդքան լավ բաների դիմա՞ց...
Սկսվեց Շարժումը, ապա երկրաշարժ, պատերազմ:
Ես Մայր աթոռում բազմազբաղ էի: Համարյա չէինք հանդիպում:
Ինքն էլ իր ժողովրդի հետ, իր ժողովրդի պեսՙ դժվար ապրում էր: Մի քանի անգամ հանդիպեցինք Օշականում կազմակերպված «Մաշտոցյան ընթերցումներ» գիտական կոնֆերանսների ժամանակ: Երկար զրուցեցինք, ուրախացավ հաջողություններիս վրա.
-Տեսա՞ր,- մի անգամ ասաց,- Աստված մեզմէ լավ գիտե ում տեղը ուր է: Ուրեմն քահանա ըլլալիք չէիր եղեր, ֆիքսեցիի տղա...
Կյանքը դժվարանում էր, իսկ ինքը, կարծես ի հեճուկս այդ դժվարությունների, տարին տարու վրա մի նոր գիրք էր դնում սեղանին: Մեկը մյուսի ետեւից ընտրագույն հոդվածներ ու հուշագրություններ տպագրում մամուլում:
Եվ եթե հիմա էլ չկարդային, կկարդային եկող սերունդները: Չնայած կարդում էին, սպառվում էր...
Շատերը չդիմացան Մամոնայի գայթակղությանը (ես էլ դրանց մեջ), վաղ թե ուշ մեկնեցին Հայաստանից: Իր հոյակապ, անթերի անգլերենով (ինչո՞ւ միայն անգլերենով), որդու բարձրակարգ բժիշկ-թոքաբանի մասնագիտացումով դրսում «թագավորի պես» կապրեին:
Սակայն ՄՆԱՑ:
ՉԳՆԱՑ:
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ ՄՆԱՑ:
Դա էր ԻՐ Տեղը:
Դա էր ԻՐ երկիրը:
Դա էր ԻՐ Հայրենիքը...
Մեծ ցավս այն է, որ հապշտապ մեկնելով, ի շարս այլոց, չհասցրի հրաժեշտ առնել նաեւ Կարպիս Սուրենյանից:
Կարդալով «Ազգ» -ի տպած գույժն ու գլուխս խոնարհելով իր պայծառ հիշատակի, համեստ հոգու, մեծագույն էրուդիցիայի ու բեղմնավոր գրչի առաջ, ուշացումով ասեմ.
- Մնաս բարով: Եվ բարի մուտք Քեզ դեպի ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ κύριε Կարպիս:
Մանչեսթեր, Անգլիա, 05/09/2012