ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2012-09-08 | #17, 2012-09-21 | #18, 2012-10-06


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ

1990-ականների անլույս ձմեռներին երկրից շատերը հեռացան, աշխատանք փնտրում էին դրսում, երբեմն պարզապես գնում դեպի անորոշություն: Այդ տարիներին Հալեպի ՀԲԸՄիության «Սարեան» կերպարվեստի ակադեմիան ուսուցիչների կարիք ուներ. դիմել էին Շահեն Խաչատրյանին, որի առաջարկով Հրազդան Թոքմաջյանը մեկնեց Հալեպ: Արմատներով արեւմտահայՙ սերված էրզրումցի եւ դերջանցի տոհմերից, ծնվել է Գյումրիում, սովորել Թերլեմեզյանի անվ. ուսումնարանում, ապա մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժնում: Նկարչի ստեղծագործական կյանքը եւ ուսուցչական աշխատանքը երեւանյան, շարունակվեց Հալեպում: Հալեպում, սակայն, նկարչությունից եւ ուսուցչությունից բացի, իրեն սպասում էր հետաքրքրությունների նոր բնագավառ, գուցե բոլորովին անսպասելի, սակայն ինչպես ինքն իր համար պարզեց հետոՙ սրտամոտ ու հարազատ: Դա ժողովրդական ձեռարվեստի այն տարածված տեսակն էր, որ մանկությունից մեր հիշողություններում մնացել է ասեղնագործ մեր մայրերի ու տատիկների տեսքով, որոնցից ինչ-որ բան նաեւ մենք էինք սովորում. թվում էր պարզապես զբաղմունք, բայց երբ հետեւում էիր, թե ինչպես է բարակ, նրբահյուս թելը տարբեր տեսք ու ձեւ ստանումՙ կտորի հարթ մակերեսը վերածելով նկարչական պատկերի եւ կամ դառնում թեթեւ-օդեղեն ժանյակ, որոնցով զարդարվում էր տան գրեթե ամեն անկյուն եւ աչքդ գեղեցկին սովորեցնում հենց մանկուց, մանավանդՙ կենցաղային միջավայրում, տարիներ անց դրանց նշանակությունը հենց այդպես էլ ընկալում ես եւ որպես մասունք պահում: Շատ հալեպահայերի տներում տեսած հազարավոր ձեռագործները Հրազդան Թոքմաջյանի համար այդպիսի իմաստ ու նշանակություն ունեցան եւ ընկալվեցին որպես ժողովրդական մշակույթի մի շերտ, որի հազարամյա պատմությունը, պահպանված ավանդույթներն ու մշակված ձեւերը գեղարվեստական արժեք էին եւ դրանք կորցնելու վտանգն էր, որ նրան մղեց լուրջ ուսումնասիրության:

Հալեպի մարաշցիների հրավերով Հրազդան Թոքմաջյանը ստանձնեց Մարաշի հայրենակցական միության մշակույթի վարչության ղեկավարումը: Վարչության երիտասարդ անդամների հետ ձեռագործ նմուշների հավաքչական աշխատանքների ընթացքում պարզեց մարաշցիների առանձնահատուկ սերը ասեղնագործության նկատմամբ: «Հալեպի առավելություններից մեկը ընտանեկան ամուր կապերն են եւ գրեթե բոլորն իրար ճանաչում են: Այդ ձեւով հայրենակցական ցանցն աշխատում է:

Երբ որեւէ դիզայն էի անում, գալիս էին, ասում որ ասեղնագործ որեւէ նախշ անպայման մի անկյունում դնեմ, անգամ եթե տեղին չէր»: Այս վերաբերմունքն էր թերեւս պատճառներից մեկը Մարաշի ասեղնագործության մասին գիրք-ալբոմի իր մտահղացման: Բարեկամներիՙ Հակոբ Չոլաքյանի եւ ուրիշների խորհրդով նա ստանձնեց Մարաշի, Այնթապի ասեղնագործության հավաքչական եւ ուսումնասիրության ոչ դյուրին աշխատանքը. «Միջավայրը, որտեղ գտնվում են այդ ձեռագործները, մտավորական միջավայր չէ, այդ արժեքներն ունեցողները, որպես ընտանեկան հարստություն ունեն, ոչ որպեսՙ գնահատված գործեր. տատիկից մնացած մի բան է: Բայց տատիկից մնացած այդ բանը եթե գլուխգործոց է, հարցը փոխվում է: Հսկայական մշակութային ժառանգություն կա եւ մեզանում նաեւ որոշ չափով ուսումնասիրված է, բայց երբ սկսեցի մոտիկից ծանոթանալ, հասկացա, որ շատ թերացել ենք այս ուղղությամբ: Գուցե ժամանակները նպաստավոր չէին. Սերիկ Դավթյանի «Մարաշի ասեղնագործությունը» գրքույկը գնահատելի աշխատանք է, սակայն գրված է հայրենադարձված մի քանի ընտանիքների հետ հանդիպումների ու զրույցների տպավորությամբ:

Հալեպում հազարավոր մարաշցիներ են ապրում եւ հազարավոր ձեռագործներ կան այնտեղ. աղբյուրը այստեղ է»:

Հրազդան Թոքմաջյանի «Մարաշի ասեղնագործությունը» գիրք-ալբոմը լույս տեսավ 2010-ին, Երեւանում, հեղինակային տեքստով եւ բազմաթիվ լուսանկարներով (այս մասին «Ազգ» օրաթերթը անդրադարձել է): Շապիկիՙ հատուկ նշանակությամբ ընտրված գունեղ նախշազարդըՙ կենտրոնում արեւի նշանով, շրջանակված կենաց ծառի դեռեւս չբացված բողբոջներով, իր կարծիքով հայոց հինավուրց մշակույթը խորհրդանշող դրոշն է, կորուսյալ հայրենիքի նշանը: Դրանից հետո նա ձեռնարկեց Այնթապի ասեղնագործության հավաքչական եւ լուսանկարչական աշխատանքները: Արդեն պատրաստ են գրքի մակետը, հեղինակային տեքստը եւ լուսանկարները: Հրատարակության է պատրաստ նաեւ Ուրֆայի ասեղնագործության մասին հատորը, որը ներկայացնում է 1950-ականներից Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող Ուրֆայի «Նխշից տուն» կոչված արհեստանոցի մի հավաքածոյի ձեռագործ նախշերի պատմությունը:

- Հալեպում հիմա դժվար է իրադրությունը, շատ հայեր դուրս են գալիս, մեկնում են երկրից: Ձեզ համար էլ դժվար է իհարկե, բայց վաղուց արդեն այդ քաղաքում եք ապրում, հարազատացել եք. ի՞նչ եք մտածում:

- Հարցի պատասխանը չգիտեմ: Բնակավայր փոխել չեմ սիրում, հիվանդագին վիճակ է ստեղծում: Եթե այո, ուրեմնՙ Հայաստան: Փորձանքը տրամաբանություն չունի, բայց կարծում եմ, մի փոքր զգույշ լինելով, հնարավոր է դրանից հեռու մնալ: Բացի այդ, պետությունը դեռ ռեսուրսներ ունի դիմակայելու: Բայց դժվարն այն է, որ ոչ ոք չգիտիՙ որքան է տեւելու պատերազմը. Իրաքի պարագայում, պատերազմը պաշտոնապես դադարեցնելուց հետո ավելի շատ մարդ մահացավ պայթյուններից, քան բուն պատերազմի ժամանակ: Չգիտենքՙ Սիրիայում ինչպես կլինի: Եթե մի փոքր հնարավորություն լինի, նախընտրում եմ մնալ:

- Հասկանալի է, երազային Հալեպը...

- Հեռվից բերդը պատկառելի տպավորություն է թողնում, բայց ընդհանուր առմամբ անհրապույր, փոշու մեջ կորած քաղաք է Հալեպը:

Քանի որ երկար մնացի, հալեպահայերի հետ հարաբերություններ ստեղծվեցին, ինձ վստահում էին, որպես բարեկամի ընդունում: Իրենց տներում, կահ-կարասիների վրա այնպիսի ձեռագործներ էի տեսնում, որ ազգագրությամբ բնավ չզբաղվողիս, ասեղնագործությամբ չհետաքրքրվողիս անգամ անտարբեր չէին թողնում, զարմացնում ու հիացնում էին. դրանք ապշեցուցիչ ուժ ունեն իրենց մեջ, ինչպես որեւէ լավ նկարչի լավ գործ:

- Ասացիքՙ լավ նկարչի լավ գործ: Գեղանկարիչ լինելը օգնե՞լ է ձեզ այս նոր աշխատանքում:

- Նկարչական հայացքը, կարծում եմ, առավելություն է տալիս, մյուս կողմից ազգագրական ուսումնասիրությունները նույնպես ունենում են ազդեցություններ. ասեղնագործությունը ժողովրդական արվեստ է եւ ժողովրդի ոգուց մի բան փոխանցվում է, որը բացահայտորեն կարող է եւ չերեւալ նկարչության մեջ: Միեւնույն ժամանակ, գեղանկարչի աչքը այնպիսի օրինաչափություններ է տեսնում ձեռագործ աշխատանքներում, որ անգամ լավ մասնագետները չեն նկատում նախշեր են եղել, որ շատ երկար եմ ուսումնասիրել...

- Դրանց մեջ նաեւՙ խորհրդանշան-զարդաձեւեր, որոնք գեղեցիկ լինելուց զատՙ որոշակի իմաստային նշանակություն են կրում, այնպես չէ՞:

- Կյանքը շատ է փոխվել, մենք հիմա դրանք իբրեւ զարդ ենք ընկալում, կամ այդկերպ ենք փորձում բացատրել: Հին մարդու համար զուտ զարդ հասկացողություն չի եղել, նրանց համար կրոնական, գիտական եւ գեղարվեստական գաղափարները մեկ ամբողջություն են եղել, դա հին եւ միջնադարյան մշակույթի հատկանիշներից մեկն է:

Շատ զարդաձեւեր ծագումով իրոք հին են, դրանց հետքերը տանում են միջնադարյան Հայաստան, Դվինի, Անիի, Վասպուրականի թագավորություններ. այդ կողմերից գաղթած ժողովուրդը դրանք հետը բերել է:

Ձեռարվեստի այս տեսակը անպայմանորեն զուգահեռներ ունի կիրառական արվեստի այլ ճյուղերի, եւՙ ոչ միայն դրանց հետ. հետաքրքրական է, որ մինչեւ հիմա կամարներ, խոյակներ զարդարող նախշեր կան, որոնք ժամանակակից ճարտարապետությունը հնից վերցրած շարունակում է օգտագործել. դրանք ասեղնագործության մեջ օգտագործված նախշերի քարե տարբերակներն են:

- Ձեր ձեռքն անցած նմուշներից ո՞րն է ամենահինը եւ ինչպիսի՞ օրինաչափությունների եք հանդիպել:

- Իմ տեսածներից ամենահինը, որ թվագրված է, 19-րդ դարին է պատկանումՙ 1845 թ.: Դրանից ավելի ուշ շրջանի գործեր կան, բայց ստույգ թվագրություն չկա:

Մարաշը, Այնթապը, Ուրֆան իրար մոտ քաղաքներ ենՙ 100-150 կմ հեռավորությամբ: Բայց դրանցից յուրաքանչյուրը տարբեր ասեղնագործություն ունի եւ սա հետաքրքրական է, որովհետեւ ենթադրվում էր, որ Մարաշի ասեղնագործությունը ձեւերի մի փոքր տարբերություն պիտի Այնթապից ունենար: Սակայն բացահայտ տարբեր ասեղնագործության ենք հանդիպում, նշանակում է տարբեր կողմերից եկած ժողովուրդներ էին, եւ յուրաքանչյուրն իր հետ բերել է տեղանքային բնորոշ ավանդույթներ:

Այնթապի ասեղնագործության մեջ զուգահեռներ կան Ղարաբաղի գորգերի զարդաձեւերի հետ: Դա թվում է արտառոցՙ աշխարհագրական իմաստով իհարկե, մշակույթի իմաստով բնական է: Նույն խորհրդանշան-զարդերը հաճախ են հանդիպում, ինչպեսՙ ութ թեւանի աստղը, սա բացահայտորեն համահայկական երեւույթ է: Ուսումնասիրողները ասում ենՙ այս է զարդը աշխարհի եւ անունը միջնադարյան ձեռագրերում գտել են: Ինձ թվում էՙ այդ զարդաձեւը հին կրոնի սրբազան նշանն է եղել, ինչպես քրիստոնեության համար խաչը, որովհետեւ բոլոր կարեւոր տեղերում այդ նշանն է դրված: Այդպես է Այնթապի հնագույն ձեռագործների մեջ, կենտրոնումՙ ութ թեւանի աստղն է: Միսոներների հայտնվելուց հետո ձեւերը փոխվել են, դրանց տեղում հրեշտակներ են հայտնվել, ավելի ուշ, երբ հայությունը ստիպված է լինում տեղահանվել եւ իջնել Եփրատից հարավՙ Սիրիա, դարձյալ փոխվել են. 1947-իՙ (Սիրիայի անկախության տարեթիվն է) ձեռագործ մի նմուշի կենտրոնում Սիրիայի զինանշանն է դրված:

- Այսինքն, ժամանակը իր նշանն է թելադրում:

Իսկ հին ավանդական ձեւերը ի՞նչ ճանապարհով էին փոխանցվում, եթե դպրոցներ չեն եղել, ուրեմնՙ միայն ընտանեկա՞ն:

- Այո, այդպես էր, մորից անցնում էր դստերը եւ դա եղել է ամենակայունը:

Հնագույն ժամանակներից մարդիկ հասկացել են, որ սրբազան նշանները մոգական ուժ ունեն: Համոզված եմ, որ կերպասի վրայի հորինվածքները, կոմպոզիցիաները, նշանների նախնական ձեւերի դասավորվածությունը արել են հին քրմերը, որովհետեւ իրենք էին գիտելիքին տիրապետողը: Պետք չէ մտածել, որ որեւէ հայ կին գիտեր, թե չորս կենսական ուժերը ինչ դասավորությամբ է պետք դնել եւ նման այլ բաներ. նրանք կրկնել են այն, ինչ տաճարներում տեսել են: Ինձ համար, սակայն, շատ ավելի կարեւոր է, որ աղջիկը մորից սովորած նախշը չի ուզեցել փոխել: Ինքը քուրմ չէ, որ գիտենա, բայց ինքը մոր սովորեցրած նախշը եւ դրա գունային լուծումները չի փոխել, որովհետեւ կան նախշատեսակներ, որոնք 200 տարվա ընթացքում բոլոր ձեռագործների մեջ նույն գույնով են արված: Սա կարեւոր երեւույթ է, հազարամյակների ընթացքում մարդիկ այդ ավանդույթին եղել են նախանձախնդիր: Կայունության հանգամանքը արժեք է հաղորդում:

Այն աշխատանքներում անգամ, որտեղ փոփոխությունները շատ քիչ են, անհատական գծեր կանՙ երբեմն շատ նուրբ աշխատված, երբեմն ավելի անփույթ: Կարեւորը սակայն ստեղծագործական ես-ի արտահայտումը չի եղել, ինչպես հիմա են դրդում, որովհետեւ այդ ես-ը արտահայտվելուց առաջ պետք է այն ունենալ: Իրենք արտահայտել են հավաքական ես-ը, որ շատ ավելի լուրջ եւ էական է: Որովհետեւ այն կոմպոզիցիան, որի վրա ինքը աշխատում է ասենք, XIX դարում, մշակվել է IV դարում, եւ ինքը այդ մշակողներից մեկն է, որը պակաս արժեքավոր չէ, քան սեփական երեւակայության հորինած մի նոր նշան:

- Այս առումով նրանք փաստորեն ավանդականի փոխանցողներն են, յուրատեսակ պահապաններ եւ թերեւս ենթագիտակցորեն հաղորդակից էին նշանային հին իմաստներին:

- Որեւէ գեղարվեստական երեւույթ պետք է ունենա գաղափարական հենք: Ես չեմ հավատում ժամանակակից եկեղեցական ճարտարապետությանը, որովհետեւ IV-ից մինչեւ VII դարեր մեր ճարտարապետները հանճարեղորեն արդեն ստեղծել են այդ տիպերը: Այն ժամանակ նախեւառաջ եղել է գաղափարըՙ քրիստոնեության հայկական ընկալումը, այսինքնՙ դավանաբանական այն նորմերը, որոնք հայերը որդեգրեցին եւ որոնց հիմքերի վրա է կառուցվել եկեղեցին, ոչ թեՙ ճարտարապետի երեւակայության: Այդ է պատճառը, որ մեր եկեղեցիները հստակորեն տարբերվում են վրաց եւ ուրիշ ժողովուրդների տաճարներից: Դրանք կրողն էին հայերի թե գեղագիտական ճաշակի, թե դավանանքային առանձնահատկության, թե շինարարական գիտության: Եթե մենք ուզում ենք նոր ճարտարապետությամբ եկեղեցի կառուցել, պետք է հարց տանքՙ թե մենք քրիստոնեության նոր պատկերացում ունե՞նք, եթե չունենք, նոր շենք կառուցելը դիզայներական գործ է դառնում ընդամենը:

- Այսինքնՙ կրկնել հին վարպետներին:

- Եթե ժամանակին մի բան հանճարեղորեն արվել է, կրկնելը վատ բան չէ: Միեւնույն էՙ տաղանդավոր մարդիկ այդ կրկնության մեջ էլ իրենց կգտնեն: Շատ ավելի վտանգավոր է չափազանցված ինքնավստահությունը:

- 1915-ի արհավիրքը 1,5 մլն հայերի ֆիզիկական ոչնչացումից բացի, խարխլեց նաեւ արեւմտահայության մշակութային ամբողջականությունը, շատ ավանդույթներ փոխվեցին, տարրալուծվեցին, անհետացանՙ հատկապես ժողովրդական արվեստների ու արհեստների տեսակներ:

- Այդ իմաստով ես կտրուկ բան եմ ուզում ասել. համարձակվում եմ նկատել, որ Խորհրդային Միությունը ավելի վատ ազդեցություն է թողել, քան ցեղասպանությունը: Որովհետեւ ցեղասպանությունից փրկված մարդիկ նույն ավանդույթներովՙ իրենց համայնքներով, թեմական եկեղեցիներով, սովորույթներով ապրում էին Սիրիայում, Լիբանանում: Վանից 150.000 հայ եկավ Խորհրդային Հայաստան: Նրանցից ո՞ր մեկը որպես վանեցի կարողացավ ապրել: Մեր ժողովրդի հոգեկերտվածքի վրա Խորհրդային Միությունը շատ ավելի ծանր հետք է թողել:

- Ասացիք հսկայական ժառանգություն կա ցրված, դրա պահպանմանն ուղղված հավաքչական-հրատարակչական աշխատանքներից բացի, չե՞ք կարծում, որ այն պետք է պահ տալ թանգարաններին, ստեղծել հենց ասեղնագործության թանգարան:

- Ամենացավոտ հարցն է սա, իրոք, բավական ձեռագործներ են հավաքվել անձնապես ինձ մոտ, գիտեմ, թե ում տանը ինչ արժեքավոր բան կա: Կարծում եմՙ միայն Գյումրիում կարելի է այդպիսի թանգարան հիմնել, իբրեւ ցուցադրության նմուշ կարող է ներկայանալ Կիլիկյան ասեղնագործությունը: Այս առումով գոնե մեր հարեւաններից փորձենք հետ չմնալ: Նրանք առանձին կայքեր ունեն, ասեղնագործության հատուկ դասընթացներ. առհասարակ թուրքերը ավելի ավանդապահ են, թեկուզ այս օրինակըՙ ժամանակակից ինտերիերի հետաքրքական միջավայր ստեղծելու համար նրանք համադրում են արդիական լուծումները հնի ոճական յուրահատկությունների հետ եւ տպավորիչ արդյունքի հասնում, որը շատ գրավիչ է դիտվում դրսից եկողի համար: Իսկ մե՞նք...

- Անկախությունից հետո մենք հետեւողականորեն կորցնում ենք մեր դիմագիծը, ազգային-մշակութային մեր առանձնահատկությունը:

- Մյուս կողմից, սակայն, ճիգ կա, մարդիկ կան, որ պայքարի մեջ ենՙ չկորցնելու դրանք: Երբեմն չհամակարգված, բայց բազմաթիվ մարդիկ աշխատում ենՙ ինչպես պետական կառույցներում, թանգարաններում, նաեւ անհատապեսՙ հավաքելու, ուսումնասիրելու, գրքերով ներկայացնելու մեր ժողովրդի մշակույթի փշրանքները: Ընդհանուր պատկեր ստանալու համար է արվում այս գործը, որից մենք ուժ ենք առնելու:

Մենք փշրված ժողովուրդ ենք. կարեւոր է հասկանալ, որ XX դարի առաջին կեսի 30-ականներին մենք կորցրինք մեր ողնաշարըՙ Հայ առաքելական եկեղեցին: Մեր ամբողջ մշակույթը եկեղեցու մշակույթ է: Իսկ խորհրդային տարիներին փշրվեց, ոչնչացվեց դա: Նույնիսկ XX դարի առաջին կեսի մեր մեծ մտավորականները, որ խորհրդային շրջանում գործեցին, արմատներով թեմական դպրոցներում, ծխական եկեղեցիների դպրաց դասերի մեջ երգած տղաներ էին, եւ նրանք մեր մշակույթը առաջ մղեցին:

Մեզ հետ պատահեց շեշտակի փոփոխությունՙ եկեղեցին դուրս մղվեց մեր մշակութային կյանքից: Միջնադարյան հայկական մշակույթը եւ XX դարի մշակույթը շատ տարբեր են, նախկինում կենտրոնում եկեղեցին էր:

- XXI դարում անհնար է այդպես մտածել եւ գործել:

- Խոսքը հատկապես կրթությանն է վերաբերում. միջնադարում կրթությունը եկեղեցու մենաշնորհն էր եւ դա խոր իմաստ ուներՙ որովհետեւ բարոյական արժեքները պահպանվում էին գիտության կողքին, իսկ երբ գիտությունը զարգանում է առանց բարոյական չափանիշների, չարիք է ծնվում: Անշուշտ, կոչս հետդարձ կատարելը չէ, չենք էլ կարող, բայց ժամանակակից մշակույթի համար պետք է ձեւավորել նոր ողնաշար, որ ունենա բարոյական չափանիշներ եւ սկզբունքներ:

Դրսից բերված այս թափթփված վիճակը մերը չէ, ավելի լավ է պրիմիտիվ ժողովուրդ լինենք, քան շարքային թափթփված ժողովուրդՙ եվրոպական եւ այլ ազդեցություններով:

Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4