ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Երեւանից արտերկիր մեկնելիս ամենալավ հուշը Հայաստանից «Զվարթնոց» օդանավականն է, թեպետ ոչ հայկական, մասամբ` օտարոտի վերակառուցմամբ, սակայն քաղաքակիրթ, կանոնակարգված, արժանապատվություն ներշնչող սպասարկմամբ, այն նույն օդանավակայանը, որ խորհրդային եւ ետխորհրդային մի քանի տարիներին փնթիության, ապօրինության, անամոթության տոնավաճառ էր հիշեցնում: Սակայն եթե «Զվարթնոց» օդանավակայանն իր կանոնակարգվածությամբ կարծես կապ չունի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, ապա Բեռլինի օդանավակայանի կանոնակարգվածությունը գերմանացիների խառնվածքի արտացոլանքն է: Լեհական ավիաուղիներով արտերկիր մեկնելիս պետք է անցումային վայրէջք կատարես Վարշավայի օդանավակայանում: Թերեւս տրանզիտի կարճ ժամանակահատվածն էր պատճառը, որ ճամպրուկս Վարշավայից Բեռլին չէր հասել: Բեռլինի Թեգել օդանավակայանի պատասխանատուն, արագ լրացնելով ձեւաթուղթը, վստահեցրեց` ճամպրուկս երեկոյան կամ հաջորդ օրն առավոտյան կլինի մեր հյուրանոցում: Չնայած ճամպրուկիս կորստի հնարավոր հեռանկարին` հանգիստ քնեցինք, սակայն կեսգիշերին արթնացանք հեռախոսազանգից. զանգահարողը` օդանավակայանի կապիտանը, տեղեկացրեց, որ ճամպրուկս Բեռլինում է եւ առավոտյան կլինի հյուրանոցում: Վաղ առավոտյան ճամպրուկն արդեն հյուրանոցում էր:
Եվրոպական մեր ճանապարհորդության այս տարվա Գերմանիայի ընտրությունը դստերս էր, որն անգամ այդ երկրի ֆուտբոլային թիմի պարտությունն Եվրոպայի առաջնությունում ընդունեց արցունքներով:
Օգոստոսյան քսաներկու օրերից տասնյոթը մենք անցկացրեցինք Գերմանիայի չորս քաղաքներում, իսկ հինգ օրը` Ֆրանսիայի մայրաքաղաքում` Փարիզում: Սակայն դա այլ պատմություն է:
Ich bin Deutscher. Ես գերմանացի եմ
Եվրոպական ուղեւորության մեր այս տարվա առաջին կանգառը Գերմանիայի մայրաքաղաքն էր: Բեռլինը մեզ դիմավորեց սառը, անձրեւոտ օգոստոսով, սակայն հաջորդ օրը դրանցից հետք անգամ չէր մնացել, եւ Բեռլինը մեզ ժպտաց իր զովության, չդադարող թեթեւ քամիների եւ չխանգարող արեւից միջից:
Եվրոպայով շրջագայելիս արդեն վարժվել ենք, որ ցուցանակների բացարձակ մեծամասնությունը տվյալ պետության լեզվով է` առանց անգլերենի ուղեկցության: Թեպետ այս հանգամանքը որոշակի բարդութուններ է ստեղծում զբոսաշրջիկների համար, սակայն վկայում է տվյալ երկրի ինքնահարգանքի մասին: Երբ հասարակական տրանսպորտի տոմսեր վաճառող մի տղամարդու խնդրեցի ցույց տալ շրջակայքում մետրոյի կայարանը, վերջինս ասաց, որ անգլերեն չի խոսում եւ շեշտեց` Ich bin Deutscher (Ես գերմանացի եմ): Այդօրինակ ընդգծված հպարտության դրսեւորումներին ես քանիցս հանդիպեցի Գերմանիայում, որն իր քաղաքացիներին տվել է անվտանգ, ապահով, հուսալի, կարգապահ, օրինական պետություն, քաղաքացիներն էլ հենց այդպիսին էլ պահպանում են այն:
Բեռլինի Ունտեր դեն Լիդեն փողոցում գտնվող Գերմանիայի պատմության թանգարանը էլեկտրոնային զբոսավարի` աուդոգայդի միջոցով ներկայացնում է երկրի պատմությունը հինգ հիմնական դահլիճներում, որոնք կազմավորված են ըստ պատմական փուլերի` մինչեւ 1500 թվականը, 1650-1789, 1871-1945, 1949-1994 թթ.: 8000քմ տարածք եւ 8000 ցուցանմուշ ունեցող թանգարանում այդ հեռախոսաչափ սարքը` աուդիոգայդը ձեր անբաժան ուղեկիցն է, իսկ կինոդալիճում կարող եք դիտել Գերմանիայի պատմության առանձին շրջանների մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Բեռլինի պատմությունը եւս հանրամատչելի է դարձնում աուդոգայդը:
«Բեռլին, անվանումը ծագել է գերմաներեն BՊr բառից, որը թարգմանաբար նշանակում է «արջ»: Շպրե գետի ափերին տարածվող Բեռլինի մասին առաջին հիշատակումներն առնչվում են 1200 թվականին, երբ քաղաքի այսօրվա տարածքում առաջացան առեւտրային երկու բնակավայրեր` Բեռլինը եւ Քյոլնը: 1237 թ. Քյոլնի եւ 1244թ. Բեռլինի քաղաքային իրավունքները հաստատվեցին, իսկ 1307 թ. երկու քաղաքները միացան` հիմնելով նոր քաղաքային միավորում` Բեռլինը, որը 1417 թ. դարձավ Բրանդենբուրգյան կոմսության, 1701 թ., Ֆրիդրիխ Առաջինի երդմանկալությունից հետո, Պրուսիայի, 1871թ.` վերակազմավորված Գերմանական կայսրության, 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ` Վեյմարյան Հանրապետության (Գերմանական ռեյխի), 1933 թ. նացիստական Գերմանիայի (նացիոնալ-սոցիալիստների ծրագրի համաձայն այն պիտի դառնար աշխարհի մայրաքաղաքը), 2-րդ համաշխարհային պատերազմից հետո` ԳԴՀ-ի, 1990-ին` վերամիավորված Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը:
1440 թ. ի վեր ընդհուպ 1918 թիվը Բեռլինում տիրակալել է Հոգենցոլարյան դինաստիան: 1640 թ. Ֆրիդրիխ Վիլհելմը, հորից ստանձնելով գահը, նախաձեռնեց նոր միգրացիոն քաղաքականություն` ապաստան տալով հրեաներին, լեհերին, ֆրանսիացիներին: 1920 թ. համապատասխան օրենքով Բեռլինի տարածքն ընդլայնվեց` ընդգրկելով շրջակա բնակավայրերն ու հողերը: Արդյունքում` մայրաքաղաքի բնակչության թիվը հասավ 4 միլիոնի: Բեռլինը դարձավ խոշոր արդյունաբերական, գիտական եւ մշակութային կենտրոն:
Գերմանիայի մայրաքաղաքը հաճախ է դարձել Եվրոպայում մղվող ամենատարբեր պատերազմների կիզակետ: 1618-1648 թթ. Երեսնամյա պատերազմը մեծ կորսուտների եւ ավերածությունների մատնեց Բեռլինը: Յոթնամյա պատերազմի (1756-1763) ընթացքում Բեռլինը կապիտուլյացիայի ենթարկվեց ռուսական զորքերի կողմից: 1806 թ. հոկտեմբերին Աուերշտեդտի ճակատամարտում Պրուսիան ջախջախիչ պարտություն կրեց ֆրանսիական զորքերի կողմից, նոյեմբերին Նապոլեոնը մտավ Բեռլին: 1945 թ. դաշնակից զորքերի ռմբահարումների եւ փողոցային մարտերի հետեւանքով նացիստական Գերմանիայի մայրաքաղաքի մեծ մասն ավերվեց:
Բեռլինն իր վրա է կրել Գերմանիայի պատմության վերելքներն ու անկումները` դառնալով երկրի պատմության ականատեսն ու մասնակիցը:
Այդ պատմության քարե վկան Բեռլինին առանձնակի հմայք եւ վեհություն հաղորդող, Գերմանիայի խորհրդանիշի վերածված Բրանդենբուրգյան դարպասներն են (գերմ.` Brandenburger Tor)` 26 մ երկարությամբ, 65,5 մ լայնությամբ, կառուցված 1788-1791 թթ.` գերմանական կլասիցիզմի ոճով, հիմքում` հունական Ակրոպոլիսի գաղափարը: Դարպասների վերնամասում Հաղթանակի աստվածուհին է` Վիկտորիան: Բեռլինը գրավելիս Նապոլեոնը հրահանգեց Վիկտորիան ապամոնտաժել եւ տանել Փարիզ, սակայն Նապոլոենի պարտությունից հետո այն վերադարձավ նախկին տեղը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները լրջորեն վնասվեցին: Գերմանիայի բաժանման ժամանակ դրանք մնացին խորհրդային հատվածում` դառնալով անմատչելի թե՛ Արեւմտյան, թե՛ Արեւելյան Գերմանիայի բնակիչների համար: 1945-1957 թթ. դարպասների վրա ծածանվում էր ԽՍՀՄ դրոշը, ապա` ԳԴՀ-ի: Վերամիավորումից հետո դրոշն ընդհանրապես հանվեց:
Բրանդենբուրգյան դարպասների քարե սյուների տակով հոսել է Գերմանիայի պատմությունը. դարպասները լսել են թե՛ գերմանացիների հաղթական քայլերգը, թե՛ ականատես են եղել նրանց պարտությանը: Ես ձեռքս հպում եմ դարպասների քարե սյուներին` կարծես ուզում եմ զգալ այն, ինչ ինձ չի պատմի ոչ մի կենդանի կամ էլեկտրոնային զբոսավար: Բրադենգուրգյան դարպասներն ասես անբացատրելի ձգողական ուժ ունեն. Բեռլինում գտնվելու վեց օրերի ընթացքում մենք ամեն օր գալիս էինք այստեղ. կամ վաղ առավոտյան, կամ ցերեկը, կամ երեկոյան, երբ դարպասները խորհրդավորություն էին ստանում երեկոյան լույսերից: Ինձ շատ բան է գրավել, հետաքրքրել, զարմացրել, հիացրել Բեռլինում. կարճ ժամանակահատվածում եղել ենք զգալի տեսարժան վայրերում, թանգարաններում` զմայլվել Բեռլինի տաճարով, այնտեղ ուկնդրել երգեհոնային երաժշտություն, եղել Շարլոտենբուրգի արքայական պալատում, Հին թանգարանում (Altes Museum), որտեղ հին հունահռոմեական դարաշրջանի քանդակներ են, Գերմանիայի պատմության թանգարանում, քաղաքապետարանի կարմիր շենքում, Հումբոլտի համալսարանում, բարձրացրել ենք ռայխստագի ապակեպատ սրահը` այնտեղից դիտել Բեռլինը, սակայն Բրանդենբուրգյան դարպասները մեզ ձգում էին, ինչպես մագնիսը` երկաթին:
Ich bin ein Berliner! - John Kennedy
Ես բեռլինցի եմ - Ջոն Քենեդի
Բրանդենբուրգյան դարպասների հարեւանությամբ ռայխստագն է` Բեռլինի խորհրդարանի` Բունդեսթագի շենքը, որի կառուցման նախաձեռնությունը գերմանացի պետական-քաղաքական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկին է. նրա հայտարարած մրցույթում ներկայացված 120 աշխատանքներից հաղթեց Պաուլյու Վալլատոյի ճարտարապետական նախագիծը: Շենքի հիմնարկեքի քարը 1884 թ. հունիսին դրել է Վիլհելմ Առաջին կայսրը: Ռայխստագի կառուցումը տեւել է 10 տարի. հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1894 թ. փետրվարի 5-ին` արդեն Վիլհելմ Երկրորդի ժամանակ: 1916 թ. ռայխստագի ճակատային մասում փորագրվեց` Dem Deutschen Volke` Գերմանացի ժողովոդին: Նացիոնալ-սոցիալիստների կառավարման ժամանակ` 1933 թ. փետրվարի 27-ին, ռայխստագի շենքը հրդեհվեց: Իշխանությունը, հրկիզման մեջ մեղադրելով կոմունիստներին, սկսեց քաղաքական հետապնդումներ իրականացնել: Ոմանք ռայխստագի հրդեհը հակված էին համարել չարագուշակ նախանշան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին` 1945 թ. ապրիլին, խորհրդային զորքերը գրոհով վերցրեցին ռայխստագը` նրա վրա ամրացնելով հաղթանակի դրոշը:
Հենց ռայխստագի մոտով է անցել Բեռլինի պատը` սառը պատերազմի, պետությունների քաղաքական դիմակայության, Գերմանիայի բաժանման անողոք վկան: 1945 թ. փետրվարին Յալթայի կոնֆերանսում հակահիտլերյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարների ընդունած որոշումներով Եվրոպայի բաժանման հիմքերը դրվեցին: Գերմանիայի կապիտուլյացիայից հետո երկիրը եւ մայրաքաղաք Բեռլինը բաժանվեցին չորս մասի դաշնակից պետությունների միջեւ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ): Արեւմուտքի եւ ԽՍՀՄ-ի միջեւ աճող քաղաքական դիմակայության արդյունքում 1948 թ. Մոսկվան շրջափակեց Արեւմտյան Բեռլինը` ստիպելով Արեւմուտքին օդային ճանապարհով սննդամթերք հասցնել այնտեղ: Սեպտեմբերի 9-ին 350000 գերմանացիներ ռայխստագի մոտ բողոքի ցույցի դուրս եկան, ուր ելույթ ունեցավ նաեւ Բեռլինի քաղաքապետը` միջազգային հանրությանը դիմելով այսպես` «Աշխարհի ժողովուրդներ` նայեք այս քաղաքին»:
Մի քանի ամիս անց Բեռլինն ապաշրջափակվեց, սակայն Գերմանիան եւ մայրաքաղաքը բաժանվեցին երկու մասի` Արեւմտյան եւ Արեւելյան: Տեւական ժամանակահատված մուտքն արեւելյան եւ արեւմտյան Բեռլինի միջեւ բաց էր: 1953 թ. հունիսի 17-ին Արեւելյան Բեռլինում տեղի ունեցած բողոքի հակակառավարական ցույցը խորհրդային զինուժը դաժանորեն ճնշեց. 153 ցուցարարներ սպանվեցին (Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկն այժմ կրում է Հունիսի 17-ի անունը): Իրավիճակն ավելի սրվեց 1961-ի ամռանը, երբ Արեւելյան Գերմանիայի ղեկավարության կոշտ քաղաքականության հետեւանքով միայն հուլիս ամսին 30000 մարդ լքեց ԳԴՀ-ն եւ հեռացավ ԳՖՀ: Բնակչության արտահոսքը կասեցնելու համար ԳԴՀ-ի ղեկավարության նախաձեռնությամբ Վարշավյան պայմանագրի երկրների ղեկավարների փակ գաղտնի հանդիպմանը որոշում ընդունվեց փակել Բեռլինի սահմանը: 1961 թ. օգոստոսի 13-ի գիշերը ժամը 1-ին 25000 գերմանացի բանվորներ, ԳԴՀ-ի եւ խորհրդային զինուժի ուղեկցությամբ, սկսեցին Բեռլինի պատի կառուցումը: Բեռլինի շուրջ 45 կմ ձգվող բաժանարար գիծն անցնում էր փողոցների եւ տների, ջրանցքների եւ ջրային տարածքների միջով, Արեւմտյան Բեռլինի հետ ընդհանուր սահմանը 164 կիլոմետր էր: Պաշտոնապես 81 սահմանային անցակետեր էին գործում, մետրոյի 13 անցումներ: Օգոստոսի 14-ի առավոտյան 18-ամյա Փեթեր Ֆեհտերը, փորձելով մագլցելով անցնել պատի մյուս կողմը, գնդակահարվեց տեղում: Հետագայում շուրջ 150 մարդ Բեռլինի պատը մագլցելու եւ Արեւմտյան Գերմանիայում մնացած մերձավորների մոտ վերադառնալու համար գնդակահարվեց:
Արեւմուտքի կողմից վերահսկվող բեռլինյան մասում ՆԱՏՕ-ն սահմանային երեք անցակետ տեղադրեց` Ալֆա (A), Բրավո (B), Չարլիի (C) բաժանմամբ` այս վերջինը, որը պատմության մեջ մտավ Չեքփոինտ Չարլի (Checkpoint Charlie) անվամբ, տեղակայված էր Ֆրիդրիխշտրասսե փողոցում. դրանով անցուդարձ էին անում Արեւմտյան երկրների զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները: 1961 թ. հոկտեմբերի 28-ին ամերիկյան զրահամեքենաներն այդ անցակետով փորձեցին ճեղքել-անցնել սահմանը, սակայն հանդիպեցին խորհրդային զինուժին, խորհրդային ռմբակոծիչները շրջափակեցին նաեւ Արեւմտյան Բեռլինի օդանավակայանը: Լուսադեմին ամերիկյան եւ խորհրդային զինուժերը հեռացան: Չեքփոինտ Չարլին դարձավ Արեւմուտքի եւ ԽՍՀՄ-ի միջեւ քաղաքական դիմակայության խորհրդանիշ: Այսօր այդ հատվածում պահպանվում են այն ցուցանակները, որոնց վրա չորս լեզուներով գրված է` You are leaiving the American sector (Դուք դուրս եք գալիս ամերիկյան մասից):
Բեռլինյան պատի, սառը պատերազմի մասին պատմող Չեքփոինտ Չարլի թանգարանն այժմ տեղակայված է նույն` Ֆրիդրիխշտրասսե փողոցում, բնակելի մի տան շենքում: Թանգարանում ներկայացված են սահմանն անցնելու համար օգտագործած իրերը` ռետինե նավակ, մեքենայի անվադող, որ ծառայել է որպես գետանցման հարմարանք, փայտե փոքրիկ սահնակ: Այստեղ նաեւ հարազատներին փնտրող մարդկանց հսկայական ցուցակներն են, ներկայացված են այն մարդկանց պատմությունները, որոնք կամ որոնց հարազատները կամ սպանվել են կամ հետապնդումների ենթարկվել Արեւմտյան Գերմանիա անցնելու փորձերի համար: Հավաք ներկայացված ցուցանմուշները սոսկալի ազդեցություն են թողնում. սա պատմությունն է քաղաքական դիմակայության մասին, որը ոչ միայն երկիրը բաժանեց երկու մասի, այլեւ մարդկային ճակատագրեր խեղեց:
Միայն 28 տարի անց` 1989 թ. նոյեմբերի 9-ին, Բեռլինի պատը փլուզվեց: Թանգարանի կինոդահլիճում հնչում են պատի փլուզման հանդիսավոր արարողության ժամանակ «սառը պատերազմի» ավարտը ազդարարող Ռեյգանի եւ Գորբաչովի պատմական ելույթները: 1990 թ. հոկտեմբերի 3-ին ԳԴՀ-ն միացավ ԳՖՀ-ի Հիմնական օրենքին. Գերմանիան վերամիավորվեց. Բեռլինը դարձավ միավորյալ Գերմանիայի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը: Այդ օրը նշվում է որպես Գերմանիայի Ազգային տոն: 1991թ. հունիսին 20-ին Բոննում Բուդենսթագը որոշում ընդունեց տեղափոխվել ռայխստագ, որը վերակառուցվեց ըստ անգլիացի ճարատարապետ Նորման Ֆոստերի նախագծի: 1999 թ. սեպտեմբերի 1-ին կառավարությունը եւ խորհրդարանը տեղափոխվեցին Բեռլին: Միավորյալ Գերմանիան այժմ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Մեծ ութնյակի անդամ պետություն է:
1995 թ. տեւական եւ թեժ բանավեճերից հետո ռայխստագի վերնամասում կառուցվեց ապակեպատ գմբեթը (այն մասամբ աններդաշնակ է շենքի ճարատարապետությանը)` 235մ բարձրությամբ, 40մ տրամագծով, 1200 տ ընդհանուր քաշով: Զբոսաշրջիկները կարող են բարձրանալ գմբեթ, այնտեղից դուրս գալ տանիք եւ բարձունքից հիանալ Բեռլինով: Բացի գործառական նշանակությունից` 360 հայելիների միջոցով ապահովելով խորհրդարանի ցերեկային լուսավորությունը եւ դահլիճի ջերմությունը, ապակեպատ գմբեթը նաեւ խորհրդանշում է գերմանական ժողովրդավարությունը:
Բունդեսթագն է ընտրում Գերմանիայի կանցլերին` գործադիր իշխանության ղեկավարին եւ կարող է նաեւ անվստահություն հայտնել նրան (ցայսօր երկու անգամ է գերմանական խորհրդարանն օգտվել է այդ իրավունքից): Պատգամավորի տարիքային ցենզը 18-ն է: ԳԴՀ խորհրդարանը երկպալատ է, գործում է չորս տարի ժամկետով, պատգամավորական մանդատների թիվը 620 է, որից 239-ը գործող խորհրդարանում պատկանում է Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությանը: 2009-ին ձեւավորված խորհրդարանի պատգամավորների 20 տոկոսը մասնագիտությամբ իրավաբաններ են: Պատգամավորի աշխատավարձը ամսեկան 8000 եվրո է, իսկ 4000 եվրո հատկացվում է Բեռլինում եւ ընտրատարածքում պատգամավորական գրասենյակի գործունեության համար (յուրաքանչուր ուրբաթ պատգամավորները պետք է լինեն ընտրատարածքում` ընտրողների հետ հանդիպելու եւ գրասենյակում աշխատելու համար):
1963 թ. հունիսի 26-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ժամանելով Արեւմտյան Բեռլին, բեռլինյան պատի մոտ ունեցած իր հանրահայտ ելույթն ավարտեց այսպես` «Ես խնդրում եմ բարձրացրեք ձեր աչքերն այսօրվա վտանգներից այն կողմ եւ հույսով նայեք վաղվան: Ազատությունն անտրոհելի է, եւ երբ մի մարդ թեկուզ ստրկացված է, բոլոր մարդիկ անազատ են: Երբ բոլորն ազատ կդառնան, այդ ժամանակ մենք կտեսնեք, որ այս քաղաքին կմիանա նաեւ այս երկիրը, եւ Եվրոպա կոչվող այս մեծ աշխարհամասը: Եվ երբ այդ օրը վերջապես կգա, այդ օրը կգա, Արեւմտյան Բեռլինի բնակչությունը հպարտության բոլոր հիմքերը կունենա. գրեթե երկու տասնամյակ դուք ապրել եք ճակատային գծի հարեւանությամբ: Բոլոր ազատ մարդիկ, որտեղ էլ նրանք ապրելիս լինեն, Արեւմտյան Բեռլինի բնակիչներ են, ուստի ես, որպես ազատ մարդ, հպարտությամբ հայտարարում եմ` «Ես բեռլինցի եմ»` Ich bin ein Berliner!".
Բեռլինի պատն այժմ պատմություն է դարձել, հիշողություն, հուշաքար, վերածվել մանր կտորների, որոնք վաճառվում են որպես հուշանվերներ, սակայն քարե այդ նախատինքը ցավալիորեն վկայում է, որ ժողովուրդներն են վճարում իրենց կամ այլ պետությունների քաղաքական ղեկավարության սխալների համար:
Ես ծնվել եմ բեռլինյան պատի մոտ Քենեդու ելույթից 109 օր հետո, այժմ` 49 տարի անց, նույն հպարտությամբ հայտարարում եմ` Ich bin ein Berliner!". Ես բեռլինցի եմ:
Wir Deutschen fՖrchten Gott, aber sonst nichts in der Welte
Otto von Bismarck
«Մենք` գերմանացիներս, վախենում ենք Աստծուց, եւ ուրիշ ոչնչից»
Օտտո ֆոն Բիսմարկ
Բրանդենբուրգյան դարպասներից եւ ռայսխտագից քիչ ներքեւ 210 հա տարածությամբ ձգվում է 500-ամյա Տիրգարդենը` բեռլինյան հանրահայտ զբոսայգին, որի մի մասն անցնում է գետի ափով` ստեղծելով հանգստի, զբոսնելու այնպիսի զարմահրաշ, մաքրամաքուր վայր, կարծես մեգապոլիսում չլինես: Հիացմունքիդ եւ հանգստանալու ցանկությանդ խառվում է երեւանցու ափսոսանքը, թե ինչու մենք թույլ տվեցինք, որ այդքան անգթաբար վարվեն Երեւանի կանաչապատ տարածքների հետ: Մինչդեռ Երեւանը 30000-ամյա պատմություն եւ քաղաքակրթություն ունի, Բեռլինը` 800 տարվա:
Տիրգարդենի հյուսիսային մասում, Շպրե գետի ափին, ԳԴՀ նախագահի նստավայրն է` Բելվյու պալատը (կառուցված 1786թ.)` առանց դարպասների, ճաղերի. միայն քարե եզրաքարն է աննկատ առանձնացնում նստավայրը զբոսայգուց: Շրջապատում նույնիսկ ոստիկան չկա: 1945 թ. ռմբահարումնրից հետո պալատը հիմնովին ավերվել է, հետագայում վերակագնվել է ամբողջովին:
Տիրգարդենի կենտրոնում` դեպի Հաղթանակի կոթող տանող ճանապարհին գերմանացի պետական-քաղաքական գործիչ, Պրուսիայի արտգործնախարար, Գերմանական կայսրության` Երկրորդ ռեյխի 1-ին կանցլեր, որը հայտնի է որպես «երկաթյա կանցլեր», Օտտո ֆոն Բիսմարկի հուշահամալիրն է` կենտրոնում նրա հուշարձանը` շրջապատված Գերմանիայի հզորությունը խորհրդանշող այլաբանական կերպարներով: Քաղաքականությունը հնարավորի արվեստ համարող Բիսմարկը իր երկրի համար արեց անհնարինը` դառնալով գերմանական ազգի ստեղծողը եւ Գերմանիայի վերամիավորման հիմնադիրը: Բիսմարկը Գերմանիայում ամենուր է, նրա հուշարձանը մենք տեսանք նաեւ Դյուսելդորֆի կենտրոնում: Գերմանիայի պատմությունն անբաժան է Բիսմարկից: Պատմության թանգարանում, Բիսմարկին նիվիրված մասում, աչքի է զարնում 1888 թ. փետրվարի 6-ի ռայխստագի նիստում նրա ելույթի այս տողը` «Մենք` գերմանացիներս, վախենում ենք Աստծուց, բայց ուրիշ ոչնչից»: Հետագայում այս արտահայտությունը հայտնվեց նամականիշերի, բաժակների ու ափսեների վրա: Բիսմարկի գործունեությունը միանշանակ չի ընդունվել. դրա պատմաքաղաքական գնահատականները տարբեր են. նրան մեղադրել են քաղաքական ազատությունները սահմանափակելու փորձերի մեջ, նրա կերպարը եղել է նաեւ նացոնալ-սոցիալիստների ոգեշնչման աղբյուր: Մահվանից առաջ, գիտակցությունը վերագտնելով, Բիսմարկն ասել է` «Ես մեռնում եմ, սակայն պետության շահերի տեսանկյունից դա անհնար է»:
Բիսմարկի հուշարձանից ներքեւ, Մեծ Աստղի շրջանաձեւ հրապարակում վեր է խոյանում Հաղթական կոթողը` կառուցված Վիլհելմ Առաջինի հրամանով եւ Իոհան Շտրակի նախագծով` ի նշանավորումն երեք պատերազմներում` Դանիական (1864), Ավստրո-պրուսական (1866), Ֆրանկո-պրուսական (1870-1871) Պրուսիայի հաղթանակների: 1873 թ. սեպտեմբերի 2-ին ռայխստագի մոտ կայացավ Հաղթական կոթողի բացումը, իսկ 1939 թ. այն տեղափոխվեց Մեծ Աստղի հրապարակ: Կոթողի ներքեւի հատվածում պատերազմական դրվագներ են քանդակված, վերեւում Հաղթանակի աստվածուհին է` Վիկտորիան, որը 1987 թ. ոսկեզօծվեց: Կոթողի բարձրությունը 66.89 մետր է, Վիկտորիայինը` 8.3 մետր:
Ունտեր դեն Լիդեն փողոցում է Նոյե-Վախեն` պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որի պատմությունը ներկայացնում է դրսում ամրացված ցուցատախտակը: Հուշարձանը կառուցվել է 1818 թ. ի հիշատակ Նապոլեոնի դեմ կռվում ընկածների, 1931 թ. այն վերակառուցվել է ի հիշատակ 1-ին համաշխարհային պատերազմի զոհերի, 2-րդ համաշխարհայինի ընթացքում ամբողջությամբ ավերվել Է եւ վերակառուցվել որպես ֆաշիզմի եւ միլիտարիզմի զոհերի հիշատակի հուշարձան. ներսում անմար կրակն է վառվել: 1969թ. համակենտրոնացման ճամբարից բերված հողի մեջ են ամփոփվել անհայտ զինվորի եւ ֆաշիստական ճամբարի անհայտ բանտարկյալի մասունքները: 1993-ից Նոյե-Վախեն ԳԴՀ-ի` Հիշատակի կենտրոնական հուշարձանն է: Զոհված որդու վրա ողբացող մոր քանդակը` Կետե Կոլվիցի հեղինակությամբ, տեղադրված է հսկայական քարե դատարկ սրահում, որի առաստաղը շրջանաձեւ բաց է. այնտեղից թափանցում են թե արեւի լույսը, թե անձրեւի կաթիլները:
Ունտեր դեն Լիդեն փողոցում է նաեւ Մադամ Տյուսսոյի թանգարանի բեռլինյան մասնաճյուղը, ուր ներկայացված են մի շարք ոլորտների` քաղաքականություն, կինո, գրականություն, արվեստ, ԶԼՄ-ներ, գիտություն, սպորտ, հանրահայտ անձանց մոմե շուրջ 70 արձան. դրանց կարելի է դիպչել, միասին լուսանկարվել: Չկա որեւէ այցելու, որ չփորձի դիպչել արձաններին` համոզվելու, որ նրանք իրոք կենդանի մարդիկ չեն. այցելուները բռնում են արձանների ձեռքերը, շոշափում մազերը, աչքերը, հագուստը: Առաջինը մեզ դիմավորում է Բիսմարկը, չնայած խստաշունչ կերպարին` երկաթյա կանցլերը թույլատրում է միասին լուսանկարվել: Թանգարանում ոչ միայն ծագմամբ գերմանացի հայտնի գործիչներն են, այլեւ նրանք, ովքեր այս կամ այն չափով առնչվել են Գերմանիային: Այստեղ են Մարքսը, Չերչիլը, Քենեդին, Ռեյգանը, Գորբաչովը, Շրյոդերը, Սարկոզին, Մերկելը, Օբաման, ծագումով գերմանացի Հռոմի Պապը` Բենեդիկտոս 16-րդը, Բեթհովենը, Բրեխտը, Էյնշտեյնը, Ֆրոյդը, Հիտլերը: Թանգարանի բացման օրը` 2008 թ. հունիսին 5-ին, այցելուներից մեկը պոկել է Ադոլֆ Հիտլերի գլուխը: Դրանից հետո Հիտլերը «փակվեց» ապակեպատ տաղավարում: Նրա արձանի տեղադրումը վրոդվմունքով ընդունեց Բեռլինի հրեական համայնքը` համարելով անհարգալից վերաբերմունք պատերազմի զոհերի հիշատակին: Թանգարանի նախաձեռնողների հակափաստարկն այն էր, որ Հիտլերը ներկայացված է որպես ջախջախված քաղաքական գործիչ` նստած այն բունկերում, ուր անցկացրել է կյանքի վերջին օրերը: Կողքի ցուցանակը հորդորում է չլուսանկարվել Հիտլերի հետ` ի հարգանք զոհերի հիշատակի: Այցելուների թիվը շատ մեծ է, սակայն դա չի խանգարում, որ այս կամ այն գործչի կողքին լուսանկարվեն բոլոր ցանկացողները, որոնք բարեկրթորեն սպասում են իրենց հերթին: Առանձին հատվածում ներկայացված է որոշ տեղեկություն մոմե արձանների պատրաստման մասին, ինչից պարզ է դառնում, որ, օրինակ, յուրաքանչյուր արձանի համար օգտագործվում է 150 կգ սոսինձ: Թանգարանից դուրս գալիս քեզ ճանապարհում են մեծաթիվ տեսախցիկների եւ լուսանկարչական ապարատների շխշխկոցների տակ, որպես հանրահայտ մարդ: Մադամ Տյուսսոյի թանգարանը հնարավորություն է տալիս ուրախ տրամադրությունը պահպանել երկար ժամանակ:
Եթե Մադամ Տյուսսոյի թանգարան այցելեցինք բեռլինյան ուղեւորության վերջին օրը, ապա Շարլոտենբուրգի արքայական պալատում եղանք առաջին օրը: 1695-1699 թթ. Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Առաջինի հրամանով բարոկկո ոճով կառուցվում է Լիտցենբուրգի արքայական պալատը` որպես նրա կնոջ` թագուհի Սոֆի-Շարլոտի ամառային նստավայր: 1705թ. 36-ամյա կնոջ մահից հետո Ֆրիդրիխը պալատը վերանվանում է Շարլոտենբուրգ: Պալատին առանձնակի վսեմություն է հաղորդում կենտրոնում գտնվող 48 մետրանոց գմբեթը: Բոլոր դահլիճները բաց են զբոսաշրջիկների համար: Դահլիճներից մեկում ներկայացված են ժամանակի ֆրանսիացի եւ գերմանացի գեղանկարիչների աշխատանքները: Աչքի է զարնում պալատական կյանքի ողջ շքեղությունը հատկապես ընդունելությունների դահլիճում: Պատկերն ամբողջացնում է արքայական այգին: Շարլոտենբուրգն անվանում են նաեւ գերմանական Վերսալ` համեմատելով ֆրանսիական Վերսալի պալատի հետ: Ես եղել եմ Եվրոպայի ամենահայտնի եւ շքեղ արքայական պալատներում` Վիեննայի Շյոնբրունում, Ֆրանսիայի Վերսալում, Բեռլինի Շարլոտենբուրգում, Վարշավայի պալատում եւ Կրակովի Վավելում եւ կարող եմ վկայել, որ դրանք բոլորն էլ, անշուշտ, ունեն ընդհանրություններ, սակայն յուրաքանչյուրն առանձնահատուկ է յուրովի:
Բեռլինի հանրաճանաչ մասերից մեկն էլ թանգարանային կղզին է, որտեղ եւ գտնվում են Բեռլինի ամենահայտնի հինգ թանգարանները եւ Բեռլինյան տաճարը (Berliner Dom)` Գերմանիայի ամենամեծ բողոքական եկեղեցին` կառուցված բարոկկո ոճով 1883-1905 թթ.` Վիլհելմ Երկրորդի գահակալության ժամանակ: Տաճարի հսկայական գմբեթը կենտրոնական մասում է, իսկ երկու թեւերում զանգակատունն է: Տաճարում ամփոփված են Պրուսիայի թագավորների եւ Հոգենցոլարյան դինաստիայի անդամների աճյունները: Իր շքեղությամբ եւ հսկայական չափերով տաճարը չի համապատասխանում լյութերականության զուսպ կանոններին: 1945թ. ռմբահարումներից տաճարի գմբեթը լրջորեն վնասվել է, վերականգման աշխատանքներն ավարտվել են 1993-ին: Տաճարի բարձրությունը գմբեթի հետ միասին 98 մետր է: Մենք բարձրանում ենք տաճարի 270 աստիճաններով` վերեւից դիտելու Բեռլինը: Տաճարի շքեղությանը, բեռլինյան համայնապատկերի գեղեցկությանն ավելանում է երգեհոնային երաժշտությունը, եւ բառերն անզոր են դառնում նկարագրելու աննկարագրելին:
Դեպի թանգարանային կղզի տանող ճանապարհին Հումբոլտի համալսարանն էՙ կառուցված 1809թ., Վիլհելմ Հումբոլտի նախաձեռնությամբ, շենքի դիմաց` Հումբոլտի սպիտակ մարմարե հուշարձանը, դիմացի մայթին` Իրավագիտության ֆակուլտետը: Աղջիկս, բնականաբար, առաջարկում է մտնել. ֆակուլտետը տեղակայված է մի գեղեցիկ շենքում. լսարանները փակ են, աղջկաս ցանկությունը` նստել որեւէ լսարանում, չի իրականանում: Ուսանողներ չկան, փոքրաթիվ զբոսաշրջիկներն ազատ դուրսուներս են անում, համալսարանի հուշանվերների փոքրիկ խանութը բաց է մեր` զբոսաշրջիկներիս համար: Մենք` ես ու դուստրս, ինքնուրույն զբոսաշրջիկներ ենք` մենք ենք ընտրում մեր երթուղիները, այցելության վայրերը, տնօրինում մեր ժամանակը: Այսօրինակ ուղեւորությունը փոխում է ավանդական զբոսաշրջության կարծրացած պատկերացումները. այսպես դու ես հայտնաբերում երկիրը, ճանաչում, բացահայտում այն, ապրում որպես տվյալ հանրության մաս: Ըստ վիճակագրության` անհատական զբոսաշրջություն աշխարհում աննախադեպ աճում է, նաեւ այն պատճառով, որ այն ֆինանսապես ավելի մատչելի է:
Բեռլինի գլխավոր փողոցների մեկի` Ունտեր դեն Լիդենի երկարությունը 1390 մետր է, առավելագույն լայնությունը` 60: Բեռլինյան մայրուղիները լայն են եւ երկար: Նման լայնահուն փողոցներն ավելի հատուկ են Արեւելյան, քան Արեւմտյան Եվրոպային: Բեռլինյան փողոցները, չնայած զբոսաշրջիկների եւ շուրջ 4 մլն բնակչության հոսքին, մաքուր են, կանաչապատ, հագեցած տրանսպորտային բարձրակարգ սպասարկմամբ եւ հանգույցներով` մետրո, քաղաքային էլեկտրագնացք, տրամվայներ, ավտոբուսներ. դրանք երթեւեկում են` խստիվ հետեւելով էլեկտրոնային ժամանակացույցին:
Գերմանիայի հասարակության անդամների մեջ ընդհանրությունները շատ են. կարգապահ, կանոնակարգված, պատշաճությունները հարգող, քաղաքավարի, դաստիարկված, առանց ցուցամոլության, սակայն ընդգծված ինքնահարգանքով` իմ տպավորությամբ այսպիսին է միջին գերմանացին:
Չնայած այս առավելություններին` Եվրոպան կանգնած է նաեւ լուրջ խնդիրների առջեւ, որոնցից հիմնականը դառնում է Եվրոպայի մահմեդականացումը: Ոչ քիչ թվով գերմանացիներ համաձայն չեն իրականացվող ներգաղթի քաղաքականության հետ: Գերմանիայի մեծ մասում, հատկապես Բեռլինում եւ Դյուսելդորֆում, զգալի թիվ են կազմում հատկապես թուրքերը: Այս քաղաքներում թուրքերով հոծ բնակեցված թաղամասեր են ձեւավորվել: Եվրոպայում էթնիկ թուրքերի ամենամեծ թվաքանակը Բեռլինում է. ըստ պաշտոնական տվյալների` 2009-ին նրանց թիվը 130000 էր: Քյոլնում մենք նույնիսկ անեկդոտ լսեցինք. գերմանացին հարցնում է թուրքին` ո՞րն է Ստամբուլից հետո ամենամեծ թուրքական քաղաքը: «Բեռլինը»,-պատասխանում է թուրքը»: Ըստ պաշտոնական վիճակագրության` Գերմանիայի ազգային փոքրամասնությունների մեջ թուրքական համայնքն ամենամեծն է: Միջնադարյան Եվրոպան քանիցս գրավել փորձող, սակայն ջախջախիչ պարտությամբ նահանջող թուրքերն այժմ Եվրոպան գրավում են առանց պատերազմի` այնտեղ հաստատելով իրենց բարքերը, կենցաղը, արժեքներն ու քաղաքականությունը, որոնք անհարիր են Եվրոպային:
Մեր ուղեւորության 7-րդ օրվա առավոտը մենք հեռանում ենք Բեռլինից, հույսով, որ երբեւէ կվերադառնանք այստեղ:
Եվրոպայի պատշգամբը
Մեր հաջորդ կանգառը Սաքսոնիայի մայրաքաղաքն է` Դրեզդենը, որն իր գեղեցկությամբ հայտնի էՙ որպես «Ֆլորենցիա Էլբայի վրա»: Դրեզդեն անվանումը ծագել է dredzane բառից, որը թարգմանաբար նշանակում է «ճահճոտ անտառների բնակիչներ»: Դրեզդենի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1206-ը: Հետագայում Դրեզդենին պատուհասում են ժանտախտի համաճարակը (1632), որին զոհ են դառնում քաղաքի բնակչության կեսից ավելին, 1685 թ. հրդեհից այրվում է գրեթե ողջ քաղաքը, 1945 թ. փետրվարի 13-ին քաղաքն ավերվում է ռմաբահարումներից, 2002 թ. 9.5 մետր բարձրացած Էլբա գետը ավերածությունների է մատնում Դրեզդենը:
Ֆրիդրիխ 2-րդի կառավարման ժամանակ` 18-րդ դարում, Դրեզդենը ծաղկում է ապրում: Դրեզդենին համաշխարհային ճանաչում են բերել ճարտարապետական այնպիսի կառույցներ, ինչպիսին են պալատական համալիրը` Ցվինգերը, պալատական տաճարը (գերմ.` Kathedrale), բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները, օպերայի շենքը, որոնք բոլորն էլ Թատերական հրապարակում են` Theater Platz-ում, ուր զբոսաշրջիկների հոսքը չի դադարում օրվա գրեթե բոլոր ժամերին: Ցվինգերը կառուցվել է 1710-1732 թթ.: Այժմ այստեղ են գործում մի քանի թանգարաններ, որոնցից ամենահայտնին Հին վարպետների թանգարանն է (Alte Meister), որը հայտնի նաեւ որպես Դրեզդենի պատկերասրահ: Այստեղ են պահվում Ռաֆայելի աշխարհահռչակ կտավը` «Սիքստինյան Մադոննան», Ռեմբրանտի, իտալական Վերածննդի այլ նկարիչների աշխատանքները: Հին վարպետներից բացի գործում է նաեւ Նոր վարպետների թանգարանը, ուր հավաքված են 19-րդ դարի գերմանացի նկարիչների աշխատանքները, ճենապակու թանգարանը, Զինապալատը:
«Սիքստինյան Մադոննա» մեծածավալ (256x196) կտավը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ են գալիս Դրեզդեն: Այս նկարը Ռաֆայելը նկարել է Հռոմի Պապ Յուլիոս 2-րդի պատվերով` Սուրբ Սիսքստինյան մենաստանի եկեղեցու համար: 16-րդ դարում արված կտավը մինչեւ 18-րդ դարի կեսերն անհայտ է մնացել, մինչեւ Սաքսոնիայի գահակալ Օգոստոս Երրորդը երկու տարվա բանակցություններից հետո Հռոմից Պապից իրավունք է ստանում նկարը տեղափոխել Դրեզդեն: Երկրորդ համաշխարհայինի տարիներին նկարը տարվում է Մոսկվա եւ պահվում Պուշկինյան թանգարանում, Դրեզդեն վերադառնում է միայն 1955 թվին: Նկարում պատկերված է Մադոննան մանկան` Քրիստոսի հետ` ներքեւում Սիքստինյան 2-րդ Հռոմի Պապն է, Սուրբ Վառվառան եւ երկու փոքրիկ հրեշտակները: Այնպիսի տպավորությունն է, թե Մադոննան հենց այդ այդ պահին, երբ դիտում ես նկարը, երկնքից ոտաբոբոիկ իջնում է հենց քեզ մոտ: Հենց այդպես էլ նա կմնա իմ հիշողության մեջ: 500-ամյա «Սիքստանյան Մադոննան» ինձ գամել էր տեղում: Զբոսաշրջիկների խմբերը գալիս ու գնում են, իսկ ես շարունակում եմ կանգնած մնալ: Աղջիկս թեթեւակի քաշում է ձեռքս` գնանք: Օրվա գրեթե կեսն անցկացնելով Դրեզդենի եռահարկ պատկերասրահում, մենք դուրս գալուց նորից վերադառնում ենք այն սրահը, որտեղ Մադոննան է:
Ցվինգերից դուրս գալուց հետո, տպավորված, թեպետ հոգնած բարձրանում ենք քարե աստիճաններով վերեւում երեւացող Բրյուլի քարե հարթակը: Այստեղից, ինչպես ափիդ մեջ, երեւում է Էլբայի գեղեցկուհին` Դրեզդենը: Հարթակը եզրապատված է քարե պատշգամբով, իր դիրքի եւ բացվող տեսարանի համար Բրյուլի հարթակն անվանում են նաեւ «Եվրոպայի պատշգամբ»:
Գերմանական հաջորդ քաղաքը, որտեղ մենք անցկացրեցինք եւս մի քանի օր, Դյուսելոդորֆն էր` Հս. Ռեյնն-Վեստֆայլի մայրաքաղաքը: Այստեղ ես տեսա բոլորովին այլ Գերմանիա: Ռեյն գետի ափին (այնտեղ, որտեղ Դյուսել գետը թափվում է Ռեյնը) բարձրացող երբեմնի ձկնորսական ավանն այժմ վերածվել է գործարար, աշխույժ, շարժուն քաղաքի` գեղեցիկ զբոսայգիներով, թեպետ ոչ այնքան մաքուր փողոցներով եւ մեծաթիվ թուրքերով: Դյուսելդորֆի Հին քաղաքի` Altstadt-ի փողոցները նեղ են, սալիկապատված, փողոցն ու մայթը բաժանող եզրաքարերը բացակայում են, եւ տրամվայներն ընթանում են անմիջապես կողքովդ: Դյուսելդորֆի լուսակիրները նախազգուշական դեղին լույս ունեն նաեւ հետիոտների համար: Ալշտադի 260 գարեջրատները, բարերը, սրճարանները, ռեստորանները բազմամարդ են. այս մասն աղմկոտ է օրվա բոլոր ժամերին: Սովորաբար սակավախոս, զուսպ գերմանացիները անսպասելիորեն փոխվում են գարեջրատանը հեռուստացույցով ֆուտբոլային խաղ դիտելիս. նրանք դառնում են աղմկարար եւ կրքոտ: Գարեջուր, ֆուտբոլ եւ աղմուկ չեմ սիրում, դրա համար էլ ուզում եմ հեռանալ այդտեղից: Աղջիկս, ընդհակառակը, երազում է մեծ ֆուտբոլ նայել հենց Գերմանիայում: Մեծ ֆուտբոլ այդ օրերին չկար:
Դյուսելդորֆը հայտնի է ոչ միայն ֆուտբոլի հանդեպ իր կրքով, այլեւ նրանով, որ Հենրիխ Հայնեի ծննդավայրն է: Դյուսելդորֆը կապված է նաեւ մեկ այլ գերմանացի գրողի` Գյոթեի անվան հետ: Գյոթեն ծնվել է Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում երբեք չի ապրել, այստեղ 1774-1792 թթ. ընթացքում հաճախ այցի է եկել ընկերոջը: Դյուսելդորֆի Եգերհոֆի դղյակում է Գյոթեի թանգարանը, որը կեսադարյա պատմություն ունի: Այցելուները սակավաթիվ են. ես ու դուստրս, միջին տարիքի մի կին եւ մի երիտասարդ զույգ: Թանգարանի 11 դահլիճներում ցուցադրված է Անտոն եւ Կատարինա Քիփփենբերգների անձնական հավաքածուն` շուրջ 50000 ցուցանմուշ: Դրանց ծանուցումները միայն գերմաներենով են, մենք բացում ենք անգլիալեզու բուկլետը: Թանգարանի ամենահայտնի դահլիճը նվիրված է Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությանը: Ներկայացված են «Ֆաուստ»-ի թեմաներով արված լուսանկարներ, գծանկարներ, նկարներ, այդ թվում եւ` Դալիի հեղինակած նկարները, հագուստներ համանուն օպերայից, «Ֆաուստի»` տարբեր լեզուներով հրատարակություններ: Ափսոսում եմ, որ «Ֆաուստի» հայերեն հրատարակությունը չեմ վերցրել` թանգարանին նվիրելու: Լուսանկարվում ենք Գյոթեի կիսանդրու մոտ, ապա եւ` դղյակի առջեւ: (Եգերհոֆի դղյակում մի քանի օր հյուրընկալվել է նաեւ Նապոլեոնը): Շոգ է, Գերմանիայի համար անսովոր շոգ, եւ գնում ենք թանգարանի դիմացի զբոսայգին:
Դյուսելդորֆից մենք ուղեւորվեցինք Քյոլն, ավելի ճիշտ` վաղ առավոտյան մեկնեցինք եւ վերադարձանք երեկոյան: Դյուսելդորֆից Քյոլն ավտոմեքենայով կարելի է հասնել 30 րոպեում: Վարորդը մեզ իջեցրեց Քյոլնի համալսարանի մոտ: Որոշեցինք Քյոլնի տաճար (գերմ` KՓlner Dom) գնալ ոտքով: Առավոտյան ժամը 7:30 է, բայց քաղաքում եռուզեռ է: Աշխատանքի շտապող մարդիկ բարյացակամորեն ցույց են տալիս տաճարի ճանապարհը: Նեղ, ոլորապտույտ փողոցների վերջում մեր առջեւ բացվում է Քյոլնի տաճարը: Ես ու դուստրս մեկեն կարկամում ենք. դժվար է հավատալ, որ այս հրաշքը մարդն է ստեղծել: Մանրամասն եւ երկար դիտում ենք տաճարը դրսից. այն կարծես ասեղնագործած լինի: Մտնում ենք ներս: Կիսամութ է: Սկսում է նվագել երգեհոնը:
Հռոմեական կայսրության փլուզումից հետո տաճարի ներկա տեղում են հավաքվել առաջին քրիստոնյաները, այնուհետեւ այդ վայրում կառուցվել են մի քանի եկեղեցիներ, որոնցից եւ ոչ մեկը չի պահպանվել: Քյոլնի տաճարի առաջին քարը դրել է արքեպիսկոպոս Կորադ ֆոն Հոխշտադեն, 1248 թվին, սակայն միայն 1880-ին է տաճարի կառուցումն ավարտին հասել` պահպանելով առաջին նախագիծը (հանդիսավոր բացումը կայացել 1880-ի հոկտեմբերի 15-ին Վիլհելմ Առաջինի մասնակցությամբ): Տաճարի կառուցումը տեւել է 632 տարի: Հեղինակը Գերհարդ ֆոն Ռիլեն է: Տաճարի կառուցման առասպելի համաձայն Ճարտարապետ Գերհարդը չի կարողանում տաճարը նախագծել: Օգնության է գալիս սատանան` առաջարկելով տաճարի գծագրերի դիմացի տալ հոգին: Գործարքը պիտի իրականացվեր առաջին աքլորականչի հետ: Ճարտարապետի կինը լսում է այդ խոսակցությունը եւ աքլորականչից առաջ գնում է եւ ծուղրուղու կանչում: Սատանան հայտնվում է եւ կնոջը տալիս գծագրերը, ապա խաբված սատանան ասում է, որ տաճարի վերջին քարը դնելուց հետո աշխարհի վերջն է գալու:
1164 թ. Ֆրիդրիխ Բարաբարոս կայսրը Միլանից բերում է եւ Քյոլնի արքեպիսկոպոսին նվիում երեք արքաների աճյունների մասունքները: Քաղաքի հայտնի ոսկերիչներից մեկն այս թանկագին մասունքները պահպանելու համար դագաղներ է պատրաստում, կափարիչները` ոսկուց, զարդարված շուրջ 1000 թանկարժեք քարերով: 1290 թ. տաճարում տեղադրվում է Աստվածամոր արձանը, որը հայտնի է «Միլանի Աստվածամայր» անվամբ: 10-րդ դարում Հերո արքեպիսկոպոսը տաճարին է նվիրում կաղնու մեծ խաչը` վրան խաչված Քրսիտոսի անկենդան մարմինը:
Գոթական ոճով կառուցված Քյոլնի տաճարը Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է. երկարությունը 144,58 մետր է. այն աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում 3-րդն է: Զանգերի ընդհանուր թիվը 11-ն է, այստեղ է աշխարհի ամեմամեծ` 24 տոննա կշռող եկեղեցական զանգը: 1945 թ. Քյոլնը ռմբակոծվեց, սակայն տաճարը պահպանեցին: Քյոլնի տաճարն այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ:
Մենք վերադառնում ենք Դյուսելդորֆ: Քյոլնի տաճարի զանգերի բարձր եւ մաքուր ղողանջերն ուղեկցում են մեզ: Մի քանի օր անց, Դյուսելդորֆից ավտոբուսով Փարիզ մեկնելիս, կեսգիշերային Քյոլնի լույսերի միջից նորից հայտնվում է Քյոլնի տաճարը, ու ես սկսում եմ հավատալ, որ նա մեզ սպասում էր: Երբ ավարտում էի այս հոդվածը եւ վերընթերցելով վերջին հատվածը` վերհիշում էի Քյոլնի տաճարը, աշխատասենյակս մտավ ծանոթներիցս մեկն ու հետաքրքվեց, թե ու՞մ մասին եմ այդպես երանությամբ մտածում: «Քյոլնի տաճարի» պատասխանեցի: Բարեկամս որոշեց, որ կատակում եմ: Մինչդեռ ես, իրոք, Քյոլնի տաճարի մասին էի մտածում:
Գերմանական մեր ուղեւորությունն ավարտվում է: Մենք ճանապարհվում ենք դեպի Ֆրանսիա. առաջին անգամ ես պետք է տեսնեի Փարիզը:
Բեռլին-Դրեզդեն-Դյուսելդորֆ-Քյոլն-Փարիզ