Վարուժան Ոսկանյանը Բոգոտայում «Գաբրիել Գարսիա Մարկես» գրական փառատոնի պատվո հյուր
Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Շշուկների մատյան» վեպը շարունակում է մնալ Ռումինիայի եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Վեպի ստեղծման, իրական հերոսների եւ միջավայրի մասին ռումինական հեռուստատեսությունը պատրաստում է վավերագրական խաղարկային ֆիլմ, որը կներկայացվի մինչեւ տարեվերջ: Ֆիլմի հեղինակն է Դոյնա Յակոբը, «Շշուկների մատյանի» գլխավոր հերոս Կարապետ Ոսկանյանի դերը կատարում է ճանաչված դերասան Սորին Ֆրանկուն:
Այս ապրիլին Երեւանում վեպի հայերեն տարբերակի շնորհանդեսից հետո, հոկտեմբերի 11-12-ը Թել-Ավիվում ու Երուսաղեմում ներկայացվեց «Շշուկների մատյանի» եբրայերեն հրատարակությունը: 2013 թ. նախատեսված են վեպի ֆրանսերեն, շվեդերեն, բուլղարերեն եւ գերմաներեն հրատարակությունները: 2011 թ. վեպը լույս էր տեսել նաեւ իտալերենով:
Մարկեսյան շնչով գրված վեպը մեծ ժողովրդականություն է վայելում իսպանախոս երկրներում: Վեպի իսպաներեն տարբերակը լույս տեսավ 2011 թ. սկզբին Խոակին Գարիգոսի (Joaquin Gorrigos) թարգմանությամբ, եւ նույն տարվա օգոստոսին ներկայացվեց նաեւ Արգենտինայում, հեղինակի եւ թարգմանչի մասնակցությամբ: Վեպի իսպաներեն հրատարակությունը շատ լավ է ընդունվել նաեւ մամուլի կողմից, գրքի վերաբերյալ Իսպանիայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Չիլիում ու Արգենտինայում լույս է տեսել ավելի քան 300 էջ գրախոսություն: Մադրիդում Ռումինական մշակութային ինստիտուտի վկայությամբ, ռումինական գրականության որեւէ այլ թարգմանական գործ այդքան վաճառք ու մամուլի արձագանք չի ապահովել:
Իսպանախոս տարածքներում վեպի վաճառքի վերաբերյալ «Ֆրանսպրես» գործակալության տվյալների համաձայն, «Շշուկների մատյանի» իսպաներեն տարբերակն աննախադեպ հաջողություն է արձանագրել լատինամերիկյան երկրներումՙ 2011 թ. աշնանը Կոլումբիայում դառնալով ամենաշատ վաճառվող գործը եւ մինչեւ այս տարվա գարնանը մնալով հինգ լավագույն բեստսելլերների թվում: Վեպին հղումներ են անում զանազան մշակութային կայքեր, այս մասին խոսվում եւ բանավեճի առարկա է դառնում այս երկրների հեռուստատեսային ծրագրերում:
Հաշվի առնելով «Շշուկների մատյանի» հաջողությունը ընթերցողական եւ գրական շրջանակներում` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, «Գաբրիել Գարսիա Մարկես» գրական փառատոնի կազմակերպիչները որոշեցին սեպտեմբերի 11-14-ին որպես այս տարվա պատվո հյուր հրավիրել Վարուժան Ոսկանյանին:
Բոգոտայում Վարուժան Ոսկանյանն ընդարձակ հարցազրույցներ տվեց կոլումբիական խոշոր թերթերին (El Espectador եւ El Tiempo), ինչպես նաեւ քաղաքական եւ մշակութային ամենախոշոր Լա Սեմանա (La Semana) հանդեսին: Վեպը ներկայացվեց հեռուստատեսությամբ: Հեղինակը բանախոսությամբ հանդես եկավ հեղինակավոր Լոս Անդես համալսարանում, բանասիրական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների առջեւ: «Շշուկների մատյանն» ընդգրվեց բանասիրական ֆակուլտետի գրականության ցանկի մեջ, իսկ չորս ուսանող իրենց թեզերի նյութ ընտրեցին վեպի թեման: Փառատոնի ընթացքում Վարուժան Ոսկանյանի հետ քննարկում-երկխոսություն անցկացրեց ճանաչված լրագրող Մարիա Խիմենա Դուսանը (Maria Jimena Dusan), հարյուրավոր ունկնդիրների մասնակցությամբ:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն անձամբ հետաքրքրված է վեպով, որի ընթերցումը, նախագահի իսկ խոստովանությամբ, նրան օգնում է Կոլումբիական զինյալ հեղափոխական ճակատի հետ (FARC) խաղաղության փնտրտուքի ճանապարհին: Այդ կապակցությամբ նա շնորհակալական նամակ է ուղարկել հեղինակին:
«Շշուկների մատյանի» գրավաճառը պատրաստվում է Վարուժան Ոսկանյանի հետ հանդիպում կազմակերպել նաեւ Մեքսիկայում:
Վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Անգամ Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ այս տարվա սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում «Շշուկների մատյանի» շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ դեռեւս 2009 թ. Անկարան պաշտոնական միջամտությամբ փորձել էր կանխել վեպի ռումիներեն հրատարակումը:
Ստորեւ ներկայացնում ենք Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը կոլումբիական El Espectador հանդեսին, որոշ կրճատումներով:
Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը կոլումբիական EL ESPECTADOR թերթին
- «Շշուկների մատյանը» մեծ հաջողություն է վայելում Լատինական Ամերիկայում, վեպը շատ լավ ընդունվեց գրաքննադատության կողմից եւ միաժամանակ դասվեց ամենաշատ վաճառվող գրքերի շարքում, զորօրինակ Կոլումբիայում: Ինչպե՞ս եք բացատրում այս հաջողությունը Ռումինիայից եւ Հայաստանից հեռու աշխարհի այս հատվածում:
- Կան համամարդկային մեծ թեմաներ, որոնց համար գոյություն չունեն տարածություններ կամ, այլ կերպ ասած, երկրագնդի վրա չկան հեռու կետեր: «Շշուկների մատյանը» 20-րդ դարի պատմությունն է` դիտված այն մարդկանց աչքերով, ովքեր տառապեցին պատմությունից, դա ապրելու փոխարեն: 20-րդ դարը մարդկությանը մեծ ցավեր պատճառեց. համաշխարհային պատերազմները, համակենտրոնացման ճամբարները, ընդհանուր գերեզմանները, գաղափարախոսությունները որպես իշխանությունների զենք, ինքնության` ես-ի ունայն փնտրտուքները... Դրանք ընդհանուր են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների համար: «Շշուկների մատյանը» հայ ժողովրդի ինքնության գիրքն է: Նրա էջերում դուք կարող եք գտնել այս ժողովրդի բնորոշ գծերը. ավանդույթները, կրոնական հավատալիքները, երգերն ու ասքերը, հինունոր հերոսներին, նրանց վշտերն ու իղձերը: Սակայն այն միայն հայերի մասին գիրք չէ, այլ նաեւՙ հրեաների, գերմանացիների, ռումինների: Պատմությունն սկսվում է Ֆոկշանի մեր տան բակից եւ տարածվում գրեթե բոլոր աշխարհամասերի վրա, ընդգրկելով մի ամբողջ դար: Իրադարձությունների մի փոքրիկ մասն էլ կատարվում է Լատինական Ամերիկայում, այնտեղ, ուր իմ մանկության հայերից ոմանք գաղթել էին:
- Ի՞նչ գիտեք կոլումբիական գրականության մասին: Հարցնում եմ, որովհետեւ որոշ հատվածներում թվում էՙ զգում ես Գաբրիել Գարսիա Մարկեսի կախարդական ռեալիզմի ոգին: Խորհե՞լ եք Ֆոկշանի եւ Մակոնդոյի միջեւ հնարավոր նմանության մասին:
- Շատ է գրվել «Շշուկների մատյանի» եւ «Մենության հարյուր տարին» վեպի գործող անձերի եւ վիճակների հնարավոր նմանության մասին, կապված ինչպես Գաբրիել Գարսիա Մարկեսի կախարդական աշխարհի, այնպես էլ նրա գրվածքի որոշ հերոսների հետ, ովքեր նմանություն ունեն «Շշուկների մատյանի» գլխավոր հերոս իմ մեծ հայր Կարապետի հետ: Ես կարդացել եմ Մարկեսի գրեթե բոլոր գործերը «Մենության հարյուր տարին» վեպից հետո, որն ամենաշատ հավանածս գործերից մեկն է, եւ գուցե իմ այս ներքին գնահատումից է գալիս նմանությունը: Առհասարակ, լատինամերիկյան ծագմամբ իսպանական գրականությունը շատ հայտնի է Ռումինիայում, շատ լավ թարգմանիչներ ունենք, սակայն կարծում եմ, որ վեպի, ասքի միջոցով կախարդական աշխարհ թափանցելը ընդհանուր է շատ մշակույթների համար:
- Ինչպե՞ս կարելի է կարճ բնորոշել Թուրքիայի եւ Ռուսաստանի մեղքը Հայոց ցեղասպանության հանդեպ:
- Չեմ կարող համեմատություն անել Թուրքիայի եւ Ռուսաստանի պատասխանատվությունների միջեւ: 1895-1915-ին Ռուսաստանը, անկախ իր շարժառիթներից, գործել է ի նպաստ հայ ժողովրդի: Օսմանյան կայսրության իշխանությունները պատասխանատու են հայերի զանգվածային սպանությունների համար: Բոլշեւիկների պատասխանատվությունն ընկնում է ավելի շուտ 1922-ից հետո, երբ համայնավար զորքերը գրավեցին երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը եւ այն կցեցին Խորհրդային Միությանը: Այլ կերպ, «Շշուկների մատյանի» հերոսներից մեկն այս երկու տեսակի պատասխանատվությունները շարադրում է այսպես. թուրքերը փորձեցին մեր մարմինն սպանել, իսկ բոլշեւիկները` մեր հոգին:
- Հինգ հարյուր հազարի եւ մեկուկես միլիոնի միջեւ որքա՞ն է ցեղասպանության զոհերի կոնկրետ եւ արժանահավատ թիվը:
- Ինչ վերաբերում է մարդկության դեմ ոճիրներին, մեկ միավորից այն կողմ սկսվում է անսահմանանությունը: Չեմ կարող ասել, թե հինգ հարյուր հազարը ավելի փոքր թիվ է, քան մեկուկես միլիոնը: Այդ տարիներին հայ ժողովրդի թիվը հասնում էր 3 մլն: Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանությունն այդ թիվը կիսով չափ պակասեցրեց: Լքված մնացին հազարավոր եկեղեցիներ (մոտ 4000), դպրոցներ, հարյուր հազարավոր տներ: Նույնիսկ այսօր Միջագետքի անապատներում, ավազների մեջ կարող ես գտնել այդ ժամանակվա նահատակների ոսկորների փշրանքներ:
- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Թուրքիան շարունակում չճանաչել ցեղասպանությունը: Մի օր այն կճանաչի՞, փոխհատուցում կարվի՞ զոհերին:
- Ինչ վերաբերում է ապացույցներին, որոշ տարբերություններ կան Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեսագրության միջոցներն ավելի աղքատիկ էին, քան երեսուն տարի հետո: Բացի այդ, դաշնակիցները Թուրքիա մտան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներից մի քանի տարի անց, մինչդեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները գտան գործող համակենտրոնացման ճամբարներ, այնպես որ հրեաների դեմ ցեղասպանությունը չէր կարող ժխտվել: Այն դեպքում, երբ օսմանյան իշխանությունները փորձեցին ջնջել ջարդերի բոլոր հետքերը, նացիստները պահպանել էին լկտի հաշվապահությունը` բանտարկյալների թեւերին կապած համարներից մինչեւ մահվան գազախցիկներ տեղափոխման ակտերը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապացույցներն ավելի շուտ գալիս են վերապրածների եւ Բարձր դռան մոտ հավատարմագրված դիվանագետների վկայություններից:
Թուրքիայի համար ցեղասպանության ճանաչումը նշանակում է հրաժարում ակնհայտ բնույթի ազգայնական գաղափարախոսությունից, որը մշակվել է տասնամյակներ շարունակ: Առավել դժվարություն է հարուցում այն հանգամանքը, որ հայերը այդ տարածքների վրա եկվորներ չէին, այլ բնիկներ: Հայերն այդ տարածքները բնակեցրել էին թուրքերի գալուց շատ առաջ: Այսպիսով, խոսքը գնում է ոչ միայն զոհերի, այլեւ ոչնչացված ողջ մի քաղաքակրթության մասին:
Մի գեղեցիկ օր Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության հետնորդ, ստիպված կլինի ճանաչել, որ այս ոճիրներն իրագործվել են 1895-1922 թվականների ընթացքում: Արդի քաղաքական կոնտեքստը դեռեւս Թուրքիային վերապահում է կարեւոր աշխարհաքաղաքական դիրք եւ սրա միջոցով նաեւ նրա ժխտողական լոբբիի որոշակի ազդեցություն:
- Անվտանգության կամ քաղաքական ի՞նչ խնդիրներ է ստեղծել ցեղասպանության փաստի արձանագրումը, որի համար այնպիսի գրողի դեմ, ինչպիսին Օրհան Փամուքն է, հարուցվել է քրեական գործ:
- Վեպը գրվել է 2003-2006 թթ: 2006 թ. սկսած ես նշանակվեցի Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի, այնուհետեւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար: Այս պաշտոնում ես դարձա նաեւ ռումին-թուրքական համագործակցության խառը հանձնաժողովի համանախագահ: Վեպի լույս ընծայումը հետաձգելով մինչեւ 2009 թ., ես խուսափեցի քաղաքական բնույթի խնդիրներիցՙ դիվանագիտական կոնֆլիկտ չառաջացնելու համար: Այնուհետեւ, թուրքական լոբբին փորձեց կանխել գրքի տարածումը, բայց հաջողություն չունեցավ ոչ Ռումինիայի կառավարությունում, ոչ այլ երկրներում վեպի տպագրման ընթացքում:
- Բացի «Նեմեսիս» գործողությունից, Ձեր գրքի նշանաբանըՙ «չմոռանալ եւ չատել», նշանակում է վկայություն տալ, ձայն տալ զոհերին եւ ոչ թե հանցագործներին: Այս ժառանգությունը Ձեզ թողել են Ձեր նախնինե՞րը:
- Իմ տատերն ու պապերն ինձ սովորեցրել են չատել: Նրանք միշտ տարբերություն են դրել կայսրությունում հայերին ոչնչացրած իշխանությունների եւ թուրք բնակչության միջեւ: Մինչ մահ նրանք մնացին թուրքական մշակույթի սիրահարներ: Պապս մեզ համար երգում էր դերվիշների հին երգեր եւ բազմաթիվ բառեր, հատկապես խոհարարական արվեստից, մենք դա ասում էինք թուրքերեն: Ես ինքս ինչ-որ չափով գիտեմ թուրքերեն, որը սովորել եմ իմ տատից եւ պապից: Բացի այդ, մորական պապիս` Սեդրակ Մելիքյանին, թուրքական մի ընտանիք փրկել է մահից` պահելով գոմում, օտար աչքից հեռու եւ բուժելով բծավոր տիֆից:
- Ապրիլի 24-ին հայ մտավորականների, որոնց թվում նաեւ բանաստեղծ Դանիել Վարուժանի առեւանգումը եւ մահը որքանո՞վ ազդեց հայ մշակույթի վրա:
- 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Կոստանդնապոլսում, այնուհետեւ սպանդը վիթխարի կորուստ է հայ եւ համաշխարհային մշակույթի համար: 31 տարեկան հասակում քարերով սպանված հայ ամենամեծ բանաստեղծ Դանիել Վարուժանից մինչեւ Կոմիտաս Վարդապետ, ով, ականատես լինելով այդպիսի վայրագությունների, խելագարվել էր, այդ կոտորածների զոհերի թվում էին բոլոր ժամանակների հայ մշակույթի առաջին մեծության անձնավորություններ:
- Կարո՞ղ եք մտաբերել երկու հիշողություն, որոնք արտացոլում են «մահացողների խոնարհության եւ սպանողների ամբարտավանության միջեւ տարբերության» ձեր զուգորդությունը:
- Գրքում այդպիսի երկու հիշողություն կա. պապիս աչքերի առջեւ նրա եղբոր եւ մտավորական ու թուրքական խորհրդարանի (մեջլիսի) պատգամավոր Գրիգոր Զոհրապի սպանությունը: Սակայն այդպիսի հազարավոր էջեր կարելի գտնել օսմանյան հանցագործների հաղորդագրություններում կամ վերապրածների վկայություններում:
- Ի՞նչ է նշանակում Ռումինիան հայերի համար:
- Ռումին ժողովուրդն աջակցել է հայերին նրանց պատմության դժվարին եւ փառավոր պահերին: Այսպես պատահեց 11-րդ դարի կեսերին Բագրատունյաց թագավորության անկման ժամանակ, երբ հայ փախստականները ապաստան գտան այսօրվա Մոլդովայի հյուսիսում: Այսպես պատահեց Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ Ռումինիան դարձավ առաջին երկիրը, որն իր նավահանգիստները բացեց հայ մազապուրծների համար: Այսպես էր նաեւ 1991 թ., երբ Ռումինիան դարձավ Խորհրդային տարածքից դուրս առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի նորանկախ Հանրապետությունը: Կամ 1993 թ., երբ Բուխարեստում բացվեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առաջին հայկական դեսպանությունը:
Ռումինիայի հայ համայնքը ավելի քան 1000 տարվա պատմություն ունի եւ վայելում է ավելի շատ իրավունքներ, քան հայկական սփյուռքի այլ համայնքներ: Մեր դպրոցներն ամբողջովին ֆինանսավորվում են պետության կողմից: Քահանաներն իրենց ռոճիկներն ստանում են պետությունից, իսկ մեր հոգեւոր պետն ունի բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակ: Համայնքի աշխարհիկ ներկայացուցիչ Ռումինիայի Հայոց միությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Հայալեզու թերթը եւ հայերին առնչվող բազմաթիվ կարեւոր միջոցառումներ ֆինանսավորվում են պետության կողմից: Իսկ ՌՀՄ-ը մասնակցում է ընտրություններին եւ ընտրական օրենքների նպաստավոր պայմանների հիման վրա տեղ է զբաղեցնում խորհրդարանում:
- Ի՞նչ վիճակում է այսօր հայ ժողովուրդը Տրապիզոնի եւ Բաքվի ջարդերից, երկու համաշխարհային պատերազմներից եւ Ռումինիայում կոմունիստական վարչակարգից հետո:
- Հայ ազգն իրականություն եւ ավանդույթ է, այդ իսկ պատճառով այս ազգն ունի նաեւ ապագա: Հայկական պետությունը ամենահին քրիստոնյա պետությունն է (դեռեւս 301 թ.), իսկ հայ գրականությունը առնվազն մեկուկես հազարամյակի ավանդույթ ունի: Հայերն ամենուր են աշխարհում, միեւնույն ժամանակ նրանք լավ եւ օրինապաշտ քաղաքացիներ իրենց որդեգրած երկրներում:
- Գիտե՞ք հայկական սփյուռքի արդի քանակը: Ինչքա՞ն են եւ ո՞ր երկրներում: Հայեր կա՞ն Կոլումբիայում: Քանի՞սն են վերադարձել նախկին Խորհրդային Հայաստան, քանի՞սն են մնացել Ռումինիայում, ինչպես Հարթին Ֆրինկյանը:
- Չեմ կարող պաշտոնական տվյալներ ասել սփյուռքի մասին: Գիտեք, Երեւանի ռադիոյի մի հումոր կար. մի ունկնդիր հարցնում է` ինչքա՞ն հայ կա աշխարհում. չինացիների հետ միասին մեկուկես միլիարդ, պատասխանում է Երեւանի ռադիոն:
Չեմ կարծում, թե հայերի թիվն անցնում է 10 միլիոնից: Սակայն հայերի համախմբվածությունը եւ ընդհանուր արժեքները ուժ են տալիս նրանց: Նախկին Խորհրդային Հայաստան մեր վերադարձը եղավ նրան օգնելու ձեւով: ԽՍՀՄ փլուզումից հետո հայրենադարձների թիվը շատ քիչ է: Ռումինիայում, համայնավարությունից տասնամյակներ անց, երբ համայնքի մեծամասնությունը պատերազմից հետո արդեն գաղթել էր ԱՄՆ, Ֆրանսիա, Արգենտինա կամ այլ ուղղություններով, մնացին մի քանի հազար: Սակայն համայնքը ազդեցիկ է եւ մեծ ներուժ ունի: Խորհրդարանական ընտրություններին հավաքում ենք 15-20.000 ձայն:
- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել «արնահոսությունից ծնված» գրող: Որքա՞ն ժամանակ Ձեզանից պահանջվեց փաստեր հավաքելու եւ գիրքը գրելու համար` հաշվի առնելով վկաների եւ ներկայացված փաստաթղթերի խստությունը, որոնք կազմում են իրական մեղադրական գործ, նույնիսկ եթե խոսքը պատմական գրքի մասին չէ:
- Ես արնահոսությունից ծնված գրող չեմ: Ավելի շուտ կասեիՙ չսպիացած վերքի: «Շշուկների մատյանում» արյան նկարագրություն կա, այնպեսՙ ինչպես մենք ենք այն հասկանում: Լավ չէ լինել արյան զավակ, քանզի արյունը որպեսզի կենդանի մնա, այլ արյան կարիք ունի, որի մեջ հոսի: Մենք տխրության զավակներ ենք:
Իրականում գիրքը գրել եմ 2003 թ.ապրիլից մինչեւ 2006 թ. սեպտեմբեր: Այնուհետեւ, մոտ երեք տարի այն նորից եմ գրել եւ կրճատել մոտ երեք անգամ: Նյութ հավաքելը շատ ավելի երկար էր, երեւի թե ինչ-որ առումով ամբողջ կյանքում նյութ եմ հավաքել այս գիրքը գրելու համար:
- Քանի որ Ձեզ համարում եք հասարակ ժամանակագիր, ինչպե՞ս հաջողվեց նկարագրել մահվան պոետիկան այդքան տպավորիչ, հատկապես 8-րդ գլխում:
- Ամենադժվար բանը, երբ գրում ես ընտանիքիդ եւ ժողովրդիդ նահատակների մասին, անկիրք լինելն է: Այնժամ երբ եզրակացություններ ես անում, ոչնչացնում ես գեղարվեստական ակտը: Արվեստը եզրակացություններ չի անում, դա ընթերցողի գործն է: Եթե ինձ հաջողվել է, ինչպես ասում եք, բանաստեղծականորեն տպավորիչ ներկայացնել մահը, ապա դա այն պատճառով, որ չեմ փորձել լինել պաթետիկ, այլ արձանագրել եմ փաստերը:
- Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր Կարապետ պապն ասում էր, թե բանաստեղծները, եւ ոչ թե զորավարներն են գրում պատմությունը: Ինչպե՞ս եք հանգել պատմողական այդ հեռանկարին, քանի որ, չնայած ամբողջովին կարող էիք գրել եզակի առաջին դեմքով, հաճախ օգտագործում եք հոգնակի «մենք»-ը:
- Չնայած գիրքն ինքնակենսագրություն է թվում, իրականում հիշողությունները իմը չեն: Դրանք իմ պապերինն են, իմ մանկության տարեց հայրերինը կամ միգուցե ավելի տարեցներինը: Սակայն, ինչպես պապս էր ասում, պարտվածներն են կերտում ճշմարիտ պատմությունը, այլ ոչ թեՙ հաղթողները: Հաղթողներն ունեն իրենց ուժեղ կողմերը, իսկ պարտվածները` միայն համոզմունքներ: Ճշմարիտ պատմությունը գաղափարների, այլ ոչ թե զենքի պատմությունն է: