ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-09-21 | #18, 2012-10-06 | #19, 2012-10-20


ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԱՐԱՐԱՏԸ ԻՄ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀՈԳՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե հայոց ցեղասպանության թեման կարող է դառնալ առինքնող սիրո մի պատմություն, բայց Ամերիկայում 14 գրքերի արդեն ճանաչված մի հեղինակ, հայոց ցեղասպանության ականատեսների թոռՙ ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆԸ ապացուցեց, որ ոչ միայն հնարավոր է, այլեւ կարելի է այդ թեման գեղարվեստականորեն այնքան լավ զարգացնել, որ գիրքը մեկ օրից մյուսը դասվի ամերիկյան չափանիշներով «բեստսելլերների» շարքում: Գրքի մասին գովեստի խոսքեր գրվեցին եւ հնչեցին: Սույն հոդվածով փորձելու ենք գրողին եւ նրա ստեղծագործությունները ներկայացնել առավել հանգամանորեն:


Քրիսի հայրը հայ է, մայրը շվեդուհի: Ավարտել է Ամհերստ քոլեջը, որտեղ անդամակցել է «Ֆայ Բեյտը Կեպպը» (Phi Beta Kappa) ընկերությանըՙ 1776-ին հիմնված ազգային ակադեմիական պատվավոր ընկերությանը, որին կարող են անդամակցել հիմնականում բարձր կուրսեցիները: Ընկերության կարգախոսն է «Փիլիսոփայությունը կյանքի առաջնորդն է» թեզը: 1984-ին Նյու Յորքի Պրեսբիթերյան եկեղեցում ամուսնացել է Վիկտորիա Շաֆֆեր Բլուերի հետ եւ ունի մեկ դուստրՙ Գրեյս անունով:

1980-ականների կեսերին աշխատել է Նյու Յորքում «Ջ. Ուոքեր Թոմպսոն» գովազդային գործակալությունում: Բայց քաղաքում տեղի ունեցած տհաճ մի միջադեպի պատճառով 1987-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Լինկոլն (Վերմոնտ), որտեղ սկսել է հոդվածներ գրել տեղական թերթերում եւ ամսագրերումՙ որպես թեմա ընտրելով մոտ հազար բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքի առօրյան:

«Կոնկորդ Մոնիտոր» պարբերականը գրողի այդ շրջանի մասին նշել է. «Վերմոնտյան ոճի համայնքային եւ ընտանեկան կյանքի նրա խորաթափանց վերլուծությունները հնարավորություն տվեցին նրան դառնալու մի վիպասան, որը լսում եւ կարեկցում է հասարակ մարդուն»:

Բոհջալյանը մոտ 12 տարի շարունակել է աշխատակցել այնպիսի պարբերականների, ինչպիսիք են «Կոսմոպոլիտենը», «Ռիդըրզ Դայջեստը» եւ «Բոստոն Գլոբի» կիրակնօրյա հավելվածը:

Առաջին վեպըՙ «A Killing in the Real World» («Սպանություն իրական կյանքում») խորագրով լույս է ընծայել 1988-ին: Երրորդըՙ «Past the Bleachers» («Գունաթափիչներից այն կողմ») խորագրով, 1992-ին: Այն «Հոլմարկ» հեռուստաընկերության համար ֆիլմի է վերածվել 1995-ին:

Բոհջալյանի համբավը նոր բարձունքի է հասել հինգերորդ գրքի հրատարակումով: Գյուղական շրջաններում ծառայող մանկաբարձուհի Սիբիլ Դենֆորթի (որի հղի կանանցից մեկը մահացել էր կեսարյան հատումից հետո) դատական իրադարձությունների հիման վրա գրված «Midwives» («Մանկաբարձուհիները») գիրքը մեծապես գնահատվել է գրաքննադատների կողմից եւ 1998-ի հոկտեմբերին ընտրվել «Օփրա Ուինֆրիի» գրական ակումբի «Ամսվա գիրք»ՙ նպաստելով նրա տարածմանը եւ ֆինանսական հաջողությանը: Գիրքը ընդգրկվել է «Նյու Յորք Թայմս» եւ «Յու Էս Էյ Թըդեյ» պարբերականների բեստսելլերների շարքում եւ 2001-ին դարձել հեռուստատեսային ֆիլմՙ Սիսի Սպաչեկի գլխավոր դերակատարությամբ: Նկարահանման առիթով Սպաչեկն ասել է, որ Դենֆորթի բնավորությունը դուր է եկել նրան, որովհետեւ հիմնված է եղել ինքնաորոնման ներքին պայքարի վրա:

«Մանկաբարձուհիներին» հետեւել է «The Law of Similars» («Համանմանությունների օրենքը») վեպըՙ գրված 1999-ին, անորոշ մտահոգություններով տառապող ամուրի մի տղամարդու մասին, որն սկսում է ժամադրվել այլընտրանքային բժշկությամբ զբաղվող մի կնոջ հետ: Նյութը վերցված է անձնական կյանքի այն դրվագներից, երբ հաճախակի մրսածություններից բուժվելու համար Բոհջալյանը դիմել է հոմեոպատի: «Մինչեւ նրան դիմելը չգիտեի, որ ինչ-որ նյութ կարող եմ սարքել դրանից: Բժշկուհու բացատրություններից հետո զգացի, որ «պոեզիա» կա ասածների մեջ, որը չես զգում սովորական բժիշկների խոսքերում», խոստովանել է Բոհջալյանը: Վեպը դարձյալ «բեստսելլերների» շարքում է հայտնվել, սակայն գրաքննադատներ Լիզ Ռոզենբերգն («Նյու Յորք Թայմս») ու Մեգան Հարլանը («Բոստոն Ֆինիքս») գտնում են, որ գրքի թեման շատ նմանություններ ունի նախորդՙ «Մանկաբարձուհիները» գրքի թեմայի հետ:

«Քիչ գրողներ կարող են սյուժեի հետ վարվել Բոհջալյանի նրբազգացությամբ, ինքնավստահությամբ ու շնորհքով, սակայն այս գիրքը զիջում է նախորդին հետաքրքրաշարժ բնավորություններ (կերպարներ) ստեղծելու առումով», գրում է Լիզ Ռոզենբերգը: Մեգան Հարլանը ավելացնում է. «Գիրքը չափազանց «բանաձեւային է», գրողը «շատ բարդ սյուժե է հյուսել, բայց ոչ բավականաչափ բարդ բնավորություններ»:

Այդուհանդերձ, 2002-ին Բոհջալյանին շնորհվել է «Նյու ինգլենդ բուք» մրցանակը: Հինգ տարի հետո նրա «The Double Bind» («Երկակի պարտավորվածություն») վեպը «Նյու Յորք Թայմսի» բետսելլերների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը:

Հաջորդըՙ 2008-ին գրված «Skeletons at the Feast» («Կմախքներ խնջույքում») գիրքն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վեց ամիսների ընթացքում Լեհաստանում եւ Գերմանիայում ծնունդ առած սիրո գողտրիկ մի պատմություն էՙ հիմնված 1920-1945 թթ. գերմանուհի Էվա Հենացչի մինչ այդ անտիպ օրագրի վրա: Օրագիրը Բոհջալյանին է հանձնել 1998-ին Հենացչի թոռըՙ Գերդ Կրանը, որի դուստրը Բոհջալյանի դստեր հետ միեւնույն մանկապարտեզն է հաճախել: Օրագիրը տպավորել է Բոհջալյանին, բայց չի ներշնչվել վեպ գրել, մինչեւ 2006 թվականը, երբ կարդացել է Մաքս Հեյստինգզի «Արմագեդդոն: Ճակատամարտ հանուն Գերմանիայի» գիրքըՙ Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիների պատմությունը, որտեղ իրական կյանքի եւ մարդկային, երբեմն տարօրինակ, հարաբերությունների դրվագներ են պատկերված:

Գիրքը հսկայական հաջողության եւ գրաքննադատների դրական արձագանքների է արժանացել, «Վաշինգտոն Փոստն» ու «Սենտ Լուիս փոստ-դիսպեչ» պարբերականները «Տարվա լավագույն գիրք» են հռչակել այն, իսկ «NBC Today Show»-ն 2008 թվի ամառվա «Տասը լավագույնների» շարքում է դասել:

2010-ին հրատարակված «Secrets of Eden» («Եդեմի գաղտնիքները») վեպը նույնպես գրաքննադատների դրվատանքին է արժանացելՙ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը «Նյու Յորք Թայմս» եւ «Պաբլիշըրզ Ուիքլի» պարբերականների «Բեստսելլերների ցուցակներում»: Իսկ 2012 փետրվարի 4-ին «Լայֆթայմ» հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվեց դրա հիման վրա նկարահանված ֆիլմըՙ Ջոն Ստամոսի եւ Աննա Գաննի դերակատարությամբ:

Բոհջալյանի 13-րդ վեպըՙ «The Night Strangers» («Գիշերային անծանոթները») խորագրով, լույս է տեսել 2011-ին: Դա ուրվականների պատմություն է, որը միանշանակ չի ընդունվել ընթերցողների եւ գրաքննադատների կողմից: Ոմանք վրդովված են եղել վեպի վերջավորությունից, եւ պատմողական մասերում հեղինակի երկրորդ դեմքի օգտագործումից: Ուրիշներ դրվատել են եւ գիրքը համեմատել Նաթանիել Հոթոռնի, Մարգարետ Էթվուդի, Սթիվն Քինգի եւ Այրա Լեւինի ստեղծագործությունների հետ: Այս տարվա (2012 թ.) ապրիլին գիրքն արժանացել է «Նյու Ինգլենդ Սոսայըտի Բուք» մրցանակին:

Նրա վերջին «The Sandcastle Girls» («Ավազե ամրոցի աղջիկները») վեպը, ինչպես նշեցինք, Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից գրեթե մեկ դար շարունակվող ուրացումի մասին է: Այնտեղ միահյուսված են երկու պատմություն: Մեկը ցեղասպանության օրերին Սիրիայում իրար հանդիպած Էլիզաբեթ Էնդիքոթի եւ Արմեն Պետրոսյանի սիրային պատմությունն է (*), մյուսըՙ նրանց թոռանՙ Լաուրա Պետրոսյանի պատմությունը, որը փորձում է, մեկ դար անց, հասկանալ, թե ինչու պապն ու տատը իրենց երիտասարդ տարիների մասին լուռ են մնացել: Չէ՞ որ ժամանակները փոխվել են եւ անցյալի բռնություններին վերջ է տրվել:

Ըստ «U.S.A. Today» պարբերականի հուլիսի 17-ի համարի, Բոհջալյանը մի դար առաջվա եղելությունը այնպես է պատմում, որ ընթերցողը ապշած է մնում, թե ինչպես նման սարսափելի դեպքըՙ Թուրքիայի վճռականությունը` սպանելու երկրի բոլոր հայերին, պատմության մեր տեղեկացվածության ընդամենը փոքր մասն է կազմում»:

Բոհջալյանը հաճախ անդրադառնում է որոշակի թեմաների, ինչպիսիք են, օրինակ, անտուն, անապաստան լինելու, կենդանիների իրավունքների կամ բնապահպանության խնդիրները: Նա (առաջնային եւ երկրորդական) խառնվածքներ (խարակտերներ) ստեղծելու վարպետ է: Իսկ իր ստեղծած կերպարների բնավորության գծերը նա վերցնում է իրական կյանքից. «Ես Վերմոնտում հայտնաբերեցի այն, ինչը կարեւոր եմ համարում իմ կյանքում», խոստովանում է հայազգի գրողը, որի հերոսները հասարակ մարդիկ են, որոնք անկանխատեսելի հանգամանքների բերումով հայտնվում են արտակարգ դժվարությունների մեջ: Նրա մյուս գործերն են «Before You Know Kindness» («Նախքան բարությունն իմանալը», 2004), «Idyll Banter: Weekly Excursions to a Very Small Town» («Հովվերգական ծաղր: Շաբաթական ճամփորդություններ դեպի շատ փոքրիկ մի քաղաք», 2003), «Water Witches» («Ջրային վհուկներ», 1995) եւ «Hangman» («Դահիճը», 1991): Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով:

Թոմ Վարդապետյանի հետ հարցազրույցից

Թ.Վ.- Ի՞նչը դրդեց ձեզ գրելու «Ավազե ամրոցի աղջիկները»:

Ք.Բ.- Վաղուց էի մտածում գրել Հայոց ցեղասպանության մասին: 1990-ականներին սկսեցի, բայց թողեցի: Դա «աշակերտական» կամ «սիրողական» բնույթի էր: 2009-ին վերստին անդրադարձա թեմային, երբ հորս առողջական վիճակը վատթարացավ, եւ մենք ավելի շատ ժամանակ անցկացրինք միասինՙ հաճախ հին լուսանկարներ նայելով: Հորս մահվանից հետո որոշեցի անպայման անցնել լուրջ գործի եւ այս վեպը գրել, նախ որովհետեւ կատարվածը մեծապես կապվում էր մյուս ցեղասպանությունների հետ, եւ երկրորդը, որովհետեւ քչերը գիտեն դրա մասին: Բայց դրա համար անձնական փորձառությունս պետք է օգտագործեի: Նախահայրերից երեքը զոհ էին գնացել ցեղասպանությանըՙ Առաջին համաշխարհայինի օրերին: Պետք է ուսումնասիրություններ եւ այցելություններ կատարեի դեպի Սիրիա, Հայաստան, պատմական վայրեր եւ անշուշտ տեսնեի Արարատը, որը իմ եւ բոլոր հայերի հոգին էՙ «հոգու աշխարհագրությունը»: Իմ լրագրող եւ ցեղասպանագետ ընկերներիցս մեկի խորհրդով սկսեցի գրել եւ այս անգամ վեպը հաջողվեց: Լաուրայի կերպարում շատ բան կա իմ անձնական կյանքից:

Թ.Վ.- Ինչքա՞ն ժամանակում ավարտեցիք վեպը:

Ք.Բ.- Սկսեցի գրել 2010-ի ամռանը եւ ավարտեցի 2011-ի ամռանը:

Թ.Վ.- Պատմությունը փաստացի՞ է, հորինվա՞ծ, թե՞ երկուսի խառնուրդը:

Ք.Բ.- Դա բոլոր առումներով իսկական վեպ է: Պատմողըՙ Լաուրա Պետրոսյանն է, որը երեւակայական է եւ ինձ է ներկայացնում: Նրա պապերի տունը իմ պապերի տունն է: Բայց էլիզաբեթ Էնդիքոթը եւ Արմեն Պետրոսյանը իմ մեծ հայրն ու մեծ մայրը չեն եղել: Այդուհանդերձ, հուսով եմ, որ պատմությունը կընկալվի որպես իրական, հավաստի: Ես իմ «տնային առաջադրանքը» կատարեցի: Հուսով եմ, որ իմ կերպարների պատմությունները հիմնավորված են Դանթեի «Դժոխքի», որը Հայոց ցեղասպանությունն էր, որոշակի շրջանակներում: Կարծում եմ, ճիշտ եմ ներկայացրել ժամանակի այդ հատվածը:

Թ.Վ.- Թուրքիայի կողմից որեւէ արձագանք կա՞:

Ք.Բ.- Դեռ ոչ:

Թ.Վ.- Իսկ հեռուստատեսությա՞ն կամ Հոլիվո՞ւդի կողմից:

Ք.Բ.- Երեւի կլինեն: Հույսս չեմ կորցրել:

Թ.Վ.- Ինչպե՞ս է գիրքը ընդունվել հայերի կողմից:

Ք.Բ.- Առաջին տպավորություններն ու արձագանքները չափազանց խրախուսող են, ոգեւորող: Եվ ասեմ, թե ինչու:

Թ.Վ.- Որքանո՞վ է գիրքը օգնել հասկանալու Ձեր ժառանգությունը, մշակույթը:

Ք.Բ.- Մեծապես օգնել է իմանալու, թե իրականում ով եմ ես, հասկանալու իմ հոգու «աշխարհագրությունը»:

Թ.Վ.- Որքանո՞վ է այս գիրքը առնչվում Ձեր մյուս գործերի հետ:

Ք.Բ.- Պարզ ասեմ, սա իմ լավագույն գիրքն է եւ ամենակարեւորը: Ես դա հոգով ու սրտով եմ զգում:

Թ.Վ.- Վեպի գործողությունները մտահղանալու ընթացքում կապ հաստատե՞լ եք ականավոր հայ պատմաբանների կամ գրողների, ասենքՙ Փիթեր Բալաքյանի հետ:

Ք.Բ.- Գրքի բնաբանը վերցված է Բալաքյանիՙ իմ նախընտրած բանաստեղծություններից մեկից: Շատ օգտակար է եղել «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը: Շատ բան եմ սովորել նրանից:

Թ.Վ.- Ովքե՞ր են Ձեր նախասիրած հայ գրողները:

Ք.Բ.- Բարձր եմ գնահատում Նենսի Գրիգորյանի, Մարկ Մուսթյանի, Քերոլ Էդգարյանի, Փիթեր Բալաքյանի, Միշելին Ահարոնյանի, Էրիկ Պողոսյանի եւ անշուշտ Վիլյամ Սարոյանի գործերը:

Թ.Վ.- Սփյուռքը ի՞նչ կարող է անել ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ նշելու համար, 2015 թվին:

Ք.Բ.- Թուրքիայի կողմից ճանաչման, ընդունման հասնելը, ինչ խոսք, լավ պիտի լիներ: Ոգեւորիչ պիտի լիներ նաեւ տեսնել գործող ամերիկացի մի նախագահ, որը ճանաչելով իրողությունը, չխուսափեր «ց» տառը օգտագործելուց: Ակնկալում եմ ազդեցիկ եւ իմաստալի միջոցառումներ ամբողջ աշխարհում:

Թ.Վ.- Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները Հայաստանից:

Ք.Բ.- Շատ ուրախ էի այս գարնանը Հայաստան այցելելով: Հյուրանոցս Աբովյան փողոցում էր եւ մի քիչ այն կողմ Արամի փողոցն էր: Աբովյանը հայ նոր գրականության հիմնադիրն է, իսկ Արամը հորս անունն էր: Նա անցյալ տարի մահացավ եւ նրա մահով ավելի կարեւորվեց իմՙ Հայաստան այցելությունս: Հորս անվան եւ Աբովյանի միասնությունը ինձ համար անսպասելի օրհնություն էր, նվեր:

Բնականաբար, ինչպես բոլոր հետխորհրդային հանրապետությունները, Հայաստանը տնտեսական խնդիրներ ունի: Այդ խնդիրները առավել սրվում են ի հետեւանք տարածաշրջանում իր զբաղեցրած դիրքի: Բայց այն, որ չափազանց գեղեցիկ է, կասկած չկա: Որեւէ վայրում ես ինձ երբեք այդքան լավ չէի զգացել: Այնքան խնամքով էին հոգ տանում, որ ինձ հարազատ տանն էի զգում:

(*) Այս առթիվ հատուկ շնորհակալություն ամերիկաբնակ Երվանդ Գոչունյանին, որը ուղղելով մեր թերթի հուլիսի 4-ի լրատվության մեջ տեղ գտած սխալըՙ «եւ բրահմայականության հետեւորդ տատի (գրքում Էլիզաբեթ Էնդիքոթի) կյանքի դրվագները» տողը, բացատրում էր, որ «Բրահմինները- Բրահմայականության հետեւորդները չեն», այլ բարձր դասին պատկանող բողոքական ընտանիքների հետեւորդները, որոնք Բրիտանիայից Մ. Նահանգների հյուսիսարեւելյան նահանգներ (New England) եւ ի մասնավորի Բոստոն են հաստատվել եւ կոչվում են «Բոստոնյան Բրահմիններ»: Էնդիքոթները պատմականորեն իրոք մաս են կազմել այդ խավին:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4