ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2012-09-21 | #18, 2012-10-06 | #19, 2012-10-20


ՉԱՊԱԵՎԸ ԵՎ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ

Բանավեճ` «Պոստմոդեռնիզմ. քսան տարի անց»

ՎԱԼԵՐԻ ՌՈԿՈՏՈՎ

Մել Գիբսընի «Ապոկալիպսիս»-ն սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Հզոր քաղաքակրթությունն անհնար է կործանել դրսից, քանի դեռ այն չի կործանել իրեն ներսից»: Դա նաեւ մեր մասին է, միանշանակ:

Ամեն ինչ չէ, որ «անիծյալ բուրժուաներ»-ի վրա ենք գցելու: Նրանք դեռ մի հարյուր տարի էլ կշարունակեին իրենց քայքայիչ գործը, եթե չլիներ մեր վերածնված էլիտան` իշխանամետ ընտանիքների այդ միությունը: Հենց այդ էլիտան սկսեց հարվածներ տեղալ խորհրդային հասարակությանը լրատվական զենքով, որը կռեց եւ սիրալիր նրան տրամադրեց Արեւմուտքը: Եվ դա ենթադրություն չէ: Փոփոխություններ-ի հեղինակներն իրենք խոստովանեցին, որ ծռում էին խորհրդային քաղաքակրթության ողնաշարը, այն քաղաքակրթության, որը կարողացավ ժողովուրդներին միավորել վերդավանական գաղափարի շուրջ:

Պատմության մեջ չլսված ինֆորմացիոն բռնաբարությունից ավերակներ ծնվեցին. քաղաքական, տնտեսական, հանրային: Իննսունականները ընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ իբրեւ ժողովրդական ահավոր աղետի եւ հատակից վեր ելնող տականքի խրախճանքի պատկեր: Սակայն ավելի սարսափելին հոգեբանական ավերակներն էին: Մշակույթին, օրենքին եւ կյանքի նորմերին հասցված հարվածներից մարդիկ հուսահատվեցին, ընկճվեցին եւ պարփակվեցին իրենց մեջ:

Հենց դա էլ պահանջվում էր նրանցից: Մարդ-ատոմն ընդունակ է միայն մի բանի` անտարբեր, կողքից դիտել սեփական քաղաքակրթության կործանումը: Նա չի պաշտպանի ոչ իրեն, ոչ իր զավակներին, ոչ իր երկիրը եւ ոչ էլ հավատի իր խորհրդանիշները: Եթե նա մինչեւ անգամ լիցքավորված լինի դիմադրելու էներգիայով, ապա այդ էներգիան նա կուղղի ավերմանը` կսկսի բողոքի մահակով փաղաքշել ծուռ եւ ատելի քաղաքական կարգը եւ միայն կարագացնի քաղաքակրթության կործանումը:

Էներգիան, որպեսզի ստեղծարար ուժ ունենա, պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երեկ եւ ինչ է տեղի ունենում այսօր: Այն պետք է հասկանա, թե ինչու խորհրդային քաղաքակրթությունը ոչնչացրին ոչ թե ռումբերը, այլ զավզակությունը: Եվ ուր են հիմա թռչում «տոմահավկները»:

Այլաբանությունը մաքուր եւ հրաշալի միջոց է: Ուստի հենց այն էլ կկիրառենք` հիշողության մեջ վերակենդանացնելով Չապաեւի պայծառ կերպարը:

Վասիլի Իվանովիչը անկեղծ, անվախ եւ...պարզ էություն է: Նա կարմիր հրամանատար է, որը հստակ մի բան գիտի`պայքարում է հանուն ժողովրդի: Բոլոր այդ բարդ բաները (քաղաքականություն, փիլիսոփայություն, մետաֆիզիկա) նրա սրտովը չէին: Դրանց համար կային Լենինը եւ իր կործանարար մեծ ուղեղը: Չապաեւն ինքը Լենին դառնալ չէր պատրաստվում: Նա գտնում էր, որ իր տեղը պատերազմի դաշտում է, որտեղ թրով կարող է հասնել հեղափոխության թշնամիներին:

Չապաեւը չէր մտածում, թե ինչ կլինի երկրի հետ Լենինից հետո: Նա հավատում էր, որ ամեն ինչ հուսալի ձեռքերում է: Այդպես էլ կար, միայն մի վերապահությամբ: Լենինից հետո եկավ ուժեղ, թափով, սակայն բարդություն չընդունող մարդ: Ստալինը երկիրն առաջ մղեց ոչ թե լենինաբար (կրքոտ քաղաքական բանավեճով), այլ չապաեւաբար (երբ հրամանները չեն քննարկվում): Նա, անշուշտ, արդարացում ունի: Երկրի առջեւ ծառացել էին անհամար խնդիրներ: Թվում էր, թե դրանք այլ կերպ, քան զուտ չապաեւաբար, անհնար է լուծել: Առջեւում պատերազմ է, եւ պետք է հաշված տարիների ընթացքում ստեղծել արդյունաբերություն եւ բանակ: Այլ կերպ ուղղակի չես ապրի:

Նպատակին հասնելու չապաեւյան այդ ցատկում` միայն առաջ, առանց հարցերի եւ քննարկումների, իսկ շատախոսներին եւ անհամաձայններին` Սոլովկի կամ էլ ուղղակի գնդակահարության, ստեղծվեց անհավատալիորեն շատ բան: Հայտնվեցին ոչ միայն արդյունաբերությունն ու բանակը: Հայտնվեցին գիտությունն ու մշակույթը: Ստեղծվեց բացառապես նոր կյանք: Սակայն այդ կյանքում չկար մի բան` բարդությունը: Կոմունիստական փիլիսոփայությունը քարացավ` դառնալով սեւեռուն դոգմա: Եվ հետագայում, երբ լռեցին հրավառության ձայները, այդ հանգամանքը չար խաղ խաղաց երկրի հետ: Մեծ հաղթանակից հետո արդեն կարելի էր բարեփոխել գաղափարախոսությունը, զարգացնել կարմիր մետաֆիզիկան` ոչ մի բանից վախ չունենալով: Սոցիալիզմին դժվար թե որեւէ բան սպառնար: Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկվեց:

Ոչինչ չարվեց նաեւ հետագայում: Նույնիսկ հակառակը` հակաստալինյան հիստերիայի աղմուկի ներքո գաղափարական համակարգ մտցվեցին քաղքենիական արժեքներ: Կոմունիզմը գռեհկացվեց: Հայտարարվեց, որ կուսակցության խնդիրը «սովետական մարդկանց աճող պահանջմունքների բավարարումն է»: Ստացվում էր, որ հեղափոխությունն իրականացրել են մի կտոր մսի համար, որը տարեցտարի պետք է ավելի ճարպոտ դառնար:

Հասարակության գիտակցությունը ոչ մի կերպ չէր զարգանում: Այն փակվել էր քարացած գաղափարախոսության նեղ շրջանակներում եւ պատասխան չէր գտնում նույնիսկ տարրական հարցերին: 1957թ. նկարահանված հայտնի «Կոմունիստ» ֆիլմում հերոսը գիշերվա կեսին ներխուժում է կուսկազմակերպչի սենյակը եւ խոսում է իր դժբախտության մասին: Նա սիրահարվել է ամուսնացած կնոջ: «Ո՞նց է դա` կապ ունի՞ կոմունիզմի հետ, թե՞ չէ»: «Մարքսիստական տեսության մեջ, դրան, եղբայրս, պատասխան չկա»,- լսում է նա եւ հուսահատ բացականչում. «Այդ ի՞նչ տեսություն է, եթե նրանում այդ մասին ոչինչ չի ասվում»: Կուսկազմակերպիչը ցնցված է: Նրա հանգած աչքերում գրված է. «Դե ի՞նչ ասեմ քեզ, բարեկամս: «Կապիտալ»-ը էդ քեզ համար Թորա չէ»:

Կուսակցությունից սպասում էին ոչ միայն զգայական աշխարհի մասին պատասխաններ: Նրանից սպասում էին ավելի բարդ հարցերի պատասխաններ: Իսկ նա լռում էր կամ կրկնում էր մեռած լոզունգներ:

Տարիների հետ տեխնիկան բարդանում էր, իսկ գիտակցությունը դոփում էր տեղում: Սովետական մարդը վերացարկված բանականության առումով` տրանսցենդենտալորեն չէր զարգանում:Նրան տալիս էին լավագույն կրթությունն աշխարհում, բայց պահում էին գաղափարական խստագույն պայմաններում: Նա տիեզերակայան էր կառուցում, տիեզերքն ուսումնասիրում էր հզորագույն տելեսկոպների միջոցով, երազում էր գտնել եւ գրկել այլմոլորակայիններին, մինչդեռ չէր կարողանում հասնել եւ նվաճել փիլիսոփայության բարձունքները: Նրա խոսքի եւ մտքի ուղղությանը հետեւում էին իրավասու մարմինները: Մեծ հաշվով դա եղավ ԽՍՀՄ-ի կործանման պատճառը: Գիտությանը եւ տեխնիկային սիրահարված, ֆիզիկապես հրաշալի զարգացած, մաքուր սրտով եւ թշնամիներից միջուկային վահանով պաշտպանված սովետական մարդն անզեն գտնվեց նոր, տարօրինակ պատերազմում: Նրա գիտակցությունը «պայթեցրին» տեղեկատվական «տոմահավկները», որոնք բաց էին թողնում ինչպես դրսից, այնպես էլ ներսից` խորհրդային մամուլի էջերից:

Իրեն իշխող կուսակցություն գիտակցող վերնախավը կործանեց խորհրդային հասարակությունը` փոշիացնելով այն եւ վերածելով ատոմների: Այն հասարակությանը հարված հասցրեց տեղեկատվական զենքով` զրպարտելով անցյալը եւ կործանելով բոլոր նորմերն ու կուռքերը: Հենց դա էր ապահովում նրա գերիշխանությունը:

Այսօր վերնախավը պահպանում է այդ գերիշխանությունն արդեն այլ ձեւերով: Նա հասկանում է, որ հեռուն է գնացել: Հասարակությանը հասցված անողոք հարվածներն առաջացրին բողոքի տրամադրություններ եւ կարոտաբաղձության հզոր ալիք ԽՍՀՄ-ի նկատմամբ: Ժողովուրդը վերադարձավ հին երգերին, գրքերին եւ կինոնկարներին: Նա կարոտել է կորսված օրենքին, մարդկայնությանը եւ պետության հզորությանը: Մեր օրերում անցյալին ուղղված յուրաքանչյուր հարված բարկության ալիք է առաջացնում: «Քսան տարի դուք իշխանության եք եւ ոչինչ չեք կառուցել, բացի առանձնատներից»: «Միակ բանը, որ կարողանում եք անել, էներգակիրների արտահանումն ու շահույթը յուրացնելն են»: Ամեն ինչից երեւում է, որ վերնախավը, իբրեւ որեւէ նվաճում, ցուցադրելու ոչինչ չունի: Քանի որ ձեռքին գաղափարական հաղթաթղթեր չունի:

Խոսքի ազատության փոխարեն` սրտի մխիթարանք ի դեմս ֆեյսբուքի եւ երկրին ռոմանտիկ սիրով սիրահարված մի քանի հրատարակությունների: Մնացած տեղեկատվական տարածքը օլիգարխիայի եւ իշխանության հսկողության տակ է, որոնք թեեւ բարդ հարաբերությունների մեջ են միմյանց հետ. իրար միս են կրծում սեփականության եւ բյուջեի վերաբաժանման համար, սակայն միակամ են ընդունված կարգը պահպանելու հարցում:

Այս իրողությունների համատեքստում խորանում է անդունդը վերնախավի եւ երկրի միջեւ, եւ դրա մեջ մեկնումեկն անպայման ընկնելու է: Վերնախավին դա դուր չի գալիս, ուստի միջոցներ է մտածում հանուն իր պաշտպանության: Փոխվել նա չի պատրաստվում: Նա ցանկանում է շարունակել նույն ոգով` արյուն ծծել եւ դեբիլանալ` ընկղմվելով խելագար վայելքների հորձանուտը: Եվ հանուն դրա տեղեկատվական «տոմահավկների» հարվածներ է տեղում հանրության վրա:

Խորացող սովետական կարոտաբաղձությունը նրան չի վախեցնում: Երբ հանրությունը հայացքն անցյալին է հառում, նա ապրում է այն հեքիաթով, որն ինքն էլ պատմում է իրեն: Այդպիսի հասարակությանը հանգստացնելը դժվար չէ. ցույց տուր սովետական նմանակությամբ սերիալ, եւ նա կննջի` փսլինքները հեռուստացույցի առջեւ նստած թափելով:

Վերնախավին վախեցնողը ուրիշ բան է` հոգեւոր բողոքն ու ինքնակազմակերպման ծիլերը: Նրան վախեցնում է այն կատակոմբների առաջացման հնարավորությունը, որոնք մեկտեղում են ոչ թե մոլեռանդներին, այլ բարդության պատնեշը հաղթահարած եւ իշխանության խայծին դիմանալ պատրաստ մարդկանց: Ուստի վերնախավը հուսահատ ճիգով սերմանում է հոգեւորազուրկը` ստեղծում է ճահճոտ միջավայր, որտեղ կարող է խրվել յուրաքանչյուր դիմադրություն: Նա ձգտում է, որպեսզի ակտիվ զանգվածը հուսալքվի եւ հանձնվի: Նա հասարակությանը սուզում է անտարբերության, բամբասանքների եւ վայելքների ճահիճը: Վերնախավը գիտակցաբար իջեցնում է կրթության մակարդակը: Տարեցտարի նվազում է պարտադիր առարկաների թիվը, եւ շուտով կմնա միայն մեկը` կանեփ ծխելը: Եվ էրոտիկ մերսումն էլ կմտցնեն որպես դպրոց հաճախելու լրացուցիչ խթան:

Վերնախավը նպատակաուղղված փորփրում է հասարակության մտածող այն մասի միտքը, որը շոու չի նայում, տաբլոիդ չի կարդում եւ ինքն է ուղղորդում իր երեխաներին: Վերնախավը համառորեն փորձում է այդ խավին նստեցնել պոստմոդեռնիզմի թամբին:

Ըստ էության պոստմոդեռնիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիկների ստեղծագործություն: Դա քածի հարսանիք է մշակույթի փոխարեն: Դա իմաստի ամորձատումն է «Արվեստն ամեն ինչի իրավունք ունի» լոզունգով: Դա մոնտաժ է եւ ձեռառնոցի: Պոստմոդեռնիստների հավատո հանգանակը քաոսն է:

Պոստմոդեռնիզմը ծնվել է որպես թափթփուկ, օգտագործված հումք: Սեփական երկրորդականության գիտակցումը նրան անողոքությամբ է համակում այն ամենի հանդեպ, ինչն առաջնային է: Նա, ածելին ձեռքին, խելագարի նման հարձակվում է այն ամենի վրա, ինչն ստեղծված եւ գիտակցված է: Նա կտրում եւ սոսնձում է անմիանալինՙ հրճվելով իր աճպարարությամբ: Նա ձգտում է եղջյուրներ նկարել ամեն մի սրբապատկերի վրա: Նրա ծիծաղը հիստերիկ է եւ անառողջ հանդիսավորականության կնիք ունի:

Ինչպես յուրաքանչյուր խառնածին, պոստմոդեռնիզմը ապագա չի ունեցել եւ կարող էր մեռնել ծնվելուց անմիջապես հետո: Բայց նա դիմացավ եւ բարգավաճեց: Նա պահանջարկ ունեցավ որպես գեղագիտական ահաբեկչություն: Նրա վրա հույս էին դնում, ինչպես ժամանակին հույս էին դնում գեղարվեստական խելացնորության եւ փորձարարության վրա, որոնք արվեստը սոցիալական բողոքների ճանապարհից հեռու էին տանում: Նա պետք է մշակույթը վերածեր գեղագիտական խաղադաշտի եւ ծներ նոր, վալս պարող մարդուն, որը փախչում է ամեն լուրջ բանից եւ արձագանքում է միայն նրան, ինչն այսօր մոդայիկ է:

Իննսունական թվականների կեսին լույս տեսավ «Չապաեւը եւ Դատարկությունը» վեպը: Այդ գիրքը ռուս հանրությանն էին պարտադրում մոլեռանդորեն: Այն բրդում էին այնպես, ինչպես մինչ այդ չէին բրդել ոչ մի ստեղծագործություն: Հրատարակիչներն իրենց նպատակին հասնելու համար ստիպված էին հերոսական ջանքեր գործադրել, որովհետեւ այդ գիրքն անտաղանդ գործ է: Նրա գրական արժեքը, ինչպես հասկանում էին բոլորը, զրո էր, իսկ ահա քաղաքական նշանակությունը հսկայական էր թվում: Բեմ էր բարձրանում ռուսական պոստմոդեռնիզմը: Եվ անհրաժեշտ էր այն ամեն գնով փաթաթել մտավորականության վզին: Հարկ էր յուղել հասարակության այն մասի ուղեղները, որտեղ ձեւավորվում է սոցիալական ակտիվը:

Նման գրականությանը հարող մտավորականն այլեւս ոչ մի բանի լրջորեն չի վերաբերվի: Նա դատապարտված է հումորով ընկալելու պատմությունն ու արդիականությունը, վերհիշելով այն կպցրած ծիծաղելի մասերը, որոնք արել է մոդայիկ հեղինակը: Նպատակն էլ հենց դա է` թույլ չտալ ոչինչ գիտակցել:

Ինչո՞ւ ռուսական պոստմոդեռնիզմը միանգամից կպավ Վասիլի Իվանովիչ Չապաեւից, ակնհայտ է: Նրա պարզությունը արտացոլում է սովետական քաղաքակրթության հոգին, որն առաջ էր շարժվում հենց չապաեւյան ոգով` հաղթանակից հաղթանակ: Այդ պարզությունը կարելի էր խաղարկել` միացնելով այն բուդդիզմին եւ զվարճանալով ծիծաղաշարժ արդյունքներով: Այդ պարզությունը թույլ էր տալիս ծաղրել սովետական միֆերը եւ ամորձատել դրանք:

Պարզությունը դարձավ կարմիր կայսրության աքիլլեսյան գարշապարը, իսկ կայսրությունը ջանք չգործադրեց հաղթահարել բարդությունը, ուստի չհասավ մետաֆիզիկական բարձունքի եւ թույլ տվեց սպանել իրեն նոր զենքով: Այժմ նրա դիակի վրա խիտ շարքով շարվել են լեշակերները:

Ում լեշի վրա կհավաքվեն նրանք վաղը` հասկանալի է: Ռուսաստանը մեծ եւ համեղ պատառ է: Եթե նրան տապալեն, սնունդը երկար ժամանակ կբավականացնի: Իսկ տապալել նրան միանգամայն հնարավոր է, քանի որ գնում է միեւնույն ճանապարհով` դոփում է տափակ անհամության եւ պրիմիտիվիզմի մեջ, հույսը լիովին դնելով սեփական եկվորների վրա:

«Չապաեւը եւ Դատարկությունը» վեպից անմիջապես հետո արձակվեց հատուկ տեսակի «տոմահավկ»` «Քըս»-ը#:* Եվ նրա նշանակետն արդեն ոչ թե սովետական գիտակցությունն էր, այլ ռուսականը: Դա կրակոց էր ռուսական ինքնության վրա, նշանառու եւ ստոր հարված, որը ձգտում էր ընթերցողի մոտ ատելություն արթնացնել իր արմատների, միֆերի եւ մշակույթի հանդեպ:

Այսօր այդօրինակ «տոմահավկները» արձակվում են իրար հետեւից` ծխի վերածելով գիտակցությունն ու ավերելով քաղաքակրթության հիմքերը: Խփում են առանց հոգնելու, խփում են անգթորեն: Պատերազմումՙ ինչպես պատերազմում:

«Լիտերատուրնայա գազետա», 18-24 հուլիսի, 29, 2012

Թարգմանությունը` ԼԻԼԻԹ ՄԵԼԻՔՅԱՆԻ

* Խոսքը Տատյանա Տոլստոյայի «Кысь» վեպի մասին է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4