«Արվեստը ենթակա չէ հոգեվերլուծության, արվեստը միշտ մնում է գաղտնիք». բելգիացի նկարիչ Ռընե Մագրիթի խոսքերը, թերեւս, լավագույնս բնորոշում են նրա կերպարվեստը, որը լի է խորհրդավորությամբ, հանելուկներով ու գաղտնագրերով: Նա սյուրռեալիստ էր, սակայն չէր սիրում, երբ իր արվեստը համարում էին սյուրռեալիստական. Մագրիթը նախընտրում էր «մոգական ռեալիզմ» սահմանումը: Մագրիթի կտավները ճանաչելի են նույնիսկ նրանց համար, ովքեր խոր իմացություն չունեն գեղանկարչության ասպարեզում, չգիտեն նկարչի անունն ու նկարի անվանումը, սակայն մեկ անգամ տեսել են նրա ստեղծած պատկերն ու ընդմիշտ մտապահել: Նրա կտավներն այսօր էլ իրենց արտացոլումն են գտնում կինեմատոգրաֆում, լուսանկարչական արվեստում, դիզայնի բնագավառում, իսկ հեղինակավոր աճուրդներում վաճառվում են ռեկորդային գներով:
Մթագնված մանկության արձագանքները
1898 թվականի աշնանային մի ցուրտ օր բելգիական համեստ ընտանիքներից մեկում ծնվեց առաջնեկը` Ռընե Ֆրանսուա Գիսլեն Մագրիթը: Ընտանիքն ապրում էր Լեսին փոքր քաղաքում, այնուհետեւ տեղափոխվեց Շառլըռուա արդյունաբերական քաղաք` ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքով, սակայն այդ հույսերը չարդարացան: Մագրիթներն ունեին երեք որդի: Մայրը գլխարկագործ էր ու դեռեւս մինչեւ ամուսնությունը, գումար վաստակելու նպատակով, ստիպված էր երկարատեւ ժամեր անցկացնել կոշտ կտորեղենով լի եւ սնդիկի նիտրատի թունավոր գոլորշիներով ներծծված արհեստանոցում: Սնդիկի նիտրատն այն տարիներին օգտագործում էին գլխարկների պատրաստման համար նախատեսված կոպիտ կտորեղենը փափկացնելու նպատակով, սակայն բոլորին էր հայտնի, որ թունավոր գոլորշիներն ազդում են մարդու հոգեկան առողջությանը: Հոգեկան խանգարումից չկարողացավ խուսափել նաեւ տիկին Մագրիթը: Խանգարումն արտահայտվում էր ուղեղի պարբերաբար մթագնումներով ու ինքնասպանության փորձերով: Թեպետ ամուսինը նրան փակի տակ էր պահում ու աչալուրջ հսկում, որպեսզի իրեն վնաս չհասցնի, սակայն օրերից մի օր նրան հաջողվեց փախչել տնից ու ինքնասպանություն գործել` խեղդվելով գետում: Ռընեն այդ ժամանակ 13 տարեկան էր: Չնայած մոր կենդանության օրոք էլ նրա զավակների կյանքն անամպ չէր եւ լեցուն էր մշտական վախով ու անհանգստությամբ, բայց ողբերգությունից հետո նրանք անմիջապես գիտակցեցին, որ որբացել են, եւ իրենց մանկությունն ավարտվել է:
Կենսագիրները նշում են, որ Մագրիթի բոլոր կտավներում զգացվում է ջրահեղձ կնոջ շունչը. երեխաների աչքի առաջ նրան ջրից դուրս են բերել մերկ, դեմքը` սավանով փաթաթած: Գերեզմանոցում, մոր հուղարկավորության ժամանակ, Մագրիթը որոշեց, որ նկարիչ է դառնալու: Տարիներ անց Մագրիթն իր դասախոսություններից մեկի ժամանակ խոստովանել է, թե նկարիչ դառնալու իր որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռեւս վաղ մանկության տարիներին, երազում կամ արթմնի, իրեն հետապնդում էին միստիկական, հանելուկային պատկերները, տեսիլքներն ու հիշողությունները: Նրա կտավներից մեկում պատկերված է համբուրվող զույգ, սակայն զույգը համբուրվում է գլխներին փաթաթված սավանի միջով: Մեկ այլ կտավում պատկերված են ջրահարսներ, որոնք ունեն կնոջ ոտքեր ու ձկան գլուխ: Այդուհանդերձ, ինքը` Մագրիթը չէր սիրում, երբ իր արվեստում որսում էին անցյալի ողբերգության արձագանքները եւ դրանք մեկնաբանում ֆրեյդիստական հոգեվերլուծության տեսանկյունից: Նա պնդում էր, թե բոլոր կտավների հերոսուհին իր կինն է` Ժորժետը:
Ինչեւէ, իր որոշմանը հավատարիմ` Մագրիթը 18 տարեկանում ընդունվում է Բրյուսելի Նրբագեղ արվեստների թագավորական ակադեմիան, որը լքում է 2 տարի անց` ինքնուրույն աշխատելու նպատակով: Շուտով նա սկսում է աշխատել թղթի արտադրությամբ զբաղվող մի գործարանում` որպես ցուցապաստառների ու գովազդի նկարիչ: Թեպետ նրա երազանքը գեղանկարչությամբ զբաղվելն էր, սակայն անհրաժեշտ էր մտածել նաեւ կայուն եկամուտ ունենալու մասին: Հենց այդ շրջանում էլ Մագրիթն ամուսնանում է Ժորժետ Բերգերի հետ. զույգն անբաժան է մնում մինչեւ նկարչի մահը: Ինչպես նշում են Մագրիթի կենսագիրները, իզուր են նրա անձնական կյանքում սիրային ինտրիգներ, սիրավեպեր ու սկանդալներ գտնելու փորձերը. հմայիչ Ժորժետը 45 տարի շարունակ Մագրիթի միակ սերն էր, կողակիցն ու մուսան: Այդուհանդերձ, նույնիսկ կինը երկար տարիներ ոչինչ չգիտեր ամուսնու մոր ինքնասպանության ու նրա ծանր մանկության մասին: Եթե չլիներ Մագրիթի ընկեր ու կենսագիր Լուի Սկուտեները, Ժորժետը, երեւի, այդպես էլ ոչինչ չէր իմանա: Մագրիթն առհասարակ չէր խոսում այդ թեմայի շուրջ. թվում էր` նա ջնջել է իր բոլոր հիշողությունները: Սկուտեների վկայությամբ` իր հարցին ի պատասխան` Մագրիթը դժվարությամբ էր վերհիշել նույնիսկ հոր անունը: Բնականաբար, հազիվ թե նա մոռացած լիներ այդ անունը, սակայն իր «մոռացկոտությամբ» նա ակնարկում էր, որ անցյալ չունի: Իր կենսագրին Մագրիթը պատմում էր լոկ այն հուշերը, որոնք առնչվում էին նկարչության առաջին դասերին, իր զինծառայությանը, գործարանում իր աշխատանքին, Ժորժետի հետ ծանոթությանը: Ժորժետին նա առաջին անգամ տեսել է Շառլըռուայում, երբ ինքը 15 տարեկան էր, աղջիկը` 13: Երկրորդ անգամ նրանք հանդիպում են արվեստների ակադեմիայում, որտեղ Ժորժետն սովորում էր մոդեռնիզմի հիմունքները: Նա դառնում է Ռընեի բնորդուհին, քննադատը, մեծ սերը: «Սեւ մոգություն» կտավում Մագրիթը Ժորժետին պատկերել է անսովոր ձեւով` կիսով չափ կին, կիսով չափ երկինք, իսկ «Անփույթ փերին» կտավում նրան պատկերել է լույսի փոխարեն ստվեր տարածող մոմի կողքին:
Մագրիթը տարբերվում էր մյուս նկարիչներից, ովքեր բոհեմական կյանքով էին ապրում. նա էպատաժային կերպար չէր, հագնվում էր համեստ, աչքի էր ընկնում բացառիկ մաքրասիրությամբ, իսկ կտավները ստեղծում էր ո՛չ թե արվեստանոցում, այլ` տանը: «Կյանքն ինձ պարտավորեցնում է որեւէ գործով զբաղվել, դրա համար էլ ես նկարում եմ»,- իր կոչումն առանց բարձրագոչ բառերի բնորոշում է նկարիչը: 1926 թվականին Մագրիթին հաջողվում է պայմանագիր կնքել բրյուսելյան «Սենտո» պատկերասրահի հետ եւ հեռանալ գործարանից` վերջապես լիարժեք նվիրվելով կերպարվեստին: Նույն տարի էլ նա ստեղծում է իր առաջին հաջողված սյուրռեալիստական կտավը` «Կորած ժոկեյը», իսկ 1 տարի անց մասնակցում առաջին ցուցահանդեսին: Բրյուսելյան հասարակությունը, սակայն, առանձնակի խանդավառությամբ չի ընդունում նկարչի սյուրռեալիստական կտավները, եւ նա, համախոհներ ու երկրպագուներ գտնելու ակնկալիքով, կնոջ հետ մեկնում է Փարիզ: Մագրիթի կյանքում սկսվում է նոր փուլ:
Մագրիթի սյուրռեալիզմն ու մոգական ռեալիզմը
Փարիզում Մագրիթ ամուսինները ծանոթանում են սկանդալային սյուրռեալիստ գրող Անդրե Բրետոնի հետ եւ դառնում նրա սյուրռեալիստական խմբակի անդամները: «Սյուրռեալիզմը սովորական իմաստից ազատագրված իրականությունն է»,- գրում է Մագրիթը: Անդրե Բրետոնի, Սալվադոր Դալիի, Պոլ Էլյուարի եւ այլ ճանաչված արվեստագետների հետ մտերմությունը Մագրիթին օգնում է ո՛չ միայն առաջատար դեր ստանձնելու սյուրռեալիստական շրջանակներում, այլեւ նրանց դավանած գաղափարախոսության ազդեցությամբ գտնելու իր ուրույն ոճը: 1929 թվականին նա ավարտում է իր հանրահայտ կտավներից մեկը` «Պատկերների խաբուսիկությունը»: Կտավում պատկերված է ծխամորճ, իսկ ներքեւում մակագրված է. «Սա ծխամորճ չէ»: Նկարը երկակի է մեկնաբանվում. առաջին` յուրաքանչյուր պատկեր թվացյալ է, երկրորդ` պատկերված ծխամորճը չի կարող լինել ծխամորճ, որովհետեւ այն հնարավոր չէ գործածել ըստ նշանակության: «Ինձ հետաքրքրում է ո՛չ թե բուն կերպարվեստը, այլ` այն տպավորությունը, որ կերպարվեստը գործում է գիտակցության վրա, այսինքն` անհանգստությունը, շփոթմունքը, իրերն ուրիշ տեսանկյունից դիտարկելը»,- ասել է Մագրիթը:
1930 թվականին Մագրիթի ու Բրետոնի աշխարհայացքների միջեւ առաջացած հակասությունները սրվում են, ինչի պատճառով խզվում են նրանց հարաբերությունները: Մագրիթը բացասաբար էր վերաբերում այն ժամանակ նորաձեւ համարվող հոգեվերլուծությունը արվեստի ասպարեզ ներմուծելու եւ հիմնական արտահայտչամիջոց դարձնելու գաղափարին: Իսկ սյուրռեալիզմի հենասյուներից մեկը հենց ենթագիտակցության խորքերի բացահայտումն էր: Մագրիթի արվեստը ոչ այնքան հոգեբանական էր, որքան փիլիսոփայական-բանաստեղծական, իսկ ենթագիտակցության խորքերն ի դերեւ հանելու փոխարեն նա բացահայտում էր տրամաբանության պարադոքսները: Բրետոնի հետ հարաբերությունները խզելուց հետո Մագրիթը կնոջ հետ վերադառնում է Բրյուսել, որտեղ սկզբնական շրջանում զբաղվում է գովազդների պատրաստմամբ, այնուհետեւ եղբոր հետ հիմնում է սեփական գործակալությունը: Ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովելով` նա հանգիստ խղճով սկսում է զբաղվել նաեւ իր անհատական ցուցահանդեսների կազմակերպմամբ: Ցուցադրություններից մեկի ժամանակ էլ, 1935 թվականին, Մագրիթը ներկայացնում է իր ամենաաղմկահարույց կտավներից մեկը` «Բռնաբարությունը»: Այս կտավը բոլորին է հայտնի. նկարիչը պատկերել է կնոջ դեմք, սակայն դիմագծերի փոխարեն կնոջ մարմին է` անթաքույց անկեղծությամբ նկարված: Ցուցադրության ժամանակ, բարեկիրթ հանրությանը «չվիրավորելու» նպատակով, կազմակերպիչները կնոջ մարմնի ինտիմ հատվածը ծածկել էին թավշյա վարագույրով:
1938 թվականին լոնդոնյան պատկերասրահներից մեկը կազմակերպում է Մագրիթի աշխատանքների ցուցադրությունը: Բրյուսելյան, փարիզյան ու լոնդոնյան ցուցահանդեսներն անարդյունք չեն մնում. նկարչի ճանաչումը հետզհետե մեծանում է, թեպետ հարկ է նշել, որ համաշխարհային հռչակ նա սկսեց վայելել կյանքի վերջին 10 տարիներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ողջ Եվրոպան ողողված էր արյունով, զոհերով ու սարսափով, Մագրիթի կտավներում զգացվում էր բոլորովին այլ տրամադրություն. նրա աշխատանքներում գերակշռում էին լուսավոր երանգներն ու բանաստեղծականությունը: Մագրիթը միտումնավոր էր փոխել իր սովորական ոճն ու գունապնակը. նա համարում էր, որ այդ ծանր ժամանակաշրջանում մարդկանց պետք է հույս ու լավատեսություն ներշնչել: Ուշագրավ է, որ պատերազմի ավարտից հետո նկարիչը վերստին հրաժարվեց լավատեսական տրամադրություններից ու պայծառ երանգներից` վերադառնալով իրեն բնորոշ ոճին ու կերպարներին` մռայլությամբ ու խորհրդավորությամբ լեցուն: 1950-ականները նկարչի կյանքում նշանավորվում են նոր ցուցահանդեսներով, որոնք մեծ հաջողությամբ կազմակերպվում են Հռոմում, Նյու Յորքում, Փարիզում ու Բրյուսելում:
Մագրիթի կտավներում առկա խորհրդավորությունն անհաղթահարելիորեն ձգում է մարդկանց, նրա բոլոր կտավներում գաղտնագրված իմաստ են տեսնում, փորձում վերլուծել ու բացահայտել: «Կեղծ հայելի» կտավում Մագրիթը պատկերում է հսկայական աչք, որի մեջ, ծիածանաթաղանթի փոխարեն երեւում են երկինքն ու թափանցիկ ամպերը: Քանի որ Մագրիթի բոլոր կտավների անվանումները հանդիսանում են գաղտնազերծող «բանալիներ», «Կեղծ հայելի» կտավն էլ ասես հուշում է, որ մարդու զգայարաններն արտացոլում են իրերի լոկ արտաքին բնույթը` չկարողանալով փոխանցել աշխարհի ու երեւույթների իսկական խորությունը: 1958-ին Մագրիթը ստեղծում է իր ամենատարօրինակ կտավներից մեկը` «Հեգելի արձակուրդը»: Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչ կապ կարող է լինել փիլիսոփա Հեգելի եւ կտավում պատկերված բաց հովանոցի ու դրա վրա դրված ջրով լի տարայի միջեւ: Սակայն բացատրությունը վերստին կտավի անվանման մեջ է. Հեգելը դիալեկտիկ է եւ հնարամիտ տրամաբանական «խաղերի» վարպետ, նա «արձակուրդում» է, այսինքն` պարզապես բացակայում է, քանի որ չի կարող լինել այն տարօրինակ միջավայրում, որ նրա համար ստեղծել է նկարիչը: Սյուրռեալիզմի գլուխգործոցներից մեկը համարվող այս կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 10,2 մլն դոլարով:
Մագրիթի նախասիրած թեմաներից մեկը` սուբյեկտիվ աշխարհընկալման խնդիրն է բարձրացնում նաեւ «Աշխարհի պատկերները» կտավը, որը նա ստեղծել է 1961-ին: Կտավում արեւի ճառագայթները կարմիր երանգներով լուսավորում են ծովը, իսկ պատուհանի մոտ ցաքուցրիվ ընկած են ապակու կտորներ, որոնցում «քարացել» են այդ նույն բնապատկերի պատառիկները: Կտավը մինչ 1962 թվականը պահպանվում էր մասնավոր հավաքածուում, իսկ այս տարի աճուրդում վաճառվեց 7 մլն դոլարով: 2012-ի ամռանը Christies-ում ռեկորդային գնով վաճառվեց Մագրիթի մեկ այլ կտավը` «Գիգանտ օրերը»` գնային սանդղակում զիջելով միայն Պաբլո Պիկասոյի կտավին: 1928-ին ստեղծված այս կտավի համար թեժ պայքար էր ծավալվել 10 գնորդի միջեւ. ի վերջո, 11,3 մլն դոլարով այն բաժին հասավ նյույորքյան մի ֆինանսիստի: Ավելի վաղ` այս տարվա գարնանը, Sothebys աճուրդում վաճառվեց Մագրիթի «Սեւ մոգություն» կտավը, որը նա ստեղծել է 1948-ին: 400-600 հզ եվրո գնահատված կտավը վաճառվեց շուրջ 625 հզ եվրոյով: 2010-ին Sotheby’s-ը վաճառքի էր հանել նաեւ Մագրիթի նամակներն ու բացիկները` դրանք գնահատելով 400 հզ եվրո: Նկարչի նամակներն ու անձնական իրերն աճուրդում վաճառքի էին դրվել նաեւ 1987-ին: 2009-ին Բրյուսելում բացված Մագրիթի թանգարանում այսօր այնքան էլ մեծ թվով կտավներ չեն մնացել. դրանք արագորեն գնվում եւ իրենց հանգրվանն են գտնում անհատական հավաքածուներում ու աշխարհահռչակ թանգարաններում: 1978-ին ֆրանսիացի ու գերմանացի կինեմատոգրաֆիստները նկարահանում են «Ռընե Մագրիթ» վավերագրական ֆիլմը` օգտագործելով տեսանյութեր, որոնցում հանդես է գալիս ինքը` նկարիչը: Ֆիլմի համար երաժշտություն է գրում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը` Բելա Բարտոկը:
Չհասկացված ներաշխարհի «բանալին»
«Իմ կտավները ո՛չ թե քնեցնող, այլ` արթնացնող երազներ են»,- բնորոշել է նկարիչը: Մագրիթի կտավներին բնորոշ է անդրդվելի հանգստությունը: Նա առաջադրում է հարցեր ու հանելուկներ, սակայն երբեք չի շտապում պատասխանել դրանց, պատասխանելու դեպքում էլ` ճշմարտությունը մինչեւ վերջ չի բացահայտում: Նկարչի խոստովանությամբ` ինքը մարդկանց «ստիպում» է մտածել, լուծել մարդու, աշխարհի, տիեզերքի գոյության հավերժական ռեբուսը: Այդ ռեբուսն իրականում անլուծելի է, սակայն, մտորելու դեպքում, յուրաքանչյուրը գտնում է իր` սուբյեկտիվ լուծումն ու բացատրությունը: Պատահական չէ, որ Մագրիթի կտավներում հաճախ են պատկերվում հայելին, պատուհանը, աչքը, բեմը եւ վարագույրը. դրանք բոլորն էլ կոչված են ինչ-որ բան արտացոլելու, ցույց տալու, բացահայտելու: Մագրիթը մյուս սյուրռեալիստներից տարբերվում է մի կարեւոր առանձնահատկությամբ. նա իր կտավներում պատկերում է ո՛չ թե ֆանտաստիկ, այլ` իրական առարկաներ ու երեւույթներ, պարզապես նկարիչն այդ ամենը ներկայացնում է անսովոր իրավիճակներում, միջավայրում ու փոխհարաբերություններում: Մագրիթի կտավների բովանդակային հարստությունը պայմանավորված է նաեւ նրա` փիլիսոփայության, գրականության, արվեստի պատմության փայլուն իմացությամբ: Նա ո՛չ միայն մարդկային ենթագիտակցության խորքերը թափանցող ու ինտուիտիվիզմի «հետքերով» ընթացող, այլեւ խորապես ինտելեկտուալ ու տրամաբանող արվեստագետ է: «Մենք չպիտի ցերեկային լույսից վախենանք լոկ այն պատճառով, որ այդ լույսն արտացոլում է մեր դժբախտ աշխարհը»,- մի առիթով ասել է Մագրիթը:
Մագրիթի ամենահայտնի կտավներից են «Անձնական հարստությունը», «Ազատագրումը», «Մեծության խելագարությունը», «Անսպասելի պատասխանը», «Կյանքի շրջանակները», «Գոլկոնդան» եւ, իհարկե, «Լույսի կայսրությունը»: Այս վերջինն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մագրիթի արվեստում: «Լույսի կայսրությունը» նա նկարել է տասնյակ տարբերակներով: Նույնիսկ կյանքի վերջին տարում` 1967 թվականին, երբ քաղցկեղով հիվանդ Մագրիթին հաշվված օրեր էին մնացել ապրելու, նա զբաղված էր «Լույսի կայսրության» հերթական տարբերակը շտկելով: Կտավում պատկերված է ամենասովորական մի առանձնատուն, սակայն ուշադիր նայելիս անմիջապե զգում ես, որ պատկերն անսովոր է: Երբ ավելի երկար ես նայում, հասկանում ես, թե ինչից էր առաջացել տագնապի ու խորհրդավորության առաջին զգացողությունը. առանձնատունն ու շրջակա բնապատկերը գիշերային մթության մեջ են, իսկ կապույտ երկինքն ու ամպերը ցերեկային են: «Ինչո՞ւ եք այդպես պատկերել» հարցին նկարիչն այդպես էլ լիարժեք պատասխան չի տվել: Նա միայն ասել է, թե ցերեկվա ու գիշերվա համատեղումը հիասքանչ է: «Լույսի կայսրության» 16 պահպանված տարբերակները բազմիցս վաճառվել ու վերավաճառվել են, իսկ հիմնական բնօրինակը 2002-ին Christies աճուրդում գնվել է 11,5 մլն դոլարով:
Մագրիթը վարում էր նստակյաց կյանք, չէր սիրում ճանապարհորդել, վախենում էր ինքնաթիռով թռչելուց: Տրանսպորտային միակ միջոցը, որից նա օգտվում էր, տրամվայն էր: «Լավագույն ճանապարհորդությունը սեփական բնակարանով ճանապարհորդելն է»,- ասում էր նա: Մագրիթ ամուսինները զավակներ չունեին: Լուսանկարներում նրանք միշտ երկուսով են` իրենց սիրելի շնիկի ընկերակցությամբ: Ամուսնու մահից հետո Ժորժետն ապրեց եւս 19 տարի` հավատարիմ պահելով նրա հիշատակը: «Իմ կտավները տեսանելի պատկերներ են, որոնք ոչինչ չեն թաքցնում: Սակայն իմ կտավները միաժամանակ թվում են մի մեծ գաղտնիք, եւ երբ տեսնում ես դրանցից որեւէ մեկը, ինքդ քեզ ակամա հարցնում ես` ի՞նչ է սա նշանակում: Իրականում դա ոչինչ էլ չի նշանակում, որովհետեւ գաղտնիքն էլ չի կարող ոչինչ նշանակել. այն անըմբռնելի է ու անիմանալի»,- գրել է Ռընե Մագրիթը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԸ