ԱՆՆԱ ՄԱՐԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՄԱՏՏԱԱՐ
Օտարալեզու, օտարագիր հայ եւ հայազգի գրողները սովորական երեւույթ են հայ իրականության համար: Սակայն, որքան էլ արտառոց թվա, խիստ սակավ, սակայն հանդիպում է նաեւ հակառակ երեւույթը, երբ հայագետ օտարազգին գրել է հայերեն հոդված, գեղարվեստական ստեղծագործություն կամ իրենց մայրենի լեզվից թարգմանել հայերեն: Սակավաթիվ օրինակներից հիշենք մի քանիսի անունները. բանաստեղծներիցՙ արաբ գրող-թարգմանիչ Նիզար Խալիլի, անգլիացի բանասեր Չարլզ Դաուսեթ (գրել է միջին հայերենով), հայագետ գիտնականներիցՙ հույն Դիմիտրիոս Չոլագիտիս, ֆրանսիացի Ֆրեդերիկ Ֆեյդի, շոտլանդացի Փիթեր Քաուի եւ այլք, թարգմանիչներիցՙ լեհուհի Մարիա Գրախոլսկայա, հունգարացի Պալ Սալմաշի, ճապոնուհի Ակիկո Հիկի... Այս շարքում պետք է հավելել հոլանդուհի Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարի անունը, որին շատերն են ճանաչում Երեւանի մտավորական շրջաններում: Նա արդեն տպագրել է հայերենից հոլանդերեն թարգմանված երկու գիրք (Վահե Արսենի բանաստեղծությունների ժողովածուն եւ «Սասնա ծռեր» էպոսըՙ Նաիրի Զարյանի մշակմամբ), իսկ Ամստերդամում հայոց տպագրության 500-ամյակի առթիվ լույս տեսած կատալոգի տեքստը նա թարգմանել է անգլերենից հայերեն: Ներկայացվող հոդվածը Աննա Մարիա Մարտիրոսյան-Մատտաարը գրել է հայ մամուլի համար, որ ներկայացնում է հայագիտությանը ցարդ անհայտ մնացած մի ուշագրավ իրողությունՙ Հոլանդիայում հայերենով հետաքրքրված առաջին անձնավորության բացահայտումը...
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Նիդեռլանդների համալսարանների հայերենի առաջին ամբիոնը բացվեց միայն 1994 թ., հոլանդացի հայագետ Յոս Վեյտենբերգի ջանքերի շնորհիվ: Նա Լեյդենի համալսարանում մեծ աշխատանք է իրականացրել հայերեն լեզվի եւ հայկական մշակույթի ուսումնասիրության բնագավառում: Ցավոք, տնտեսական ճգնաժամի պատճառով այս ամբիոնը 2009 թ. փակվեց: Սակայն սա բոլորովին չի նշանակում, որ առհասարակ հայագիտությունը Նիդեռլանդներում ընդամենը տասնհինգ տարվա պատմություն ունի: Դեռ 17-րդ դարի առաջին կեսին, Հոլանդիայի հայագիտության ակունքներին մոտ կարող ենք համարել մի վաղամեռիկ երիտասարդի, որին էլ նվիրված է այս հոդվածը
Սույն տարվա հունիսից մինչեւ սեպտեմբեր Ամստերդամում հայկական գրատպության 500-ամյակի շրջանակում մեծ ցուցադրություն է տեղի ունեցել: Բացի Երեւանից բերված ցուցանմուշներից, այստեղ ցուցադրվել են մեծաթիվ հայկական հնատիպ գրքեր եւ ձեռագրեր, որոնք պահվում են Լեյդենի եւ Ամստերդամի համալսարանների գրադարաններում: Ամստերդամի գրադարանում հայտնաբերվեց մի տետրակ, որի մեջ անվարժ ձեռագրով գրված են Աստվածաշնչի հատվածներ լատիներենով եւ հայերենով: Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ գրությունների նպատակը հայերեն սովորելն է եղել: 15 x 19,5 սմ չափով տետրակը կազմված է 40 երկծալ թղթերից, ընդամենըՙ 80 թերթ, կամ 160 էջ:
Արտագրված բոլոր տեքստերը վերցված են Նոր Կտակարանից, մեծամասամբ ավետարաններից, մի քանի հատվածներ նաեւ Պողոս Առաքյալի նամակներից եւ Գործք Առաքելոց գրքից: Առաջին 52 էջերը նվիրված են Մատթեոսի ավետարանին, որի առաջին գլուխը գրեթե ամբողջությամբ է արտագրված, առանց թարգմանության, կարծես թե հայերենի այբուբենը յուրացնելու նպատակով: Այնուհետեւ երկու սյունով գրված են լատիներեն եւ հայերեն համապատասխան տեքստերը եւ ընտրվել են մասնավորապես հայտնի հատվածներ: Մատթեոսի 16:18 հայատառ տողերի կողքին գրվել է նաեւ հայերենի լատինատառ տառադարձությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ գրելու պահին Դիոնիսիոսի կողքին հայ կամ հայերեն իմացող մարդ է կանգնած եղել: Լատիներեն եւ հայերեն տեքստերում ընդգծվել են համապատասխան որոշ բառեր եւ բառակապակցություններ, ինչը հուշում է, որ (արտա)գրողը հայերենի որոշ իմացություն ուներ արդեն, կամ հայերենի ուսուցիչ ուներ, որ նրան ցույց է տվել, թե հայերեն եւ լատիներեն որ բառերն են իրար համապատասխանում: Մի տեղում էլ հետաքրքրական սխալ կաՙ «եղբայր» բառի փոխարեն «եղդայր» է գրված, եւ կարելի է մտածել, թե բնագիրն է պարունակել այսպիսի սխալ:
Ձեռագիրը մինչ օրս լուրջ ուսումնասիրության առարկա չի եղել: Հայտնի է միայն գրածների հեղինակի անունըՙ Դիոնիսիոս Վոսսիուս, ինչպես նաեւ մոտավոր տարեթիվըՙ 1629-1631 թթ.:
Դիոնիսիոսի հայրը Նիդեռլանդների Ոսկեդարի անվանի աստվածաբան, լեզվաբան, պատմաբան եւ հումանիստ Գերարդուս Յոհաննես Վոսսիուսն (1577-1649) էր: Նա իր առաջին ամուսնությունից երեք զավակ է ունեցել, երկրորդ ամուսնությունից ինըՙ վեց որդի ու երեք դուստր: Գերարդուսն իր բոլոր զավակներին վաղ տարիքից ուսուցանում էրՙ ուսումը խաղ դարձնելով: Օրինակ, ապակե գնդիկների վրա տառերով թղթեր էր կպցնում: Եթե երեխան տառի անունը գիտեր, ստանում էր գնդիկը խաղալու համար, իսկ եթե տառը մոռանում էր, ստիպված էր վերադարձնել գնդիկը: Երեխաները շատ շուտ նաեւ լատիներեն են սովորել: Հայրը նկարներ էր ցույց տալիս աստվածաշնչյան պատմությունների տեսարաններով, որոնց վրա պատկերված բոլոր իրերը լատիներեն անուններով էր նշում:
1612 թվականին ծնված Դիոնիսիոսը ամենայն հավանականությամբ Գերարդուսի ամենատաղանդավոր որդին է եղել: Առաջին դասերը հայրիկից ստանալուց հետո, Լեյդեն քաղաքում նրանց տանը հունարեն, լատիներեն եւ պատմություն է սովորել համալսարանի պրոֆեսորների հետ: Տասը տարեկանում Դիոնիսիոսն արդեն դասախոսությունններ է լսել Լեյդենի համալսարանում, տասնհինգ տարեկանում որպես ուսանող ընդունվել արեւելյան լեզուների ամբիոն: Արաբերենից ասացվածքներ է թարգմանել լատիներեն եւ 16 տարեկանում լրացրել եւ վերահրատարակել է Ռաֆելենգիուսի Արաբերենի բառարանը: Հին Կտակարանը եբրայերենով է կարդացել (մինչեւ տասներկու տարեկան դառնալն արդեն երկու անգամ ամբողջովին կարդացել էր), եւ տիրապետում էր ֆրանսերեն, իտալերեն ու իսպաներեն լեզուներին: Զբաղվել է նաեւ մաթեմատիկայով:
1631 թվականին Վոսսիուսների ընտանիքը տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ հայրը Ամստերդամի համալսարանի (սկզբում «Աթենեում Իլուստրե» անվամբ) հիմնադիրներից մեկն է դարձել: Դիոնիսիոսը նշանակվել է քաղաքի գրադարանի վերահսկիչ: Նիդեռլանդների պատերազմների պատմությունը թարգմանել է լատիներեն: Պորտուգալացի հրեա գիտնական եւ տպագրիչ-հրատարակիչ Մենասե բեն Իսրայելի հետ ուսումնասիրել է եբրայական գրականություն:
Հավանաբար դեռեւս Լեյդենում է Դիոնիսիոսը զբաղվել հայերենով: Հետագայում նրա հայրը գրելու էր, որ տղան ինքնուրույն է սովորել հայերենը, սակայն լեզվի հիմքը (այբուբենը, արտասանությունը) յուրացնելու համար գրեթե հաստատ է, որ օգնություն է ստացել: Թե ով է եղել նրա ուսուցիչը, ստույգ հայտնի չէ, սակայն հնարավոր է տարբեր վարկածներ առաջարկել:
1611 թ. հոլանդական առեւտրական «Արեւելահնդկական ընկերությունը» Նոր Ջուղայում գրասենյակ է բացել, որպեսզի Պարսկաստանից Հոլանդիա մետաքս բերեն: Շուտով առաջին ջուղայեցի հայ վաճառականները հայտնվում են Ամստերդամում: Հնարավոր է, որ նրանցից մեկը Դիոնիսիոսին օգնած լինի հայերենի ուսուցման մեջ, չնայած որ այն ժամանակ տղան դեռ չէր տեղափոխվել մայրաքաղաք: Լեյդենը, սակայն, հեռու չէ Ամստերդամից, նաեւ այն ժամանակներում նավակով, գետով ճամփորդելը հեշտ չէր:
Թերեւս ավելի հավանական է մեկ այլ վարկածը: Լեյդենի համալսարանում դասավանդել է արեւելագետ Թոմաս Էրպենիուսը (1584-1624թթ.), նա ձեռնամուխ է եղել բազմալեզու Նոր Կտակարան հրատարակել: Գիրքը բաղկացած պետք է լիներ Նոր Կտակարանի լատիներեն, հունարեն, արամեերեն, արաբերեն, եթովպերեն եւ հայերեն տարբերակներից: Հրատարակությունը չի իրականացել Էրպենիուսի մահվան պատճառով: Մինչ այդ նա հասցրել էր ուսուցանել Դիոնիսիոսին, ում հետ հավանաբար նաեւ խոսել է իր նախատեսած գրքի մասինՙ հաշվի առնելով տղայի հակումը օտար լեզուների հանդեպ: Էրպենիուսի մահից հետո համալսարանում նրա պաշտոնը ստանձնեց նրա տաղանդավոր աշակերտ Յակոբ Գոլիուսը, որ նույնպես արաբագետ էր, բայց ավելի մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում հայերենի հանդեպ, քան իր ուսուցիչը: Գոլիուսը չորս տարի անցկացրեց Մերձավոր Արեւելքում, որտեղ կատարելագործեց իր արաբերենը, թուրքերենը, պարսկերենն ու հայերենը: 1629 թ. նա վերադարձավ Լեյդենՙ իր հետ բերելով հարյուրավոր ձեռագրեր, մասամբ համալսարանի գրադարանի, մասամբ նաեւ սեփական գրադարանի համար: Լեյդենում նա դարձել էր Դիոնիսիոսի ուսուցիչը, ճիշտ այն ժամանակ, երբ Դիոնիսիոսը սկսել էր հայերեն սովորել, եւ շատ հավանական է, որ Գոլիուսի բերած ձեռագրերից մեկն է եղել Դիոնիսիոսի բնագիրը:
Պարզ է, որ Դիոնիսիոսի ձեռքին հայերեն Նոր Կտակարան կամ Աստվածաշունչ է եղել, ձեռագիր մատյան իհարկե, քանի որ Դիոնիսիոսի մահից 33 տարի անց միայն (1666 թ.) Ոսկան Երեւանցին Ամստերդամում լույս ընծայեց հայալեզու առաջին տպագիր Աստվածաշունչը եւ 1668 թ. առաջին տպագիր Նոր Կտակարանը: Եթե հայերեն սովորելու համար Դիոնիսիոսի օգտագործած բնագիրը Գոլիուսի վերը նշված գրադարանից էր վերցված, ուրեմն, այն այժմ գտնվում է Անգլիայում, Օքսֆորդ համալսարանի Բոդլեյան գրադարանում, որտեղ պահվում են բազմաթիվ հայկական ձեռագիր Նոր Կտակարաններ:
1633 թվականի աշնանը Դիոնիսիոսը հիվանդանում է ծաղիկով: Հոկտեմբերի 25-ի առավոտյան երիտասարդն իրեն բավականին լավ է զգացել եւ լավ տրամադրությամբ զրուցել հարազատների հետ: Օրվա կեսին, սակայն, նրա վիճակը կտրուկ ծանրացել է, եւ մինչեւ երեկո պատանին մահացել է ընդամենը քսանմեկ տարեկան հասակում: Հոր ընկերներից մեկը մեծանուն հոլանդացի բանաստեղծ Յոստ վան դեն Վոնդելը, մխիթարող բանաստեղծություն է գրում
«Ինչ ես ողբում դու, ով իմաստուն աղվես [1],
Ինչու է վշտից ճակատդ խորշոմել:
Մի խնդրիր, որ որդիդ ետ դառնա երկնքից:
Երկինքն է նրան ձգտում, ախ, թող որ գնա:
Եվ այսպես մահը վերջ է դրել տաղանդավոր երիտասարդի ուսումնասիրություններին, որոնք կկարողանային նրան դարձնել Հոլանդիայի առաջին հայագետը:
1. Վոսսիուս ազգանունը Vos ազգանվան լատինացված տարբերակն է: Հոլանդերեն vos բառը նշանակում էՙ աղվես: