Տարիների ընթացքում «Ազգի» խմբագրությունը Հայաստանի եւ Սփյուռքի հեղինակներից ստացել է պատկառելի քանակությամբ գրականություն, որով եւ ձեւավորվել է խմբագրատան գրադարանը: Այսուհետեւ կփորձենք ներկայացնել «Ազգի» նոր ստացած գրքերը եւ դրանց համառոտ նկարագիրը:
- «Մովսես Խորենացի, Ստեփանոս Սիւնեցի, Յովհան Մանդակունի. Օրհներգեր» (գրաբար եւ աշխարհաբար)ՙ աշխատասիրությամբՙ Հենրիկ Բախչինյանի: Երեւան, «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո», «ARS POETICA» մատենաշար, 2011, 724 էջ: Լույս է տեսել «Հայկական ծրագրեր» ընկերության աջակցությամբ:
Գիրքը բովանդակում է Մ. Խորենացու, Ստ. Սյունեցու (Ա) եւ Հովհ. Մանդակունու օրհներգերը, որոնցով ամբողջանում է Ոոսկեդարի հայ օրհներգությունը: Գիրքն ունի հավելված, ծանոթագրություններ, ինչպես նաեւ Սահակ-Մեսրոպյան դպրոցը ներկայացնող երեք օրհներգուներին նվիրված քննական ակնարկ:
- «Հայկական Սփյուռք: Տարեգիրք (ՀՀ Սփյուռքի նախարարություն (հայերեն-անգլերեն): Կազմողՙ հեղինակային խումբ. Հրանուշ Հակոբյան եւ ուրիշներ: Երեւան: «Նորք գրատուն» հրատ., 2011, 542 էջ:
ՀՀ Սփյուռքի նախարարության համահայկական «Սփիւռք տարեգիրք» ծրագրի նպատակն է ստեղծել Սփյուռքում եւ Հայաստանում տեղի ունեցած բոլոր կարեւորագույն իրադարձությունների, ձեռնարկների, հայկական կառույցների պատմությունը: Տարեգիրքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում ՀՀ գերատեսչությունների, հոգեւոր կառույցների, համահայկական կազմակերպությունների, հայ համայնքների, առանձին անհատների կողմից իրականացված ծրագրերին, հիշարժան իրադարձություններին:
- Վահէ Պալատունի, Ջօն Գէրի «Հմայակ Շէմս. Անարատ ոգու բանաստեղծը» : Երեւան, ԳԱԹ, 2012, 140 էջ: Անգլերենից թարգմանությունըՙ Սամվել Մկրտչյանի:
Ուսումնասիրությունը ներկայացնում է սփյուռքահայ անվանի գրող Հմայակ Շեմսի կյանքն ու գործունեությունը, 1915-ի Հայոց եղեռնի ժամանակ ընտանիքն ու տունը կորցրած, հոգեկան աշխարհը խարխլված աստանդական բանաստեղծի ինքնամեկուսացման հաղթահարումը, հայ ինքնության եւ ոգու երգչի կայացումը:
- Հենրիկ Բախչինյան. «Շարականի գրապատմական ուղին» (5-14-րդ դարեր), Երեւան, «Ամարաս» հրատ., 2012, 356 էջ: Գրքի հովանավորն է ամերիկահայ անվանի գործարար եւ բարերար Կարո Արմենը:
Գիրքը ներկայացնում է շարականների բանասիրական-գրականագիտական համապարփակ քննությունը: Աշխատության մեջ հնարավորինս ճշտված են շարականների հեղինակները, որոնց շարականագրական ժառանգությունը դիտարկված եւ արժեւորված է ժամանակագրական կարգով, իբրեւ միջնադարյան հայ քերթության նախնական եւ շուրջ հազարամյա ընթացք ունեցած եւ գաղափարական բարձր արժեքներ արձանագրած ինքնատիպ բաժին:
- Լեւոն Վարդան. «Հարկերը Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւններուն մէջ- ԺԵ-ի դար, Բ հատոր (Լ-Ֆ)» : Բնագիրը հրատարակության պատրաստողՙ Կարո Աբրահամյան, Բեյրութ, 2012, 423 էջ:
Հատորն ամփոփում է սփյուռքահայ անվանի գրող, գրադատ, մանկավարժ եւ պատմաբան Լեւոն Վարդանի ուսումնասիրություն-բառարանի երկրորդ հատորըՙ օսմանյան եւ պարսկական կայսրություններում 15-20-րդ դարերում տարածված տուրքերի մասին: Հեղինակը ներկայացնում-վերլուծում է մի քանի հարյուրից ավելի տուրքՙ հիմնվելով առավելաբար օսմանյան հարկային կանոնակարգերի վրա, որոնք հետազոտել է ավելի քան 30 տարի: