ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդական/հյուպատոս
Կիսով չափ կքած, տարիքն ուսած, դժվարաշարժ, սակայն հստակ աչքերով, պայծառ ուղեղով եւ որոշում կայացնելու բացառիկ կարողությամբ: Այսպիսինն է իմ տպավությունը մի մարդու մասին, որն արդեն շուրջ 60 տարի ապրում է համայնքային հոգսերով, լուծումներ է տալիս խնդիրներին, հարգանք է վալելում ու պատկառանք ներշնչում: Պերճ Մարգարյանը Ռումինիայի Հայոց միության խորհրդի քարտուղարն է:
Ռումինիան բացառիկ երկիր է հայկական ինքնության տեսանկյունից: Սա մի երկիր է, ուր հայն ունի հսկայածավալ մշակութային ժառանգություն, ուր հայը հիմնել է իր քաղաքը ու կոչել այն Հայաքաղաք (Արմենոպոլիս), այսօր` Գեռլա, ուր ամեն քայլափոխի հայկական եկեղեցիներ են, ուր ամեն քաղաքում հայկական անունը կրող փողոցներ կան, բայց... հայերեն խոսող հայեր արդեն գրեթե չկան, եթե չհաշվենք այն մի քանի տասնյակ նորերին, որ 90-ականներին են տեղափոխվել այստեղ, եւ շատ փոքրաթիվ բուն ռումինահայերին, ովքեր հայեցի լինելն ու հայերեն խոսելը իրենց կյանքի առաջնահերթությունն են համարել, բայց որոնց միջին տարիքն արդեն հիսունն անց է: Ռումինիայում կա մի քաղաք` Սուչավա անունով, ուր 5 հայկական եկեղեցի կա եւ միայն թվով 20` ոչ հայախոս հայեր, իսկ Գեռլայում, որի ամեն մի տուն, ամեն մի փողոց, ամեն մի եկեղեցի հայկական մի տարր ունի իր մեջ, բայց կաթոլիկ եւ փոքրաթիվ դարձած հայությունը աստիճանաբար բոլոր եկեղեցիները հանձնել է. բա ինչպես վարվեին, ամեն հայորդուն մեկ եկեղեցի կհասներ...
Բացառիկ երկիր է Ռումինիան:
Բուխարեստի հենց կենտրոնում կա մի շքեղ հայկական եկեղեցի, ուր ամեն կիրակի պատարագ է տրվում, ռումինացիները հայերեն պատարագ են երգում, իսկ պատարագի ավարտին` Սրբազանի քարոզները թարգմանվում են ռումիներեն: Եկեղեցին, որ կրում է Միքայել եւ Գաբրիել սուրբ հրեշտակապետաց անունը, հիմնարկվել է 1915 թվականին: Քաղաքի ծայրում գաղթականներին հող են տվել, ուր նրանք եկեղեցի են կառուցել, ջուրջբոլորն էլ իրենց տներն են կառուցել եւ փողոցն անվանել են Հայկական (Արմեանեսկա): Այսօր, շուրջ 100 տարի անց, եկեղեցին հայտնվել է Բուխարեստի կենտրոնում, եկեղեցու հարեւանությամբ դեռեւս ձգվում է Արմեանեսկա փողոցը, որի միայն հատուկենտ տների տերերն են հայեր, եւ հենց նույն վայրում էլ գտնվում է հայակական կենտրոնը` Բուխարեստի Հայոց միությունը:
Միության խորհրդի նախագահը Վարուժան Ոսկանյանն է, այնքան հանրահայտ մի անձնավորություն ողջ Ռումինիայում, որ եթե մեկին ասում ես, որ հայ ես, առաջին արձագանքը լինում է. Ա~~, Ոսկանյան:
Հայ սենատորը պարզ, բնական, ջերմ ու կարող` առանց ձեւերի ու ձեւականությունների, առանց ավելորդ ցուցամոլության, քաղաքում ծնված, քաղաքում մեծացած, քաղաքի բարքերին սովոր, վստահ, առանց կոմպլեքսների անձնավորություն է, ու, երեւի, նրա այդպիսին լինելուն օգնում է նաեւ բարձր հասակը եւ աչքի ընկնող արտաքինը: Ոսկանյանի մասին սկսեցի ինձ համար ամենակարեւորից` անձ-մարդու որակ-տեսակից, բայց Վարուժան Ոսկանյանը, որ նախկին նախարար է ու այսօրվա սենատոր, նաեւ ճանաչված, համարձակ ու խրոխտ քաղաքական գործիչ է, այնպիսին, որի խոսքը կարեւորվում եւ արժեւորվում է Ռումինիայի ե՛ւ իշխող, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, քաղաքական կուսակցության վարչության անդամ է, նաեւ հրապարակախոս է, բազմաթիվ հոդվածների հեղինակ:
Իսկական քաղաքացի է Վարուժան Ոսկանյանը, իր երկու հայրենիքներին նվիրված անհատ: Ու նաեւ գրող է Վարուժան Ոսկանյանը, հայ գրող, նուրբ, զգացական, բայցեւ խորը, մտածող: Ուրույն ոճ ունի ու լուրջ ասելիք: Նրա «Շշուկների մատյանը» կարող է ձեռնարկ դառնալ հայ պատմագիրների ու գրականագետների համար:
Ես գրականագետ չեմ, եւ ոչ էլ նպատակս է գնահատել նրա այս վեպը, բացահայտել, ժամանակը կգա, եւ մասնագետները դա կանեն, առավել եւս, որ նա եւ Ռումինիայի եւ Հայաստանի գրողների միության անդամ է, ես միայն ասեմ, որ Վարուժանի «Մատյանը» ընթերցելիս անվերջ Մարկեսին էի հիշում, երբեմն էլ` Այթմատովին: [*]
Բացառիկ երկիր է Ռումինիան: Մարդահամարի տվյալներով այս երկրում ընդամենը 1800-2000 հայ է ապրում, որի 80 տոկոսն էլ հայախոս չէ: Սակայն նույն այս երկրում մի այնպիսի հայկական կառույց կա, որը կարող է շատ մեծ համայնքների նախանձը շարժել:
Սկսենք նրանից, որ Ռումինիայի կառավարությունն ամեն տարի որոշակի գումար է հատկացնում փոքրամասնություններին`ազգային ինքնությունը պահպանելու եւ մշակույթը զարգացնելու նպատակով:
Բացառիկ երկիր է Ռումինիան, բազմաթիվ ազգեր կողք-կողքի ապրում են, աշխատում, սովորում, զարգացնում լեզուն ու մշակույթը, կառավարությունը օժանդակում է դրան, բայց որեւէ խլրտում, անհանդուրժողականության դրսեւորում չկա, մարդիկ իրար չեն ծեծում, չեն վիրավորում ազգային պատկանելության պատճառով, նույնիսկ այն դեպքում, երբ պետական մակարդակով կան անհարթ խնդիրներ հարեւանների հետ:
Հայկական քաղաքական կուսակցություններ Ռումինիայում գոյություն չունեն, օրենքը թույլ չի տալիս: Կառավարությունը գումարը տալիս է Ռումինիայի Հայոց միությանը:
Գումարը տնօրինում է միության խորհուրդը եւ տարեվերջին հաշվետվություն ներկայացնում կառավարությանը:
Փոքր, բայց հարուստ ներուժով հայ համայնք ունի Ռումինիան, իմ կարծիքով մեր ինտելեկտուալ համայնքներից մեկն է աշխարհում (աշխատանքիս բնույթով շատ համայնքների մասին տեղեկացված եմ), անշուշտ նկատի ունենալով տոկոսային հարաբերությունը: Այս երկրում մեր հայրենակիցները հիմնականում մտավորականության ներկայացուցիչներ են` բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, ինժեներներ, լրագրողներ, գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ, հասարակական գործիչներ, անգամ քաղաքական գործիչներ, նաեւ գործարարներ, եւ միայն շատ փոքր թվով` առեւտրով զբաղվողներ: Վերջիններս հիմնականում հայաստանցիներ են, ովքեր 90-ականներին այս կամ այն ճանապարհով հանգրվան են գտել այս երկրում: Հայաստանցիներից ոմանք նախկինում Հայաստան ներգաղթած ռումինահայերի ժառանգներն են, ովքեր ետ են վերադարձել նախնիների հայրենիքը, բայց դժվարանում են ինտեգրվել, մերվել բուն ռումինահայերի հետ, որովհետեւ, ինչպես իրենք են արտահայտվումՙ «Հայաստանում ախպար էին, այստեղ էլ հայաստանցի»:
Սա, անխոս լուրջ խնդիր է եւ բնորոշ ոչ միայն Ռումինիային. վերլուծությունները եւ եզրահանգումները թողնենք մասնագետներին, միայն նշեմ, որ չնայած եւ Միության եւ Առաջնորդարանի ջանքերին, հայերն այստեղ եւս կիսվում են «մենք»-ի եւ «նրանք»-ի: Այսուհանդերձ, մեկ կողմի բնածին քաղաքակրթությունը եւ մյուսի` բնական շահերը, ռումինահայությանը դարձնում են մեկ ամբողջություն` բոլոր ազգային հարցերում:
Հայոց միությունն ունի կիրակնօրյա դպրոց, հրատարակում է «Արարատ» եւ «Կռունկ» պարբերականները, թողարկում է կայքէջ, ունի հրատարակչություն` Եվրոպայում այսօր գործող սակավաթիվ հայատառ տպարաններից մեկով: Նշյալ բոլոր ճյուղերում աշխատում են մասնագետներ եւ ստանում են աշխատավարձ Հայոց միության կողմից, այն գումարից, որը տրամադրում է Ռումինիայի կառավարությունը:
Միության աջակցությամբ է նաեւ, որ ռումինահայ երիտասարդները, հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր պետական համահայկական ծրագրերին:
Առաջնորդարանը հարակից է եկեղեցուն եւ հայոց կենտրոնին: Սա այն տունն է, ուր ապրել եւ աշխատել է մեր մեծերից մեկը` Վազգեն Առաջինը, մինչ Ամենայն հայոց կաթողիկոս դառնալը:
Այսօր այս տանն ապրում է եւ ռումինահայոց թեմն է առաջնորդում Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Հակոբյանը, որն այս պաշտոնում ընտրվել է 2010-ին: Երիտասարդ, ծրագրերով լի, պրպտուն, եռանդուն ու շարժուն անձնավորություն է Սրբազանը, փորձում է ամեն ջանք գործադրել համայնքը դեպի իր ինքնությունը վերադարձնելու, հայկական ավանդները հայոց մեջ տարածելու, ռումինական ազգանուններով բայց հայկական արմատներով, արդեն իրենց հայ չհամարող անձանց հայոց եկեղեցու հետ կապելու եւ դեպի համայնք վերադարձնելու հարցերում: Ու կարծես թե հաջողում է: Ըստ առաջնորդի ուսումնասիրությունների, ռումինահայոց թիվը մոտենում է 5000-ի, բայց շատ աշխատանք է հարկավոր այդ ամենը ճշգրտելու եւ հաստատելու համար:
Ռումինիայի Հայոց միության եւ առաջնորդարանի աշխատանքը միահյուս է եւ ուղղորդված առավելապես երիտասարդությանը հայ պահելու հարցին, շատ դժվարին մի առաքելություն, որի համար եւ մեծ ջանքեր են պետք եւ գումար` բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումների, դասընթացների, դասախոսությունների, հոդվածների, տպագրությունների ու թարգմանությունների, ֆիլմերի պատրաստման ու ցուցադրման, փառատոների մասնակցության եւ այլնի ու այլնի համար: Արվում է, շատ բան է արվում փոքր ուժերով: Եվ հենց այստեղ էլ անհրաժեշտ է Հայաստանի մշտական զորակցությունը: (Թեմայից շեղվելով ուզում եմ երախտիքս արտահայտել ՀՀ Սփյուռքի եւ ԿԳ նախարարություններին այն ջերմ, համբերատար, կառուցողական եւ ընդգծված վերաբերմունքի համար, որ արժանացրել են ռումինահայ երիտասարդներին` նրանց համահայկական միջոցառումներում ընդգրկելու համար):
Հայոց կենտրոնում, եկեղեցու դիմաց կա եւս մեկ շենք, որը հայտնի է որպես Դուդյան թանգարան: Թանգարանն իրավամբ կարելի է համարել մատենադարանի մասնաճյուղ, այնպիսի հարուստ գրադարան ունի եւ այնքան հարուստ նյութեր, որ... պարզապես պետք է լինել այնտեղ:
Տարօրինակ է...
Երբ ես սկսեցի գրելը, ցանկություն ունեի ակնարկ ներկայացնել համայնքի ամենատարեց եւ ամենավաստակաշատ անձերից մեկի` Պերճ Մարգարյանի մասին, ուզում էի, որ հայ ընթերցողն էլ ճանաչի նրան, բեղուն գործունեությամբ այդ հայորդուն: Մտքերս ինձ շեղեցին, եւ ես ձեզ ներկայացրեցի շատ հպանցիկ, բայցեւ բնորոշ նկարագրությունը մի համայնքի, որի հետ աշխատանքն ինձ համար հաճույք էր ու հարստացում: Բայց ավարտին հասկացա նաեւ, որ այնուամենայնիվ ես նպատակիցս շատ չեմ հեռացել, որովհետեւ այն ինչ կա այսօր այս համայնքում եւ ինչ արվում է, նաեւ նրա` Պերճ Մարգարյանի 60 տարիներ շարունակվող հոգատար ու պարտաճանաչ աշխատանքի ներդրումն ունի իր մեջ:
Ես միտումնավոր անուններ չեմ նշել, թերեւս դա կանեմ ավելի ուշ, երբ հեռու կլինեմ եւ հիշողությամբ կվերադառնամ այս մարդկանց մոտ, իմ նոր բարեկամների, ընկերների մոտ, մեկիկ-մեկիկ կներկայացնեմ նրանց, ում ամենօրյա սովարական կյանքի նկարագրությունը նաեւ իմ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ` սփյուռքահայի մասին պատում կլինի:
Մի քանի օրից ես կավարտեմ այս երկրում իմ աշխատանքը եւ տուն կվերադառնամ, կվերադառնամ լեցուն տպավորություններով եւ հարստացած նոր բարեկամներով:
Իսկ հիմա պարզապես ուզում եմ ասել.
- Շնորհակալություն Ռումինիա:
- Շնորհակալություն ռումինահայ համայնք:
Ես ձեզ շատ սիրեցի եւ ուրախ եմ մեր հանդիպման համար:
Բուխարեստ, 15.09.2012 թ.
* «Ազգ»-ը նախորդ համարում ընդարձակ անդրադարձ է կատարել «Շշուկների մատյանին» - խմբ.:
Նկար 1. Հոդվածագիրը Պերճ Մարգարյանի հետ։
Նկար 2. Հայկական փողոց Բուխարեստում։