ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր
Ալիս Նավասարգյանի «Անմահները» գրքում («The Immortals», California, 2012) հայոց պատմության էջերը առասպելականի ու իրականի շաղախով կենդանանում, գունավորվում ու պատկերավորվում են` ստեղծելով այդ պատմությունը կերտողների նկարազարդ տարեգրությունը: «Անմահները» հեղինակի տքնաջան պրպտումների եւ աշխատանքի հերթական արդյունքն է` նպատակադրված միջազգային հանրությանը ներկայացնելու հայ ժողովրդի մշակույթի ու պատմության բազմաբովանդակ ու անսպառ շտեմարանը: Արտացոլված նյութը հսկայածավալ է, այն մասն է հայոց պատմամշակութային ժառանգության եւ, գերազանցապես, Պարսկահայքին առնչվող արժեքների եւ իրողությունների:
Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ, մեծ շուքով եւ գինեձոնի արարողությամբ ուղեկցված գրքի շնորհանդեսը աննախադեպ հաջողությամբ տեղի է ունեցել 2012 թ. հունիսի 28-ին Լոս Անջելեսի Արեւմտյան թեմի առաջնորդարանի Նազարեթ եւ Սիմա Գալայջյան սրահում, ուր հավաքվել էր շուրջ 500 հայ եւ օտարազգի արվեստասեր հանդիսատես: Իրադարձությունը լայն արձագանք է ստացել մամուլում, իսկ գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է «Էջմիածին» մանկական ֆոնդին:
Գիրքը ստեղծվել է հայրենասիրական մեծ պաթոսով եւ ընթերցողին հաղորդակից է դարձնում Հայաստանի պատմական անցյալին, օգնում ըմբռնելու նրա մշակույթի առանձնահատուկ դիմագիծն ու առաջադիմական միտումը:
Նավասարգյանը խորին երախտագիտություն է հայտնում այն մասնագետներին, որոնք կարեւորելով իր կատարած աշխատանքը, ոգեւորել ու ոգեշնչել են շարունակելու այս ազգօգուտ գործը: Անվանի ու ճանաչված հեղինակների` Գ. Գյոդակյանի, Ա. Փահլեւանյանի, Ե. Ղազանչյանի, Ս. Թոփչյանի, Ա. Հարությունյանի եւ Շ. Խաչատրյանի կարծիքները տեղ են գտել գրքի առաջին էջերում:
Հեղինակը հետամուտ չէ հայ մշակույթի ու պատմության հետեւողական զարգացման լուսաբանմանը, երբեմն մոռացված են նշանակալից գործիչների անուններ, նկատելի են հերթականության ընդհատումներ, սակայն սրանք չեն խանգարում ներկայացնելու հայ մշակույթի խորքային շերտերը, մշակութային սխրանքների հարատեւ ուղին, որով ամբողջանում է հայ ժողովրդի պատմամշակութային նկարագիրը: Այդ նյութի բնորոշ զգացողությամբ հեղինակն իր գիրքը սկսում է Ջրհեղեղից հետո Արարատի փեշերին իջած Նոյին ու տապանում փրկվածներին պատկերող Հ. Այվազովսկու նկարովՙ մեկ անգամ եւս հիշեցնելով Արարատ լեռան անվան հավերժող կապը հայ ժողովրդի պատմական բնօրրանի հետ:
«Պատմագրական աշխատությունների նկարազարդ անթոլոգիա եւ պարսկահայերի համառոտ պատմություն» խորագրի ներքո միմյանց են հաջորդում ազգի մեծերին, նրանց անմահ գործը պատկերող ու մեկնաբանող գունավառ էջերը:
Հայրենիքի ու Պարսկահայքի միահյուս ընթացքը եւ այդ ընթացքի կայացմանը իրենց նպաստը բերած գիտնականների, արվեստագետների, առանձնահատուկ փայլ հաղորդած ականավոր վարպետների համաստեղությունն առ այսօր չի ներկայացվել նման մեկ ամբողջական հատորում, մի շքեղ մատյանում, որն առանձնանում է իր գեղարվեստական ձեւավորումով ու մշակութային խոր իմացությամբ:
Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Մ. Սարյանի կտավներով, Ալ. Թամանյանի ճարտարապետական կոթողներով, հնադարյան եկեղեցիների լուսանկարներով ու վիմագրական նկարներով ի ցույց են դրվում ժողովրդի պատմական հիշողությամբ իմաստավորված ավանդությունները, ճակատագրական իրադարձությունները, մշակութային նվաճումները:
Ա. Նավասարգյանը հայ մշակույթի նվիրյալներից է. նրա բեղմնավոր եւ հայրենանվեր գործունեությունը ուղղորդված է հայ մշակույթի ու պատմության ամենատարբեր ոլորտների ներկայացմանը` լինի դա կերպարվեստ թե բեմական արվեստ, գեղարվեստական պատմագրություն թե պատմություն` արտացոլված գեղարվեստական մշակույթում:
Անմահներին նվիրված այս գիրքը կաշառում է պատկերազարդ նյութի անօրինակ առատությամբ եւ բազմազանությամբ: Այն հիմնված է նաեւ հեղինակին պատկանող կերպարվեստի նմուշների, գեղարվեստական արժեք ունեցող իրերի, ինչպես նաեւ պատմագրական աշխատությունների ու աղբյուրների հարուստ հավաքածուների վրա: Այստեղ տեղ են գտել մշակույթի անվանի գործիչներ, քաղաքական դեմքեր, խոշոր առեւտրականներ ու բարերարներ, որոնցից շատերը չեն սահմանափակվել ազգային գործունեությամբ, այլեւ անջնջելի հետք են թողել Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման գործընթացում: Ճակատագրի բերումով եւ քաղաքական հանգամանքների թելադրանքով նրանք ապրել եւ աշխատել են Հայրենիքից դուրս, սակայն հստակ գիտակցել են ազգային ինքնության ու ազգային արժեքների պահպանման առաջնայնությունը:
Ալ. Մանթաշյանցի, Թումանյան եղբայրների, Մ. Արամյանցի եւ անմահների շարքում տեղ գտած այլ բարերարների շնորհիվ են հայ մշակույթի երախտավորներից շատերը, ի շարս այլոցՙ Կոմիտաս վարդապետը, հնարավորություն ստացել ուսանելու, կրթվելու եւ իրենց անգնահատելի նպաստը բերելու հայ մշակույթին: Նավասարգյանի գրքի խորհուրդը իսկապես արդիական է թե՛ բարեգործական ինստիտուտի ավանդույթները գնահատելու եւ թե՛ դրանց անհրաժեշտ զարգացման շեշտադրումը ընկալելու դիտակետից: Մյուս կողմից, անցյալի ավանդույթները նոր սերունդներին պատկերավոր ձեւով հաղորդելու միտումը փաստագրական նյութին տեսողական ու զգայական արտահայտչականություն է հավելում: Գեղագիտական ու ճանաչողական տեղեկատվությամբ մշակութային իրողություններն ու պատմական դրվագները լուսանկարչական ճշգրտությամբ են ամրապնդվում ընթերցողի հիշողության մեջ:
Հեթանոս Հայաստանի վիրտուալ ներկայությունն են մարմնավորում Գագո Հովհաննիսյանի սյուժետային կտավները` հեթանոսական ծեսերի, արարողական հանդիսությունների բազմապլան մեկնությամբ: Այսպես, միմյանց են հաջորդում հեթանոս ու քրիստոնյա ժամանակները լուսաբանող հայ պատմիչների` Խորենացու, Բյուզանդի, փիլիսոփա, բանաստեղծ-երաժիշտների` Նարեկացու, Շնորհալու եւ բազում մտածող-գիտնականների երկերից քաղված տեքստերը` մեջընդմիջված աշխարհի տարբեր գիտական կենտրոնների գրադարաններում, արխիվներում ու թանգարաններում պահվող հնաբույր մատյաններից ու նկարազարդ գրքերից վերցված պատկերագրական նյութով:
Այս շքեղազարդ հատորում ներկայացված են նաեւ Հայոց աշխարհի թագավորական հարստություններն ու նախարարական տոհմերը, դրանց երբեմնի փառքն ու հզորությունը վկայող արձանագրություններ, քարտեզներ` Վարդանանց հերոսամարտին ու Ավարայրի ճակատամարտին ձոնված հայ կերպարվեստի վարպետներ Գրիգոր Խանջյանի, Էդվարդ Իսաբեկյանի կտավների ու վիմագրական նկարների համադրությամբ:
Հստակ եւ մատչելի անգլերեն լեզվով ընթերցողին մատուցվող այս անընդգրկելի, միեւնույն ժամանակ համակարգված եւ իմաստավորված տեղեկատվության մեջ երեւակվում են Հայաստանն ու Իրանը շղթայող «ոսկի կամուրջները», դրանց միջեւ հարատեւած պատմաքաղաքական ու մշակութային փոխառնչակցությունները:
Հեղինակի բազմամյա հավաքչական աշխատանքի արդյունքում կուտակված գեղանկարչական լայն ընտրանին, առանձին գործիչների դիմանկարներն ու քանդակներըՙ պատմական խոշոր արժեք ունեցող լուսանկարների, շքանշանների, շնորհագրերի ու շահերի հրովարտակների պատճենների խոսուն ներկայությամբ, «կերպավորում են» գրքում առաջադրված գաղափարը: Իրանում ստեղծված եկեղեցիների, ճարտարապետական շինությունների պահպանված լուսանկարներով հեղինակը իրազեկ է դարձնում հրաշակերտ կոթողների ավերված ճակատագրերին, վերանորոգված ու կանգուն հուշարձանների պատմական նշանակությանը:
Նոր Ջուղայում, Թավրիզում, Շիրազում, Սպահանում եւ այլ քաղաքներում ստեղծված հայ արվեստի բարձրարժեք նմուշների դերը խորապես կարեւորվել է 17-18-րդ դդ. հայ արվեստի պատմության մեջ: Թեհրանում է ստեղծագործել հայ դիմանկարի վարպետ, Հովնաթանյան տոհմի տաղանդաշատ ներկայացուցիչ Հակոբ Հովնաթանյանը: Թավրիզում է Հակոբ Կոջոյանը ստեղծել իր ժանրային կտավների շարքը, Թավրիզում է ծնվել աշխարհահռչակ ջութակահար Իվան Գալամյանը, որ երկար տարիներ ղեկավարել է Նյու-Յորքի Ջուլիարդ դպրոցի ջութակի բաժանմունքը եւ անուրանալի ներդրում ունի ջութակի արվեստի պատմության մեջ: Իրանին են առնչվում հայ արվեստի ու գիտության մեծերից շատերի անունները (Թամանյան, Աճառյան), որոնք գրքում ներկայացված են Մարտիրոս Սարյանի վրձնած դիմանկարներով: Իրանի բնաշխարհից ու մշակույթից ստացած տպավորությունների արգասիք են Սուրենյանցի ու Սարյանիՙ իրանական մոտիվներով ու «Շահնամե»-ով ոգեշնչված արեւելյան կտավները:
Պարսկահայ ծագում ունեցող Ալիս Նավասարգյանը առանձին նախանձախնդրությամբ է հետեւում Իրանի ու Հայաստանի շաղկապված պատմությանըՙ հղում անելով հայրենական պատմագրության ու պարսիկ հեղինակների գործերում տեղ գտած հազվագյուտ նյութերին ու լուսանկարներին: Հայ ընթերցողներից քչերին է հայտնի Էսմայիլ Ռայինի «Հայերը Իրանում» գիրքը, ուր ըստ արժանվույն գնահատված է հայերի դերը Իրանի պատմության ու մշակույթի մեջ: Օտար երկրում արմատակալած, սակայն Հայաստանի հետ երբեւէ կապերը չխզած իրանահայության մտավոր ու ստեղծագործական ներուժը արգասավորվել է պարսկական հողում:
Իրանահայ պատմաբանների, մշակույթի գործիչների, զինվորականների, առեւտրականների ու բժիշկների անունները հիշատակված են Իրանի պատմության տարբեր փուլերում, միջազգային հարաբերությունների սկզբնավորման ու արդյունավետ զարգացման գործընթացներում: Այս լուսավորչական եւ առաջադիմական առաքելությունը, որ հաջողությամբ են իրականացրել տարբեր հայ գաղթօջախների ներկայացուցիչները, արտացոլված է նաեւ հայ եւ օտարազգի հեղինակների ու ճանապարհորդների հուշագրություններում` շռայլորեն մեջբերված Ա. Նավասարգյանի գրքում: Հեղինակը վկայակոչում է դիվանագետ-արվեստագետ Ռոբերտ Ք. Փորթերին, արեւելագետ-լեզվաբան Էմիլ Դիլլոնին, Հրաչյա Աճառյանին, Մարտիրոս Սարյանին, Ալեքսանդր Թամանյանին, որոնք տարբեր առիթներով այցելել, ապրել ու ստեղծագործել են Իրանում:
Առաջին տպարանների, առեւտրական խոշոր ձեռնարկությունների ու բանկերի հիմնադրմանն ու միջազգային շուկայում ուղիներ հարթող պայմանագրերին առնչվող փաստացի նյութն ամբողջացնում է ընթերցողի պատկերացումները իրանահայության լայնածավալ ու առաջադեմ գործունեության վերաբերյալ:
Անմահ գործիչների կյանքն ու գործն այսօրինակ ընդգրկումով ու գեղատես պատկերով դեռեւս չի ամբողջացվել ու մատուցվել: «Անմահները» Ա. Նավասարգյանի տուրքն է իր ժողովրդի մշակութային անցյալին, նրա ավանդույթների պահպանման նվիրական գաղափարին:
Հեղինակը հավաքել եւ ի մի է բերել հայերեն, պարսկերեն, հնդկերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն լեզուներով գրված հարյուրավոր ձեռագրեր ու տարաբնույթ աղբյուրներ, որոնցում ամփոփված տեղեկությունների ու լուսանկարների մի մասը մեզ անհայտ է եղել:
Հնարավոր չէ ընդգրկել անընդգրկելին. նաեւ անհնար է մեկ` թեկուզ եւ մեծածավալ հատորում ամբարել ու ներկայացնել հայոց պատմամշակութային ժառանգության մեջ անջնջելի հետք թողած երախտավորներին:
Անսահման նվիրումով ու ազգային արժեքների խորը գիտակցումով ձեռնարկած «Անմահների» պատմության այս առաջին հատորով չեն ավարտվում Նավասարգյանի բեղմնավոր մտահղացումները: Իր իսկ վկայությամբ, նա եւս մի քանի հատորի նյութ է հավաքել: Հուսանք, որ Ալիս Նավասարգյանի «Իրան-Հայաստան» ոսկի կամուրջներով «Իրանահայ նկարիչներին» ու «Բեմին նվիրված հայուհիներին» (հեղինակի նախորդ գրքերը) կուղեկցեն նաեւ հայ դերասաններն ու երգահանները` իրենց ստեղծագործական խիզախումներով համալրելով «Անմահների» շարքերը:
Ալիս Նավասարգյանի աշխատանքը կարելի է համեմատել ակունքից բխող եւ դարերի հոլովույթով հոսող այն գետի հետ, որն իր ընթացքին անցնելով տարածական ու ժամանակային սահմանները, անցյալի բազմաբնույթ ավանդույթները կամրջում է ժամանակակից մշակույթին` աներկբայորեն հարստացնելով այն:
Նկար 1. Սպահանի Սբ Ամենափրկիչ վանական համալիրը
Նկար 2. Հովհաննես խան Մասեհյան. պետական գործիչ, դիվանագետ, թարգմանիչ: Շեքսպիրի մի շարք գործերի հայերեն լավագույն թարգմանության հեղինակ: