50 տարի անց նույքան անսասան
Վերջերս Անգլիայում հանդիսավորությամբ նշվեց Ջեյմս Բոնդ կինոկերպարի ստեղծման 50-ամյակը: «Բոնդ» երեւույթը այնքան է կուռքի վերածվել, որ անգամ Մեծ Բրիտանիայի թագուհին օգտվեց նրա «ծառայություններից անվտանգ հասնելու համար լոնդոնյան ամառային օլիմպիադայի հանդիսություններին: Եթե հաշվի առնենք, որ հարյուր տարուց մի փոքր ավելի է, ինչ ֆիլմերն ընդհանրապես գոյություն ունեն, եւ այն որ այս տարվա բոնդյան նորագույն ֆիլմը 1962 թվականից սկսած «EON productions»-ի պաշտոնապես թողարկած 23-րդն է, ապա կարելի է ասել, որ միջին հաշվով վերջին 50 տարում երկու տարին մեկ ֆիլմ է նկարահանվել չար ուժերի դեմ պայքարող այդ գործակալի մասին: Ինչո՞վ է բացատրվում նրա երկարակյացությունը եւ ժողովրդականությունը:
Ամենաերկարակյացն ու ամենաժողովրդականը
«Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի թղթակիցը առավել հակված է այդ հարցը հակառակ տեսանկյունից դիտարկելու, այսինքնՙ թե ինչո՞ւ այլ բազմամասանոց ֆիլմեր, ինչպիսիք են, օրինակՙ «Սառցե դար» մուլտֆիլմը, «Ալվինը», «Աստղային պատերազմը», «Կարիբյան ծովահենները» եւ այլն, այդքան երկար չեն դիմացել եւ այդքան ժողովրդականություն չեն վայելել: Ո՞րն է «Բոնդ հաղթաթուղթի» բանաձեւը հարցին թղթակիցը պատասխանել է, որ ըստ հոկտեմբերի 5-ից Անգլիայի կինոէկրաններում ցուցադրվող «Ամեն ինչ կամ ոչինչ: 007-ի մինչ այժմ չպատմված պատմությունը» ֆիլմի, հիմնական գործոնը «շարունակականության եւ փոփոխության միջեւ պահպանված հավասարակշռությունն է եղել, այսինքնՙ վստահելիորեն նույնը մնալով հանդերձ, նոր եւ թարմ երեւալու հատկությունը»:
Ճիշտ է, որոշ տարրեր անշեղորեն կրկնվում են Բոնդի յուրաքանչյուր ֆիլմում. ավտոհետապնդումներ, կազինոների եւ ճոխ խնջույքների այցելություններ, հրապուրիչ կանայք, նաեւ ավտոմեքենաներ, որոնք բազմաֆունկցիոնալ են, գրիչներ, որոնք որպես զենք կարող են ծառայել եւ այլն, եւ այլն: Ծանոթ ենք նաեւ այն բառերին, որով Բոնդը սովորաբար ներկայանում է ուրիշներին, ասելով «Բոնդ, Ջեյմս Բոնդ», եւ իր նախասիրած խմիչքին եւ «Բերետա» ատրճանակին: Այս բոլորը ամուր կապում են մեզ Բոնդին, որի անունը, ի դեպ, անգլերենում նշանակում է հենց «կապ»:
Բայց փոխվում է վայրը` մեր առջեւ բացելով բնության անկրկնելի տեսարաններ, եւ ժամանակաշրջանը, որը միշտ մերօրյա անցուդարձերի հետ է առնչվում: Փոփոխվում են չարագործների մտահղացումները, օգտագործված տեխնիկայի հնարավորությունները եւ Բոնդի գործադրած հնարքները:
«Բեթմեն», «Սպայդերմեն» կամ «Անհնարին առաքելություն» ֆիլմերի պարագայում նույնը չէ: Դրանք բոլորը սոսկ որոշակի տեղանքի եւ որոշակի «թշնամու» հետ են առնչվում, եւ հետաքրքությունը նրանց նկատմամբ երկար չի կարող տեւել:
Բոնդիանայի ժողովրդականացման գործում մեծ դեր ունի նաեւ ֆիլմի «սաունդթրեքը»: «Ջեյմս Բոնդի թեման» խորագրով երաժշտությունը գրել է Մոնթի Նորմանը, իսկ գործիքավորել է Ջոն Բարին: Այդ հրաշալի ստեղծագործության բնորոշումը տվել է ֆիլմաշարի վրա աշխատած մեկ այլ կոմպոզիտորՙ Դեյվիդ Արնոլդը. ասելով, որ «... Դա ներկայացնում է այն ամենը, ինչ կերպարից ակնկալվում էՙ ինքնավստահություն, գոռոզություն, խորհրդավորություն, վտանգավորություն, անկասելիություն եւ սեքսուալություն»:
Ֆիլմի հիմնական բաղադրիչներից են նաեւ թեմատիկ երգերը, որոնք տարբեր տարիներ կատարել են առաջին մեծության փոփ աստղերՙ Փոլ Մակքարթնին (ներկայացվել է «Օսկարի» թեկնածության), Շըրլի Բեսին (3 անգամ), Թոմ Ջոնսը, Թինա Թըրնրը, Մադոննան, «Դյուրան-Դյուրան», «Ա-հա» եւ «Գարբիջ» խմբերը, Շերիլ Քրոուն, Ադելը (նոր ֆիլմում) եւ այլք:
Կերպարի ստեղծումը
Ջեյմս Բոնդը, կամ գործակալ 007-ը, երեւակայական կերպար է` ստեղծված 1953-ին գրող Իըն (Յան) Ֆլեմինգի կողմից: Նա այդ կերպարը ներկայացրել է 12 վեպերում եւ կարճ պատմվածքների երկու ժողովածուներում:
Բացի գեղարվեստական գրքերից եւ կինոֆիլմերից, գաղտնի ծառայությունների գործակալը այլ ձեւաչափերով ներկայացվել է նաեւ հեռուստաէկրաններում, ռադիոծրագրերում եւ տեսախաղերում: Նրա ոդիսականը որպես կինոհերոս սկսվեց 1962-ին, «Դոկտ. Նո» ֆիլմով, որտեղ Բոնդի դերով առաջին անգամ հանդես եկավ Շոն Կոններին: Մինչ օրս «ԷՈՆ պրոդաքշընզ» ընկերությունը 23 ֆիլմ է նկարահանել նրա մասին: Օրերս Անգլիայում էկրան բարձրացած նորագույն ֆիլմը այդ շարքից «Skyfall»-ն է («Երկնատարափ»), որտեղ Բոնդի դերով երրորդ անգամ հանդես է գալիս Դենիըլ Քրեյգը: Նա 6-րդ դերասանն է, որ մարմնավորում է գործակալին (ԷՈՆ-ի շարքում): Եղել են նաեւ այլ անկախ ընկերությունների թողարկած ֆիլմեր:
Բոնդը, որպես կերպար, Արքայական նավատորմային ռեզերվի հրամանատար է: Ֆլեմինգը այդ անունը վերցրել է ամերիկացի թռչնաբան, հատկապես կարիբյան թռչունների մասնագետ Ջեյմս Բոնդի անունից: Ֆլեմինգը ինքն էլ թռչունների սիրահար է եղել եւ հետագայում թռչնաբանի կնոջը բացատրել է. «այդ հակիրճ, ոչ ռոմանտիկ, անգլո-սաքսոնական, բայց միաժամանակ շատ առնական հնչող անունը հենց այն էր, ինչ ես որոնում էի»:
Ֆլեմինգը կերպարին օժտել է տարբեր հատկանիշներով, որոնք բնորոշ են եղել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավատորմային հետախուզության բաժանմունքի իրեն ծանոթ անձնավորություններին:
Նրանցից մեկը եղել է իր հարազատ եղբայրըՙ Պիտերը, ով պատերազմի ժամանակ Նորվեգիայում եւ Հունաստանում մասնակցել է թիկունքի գործողություններին: Ֆլեմինգը նաեւ Բոնդին օժտել է բնավորության իր անձնական գծերով:
Ֆլեմինգը եւ մյուսները
Ֆլեմինգը որոշել է գրող դառնալ նավատորմային հետախուզության բաժանմունքում ծառայելու տարիներին: «Այնպիսի լրտեսական պատմվածք եմ գրելու, որ գերազանցի բոլոր լրտեսական պատվածքներին», ասել է նա: Սկսել է գրել 1952-ին: Յամայկայում գտնվող իր «Գոլդընայ» կալվածում, հիմնականում հունվար-փետրվար ամիսներին ստեղծել է իր գրեթե բոլոր բոնդյան պատմվածքները: Առաջինըՙ «Կազինո Ռոյալ» խորագրով, սկսել է գրել Աննա Չարտերիզիՙ իր հղի ընկերուհու հետ ամուսնությունից մի որոշ ժամանակ առաջ, պարզապես հարսանեկան հոգսերից ուշադրությունը շեղելու նպատակով: Հրատարակչությունը այնքան էլ չի հավանել պատմությունը, բայց գիրքը այնուամենայնիվ լույս է ընծայել Ֆլեմինգի ավագ եղբոր եւ արդեն հայտնի ճանապարհորդ-գրող Պիտերի հանձնարարությամբ: 1953-1966 թվերին (երկու տարի մահվանից հետո) բրիտանական «Ջոնաթան Քեյպ» հրատարակչությունը լույս է ընծայել հետեւյալ վեպերը եւ 2 կարճ պատմվածքների ժողովածուները. «Կազինո Ռոյալը» (1953), «Ապրիր եւ թույլ տուր մեռնել» (1954), «Լուսնային արշավորդը» (1955), «Ադամանդներՙ հավիտյան» (1956), «Ռուսաստանիցՙ սիրով» (1957), «Դոկտ. Նո» (1958), «Ոսկե մատ» (1959), «Միայն քո աչքերի համար» (1960, կարճ պատմվածքներ), «Գնդաձեւ ամպրոպ» (1959), «Լրտեսը, որ սիրում էր ինձ» (1962), «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» (1963), «Դու երկու անգամ ես միայն ապրում» (1964), «Ոսկյա ատրճանակով մարդը» (1965), «Ութոտնուկը» եւ «Կենդանի կրակներ» (1966, կարճ պատմվածքներ): Վերջին երկուսը հրատարակվել են հետմահու:
1964-ին, Ֆլեմինգի մահվանից հետո, այլ գրողներՙ Քինգզլի Էյմիսը, Քրիստոֆեր Վուդը, Ջոն Գարդները, Ռեյմոնդ Բենսոնը, Սեբաստիան Ֆոքսը եւ Ջեֆրի Դիվերը նույնպես լիազորված են եղել գրել գործակալ 007-ի նոր սխրանքների մասին վեպեր:
1968-ին Քինգզլի էյմիսը հրատարակել է «Colonel Sun» վերնագրով վեպը: Դրանից առաջ (1965-ին) նա արդեն հեղինակել էր Բոնդի մասին մի ուսումնասիրությունՙ «The James Bond Dossier» խորագրով, որից հետո սցենարիստ Քրիստոֆեր Վուդը հրատարակել է 2 վեպՙ «The Spy who Loved Me» եւ «Moonraker» վերնագրերվ, որոնց հետեւել է հարաբերական դադար մինչեւ 80-ականների սկիզբը: 1981-ին թրիլլերների հեղինակ Գարդները շարունակել է բոնդյան շարքը «Licence Renewed» գրքով եւ ընդհանուր առմամբ գրել 16 գիրք: 1996-ին հիվանդության պատճառով դադարել է գրել: Նրա գրչին են պատկանում «Nobody Lives for Ever», «Licence ko kill», «Death is Forever», «Never Send Flowers», «Golden Eye» եւ այլ գործեր:
1996-ից ամերիկացի գրող Ռեյմոնդ Բենսոնն է ձեռնամուխ եղել շարունակելու եւ գրել է 6 վեպ, 3 նովել եւ 3 կարճ պատմվածք, որոնցից նշենք «Tomorrow Never Dies», «The World Is Not Enough» եւ «Die Another Day»-ը:
Մոտ 6 տարվա ընդմիջումից հետո գրող Սեբաստիան Ֆոքսը լիազորություն է ստացել «Իըն Ֆլեմինգ հրատարակչատան» կողմիցՙ նոր գիրք գրելու: «Devil May Care» խորագրով նրա գիրքը լույս է տեսել 2008-ին Ֆլեմինգի ծննդյան 100-ամյակի տարում: Այնուհետեւ ամերիկացի գրող Ջեֆրի Դիվերը, դարձյալ «Իըն Ֆլեմինգ հրատարակչատան» հանձնարարությամբ, Բոնդի կերպարը զարգացնելով հասցրել է մինչեւ հետ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակաշրջանը: Նրա «Carte Blanche» գիրքը լույս է տեսել 2011-ին: Նրանցից բացի մի նոր վեպՙ գրված Ուիլյամ Բոյդի կողմից, հրատարակվելու է 2013-ին: Երիտասարդ Բոնդի մասին հրատարակված պատմվածքների շարք ունի նաեւ Չարլի Հիգսոնը:
Բոնդի դերակատարները
Կանադացի Հարրի Սալցմենի եւ ամերիկացի Ալբերտ Ռ. Բրոկոլիի «ԷՈՆ պրոդաքշընզ» ընկերությունը 1962-ին էկրան բարձրացրեց «Դոկտոր նո» ֆիլմը, որտեղ առաջին անգամ գործակալ 007-ի դերով հանդես եկավ Շոն Կոններին: Նա 4 այլ ֆիլմերում եւս մարմնավորեց այդ կերպարը եւ դերը հանձնեց Ջորջ Լեյզընբիին, որը խաղաց ընդամենը մեկՙ «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում: 1973-ին նրան փոխարինեց Ռոջեր Մուրը «Ապրիր եւ թույլ տուր մեռնել» ֆիլմում: Մուրը հետագայում եւս 6 անգամ մարմնավորեց Բոնդին եւ իր հերթին դերը հանձնեց Թիմոթի Դալտոնին («The Living Daylights»), որը 2 անգամ ստանձնեց դրա կատարումը: Այնուհետեւ 1995-ին մուտք գործեց իռլանդացի Պիըրս Բրոսնանը (Golden Eye), որը խաղաց այդ դերը ընդհանուր առմաբ 4 ֆիլմերում: Ապա 2006-ին նրան փոխարինելու եկավ Դենիըլ Քրեյգը («Կազինո Ռոյալ»): Այս տարվա հոկտեմբերին թողարկված «Skyfall» ֆիլմում եւս Քրեյգն է մարմնավորում Բոնդին:
Ընդհանուր առմամբ, «ԷՈՆ» ընկերության նկարահանած բոնդյան պաշտոնական ֆիլմերը 12.360,000,000 դոլարի եկամուտ են արձանագրելՙ այդ առումով երկրորդ տեղը զբաղեցնելով «Հարրի Փոթերի» բազմամասանոց ֆիլմաշարից հետո:
Հետաքրքրական համեմատություններ
Բոնդյան կերպարի էկրան բարձրանալու 50-ամյակի առթիվ լրագրող Սյուզաննա Հիլզը «Դեյլի Մեյլ» պարբերականում հետաքրքրական ուսումնասիրություն է կատարել, համաձայն որիՙ
- Պիըրս Բրոսնանը առաջին տեղն է գրավում սպանությունների թվով (54):
- Նրան բավական մոտ հետեւում են Ռոջեր Մուրն ու Շոն Կոններին, յուրաքանչյուրըՙ 51 սպանություն:
- Քրեյգը, որին համարում են ավելի վճռական եւ կատաղի, ընդամենը 4-րդ տեղն է գրավումՙ 25 սպանություններով:
- Բրոսնանի «Golden Eye-ը» ֆիլմերի եկամտաբերության առումով առաջին տեղն է զբաղեցնում: Հաջորդՙ «Tomorrow Never Dies» (1997) եւ «The World is Not Enough» (1999) ֆիլմերը միեւնույն դրամարկղային հաջողությունը չեն արձանագրել: Բայց 4-րդՙ «Die Another Day» ֆիլմը դարձյալ ռեկորդ է սահմանելՙ բերելով 431, 971, 116 միլիոն դոլարի հասույթ:
- Այդ ռեկորդը ջախջախել է Դանիել Քրեյգը, 2006-ին: «Կազինո Ռոյալը» 594.239.066 դոլարի հասույթ է գրանցել: Ուշագրավ է, որ իր 3 ֆիլմերում նա միայն մեկ անգամ է արտաբերում «Բոնդ, Ջեյմս Բոնդ» հայտնի արտահայտությունը:
- Իսկ Ռոջեր Մուրը այդ արտահայտությունը արտասանել է ամենաշատըՙ 10 անգամ, իր 7 ֆիլմերում:
- Նա նաեւ համբույրների քանակով (20 անգամ) է գերազանցում Բոնդի բոլոր մյուս դերակատարներին: Նրան հետեւում է Կոններինՙ 18, իսկ երրորդ տեղում է Բրոսնանըՙ 12 համբույրով:
- Քրեյգն ու Դալթոնը ընդամենը 4 անգամ են համբուրվել իրենց տարբեր սիրուհիների հետ: Իսկ Լեյզընբին իր միակ ֆիլմումՙ 3 անգամ:
- «Դոկտ. նո» ֆիլմից հետո 7 ամսվա ընթացքում Ֆլեմինգի համանուն վեպի 1,5 միլիոն օրինակ է վաճառվել:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկարի վրա.
Շոն Կոնների, 1962-67, 1971
Ջորջ Լեյզընբի, 1969
Ռոջեր Մուր, 1973-85
Թիմոթի Դալտոն, 1987-89
Պիըրս Բրոսնան, 1995-2002
Դենիըլ Քրեյգ, 2006-2012