ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2012-10-20 | #20, 2012-11-03 | #21, 2012-11-17


ԿԻՆՈ «ՆԱԻՐԻ»

Նվիրվում է Խորեն Աբրահամյանի հիշատակին

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Երբ առաջին անգամ մտա կինո «Նաիրի», ինձ թվաց, թե պալատ եմ մտել: Նախ շենքըՙ զարմանալի գեղեցիկ, փոքր-ինչ կարմրին տվող նարնջագույն տուֆ քարից, որը քիչ է պատահում: Բարձր, արտաքին խոյակներով, գեղեցիկ ներքին նախամուտքով, հանդիսավոր ու տոնական մթնոլորտ էր ստեղծում դեռ ներս չմտած: Իսկ երբ ներս էիր մտնում, սկզբում կլոր նախասրահն էր, որն աննկատ փոխվում էր քառակուսուՙ հիմնական սրահի, այս սրահի երկու ծայրերից մարմարապատ աստիճանները տանում էին դեպի կինոյի դահլիճը: Մարմարե աստիճաններն էլ առանձնացված էին ոչ բարձր մարմարյա կիսասյուներով, սա նախամուտք էր դեպի սրահը: Եվ մերՙ տղաներիս սիրած տեղն էր. այդ կիսասյուներին հենված` լսում էինք կինոթատրոնի երաժշտախմբին: Վերջինս զբաղեցնում էր մեծ սրահի կենտրոնական մասը, ուր պատի ներքո կար մի հատուկ հարթակ երաժիշտների համար: Հրաշալի երաժշտախումբ էր, որ, ճիշտ է, ընդհանուր կատարողական վարպետությամբ թեեւ զիջում էր կինո «Մոսկվայի» նվագախմբին, սակայն, եթե կարելի է այսպես ասել, «Նաիրիինը» ուներ ավելի առաջադեմ ռեպերտուար, այսինքն` ավելի հագեցված ջազային տարրերով: Նվագախմբում մի գեղեցիկ երգչուհի կար, անունը, ցավոք, մոռացել եմ: Այստեղ էր նվագում մեր քաղաքի լավագույն սաքսոֆոնիստներից մեկըՙ Մարատը, միշտ մոդայիկ հագնված, կոլորիտով անձնավորություն էր, Երեւանի ջազի լեգենդներից մեկը: Ջազային վիրտուոզ էր, տակավին երիտասարդ Մարտին (Բուլիկ) Վարդազարյանը, որը նվագախմբի դաշնակահարն էր եւ իմպրովիզացիաներ նախաձեռնողը, խմբի ղեկավարն էր եւ որոշ երգերի հեղինակՙ ակորդեոնիստ Կիմը: Նվագախումբը իր աշխատանքն սկսում էր երեկոյան` 17.30, 19.30 եւ 21.30-ի սեանսներից մոտ 40 րոպե առաջ, սրահում հանդիսատեսների հավաքվելուն զուգահեռ: Եվ երեւանցիք էլ, որոնց համար կինո «Նաիրիի» բացումը իսկապես մի նվեր եղավ, հատուկ շուտ էին գալիս` լսելու այդ հրաշալի երաժշտախմբին: Այժմ չեմ հիշում նվագախմբի այլ մասնակիցների դեմքերը, անունները, սակայն ուզում եմ իմ այս տողերով նրանց սրտագին ողջույն հղելՙ «Սալյուտ ձեզ, հայկական ջազի նախակարապետներ, դո՛ւք, որ այդքան ժամեր, չնչին մի վարձատրությամբ, հազարավոր երեւանցիների պարգեւել եք հազվագյուտ սքանչելի պահեր»: Թե կինո «Նաիրիի», թե կինո «Մոսկվայի» նվագախմբերը այդ տարիներին եզակի հնարավորություն էին տալիս շփվելու հայկական էստրադային երաժշտության հիմնադիրների (Արտեմի Այվազյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ստեփան Շաքարյանի) գործերի հետ, ինչպես եւ մարդու հոգին տակնուվրա անող ջազի փառահեղ հնչյուններին...

Սրահի ձախ կողմում մի փոքր բուֆետ կար. սա էլ, իհարկե, թե՛ չափերով, թե՛ հրամցրած կերակրատեսակներով զիջում էր կինո «Մոսկվայի» համանուն հաստատությանը, որը բառիս բուն իմաստով փոքր ռեստորան էր, մատուցողներովՙ սպիտակ սփռոց, կլոր սեղաններ եւ այլն... Սակայն «Նաիրիինն» էլ բավական էր իր նպատակին ծառայելու համար. թարմ բուտերբրոդներ երշիկով, պանրով, տարբեր քաղցրավենիք, լիմոնադ եւ հանքային ջրեր, այսօր այսքան մոդայիկ արեւելյան սուրճը այն տարիներին դեռ Երեւանում ընդունված չէր...

Լավ ավանդույթ էլ կար «Նաիրիում». սեանսն սկսելուց մի տասը րոպե առաջ, պաղպաղակի տուփը երկու կողմից վզով գցած, երեւում էր բավական համակրելի պաղպաղակ վաճառող երիտասարդ կինը: Հաշվված րոպեներում տուփը դատարկվում էր: Եվ ողջ դահլիճում, մութն ընկնելուն պես, լսվում էր պաղպաղակի վաֆլե բաժակների «խրթխրթոցը»: Սա էլ «Նաիրիի» բնորոշ տարրերից էր:

Տարիներ ասացի եւ հիշեցի ժամանակը, երբ առաջին անգամ մտա կինո «Նաիրի»: Ամենայն հավանականությամբ դա պիտի լիներ 1953 թվականը: Հենց այդ շրջանում մեր Պլեխանովի փողոցի ցածի մասում, որն առնչվում է Թամանյան փողոցի հետ, այժմ այդ վայրը կոչվում է Կասկադ, սկիզբը դրվեց բաց դարչնագույն տուֆից կառուցվող հրաշալի բնակելի տների: Մոնումենտի լանջերից իջնող «Անտառային» եւ ապա «Ջրառատ» փողոցների ցածի հատվածում լայնորեն ձգվեց Թամանյան փողոցը` Երեւանին մի նոր գեղեցիկ տեսարան պարգեւելով: Ամբողջ այդ տարածքը, ինչքան ես մանկությունից հիշում եմ, ծածկված էր պտղատու այգիներով եւ մանավանդ շատ գեղեցիկ փշատենիներով: Սկզբնական շրջանում, երբ մեր Պլեխանովի փողոցից դուրս էինք գալիս, որ գնանք կինո «Նաիրի», պիտի ուղղակի անցնեինք խիտ այգիների միջով, կարծես մի ինչ-որ պահակ էլ չէր թողնում, որ այդ առավել կարճ ճամփով գնայինք: Եվ հետո, մի որոշ ժամանակ անց, մարդկանց ամենօրյա անցուդարձի հետեւանքով այդ այգու միջով արահետ բացվեց, արդեն մի քանի տարուց ավել կար Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շենքը, արդեն կային Պրոսպեկտի գեղեցիկ, մեծադիր բնակելի շենքերը, հատում էինք Պրոսպեկտը եւ մեր դիմաց էր գալիս մեր սիրելի, այնքան սպասված կինո «Նաիրիի» շենքը:

Հստակ հիշում եմ, որ առաջին շրջանում, երբ գնում էինք կինո «Նաիրի», ես եւ Պլեխանովի փողոցի իմ ընկերները ամռան ամիսներին, ինչպես երեւանցի բոլոր երեխաները, «մայկա-տրուսիկով» էինք փողոց դուրս գալիս, ուրեմն դա պետք է լիներ 1953-54 թվականները: Եվ մի տեսակ մեր ամենօրյա կյանքն էլ փոխվեց կինոթատրոնի բացումով: Տոմսերը աներեւակայելի էժան էին. ցերեկվա սեանսներըՙ 15 կոպեկ, երեկոյաններըՙ 30: Եվ «Նաիրիի» սեանսների ժամերն էլ օրիգինալ բաժանում ունեինՙ 9.30, 11.30, 13.30, 15.30, 17.30, 19.30, 21.30:

Առաջին սեանսը հիանալի նվեր էր դասերից փախչող աչքաբաց դպրոցականների համար, իսկ վերջինին մենք անուն էինք դրելՙ «Սիրահարների սեանս», երբ զույգերը մթից օգտվելով, ամբողջ ֆիլմի ընթացքում պինդ-պինդ իրար ձեռք էին բռնում, սիրո խոստումներ շշնջում, իսկ ամենախիզախներն էլ «հաջողացնում» էին համբուրվել...

Կինո «Նաիրին» մեզ համար ե՛ւ ակումբ էր, ե՛ւ զբոսավայր, ե՛ւ համերգասրահ, կինոյի կախարդական արվեստի հետ շփվելու մի բացառիկ վայր, կարելի է ասելՙ մի պատուհան դեպի մեծ աշխարհը: Մեր սիրած սեանսը սովորական օրերի համար 13.30-ինն էր, երբ դպրոցից դեռ տուն չհասած` մեզ կինո էինք գցում, անմիջապես, առանց թողնելու վաղվա օրվան նոր ֆիլմը դիտելու հաճույքը: Իսկ հանգստի օրերին, երբ դասեր չկային, դա սովորաբար կիրակի օրն էր, մենք գնում էինք 19.30-ի սեանսին, որպեսզի ե՛ւ երաժշտություն լսենք, ե՛ւ լիմոնադ խմենք, ե՛ւ կինո դիտենք: Էլ ի՜նչ էր պետք երջանիկ լինելու համար: Մեղքանում եմ այսօրվա ջահելներին. փոխանակ իրենց ընկեր-ընկերուհիներով դուրս գան եւ շփվեն կինոյի հրաշք աշխարհի հետ, ժամերով սուրճը դիմացները, սիգարետը ձեռքներին, փռվում են համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ եւ գլուխները բթացնելու աստիճան խոթում են ինտերնետի աշխարհը, այսպես ասածՙ ջահել-ջահել ծերանում են, կյանքից մի բան չհասկացած: Եվ այս ապրելաձեւը այնքան տարածվեց, որ մարդիկ (խոսքս իհարկե մեզՙ երեւանցիներիս է վերաբերում) դադարեցին կինո գնալ, իսկ բնագավառի ընչաքաղց պատասխանատուներն էլ շտապեցին կինոթատրոնները վաճառքի հանել ավելի հաջողակ ընչաքաղցներին: Ի՜նչ հոգ, որ արդյունքում մեկ միլիոնանոց քաղաքին մնաց սոսկ մեկ կինոթատրոնՙ «Մոսկվան»: Բայց դա այժմ, իսկ իմ մանկության եւ պատանեկության քաղաք Երեւանն ուներ բազում կինոթատրոններՙ «Մոսկվա», «Սասունցի Դավիթ», «Հայրենիք», «Սեւան», «Երեւան», «Կրկնվող ֆիլմեր», «Սպայի տուն», «Պիոներ»... եւ 1953 թվականին նրանց միացավ «Նաիրին»:

Մեկ կամ երկու անգամ կինո «Նաիրի» եմ գնացել նույնիսկ պապիսՙ Ավետիք Իսահակյանի եւ տատիսՙ Սոֆյայի հետ: Շատ լավ եմ հիշում, այդ օրերին ցույց էին տալիս մեծ աղմուկ հանած հնդկական «Թափառաշրջիկը» («Бродяга») ֆիլմի հերոս Ռաջ Կապուրի մասնակցությամբ նոր ֆիլմՙ «Պարոն 420»: Եվ քանի որ Վարպետը շատ էր հավանել «Թափառաշրջիկը», որոշեց դա եւս դիտել: Սովորաբար Վարպետին հրավիրում էին նոր ֆիլմեր դիտելու Երեւանի Օրջոնիկիձեի պողոտայի վրա գտնվող Հայկինոպրոկատի շենքում: Այնտեղ երկար տարիներ փոխտնօրենի պաշտոնում աշխատում էր տատիկիս քրոջՙ Փառանձեմի մոտիկ ընկերուհինՙ Վերոնիկա Միխայլովնան, շատ սիրալիր, մարդամոտ մի ռուս տիկին: Նրա շնորհիվ ամիսը մեկ անգամ Կինոպրոկատի շենքում փակ դիտումներ էին կազմակերպվում, եւ Վարպետը հնարավորություն էր ունենում տեսնել էկրան բարձրացող ֆիլմերի ընտրանին:

Շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի՜ հաճույքով Վարպետը դիտեց «Թափառաշրջիկը» ֆիլմը: Նրան բոլորից շատ գերել էին հնդկական երգերը եւ պարերը: «Նոր աշխարհ էր ինձ համար, այ, հնդիկներից պետք է սովորել, թե ինչպես կարելի է էկրանից հազարավոր մարդկանց ներկայացնել ազգային երգն ու պարը: Եվ ընդհանրապես ինչպես է ցույց տրված այս պոետիկ ժողովրդի կենցաղը, նիստուկացը: Ես այս ֆիլմի շնորհիվ ավելի սիրեցի հնդիկ ժողովրդին: Իսկ մեր հայ կինոն ինչքան հեռու է հայ ազգային արվեստից»: Հիշում եմ, մեկ էլ Վարպետը հիացել էր սովետա-ալբանական պատմական նոր ֆիլմովՙ «Ալբան ժողովրդի մեծ զավակ Սկանդերբեկը»: Ամբողջ ֆիլմը պատմությունն էր ալբան ժողովրդի ազգային ազատագրական պայքարիՙ Օսմանյան Թուրքիայի դեմ: Եվ Վարպետը առավել հիացած էր ֆիլմի հայրենասիրական ոգով եւ այն մարտերի պատկերումով, ուր ջարդում էին ուրիշի հայրենիքը ներխուժած թուրք փերեզակներին:

Այս երկու ֆիլմերը իրոք մեծ տպավորություն էին թողել ազգասեր բանաստեղծի վրա: Եվ երբ թերթերից իմացավ (իսկ օրվա թերթերը պարտադիր տպագրում էին երեւանյան կինոթատրոնների խաղացանկերը), որ հնդկական նոր ֆիլմը ցուցադրվելու է կինո «Նաիրիում», մենք ուղեւորվեցինք կինոդիտման: Տատիկս կամարների ներքո` դրամարկղում տոմսեր գնեց, եւ մենք մտանք կինոյի ֆոյեն: Լսվում էր երաժշտությունը: Ես սրահից դահլիճ տանող աստիճանահարթակում տեղադրված մարմարե գեղեցիկ ցայտաղբյուրից (կամ ինչպես մենքՙ երեւանցիներս ենք ասումՙ պուլպուլակից) հաճույքով սառը ջուր խմեցի...

Կանցնի երկու տարի, եւ ես 1957 թվականի հուլիսին (բանաստեղծի մահից ընդամենը երեք ամիս առաջ) Ղրիմում գտնվող «Արտեկ» անունը կրող միջազգային համբավ ունեցող պիոներական ճամբարից պապիկիս ուղարկած նամակում կգրեմՙ «Ամբողջ Ղրիմը չեմ փոխի մեր կինո «Նաիրիի» մարմարյա սանդուղքների ու պուլպուլակի հետ...»:

Հետո ես փախա այդ «Արտեկից», որովհետեւ գտնվելով ծովի եզրին, երեխեքին կարմրուկի կարանտինի պատճառով արգելում էին լողալ: Այնպես որ, փախա Յալթա մի հիանալի հայ ընտանիքիՙ Կատարյանների մոտ, եւ ամեն օր «մայկա-տրուսիկով» ծով էի գնում ու ժամերով լողում: Եվ վերջապես, երբ երկար արկածներից հետո ետ եկա Երեւան եւ խիստ վախենում էի պապիս-տատիս հանդիմանանքներից, պապս ի զարմանս, գրկեց ինձ ու կամացուկ ասաց. «Այ, հիմա կարող եմ ասել, որ տղամարդ ես դարձել: Էդ ինչպես էիր գրել` կինո «Նաիրիի» մարմարիոնները չես փոխի Ղրիմի հե՞տ»: «Հա, պապի ջան, շա՜տ էի կարոտել...»: «Իսկ ես քեզ էի կարոտել, դե հիմա ինչքան ուզում ես, ընկերներիդ հետ գնա կինո «Նաիրի», կարոտդ առ»:

1956 թվականին վերաբերող հուշերի շղթան եւս մի դրվագ բերեց: Երբ կինոյից դուրս եկանք, Վարպետն ասաց. «Էլի հիանալի երաժշտություն. ե՛ւ երգեր, ե՛ւ պարեր, բայց այս ֆիլմը զիջում է «Թափառաշրջիկին»: Թեեւ ես անկեղծ հաճույք ստացա»:

Երբ անցնում էինք Պրոսպեկտը մեր տուն տանող ուղղությամբ, ասաց. «Այս տան տակ մի գեղեցիկ գրքի խանութ են բաց արել, մտնենք, տեսնենք ի՞նչ նոր գրքեր կան»:

Սա բաժանորդագրական գրականության Երեւանի առաջին գրախանութն էր: Արդեն եւ Հայաստանում էր տարածում գտնում դասական գրողների բազմահատորյակների տպագրությունը, իսկ Մոսկվայի մասին էլ չեմ խոսում: Վարպետին շատ սիրով դիմավորեցին, իսկույն աթոռ առաջարկեցին: Վարպետն այդ օրը վերցրեց Րաֆֆու հերթական հատորը, ապա եւ ինձ համար գնեց Կամսար Ավետիսյանի «Տոթակեզ աշխարհամաս» (1956) գիրքը եւ հարցրեցՙ ի՞նչ գրքեր ես ուզում: Ես տեսա իմ սիրած հեղինակներիՙ Ժյուլ Վեռնի (կապտամոխրագույն) եւ Մայն Ռիդի (նարնջագույն) հատորները: Եվ ասացիՙ շատ կուզեի այդ գրքերն ունենայի. թեպետ ռուսերեն էին, բայց ես արդեն երրորդ դասարանից սկսել էի ռուսերեն կարդալ:

Վարպետը ձեւակերպեց այդ գրքերի բաժանորդագրությունը իր անվամբ եւ ինձ ասաց. «Հաճախ կանցնես գրախանութ, երբ նոր հատոր եղավ, փողը տատիկդ կտա եւ գիրքը ձեռք կբերես: Մեկ էլ լավ է, որ սկսել ես ռուսերեն կարդալ: Ծով գրականություն կա ռուսերեն»: Եվ բոլորս գոհ` խանութից դուրս եկանք ու անցնելով Թատերական ինստիտուտի տակով, հատեցինք նորաստեղծ Թամանյան փողոցը: «Այս շենքում,- ցույց տալով Կասկադից իջնող զառիթափի աջ կողմըՙ պապս նկատեց,- ապրում է Ստեփան Զորյանը, նոր բնակարան է ստացել, պետք է հյուր գնանք»:

Դեռ գոյություն ուներ փշատենու այգին եւ հիանալի բույրը բռնել էր շրջակայքը: Վարպետի կոստյումը բաց մոխրագույն էր, ինչպես փշատենու տերեւների գույնը, ու երբ նրանց միջով անցնում էր պոետը, կարծես նա ձուլվում էր այս հրաշք ծառերի հետ: Եվ երբեմն ես իրեն կորցնում էի, հետո նշմարում էի նրա անբաժանելի գավազանը եւ մանավանդ նույնպես մոխրագույն լայնեզր գլխարկը:

Այդ պահը այլեւս երբեք չէր կրկնվելու, չհաշված մարդու հիշողությունը, որն ինչպես պարզվեց, երբեմն իրականությունից զորեղ է լինում: Դրա համար էլ կոչվում է «հիշողության այգի», եւ այնտեղ ծառերը չեն չորանում...

Այնպես ստացվեց, որ «մայկա-տրուսիկի» անցումը երկար տաբատի եւ կարճաթեւ շապիկի մետամորֆոզը միանգամայն շոշափելի բնույթ ստացավ, երբ ես 1960 թվականին կինո «Նաիրի» հրավիրեցի դիտելու «Առաջին սիրո երգը» ֆիլմը մերՙ Չայկովսկու անվան դպրոցի ամենագեղեցիկ աղջկանՙ Բաղդասարյան Ալլային: Ալլան իսկապես շատ գեղեցիկ էր, եւ գեղեցիկը գնահատող մարդը չէր կարող նրա կողքով անտարբեր անցնել... Թե ինչպես ստացվեց, որ ես իրավունք ձեռք բերեցի նրա հետ կինո գնալ, մանավանդ որ նա մեկ դասարան էլ ինձնից բարձր էր սովորում եւ բնականաբար դպրոցի ռուսական բաժնում, որը միշտ աչքի էր ընկնում մեր` հայկականի համեմատ ավելի երեւացող աղջիկներով: Այդ նույն բաժնում էր սովորում, բայց ինձնից երեք դասարան ցածր, ապագա հայտնի երգչուհի Էլլադան եւ այլք... Թե ինչպես ստացվեց... դա արդեն ուրիշ պատմություն է:

Բայց փաստը մնում է փաստ, որ ես Ալլային հրավիրեցի կինո «Նաիրի», եւ նա եկավ հուրախություն ինձ:

Եվ տեսնելով նրան ոչ դպրոցական համազգեստով, այլ` գարնանային թեթեւ, շատ ճաշակով շորերով, ինձ թվաց, թե ես հանդիպեցի ոչ ռեալ, այլ էկրանային, այն էլ ամերիկյան հերոսուհու հետ:

Ու ես, որ նախօրոք գնել էի կինոյի տոմսերը, ինձ հետ տոմսեր գնել էին նաեւ Պլեխանովի փողոցի ընկերներիցս` Ռուբիկը եւ Արամայիսը, Հարենցը եւ Կարենը, ի դեպ, վերջին երկուսը, որ մեզնից չորս տարով փոքր էին, կինո էին եկել «մայկա-տրուսիկով»:

Եվ երբ ֆիլմն սկսվեց, մենք Ալլայի հետ նստած էինք, ասենք, հինգերորդ կարգում, իսկ տղաների տեղերը անմիջապես մեր ետեւն էինՙ չորրորդ կարգում: Պետք է ասեմ, տղաները իրենց բավական լուրջ էին պահում, չնայած շատ զարմացած էին, որ իրենց ընկերը կինո է եկել աղջկա հետ, այն էլ այդքան գեղեցիկ աղջկա հետ (ի խնդություն մեր ժողովրդիՙ պետք է ասել, որ հիմա Երեւանում շա՜տ-շատ են գեղեցիկ աղջիկները, մեր ժամանակ այդպիսիք չկային, նոր սերունդը շատ ավելի երջանիկ եղավ այս հարցում, ի դեպՙ եւ այլ հարցերում)...

Ես ինքս էլ, հարկ է ասել, փոքր-ինչ շփոթված էի, որ կողքիս Ալլան է նստած: Հասկանալի էր դա. չէ՞ որ ես առաջին անգամ էի կյանքումս կինո գնացել աղջկա հետ: Ու ես, անկախ ինձնից, սկսեցի գլուխ գովել. «Այս ֆիլմի հերոսըՙ Խորեն Աբրահամյանը, հորս եւ մորս մոտիկ ընկերն է, ես նրան Սունդուկյան թատրոնում, ուր աշխատում է մայրս, շատ եմ տեսել: Իսկ ավելի հաճախ, մանավանդ կիրակի օրերին, տեսել եմ «Արմենիա» հյուրանոցի երկրորդ հարկի ռեստորանում, ուր նա գալիս էր իր ընկերներիՙ Ֆրունզիկ Մկրտչյանի եւ Արմեն Խոստիկյանի հետ»:

«Հրաչ Ներսիսյանը ամեն անգամ մեր տուն էր գալիս պապիկիս ծննդյան օրը, ես նրա հետ լուսանկարվել եմ, ինքս էլ անձամբ նրան մեր տանը նկարել եմ»:

«Այս ֆիլմի բեմադրիչն էլ, Յուրի Երզնկյանը, իմ մոտ ընկերներիսՙ Արամայիսի եւ Կարենի հորեղբայրն է, ի դեպ (այս մեկն ասացի իմիջիայլոց), այդ տղաները նստած են մեր ետեւի շարքում»: Եվ եթե Ալլան շուռ գար, կտեսներ, որ Կարենը նստած էր «մայկա-տրուսիկով»:

Հարկ է ասել, որ ես այդ ֆիլմը արդեն երրորդ անգամ էի դիտում, առաջին երկու անգամը տեսել էինք կինո «Մոսկվայում», հետո այն բերին կինո «Նաիրի». այդպես էր ընդունված կարգը:

Ես դիտում էի ֆիլմը (որն, ի դեպ, հիմա էլ միշտ նայում եմ հաճույքով) եւ ինձ ամենից շատ զմայլում էր Խորենի եւ Հրաչի խաղը, մանավանդ երբ նրանք գիշերային ռեստորանից դուրս են գալիս, եւ՛ քամի է, եւ՛ տերեւաթափ, Հրաչը հանում է իր ամառային վերարկուն եւ գցում իր որդուՙ Խորենի ուսերին: Նրանք այսօր էլ մնում են իմ հիշողության մեջ որպես մեր հայ կինոյի Ժան Գաբենն ու Ալեն Դելոնը: Մենք եւ՛ ուզում էինք այն տարիներին նմանվել Խորիկին, եւ՛ պատկառանք էինք տածում Հրաչ Ներսիսյանի հանդեպ, ու երբ նրան տեսնեինք, պիտի հարգալից բարեւեինք:

Ֆիլմը ինքնին այնքան լավն էր, որ մոռացության էր մատնում կողքիս նստած Ալլային: Եվ քանի որ ես ինքս դեռ չգիտեի, թե ինչ կարելի է ասել նման դեպքերում, մի շարք գլուխգովանքից հետո, իսկ ետեւս նստած տղաները շնչակտուր սպասում էին, թե ես ինչ պիտի անեմ, եւ վերջապես, արդեն ֆիլմի եզրափակիչ մասում, երբ Ֆիլհարմոնիայի դատարկ դահլիճի պատկերը մեկեն փոխվում է, եւ Խորենը սկսում է կատարել իր հայտնի Առաջին սիրո երգը, ես ձախ ձեռքով, որովհետեւ Ալլան նստած էր ձախ կողմից, ինքս էլ շունչս պահած, խիզախեցի եւ ամուր բռնեցի աղջկա աջ ափը եւ այդպես էլ սեղմած պահեցի մինչեւ ֆիլմի ավարտը, այսինքն` մոտ մեկ-երկու րոպե. երջանիկ ակնթարթներ:

Ջահերը վառվեցին, կինոյի հրաշքը պրծավ, եւ մնաց Առաջին սիրո երգը: Երբ դուրս էինք գալիս դահլիճից, առաջին եւ երկրորդ հարկերի աստիճանահարթակի որմնախորշում նկատեցի սպիտակ գիպսից արված «Կոմսոմոլուհու» արձանը` կանգնած ողջ հասակով (ի դեպ, այդ արձանը մինչեւ օրս հրաշքով պահպանվել է նույն տեղում), ճիշտ եւ ճիշտ` կարծես Ալլան լիներ. այս բացահայտումից ոգեւորված` աղջկան հարցրի. «Ասա՛, ո՞ւմ է նման»: «Դու գիտեի՞ր, թե՞ նոր նմանեցրիր»,- հարցիս հարցով պատասխանեց Ալլան ու խորհրդավոր լռեց, սպասելով խոսքիս:

Եվ ես շատ վճռորոշ ասացի. «Չէ՛, դու ավելի գեղեցիկ ես...»:

«Զարմանալի է, որ ես առաջ այդ արձանը չէի նկատել...»,- կարծես ինքն իրեն ասաց Ալլան:

Մենք դուրս եկանք կինոյի շենքից, որն ինձ, հիրավի, ավելի սիրելի դարձավ այդ արձանի պատճառով: Հետո մի առանձին հպարտությամբՙ աղջկա հետ իջնում էի Պրոսպեկտով, հիրավի բազում հայացքների ներքո, մինչեւ որ հասանք Ծածկած շուկայի դիմաց, պարսկական մզկիթի հարեւանությամբ գտնվող Ալլայենց տունը: Մուտքի տակ հրաժեշտ տալիս նա կարծես հենց այնպես ասացՙ զանգ տուր, եւ ավելի կամաց արտաբերեց հեռախոսի համարըՙ 2-17-17: Այդ պահից ես սիրեցի նաեւ 17 թիվը...

Կինո «Նաիրի». իսկ քանի՜ տասնյակ լավ ֆիլմեր է տողերիս հեղինակին պարգեւել նա` թողնելով իր ազդեցությունը պատանուս ձեւավորվող ներաշխարհի վրա... «Ռոկկոն եւ իր եղբայրները», «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Չոչարան» (Սոֆի Լորենով), «Կորսված անուրջներ» (Սիլվանա Պամպանինիով), «Իվանի մանկությունը», «Հեծանվորդի մահը», «Վախի գինը» (Իվ Մոնտանով), «Կախարդուհին» (Մարինա Վլադիով), «Իմ սիրելի խեղճ մայրը», «Ճանապարհ դեպի վեր», «Ամերիկա, Ամերիկա...», «Ավանտյուրա», «Խավարում», «Մորու բացատը»... ցուցակը շատ երկար կստացվի, բավարարվենք այսքանով:

Կինո «Նաիրին» կարծես նպաստում էր ֆիլմը լավ ընկալելուն: Գուցե այն պատճառով, որ դահլիճը այնքան մեծ չէր, ինչպես կինո «Մոսկվայինը», եւ շատ կոմպակտ էին դասավորված աթոռները դահլիճում, եւ կինոցուցադրման էկրանն էլ իր ձեւով կիսակլոր էր, լավ էր երեւում ամեն տեղից, ֆիլմը մի տեսակ մատչելի էր ընկալվում, ստեղծվում էր զարմանալի կոնտակտ էկրանի եւ կինոհանդիսատեսի միջեւ: Մի հետաքրքրական առանձնահատկություն էլ ուներ «Նաիրին». այստեղ կարծես ավելի ճաշակավոր, ավելի ինտելեկտուալ ֆիլմեր էին ցուցադրվում, եւ կարծես նա ավելի մտավորական հանդիսատես ուներ, իսկ ցերեկներըՙ բուհերի ուսանողության զանգվածն էր գալիս, եւ կինո «Մոսկվայի» համար սովորական բացականչությունները դահլիճից (որոնք, ի դեպ, հայերենի ու ռուսերենի խառն մի յուրահատուկ ժարգոն ունեին): «Տաք-տաք պիրոժկի» կամ «Սոռուկ»` համբույրի տեսարաններին, «Ռամկա», «Սապոժնիկ», «Մեխանիկ փինաչի» եւ այլն, հազվագյուտ դեպքերում էին այստեղ լսվում: Այդ տարիների երեւանյան բոլոր կինոդահլիճներում մի սովորույթ էր ձեւավորվել. բավական էր նոր սկսվող ֆիլմի դերերը կատարողների տիտրերում գրվեր որեւէ հայկական ազգանուն, որ ողջ դահլիճը բռնկվեր ծափողջույններով: Դրանով ինչ էինք ուզում ասել, հայտնի չէ, բայց անկասկած դա մի յուրօրինակ հայրենասիրական մղում էր:

Կինո «Նաիրիում» կարելի էր պատահել հարեւան դերասանական շենքում ապրող անվանի արտիստների ու երգիչներիՙ Տաթեւիկ Սազանդարյանին, Վաղարշ Վաղարշյանին, Ավետ Ավետիսյանին, Նար Հովհաննիսյանին, Միհրան Երկաթին, Գոհար Գալաչյանին, Էլմիրա Ուզունյանին: Կոնսերվատորիայի հարեւանությամբ էր պայմանավորված հայտնի երաժիշտների եւ կատարողների կինո «Նաիրի» գալըՙ Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Ավետ Տերտերյան, Ադամ Խուդոյան, եւ կինոյի գործիչներիՙ Գրիշա Մելիք-Ավագյան, Լեւոն Իսահակյան, Յուրի Երզնկյան, Արտյուշա Ջալալյան, Վալենտին Պոդպոմոգով, շատ-շատերը. թվարկում եմ պարզապես հիշողությամբ... Այդ դահլիճում տեսել եմ եւ այնպիսի պատկառելի զույգերի, ինչպես Վարդան Աճեմյան եւ Արուս Ասրյան, Հայկարամ եւ Իզաբելա Դանզասներ, պրոֆեսոր Ստեփան Ճշմարիտյան եւ տիկինըՙ Էլյան, պրոֆեսոր Ռուբեն Պարոնյան եւ տիկինը` Հռիփսիմե Պողոսյանը, Մարգո Մուրադյան եւ Ջիմ Թորոսյան, լեգենդար թմբկահար Ռոբերտ Յոլչյանը կնոջ` Էմմայի հետ, եւ էլի շատ հարգալից մարդիկ: Այդ հայտնի մարդկանց գալը կինոթատրոն մի տեսակ աշխուժություն էր առաջացնում ժողովրդի մեջ, մարդիկ ասում էին` մի տես-տես, Աճեմյանն է, կամ թե` Առնոն է... Իսկ առավել համարձակները մոտենում ու ձեռքով նրանց բարեւում էին: «Նաիրին» իրոք բարի եւ կիրթ աուրա ուներ, այստեղ ընդունված չէր տոմսերի սպեկուլյացիան եւ կամ թե ադմինիստրացիայի «ծանոթներին» անտոմս նստեցնելը: Այստեղ իրոք հանգիստ էր եւ հաճելի: Եկ ուզածդ միջանկյալ ժամերի սեանսներին, նստիր եւ ըմբոշխնիր քեզ բաժին հասած ֆիլմը: Իսկ լինում էր, որ նույն օրը երկու տարբեր ֆիլմեր էին ցուցադրում:

Պատահմամբ օրերս ձեռքս ընկավ 1956 թվականին իմ կողմից լրացված օրագիրը, ափսոս, որ գրառումներ եմ արել միայն կես տարի, սակայն չկա շաբաթ, որ մեկ կամ երկու անգամ այցելած չլինեմ իմ սիրելի կինո «Նաիրի» եւ իմ օրագրում նաեւ գրի առած չլինեմ տեսածս ֆիլմերի մասին տպավորություններս: Սա շատ հետաքրքրական ընթերցման նյութ էՙ կինոարվեստի ընկալումը 12-ամյա նվիրյալ կինոսիրահարի կողմից: Ես, իրոք, կինոն բոլոր արվեստներից եւ սպորտաձեւերից էլ շատ էի սիրում: Թեեւ լավ ֆիլմ հազվագյուտ էր պատահում, բայց երբ պատահում էրՙ իսկական տոն էր: 1961 թե 1962 թվականին բացվեց Պրոսպեկտի վրա գտնվող Արվեստի աշխատողների տանը (Ադրի) երեւանյան առաջին Կինոտունը: Եվ քանի որ հայրս Կինոմիության անդամ էր, ապա ես էլ կարող էի մասնակցել դիտումներին: Մենք ամեն ուրբաթ օր, շուրջ 10 տարի, հաճախում էինք մեր Կինոտունը եւ դիտում նոր կինոնկարներ: Նրանց մեջ պատահում էին նաեւ փայլուն գլուխգործոցներ, եւ հետո մի քանի շաբաթ գտնվում էիր այդ ֆիլմի ազդեցության ներքո:

Այդ Կինոտան բացումով «Նաիրին» զգալի հարված ստացավ, սակայն ինձ համար երբեք չդադարեց սիրելի կինոթատրոնը մնալուց: Հաճելի էր, իհարկե, կինո «Նաիրի» գնալ ցերեկային ժամերին, երբ համալսարանից պարբերական հաճախականությամբ փախչում էիր «ՍՄԿԿ պատմության» եւ «Մարքս-լենինյան փիլիսոփայության» ժամերից, որոնց հետո միացավ նաեւ առավել զավեշտական «Գիտական կոմունիզմ» առարկան: Այս դիսցիպլինները, որպես օրենք, դասավանդում էին սահմանափակ, հետադիմական եւ ուսանողներին չարը կամեցող գորշ անձնավորություններ, որոնք այն է ոչ պատմաբան էին, ոչ փիլիսոփա, պարզապես մարքսիզմի ֆիլիստերներ էին, հետաքննիչի հայացքով ու քուրմի կեցվածքով... Եվ զարմանալի չէ, որ նման դասախոսներից ոչ մեկի անուն-ազգանունը եւ մինչեւ իսկ դեմքը չեմ հիշում...

Այն էլ ասեմ, որ կինո «Նաիրի» բերվող շատ ֆիլմեր նախ ցուցադրվում էին Կինոտանը, իսկ 1975 թվականից սկսածՙ արդեն նոր Կինոտանը (Վերնիսաժի հարեւանությամբ), որն ինչպես ստեղծվեց, այնպես էլ վերացվեց... Այնպես որ, հենց կինո «Նաիրին» ես պիտի համարեմ իմ պատանեկության տարիների սիրելի կինոթատրոնը:

Կինո «Նաիրիի» ուղիղ դիմացը, նույն մայթի վրա գտնվող հայտնի «Գաստրոնոմի», որ երեւանցիք անվանում էին «Չորրորդ խանութ», վերեւի մասում 1960-ական թվականների կեսերից սկսեց գործել մի շատ հաճելի սրճարան: Եվ հաճախ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո մտնում էին այդ սրճարանը, որին շատ հարմար անուն էին դրելՙ «Դերասանական», նկատի ունենալով հենց այն շենքի անունը, ուր ապրում էին մեր բեմի, հիմնականում Սունդուկյանի եւ մեր օպերային թատրոնի աստղերըՙ Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Տաթեւիկ Սազանդարյան, էլի կային: Երգչուհին, իհարկե, այդ սրճարանը չէր գալիս, իսկ ահա Հրաչյա Ներսիսյանը, մանավանդ կյանքի վերջին տարիներին, վաղ առավոտյան կամ թե փակվելուց անմիջապես առաջ, երբեմն գալիս էր, խմում սուրճ, մեկ էլ ճերմակ գույնի, արցունքի պես թափանցիկ մի «ըմպելիք», որը սովորաբար սառը վիճակում են օգտագործում... ի՞նչ. ինձ թվում է գլխի ընկաք:

Հարեւան վրացիները նման մի արտիստիՙ Սերգո Զաքարիաձեի համար կենդանության օրոք արձան կանգնեցրին, առանձնատուն նվիրեցին, իսկ մեր Հրաչ Ներսիսյանի, որը երկնային պարգեւ էր ժողովրդի համար, երկրային հետքերը հետզհետե ջնջվում են իր հարազատ Երեւանում: Ինչպես որ, արդեն մեր օրերում, ջնջվեց կինո «Նաիրի» ոչ միայն կինոթատրոնը, այլեւ հասկացողությունը...

...Մի քանի ժամ արդեն անդադար գալիս է անձրեւ, կինո «Նաիրիի» կամարների ներքո կանգնած է Խորիկը, բաց գույնի ամառային վերարկուի օձիքը բարձրացրած, սպասում է Հրաչին, այսօր նա շատ բան ունի նրան ասելու, եւ թեեւ «Պաղտասար աղպարը» ուշ է վերջանում, բայց նրանք պիտի այստեղ հանդիպեին... Սիրտը լցված էր, եւ առանց Հրաչին հանդիպելու չէր կարողանա տուն գնալ, իհարկե տուն... բայց ինչպե՞ս, ոտքերը ուրիշ շեմ էին տանում: Այս վերջին ֆիլմը Խորիկին ուղղակի որդիաբար կապել էր Հրաչի հետ, եւ միայն նրան կարող էր սիրտը բացել... Անձրեւը խոշոր-խոշոր կաթիլներով գալիս եւ կինո «Նաիրիից» մինչեւ «Դերասանական» սրճարան ողջ տարածքը ջրափոսերով էր ծածկել... Բնականաբար, ծխեց եւ լուցկին գցեց ջրափոսի մեջ, որը մեղմ սահեց թաց մայթով: Աչքի առջեւ էլի «Առաջին սիրո երգի» եզրափակիչ հատվածն էր, երբ ողջ էկրանով ցույց էր տրվում իր, այսինքն` Արսեն Վարունցի կնոջ երջանիկ դեմքը. «Էս Յուրիկն էլ ասես դիտմամբ մի մոսկվացի դերասանուհու ընտրեց, որ շատ եւ շատ նման լիներ նրան, նրա՛ն, ում համար արդեն վաղուց մոռացել է, թե քունն ինչ բան է, նման է, այո՛, բայց նա՛ չէ»,- եւ հասկանում էր Խորիկը, որ նա իսկապես միակն է, անկրկնելին, այո՛, անգամ մեծն Փափազյանն է դա ընդունումՙ մտաբերելով իր խաղընկեր Դեզդեմոնաներին...

Եվ էլի առջեւը նրա դեմքն էր: Չէ՛, Յուրիկը մի բան գիտեր... Տաքսի «Վոլգան» ուղիղ կանգնեց «Դերասանականի» մուտքի մոտ, ու Խորիկն անմիջապես նշմարեց նրա լայնեզր գլխարկի սիլուետը, եւ մինչ նա կհասցներ մեքենայից դուրս գալ, Խորիկը ջրափոսերով ընդառաջ սուրաց նրան: Իսկ թաց մայթեզրի վրա, կարմիր տառերով, մերթընդմերթ բոցկլտում էին «Նաիրի» - «Наири» խոսքերը....

Երեւան, հոկտեմբեր, 2012 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4