ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2012-10-20 | #20, 2012-11-03 | #21, 2012-11-17


ՍԽԱԼԱԽՏ

ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու

Մեր ժամանակներում հայոց լեզվի հանդեպ անտարբերությունը հասել է այն աստիճանի, որ սխալներից այլեւս չեն խորշում նույնիսկ այնպիսի գիտական հիմնարկում, ինչպիսին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտն է: Ինստիտուտի նորագույն գրականության բաժնի վարիչ Սուրեն Աբրահամյանը տպագրել է մեր ժամանակի համար ռեկորդային սխալներով գիրք (այն էլ` պետաջակցությամբ), արժանացել է ՀԳՄ ամենամյա մրցանակի, նշանակվել է «Գրականագիտական հանդեսի»-ի գլխավոր խմբագիր: Ինքը` Սուրեն «Եռամեծը» (դասախոս, բաժնի վարիչ, ՀԳՄ քննադատների սեկցիայի նախագահ), «Գրականագիտական հանդես»-ում (ԺԳ 2012, էջ 75) հեգնում է սխալների ուղղումը իբրեւ «վարժապետություն» («վարժապետի նման... ուղղագրական սխալներ ուղղում»): Այսպես, ուրեմն, ըստ «գրականագետի», ուղղագրության ու լեզվական այլ կարգի օրինաչափությունների պահպանումը «վարժապետություն» է, մինչդեռ իր նման «քննադատը» վեր է կանգնած «վարժապետությունից», քանզի իր միտքը հետկառուցվածքաբանության «հորիզոնում» է: Ս. Աբրահամյանի «Տեքստ եւ բնագիր» (2011թ.) գրքի լեզվական սխալներն աղետալի որակի ու քանակի են:

Խոսենք փաստերով: Սխալներն սկսվում են գրքի անոտացիայից. «Գրքում հրապարակված են հեղինակի տեսական, ակնարկների, հոդվածների որոշ մասը...»: «Քննադատն» օգտագործում է էկզալտացիա բառը` բացատրելով շիկացում (էջ 11), այնինչ պետք է լինի հուզավառություն: «Եվ եթե հետեւենք Ժ. Դերիդայի հղումին, որն ասում է...» (հղումն ավելորդ է): «... Միասնական է գրականությանը» (էջ 30), «... միասնական է պատմության հիմունքին» (էջ 43), «...նույնը չէ գեղագիտությանը» (էջ 43): Մեր «տեսաբանը» Լյութեր հատուկ անունը եւ էվոլյուցիա բառը (վերջինը` տասնյակ անգամներ) գրում է առանց յ-ի: Գրքում դառնում է ստոիկյանը` ստոյիկյան (էջ 34), Հեգելի «Փիլիսոփայության ներածությունը»` «Փիլիսոփայական ներածություն» (էջ 35), պրոպեդեւտիկան` պրեպեդեւտիկա (էջ 39):

Դպրոցականը նարեկացիական, թումանյանական, չարենցյան ածականները կգրի փոքրատառով, մինչդեռ մեր «հերմենեւտիկը» գրում է մեծատառով (էջ 38): «Քննադատական գրառումներ «նամակի փոխարեն» հոդվածում Ս. Աբրահամյանը նշում է, որ ինքը «էվոլուցիա (այսինքնՙ էվոլյուցիա) չի տեսնում «Հիստերիաների» հեղինակի եւ «նշված վեպի միջեւ» (էջ 203 ), այնինչ էվոլյուցիա (բարեշրջում) պետք էր տեսնել կամ չտեսնել ոչ թե «հեղինակի» եւ «նշված վեպի» միջեւ, այլ «Հիստերիաների» եւ «Նստիր Ա գնացքը» վեպի միջեւ:

Մի՞թե այսպես են կառուցում նախադասությունը. «... թե տեքստի ներսում չէ, ապա` հարաբերության» (էջ 45): Ճի՞շտ է օգտագործված «վկայում» է բառը` «տեքստը վկայում է իբրեւ պատմության ոլորտ» (էջ 48): «Ընդ»-ը արդե՞ն «դեմ» չի նշանակում. «Մահարու վեպի առաջին տարբերակի դեմ ընդդիմախոսության պարագայում (էջ 50): Ս. Աբրահամյանը մեջ է բերում Հ. Թումանյանի «Դու մի անհայտ բանաստեղծ ես...» քառյակը (էջ 38) եւ վերջին տողում մեծ բանաստեղծին «խմբագրում» է. «Որ կարդում է էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր», փոխանակՙ «Որ կարդում եմ էդ երգերը...» (էջ 38): Գրականագետը չգիտի, որ Հ. Օշականի «Մնացորդաց»-ը մեկ վեպ է եւ ոչ «վեպեր» (էջ 58): Եվ կրկին հոլովասխալ` «Ուստի արդիականությունը, ներառված պատմականությանը» (էջ 57):

«Фрагменты ранних греческих филисофов»- (պետք է լինի` философов):

Բազմաթիվ անգամ «ուստի» շաղկապը անհարկի է գործածում, ինչպես այս դեպքում. «Բանաստեղծական խոսքի կազմալուծումը, որ ... տարրալուծում է ստրուկտուրայի միասնությունը..., ուստի...» (էջ 50): Ուղղակի անհեթեթ է` «... ժամանակը եւ իմաստը խոսքի միասնական է այսպիսով» (էջ 51): «Խնդրի իմաստը թաքնված է նրանց միասնության, ստեղծագործության եւ նրա պոետիկայի կազմալուծման համաժամանակյա «գործողության» հետ» (իմաստը թաքնված է... «գործողության» հետ) (էջ 52): «Նրա (քննադատի - Ն. Ղ.) «մանուկ» միտքը... ուտիլիտար (ուսուցողական) կառուցվածք ունի» (էջ 53): Հենց ինքը` Ս. Աբրահամյանը, ուտիլիտարը շփոթում է ուսուցողականի (դիդակտիկ) հետ, մինչդեռ ուտիլիտար նշանակում է կիրառական, գործնական, օգտապաշտական: «...Պատասխանելու քննադատության ընթացքի, ուղիների, դերի մասին» (էջ 56): Սա ի՞նչ հայերեն է` «չերկարաբանենք` վերլուծելու ասածը» (էջ 56): «Արդի գրական պրոցեսը հիմնել է մեկնաբանության իր նախադրյալը» (էջ 70) (հիմնել է... նախադրյալը):

«Գրելը այնուհետեւ վերաճում է մետամիմեսիսը ներկայացնելու հնարավորություն...» (էջ 79) (իմա` հնարավորության):

Ահա լեզվական գրագիտության գոհարների մի շարան. «Գիտակցումը հիմնված է... շարժման ընթացքով» (էջ 77) (հիմնված է... ընթացքով): «Կորցնենք ավանդույթի ինքնագիտակցության (գիտակցմա՞ն) ուղին» (էջ 71): «...Բազմազան աշխարհի հետ իր (պետք է լինի նրա) հարաբերությունը անցնում է շարժման (փոխակերպվո՞ւմ է) (էջ 78): «Այժմ կարիք կա որոշ պարզաբանումներ տրվեն դրան նաեւ իմ կողմից (էջ 84): «Սրանց միասնության ոլորտը կայանում է իմաստի շարժման պատմական հունով» (էջ 90): «...Տեղ չեն գտել որոշ երկերի (մանավանդՙ պոեմների) սեւագիր տարբերակների մի զգալի մասը» (էջ 91): «Այս վեպի հրատարակությունը, որ նախորդող հրատարակությունների առումով առատ (հարուստ) ավանդույթ է ձեւավորել (էջ 93)»: «Տրոհման այդ մասով ծագում են տարբերակների կամ տեքստային տարբերությունների հարցը»: (էջ 94): «...Բառի բազմիմաստության էվոլուցիան (էվոլյուցիան) մտահանգելով իբրեւ.. տեսության» (էջ 110) (էվոլյուցիա՞ն է մտահանգում տեսության): «...Որ Այվազյանի գրական ելակետին մերձենալու միակ ճանապարհը անցնում է փիլիսոփայության, մեկնաբանության (հերմենեւտիկայի) եւ սրանց ամբողջությունը վերակազմող ստրուկտուրային» (էջ 108) (ճանապարհը... անցնում է ստրուկտուրայի՞ն): «Վեպը» կառուցված է ոչ այնքան արդիականությանը ներձույլ, այլ կերպավորված է գավառային մի նեղ մթնոլորտ (էջ 107) (ոչ այնքան... այլ):

«Յուրաքանչյուրը պետք է զբաղվի սեփական լեզուն կազմալուծելու» (էջ 105) (լեզվի կազմալուծմա՞մբ): «Թե ինչու է նախաձեռնել «Գարուն» ամսագիրը հոդվածաշարի նման նախագծին» (էջ 107):

«Նա բառապաշարի էությանը հանձնառելով այդ կապը...» (էջ 119) (հանձնառությունՙ հանձն առնել, համաձայնություն հայտնել):

«Այվազյանը դրամատիկական երկերում արարչության հավերժությունը կապում է ոչ միայն մարդու ներաշխարհի, այլ քաղաքակրթության...» (այլեւ) (էջ 101): «Հայոց բարոյականության պատմությունը» ձեռագրից, մարդկանց ներաշխարհից է որոնում...» (էջ 101) (ձեռագրից, ներաշխարհից է որոնում..., փոխանակ ներգոյական հոլովի): «Այրվող այգեստաններ» (2004) վեպի նորագույն հրատարակությունը հին վեճերը բորբոքեցին նույն հանգով» (էջ 94): «Օժտված ակնահայտության արժեքով» (ակնհայտության) (էջ 120): «... Ուր նշանակություն ունեն անսահմանի եւ սահմանի... հարցադրումը» (էջ 133):

«Տարրալուծում կերպարներին ու նրանց էությունը» (կերպարները) (էջ 162): «...Խեչոյանի գրական ընթացքը ամբողջանալու սեւեռուն ընթացքի մեջ է (էջ 170) (ընթացքը... ընթացքի մեջ է): 174-րդ էջում օգտագործված է ինտուիտիվ բառըՙ ներքնատեսական բացատրությամբ, այնինչ ավելի ճիշտըՙ կռահողականն է, ներըմբռնողականը: «Պատումը խարսխում է մեր գրականությանՙ կենսագրական վեպի հարուստ տարրերով (խարսխել... տարրերո՞վ) (էջ 177):

«Ճակատագիր եւ տեքստ կամ լեզու եւ ճանաչողություն» մասի 12-րդ ծանոթագրության մեջ նա երկու անգամ Հյոլդեռլինը գրում է Հյոռդեռլին, 305 էջի փոխարեն նշում 304-ը:

«Բայց արվեստական հարաբերություններն, անշուշտ կան, ու թվում էՙ գրողի «օգտին» չեն առաջին հեղ» (էջ 187): Հեղ նշանակում է անգամ, մինչդեռ օգտագործված է հերթին իմաստով (կան հեղի նույնակերպ օգտագործման այլ դեպքեր):

«Խանջյանը այս տիպի մարդու «իլուզիային» հակադրում է իրական մարդուն (էջ 194) (պետք է լինիՙ իլյուզիային):

200-րդ էջի տողատակում Շիլլերի «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» գիրքը ներկայացվել է սխալ վերնագրովՙ «Նամակներ էսթետիկական դաստիարակության»:

Ռոլան Բարտի «Քննադատությունը եւ ճշմարտությունը» (թարգմանված հայերեն) գիրքը Ս. Աբրահամյանը հիշատակում է իր իսկ հորինած վերնագրովՙ «Գրականություն եւ ճշմարտություն, էսսեներ» (էջ 214):

Բարտի գրքից «Քննադատական գրառումներ «նամակի» փոխարեն» հոդվածում մեջբերում է կատարում սխալով. «...կապ է հաստատում (գրքումՙ վերահաստատում) որոշակի անդրտեքստի հետ (բաց է թողնում «ասես»-ը) ստեղծագործության...» (էջ 201): «... Ի հայտ է բերվում... մեկնաբանության եւ տեքստի քննության ընթացքով (ի հայտ է բերվում... ընթացքով) (էջ 201): «Մեր զրույցների մեջ ես խոսում էի...» (պետք է լինիՙ մեր զրույցների ընթացքում ես ասում էի: Թե չէ զրույցը հենց խոսելն է):

«Նրանում ես-ի մարմնական ցավի ապրումն է, որ պատումի ռիթմի մեջ է հանգրվանում, մարմնի ցավը եւ խոսքի «մարմնական ցավը» «բաղհյուսում միմյանցով» (էջ 207): («Բաղհյուսումը» ավելորդ է):

«Ոչինչը շաղկապված է իր իրական ոչնչով» (շաղկապվածը իր տեղում չէ) (էջ 210): «Տավրոսի կերպարը, որ հայտնվում է Մարդոյի «միայնակ» տանը (կերպարը... հայտնվում է տա՞նը, որտեղի՞ց, ստեղծագործության մեջ չէ՞ր) (էջ 210):

«Ամեն ինչի մեղավորը ժամանակն է, - որ տարածությամբ չի մեկնաբանվում, նրանով «կալանվում» է, ընկլուզվում նրանով» (ընկլուզվումՙ խորասուզվում, ընկղմվում, էլ ինչպե՞ս խորասուզվել նրանով) (էջ 212):

«Պատումի առանցքում «խզում» է արձանագրվում նրանց միջեւ հակադրությամբ» (միջեւը ավելորդ է) (էջ 217): «Բուն հակասության հիմքում տեղադրում է էթիկական պատճառաբանությունը» (տեղադրելՙ որոշ կարգով զետեղել, դասավորել, տեղը դնել, տեղավորել) (էջ 217): 218-րդ էջում «հեղ»-ի սխալ օգտագործումՙ «... իմաստի կրողը առաջին հեղ (անգամ) ժողովածուների վերնագրերն են»: «Կռահումի ինտուիցիան» (ինտուիցիան կռահողականությունն է) (էջ 211): «Ստացվում է, ուրեմն, որ ձեւը ինքնակա է (ավտոնոմ) (ավտոնոմՙ ինքնավար) (էջ 222): «Կամ տարտղնվում» ինքունության դիմակի (ցրվում, ցիր ու ցան լինում, տարածվում... դիմակի՞) (էջ 243): «Եզեկելիի» (Եզեկիելի) (էջ 242):

«Բայց իրադրության «ծեսը» պառակտվում է դիպաշարի ընթացքով (ընթացքում) (էջ 245): «Եսի հաղթահարումը հայտնությամբ ներձուլում է կնոջը ծառին» (էջ 247): Նույնական սխալՙ «... որտեղից «ծառը» ներձուլված էր երեւում «ճանապարհին» (էջ 247):

«Հարությունյանի պատմվածքների... համակարգը ներձուլված իմաստային - փոխաբերական կապով...» (ներձուլված... կապով) (էջ 248), «որը ձեւավորվում է միկրոտեքստերի շղթան)» (էջ 250): «Կենդանապատկերելով «հոգին», որ մի դեպքում հակված է դեպի պատմության եւ ճակատագրի խորքը, ուստի կերպարը կրում է...» (կենդանապատկերելով..., ուստի) (էջ 236): «...Ոչ այնքան պատմական կերպարներ են, այլ (իմաՙ որքան) ժամանակի միասնությունը կրող խորհրդանշանական գեր-եսեր (էջ 253): «...Կատարսիսը հղանալովՙ ոչնչացնելու լյումպենը» (էջ 254) (այ քեզ գրականագիտական շարադրանք): «Մի՞թե ասված չէ արդենՙ հեշտ է «մանուկ ծնելը», «քան պահելը»: Այլ կերպ չես մտածի . Ս. Աբրահամյանը նկատի ունի Սեւակի «Նորօրյա աղոթքի» տողերը, որտեղ, սակայն, մանուկ «ծնելու» մասին խոսք չկա, ինչպես նաեւ չկա «քան պահելը» («Մանուկ պահելը ծանր է ավելի») (էջ 260): Գրականգետը «խմբագրում» է Պ. Սեւակին: «Հուշագրող-վիպագրողին եւ վիպագրողին (իմաՙ վիպագրին) (էջ 2620): «Ուր միասնական տեքստի մեջ տեքստերի հիերարխիան միմյանց չեն «հաջորդում» (էջ 263) (հիերարխիաները), թե չէՙ «հիերարխիան միմյանց չեն հաջորդում»): «Վերահառնող հայկական ոգին է...» (վերհառնող) (էջ 264): «Բալլաքյանների, Արուսյանների, Շեքերլեմջյանների... (փոքրատառի փոխարեն) (էջ 264)»: «Կառուցվածքի առումով Բալաքյանի երկը, ուրեմն, ներյուսվում է մի քանի շերտերով...» (էջ 265): «Տատս», «Մայրս» խորագրերով» (էջ 265) (վերնագրերով):

«Աներեւակայելիի» նույն գրական իմաստը ներհյուսված է Բալլաքյանի երկի համակարգին» (էջ 276): «...Որ «վիպակը չէ, այլ գաղափարների կոմպիլիացիա» (էջ 254) (կոմպիլյացիա): «Շրոդեր» (էջ 293) (Շրյոդեր): Մեջբերված ենՙ Չարենցի «9 VII 1936» վերնագրով բանաստեղծության վերջին տողերը. «Եվ վերնագրերն այդ անբառ, անանուն // դարձան մահվան պես ահեղ ու անհուն» (էջ 293) («դարձան»-ը երկրորդ տողի սկզբնատառն է, պետք է գրվի մեծատառով, ինչպես Չարենցի տեքստում է):

«Գուցե ա՞յն, որ կենացներն ավելի շատ են հեղվել բանաստեղծիդ մասին (չթվարկեմ դրանց)» (էջ 326) (չթվարկեմ ու՞մ, եթե կենացները, ապաՙ դրանք):

«Ընդհանուրը եւ նույնականը Պ. Սեւակի բանաստեղծությանը միայն այն է, որ...» (էջ 295): «...Հովհաննիսյանի իռացիոնալ ճանաչողությունը... առնչություն ունի... Պլատոնի, Ֆիխտեի, էկզիստենցիալ ճանաչողության (մահվան ու աբսուրդի ընկալման առումով) եւ այլն» (էջ 302) (նախադասությունը չի ավարտվում): «...Որքան կարեւոր են նրա պոեզիայի փիլիսոփայական ակունքների ճանաչումը...» (էջ 303): «Պեսիմիստական աշխարհայեցողությունը բանաստեղծի հոգեաշխարհում ինքնաարտահայտման էանիշների սկզբնավորումներն են (էջ 303):

«Յուրաքանչյուր մշակույթի դարաշրջան բնութագրում է (վ) հասունացման երկու փուլովՙ ծագող (ՉՏրւՏՊÿքց՚) եւ քաղաքակրթության վերափոփոխվող (վերափոխվո՞ղ)ՙ անկում ապրող (ՌրւՏՊÿքց՚) (պետք է լինիՙ անհետացող):

«Ս. Հովհաննիսյանը «էվոլուցիայի» (յ) անապաստան այս դրամայում...» (անապաստան դրամա՞):

«Շպանգլերի ասածՙ մշակույթի երկրորդ աստիճանը» (պետք է լինիՙ Շպենգլերի) (էջ 305):

«Կամքի ինքնարտահայտումը մարմնավորումն է եսին (պետք է լինի առանց ն-ի) (էջ 307):»

«Որոնց իմաստը պարզաբանվում է, ավելի ստույգՙ մեկնաբանվում, մարդու հոգեւոր կաղապարի, մարդու ներքին հայեցման (մեկնաբանվում է... հայեցման) (էջ 307): «Համադրամիասնությամբ «բնությանը» (էջ 308):

Այսքանից հետո Ս. Աբրահամյանին հանձնարարված է խմբագրել «Գրականգիտական հանդես»-ը: Եվ նա հանձն է առել, որպեսզի հեշտորեն «իրացնի» հայոց լեզուն եւ մարդու սովորական տրամաբանությունը կազմալուծող իր «հոդվածները»: Եվ ահա հանդեսի ԺԳ համարում գլխավորի իրավունքով շաղ են տրված որեւէ գրագետ մարդու չվայելող սխալներ իր իսկ հոդվածում («Քննադատական գրառումներ եւ մտորումներ»: Բերենք մի քանի օրինակՙ «Զուտ ժամանակային իմաստով տեքստի ստեղծման ակտը տարբեր են գրողի եւ քննադատի համար» (էջ 42): Հանդեսի նույն էջում. «ընդգծելու նոր քննադատության «ներկայությունը», որին անտեսելը (պետք է լինիՙ որը): «Հրապարակի վրա են գրական դահիճների եւ զոհերի գործը» (էջ 43):

«Սակայն որը հիմնված չէ երեւույթը ճանաչելու եւ գնահատելու, այլեւ միայն փաստագրելու» (էջ64): «Բնութագրումները, որոնք Ս. Սարինյանը վերագրում է այս «կրիտիկոսին», հոդվածների հեղինակն է (բնութագրումները... հոդվածների հեղինակն է) (էջ 72): «Թե՞ անտեսում է քննադատությանը» (քննադատությունը) (էջ 73): «Քննադատական հեղինակությանը պարսավելը (էջ 74) (իմաՙ քննադատի հեղինակությունը):

«Տեքստ եւ բնագիր» գրքի եւ հանդեսի լեզվական բոլոր սխալների մատնանշումը մեկ հոդվածում անհնար է: Իսկ «գրականգիտական» կաղապարները, իբր թեՙ բարդ, սակայն իրականում անհեթեթ մտքերը ժողովածուի հիմնամասն են:

Սխալների, թերասացությունների, «տեսական» թնջուկների գրքի հեղինակը թողտվության պայմաններում դեռ որքան պետք է շարունակի ծապլվարյան իր «հաղթություն»-ները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4