ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ
Մե՜ծ-մե՜ծ, արտահայտիչ խաժ-խաղող աչքերով, հմայիչ, մեղմ ժպիտով, դյութիչ ձայնով, նազելի բեմական շարժուձեւով, մտերմիկ ու կիրթ, խելացի ու գյումրեցու ավանդական սրամտությամբ լեցուն, միշտ պատրաստակամ օգնելու, միշտ պատրաստակամ իր ունեցածը կիսելու դիմացինի հետ...
Իր բեմական մուտքը դժվար եղավ, քանզի նորություն էր իր բերածըՙ մի քիչ անծանոթ, մի քիչ տարօրինակ, համարձակՙ երբեմն չափից դուրս, սակայն թարմ ու անկրկնելի: Իր արվեստն ասմունք չէրՙ այդ ժանրի 1960-ականների հայկական միջավայրում ընդունված իմաստով, ոչ էլ մեկ դերասանի թատրոն, ինչը որ շատերն էին ներկայացրել իրենից առաջ: Ժամանակակից պոեզիայի թատրոն էր, լի փորձարարությամբ, պրպտումներով, ամեն մի բեմելում նոր, անսպասելի եւ յուրօրինակ իմպրովիզացիաներով:
Ու սիրեցինք իրեն, կապվեցինք իր արվեստին, դարձանք ԻՐ հանդիսատեսը:
Ավա՜ղ, երկար չվայելեցինք այս ամենի լիակատար հմայքը, քանի որ ասուպի պես եկավ ու անցավՙ իր ետեւից թողնելով մի քանի կիսատ-պռատ ձայնագրություններ ու տեսագրություններ, պայծառ հիշողություններ իր ու իր փայլուն արվեստի մասին, եւ մի խորը ցավ, որ անբուժելի է, երբ այդքան վաղ կորցնում ես մեծագույն բարեկամ ու տաղանդ, սրտագին ընկեր ու ԱՐՏԻՍՏ...
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Անունը գրելիս իսկ մարմինս փշաքաղվում է:
Ամեն անգամ իրեն հիշելիս աչքիս առաջ է գալիս նախ կարճ կտրած մազերով, սեւ հագուստով փոքրամարմին աղջիկըՙ կարծես Էդիտ Պիաֆի հայկական տարբերակը բեմում, եւ ապաՙ մեր վերջին հանդիպումը 4-րդ վարչության («լեչ-կոմիսիայի») պոլիկլինիկայում, կուչ եկած, ահավոր փոխված, ու իր վերջին խոսքերը.
- Լավ չեմ, ապեր ջան, չգիտեմ հետս ինչ է կատարվում: Բան չկա՜, կդզվի՜մ...
«Չդզվեց»...
Մոսկվայից ստացանք լուրըՙ Սուսաննան չկար:
Փառք ու պատիվ պարոն Շահեն Կարամանուկյանին, որ այն ժամանակ լինելով Նախագահի աշխատակազմի ղեկավարը` հավուր պատշաճի կարգադրություններ արեց տեղափոխելու եւ հոգալու հուղարկավորության հետ կապված խնդիրները...
***
...Ծնվել էր 1941 թվականի մայիսի 14-ին, Լենինականում:
Հայրենական մեծ պատերազմն սկսել էր իր քառասնօրյակի օրը... Հայրը գնացել էր ճակատ ու երբ վերադարձել էր, բարուրի մեջ թողած նորածնի փոխարեն տեսել էր արդեն դեսուդեն վազվզող բլբլան մի անուշ աղջնակի: Երեւան էին տեղափոխվել վաղուց: Սուսաննան դպրոց էր հաճախել արդեն Երեւանում: Ապրում էին Տերյան փողոցի վրաՙ ներքեւումՙ այն ժամանակվա «Մանկական աշխարհ» հանրախանութի դիմաց եղած հին երեւանյան տներից մեկում: Պայմանները, մեղմ ասած, լավը չէին: Գետնահարկը խորդանոց էր: Ճռճռացող փայտյա աստիճանները տանում էին դեպի երկրորդ հարկի նեղլիկ ու հին տան սենյակները, որոնք արտակարգ մաքուր եւ հարմարավետ էին շնորհիվ Սուսանի մայրիկի անդուլ աշխատասիրության:
Այս նահապետական ընտանիքում Սուսաննան մանկությունից սկսած «պրոբլեմ» է եղել ծնողների համար: Հաճախ պատմում էր ու ամեն անգամ ի սրտե հռհռում իր սարքած «օյինների» վրա:
...Տանը լողարան ունենալը երազանք էր: Շատ շատերս մեծացել ենք բաղնիք գնալով: Սկզբում ծնողների հետ, հետո երբ մեծ եսՙ արդեն մենակ:
Սուսաննան արտիստ ԾՆՎԵԼ ԷՐ: Պատմում էր, որ երբ արդեն հասուն աղջիկ էր, գնում էր լողանալու, հետն էլ «հոգեբանական փորձեր» էր անումՙ բաղնիքում ինքնիրեն... խուլուհամր ձեւացնելով... Պատկերացնո՞ւմ եք , թե մարդ ինչպիսի՜ ռեակցիա ու կամքի ուժ պիտի ունենա այդ իրավիճակում իրեն ճիշտ պահելու համար: Ու կարողացել է: Փորձել է մարդկանց վերաբերմունքը.
- Զարմանալի է,- ասում էր,- մարդիկ միշտ նույն ռեակցիան էին ունենում, ասելով, թե «մե՜ղք ա, ի՜նչ սիրուն աղջիկ ա, բայց լալ ա ու խուլ»... Հիմա պատկերացնո՞ւմ եք, էդ բաղնիքի կնանիքից մեկը ինձ տեսնի բեմում, գլո՜ւխս կջարդի...
Ու ծիծաղում էր իր զուլալ ծիծաղով:
Նման վիճակների մեջ էր դրել եւ հարազատներին: Հայրը, շատ խիստ ու նահապետական մարդ էր, լսել իսկ չէր ուզել թատրոնի մասին: Սուսանին ստիպում են ընդունվել... Պոլիտեխնիկական ինստիտուտ: Խեղճ Սուսաննաՙ ինքը ո՜ւր, պոլիտեխնիկն ո՜ւր.... Դիմանում է մի տարի ու հայդաՙ Լենինգրադՙ Կուլտուրայի ինստիտուտ: Տնեցիք մոռանում էին, որ ինչքան իրենք, այդքան էլ Սուսանն էր գյումրեցի: Ու գումարած դրանՙ տաղանդավոր...
1968 թվականն է: Ավարտում եմ դպրոցը: Համալսարանի Հայ մշակույթի ակումբի շնորհիվ հաճախ եմ լինում համալսարանում, մասնակցում միջոցառումների: Ու մի օր կարդում եմ հայտարարություն, որ ֆիզիկայի ֆակուլտետի 78 լսարանում Բրյուսովի անվան ինստիտուտի Պոեզիայի թատրոնի ներկայացումն է: Համալսարանի ղեկավարությունը հարմար չէր գտել տրամադրելու մեծ դահլիճը: Դեռեւս անհայտ ուսանողական սիրողական մի կոլեկտիվ է, ո՜վ գիտե ինչ ծրագրով: 78-ը մեծ լսարան էրՙ դահլիճի նման, ու այնտեղ հաճախ էին անցկացվում տարբեր ձեռնարկներ, որոնք շատ ավելի «աղմուկ էին հանում», քան մեծ դահլիճի շատ միջոցառումներ, որոնց երբեմն մեզ զոռով էին «քշում»: Հիշեմ, որ ի շարս այլոց, այստեղ կայացավ նաեւ Երվանդ Քոչարի հետ հանդիպումըՙ Հենրիկ Իգիթյանի խիստ սուր, աղմկահարույց բացման խոսքով, այս լսարանում առաջին անգամ Երուսաղեմի միաբան հայր Կյուրեղ վարդապետ (հետագայում արքեպիսկոպոս) Գաբիկյանը ներկայացրեց իր «Երուսաղեմի գանձերը» լուսապատկերների հավաքածուն... Ո՞րը հիշես...
Ֆիզֆակի 78-ը դարձել էր հակակշիռ մի դահլիճ, ուր նորարարության շունչը կար... Այս թատրոնի ելույթն էլ բացառություն չէր: Մանկությունից թատրոնի ու գրականության սիրահար լինելովՙ վազեցի «78»:
Այս ներկայացումն ինձ համար հայտնություն եղավ: Զուսպ-փակ վզով սեւ շապիկներով («ՉՏՊՏսՈջՍՈ») ու տաբատներով 5-6 տղաներ ու աղջիկներ, ու նրանց ղեկավարըՙ խոշոր առինքնող աչքերով, նազանքով ու էներգիայով լեցուն Սուսաննա Գաբրիելյանը: Այս անունը դեռեւս ոչինչ չէր ասում:
Դեռեւս:
Շատ շուտով այն պիտի դառնար ծանոթ ու սիրելի, փնտրվող ու գնահատվող: Կատարում էին Լիտվացի մեծ բանաստեղծ Յուստինիաս Մարցինկյավիչուսի «Պատը» դրամատիկական պոեմի բեմականացումը ռուսերենով: Ապա երկրորդ բաժնում Սուսաննան արտասանեց Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը ռուսերենով, առանձին բանաստեղծություններ Ցվետաեւայից, Վոզնեսենսկուց, Ռոժդենստվենսկուց, Գրիգորի Պոժենյանից...
Տպավորությունը ցնցող էր: Ասմունքն անթերի էր, ռուսերենըՙ փայլուն:
Տարիներ հետո, երբ արդեն մտերիմ բարեկամներ էինք, զարմանքով իմացա, որ Սուսաննան ավարտել էր... հայկական դպրոց: Ռուսերենի կատարյալ տիրապետումը միայն լենինգրադյան տարիների ձեռքբերում էր...
Ամեն ինչ մի տեսակ նոր էրՙ ե՛ւ անսովոր, ե՛ւ յուրօրինակ, ե՛ւ հաճելի:
Ու սկսվեցին այս կոլեկտիվինՙ իմ «հետապնդումները»: Համարյա ոչ մի ներկայացում բաց չէի թողնում: Մեծամասամբ ելույթ էին ունենում ուսանող հանդիսատեսի առջեւ: Նորի, թարմ խոսքի ու ինքնատիպ արվեստի կարոտ էր բրեժնեւյան շրջանի երիտասարդությունը, եւ ընդունելությունը միշտ լինում էր խանդավառ ու փայլուն:
Աստիճանաբար սկսեցին նկատել իմ գոյությունն իրենց կողքին, որը վերաճեց ծանոթության, հետոՙ բարեկամության ու ապաՙ մտերմության... Տասնյակ տարիներ վայելեցի Սուսաննայի բարեկամությունը: Իր մարդամոտ ու շփվող բնավորությամբ բոլորին ձգում էր դեպի իրեն: Ինձ պես տասնյակներով երկրպագուներ ու բարեկամ-ընկերներ ուներ:
Բոլորին թվում էր, թե իրենք են Սուսաննայի ամենամոտ ընկերն ու բարեկամը:
Սակայն իր հավասարակշռված բնավորության, ներքին մեծ կուլտուրայի, պարզսիրտ բնավորության ու մարդկանց ճանաչելու բնատուր հատկության շնորհիվ կարողանում էր ստեղծել ջերմ մթնոլորտ իր շուրջը, երբ ամեն մեկը զգում էր իր բաժին ուշադրությունն ու իր տեղը Սուսաննայի շրջապատում:
1970 թվականն է: Երկու տարի համալսարանի բանասիրական ընդունվելու անհաջող փորձերից հետո որոշեցի գեթ մեկ անգամ կատարել մանկությունից եկած «ոսկե» երազանքսՙ ընդունվել թատերական ինստիտուտ: Ծնողներս լսել անգամ չէին ուզում, մանավանդՙ հայրս:
Պատմեցի Սուսաննային:
- Է, ապեր ջան, դու էլ իմ օրին ես: Ինձ պես էլ արա: Գործերդ տուր Թատերական, ընդունվեցիրՙ լա՜վ, հո՞ չեն ասելու դուրս արիՙ բանակիդ վախտն է գալիս, չընդունվեցիրՙ էլի գործերդ կտաս համալսարան...
Մի քանի երիտասարդներ էինք իր շրջապատումՙ նույն երազներով: Ու սկսեց մեզ հետ ամիսներ շարունակ անվճար պարապել ասմունք եւ բեմական շարժում: Ինչքա՜ն բան սովորեցինք այս մի քանի ամսում, որքա՜ն հղկվեցինք ու ինքնատիրապետում ունեցանք, կարողացանք կենտրոնանալ, ձգվել, հետեւել մեր խոսքին եւ պահվածքին: Այս խմբի մեջ առանձնապես մտերմացա երկու տղաների հետ: Վարդան Պետրոսյանն էր ու Արամ Պապայանը: Վերջինս հանրահայտ դրամատուրգ Արամաշոտ Պապայանի կրտսեր որդին էր: Երեքս էլ դիմել էինք ռեժիսորական բաժին: Կուրսը «հավաքում էր» Ռաֆայել Ջրբաշյանը: Բեմական խոսքի քննությունն ընդունում էր Անահիտ Սիմոնյանը:
Երեքս էլ կտրվեցինք:
Վարդանըՙ որովհետեւ Աբովյանից էր ու ոչ մի բարեխոսող չուներ, Արամըՙ քանի որ մի փոքր իմիջիայլոց վերաբերվեց քննությանը եւ եսՙ որովհետեւ.. թլվատ եմ:
«Ռ» եւ «Ր» արտասանելն իմ կյանքի մեծ պրոբլեմներից է...
Երեքով մոտեցանք դրսում մեզ սպասող Սուսիկին, թեւանցուկ արեցինք, տխուր-տրտում գնացինք «Պոպլավոկ», մի լավ խմեցինք, հուզվեցինք, հայոյեցինք մեզ կտրած դասախոսներին, Սուսանին տուն ճանապարհելիս լսեցինք իր մխիթարանքի խոսքերն ու... գնացինք համալսարան:
Արամն ու եսՙ բանասիրական, Վարդաննՙ իրավաբանական...
Սուսաննայի շնորհիվ ստեղծված մեր ընկերությունը, սակայն, տասնյակ տարիներ տեւեց... Զարմանալի հատկություն ուներ մարդկանց մտերմացնելու, ոչ միայն իր, այլեւ մեկմեկու հետ: Իր ներկայությամբ բոլորն իրար հարազատ էին դառնում: Եվ ի՜նչ նրբորեն էր ամեն մեկի ներքինն ընկալում: Միշտ ասում էի «Քուրո»: Ասում էի. «Սուս ջան, ես մեծ քույր ու ախպեր չունեմ, դու ինձ քույր եղիր»...
Ժպտում էր ու գրկում...
Մի օր մի փաթեթ տվեց.
- Սա քեզ,- ասաց,- գիտեմ, որ պիտի սիրես:
Բացեցի: Ա. Միլնի «Վինի Թուխը եւ բոլորը, բոլորը» հանրահայտ մանկական գրքի հայերեն թարգմանությունն էր, իր մակագրությամբՙ «Փոքր, բայց մեծ ախպորս»...
Շատ հաճախ կանչում էր իր փորձերին: Հիմնականում Ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճում էրՙ կամ ցերեկները, կամ շատ ուշՙ համերգներից հետո:
Որպես բանասիրականի ուսանող, հաճախ հարցնում էր կարծիքս, այս կամ այն հեղինակի, որեւէ արտահայտության, բանաստեղծական տողի հետ կապված: Ինքը որեւէ խորհրդի կարիք չուներՙ ներքինով հոյակապ զգում էր իր խաղացանկի ամեն մի տողը: Սակայն միշտ նրբանկատորեն ընդունում էր բոլորի կարծիքները:
Մի անգամ սովորականից շատ մնացինք սրահում: Կարծեմ կեսգիշեր էր արդեն: Երբ ուզեցինք դուրս գալ, պահակ միլիցիոները զարմացավ, որ մինչեւ այդ ժամը մնացել էինք: Կարծելով, որ ոչ ոք չկա, ադմինիստրատորն էր փակել Ֆիլհարմոնիայի կողմի մուտքի դռներն ու գնացել, ինքն էլ բանալի չուներ:
- Բայց,- ասաց,- ձեզ կտանեմ պատկերասրահի միջով, ծառայողական դռնից դուրս կգաք: Մենակ թե, Սուսան ջան, մարդ չիմանա:
Խոստացանք:
Անցնում էինք Եվրոպական բաժնի կիսամութ սրահների միջով: Ցերեկով տասնյակ անգամներ տեսածս նկարներն ու քանդակները բոլորովին ուրիշ էին կարծես: Երբեւէ նման խորհրդավորություն եւ ուժ չէի զգացել: Հիմա, երբ սկիզբ են առել «թանգարանային գիշեր» միջոցառումները, կարծում եմ, որ այն նախաձեռնողներն էլ, թերեւս, ունեցել են այդ արտասովոր զգացումը:
Լուռ քայլեցինք, դուրս եկանք ու բարի գիշեր մաղթեցինք հերթապահին: Մի փոքր քայլելուց հետո Սուսաննան ասաց.
- Հովո, լսեցի՞ր:
- Ինչը՞:
- Լռության ձայնը,- ասաց,- հանճարների լռության ձայնը: Արվեստագետը, ա՛յ, այդպիսին պիտի եղնի, որ իր գործի կողքով էլ անցնես, զգաս, որ քեզ հետ խոսում է ...
Միլիցիոների անունը Գուրգեն էր:
Շատ ժամանակ անց ասացի.
- Գուգո ջան, մեծ ռիսկ արեցիր մեզ համար, շնորհակալ եմ:
- Սուսանի համար ամեն ինչ կարելի է,- ժպտաց,- ազիզ աղջիկ է, իսկական ընկեր...
Աստիճանաբար Սուսաննան դառնում էր Ֆիլհարմոնիայի ճանաչված ու սիրված արտիստներից մեկը: Այն ժամանակ կառավարական համերգներին մասնակցելն արդեն ճանապարհ էր դեպի վեր: Սակայն իր նկատմամբ դեռ բավականին զգուշավոր վերաբերմունք կար: Ամեն դեպքում շա՜տ համարձակ ու մոդեռն է այս հմայիչ աղջիկըՙ արտասանած հեղինակներն ու գործերը շատ են նորարարական: Նույնիսկ հանրածանոթ ու առաջին հայացքից քաղաքականապես «անմեղ» թվացող գործերը Սուսաննայի ընթերցմամբ բոլորովին այլ հնչեղություն էին ստանում: Մի անգամ կիսաբերան ասաց, որ իրեն «խորհուրդ էին տվել»... չարտասանել Վահան Տերյանի «Կարուսելը»... Իր մեկնաբանությամբ այնտեղ կարելի էր Բրեժնեւյան շրջանի ճահճացման դեմ բողոքի ելեւէջներ տեսնել: Պահպանվել է վերջին շրջանում արտասանած «Կարուսելի» իր տեսագրությունը: Դիտելիս կրկին համոզվում ես, որ 1970-ականներին նման ասմունքը պետք է որ «արժանանար» այդօրինակ «խորհրդի»...
Ամեն դեպքում տաղանդը հարթում է իր ճանապարհը:
Ու մի օր ասաց. «Հովո ապեր, Փարի՜զ եմ գնում...»: Իրեն այդպես ոգեւորված չէի տեսել: Առաջին արտասահմանյան գաստրոլն էր ու միանգամից Փարիզՙ բոհեմայի ու սիրո մայրաքաղաք: Մեզանից շատ շատերի երազանքի քաղաքը, հավիտենական տոնը, որին առնչվելով էլ երբեք չես կարող բաժանվել...
Երբ ետ եկավՙ շոկի մեջ էր: Ինչքան որ ոգեւորված գնաց, այնքան էլ ցավով ետ եկավՙ համեմատելով մեր կյանքն այդ հավիտենական սիրո քաղաքի հետ... Վերադառնալուց հետո առաջին անգամ լուսանկարվեց պրոֆեսիոնալ լուսանկարչի մոտ, որը մասնագիտացած էր արվեստագետներին նկարելու մեջ: Չեմ հիշում, կարծեմ Խանդիկյանի մոտ էր, թե՞ մեկ ուրիշի, սակայն լուսանկարներն արտակարգ հաջող էին ստացվել: Դրանց մի մասն ինքը հետագայում օգտագործեց հայտագրերի համար:
Մեկ հատը ինձ տվեց:
- Սուս ջան, վրան գրի,- ասացի:
- Է՜հ, ին՞չ գրեմ,- խորը հառաչեց:
Ապա գրեցՙ «Ապեր ջան, երանի վերանային բոլոր սահմանները...»
Ու ստորագրեց....
***
Նոր Տարի էր:
Ֆիլհարմոնիայի արտիստների մեծ մասը մասնակցում էր տոնածառի հանդեսներին: Նախ որովհետեւ որպես հաստիքային աշխատող ժամ էին լրացնում եւ, հետո, լրացուցիչ գումար էր, ինչի կարիքն այնքա՜ն շատ էին զգում մեր արվեստագետները: Սակայն տառապանքն ահավոր էր: Ես, օրեր շարունակ լինելով այնտեղ, համոզվում էի դրանումՙ օրական 6-8 սեանս էին խաղում եւ հունվարի 10-11-ի կողմերն արդեն էլ ուժ չէր մնում: Ատելի էր դառնում տոնածառն էլ, հանդեսն էլ...
Սուսաննան միակ տարին էր, կարծեմ, որ մասնակցեց այդ ներկայացումներին... Գիքորի դերով: Չհասկացա, ինչն էր պատճառը:
Գուցե հոգնությունով ուզում էր հաղթա՞ծ լինել այն դեպրեսիային, որ ունեցավ Փարիզից հետո:
Հոգնում էր աննկարագրելի:
Ու մի օր հանդեսների միջեւ եղած ընդմիջմանը մի դառը կատակ արեց գյումրվա բարբառով. «Ըշտէ, կաշե՞ս հալս, Հովո ջան: Գացի Փարիզ, էկաՙ Գիքոր դառա...»:
Սակայն լավատես էր, անասելի լավատես: Երբ ծնվեց Մարիշը, ցնծում էր:
Մենք բոլորս էլ իր հետ: Գիտեի իր սիրո մասին, որը, սակայն, միայն դուստր տվեց իրեն ու... տառապանք: Սակայն չէի խորանում: Կարեւորը այս չքնաղ փոքրիկ արարածի լույս աշխարհ գալն էր: Որքա՜ն կարեւոր էր Սուսաննայի համար: Եթե նաեւ հարազատնե՜րը հասկանային դա:
Սկզբում «պատմություններ» եղան: Սակայն այդ լուսավոր փոքրիկ հրեշտակը հալեցրեց բոլորի սառույցն ու բացեց սուտ պայմանականություններով շուլալված հոգիներըՙ ստիպելով սիրել իրեն:
Սուսանը հպարտությամբ ասում էր.
- Անունը Մարիամ դրի: Սուրբ Աստվածածնի պահածը պիտի լինի բալես: Սակայն Մարիամ մնաց միայն փաստաթղթերում: Մարիշ էր իր ու իր մայրիկի բոլոր արտիստիկ ընկերների համար...
Ի վերջո բնակարան էլ ստացավ: Կարողացավ իր եւ իր բալիկի համար մտավորական մարդուն արժանի նորմալ կենցաղային պայմաններ ապահովել: Համերգներ, գաստրոլներ, ձայնագրություններ: Արժանացավ պատվավոր կոչումների: Սակայն ամենամեծ կոչումը մեկն էրՙ հանդիսատեսի սիրելին ...
1990 թվականն է:
Կնոջս հետ մեկնում ենք Հալեպ: Եվ հանկարծ օդանավի մեջ մի հարազատ դեմքՙ Սուսաննա Գաբրիելյանը: Գնում է Հալեպ համերգների:
Երկար ժամանակ չէինք տեսնվել: Ես աշխատում էի Էջմիածնում, բազմազբաղ, Երեւանից կտրված: Ինքն էլ այդ դժվար ժամանակներում բոլորի պես վազքերի մեջ էր... Հանդիպումը շատ ջերմ էր: Օդանավի ուղեկցորդուհին, ճանաչելով Սուսաննային, մոտեցավ ու հիշեցրեց, որ իր աթոռն առաջին կարգում է:
Սուսաննան գլխով արեց.
- Գիտեմ ազիզ ջան, շնորհակալություն, բայց հարազատներիս հանդիպեցի: Տարիներով չենք տեսնվել,- հետո գործի դնելով իր ժպիտի ողջ հմայքնՙ ավելացրեց,- չի լինի՞, որ բիզնես կլասսը գա էստեղ:
Ուղեկցող աղջիկը պատասխան ժպիտով գլխով արեց: Մինչեւ Հալեպ մենք Սուսաննայի շնորհիվ արժանացանք հատուկ վերաբերմունքի: Թե ին՜չ աննկատ եւ ուրախ անցան այդ թռիչքի ժամերը:
Երբ իջանք Հալեպ, օդակայանում իրեն սպասում էին համերգի կազմակերպիչները:
- Բա դուք ո՞նց եք տեղ հասնելու,- հետաքրքրվեց:
Վստահեցրինք, որ ամեն ինչ լավ կլինի:
Համբուրվեցինք հրաժեշտին, ու ինքը գնաց դեպի իրեն սպասող մեքենան:
Ետ նայեց, ժպտաց իր աննման ժպիտով ու ձեռքով արեց:
Այլեւս երբեք չտեսա այդ ժպիտը...
Վերջին անգամ պոլիկլինիկայում ժպտալու ո՛չ տրամադրություն ուներ, ո՛չ ուժ...
Սուսաննայի չքնաղ ժպիտը գնաց դեպի հավերժություն:
Ու եթե կա դրախտ, ապա հիմա այդ ժպիտի ջերմությունը վայելում են հրեշտակները ու իրենից սովորում են... ժպտալ...
Մանչեստր, 30 հոկտեմբեր, 2012