ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2012-11-17 | #22, 2012-12-01 | #23, 2012-12-15


ՎԱՆ ԼԵՈ

եգիպտահայ լուսանկարչի հազվադեպ դիտարկումները

Լուսանկարչության ասպարեզում հայերի նվաճումները Եգիպտոսում եւ ավելի լայն մասշտաբով նաեւ ամբողջ արաբական աշխարհում, չի կարելի թերագնահատել:

Այս տարվա մարտի 4-ից 29-ը Կահիրեի Ամերիկյան համալսարանի լուսանկարչական պատկերասրահի «Աբդուլ Լաթիֆ Ջեմիլ» դահլիճում պատկերասրահի հազվագյուտ գրքերի եւ հատուկ հավաքածուների գրադարանի համագործակցությամբ տեղի է ունեցել կահիրեաբնակ ճանաչված լուսանկարիչ Վան Լեոյի «Հազվադեպ դիտարկում» ընդհանուր խորագրով ցուցահանդեսըՙ նվիրված նրա մահվան տասներորդ տարելիցին:

Այդ առթիվ Բարրի Այվերսոնի հեղինակությամբ հրատարակված ալբոմ-գրքույկից թարգմանաբար քաղում ենք հետեւյալ տեղեկությունները հայազգի վարպետ լուսանկարչի մասին:

Թերի ուսում, թաքուն տաղանդ

Մահվանից մոտ մեկ տարի առաջ ալբոմի հեղինակին հասցեագրված «Կահիրեն աշխարհի կենտրոնն է» նամակի տողը, ըստ հեղինակի, շատ բան է ասում Վան Լեոյի մտածելակերպի, նրա ոճը, լուսանկարչական տեխնիկան ձեւավորող ազդեցությունների մասին:

Լեւոն Ալեքսանդրի Բոյաջյանը ծնվել է Թուրքիայում, 1921 թվին: Գերմանացիների հովանավորությամբ կառուցվող Բաղդադի երկաթգծի ընկերությունում հոր առանձնաշնորհյալ աշխատանքի շնորհիվ է, որ ընտանիքը փրկվել է ցեղասպանական հետապնդումներից եւ 1925-ին ապաստան գտել Եգիպտոսում:

Կահիրեի «Ինգլիշ Միշըն Քոլեջում» սովորելու տարիներին (1932-39) Լեոն ավելի շատ սպորտով է հետաքրքրվել, քան իր դասերով: «Ես պարզապես ժամանակ էի անցկացնում այնտեղ», նշել է նա մի առիթով: Լուսանկարչության հանդեպ սեր է ցուցաբերել 16-17 տարեկանից, երբ հոլիվուդյան աստղերի նկարներն է սկսել հավաքել:

1937-38 թվերին ընկերացել է «Ֆուադ» պողոտայի իր ապրած շենքում բնակվող չինացի վաճառական Լիու Չի Չոնգի հետ, որն ապրանքներ էր վաճառում բրիտանական բանակի զինվորներին: Լիուն առաջինն է նրան ներշնչել լուսանկարիչ դառնալՙ ցույց տալով, թե ինչպես օգտագործի իր 6x6 Ռոլեյֆլեքս ֆոտոապարատը:

Մյուս անձնավորությունը, որ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա, եղել է հայ լուսանկարիչ Վարժապետյանըՙ Զագազիգից: Վարժապետյանն է խրախուսել նրան, որ լուսանկարչություն սովորի «Ստուդիո Վինըսում», որը պատկանում էր մեկ ուրիշ հայ լուսանկարչիՙ Արթինյանին: Այնտեղ Լեոն սովորել է 1939-ին:

1940-ին Լեոն որոշել է դադարեցնել իր ուսումը Կահիրեի Ամերիկյան համալսարանում (նա այդտեղ էլ վատ էր սովորում) եւ սրտի թելադրանքով շարունակել զբաղվել լուսանկարչությամբ:

Փորձի պակաս եւ զգուշավորություն

Երկրորդ աշխարհամարտն սկսվել էր, եւ Կահիրեն ու Ալեքսանդրիան բառացիորեն ողողված էին բրիտանացի, ավստրալացի, ամերիկացի, հարավային աֆրիկացի, սուդանցի, հնդիկ եւ այլ ազգությունների զինվորներով: Կային նաեւ մեծ թվով օտարազգի քաղաքացիներ, ոչ զինվորականներ, եւ այդ օրերին մեծ պահանջ կար լավ լուսանկարիչների:

Հաշվի առնելով, որ փորձի պակասը դեռ զգացվում է, նա շարունակել է հաճախել 50-ամյա Արթինյանի արվեստանոցը: Արթինյանն իր այցեքարտերի վրա նշում էր, որ իր ստուդիան նախկինում պատկանել էր Հանսելմանին, որը 20-րդ դարի սկզբներին Կահիրեում հաստատված ավստրիացի լուսանկարիչ էրՙ հայտնի հատկապես թագավորական ընտանիքի եւ փաշաների իր դիմանկարներով:

Հետեւելով նրա օրինակինՙ Արթինյանն էլ համարվում էր «դասական» լուսանկարիչ եւ իր այդ հեղինակությունը պահպանելու մտահոգությամբ լուսանկարչության բոլոր գաղտնիքները չէր բացահայտում իր աշակերտներին, մանավանդ զգում էր, որ Լեոն չափազանց ուշիմ ու խորաթափանց անձնավորություն է: Նրան միայն հանձնարարում էր մութ սենյակում նեգատիվների հետ վարվելու ու նկարների համար շրջանակներ պատրաստելու սովորական աշխատանքները:

Սեփական ստուդիա

Տեսնելով հնարավորությունների սահմանափակվածությունըՙ Լեոն ավելի շատ մտերմանում է ռետուշ կատարող Պետրոս Ասլանյանի հետ, որը նույնպես Արթինյանի մոտ էր աշխատում եւ երկրորդ ամառվա երեքամսյա իր «փորձաշրջանը» ավարտելուց հետո հեռանում է արվեստանոցից:

Արթինյանը տխրում է, որովհետեւ պատերազմը նոր էր սկսվել, եւ գործը եռում էր: Օգնականի կարիք ուներ:

Լեոյի որոշմանը նպաստում է նաեւ մեկ ուրիշ անձնավորությունՙ բրիտանացի սպա Պոլ Հանդսը: 1940-ի ամռան վերջերին արվեստանոց մուտք գործելովՙ նա խորհուրդ է տալիս Լեոյին բացել իր սեփական լուսանկարչատունը:

Նյութական աջակցությամբ իրենց հորՙ Ալեքսանդրի, որը նոր ֆոտոապարատներ եւ լուսային հարմարանքներ է գնում, Լեոն եւ եղբայրըՙ Անջելոն 1941-ին «Ֆուադ» պողոտայի N18-ում գտնվող հորական տան հյուրասենյակում բացում են իրենց սեփական ստուդիան: Առաջին հաճախորդը լինում է Հանդսը: Իսկ ընդհանուր առմամբ հաճախորդների մեծ մասը Երկրորդ համաշխարհայինի զինվորներն էինՙ սպաները, օպերայի ու զվարճանքի այլ վայրերի բարձաստիճան պաշտոնյաները եւ անշուշտ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասանները:

Երկու եղբայրների համատեղ աշխատանքը տեւում է 6 տարի եւ չնայած այդ ամբողջ ընթացքում լուսանկարների տակ Անջելոյի ստորագրությունն էր, ընդհանուրի կարծիքն այն էր, որ Լեոն է տաղանդավորը եւ առավել ընդունակը, տեսածն ըմբռնողն ու նոր գաղափարներ մտահղացողը: 1946-47 թվականներին, որ Լեոյի ստորագրությունը եւս սկսում է երեւալ նկարների տակ: Բայց նրանք երկուսով հավասարապես վայելում են ստուդիա այցելող «աստղերի» ընկերությունը եւ շատ չանցած հայազգի արվեստագետների արվեստանոցը «լեգենդ» է դառնում:

Լինելով Լեոյից 4 տարով մեծ եւ ավելի զվարճասերՙ Անջելոն շատ շուտ տարվում է անվաչմուշկներով սահելու, հեծանվամրցույթների ու նորանոր պարատեսակների մասնակցելու գայթակղություններով: Նա նույնիսկ իր ընդունակություններն է ցույց տալիս 1942-ի ապրիլինՙ բեմադրելով «Music on Wheels» (երաժշտությունը անիվների վրա) շոուն, Կահիրեի «Amateur Skating Association-ի» մարզադահլիճում, որտեղ ինքն էլ հանդես է գալիս Քեյ Օուենի հետ: 1960-ին Անջելոն Փարիզ է տեղափոխվում եւ այնտեղ ստուդիա բացում, բայց հաջողությունների չի հասնում ամենայն հավանականությամբ իր բնավորության գծերի պատճառով: Լեոն միշտ փորձում է նեցուկ կանգնել նրան (մինչեւ 1995 թվականը), բայց նույն վերաբերմունքին չի արժանանում իր եղբոր կողմից: «Ես չեմ կարող բախտի քմահաճույքին թողնել Անջելոյին եւ Ալիսին... բայց նրանք երբեք իմ մասին չեն մտածում», կարդում ենք Լեոյի գրառումներում: Նույնիսկ Լեոյի խորհուրդներին չի հետեւել նա:

Լեոյի Փարիզ այցելության ժամանակ 1975-ին Անջելոն լուսանկարել է եղբորը եւ հետեւյալ խորհուրդը տվել նրան. «Քիթս մեծ է եւ դու (Անջելո) պետք է դեմքս 1 սմ դեպի ձախ շրջած լինեիրՙ ծածկելու համար այդ թերությունը»:

PR ասվածը կարեւոր է

Լեոյի գործը բարգավաճում է: Եղբորից բաժանվելուց հետո նա գնում է «Մետրո» ստուդիանՙ «Ֆուադ» պողոտայի վրա, որտեղ աշխատում է մինչեւ ստեղծագործական կյանքի վերջը:

Այդ ժամանակ սովորություն կար ստուդիայի նախկին սեփականատիրոջ անունը թողնել մինչեւ նորի անունը հայտնի դառնալը: Նա օգտագործում է այդ անունը եւ նույնիսկ 1950-ին մասնակցում «Լուսանկարչության 12-րդ Ազգային սալոնին» այդ անվան տակ: Հետագայում նա փոխում է եւ օգտագործում Լեւոնի վերափոխվածՙ Վան Լեո տարբերակը, որն իր կարծիքով «առավել արտիստիկ» էր:

Հայրը ասել էր, որ ինքնուրույն գործ պետք է դնել եւ ուրիշների համար չաշխատել: Ինքըՙ Ալեքսանդրը, «Eastern Tobacco» ընկերության համար էր աշխատում, որտեղ մեկ րոպե ուշացումի համար գործից հեռացնում էին: Չէր ուզում, որ որդիները նույն ճակատագիրն ունենան:

Սկզբնական շրջանում Լեոն նույնիսկ ձրի էր լուսանկարում որոշ հայտնի դերասաններին, փոխարենը թատրոնի կամ կինոյի ծրագրերում իր անունը տպագրել տալով: Նա հասկանում էր, որ հասարակական հարաբերություններ ասվածը չափազանց կարեւոր է: Ցանկանում էր, որ Վան Լեո անունը հնչի «աստղերի» անունների կողքին:

Ստուդիայի տեղանքը հրաշալի էր ընտրված, ընդամենը մի քանի քայլ պետօպերայից: Առաջին հաճախորդներից մեկը դառնում է Ռուշդի Աբազան: Այդ ժամանակ նա սոսկ նույն շենքի 5-րդ հարկում գտնվող «Union-vie French» ապահովագրական ընկերության աշխատակից էր: Բայց ռեժիսորներին ցույց տալու համար ֆոտոալբոմի կարիքն ուներ, որովհետեւ դերասան դառնալու մեծ ցանկություն ուներ: Լեոն պատրաստում է մի ալբոմ, որի շնորհիվ Աբազան ստանում է իր առաջին դերը: Հետագայում նա դառնալու էր «սուպերսթար»: Նա երբեք չմոռացավ Լեոյին եւ իր ընկերներին ուղարկեց նրա մոտ լուսանկարվելու: Բանավոր խոսքն այդ ժամանակ լավագույն գովազդն էր:

Կատարելագործում եւ մրցակցություն

Աշխատանքային տարիների ընթացքում Լեոն ձեռք էր բերել վարպետ լուսանկարչի համբավ: Երբեք ամուսնացած չլինելով, նա ամբողջովին նվիրված էր իր արվեստին: Հավատում էր, որ լուսանկարչությունն անսահման հնարավորություններ է ընձեռում եւ ձգտում էր բացահայտել դրանք: Եվ կատարելագործվել: Եգիպտոսից հեռանալ չէր պատրաստվում: Նույնիսկ 1952-ին Լոս Անջելեսի Cal Arts School-ում ընդունվելուց հետո հրաժարվում է մեկնել պատճառաբանելով, որ ապագան իր համար Ամերիկայում անորոշ է, իսկ «այստեղ գործը շատ է»: Ճիշտ է, 1952-ի հեղափոխությունից հետո օտարները հեռացել էին, սակայն դեռ կային Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Լիբիայից ժամանողներ: Բայց պետք է դիմանար մրցակցությանը: Այդ ժամանակ հայտնի անուններ էին Ալբանը, Արմանը, Կարոն, Անդրոն, Սելիմ Յուսուֆը եւ ուրիշներ: Բայց Լեոն չափազանց աշխատասեր էր (նա օգնական չուներ), հանդուգն եւ սրատես:

«Հիմնականում մարդկանց դեմքերը սովորական են, բայց երբ արտասովոր, գեղեցիկ մի դեմք է ներս մտնում արվեստանոց, անմիջապես զգում եմ, ճանաչում: Եվ անմիջապես կողմնորոշվում, թե հաճախորդի դեմքի ո՞ր կողմն է ավելի «դուրեկան»: Միշտ էլ մի կողմն ավելի դուրեկան է, քան մյուսը: Նաեւ պետք է կարողանաս «կարդալ» մարդկանց ներքինը, միշտ էլ չգրված մի համաձայնագիր գոյություն ունի լուսանկարչի եւ բնորդի միջեւ», ասել է նա մի առիթով:

Նրա կուռքը Յուսուֆ Քարշն էր, իսկ երեխաներին լուսանկարել չէր սիրում: Հազարավոր գաղափարներ ուներ եւ իր ինքնանկարների մեծ մասը բացահայտում են այդ գաղափարները իրականություն դարձնելու նրա ձգտումը: Ինքնանկարներում նա մեկ Հիսուս Քրիստոսն է, մեկՙ օդաչու, մուրացկան, կնատյաց, ավազակ եւ այլն:

Դոնատելլոն եւ մյուսները

Լեոյի լուսանկարներում անգամ ժամանակաշրջանն է հստակորեն պատկերված. 40-ականների դինամիզմը, 50-ականների հանդարտությունը, 60-ականների լճացումը, 70-ականների հեզությունը, 80-ականների թվացյալ ընկճվածությունը եւ վերջապես 90-ականների անձնատուր լինելը: Շահույթի ետեւից ընկնող ոչ մի լուսանկարիչ նման թեմատիկ շեղումների չէր գնա, մինչդեռ Լեոյի համար այդ բոլորը մտորելու առիթ էին եւ հոգեւոր սնունդ: Նրա գրադարանը լի էր լուսանկարչությանը վերաբերող գրքերով ու ամսագրերով: Գրքերից երկուսը վստահաբար մեծ ազդեցություն էին թողել նրա վրա: Մեկըՙ Գոլդշայդերի «Դոնատելլո: Ամբողջական գործերն» էր (Օքսֆորդ, 1941), իսկ մյուսը Ջոն Էվարարդի «Փարիզյան դատողություն» վերնագրով մերկանկարների հոյակապ ալբոմը (Լոնդոն, 1941): Գրադարանում կարելի էր տեսնել նաեւ բացիկներ, հոլիվուդյան աստղերի նկարներ: Նա այդ բոլորը ուսումնասիրում էր, «դասեր քաղում» դրանցից:

Դոնատելլոյի նման Լեոն էլ էր լուսանկարներում որոնում «հերոսական շքեղության» արտացոլումը, տարածության խորությունը եւ ֆիզիկական (մարմնական) իրեղենությունը: Թեդի Լեյնի, Նուբարի, Ֆարիդայի, Թահա Հուսեյնի, Ռուշդի Աբազայի լուսանկարները դրա վառ ապացույցներն են: Իսկ մերկ նկարները, ըստ նրա, «հյութեղ» եւ «զգայական» տոնայնություն ունեն: Ցավոք, իր կատարած մերկ լուսանկարների 99 տոկոսը 1980-ականներին ոչնչացրել էՙ տան վառարանում այրելով, այն վախից, որ հետագայում դրանք սխալ ձեռքերում կհայտնվեն եւ կխաթարեն իր հեղինակությունը: Այդ վախը մինչեւ կյանքի վերջը ուղեկցել է նրան:

Գունավոր լուսանկարների մուտքը

Սեւ ու սպիտակ լուսանկարներից գունավորների անցումը շրջադարձային եւ ճակատագրական փուլ հանդիսացավ Լեոյի համար: Գունավորը, որը Եգիպտոս մուտք գործեց 80-ական թվերին, այնքան էլ իր սրտովը չէր: Նրա պատկերացմամբ դա «արտիստիկ լուսանկարչության վերջն» էր, քանի որ գույնն էր այդտեղ աչքի զարնող առաջին հատկանիշը: Լեոն դրանով սկսեց զբաղվել սոսկ անհրաժեշտությունից ու հաճախորդների պահանջից ելնելով: Սեւ-սպիտակը ուրիշ էր: Ավելի բնական: Լեոյի կատարած հայտնի գրող Թահա Հուսեյնի սեւ-սպիտակ լուսանկարը, օրինակ, եգիպտացի կույր գրողի լավագույն լուսանկարն է ճանաչվել եւ հաճախակի օգտագործվել նրա գրությունների կամ նրա մասին գրված հոդվածների հետ:

«Սեւ ակնոցները տեսնելով, ես անմիջապես հասկացա, թե ինչպես պետք է վարվեմ լույսերի հետ», ասել է Լեոն հետագայում:

Լեոն չէր սիրում նաեւ, երբ հաճախորդները «սահմանափակումներ» էին դնում իր առաջ, պահանջելով, որ դեմքի կնճիռները չերեւան կամ ստվերներ չլինեն եւ այլն: Նախընտրում էր այդ բոլոր հարցերը ինքնուրույն լուծել: «Ամենամեծ «շնորհը» որ հաճախորդները կարող են անել, դա թողնելն է, որ ես իմ ճաշակով կատարեմ ամեն ինչ», խոստովանել է Լեոն:

Իր համար «դժվարին» այս ժամանակաշրջանում օգնության են հասնում (նյութական եկամուտի առումով) առեւտրական, ծխախոտի, ավտոմեքենաների, օդորակիչների, ինքնաթիռների եւ բանկային ընկերություններից ստացված պատվերները: Նաեւ ինքնության քարտերի լուսանկարահանումները:

Այս շրջանում է նաեւ Լեոն լուսանկարում Եգիպտոսի տեսարժան վայրերը եւ ուղեւորություններ կատարում դեպի Փարիզ, Հռոմ եւ Վիեննա:

Մնա՞լ, թե՞ գնալ

1960-80 թվականներին, երբ շատ-շատերը թողեցին Եգիպտոսը եւ հեռացան, Լեոյի մոտ էլ առաջացավ «մնա՞լ, թե՞ մեկնել» խիստ հրատապ հարցը: 50-ականներին Ամերիկա մեկնելու եւ Լոս Անջելեսում լուսանկարչական դասընթացների հետեւելու հնարավորությունից չօգտվելուց հետո, երկրորդ անգամ էր առնչվում այդ հարցին: Մանավանդ որ «գործերն այնքան էլ լավ չէին»: 1980 թվի նոյեմբերի 10-ի իր օրագրային գրառումներում կարդում ենք, որ շատերն են մտադրություն ունեցել գնելու իր ստուդիան: «Նրանք կես միլիոն են առաջարկում:... Գնա՞մ Ֆրանսիա, Կանադա, թե՞ մնամ Եգիպտոսում: Ինչպե՞ս վարվեմ ապարատների, լուսանկարների հավաքածոյի, նեգատիվների հետ»: Իսկ նույն թվի նոյեմբերի 15-ի գրառումներում գործերի վատթարացման տրամադրություն է զգացվում. «Հազարավոր հաճախորդներ ունեի... Հիմա ոչ մեկը... տարեկան մեկ հարսանիք հազիվ եմ լուսանկարում»:

Երկար ժամանակ այդ հարցով մտատանջվելուց եւ 1990-ականների կեսերին առողջության վատթարացումից (աղեթափության, ողնաշարի եւ սրտի խնդիրներ), ինչպես նաեւ Ցյուրիխում 1993 թվին կազմակերպված անհաջող ցուցահանդեսից հետո նա վերջնականապես գալիս է այն եզրակացության, որ մարդիկ պարզապես ցանկանում են օգտվել առիթից եւ ձեռք բերել իր տարիների վաստակը հանդիսացող «գանձերը»: Եվ որոշում է ընդունում, որ իր գործերը պետք է մնան Եգիպտոսում:

1998-ի սկզբներին փակում է իր արվեստանոցը, իսկ ապրիլին մեծ արվեստագետին վայել խիզախ ու համարձակ քայլ կատարելովՙ իր երկարամյա աշխատանքի արգասիքը հանդիսացող «գանձերը» նվիրում է Կահիրեի Ամերիկյան համալսարանին, որտեղ 1940-41 թվերին սովորել էր:

Անվիճելի փաստ է, որ Լեոյի տաղանդը արտացոլված է իր լուսանկարներում: Դա զուգակցվում է իր համեստությամբ, անձնուրացությամբ եւ նվիրվածությամբ:

Նա անտարակույս Եգիպտոսի ամենանուրբ եւ ամենազգայուն լուսանկարիչներից էր: Ափսոս, չէր ամուսնացել եւ ժառանգներ չունի: Իր վերջին գրառումներում կարդում ենք. «Շատ թույլ եմ, կարծես ընկնելու եմ: ...Ուժեղ գլխացավեր ունեմ... կնոջ կարիքն եմ զգում... մի կնոջ, որ հասկանար ինձ, բայց արդեն շատ ուշ է: Կյանքս ավարտվում է»:

Վախճանվել է սրտի տագնապից, 2002-ի մարտին, Կահիրեի իր բնակարանում: Թաղված է Կահիրեի հայկական գերեզմանոցում:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. Ինքնանկար. Վան Լեո

Նկար 2. Դերասան Ռուշդի Աբազա

Նկար 3. Երգչուհի Դալիդա

Նկար 4. Գրող Թահա Հուսեյն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4