ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2012-11-17 | #22, 2012-12-01 | #23, 2012-12-15


ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

ԴԻՄԱՆԿԱՐ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲՆԱՊԱՏԿԵՐԻ ԽՈՐՔՈՒՄ

ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հիրավի մանսուրյանական էր դեկտեմբերի առաջին շաբաթը մեր երաժշտական կյանքում: Այն սկսվեց դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված գալա-համերգի ընթացքում հնչած «Տարվա եղանակները» գողտրիկ շարքի կատարումով, այնուհետեւ շարունակվեց որպես կիզակետ ընկալված` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան դահլիճում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած կոմպոզիտորի հեղինակային համերգով: Համերգ, որտեղ հնչեց միջազգային լայն ճանաչման արժանացած ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Տիգրան Մանսուրյանի տարբեր տարիներին հայ բանաստեղծների խոսքերով ստեղծված խմբերգային եւ վոկալ-գործիքային երկերի մի ընտրանի: Շաբաթն ավարտվեց դարձյալ «Արամ Խաչատրյան» մեծ դահլիճում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի քսանչորսերորդ տարելիցին նվիրված երեկոյի ընթացքում Ջութակի եւ լարայինների համար գրված կոնցերտի կատարումով:

Ունկնդրելով այդ համերգներները` վերհիշեցի Տիգրան Մանսուրյանի անցած բեղուն ստեղծագործական ուղին...

Շռնդալից էր նրա մուտքը 1960-ականների հայ երաժշտության մեջ: Տակավին երիտասարդ, նա գրեթե միաժամանակ հանդես եկավ տարբեր ժանրերի երեք նշանակալի ստեղծագործություններով, որոնց վերապահված էր ծրագրային դերակատարում ունենալ հայ նոր երաժշտության անդաստանում: Դա Մանսուրյանի սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Պարտիտա»-ն էր (1965)ՙ իր դիպլոմային աշխատանքը կոնսերվատորիայում, անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարանն ավարտելիս, այնուհետեւ` 1967 թվականին գրված Քուչակյան չորս հայրենները` կանացի ձայնի եւ դաշնամուրի համար, որոնք շատ շուտով արժանացան նաեւ համամիութենական ճանաչման եւ բարձր գնահատականի, եւ նույն թվականին ստեղծված Դաշնամուրային սոնատը: Արդեն այն ժամանակ ակնհայտ էր, որ այդ գործերից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում հայ կոմպոզիտորական արվեստում: Եթե նվագախմբային «Պարտիտը» նոր շնչով եւ երանգներով էր հարստացնում Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիայով եւ Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյով ազդարարված հայկական նեոկլասիցիզմի դրսեւորումը, ապա Քուչակյան չորս հայրենները, նոր խոսք լինելով այդ տարիների կամերային վոկալ-գործիքային ժանրում, վերակոչում էին Կոմիտասի եւ հայ միջնադարյան մասնագիտացված` ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ երգարվեստի ավանդույթները: Սկզբունքորեն այլ գեղագիտական եւ կոմպոզիցիոն խնդիրներ էր առաջ քաշում Տ. Մանսուրյանի Դաշնամուրային սոնատը: Այն հայ երաժշտություն էր ներմուծում եւ համադրում հետպատերազմյան արեւմտաեվրոպական երաժշտական ավանգարդի գործիքային նորագույն մտածողությունը: Այդ երկերին հաջորդեցին բազմաթիվ վոկալ-գործիքային եւ խմբերգային շարքեր, կամերային-անսամբլային գործեր եւ կոնցերտներ տարբեր գործիքների համար, հայ մեծանուն կինոբեմադրիչների հետ համագործակցություն, որի արդյունքում ստեղծված կինոերաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում, ընդհուպ վերջին տարիներին կերտած մեծածավալ կոթողները` Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված «Ars poetica» խմբերգային կոնցերտը (1996-2000), վոկալ անսամբլի եւ ալտի համար «Հաւատով խոստովանիմ»-ը` ըստ Ներսես Շնորհալու յոթ աղոթքների (1998) եւ անցյալ տարի ավարտած «Ռեքվիեմը»: Բոլոր այդ գործերում դրսեւորվել են Տիգրան Մանսուրյանի անհատական ոճին բնորոշ գծերը` ազգային պոեզիայի եւ երաժշտական ավանդույթի տարբեր շերտերի հանդեպ ունեցած գերզգայուն եւ խորաթափանց վերաբերմունք, պրոֆեսիոնալ մեծ հմտություն եւ, առհասարակ, հնչյունի` որպես ակուստիկ ֆենոմենի յուրահատուկ եւ նրբին ընկալում:

Չափազանց արգասավոր էր համագործակցությունը մեր օրերի ականավոր մենակատարներ` Օլեգ Կագանի, Նատալյա Գուտմանի, Ալեքսեյ Լյուբիմովի, Իվան Մոնիգետտիի, Կարինե Գեորգյանի, Ալեքսանդր Լազարեւի, Քիմ Քաշքաշյանի, Ռոբին Ժուկովսկու, Լեոնիդաս Կավակոսի, Hilliard ensemble վոկալ խմբի, ինչպես նաեւ հայ հանրաճանաչ երաժիշտներ` Դավիթ Խանջյանի, Զավեն Վարդանյանի, Մեդեա Աբրահամյանի, Սվետալանա Նավասարդյանի, Ռուբեն Ահարոնյանի, Արտաշես Մկրտչյանի, երգչուհիներ Գոհար Գասպարյանի, Օլգա Գաբայանի, Արաքս Մանսուրյանի, Երեւանի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբերի հետ, որոնք մեծապես խթանել են կոմպոզիտորի միտքը: Այդ համագործակցության արդյունքում ծնվեցին մի շարք երկեր, մասնավորապեսՙ գործիքային կոնցերտների եռյակը, այդ թվում թավջութակի եւ լարային նվագախմբի 2-րդ կոնցերտը (որի համար կոմպոզիտորը 1985 թվականին արժանացավ պետական մրցանակի), «Թովեմ» 15 գործիքների համար գրված երկը (1979), սիմֆոնիկ «Պրելյուդները», «Գիշերային երաժշտությունը» եւ այլն:

Հեղինակային երեկոն գաղափարված էր որպես Տ. Մանսուրյանին հոգեհարազատ հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երկերը միավորող մի ծրագիր: Այն բացվեց երգչախմբի համար Կոստան Զարյանի խոսքերով գրված «Երեք ասացվածք» խմբերգաշարով (1969), որի մեջ ակնհայտ է կոմիտասյան ավանդույթների վերաիմաստավորումն ու նորովի համադրումը: Ազգային մելոսի եւ ժամանակակից խմբերգային գրելաոճի յուրահատուկ զուգորդում է նկատվում նաեւ Հ. Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Գարնան երգեր» վեցմասանի շարքում (1993): Երեկոյի ծրագրի համար կոմպոզիտորն ընտրել էր նաեւ երկուական երգ Նահապետ Քուչակի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի եւ Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարերից:

Ամեն անգամ ունկնդրելիս Տ. Մանսուրյանի Քուչակյան հայրեններըՙ անդրադառնում ես, թե որքան մեծ է այդ երկի չխամրող գեղարվեստական ներազդեցությունը լսարանի վրա: Ասերգային խտացված ելեւէջի նեքին ուժը, զուգորդվելով դաշնամուրային նվագամասի զուսպ, սակայն բազմիմաստ համահնչյունների հետ, կերտում է այդ երկի փիլիսոփայական ընդհանրացումների խորքը: Հայրենները եւ Վահան Տերյանի խոսքերով գրված երկու երգը «Canti paralleli» շարքից (2012) հնչեցին Տաթեւիկ Մովսեսյանի (սոպրանո) եւ Արթուր Ավանեսովի (դաշնամուր) նրբազգաց կատարմամբ: Հարկ է նշել, որ Մանսուրյանի երկերի մեկնաբանմամբ բազմիցս հանդես եկած Արթուր Ավանեսովի մասնակցությունը վկայում էր նրա դաշնակահար-անսամբլիստի վարպետության եւ կոմպոզիտորի վոկալի արտահատչականության խորքը բացահայտելու կարողության մասին: Երկրորդ բաժնում հնչեցին Ե.Չարենցի խոսքերով երկու երգերը եւ երկու երգ` Համո Սահյանի «Մայրամուտի երգեր» շարքից (1983), որը ոչ միայն հեղինակի, այլեւ առհասարակ 80-ական թվականների հայ վոկալ ժանրի լավագույն երկերից է: Դրանք մեծ ներշնչանքով կատարեցին երգչուհի Իրինա Զաքյանը (սոպրանո) եւ Ա.Ավանեսովը:

Չորս երգաշարերից առանձնացված մասերը ներկայացրեցին Տ. Մանսուրյանին որպես հայ բանաստեղծների պոեզիայի էությունը բացահայտած երաժիշտ քնարերգու, որը հիանալի զգում եւ վերարտադրում է հայոց լեզվի իմաստաբանությունը, նաեւ հնչականության գեղեցկությունն ու հարուստ արտահայտչականությունը: Նույնը վերաբերում է նաեւ խմբերգային շարքերին` երգչախմբի բազմաձայն ներկապնակի լայնածավալ ողջ ընդգրկումով եւ երանգավորման բազմազանությամբ: Ինչպե՞ս չհիանալ ժողովրդական խաղիկների հիման վրա գրված «Տարվա եղանակներ» շարքի վճիտ եւ անպաճույճ մեղեդայնությամբ (Հայաստանի պետական երգչախումբ եւ նվագախումբ, դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կամ «Ճապոնական թանկաների» եւ «Աշնանային երգի» չարենցյան ալիտերացիաների եւ դրամատիկ տրամադրության երաժշտականորեն համարժեք մարմնավորմամբ: Ավետիք Իսահակյանի վեց խմբերգերից բաղկացած շարքը, որով եզրափակվեց հեղինակային երեկոյի ծրագիրը, գերեց ունկնդրին իր հիրավի բնապաշտական աշխարհընկալումով եւ ապրումներով, ներդաշնակման տարածական ծավալի իմպրեսիոնիստական գունագեղությամբ: «Ծով», «Ռավեննայում», «Արեւելքի հավքը», «Սեւ մութ ամպեր», «Ալագյազը աստղերի մեջ», «Ալագյազի լանջերում»` այդ խմբերգերից ամեն մեկը հնչեց սրտառուչ եւ հուզական: Պետք է ասել, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի հմուտ ղեկավարությամբ, ով Տիգրան Մանսուրյանի խմբերգային ստեղծագործության ջերմեռանդ տարածողներից եւ մեկնաբաններից է, այդ երեկո փայլեց իր կատարումով:

Ուշագրավ էր Ջութակի եւ լարայինների 1-ին կոնցերտի (1981) երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մեկնաբանումըՙ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կոնցերտ, որն ունեցել է մի շարք հիշարժան մեկնաբանումներ` Օլեգ Կագան, Արտաշես Մկրտչյան, Ռուբեն Ահարոնյան, Շուշան Սիրանոսյան, Լիանա Իսակաձե, Լեոնիդաս Կավակոս... Թվում էր, թե երիտասարդ, բայց արդեն իրեն լավագույնս դրսեւորած ջութակահարուհու համար տվյալ ստեղծագործությունը հարուցելու էր մի շարք դժվարություններ` նույնիսկ ոչ այնքան տեխնիկական բնույթի, որքան ստեղծագործության հայեցակարգի, մտահղացման համարժեք մատուցման տեսակետից: Սակայն նրան հաջողվեց ներկայացնել Մանսուրյանի կոնցերտը ամենաբարձր չափանիշներին համաձայն: Ա.Նիկողոսյանը, որի նվագը աչքի է ընկնում նուրբ երաժշտականությամբ եւ անթերի տեխնիկայով, կարողացավ վերհանել այդ հոգեբանական երկի հարուստ բովանդակային կողմը, որտեղ, մեր կարծիքով, ի հայտ է գալիս այդ տարիների համար բնորոշ նոր քնարական հերոսի կերպարը, լսվում` նրա անկեղծ խոստովանանքը...

Տեղին է նշել բոլոր երաժիշտների նախանձախնդիր եւ պատասխանատու վերաբերմունքը կատարվող գործերի նկատմամբ, ինչը մի անգամ եւս վկայում է, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը խորապես շարժում է ե՛ւ երաժիշտ կատարողների, ե՛ւ երաժշտասերների հետաքրքրությունը, վայելում նրանց սերը: Այդ էին վկայում նաեւ հիշատակված երեք համերգների լեփ-լեցուն դահլիճները, ինչն ուրախացնում է, հավաստելով, որ երեւանյան երաժշտասերը գնահատում է հայ արդի երաժշտության այսօրվա դասականներին եւ անտաբեր չէ նրա հետագա զարգացումների նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4