ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Դասական երաժշտության հայ ներկայացուցիչների նման ներկայություն Չեխիայում երբեք չէր եղել: Ոչ միայն չեխահայ համայնքի, այլեւ Չեխիայի երաժշտասեր հասարակության համար աննկարագրելի հաճույք էր լսել ու տեսնել հայ մշակույթի այնպիսի երեւելի դեմքերի, ինչպիսիք էին աշխարհահռչակ օպերային երգչուհի , սոպրանո Հասմիկ Պապյանը, մեր ժամանակների հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչ , հանրաճանաչ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տաղանդավոր դաշնակահարներ Նարե Արղամանյանը Վիեննայից եւ Վարդան Մամիկոնյանը Գերմանիայից, Հայաստանի «Նաղաշ» անսամբլը եւ պետական սիմֆոնիկ նվագախումբըՙ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Ըստ էության վերջին երկու ամիսը կարելի է համարել Հայկական մշակութային գործիչների գրոհՙ Կոմիտասով, Բախով, Մանսուրյանով, Շոպենով ու Խաչատրյանով, եւ համաշխարհային ու հայկական այլ կոմպոզիտորների գործերով:
Մեկնարկը դեկտեմբերին տվեցին Հասմիկ Պապյանն ու Նարե Արղամանյանը ՙ Պրահայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում Կոմիտասի 150 ամյակին նվիրված անմոռանալի համերգով, որը դեռ երկար կհիշվի ներկաների հիշողություններում: Հայաստանի դեսպանության հրավերով այստեղ էին եկել ոչ միայն հայ համայնքի ու չեխ մշակութային հասարկության ներկայացուցիչներ, այլեւ օտարերկրյա դիվանագետներ ու քաղաքական գործիչներ, որոնք համերգից հետո հրավիրված ընդունելությանը կիսում էին իրենց հիացական տպավորությունները:
Նույնը կարելի է ասել Ռուդոլֆինումի մեծ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր եւ գեղղեկՙ Սերգեյ Սմբատյան ) եւ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի փայլուն ելույթի մասին: Վենգերովը հայտնի է բոլորին իբրեւ վիրտուոզ ջութակահար, բայց որ հայաստանյան նվագախումբը ցույց տվեց կատարյալ վարպետություն, միջազգային մակարդակի ելույթ, դա խստապահանջ հանդիսականների համար հաճելի բացահայտում էր եւ 15-ամյա նվագախմբի համար լավագույն գնահատականը:
Այս ելույթին նախորդել էր դաշնակահար Նարե Արղամանյանի հիասքանչ մենահամերգըՙ Պրահայի հայկական Սուրբ Հոգի եկեղեցումՙ հունվարյան ցրտին, բայց լեցուն դահլիճում, որը դարձավ Կոմիտասին ու Արամ Խաչատրյանին նվիրված հրաշալի նվեր:
Այնուհետեւ Մանսուրյանի երաժշտությունը հնչեց Չեխիայի երկրորդ քաղաքումՙ Բռնոյի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Երկու օր շարունակ «Բախ եւ Մանսուրյան» վերտառությամբ համերգին Բռնոյի ֆիլհարմոնիկը, Բարոկկո երգչախումբը, հրավիրյալ երգիչները Գերմանիայից եւ Իռլանդիայից, ինչպես նաեւ դիրիժոր Ալեքսանդր Լիբղայխի ունկնդիրներին մատուցեցին Մանսուրյանի «Ռեքվիեմի» հիրավի տպավորիչ կատարում:
Մաեստրո Մանսուրյանը , որ ներկա էր այդ համերգներին, եւ հանդիպումներ ունեցավ նաեւ հանդիսականների հետ, խորապես զգացված էր նման ընդունելությունից:
Հաջորդ հիացմունքի առիթը չեխ երաժշտասեր հանդիսատեսին մատուցեց հայաստանյան «Նաղաշ» անսամբլըՙ Ջոն Հոդյանի ղեկավարությամբ: Հայտնի է, որ այս անսամբլը ստեղծվել է հատուկ Մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունները ներկայացնելու համար եւ երաժշտության հեղինակն էլ երգահան Հոդյանն է: Անցած օգոստոսին անսամբլն արդեն ելույթ էր ունեցել չեխական Կրումլովի միազգային երաժշտական փառատոնումՙ Հարավչեխական նվագախմբի լարայինների խմբի հետ եւ խորը տպավորություն էր թողել հանդիսականների վրա: Այս անգամ անսամբլի ներկայացրած երգացանկը եւ երաժիշտների կատարողական բարձր արվեստը հիացրեցին նաեւ Պրահայի երաժշտասերներին:
Մեկամսյա երաժշտական «մարաթոնի» ավարտն ազդարարեց գերմանաբնակ հանրաճանաչ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը , որը Ռուդոլֆինումի մեծ դահլիճի հանդիսականներին ստիպեց հոտընկայս ծափահարել եւ ծրագրված Բախից, Ռավելից ու Շոպենից զատ կատարեց նաեւ Խաչատրյան ու Բաբաջանյան:
Ընդհանրապես միջազգային բեմերում հանդես եկող մեր երաժիշտները, անկախ իրենց համերգային ծրագրերից, լավագույն ընտրությունն են կատարում, երբ «բիսերի» ժամանակ նվագում են հայ կոմպոզիտորների գործեր: Դա նաեւ հայկական երաժշտության հանրայնացման ամենաազդեցիկ ճանապարհն է: Մինչեւ հիմա այդպես է արել նաեւ մեր վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը , որ մշտապես համերգային ծրագրի ավարտին նվագում է Կոմիտաս: Ավելացնեմ, որ Սերգեյը 2019-2020 համերգաշրջանում ընտրվել է ամենահայտնի չեխական նվագախմբերից մեկիՙ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի տարվա գլխավոր երաժիշտը, եւ 2019-ի սեպտեմբերյան համերգից զատ, Սերգեյը եւս երկու համերգով հանդես կգա 2020-ի ապրիլի սկզբինՙ Բրամսի ջութակի կոնցերտի կատարմամբ:
Առաջիկա ամիսներին ծրագրված են հայ այլ հայտնի երաժիշտների ելույթներ, բայց դրանց մասինՙ հաջորդիվ: