Նյու Յորքի «Ուեստ Վիլեն» շրջանում գործող IFC կենտրոնում փետրվարի 13-ից 16-ը կայացած «Canada Now» փառատոնի շրջանակներում Մ. Նահանգներում առաջին անգամ ցուցադրվել է կանադահայ միջազգային ճանաչման արժանացած ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Guest of Honour» (Պատվո հյուրը) ֆիլմը, որը հոգեբանական «թրիլլեր» էՙ հիմնված ընտանեկան կնճռոտ հարաբերությունների վրա:
Չորսօրյա «Կանադան հիմա» շրջուն փառատոնը նպատակ ունի վեր հանելու այդ երկրի կինեմատոգրաֆիական վերջին շրջանի նվաճումները: Դեյվիդ Թյուլիսի , Լայսլա դը Օլիվեյրայի եւ Լյուկ Ուիլսոնի դերակատարությամբ Էգոյանի նոր ֆիլմը, որն անցյալ սեպտեմբերին ցուցադրվել էր Վենետիկի համաշխարհային կինոփառատոնի օրերին, արծարծում է հայր-դուստր հարաբերությունները 15 տարիների ընթացքում եւ բացահայտում նրանց միջեւ եղած դառը հիշողություններն ու ներողամտության, գաղտնապահության եւ խաբեության դրսեւորումները:
Ֆիլմի սկզբում հայր Գրեգը խնդրում է իր ուսանողների հետ վատ վարվելու մեղադրանքով բանտարկված երաժշտության երիտասարդ կին դասատուին պատմել իր հոր մասին, որպեսզի կարողանա դամբանական կարդալ մասնագիտությամբ սննդի վերահսկիչ հոր մահվան կապակցությամբ:
Էգոյանը մշտապես փորձում է հետաքրքրաշարժ բնավորություններ ստեղծել իր ֆիլմերում եւ առեղծվածայինի հետ նաեւ անորոշություններով գրավել հանդիսատեսի ուշադրությունը: Անցյալը ներկայի հետ շաղկապելու միջոցով նա իր ֆիլմերում ցույց է տալիս, թե ինչպես են մանկության տրավմաներն ազդում ներկայի հանգամանքների վրա: «Ֆիլմում հիմնական երեք կերպարները խախտում են վարվեցողության որոշ կանոններՙ գտնելու համար համապատասխան լուծումներՙ իրենց խնդիրներին: Նրանք ծուղակում են հայտնվել եւ կարծում են, թե կկարողանան ելք գտնել դրանից», բացատրել է Էգոյանը, որի ֆիլմը պաշտոնապես ընտրված ֆիլմերի ցանկում էր Վենետիկում, նաեւ Տորոնտոյում, Վանկուվերում, Լոնդոնում եւ Բոստոնում:
Ֆիլմի երաժշտության հեղինակն է Մայքլ Դանան , որ Օսկարի արժանացավ «Life of Pi» ֆիլմի երաժշտությունը հեղինակելու համար:
Էգոյանը նաեւ խոստովանել է, որ Փարաջանովը մեծ ազդեցություն է թողել իր եւ իր ֆիլմերի վրա:
Հ.Ծ.
Նկար 1. Վենետիկի կինոփառատոնում (ձախիցՙ աջ)ՙ Լայսլա դը Օլիվեյրան, Ռոսիֆ Սաթերլենդը, Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը: