«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2010-05-07 | #84, 2010-05-08 | #85, 2010-05-11


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՆԳԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ՀՀ գավաթը վիճարկեցին «Փյունիկն» ու «Բանանցը»: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստել էր նոր գավաթ, այնպես որ թիմերը պայքարում էին նոր մրցանակին առաջինը տիրելու համար: Ինչպես գավաթի նախորդ խաղարկությունում, այս անգամ էլ վճռորոշ խաղում հաջողությունն ուղեկցեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին: Սակայն եթե անցյալ տարի այս թիմերի մրցավեճում գավաթի ելքը վճռել էր խաղի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը, ապա այս անգամ սպասված համառ մրցակցությունը չստացվեց: Փյունիկցիները դեռեւս առաջին խաղակեսում ապահովեցին վերջնական հաղթանակը` 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը: «Փյունիկը» 5-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր` այդ ցուցանիշով հավասարվելով պատվավոր մրցանակի խաղարկությունների ռեկորդակիրներ «Արարատին» ու «Միկային»:

«Բանանցի» ֆուտբոլիստները միայն խաղասկզբում ակտիվ խաղ ցուցադրեցին` վտանգավոր մի քանի գրոհներ կազմակերպելով: Սակայն աստիճանաբար «Փյունիկը» տիրեց նախաձեռնությանը ու շուտով բացեց հաշիվը: 13-րդ րոպեին Արթուր Յուզբաշյանի տուգանային հարվածից հետո «Բանանցի» պաշտպանները հետ մղեցին գնդակն ու վրա հասած Դավիթ Մանոյանը գրավեց դարպասը: Բաց թողած գոլից հետո «Բանանցի» խաղը կարծես կազմալուծվեց, իսկ ահա փյունիկցիները ոգեւորված հաջողությունից, գոլային նոր պահեր ստեղծեցին: Հաշիվը կարող էին կրկնապատկել Ալբերտ Թադեւոսյանն ու Մարկոսը, սակայն հաջող խաղաց դարպասապահ Ստեփան Ղազարյանը:

41-րդ րոպեին օգտվելով մրցակցի պաշտպանների անհամաձայնեցված խաղից, Դավիթ Մանոյանը մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց: Նրա հարվածը հետ մղեց դարպասապահը, գնդակը հայտնվեց Մարկոսի մոտ, որն էլ գրավեց անպաշտպան դարպասը: Իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մարկոսի տուգանային հարվածից հետո Գեւորգ Ղազարյանը գլխի հարվածով խոցեց դարպասը` փաստորեն վճռելով գավաթային մրցավեճի ելքը:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: «Բանանցը» կարծես հաշտվել էր պարտության մտքի հետ ու այդպես էլ գոլային լուրջ պահ չկարողացավ ստեղծել: Փյունիկցիներն էլ նախկին ակտիվությամբ չէին գործում, լավ հասկանալով, որ գավաթի բախտը վաղուց է վճռված: Այնուամենայնիվ, նրանք եւս մեկ գոլ խփեցին: 70-րդ րոպեին աչքի ընկավ Գեւորգ Ղազարյանը` խփելով իր 2-րդ գնդակը: Նա կարող էր նաեւ հեթ տրիկի հեղինակ դառնալ, սակայն չիրացրեց նպաստավոր պահը: Գոլային մեկ հիանալի պահ էլ չիրացրեց փյունիկցի Ալբերտ Թադեւոսյանը:

Այսպիսով, հաղթելով 4-0 հաշվով, «Փյունիկը» 2-րդ տարին անընդմեջ, 5-րդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: «Փյունիկը» հաղթեց գավաթի խաղարկության բոլոր 5 խաղերում էլ` դարպասը թողնելով անառիկ: Նշենք, որ գավաթի եզրափակիչ հանդիպումներում առաջին անգամ գրանցվեց խոշոր հաշիվ: Այս ամենը վկայում է փյունիկցիների հաղթանակի օրինաչափության մասին:

Ի պատիվ փյունիկցիների հաղթանակի, մարզադաշտում հրավառություն տրվեց: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոր գավաթը հանձնեց «Փյունիկի» 37-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանին, որը դարձավ ամենատարեց գավաթակիրը: Սակայն ցավոք հեռուստատեսությամբ եզրափակիչ հանդիպմանը հետեւած հանրապետության բազմահազար ֆուտբոլասերները հնարավորություն չունեցան տեսնելու գավաթի հանձնման հանդիսավոր պահը, որի համար ընդամենը մի քանի րոպե էր հարկավոր: Փոխարենը Հ1 հեռուստաալիքով մինչեւ «Հայլուրի» սկսվելը մոտ 10 րոպե գովազդ էր ցուցադրվում: Ճիշտ է, «Հայլուրի» ժամանակ ընդամենը մի քանի վայրկյան եթերում երեւացին ցնծություն ապրող փյունիկցիները, բայց դա ընդհանուր տհաճ զգացումը չփոխեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4