ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՂԸՙ ՃՇԳՐԻՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Իտալիայից հետո Եվրոպայում Կորոնավիրուսով ամենամեծաթիվ վարակակիրները Գերմանիայում են, իսկ ԳԴՀ- ում նրանք ամենաշատը ամենախիտ բնակեցված երկրամասումՙ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում են, որտեղ բնակվում եմ: Թեեւ ժամ առ ժամ հետեւում եմ Ռոբերտ Կոխ գիտահետազոտական ինստիտուտի արժանահավատ տվյալներին, բայց թվեր չեմ գրի, քանի որ դրանք ցավալիորեն արագ փոխվում են: Որքան էլ արտաքուստ քաղաքներում խուճապ չես նկատում, այն կա, երբ սոցցանցերն ես ուսումնասիրում, կամ խանութներում աչքիդ է զարնում մակարոնեղենի, պահածոների, զուգարանի թղթի սրբած դարակները, կամՙ դեղատներում գրեթե համատարած կարդում ես, որ ոչ դիմակ կա, ոչ էլ ախտահանող միջոց, գլխուղեղի մի սլաք անընդհատ կրկնում էՙ շրջափակվում ես: «Երկու վախը մի մահ է», հիշում ես ու ասույթի թեւերն առածՙ պոկվում ես 90- ականների Հայաստան: Ապրեցինք, ուրեմն սա ի՞նչ է, որ չհաղթահարենք: Իմ զրուցակիցների մի մասն ասում է, թե չի վախենումՙ գա էլ, գնա էլ: Մյուս մասը, թե արձակուրդս հարամվեց: Իսկ իսկական խուճապահարի դեռ չեմ տեսել: Բժիշկներն էլ շատ տարբեր են. մեկն իր մասնավոր կլինիկայի դռանը փակցրել է, թե «հարգանքը պացիենտի հանդեպ չի պակասել, բայց, ներող եղեք, ձեռքով չի բարեւելու», իսկ մյուսը ձեռքն ինձ է մեկնում ժպտադեմ: Ձեռքով բարեւելը վտանգավոր չէ, եթե դրանից հետո գիտես, որ դեմքիդ չես մոտեցնելու, իսկ լվանալիսՙ հիշում ես կանոնները: 30 վայրկյան ձեռքերըՙ մատների արանքները, եղունգների տակ նաեւ հոսող ջրով եւ հեղուկ օճառով լվանալ: Հեղուկ օճառն ասում են առավել հիգիենիկ է, ինչպես նաեւ թղթե սրբիչը կամ էլեկտրական չորացնող սարքը: Դիմակով պաշտպանվողների Գերմանիայի փողոցներում երբեւէ չեմ հանդիպել, այս օրերին էլ: Փոխարենը նկատելի է, որ ի տարբերություն օրինակ Հայաստանի, Գերմանիայում թղթե թաշկինակից բացի անընդհատ կրկնում ենՙ երբ հազում կամ փռշտում եք, քիթն ու բերանը փակեք արմունկով, որ ձեռքն ազատ լինի վարակներ փոխանցելուց: Հիմա խորհուրդ են տալիս նաեւ դռան բռնակը արմունկով կամ թեւով բացել, հնարավորինս նվազեցնել ձեռքի հպումը: Թեեւ բոլորը գիտեն, որ վարակն անցնում է օդակաթիլային ճանապարհով, բայց երբ հայտնի դարձավ, որ Չինաստանն անցել է վճարման քարտային տարբերակին, իսկ շրջանառվող դրամը հավաքել եւ ախտահանել են, բժիշկներին տրվող ամենաշատ կրկնվող հարցն էՙ իսկ դրամը կարո՞ղ է վարակ փոխանցել: Տարբեր մասնագետներ դրամի եւ այլ առարկաների վրա հնարավոր վարակի առկայության տեւողության տարբեր ժամաքանակ են նշում, բայց նորից շեշտում, թե բոլոր դեպքերում ձեռք լվանալը վարակի կանխարգելման ամենակարեւոր պահանջն է: Փոստում ուշադրությունս գրավեց, որ աշխատակցուհին պոլիէթիլենե թափանցիկ ձեռնոցով էր, մեկնաբանեց, թե հագեցած աշխատանքը չի արտոնում հաճախ լվանալ ձեռքերը, նախընտրել է կանխարգելիչ այդ միջոցը կիրառել: Ավտոբուսի գերմանացի վարորդը ոչ դիմակ է կրում, ոչ էլ ձեռնոց, ասում էՙ չի վախենում: Նույնը հացի խանութում ձեռնոցով աշխատող վաճառողուհին է կրկնումՙ փոխանցելով, թե գրիպի դեմ պատվաստվել է, ապավինում է Աստծուն եւ գերմանացի բժիշկների հետեւողականությանը: Մեկ բան էլ նկատելի է. Հայաստանում, կարծում եմ, դեռ չեմ լսել, որ վարակի մասին տեղեկատվություն տրամադրեն թեժ գծին զանգահարելու տարբերակով: Սա երեւի կնվազեցնի մեր սոցցանցային բժիշկ ամենագետների տարածած խուճապը: Հիվանդության նախանշաններ ունեցող պացիենտին հորդորում են ոչ թե գնալ բուժհաստատություն, այլ կանչ գրել, այդպես կնվազի այլոց վարակելու հնարավորությունը: ԳԴՀ առողջապահության նախարարությունը Ռուսաստանի նման չորեքշաբթի օրն արգելեց դիմակների եւ վարակապաշտպան միջոցների արտահանումն արտերկիր, նույն ուղին է ընտրել Հնդկաստանը, որ հրաժարվել է դեղամիջոցներ արտահանել, ինչը Գերմանիայի համար մեծ բաց է լինելու: Բանն այն է, որ 60- ականներին «աշխարհի համար դեղատուն Գերմանիայում» այսօր այլ պատկեր էՙ դեղամիջոցների 80 տոկոսը Չինաստանից կամ Հնդկաստանից է ներմուծվում, եւ հանրությունն անհանգստացած է, թե շաբաթներ հետո իրեն ցուցված դեղամիջոցն ինչպես է ստանալու: Որքան էլ զարմանալի թվա, Գերմանիայում առայժմ չեն հետաձգվում միայն ֆուտբոլային խաղերը: Այստեղ էլ մեկ ուրիշ տգեղ երեւույթ է ի հայտ եկելՙ օրեր առաջ ճապոնացիների մի խմբի արգելել են մարզադաշտում խաղը դիտելՙ պատճառաբանելով, թե ասիացիների պատճառով է վիրուսը Գերմանիա հասել: Հետո ներողություն են խնդրել նրանցից, բայց ռասիստական նման վարքագիծը, ցավոք, եզակի բնույթ չի կրում այս օրերին: Մյուս խոշոր միջոցառումները, այդ թվում նաեւ Ջեյմս Բոնդի խաղարկմամբ նոր ֆիլմի դիտմանը դեռ հայտնի չէ, որքան են սպասելու կինոսիրահարները: Չեղարկված բոլոր մեծ տոնավաճառների պատճառով տուժել է նաեւ հյուրանոցային բիզնեսը, որ երեկ պետության սատարմանը դիմեց: Տարբեր ուղղություններով թռիչքները չեղարկում է նաեւ Լուֆթանզան, իսկ 12 վարակակիր ունեցող Իսրայելը չորեքշաբթի օրվանից այլեւս չի ընդունելու Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից ժամանողների: Գերմանացի վարակաբաններն էլ չգիտեն, թե հիվանդութունն ինչպես կզարգանա, բայց որ աշնանը ավելի մեծ բռնկմամբ հիշեցնելու է իր ներկայության մասին, կարծես հակված չեն կասկածելու: Բայց առայժմ հանգստացնում են, թե վերահսկում են իրավիճակը: «Հայաստանում ի՞նչպես են պայքարում այս վիրուսի դեմ», ձեռքով բարեւելուց հետո հարցրեց գերմանացի հարեւանս: Առայժմ նույն եղանակովՙ ձեռք են լվանում, բայց սխտորն ու օղին չեն մոռանում, ասացի: «Սովորենք, մեռնելը միշտ կա, գոնե երջանիկ մեռնենք», ուրախությունը չթաքցրեց պարոն Հոֆֆեն: Իսկ մեռնելուց առաջ, ձեռքերը լա՛վ լվանալով, ապրենք: |