RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020



Տեղադրվել է` 2020-03-05 23:13:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2946, Տպվել է` 335, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԶՍՊԱՇԱՊԻԿՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Աշխարհում էլ, Հայաստանում էլ այս շաբաթ կատարվում էին բաներ, որոնք կարեւոր նշանակություն են ունենալու մեր երկրի համար: Չհաշվենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրարանցումը (միգուցե հենց դա էր պետք հաշվի առնել ու վերլուծել, քանի որ,օրինակ, երկու վարակված ունեցող Ինդոնեզիան իր հիվանդներին պատրաստվում է անմարդաբնակ կղզում տեղավորել)` բերեք չտրվենք որեւէ խուճապի եւ խոսենք բնականոն կյանքում մեզ սպասվելիքի, այն էՙ երկրի ներսում էլ, տարածաշրջանում էլ Հայաստանի ապագայի առումով նշանային իրադարձությունների մասին: Սիրիական Իդլիբում հայ-ռուսական բախումը, Էրդողան-Պուտին հարաբերությունների պարզումը Մոսկվայում հանդիպմամբ ռեսուրս ունեն սահուն մոտենալ հայկական շահերին` եթե հիշենք, որ լրանում է ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագրերի ժամկետը, ու բովանդակային տարատեսակ առեւտուրն ամենեւին բացառված չէ այս համատեքստում: Մանավանդ` Թուրքիայի արտգործնախարարն է արդեն հանդիպում Մինսկի խմբի համանախագահների հետ, դրանից առաջ Էրդողանը Բաքվում խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, դրանից հետո ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան է երկիմաստ ակնարկներ անում հայ օգտատերերի սոցցանցային տիրույթում:

Եւ ուրեմն, որքան էլ արտգործնախարար Մնացականյանը պլանային կոչի Չավուշօղլու-համանախագահներ հանդիպումը եւ անիրական համարի Թուրքիայի երազանքը` ներգրավվել արցախյան հակամարտության կարգավորողների շարքում, մեր դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի որեւէ պահի անցյալ եւ ներկա հայկական խնդիրների արծարծմանը, երբ տարածաշրջանային հակամարտության կողմերն իրենց հարցերը կարգավորելիս մանրադրամ դարձնեն ինչպես հայկական հարյուրամյա, այնպես էլ Արցախյան կարգավորման հետ կապված խնդիրները:

Իսկ ահա երկրի ներսում հետագա ընթացքի առումով, մոտեցող հանրաքվեին զուգահեռ, կարելի է ասել, ամենաառանցքային իրադարձություններն այս շաբաթ կատարվում էին խորհրդարանում, այն օրենքների ընդունումով, որոնք մոտակա տարիներին մեր հանրային կյանքում եղանակ թելադրող են լինելու: Խոսքը նախ դատական օրենսգրքի փոփոխությունների (որով ներդրվելու է դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմ), եւ ապա` առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրական փաթեթներին է վերաբերում, որոնք այս շաբաթ քննարկվեցին եւ առաջին ընթերցում անցան:

Օրենքներն արդեն իսկ քննադատության են արժանացել, հատկապես` ապօրինի գույքի բռնագանձման վարույթ սկսելու համար 25 միլիոն դրամի ապօրինի գույքի սահմանված շեմի ներդրումը, որն օրենքի նախնական քննարկումների ժամանակ 50 մլն դրամ էր նախատեսվում:

Խորհրդարանում հատկապես քննադատության արժանացան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած այս նախաձեռնություններից առաջինում դատավորի թեկանածուի համար տարիքային շեմի իջեցումը 28-ից 25-ի, եւ դատարանի նախագահ ընտրվելու համար տվյալ դատարանում աշխատանքային փորձառություն չունենալու դրույթը: Առաջարկվում է փոխել էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովների անդամների թիվը, սահմանել դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամների թիվ, որոնց դեպքերում եւս այդ հանձնաժողովների համալրման կարգը նույնպես խորհրդարանական ընդդիմադիրների սրտով չէր եւ քննադատվեց:

Այս օրենքը քննարկելիս շատ էին այն տեսակետները, որ դատական համակարգը, չզտելով կոռումպացված դատավորներից, չի կարելի այսպիսի օրենք ընդունել, անգամ «Իմ քայլի» պատգամավորն էր ասում, թե պղտոր բաժակի ջուրը պետք էր նախ փոխել, ապա նոր ջուր լցնել, թե չէ նորը խառնվելու հնին ու էլի պղտորվի: Բացի այդ` դատական համակարգը տարբեր կառույցների ենթական դարձնելը (ԲԴԽ-ի, էթիկայի եւ բարեվարքության, կամ գնահատման հանձնաժողովների)`խորհրդարանական ընդդիմությունը համարում էր կախյալ դատարան ունենալու ցուցիչ (ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյան): Չնայած` Ռուստամ Բադասյանի համոզմամբ` նոր փոփոխություններով հնարավոր կլինի առանց դատավորների անկախությանը վնասելու պայքարել կոռուպցիայի դեմ, համալրել համակարգը վատ հետագիծ չունեցող նոր դատավորներով:

Քննարկումներից ստացած տպավորությամբ`դատավորները, փաստորեն պետք է ապացուցեն, որ իրենք բարեվարք են, առանց կենսափորձի 25 տարեկան դատավորները պետք է մարդկային ճակատագրեր վճռեն` ինչ է, թե երիտասարդների ներուժն օգտագործելու եւ տարիքով դատավորներին կոռումպացված համարելու միտում կա:

Հապշտապ եւ համահավաք բերված նախաձեռնությունը դուր չէր եկել ԲՀԿ-ական Արման Աբովյանին , երբ ըստ նրա փաթեթի բաղադրիչները մեկիկ-մեկիկ քննարկելու կարիքը կար: Տարոն Սիմոնյանը , Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ-ից) խոսում էին նախագծի մասնագիտական թերություններից, նշելով, որ վեթինգ չանելով անկախ դատական համակարգ ունենալու պահը բաց է թողնվել, փաթեթն էլ կախյալ դատարան ունենալու մասին է: Փաթեթով համակարգի վերբեռնում հնարավոր չէ, ըստ Նաիրա Զոհրաբյանի , կոսմետիկ միջոցներով համակարգ բարեփոխելը, բարեվարքության կիսատ-պռատ ստուգումը վեթինգ չի կարող նշանակել, ըստ Արման Բաբաջանյանի , եւ այլն:

Դատական համակարգի սաբոտաժը պետք է կոտրվի` համակարգի ինքնամաքրումն ու զտումն օրհասական հարց է, սա էլ իշխող մեծամասնությունից Վաղարշակ Հակոբյանն էր ասում:

Եզրափակիչ ելույթում «Իմ քայլը»ական Աննա Կարապետյանը փաթեթը համակարգի առողջացման առաջին քայլ համարեց` հետագա քայլերի համատեքստում

ԼՀԿ-ն, ի վերջո, դեմ քվեարկեց առաջին ընթերցմամբ, հետո` երկրորդ ընթերցմանը լրացնելու եւ կողմ լինելու ուղերձով, ԲՀԿ-ի առաջարկները չէին ընդունվել` չմասնակցեց քվեարկությանը: Այսպես , թե այնպես` նոր դատավորներով դատական համակարգը համալրելու նոր մեխանիզմը փաթեթի երկրորդ ընթերցումից հետո կգործարկվի, օրենքի լավն ու վատն էլ` արդեն կյանքում կտեսնենք:

Մյուս առանցքային փաթեթով` կառավարության հեղինակած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագավման օրինագծով իրավասու մարմինը` գլխավոր դատախազությունը կարող է ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ այն բռնագանձելու պահանջով հայց ներկայացնել: Դա տեղի կունենա օրինական եկամտի եւ ապօրինի գույքի միջեւ 25 մլն դրամի շեմից ավելի տարբերության առկայության պարագայում: Նախագծով (ի դեպ` սահմանադրական օրենք էր, ինչպես եւ վերը ներկայացված օրենքը, երկուսն էլ պատգամավորների երկու երրորդի քվեն էին պահանջում եւ առաջին ընթերցմամբ ստացան), նախատեսված է միայն առանձին դեպքերում հետ գնալ մինչեւ 1991 թվական, ավելի շատ` բռնագանձումը վերաբերելու է վերջին տարիներին, քանի որ ե՛ւ պաշտոնյաների հայտարարագրման օրենքն ուշ է ընդունվել, ե՛ւ ապացուցողական բազան դժվար համադրելի է մեր ժամանակի օրենսդրությանը: Օրենքը նպատակ է դրել տնտեսական շրջանառությունից հանել ապօրինի գույքն ու վերադարձնել պետությանը: Սա, կարելի է ասել, հանրության կողմից սպասված օրենք է, նախորդ տասնամյակների բեւեռացումն այդպիսի սպասում է ձեւավորել, սակայն դրա մասնագիտական կիրառումը շատ վտանգներ ունի, կիրառումից կախված կլինի նաեւ շատ բան: Խոսքը ոչ թե բոլոր քաղաքացիների գույքին է վերաբերում, այլ այն անձանց ու պաշտոնյաներին, որոնց հանդեպ քրեական գործեր կան, որոնց վերաբերյալ ազդակներ ստանալու պարագայում իրավասու մարմինը, հիմքերի առկայության դեպքում, կուսումնասիրի դրանք, երեք տարում կնախապատրաստի հայց ու կներկայացնի դատարան:

Սա մի փաթեթ էր, որի վերաբերյալ դրական ու ողջունող վերաբերմունք կար բոլոր խմբակցություններից, իսկ առաջարկներն ու առարկությունները մասնագիտական ու դետալային էին եւ վերաբերում էին, ասենք, բռնագանձման համար օրինական եկամտի ու ապօրինի գույքի տարբերության դրամական նվազ շեմին, 25 միլիոն դրամին, իսկ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ մտահոգված էր օրենքի` հետադարձ ուժով անձի իրավական վիճակի վատթարացնող տրամաբանությամբ:

Ովքեր են ենթակա այս օրենքի կիրարկմանը. ա/ երբ կան ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ եւ քրեական գործով տեղեկություն` անձի կամ փոխկապակցված անձի` ապօրինի գույքի տիրապետման մասին, որը դատավճռով չի բռնագանձվել, բ/ երբ առկա է քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձի` ապօրինի գույքի տիրապետելու կասկած, ընդ որում` վաղեմության ժամկետների, համաներման եւ մահացության, գործերի կասեցման պարագան պատճառ չէ, որ ուսումնասիրվի գույքի ծագումը, գ/օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով:

Սա արդեն որոշակի շրջանակներում կնքվել է «Կուլակաթափության մասին օրենք» անունով, անգամ մտավախություն կա, որ օրենքները կարող են քաղաքական դրդապատճառներով աշխատեցվել, չնայած օրենքը նախաձեռնողներն ու աջակից խորհրդարանականները շեշտում էին ավելի շատ այս օրենքի հետագա կանխարգելիչ եւ հասարակության հաշտեցման նշանակությունը եւ շեշտում այդ տերմինի բովանդակությանը եւ գաղայափին սկզբունքորեն դեմ լինելուն: Սակայն մարդու հավատը չի գալիս, որ առկա իրավական համակարգի պարագայում կգտնվեն օրենքի իրոք անաչառ, չմոտիվավորված եւ արդար կիրարկողներ: Ի վերջո` սեփականաշնորհման առաջին տարիներին ողջ ժողովուրդն ունեզրկվեց եւ մինչեւ հիմա արդարության է սպասում, եթե այն ժամանակվա ապօրինությունները վեր չեն հանվելու, որի վրա կառուցվեցին հետագա ապօրինությունները, ուրեմն նման օրենքն իսկապես կոսմետիկ է, եւ միայն բյուջեն լրացնելու միջոցի կարող է վերածվել:

Հակասության մե՞ջ է արդյոք այս փաթեթը գործարարության, որպես կանոն առաջին անօրինական միլիոնի վրա կառուցված հետագա օրինական բիզնեսների հետ: Մի կողմից ասում ենք` խթանում ենք հարստանալը, մյուս կողմից այսպիսի օրենք, մանավանդ եթե հետ նայենք առաջին սեփականաշնորհումներին, ապա այստեղ ողջ գործընթացը ստվերված է ապօրինություններով, իսկ օրենքն էլ բացառիկ դեպքերում է հետ գնալու մինչեւ իննսունականներ:

Եթե վերը նշվածին ավելացնենք, որ երեկ էլ խորհրդարանում քննարկվեց քրեական օրենսգրքի այն փոփոխությունների նախագիծը, որով քրեականացվում են բռնության կոչերը (սեռով, ռասայով, մաշկի գույնով, գենետիկական հատկանիշներով եւ մի շարք այլ հատկանիշներ կրող խմբերի նկատմամբ), անգամ բռնությունն արդարացնելու եւ քարոզելու հրապարակային դրսեւորումները, ապա, կարելի է ասել, որ մենք բոլորս մտնում ենք մի նոր շրջան, որի անունն այդ օրենքների գործադրման արդյունքում հանրությունն ինքը կձեւակերպի: Ընդ որում` քրեականացումը բավական առարկայական տեսք ունի` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից` մինչեւ հարյուրհիսունապատիկ տուգանք, երկու ամիս կալանք կամ մինչեւ մեկ տարի ազատազրկում: Սա եւս այն օրենքներից է, որի իրական ազնիվ մղումից մինչեւ քաղաքական նշանակության կիրառում ընդամենը մեկ քայլ է, մնում է այդ մեկ քայլը չանող եւ իրոք արդար դատավորների մասին հուսալ, մանավանդ հրապարակային դրսեւորում ձեւակերպմամբ հանգիստ կարող են նկատի առնվել ԶԼՄ-ների հրապարակումները: Չնայած օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը շեշտում էր, թե խոսքի ազատության իրավունքը չի ներառում ատելության խոսք:

Իսկ թե վարչական պատասխանատվության արժանի արարքը համաչա՞փ է քրեական պատասխանատվության ( Նիկոլայ Բաղդասարյան )` Ս. Գալյանը նկատեց, որ կա խնդիր, ատելությունը մեծ չափերի է հասել, դրա դեմն առնելու հարցն է լուծվում: Իսկ բռնության խոսքեր պարունակող ֆիլմ ցուցադրելը, եթե բռնություն հրահրելու նպատակով չեն ցուցադրում` այս հոդվածի տակ չի ընկնում: Օրենքը հում է , այս որակումն անող պատգամավորը ( Արման Աբովյանը ) բերեց Թալեաթին սպանող Թեհլիրյանով հիանալու օրինակը, նշելով, որ պետք է ենթատեքստեր չթողնել օրենքում ՙհետագայում հայերիս դեմ այն օգտագործելու համար:

Հա, միգուցե ատելության խոսքն արդեն ազգային անվտանգության խնդիր է, բայց ոսկե միջինը գտնված չէ այս օրինագծով, չենք էլ կարողանա տարանջատել թշնամուն ուղղված կոչը բռնության կոչից, սա էլ հնչեց: Ադրբեջանում` հայերին ուղղված ատելության եւ բռնության կոչի պարագայում` ինչ ենք ասում մեր ժողովրդին: Ի պատասխան` «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը հակադրվեց, թե խելագարության կանխավարկածով չպետք է առաջնորդվել, բայց, իրոք, մենք էլ կարծում ենք, որ օրենքում պետք է հստակություն լինի, ու ոչ թե ամեն բան թողնվի դատական մեկնաբանություններին: Համենայնդեպսՙ նկատելի էր, որ խորհրդարանում եւս տատանվում են:

Օրենքը կփրկի՞ մեզ ատելության խոսքից ու բռնության կոչից: Թե՞ մարդիկ հնարամտորեն, ինչպես Խորհրդային Միության ժամանակներում էր, կտեղավորվեն նոր իրավական միջավայրում եւ իրենց կոչերը փոխաբերաբար կփոխանցեն` երգերով, ֆիլմի համապատասխան մասը համապատասխան անձի ֆեյսբուքյան էջում տեղադրելով եւ այլ մեթոդներով:

Հ.Գ.- Հատկանշական է, որ վերջին նախագծի ժամանակ «Իմ քայլը»ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը մի լավ նախշեց Էդմոն Մարուքյանին` ավելի վաղ վերջինիս` Պապոյանին ուղված «Մի քիչ զգույշ խոսիր` քթիցդ հանկարծ արյուն չգա» ուղղված խոսքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 06-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ