ՄԻԱՄԻՏ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՕՐԱԳՐԻՑ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Գրքերի աշխարհում տարիներ շարունակ շրջելիս կամ աննպատակ թափառելիս բազմաթիվ դիտարկումներ եմ արել, գրական կյանքի բազմաթիվ մանրամասներ եմ տեսել ու նկատել եւ տարիներ շարունակ շատ բան գրի եմ առել իմ «Բանասերի օրագրում»: Դրանցից երկուսը, իհարկե, ազատելով օրագրային գրառման տեսքից եւ հոդվածի վերածելով, հրապարակել եմ մամուլի էջերում («Բանասիրական մանրապատում մի կարեւոր ճշտումով»,- «Ազգ», 20 օգոստոսի 2005 թ., եւ «Գաղտնասացություն», «Ազգ» 1 դեկտեմբերի 2012 թ.): Նույն ձեւով այսօր ընթերցողին եմ ներկայացնում եւս մի քանի գրառում:
Գրականության անտառի թավուտներում շատ գաղտնիքներ եւ անակնկալներ կան պահված: ...Գուրգեն Մահարին իր «Չարենց-նամե»-ում նկարագրում է, թե որքան ծանր է տարել, որքան խորն է ապրել Չարենցը Եսենինի ինքնասպանության լուրը: «Ուշ, աշնանային, տրտում երեկո: Հեռագիրը գուժեց Եսենինի ինքնասպանությունը: (Եսենինը ինքնասպանություն է գործել ոչ թե «ուշ աշնանը», այլ 1925 թվականի դեկտեմբերի 28-ին.- Ե. Տ.-Խ.): Ես նրան չգիտեի: Մի անգամ կարդաց իմ մի քանի անտիպները եւ նկատեց. - Եսենինյան շունչը խիստ զգալի է: Չե՞ս կարդացել: Զարմանալի է: Կարդա: Շատ կսիրես: Կարդացի: Սիրեցի: Շատ սիրեցի: Թերթը ձեռքիս ներս մտա: Իրիկնաթերթը: - Եսենինը ինքնասպանություն է գործել: Նայեց իր խորը, սեւ աչքերով եւ փորձեց ժպտալ,- հանա՞ք ես անում, ի՞նչ է: Պարզեցի թերթը: - Հանաք չի արել. երակը բացել է, հետո էլՙ կախվել: Հը՛մ: Թերթը շպրտեց սեղանին: Բարկացավ:- Ո՞ւմ վրա: - Հրաժեշտ երգն էլ արյունով է գրել: Հը՛մ... Նայեց Արփիկի արցունքներին եւ վառեց ծխամորճը: - Ճիշտն ասածՙ սպասելի էր: Սկսեց երթեւեկել սենյակում: Կանգնեց պատուհանի մոտ. Проплясал, проплакал дождь весенний, Замерла гроза, Скучно мне с тобой, Сергей Есенин, Подымать глаза»: Եվ հետո, արդեն ամիսներ անցՙ «1926 թիվ: Գարուն: Ամառ», «Շուտ-շուտ էր հիշում Եսենինին: Ննջում էր սեղանի մոտ, զարթնում, խուլ ու երգեցիկ արտասանում. Вечером синим, вечером лунным, Был я когда-то красивым и юным. Неудержимо, неповторимо Все пролетело... далече... мимо... Сердце остыло, и выцвели очи... Синее счастье! лунные ночи!»: Չարենցի կապը Եսենինի գրականության հետ միայն խոր համակրանքով չէ, որ արտահայտվել է: Ափսոս որ այդ կապը մասնագիտորեն ուսումնասիրված չէ: Բայց ահա թե ինչ կա թաքնված ժամանակի խորքերում: Չարենցի խոնարհումը Եսենինի բանաստեղծության եւ ողբերգական վախճանի առջեւ վկայում է հայ բանաստեղծիՙ Եսենինի հանդեպ ունեցած մեծ համարումը: Շատ հավանական է, որ Չարենցը ենթագիտակցորեն զգում էր իրենց ճակատագրերի նմանությունը: Չարենցի կյանքի հետագա տարիները եւ իր վախճանը հաստատեցին դա: Եսենինը Կովկաս է եկել 1924-25 թվականներին: Թիֆլիսում էլ, ռուս գրող Իվան Ռախիլլոյի վկայությամբ, նա ծանոթանում է հայ պոեզիային: Այստեղ նրան գրեթե ամեն օր այցելել եւ հանդիպել է Կարա-Դարվիշը: Եսենինը մեծ երկրի եւ շռնդալից փառքի ու մեծ ճանաչումի տեր բանաստեղծ էր, տակավին երիտասարդ Չարենցը, աղքատ ու տառապած փոքրաթիվ ժողովրդի բանաստեղծ: Բայց ահա Եսենինը, դժվար նկարագրի ու բարդ բնավորության տեր, նույնքան բարդ կյանքի ու ճակատագրի տեր մարդ, զգացել է Չարենցի մեծությունը: Եսենինի մասին խոր սիրով եւ մեծ անձկությամբ խոսող Եղիշե Չարենցը որքա՜ն պիտի զարմանար, եթե իմանար, որ Եսենինը շատ է ցանկացել հանդիպել եւ ծանոթանալ իր հետ: Վալենտինա Կորոստելյովան իր մի հոդվածում («Но только лиры милой не отдам»..., «Литературная газета», 28 сентября - 4 октября 2005, N 39-40) գրում է հետեւյալը. «Ահա Իվան Ռախիլլոյի արժեքավոր դիտարկումը. «Նա (Եսենինը.- Ե. Տ.-Խ.) գիտեր եւ գնահատում էր ոչ միայն ռուսական բանաստեղծությունը: Կովկասում նա հաճույքով եւ գործի մեծ իմացությամբ էր կարդում հայ բանաստեղծներին եւ շատ էր ուզում հանդիպել Չարենցի հետ, բայց չստացվեց»: Չարենցի մտքով անգամ չի անցել, թե Եսենինը իմացել է իրՙ Չարենցի պոեզիան: Այս վկայությունը թվում է աննշան կամ փոքր մի փաստ, բայց իրականում այն վիթխարի կարեւորություն ունեցող իրողություն է: Ահա թե ինչ կա թաքնված հեռավոր, այլեւս արդեն անցյալ դարձած գրական ժամանակների խորքերում: Զարմանալի բան է, թե ինչպես իրականության քաոսի մեջ կորսված փաստը, վկայությունը կամ իրողությունը կարող է տասնամյակներ անց, գրեթե մեկ դար հետո դուրս պրծնել անցյալի խորխորատներից, հայտնվել նոր ժամանակի մեջ եւ նոր լույսով լուսավորել անցյալ դարձած ժամանակի կյանքը: Սա մարդկային կյանքի եւ ստեղծագործության պարադոքսներից մեկն է, արվեստագետի ճակատագրի հանդեպ ժամանակի՞, թե՞ իրականության դառը կամ ողբերգական խաղը: Ահա թե ինչ անակնկալ կարող է մատուցել գրողի ետմահու ճակատագիրը, իր շարունակվող գրականության խորհրդավոր ու առեղծվածային ընթացքը: Այսպես է, որ մի օր պարզվում է, որ Պուշկինի մի շառավիղը ամուսնացել է Դանտեսի շառավղի հետ, եւ պարզվում է, որ Լերմոնտովը, որ Բայրոնի անունը տալիս էր միայն երկյուղածությամբ եւ որին համարում էին «ռուսական Բայրոն» («Нет, я не Байрон, я другой...»), Բայրոնի հեռավոր ազգականն է (Լերմոնտովի նախնին շոտլանդացի Լերմոնտն է): ...Եվ դեռ ինչե՜ր կան թաքնված գրականության անտառի թավուտներում: *** ...Սովետական մամուլը մի շատ կարեւոր յուրահատկություն ուներ, որին կնախանձեր նույնիսկ ինքըՙ Օկտավիանոս Օգոստոս կայսրը, ով կեղծիքը, չեղյալը, գոյություն չունեցողը իբրեւ վավերական իրողություն ներկայացնելը պատմության մեջ առաջինն էր, որ հռչակել էր պետական կառավարման միակ ու անխախտելի սկզբունք, դարձրել էր պետական գաղափարախոսություն եւ գերագույն օրենք: Ճիշտ նույն կերպ էր վարվում եւ սովետական մամուլը, ինքնին հասկանալի է, որՙ ըստ գերագույն թելադրանքի: Այդ մամուլը ոչ թե բացահայտում-ներկայացնում-պարզաբանում էր կյանքը, իրականությունը, իրողություններն ու իրադարձությունները, այլ ծածկում-թաքցնում-կորստյան ու մոռացության էր մատնում կյանքի եւ իրականության կողմերըՙ անթափանց քողով ծածկելով ամեն բան եւ տոնական տեսք ու գրասենյակային փայլ տալով ամեն ինչի: Եվ այնուամենայնիվ սովետական մամուլը եւ, իհարկե, նաեւ սովետահայ մամուլը, ակամա պահել են շատ բան, որ արժանի է ուշադիր ընթերցումի եւ առանձնակի վերաբերմունքի: Սովետահայ մամուլը պահել է շատ բան, մանավանդ սովետահայ գրողների մանր ու մեծ խարդավանքները: Դրա վարպետներից մեկը, իհարկե, ամենասովետական ու ամենասովետահայ Նաիրի Զարյանն էր: Իր վերջին տարիների գրությունները լեցուն են իբրեւ թե լավ թաքցրած նենգությամբ եւ խարդավանքներով, որոնք անտեղյակ ընթերցողին շատ բան չեն ասի: Ահա մի օրինակ: 1968 թվականի վերջերին «Գրական թերթ»-ը հարցեր է ուղղում նշանավոր գրողներին Նոր տարվա տոնական համարում տպագրելու համար: Հարցումին պատասխանում է նաեւ Նաիրի Զարյանը: «Գրական թերթ»-ի հարցումին. «Ո՞րն եք համարում 1968 թվականի ձեր ամենալավ (տպագրված թե անտիպ) բանաստեղծությունը», պատասխանում եմ. 1968 թվականի իմ չափածո գործերից ամենալավն եմ համարում «Արտավազդ եւ Կլեոպատրա» պոեմ-ողբերգությունը (ոչ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացրած վիճակով) եւ մի առանձին անտիպ (ընդգծումը իմն է.- Ե. Տ.-Խ.) եռատող. Երեկ դու աստղ էիր, բայց ոչ արվեստագետ, Այսօր, երբ դու արդեն տիրել ես արվեստին, Ինչ փույթ, որ աստղ է ա՛յլ մի անարվեստ համբակ»: Թերթի տոնական համարը լույս է տեսել 1969 թվականի հունվարի 3-ին (N 1), որտեղ տպագրվել է Նաիրի Զարյանի պատասխանը: Ահա այսքանը: Թվում է, թե ուշագրավ ոչ մի բան չկա: Սովորական հարց է եւ սովորական պատասխան: Բայց բաց արեք Նաիրի Զարյանի «Սպասում եմ քեզ» վերջին ժողովածուն («Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1968) եւ 138-րդ էջում կկարդաք նույն այս եռատողըՙ չորս տողի տեսքով. Երեկ դու աստղ էիր, բայց ոչ արվեստագետ, Այսօր, երբ դու արդեն տիրել ես արվեստին, Ինչ փույթ, որ աստղ է հռչակված Մի անարվեստ համբակ: Եվ այս չորս տողի տակ տպագրված է «1967, Երեւան»: Ինչպես տեսնում եք «Գրական թերթ»-ում տպագրվածը ամենեւին էլ անտիպ չէ: Լավ, եթե անտիպ չէ, Նաիրի Զարյանը ինչո՞ւ է ստում, ինչո՞ւ է կեղծում: Ամեն ինչ պարզ կդառնա, եթե պարզենք, թե ում է հասցեագրում Նաիրի Զարյանը իր եռատող-քառատողը: Բանն այն է, որ այն հասցեագրված է Պարույր Սեւակին: Ուրեմն, «անարվեստ համբակը» Պարույր Սեւակն է: Որպեսզի գրքում տպագրվածը նորից հնչեցնի, մանավանդՙ մեծ լսարանի առաջ (հիշեքՙ «Գրական թերթ»-ի 50-60 հազար տպաքանակը), Նաիրի Զարյանը տպագրվածը հայտարարում է անտիպ եւ, ընդգծելով, տպագրում իբրեւ պատասխան թերթի հարցումի: Ահա Նաիրի Զարյանը եւ ահա սովետահայ ազնիվ գրական մամուլը: Բայց այստեղ նաեւ հետաքրքրական մի ուրիշ հանգամանք կա: «Գրական թերթ»-ում տպագրվածը գրքում տպագրվածից տարբերվում է մեկ-երկու բառի եւ կետադրության փոփոխությամբ: «Գրական թերթ»-ում վերջին տողում ավելացել է «այլ» շեշտված բառըՙ «Ինչ փույթ, որ աստղ է ա՛յլ մի անարվեստ համբակ»: Ի՞նչ է, նշանակում է, որ «անարվեստ համբակները» երկո՞ւսն էին, մեկից ավելի՞ էին: Ուրեմն, դուրս է գալիս, որ ժամանակին աստղ եղածը նույնպե՞ս «անարվեստ համբակ» էր: 1967 թվականին լրանում էր Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակը: Մեր ազգային ինքնագիտակցության վերելքի շրջանն էր, եւ մենք երբեք այդքան մերձ չենք եղել Չարենցին, այդքան չենք մոտեցել նրան, որքան 1967-ին: Ասածիս վկայությունը եւ հաստատումը Պարույր Սեւակի կազմած Չարենցի գիրքն էր, որ այնուամենայնիվ լույս տեսավ ոչ այն տեսքով, ինչպես որ կազմողն էր ներկայացրել: 1967-ը Չարենցի հանդեպ մեր հոգեկան տուրքի շռնդալից տարին էր: Եվ սխալ չի լինի կարծել, որ չարությունից ու նախանձից սեւացած Նաիրի Զարյանը 1967-ին այդ տողերը հասցեագրում էր նախ Չարենցին: Եվ երկու տարի հետո, 1969-ին, այդ նույն տողերը նա վերահասցեագրում է Պարույր Սեւակին: Ահա, թե ինչու է «Գրական թերթ»-ում ավելանում «այլ» բառը այն էլՙ շեշտովՙ «...ա՛յլ մի անարվեստ համբակ»: Այս մի հատիկ բառը մատնում է Նաիրի Զարյանին եւ բացում նրա իսկական դեմքը: Որոշ մարդիկ լեգենդ են ստեղծել եւ շարունակում են տարածել, թե Պարույր Սեւակը ապրում էր համընդհանուր սիրո եւ խորին հարգանքի մեջ: Այս լեգենդը ձեռնտու է շատ-շատերին, մանավանդ նրանց, ովքեր,- սաՙ լավագույն դեպքում,- նրան համարում էին իրենց նմանն ու իրենց հավասար մեկը: Մինչդեռ վերը բերվածի նման ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, ցույց տալու համար, թե իր գրական միջավայրը ինչպես էր պղտորում բանաստեղծի արյունը եւ թունավորում իր կյանքը. Գուրգեն Մահարին բանաստեղծի քառասունամյակի օրը ամոթալի եւ խայտառակ հոդված էր հասցեագրում բանաստեղծին, Նաիրի Զարյանըՙ Նոր տարվա օրը նրան կոչում էր «համբակ», երրորդը, չորրորդը այլ ստորություն էին անում... Նույն Նաիրի Զարյանն է. ըստ երեւույթին իր կյանքում 1930-ական թվականներից ի վեր ոչինչ չէր փոխվել... *** Տարիներ առաջ իմ սիրելի ընկեր, ֆրանսերենի փայլուն գիտակ, տաղանդավոր թարգմանիչ Լեւոն Մկրյանը մի օր եկավ ինձ մոտՙ թարգմանության հետ կապված մի հարց քննարկելու: Ինչ-որ մի տեքստ էր թարգմանում, որ Արշիլ Գորկու եւ իր նկարչության մասին էր: Իր տարակուսանքը Արշիլ Գորկու մի կտավի անվան շուրջ էր: Նկարը անգլերեն կոչվում էր «The liver is the cock's comb»: Բառացի թարգմանությամբ «Լյարդը աքլորի կատարն է»: Լեւոնը տարակուսում էր, եւՙ արդարացիորեն: Սյուրռեալիզմըՙ սյուռեալիզմ, բայց արդյոք Արշիլ Գորկու դրած անունը մենք ճիշտ ենք հասկանում, եւ այն մի այլ իմաստ, մի այլ նշանակություն չունի՞: Անկեղծ ասած, այդ տարիներին ես օտար արվեստաբանների բացատրություններն ու մեկնաբանությունները չգիտեի, դրանք ինձ մատչելի չէին, ես էլ մի խելքը գլխին - խելքին մոտ բացատրություն չունեի: Խոսեցինք, քննարկեցինք եւ որոշեցինք թողնել անունը բառացի թարգմանությամբ: Տարիներ են անցել, իմ ընկեր Լեւոնը չկա, բայց այդ նկարի անվանումը ինձ հանգիստ չէր տալիս. Արշիլ Գորկու հետ կապված ամեն առիթով, իր մասին որեւէ հոդված կամ տեքստ կարդալիս ես անվերջ մտածում էի այդ մասին: Եվ մի օր էլ, ինձ թվում է, ես գտա ինձ տանջող հարցի պատասխանը: Հայտնի իրողություն է, որ Արշիլ Գորկին ծնվել է Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Այս տողերը գրողը տեսել է Խորգոմն ու իր շրջակայքը, շրջել է Խորգոմի փողոցներում: Խորգոմը ծաղկառատ դաշտերի եւ հստակ ու մաքուր, զրնգացող ջրերի հեքիաթային մի վայր է: Արշիլ Գորկու կյանքին ու նկարչությանը ծանոթ ամեն ոք գիտի, որ մանկության աշխարհն ու իր անջինջ հիշատակները ողբերգականորեն տեւում էին մեծ նկարչի մեջ եւ ելք էին փնտրում: Դա արտահայտվել է նկարչի թե՛ կյանքի, թե՛ առօրյայի եւ թե՛ մանավանդ նկարչության մեջՙ «Նկարիչը եւ իր մայրը» (1926-1936), «Խորգոմի դաշտեր» (1936), «Խորգոմ» (1936), «Յարգյուլե» (1938), «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում էր կյանքում» (1944), «Ծիրանների բույրը դաշտերում» (1944) եւ այլն: Եվ ահա, թվում է, մի օր նկարչի ենթագիտակցության մեջ արթնացել է Խորգոմ գյուղի ծաղկառատ դաշտերի հուշը: Արշիլ Գորկու 1944-ին նկարած կտավներից մեկը կոչվում է «Միամյա իշակաթնուկ»: «Լյարդը աքլորի կատարն է» կտավը նույնպես նկարված է 1944 թվականին: Այս կտավի խորագրի երկրորդ մասը ծաղկի անուն է: Բանն այն է, որ մի ծաղիկ կա, որ ոչ ավել, ոչ պակաս, կոչվում է «աքլորի կատար»: Ստ. Մալխասյանցը այն կոչում է «աքլորակատար»: «Աւագ դեղագործ Յ. Սէպէտճեանը» իր կազմած բուսանունների բառարանում բերում է նախ ծաղկի ֆրանսերեն անվանումըՙ crete du coq, ապա գրում էՙ «զարդարանքի ծաղիկ, որ նմանություն է բերում աքաղաղի կատարին»: Հետո բերում է լատիներեն անվանումըՙ Cehoisa cristata: Ըստ Արմենակ Բեդեվյանի բուսանունների ութլեզվյան փառահեղ բառարանի (Կահիրե, 2004), այն կոչվում է «աքլորբբուկ, աքլորկատար»: Լատիներենՙ «Rhinanthus Crista Galli L.»: Հիմա, արդյոք, սխալ կլինի՞ կարծել, որ 1944-ին Ամերիկայի քարե ջունգլիների մեջ կորսված, իր անձնական կյանքի խոր դրաման ապրող, ողբերգական իր վախճանի նախանշանը ստացած հայ մարդու գիտակցության մութ խորքերում արթնանում է գեղեցիկ ու թովիչ ծաղկի անունը իբրեւ անվերադարձ կորած մի աշխարհի խորհրդանիշ եւ անցյալ դարձած ժամանակների հեռվից գալիս է միանալու արեւմտյան քաղաքակրթությունը եւ իր կյանքի ժամանակը խորհրդանշող ամենաանսպասելի ու անհեթեթ կերպար-պատկերինՙ արնածոր ու արնաներկ լյարդի առարկայական անվանմանը: Արտառոցը, այսինքնՙ կոմս Լոտրեամոնի խոսքով ասածՙ «հուզիչ պատահականությունը վիրահատության սեղանին հովանոցի եւ կարի մեքենայի հանդիպումի», այն էՙ կենդանի, շնչավոր արարածի մի ներքին օրգանի, որ մեր գիտակցության մեջ արդեն հանված է մարմնից, զատված է (սա մահն է) եւ նուրբ ու դյուրաբեկ ծաղկի հանդիպումը տեղի է ունենում արդեն նկարչի նկարակալի վրա: Իզիդոր Դյուկասըՙ Իզիդոր Դյուկաս, Անդրե Բրետոնըՙ Անդրե Բրետոն, սյուրռեալիստականըՙ սյուրռեալիստական, բայց մարդկայնորեն ողբերգականը այսՙ իմ մտքում, չգիտես ինչու միշտ արնածոր, լյարդի եւ մանկության քնքուշ ու նուրբ ծաղկի պատկեր-խորհրդանիշերի հանդիպում-համադրումն է: Հիմաՙ թե լյարդի կերպ ու ձե՞ւն է հիշեցրել նկարչին ծաղկի պատկերը, թե՞ ծաղիկն է արթնացնում ահալից կյանքի էությունը խորհրդանշող այս պատկերըՙ լյարդը, բոլորովին այլ հարց է: Կարեւորը այն է, որ զուտ սյուրռեալիստական թվացող անվանումը ձեռք է բերում, ավելի ճիշտՙ իր մեջ արդեն ունի խորապես մարդկային հողեղեն իմաստ եւ նյութական, առարկայական բովանդակություն: Մնացյալը արվեստաբանների գործ չէ, սա արդեն հոգեվերլուծաբանների ասպարեզն է: Թող ճշտեն: |