RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #200, 19-11-2013



Մատուցում

Տեղադրվել է` 2013-11-18 23:30:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՔԱՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ինչպես բնության ամեն մի մասնիկ, բնական քարը նույնպես ինֆորմացիա կրող է, հետեւաբար ինչպիսի ինֆորմացիա մարդը տալիս է քարին, այնպիսին էլ ստանում է: Պատահական չէ, որ դեռեւս հնուց մարդիկ օգտագործել են բնական քարերը որպես թալիսմաններ` երջանկության, իմաստնության, հզորության, հոգեկան աշխարհի ամրության ու այլ նպատակների համար: Օրինակ` փարավոնները լազուրիտն օգտագործել են որպես իշխանության նշան:

«Հայ երկրաբանների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Բոջիկյանը , որը քարերի գործով զբաղվում է երկար տարիներ, իր փորձից ելնելով ասում է, որ քարերը իրոք կարող են պատասխանել մարդուն իրենց ստացած դրական կամ բացասական էներգիայով, որն առաջին հերթին հենց մարդուց են ստանում: Թերեւս շատերն այս փաստին լուրջ չեն վերաբերվում, սակայն իրականության օրինակները, ըստ Արտակի, ուղղորդում են հավատալու, որ քարն էլ ունի ինֆորմացիոն դաշտ, քանզի այն էլ Երկիր մոլորակի մի մասն է:

Արտակ Բոջիկյանը պատմում է` մի անգամ պատահականորեն իր ձեռքն է ընկել ավստրալիական մի օպալ (ծիածանաքար), որը նման է եղել Հայաստանի Հանրապետության ու Արցախի քարտեզին: Զրուցակիցս շարունակում է օրինակների շարքը` պատմելով, որ բնական քարերը կտրելիս մարդիկ դրանց մեջ գտել են մարդու, կենդանիների, հրեշտակի, խաչի ու այլ առարկաների պատկերներ: Քարերն ինֆորմացիան կրում են հազարամյակներով: Իսկ բնական քարի այն փոքր կտորը, որը մարդը կրում է որպես զարդ, մարդկային գիտակցությանն ի պատասխան կարող է բարձրացնել նրա տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը եւ այլն:

Սակայն մարդկանց վերաբերմունքը բնական քարերի հանդեպ երբեմն հասնում է սնահավատության, ինչն անտեղյակության հետեւանք է: Արտակ Բոջիկյանը նշում է պատմություններ օպալների հետ կապված, ըստ նրա` անհեթեթ է կարծիքը, թե օպալը դժբախտություն բերող քար է, ու թե դրա համար են օպալը կոչում արյունոտ քար: Օպալին տիրանալու համար, քանի որ այն շատ գեղեցիկ է ու շլացուցիչ փայլ ունի, մարդիկ կռվել են, զոհվել են ու դրա համար են կոչել արյունոտ քար:

Կռիվներ եղել են նաեւ ադամանդին տիրանալու համար, սակայն ադամանդին սնահավատորեն չեն վերաբերվում:

Հայկական քարերը

Հայաստանի քարերի մասին խոսելիս Արտակ Բոջիկյանն առանձնացնում է հայկական փիրուզը, ագաթն ու օբսիդիանը (սատանի եղունգ): Սակայն այստեղ փիրուզ արդեն շատ չունենք, ագաթները եւս սակավացել են: «Ընդհանրապես, Հայաստանը չունի թանկարժեք քարեր, այստեղ ունենք միայն կիսաթանկարժեք քարեր», հավելում է Արտակ Բոջիկյանը, բայց նշում, որ իրենց գեղեցկությամբ հայկական ագաթներն աշխարհի քարերի մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը: Ըստ նրա` հայկական ագաթները լինում են բազմագույն, մի տարածքում կարելի է գտնել տարբեր գույների ու բարձրորակ ագաթներ. «Իսկ Իջեւանի ագաթի հանքը Խորհրդային Միության ժամանակ երկրաբանների ու ագաթ հավաքողների համար ամենահետաքրքրական տարածքներից էր: Հանքը հիմա չի շահագործվում, սակայն մնացորդային մասերը հանել, օգտագործել կարողանում ենք»:

Հայկական քարերի պահանջարկ Հայաստանից դուրս մշտապես եղել է, հատկապես վերջին տարիներին այդ պահանջարկն ավելացել է: «Սակայն հիմա չենք կարողանում լավ որակի ապրանք ունենալ. հանքերը չեն աշխատում, բացի դրանից` տեխնիկա է պետք, որպեսզի քանդվեն, հանվեն քարերը», ասում է Արտակ Բոջիկյանը:

Աշխարհի քարերը մի ցուցասրահում

Երեւանի Նալբանդյան փողոցի 104 հասցեում գտնվող խանութ-ցուցասրահում, որի տնօրենն է Արտակ Բոջիկյանը, ցուցադրված են ամենատարբեր ձեւերի բնական քարեր, նույնիսկ այնպիսիները, որոնցից չունի մեկ ուրիշը: Կոլեկցիոներական քարերը, առհասարակ, իրենց նմանը չունեն, եւ այս խանութում ամեն ինչը չէ, որ դրված է վաճառքի: «Խանութ-ցուցասրահը բացվեց անցյալ տարվա ապրիլին: Ուզում եմ սա հասցնել թանգարանի որակի», ավելացնում է Արտակը: Խանութում ցուցադրվում են տարբեր երկրների քարեր, իսկ քարերի շտեմարանը, զրուցակցիս փոխանցմամբ, այսօր Բրազիլիան է:

Իսկ ի՞նչ քարեր են նախընտրում հայերը: «Այնպիսի քարեր, որոնք կարող են օգտագործել արծաթագործության ու ոսկերչության մեջ` ագաթ, օբսիդիան,- ասում է Արտակը,- սակայն մեզանում քարերի ճանաչելիությունը, դրանց մասին գիտելիքները ցածր մակարդակի վրա են: Մեր կազմակերպությունը փորձում է օգտագործել իր հնարավորությունները քարերի մասին ուսուցում, դասընթացներ կազմակերպելու համար: Դիլիջան քաղաքում ունեք «Հայ քար» ՀԿ, որն ունի աշակերտների խումբ եւ նրանց սովորեցնում է քարերի մշակում»:

Քարերի մասին գիտելիքները պետք են նաեւ շուկայում եղած կեղծարարությունը տարբերելու, հասկանալու համար: Ըստ Արտակի` քարերը կեղծել հնարավոր չէ, սակայն քարի փոխարեն կարող են վաճառել ապակի կամ օգտագործել սինթետիկա. «Շուկան էլ մի քիչ ճահճային է, եւ մարդիկ փորձում են ամեն գնով եկամուտ ստանալ»:

Այնուամենայնիվ, մասնագետի աչքը կամ քարի մասին թեկուզ որոշ գիտելիք ունեցող գնորդը տարբերում են բնական քարը եւ դրա բնական գեղեցկությունը արհեստականից:

Նկար 1. Ձախից ավստրալիական, իսկ աջից եթովպիական օպալներ

Նկար 2. Խանութ-ցուցասրահում

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #200, 19-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ