RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 23:34:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1536, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐՙ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Պ. Ք.

ԶԼՄ-ները Պուտինի կերպափոխության մասին

Աշխարհի լրատվամիջոցները Անթալիայումՙ «Մեծ քսանյակի» գագաթաժողովում ՌԴ նախագահի եւ հենց Ռուսաստանի հետ կատարված կերպարանափոխությունը համարում են ներկայիս գլխավոր իրադարձություններից մեկը: Բրիտանական «Ֆայնենշըլ թայմս» թերթը, օրինակ, գրում է, թե ինչպես «միստր Պուտինը» նախկին «աքսորյալից» վերածվել է համաշխարհային խնդիրների լուծման վճռական մասնակիցներից մեկի: Միջազգային խոշորագույն գործակալություններից մեկըՙ Բլումբերգը բավարարվում է այն հավաստմամբ, որ «իրավազուրկ» Պուտինը վերստին դարձել է Օբամայի զրուցակիցը:

Անշուշտ, բոլորը հիշում են, թե անցյալ տարվա աշնանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ժամանակ ինչպիսի բոյկոտ կազմակերպվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Այդ հանդիպումն անցավ Ռուսաստանի մեկուսացման նշանաբանով:

Ավստրալիայի գագաթաժողովից հետո անցած մեկ տարում իրադրությունն աշխարհում կտրուկ փոխվել է: Պուտինն այլեւս նախկին «մերժվածը» եւ «իրավազուրկը» չէ: Նա համաշխարհային գլխավոր առաջնորդներից մեկն է, առանց որի անհնար է լուծել բազմաթիվ ընդհանուր հիմնահարցեր: Օրինակ, Արեւմուտքում կարծես թե վերջապես հասկացել են, որ առանց Մոսկվայի անհնար է խաղաղություն հաստատել Սիրիայում: Ցավոք, Արեւմուտքի քաղաքական գործիչները դա հասկացան Բեյրութում, Փարիզում եւ այլուր տեղի ունեցած նոր, արյունալի ողբերգություններից հետո միայն:

Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի «կարգավիճակի» փոփոխման վկայությունները շատ են: Մասնավորապես, Արեւմուտքի լրատվամիջոցները փարիզյան ահաբեկչություններից հետո սկսեցին նյութեր հրապարակել առավել զուսպ ոճով, «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ժամանակ Օբաման եւ Պուտինը կեսժամանոց զրույց ունեցան, Ֆրանսիայի նախագահ Օլանդը Մոսկվային եւ Վաշինգտոնին կոչ արեց պայմանավորվել եւ համատեղ պայքարել «Իսլամական պետության» դեմ եւ այլն:

Ռուսաստանի առնչությամբ ամերիկացի ղեկավարների ելույթների տոնը սկսել է փոխվել, թեեւ Սպիտակ տունը դեռեւս զգուշավոր է իր արտահայտություններում: ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով խորհրդական Յուրի Ուշակովը Ռիա գործակալության թղթակցին ասել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ ռազմավարության գծով, սակայն առաջվա պես լուրջ տարաձայնություններ կան մարտավարական հարցերում: Կարելի է ենթադրել, որ խոսքը այսպես կոչված «չափավոր ընդդիմութան» դերի մասին է:

Նախագահ Բարաք Օբաման չի շտապում խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման եւ Սիրիայում ռեալ ճեղքման մասին, քանի որ մնում են տարաձայնություններ, որոնցից գլխավորը Բաշար Ասադի ճակատագիրն է: Այդուհանդերձ կարեւոր է Օբամայի այն հայտարարությունը, թե «համեստ առաջընթաց» է արձանագրվել դիվանագիտական ճակատում: Նոյեմբերի 17-ին Օբաման խոստովանեց, որ «Ռուսաստանը կառուցողական գործընկեր է»:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները համաձայնության են եկել նաեւ Վիեննայում դիվանագետների մշակած Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ծրագրի շուրջը:

Այժմ մնում է թերեւս ամենադժվար գործը պարզել, թե Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասնակիցներից ում պետք է համարել ահաբեկիչ եւ ոչնչացնել, եւ ումՙ արմատական իսլամի դեմ պայքարող մարտիկ եւ հետը բանակցել:

Բացառված չէ, որ հանգամանքները միջնորդի դեր հատկացնեն Ֆրանսուա Օլանդին: Նա ոչ միայն պատերազմ հայտարարեց «Իսլամական պետությանը», այլեւ կոչ է անում ստեղծել վերջինիս դեմ պայքարող ընդհանուր կոալիցիա, որտեղ գլխավոր դեր պետք է խաղան ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Նման կոալիցիայի ստեղծման հարցը Օլանդը կքննարկի Պուտինի եւ Օբամայի հետ:

Արդեն նկատվող ԱՄՆ-ՌԴ մերձեցումը շատ տեղին է, քանի որ վերջին օրերին թե՛ Մոսկվան եւ թե՛ Վաշինգտոնը Սիրիայում ակտիվացրել են ռազմական գործունեությունը, որն ավելի ու ավելի շատ է հիշեցնում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի դիմակայությունը սառը պատերազմի տարիներին: Կրեմլուն եւ Սպիտակ տանը դժվար թե ուզենան նման սցենարի կրկնություն: Այնպես որ, կյանքն ինքը երկու երկրներին դրդում է մերձեցման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 20-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ