«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՎՈՂ» ԵՐԵԽԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ Խոստացիր, որ մամայիդ չես ասի, թե չէ նա շատ կջղայնանա,-ինքնաապահովագրվում էր «լցնովի» պաղպաղակը ձեռքինՙ Պարոնյան փողոցով քայլող ու գարնանային դեռ չջերմացնող արեւին անհամապատասխան թեթեւ հագնված 23-25 տարեկան աղջիկը: Չեմ ասի, մորքուր, չեմ ասի,-վստահեցնում էր իր բաժին պաղպաղակն ինքնամոռաց վայելող, երանության ժպիտը հալված պաղպաղակի հետ դնչիկին խառնած ու աշխարհի մնացած բաների մասին մոռացած 4-5 տարեկան գանգրամազ տղան: Ժպտացի ու անցա առջեւիցս քայլող աղջկա ու երեխայի մոտով, ու հանկարծ աչքերիս առաջ մի տեսարան պատկերվեց. Ազգային ժողովի ընտրություններ, 2032 թվական, ու պաղպաղակով ընտրակաշառք վերցնող այդ երեխան, ում բոլորս մեղադրում ու դատափետում ենքՙ մոռանալով, որ մենք ենք նրան ժամանակին սովորեցրել ճշմարտությունն ու ազնվությունը փոխանակել մի հատ լցնովի պաղպաղակի, մի ավելորդ անգամ կարուսել նստելու, մի հրապուրիչ խաղալիքի հետ: Համաձայն եմ, գուցե եւ ծայրահեղ ու ծիծաղելի է թվում, բայց եթե ժամանակ ու հավես ունենանք մանրամասն մտածելու, գուցե հասկանանք, գուցե եւ ընդունենք այն, որ ընտրող, ընտրվող, պաշտոնյա, հանցագործ, պատգամավոր, առեւտրական, բանվոր ու գործատու միանգամից չեն ծնվում, այլ դառնում ենՙ պարտադիր անցնելով մանկության փուլը: Մի ժամանակահատված, որի ընթացքում մեծահասակներիս մանկամտության պատճառով երեխայիՙ դեռ չձեւավորված գիտակցության մեջ կաթիլ առ կաթիլ ներարկում ենք երեսպաշտություն, այսրոպեական շահամոլություն, անսկզբունքայնությունՙ մեկ բաժակ պաղպաղակի դիմաց: Ու տարիների մեր չարածի եւ անտարբերության պատճառով կոկորդ ենք պատռելու կամ տրտնջալու 9-րդ գումարման խորհրդարանի ընտրություններից առաջ ու այդ ժամանակՙ 2032-ին: |