RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 146, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մեծ Եղեռնի ստվերը Թուրքիայի վրա

Սիրիայի կառավարական ուժերը սկսել են զորախմբեր ուղարկել երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան եւ իր դաշնակից ուժերը իրականացնում են «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը: Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով, քրդերը սիրիական բանակի օգտագործման հարցում համաձայնության են եկել Դամասկոսի իշխանությունների հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինծառայողները հայտնվել են քրդական ուժերի եւ հարձակվող թուրքական բանակի միջեւ, եւ Պենտագոնը պատրաստվում է այնտեղից դուրս բերել մոտ հազար զինվորների: «Այս իրավիճակը հրահրել են թուրքերը եւ մասնավորապես նախագահ Էրդողանը», ավելացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Ըստ նրա, խոսքը Սիրիայից ամբողջ ամերիկյան զորքի դուրսբերման մասին չէ, իսկ հազար զինվոր հետ կանչելու որոշումը լավ մտածված է եղել:

Այսպիսով, ի հայտ է գալիս Դամասկոսի եւ Անկարայի արդեն անմիջական ռազմական բախման վտանգ, բայց դա էլ քիչ հավանական էՙ նկատի ունենալով Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերային հարաբերությունները, կարծում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Սակայն Մոսկվան մտադիր է հակազդել դեպի Սիրիայի խորքերը տեղաշարժվելու Թուրքիայի դիտավորությանը: Թուրքիայի հարաբերությունները բավականաչափ լավ չեն նաեւ Եվրոպայի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանի հետ հեռախոազրույցում պահանջել է անհապաղ դադարեցնել հարձակումը: Մերկելի կարծիքով, «չնայած սեփական անվտանգության հարցում Անկարայի արդարացված մտահոգությանը», Սիրիայի հյուսիս-արեւելքում ձեռնարկված ռազմական գործողությունը կհանգեցնի բազմաթիվ սիրիացիների արտագաղթին, տարածաշրջանի ապակայունացմանը եւ «Իսլամական պետության» ակտիվացմանը: Ավելին, Գերմանիան եւ Ֆրանսիան հրաժարվել են զենք մատակարարել Թուրքիային: Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունից պարզ է դառնում, որ Սիրիայի հյուսիսում թուրքերի հարձակումը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են վատթարացնել Սիրիայում տիրող հումանիտար վիճակը եւ ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ մղված պայքարի արդյունքները: Լոնդոնը հավանություն չի տալիս թուրքերի ռազմական գործողությանը: Անկարայում պատրա՞ստ էին արդյոք արեւմտյան դաշնակիցների այդ արձագանքին: Դատելով ըստ ամենայնի, Թուրքիան պատրաստ է եղել եւ նույնիսկ հակաքայլեր է նախատեսել: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե դաշնակիցները պաշտպանեն Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, ապա Անկարայի իշխանությունները արդեն ոչ մի պարագայում չեն դադարեցնի հարձակումը:

Անկարան սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Չավուշօղլուն հայտարարել է, թե այդ պատճառով դա Թուրքիայի համար կենսականորեն կարեւոր է եւ գոյատեւման հարց է, ինչպես 1920-ականների սկզբին Քեմալ Աթաթուրքի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ:

Բացի դրանից, թուրք նախարարը չի բացառել, որ Սիրիայում թուրքական գործողությունները քննադատող Եվրոմիությանը ի պատասխան Թուրքիան կբացի սահմանները եւ միլիոնավոր փախստականների թույլ կտա շարժվել դեպի Եվրոպա: Նրա խոսքերով, «Թուրքիայի կառավարությունը մինչեւ օրս ավելի քան 40 մլրդ դոլար է ծախսել, իսկ Եվրոմիությունը համապատասխան օգնություն չի ցուցաբերել»: Նա նաեւ գտնում է, որ գաղթականների առջեւ սահմանների բացումը «ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ փչոց, այլ պարզապես պատասխան ԵՄ դիրքորոշմանը»:

Արաբական պետությունների լիգան իր հերթին դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Արեւմտյան Middle East Eye հրատարակությունը ինտրիգ է մտցնում ստեղծված իրավիճակի մեջ: Նա գտնում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի պայմանավորվածություն, ըստ որի հարկավոր է խուսափել Անկարայի եւ Դամասկոսի անմիջական ռազմական բախումիցՙ չնայած գոյություն ունեցող փոխադարձ թշնամանքին: Ըստ այդմ, նախագահ Բաշար Ասադը երկյուղներ ունի, որ այդ պայմանավորվածության հետեւանքով, ապագայում ինքը ստիպված կլինի իշխանությունը կիսել երկրի ընդդիմության հետ: Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում ազատ տեղաշարժվելու հնարավորություն է ընձեռում Թուրքիային:

Նշենք, որ անցյալ տարվա սկզբներին Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր ընդունել նոր սահմանադրություն, ըստ որի կպահպանվեր երկրի տարածքային ամբողջականությունը, բայց առանձին շրջաններ կունենային ինքնավարության իրավունքներ: Մոսկվան ձեռնտու առաջարկություն էր արել քրդերին. նրանք պետք է դուրս բերեին իրենց զորքերը տարածաշրջանից, փոխարենն այնտեղ պետք է ուժեղանար կառավարական զորքի ներկայությունը, որը անհրաժեշտության դեպքում կկասեցներ թուրքերի հարձակումը:

Իսրայելը թուրքերի հարձակումը վտանգավոր է համարում ամբողջ տարածաշրջանի համար եւ հայտարարել է, որ կաջակցի քրդերին, քանի որ Անկարան ղեկավարվում է իր կայսերական պանթյուրքական հավակնություններով: Ճիշտ է, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, թե իր երկիրը մտադիր չէ ժողովրդագրական փոփոխություններ կատարել Սիրիայում: Սակայն Եվրոմիությունում գրեթե բոլորը վստահ են, որ նպատակը հակառակն է: Տարածված է այն կարծիքը, որ Թուրքերի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի բնակչության տեղաշարժերի եւ ի չիք կդարձնի ժողովրդագրական խնդրի լուծմանն ուղղված քաղաքական ջանքերը:

Շատ բան կախված է Անկարայի մտածողության ռազմավարական ուղղվածությունից, քանզի երկիրը վաղուց ունի էթնիկական զտումների հարուստ փորձ: Խոսքը մասնավորապես հայերի 1915-1923 թթ. ցեղասպանության մասին է: Հայաստանի արտգործնախարարությունը հենց սկզբից դատապարտեց թուրքերի հարձակումըՙ նշելով, որ այն լուրջ հարված կհասցնի տարածաշրջանի անվտանգությանը, կհանգեցնի քաղաքացիական բնակչության եւ զանգվածային տեղահանությունների: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ առանձնապես ծանր իրավիճակ է ստեղծվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար: Այս դրույթը անուղղակիորեն հաստատում են «Ամերիկայի ձայնի» փորձագետներըՙ զուգահեռներ անցկացնելով Բոսնիայի եւ Հերցեգովինայի էթնիկական զտումների հետ:

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները բացեիբաց հավանություն տվեցին թուրքական բանակի հարձակմանը եւ առնվազն հազար ադրբեջանցիներ պատրաստակամություն հայտնեցին միանալու թուրք նախահարձակներին: Այնինչ սիրիական որոշ սուր սյուժեներ կարող են արձագանքվել Արցախի հակամարտության գոտում: Այս կապակցությամբ ադրբեջանական որոշ հարթակներ պաշտոնական Բաքվին կոչ արեցին «թուրքերի անդրսահմանային հակաահաբեկչական գործողության փորձը օգտագործել Լեռնային Ղարաբաղում» եւ դրա իրականացման համար նախապես ստանալ թե՛ Վաշինգտոնի, եւ թե՛ Մոսկվայի համաձայնությունը:

Տարասովի կարծիքովՙ Թուրքիան չի ուզում, որ քրդերը իրենց տեր ու տնօրեն զգան Սիրիայի հյուսիսում, եւ թուրքերի ձեռնարկած «Խաղաղության աղբյուր» գործողությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն միջպետական գաղտնի պայմանավորվածություններ:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ներխուժումը եւ նոր պատժամիջոցներ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի դեմ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Թրամփի հայտարարության մեջ ասվում է, որ ինքը կրկին ավելացրել է թուրքական պողպատի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 50 տոկոսով: Դա տեղի է ունեցել դրանց նվազեցումից վեց ամիս անց: Թրամփը նաեւ ասել է, որ անմիջապես կդադարեցնի 100 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ առեւտրի բանակցությունները Թուրքիայի հետ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԶԼՄ-ներին հայտնել է, որ երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Թրամփը Էրդողանին հորդորել է համաձայնել կրակի անհապաղ դադարեցմանը: Փենսը Թուրքիային կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցներ է ձեռնարկել Թուրքիայի էներգետիկայի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների նկատմամբ: Բացի դրանից, հակաիրանական պատժամիջոցները չկիրառելու պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է բազմամիլիարդանոց տուգանքով, իսկ դրա չվճարման դեպքում թուրքական բանկերը կզրկվեն ԱՄՆ-ում վարկավորվելու հնարավորությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ