ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում նախորդ օրը տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու փորձագետների հանդիպումը ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թեմուր Ուրազայեւի հետ: Սա Ղազախստանի դեսպանի նմանատիպ 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումն էր, որի նպատակն է հայ հանրությանըՙ լրագրողներին ու փորձագետներին, հնարավորինս մոտիկից ներկայացնել արդի Ղազախստանը եւ ՀՀ-ի հետ նրա հարաբերությունների հեռանկարը: Դեսպան Ուրազայեվը անդրադարձավ Ղազախստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ ՀՀ-Ղազախստան համագործակցությանՙ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Նրա ելույթում մեծ տեղ հատկացվեց երկկողմ տնտեսական առեւտրաշրջանառության խնդիրներին, դրա հեռանկարին եւ համագործակցության հիմնական ուղղություններին: Անդրադառնալով Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկայեւի առաջին ելույթին, դեսպանը անդրադարձավ այդ թեմայի մի շարք հիմնական դրույթներին, որոնք ուղղված են ղազախ հասարակության զարգացման եւ կայունության խնդիրներին, որի հիմքը կոնստրուկտիվ երկխոսությունն է: Նորընտիր նախագահը իր ելությում որոշակիորեն փոխեց նախկիում հնչող, «սկզբից տնտեսություն եւ հետո միայն քաղաքակաությունը» լոզունգը, կարեւորելով քաղաքական գործոնը եւս: Դեսպանը անդրադարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանում ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու դժվարությւոներին եւ նախկին նախագահ Նազարբաեւի դերին այդ գործընթացում: Խոսվեց նաեւ իշխանության անցման ներկա փուլի մասին եւ այդ գործընթացի կարեւորությանը Ղազախստանի համար: Անդրադառնալով Հայաստան- Ղազախստան հարաբերությունների առեւտրատնտեսական մասինՙ դեսպանը նշեց, որ չնայած առկա աճի դինամիկայինՙ 50 տոկոս տարեկան, այնուամենայնիվ 13 մլն դոլարի առեւտրաշրջանառությունը բավականին փոքր թիվ է եւ պետք է լուրջ ջանքեր գործադրել այն մեծացնելու համար: Պետք է աշխատանքներ տանել երկկողմ ներդրումներ գրավելու եւ դրա իրականացմանը նպաստելու համար: Դեսպանը նշեց, որ ղազախական կողմը պատրաստ է ՀՀ ներմուծել նավթամթերք, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Ղազախստանում հավաքված ավտոմեքենաների ներմուծումը կազմակերպել դեպի Հայաստան: Երկկողմ համագործակցության համար կարեւոր է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ոսկերչության եւ ադամանդագործության բնագավառները եւայլն: Անդրադարձ եղավ երկկողմ ճանաչողության խնդիրներին եւս, նշվեց, որ սա հարաբերությունների կարգավորման կարեւորագույն պայմաններից մեկն է: Հայաստանում չեն իմանում Ղազախստանի մասին, իսկ այդ երկրում քիչ են պատկերացումները ՀՀ-ի մասին, ինչը խանգարում է երկկողմ հարաբերություններիՙ հատկապես տուրիզմի ու նույնիսկ բիզնեսի զարգացմանը: Այս առումով կարեւորվեց զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք պարբերաբար պետք է լուսաբանեն երկկողմ հարաբերությունները եւ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություները: Փոխադարձ ճանաչումը կարեւոր պայման է հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ ներդաշնակության համար: Հանդիպման ընթացքում հայ-ղազախական հարաբերությունների մասին խոսեցին նաեւ «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը , «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն եւ «Տուրիստական Հայաստան» ամսագրի խմբագիր Ռոբերտ Փաշինյանը : |